Sunday, March 21, 2010

Վիլսըն Մինի-Փառքը՝ Գլենդէյլահայ տարեցների զբօսայգին

Հանրածանօթ զբօսայգի է դարձել Վիլսըն եւ Ադամզ պողոտաների խաչմերուկում (1101 E.Wilson Ave.) գտնօւող Վիլսըն Մինի-Փառքը (Wilson Mini Park): Տարիներ այն հանդիսացել է հայ տարեցների հանգստի եւ զբօսանքի վայր: Տեղեկատուական մի կայքէջ մէկօրեայ շրջագայութեամբ Գլենդէյլ ժամանած այցելողներին, որոնք ցանկանում են ծանօթանալ հայ համայնքի հետ, առաջարկում է այցելել նախ՝ Վիլսոն Մինի-Փառքը, ապա՝ հայկական ճաշարանները, արւեստասրահներն ու վաճառատները: Սոյն կայքէջը ակնարկում է. «Ձեր շրջագայութեան օրը սկսէք Վիլսոն Մինի-Փառքից, որով ձեզ հնարաւորութիւն կը տրուի՝ այցելել հայ տարեց սերունդի ամենաընդունուած զբօսատեղիներից մէկը»:
Ամէն օր, շաբաթական եօթ օր, համարեայ արեւածագից մինչեւ մայրամուտ հայ տարեցները հաւաքւում են՝ դրացիներին ու ընկերներին հանդիպելու, միմեանց հետ զրուցելու եւ խաղաթղթեր կամ նարդի խաղալու: Առաւօտեան ժամերին ընդհանրապէս հաւաքւում են տղամարդիկ, իսկ երեկոյեան նրանց միանում են կանայք: Ընդհանրապէս անկախ օրւայ ժամից՝ սեղաններն ու նստարանները զբաղուած են լինում: Ունենալով մանուկներին յատկացուած խաղավայր, Վիլսըն զբօսայգին նաեւ հետաքրքրում է անչափահասներին, սակայն՝ այցելուների մշտական մեծամասնութիւնն է կազմում տարեց խաւը:
Ինչպէս անունից է յայտնւում, Վիլսըն զբօսայգին տարածութեամբ ընդարձակ չէ (մակերեսով ընդամէնը 0.3 ակր է), սակայն փոքր տարածքը եւ սահմանափակ նստարանները չեն խանգարում տարեցներին: Նրանցից ոմանք փորձում են նստել կամ յենուել ցանկապատին, իսկ ոմանք երկար ժամանակ մնում են կանգնած:

Վիլսըն զբօսայգում հայերէնը հաղորդակցուելու միակ ընդունուած լեզուն է: Այստեղ կարելի է ունկնդրել հայերէն լեզուի զանազան բառբառներ, որոնք հիմնականում խօսւում են Իրանի՝ Ատրպատականում, Նոր Ջուղայում, Չհարմահալում եւ Փերիայում կամ Հայաստանի գաւառներում:
Վիլսըն զբօսայգին ունի իր իւրայատուկ կանոնները, որոնք բանաւոր գրուել ու գործադրւում են տարեցների կողմից: Եթէ առաջին անգամ լինելով ժամանէք սոյն զբօսայգին, չէք կարող խուսափել յաճախակի այցելուների պրպտող նայուածքներից ու հետախուզական հարցումներից: Եթէ փորձէք խանգարել տարեցների խաղը կամ զրոյցը՝ հարցումներ տալով, ապա զարմանքով կը ճաշակէք նրանց ցասում զայրոյթն ու անհասկանալի բողոքը: Ինտերնետային մէկ կայքէջում մի այցելուայսպէս է նկարագրել իր տպաւորութիւնը. «Զբօսայգում տեղադրուած է ցուցանակ, որը արգիլում է ծխելը, սակայն պարզօրէն կը տեսնէք, որ տարեցները ծխախոտ, չուբուխ կամ ղայլան են ծխում»:
(Լուսանկարներ՝ Էրւին Եաղուբեան)
Յօդւածը նաեւ տպագրւել է «Օրակարգ» ամսաթերթում:

No comments: