Sunday, March 21, 2010

The Beautified Project խումբի հիմնադիր՝ Անդրէ Սիմոնեանի հետ

Վերջերս Գլենդէյլ էր ժամանել հայկական «The Beautified Project» այլընտրանքային ռոք խմբի հիմնադիր եւ «Հայ Սուպերսթար» նախագծի արտադրող՝ Անդրէ Սիմոնեանը: 2004 թ. Լոնդոնում հիմնադրուած The Beautified Project խումբը արձանագրելով փայլուն յաջողութիւններ՝ մարտին թողարկելու է իր նոր ալբոմը:

2009 թ. Հայ Երաժշտական Մրցանակաբաշխութեան ընթացքին (Armenian Music Awards), «Լաւագոյն ռոք» (The Best Rock Album) եւ «Ձայնասկաւառակի լաւագոյն դիզայն» (Best album cover design)  անուանակարգերում The Beautified Project-ը ներկայացուեց առաջադրուած թեկնածուների շարքում:

Յիշատակելի է, որ Անդրէ Սիմոնեանի արտադրութեամբ հեռարձակուող Հայ Սուպերսթար նախագիծը եւս արժանացել է Հայաստանեան եւ արտասահմանեան հանդիսատեսի համակրանքին, որի արդիւնքում նախագիծը շահեց վերոյիշեալ մրցանակաբաշխութեան լաւագոյն հայկական երաժշտական ծրագրի մրցանակը:


Ընթերցողին ծանօթացնել քո կենսագրութեանը, բացատրելով թէ ի՞նչպէս երաժշտութիւնը դարձաւ կեանքիդ կարեւորագոյն մասնիկը:

Մանկուց իվեր սիրել եմ երաժշտութիւնը: Լսում էի տարբեր ոճերի երաժշտութիւններ: Երբ Իրանից փոխադրուեցի Անգլիա, վճռեցի աւելի լուրջ զբաղուել երաժշտութեամբ: Ուստի սովորեցի Media and Music: Media-ն ինձ հնարաւորութիւն էր տալիս աշխատանքի անցնել ապագայում, իսկ Music-ն ինձ աջակցելու էր իրականացնելու երազանքս երաժիշտ դառնալու եւ երգեր յօրինելու կապակցութեամբ: Ապա սկսեցի աշխատել մի ձայնագրման ընկերութեան համար, կապուած սովորածս Media ճիւղի հետ, սակայն դրա կողքին նաեւ նուագում էի զանազան երաժշտական խմբերում: Իսկ յետոյ սկսեցի գրել իմ երգերն ու կազմեցի The Beautified Project խումբը:

Ի՞նչպէս ծնուեց The Beautified Project խումբը եւ ինչո՞ւ այդ անունը:

Ես նուագում էի Gasoline անուամբ մի խմբի մէջ, երբ գրեցի All Alone երգը: Խմբի երգիչը ինձ առաջարկեց ձայնագրել երգը: Սկզբում ես լուրջ չընդունեցի: Ապա ինձ հրաւիրեցին ելոյթ ունենալ Հայ Գրերի Գիւտի 1600-ամեակին նուիրուած մի ձեռնարկում, որտեղ ես կատարեցի All Alone-ը: Ձեռնարկին նաեւ մասնակցում էին բազմաթիւ հմուտ երաժիշտներ: Այդ երեկոյ շատերը ինձ դիմեցին՝ հարցնելով թէ ի՞նչպէս կարող են ձեռք բերել երաժշտութեան ձայնագրութիւնը: Այդտեղ հասկացայ, որ գրել եմ մի երգ, որը սիրւում է լսարանի կողմից ու այսպիսով որոշեցի ձայնագրել այն: Երգի ձայնագրման աշխատանքների ընթացքին նաեւ գրեցի մի քանի այլ երաժշտութիւններ: Նրանք իմ առաջին երգերն էին:

Ձայնագրմանը զուգահեռ մասնակցում էի անգլերէն գրականութեան յատուկ դասընթացների, որտեղ ուսումնասիրւում էին Շեկսպիրի գործերը: Այդ օրերին պարապում էինք «Համլետ»-ը: Պիեսի մի հատուածում Համլետը, որ խելագարուած էր, այսինքն իրեն խելագարի տեղ էր դրել, իր նշանածին ասում է՝ «go to the nunnery my beautified princess»: Դասատուն բացատրեց, որ անգլերէնում գոյութիւն չունի beautified բառը, այնպէս որ դա ոչինչ չի նշանակում: Իմ դիւրս եկաւ՝ «ոչինչ» չնշանակելը: Պատճառը թէ ինչո՞ւ «project» բառը ընտրեցի, այն էր որ դեռ չունէի յստակ խումբ: Համարեա ընդհանուր երաժշտութիւնը ինքս էի նուագում, իսկ հարկաւոր եղած պարագայում, երբ չգիտէի մի նուագարան, խնդրում էի ծանօթներիս, որ նուագեն այն: Համերգները դարձեալ կատարւում էին session musician կոչուած ժամանակաւոր երաժիշտների մասնակցութեամբ: Այդպիսով խմբի անունը մնաց The Beautified Project:

Ըստ երեւոյթին՝ քո առաջին մեներգի՝«All Alone»-ի ստեղծագործման հարցում, որի խօսքերը գրուել է անգլերէնով, ներշնչման աղբիւր է հանդիսացել աշխարհահռչակ ամերիկահայ՝ Արշիլ Գորկիի կեանքն ու գործունէութիւնը: Ինչո՞ւ Գորկին:

All Alone երգի կապակցութեամբ պէտք է նշեմ, որ յատկապէս երբ տեսայ «Արարատ» ֆիլմը, մտածեցի, որ կարելի է գրել մի երաժշտութիւն, որը կլիշէ Ցեղասպանութեան երգ չլինի,այլ՝ հարցը շօշափելի լինի տարբեր մօտեցումով: Այսինքն եթէ մի ամերիկացի կամ եւրոպացի լսի երգը, հաւանաբար չի անդրադառնայ, որ երաժշտութիւնը ցեղասպանութեան մասին է, մինչեւ իսկ՝ երգի խօսքում չի օգտագործուել genocide բառը, սակայն հայ ունկնդրողը կը զգայ հայկական այդշունչը երգի մէջ:

Ի՞նչպէս «Project»-ը նոր անդամներով՝ստացաւ խումբի կերպար:

Շատ հետաքրքիր բան պատահեց: Մի օր «Օպերա»-յում նստած՝ World Cup-ի մրցութիւններն էի դիտում, երբ մի քանի նախադասութեամբ խօսքի անցայ հարեւան սեղանին նստած՝ բոլորովին անծանօթ երկուորեակ եղբայրների հետ: Միւս օրը պատահաբար նորէն հանդիպեցի այդ եղբայրներին, որտեղ ներկայացուեցինք միմեանց: Արմէնը գիթառ էր նուագում, իսկ Առլէնը՝ դաշնամուր: Պայմանաւորուեցինք հաւաքուել՝ այսպէս ասած jam անելու: Երկուորեակներին հանդիպեցի իրենց տանը, որտեղ ինձ բացայայտուեց իրենց տաղանդը: Նրանք եւս շատ հաւանեցին իմ երգերը ու այսպէս, մտածեցինք կազմել մի խումբ:

Խումբը արդէն ունէր երկու գիթառիստ ու մի դաշնակահար եւ ես երգում էի, սակայն կարիք ունէինք բաս-գիթառիստի (bassist) եւ թմբկահարի (drummer): Ներկայում, բաւականին փոփոխութիւններից յետոյ, մեր հետ են նուագում Empyray խմբի թմբկահար՝ Կորիւնը ու հայկական M.E.N.Q. խմբի բաս-կիթառիստ՝ Րաֆֆին: Արմէնը, Առլէնը եւ ես խմբի պաշտօնական անդամներն ենք,իսկ Կորիւնն ու Րաֆֆին մասնակցում են խմբին որպէս session musician-ներ:

Ինչպէ՞ս յայտնուեցիք Հայկական Երաժշտական Մրցանակաբաշխութեան Լաւագոյն ռոք ալբոմ եւ Ձայնասկաւառակի լաւագոյն դիզայնի անուանակարգերում եւ ի՞նչպէս ես գնահատում Մրցանակաբաշխութիւնը:

Ես ընդհանրապէս մրցանակաբաշխութեան գաղափարին դէմ եմ: Կարելի է ընթերցողը մտածի՝ այսպէս եմ արտայայտւում, քանի որ մրցանակ չենք շահել: Երեւակայեցէք, զանազան խմբեր ու երաժիշտներ տարիներ նեղութիւն են քաշում եւ ձայնասկաւառակ են թողարկում ու յետոյ մի անհատ այն վերը նստած որոշում է, որ նրանցից որոնք աւելի լաւ են, կամ աւելի վատ են: Այդ պատճառով ես յաճախ չեմ մասնակցում մրցանակաբաշխութիւններին:

Այս տարուայ լաւագոյն ռոք ալբոմի մրցանակը Այլինը շահեց, որը շատ լաւ երաժիշտ է եւ մենք եւս իր երկրպագուներից ենք: Թեկնածուների շարքին յայտնուելը բաւականին զարմանք պատճառեց մեզ, քանի որ չգիտէինք առաջադրուած ենք: Մեր խմբի կառավարիչը եղելութիւնը մեզ բացայայտելով՝ ասաց, որ ինտերնետով է տեղեկացել մեր թեկնածու լինելու մասին ու այդ զարմանալի էր մեզ համար, թէ ի՞նչպէս առանց դիմելու՝ յայտնուել ենք երկու անուանակարգերում: Իհարկէ Հայ Սուպերսթար նախագծի թեկնածուութեան մասին գիտէի, սակայն՝ The Beautified Project-ի թեկնածուութեան կապակցութեամբ ոչոք չէր տեղեկացրել ինձ:

Ո՞րքան ծանօթ ես տեղի ռոք խմբերի հետ ու ի՞նչպէս կը գնահատես նրանց գործունէութիւնը՝ համեմատելով Հայաստանում բեմ բարձրացող նմանատիպ խմբերի հետ:

Իմ ամենասիրած՝ Լոս Անջելըսից ծնունդ առած հայկական խումբը «The Apex Theory»-ն է, իսկ՝ խմբի թողարկած առաջին ալբոմը՝ «Topsy-Turvy»-ին ամենասիրածս ալբոմներից մէկն է: Այդ կարծիքին եմ, ոչ միայն այն պատճառով, որ խմբի անդամները հայ են: Բոլոր ալբոմների մէջ, որոնց լսել եմ կեանքիս ընթացքին, այդ ալբոմը մեծ արժէք է ներկայացնում ինձ համար: Իհարկէ՝ աւելի եմ գնահատում ստեղծագործութիւնը, քանիոր հայ է ստեղծել այն, սակայն ինձ համար միեւնոյնն կը լինէր, եթէ այն բոլորովին օտարազգի պատկանէր:

Համեմատութեամբ՝ պարզ է, որ այստեղի խմբերը աւելի ժամանակակից ոճով են նուագում, քանի որ ամերիկեան շուկայի հետ շփման մէջ են: Հայ [Հայաստանի] ռոք երաժիշտները շատ տաղանդաւոր են, բայց ոճի իմաստով այնքան ժամանակակից չեն, ինչքան Ամերիկայում են: Այսինքն՝ երբ թողարկեցինք մեր ալբոմը, Հայաստանում այդ ոճի մէջ չկային նմանատիպ օրինակներ, միւս խմբերը նուագում էին աւելի կլասիկ ռոքի ոճով: Պէտք է նշեմ, որ Հայաստանում The Beautified Project-ի ալբոմը զանազան երաժշտական ոճերի մէջ, առաջինն էր, որ թողարկւում էր ամբողջովին անգլերէն լեզուով, այնպէս որ մինչ այդ՝ չէր ձայնագրուել որեւէ անգլերէն ալբոմ:

Արդեօք ձեր ապագայ ծրագրերում նախատեսո՞ւմ էք ելոյթ ունենալ Միացեալ Նահանգներում, ի մասնաւորի Լոս Անջելըսում:

Դա մեր ամենամեծ նպատակներից է՝ յատկապէս նկատի առնելով, որ Մարտին թողարկելուենք մեր նոր ալբոմը, որով մենք այս խմբի շրջանակում կունենանք ստուդիայում ձայնագրուած երկու պաշտօնական ալբոմներ եւ հինգ-վեց տեսահոլովակներ: Դա նշանակում է, որ արդէն ժամանակն է դուրս գալու հայկական սահմաններից ու փորձել Եւրոպայի, Ամերիկայի կամ որոշ մերձաւոր արեւելեան երկրների շուկաները: Ես այդ ուղղութեամբ աշխատում եմ: Այդ նպատակով մեզ հարկաւոր է գտնել հովանաւորներ, որպէսզի ուղղակի մեր վրայ չառնենք այդ գումարային ռիսկը:

Ուրեմն լրջօրէն մտածում էք, ՄիացեալՆահանգներում համերգներ կազմակերպել ու սկաւառակներ թողարկել:

Այո: Մենք պէտք է հայկական շուկան ունենանք որպէս յենարան, սակայն նաեւ կամենում ենք մուտք գործել ամերիկեան կամ անգլիական շուկան, քանի որ մեր երաժշտութիւնը կատարում ենք ամբողջովին անգլերէնով: Այդ իմաստով ոչ մի պատճառ չեմ գտնում, որ մեր երաժշտութիւնը չաշխատի ամերիկեան շուկայում:

Իսկ այդ նպատակին հասնելու համար ի՞նչ հիմնական քայլեր էք առել կամ առնելու:

Այստեղ մենք մի քանի ձայնագրման ընկերութիւնների հետ կապերի մէջ ենք: Հայկական շուկայի կապակցութեամբ մեզ անչափ աջակցեց ու մեր աշխատանքը գնահատեց ARTN հեռուստաընկերութիւնը, օրուայ ընթացքին մի քանի անգամներ ցուցադրելով մեր տեսահոլովակները, այնպէս որ այսօր շատերը facebook-ով կամ մեր ինտերնետային կայքէջով (http://www.thebeautified.com/) կապ են հաստատում մեզ հետ՝ խնդրելով մեզ համերգ կազմակերպել այստեղ: Ինձ թւում է, որ ARTN-ի առած այս քայլի շնորհիւ, եթէ փորձենք հենց վաղը ելոյթ ունենալ այստեղ, կունենանք առնուազն մի քանի հարիւր երկրպագուներ՝ լցնելու համար մի ամբողջ սրահ:

Իսկ այստեղ ձեր երկրպագուները ի՞նչպէս կարող են ապահովել խմբի ձայնասկաւառակները:

Գլենդէյլում մեր ձայնասկաւառակները վաճառւում են «Ապրիլ» եւ «Սարդարապատ» գրախանութներում:

Ի՞նչ խօսքով կը ցանկանայիր եզրափակել այս հարցազրոյցը։

Կը կամենայի, որ տեղի հայ երիտասարդները լինէին աւելի հետաքրքրուած հայկական հեռուստաալիքներով: Գլենդէյլում եղածս օրերին յաճախ է պատահել, որ ոչ-երիտասարդ անձեր մօտեցել ու հարցեր են տուել Սուպերսթարի կապակցութեամբ: Լաւ կը լինի, որ Հայաստանից հեռարձակուող հետաքրքիր ծրագիրները կամ հայրենիքում աշխատող խմբերը աւելի մեծ ուշադրութեան արժանանան տեղի հայ երիտասարդութեան կողմից: Վերջիվերջոյ եթէ հայ ենք, պէտք է նաեւ հետաքրքրուենք Հայաստանի ներկայ կեանքով: Նկատելի է, որ այստեղ 15-17 տարեկան հայ երիտասարդներին այնքան չի հետաքրքրում թէ Հայաստանում ապրող իրենց տարեկիցները ինչո՞վ են զբաղւում կամ ի՞նչ ծրագիրներ կան իրենց համար: Այսպիսով հետզհետէ կտրւում է յաջորդ սերունդի կապը Հայրենիքից:

Հարցազրոյցը նաեւ տպագրւել է «Օրակարգ» ամսաթերթում:

No comments: