Monday, October 02, 2006

Հակահայկական վանդալիզմը Ռուասատանի Հարաւային դաշնային շրջանում

Ռուասատանի Հարաւային դաշնային շրջանի հայ համայնքը եւ այլատեացական վանդալիզմը՝ 3-րդ հազարամեակում
2002 թւականի մարդահամարի համաձայն՝ Ռուսաստանում ապրում են 1,130,491 հայազգիներ, որոնք կազմում են ընդհանուր բնակչութեան 0.78 տոկոսը: Մեծ հաւանականութեամբ՝ տւեալներում չի ներառւել ժամանակաւոր հայ աշխատաւորների թիւը: Սրանք այն հայերն են, որոնք չունեն Ռուսաստանի հպատակութիւն ու աշխատանք փնտրելու յոյսով ներգաղթել են այդ երկիրը: Ըստ որոշ թւարկումների՝ Ռուսաստանի հայերը հաշււում են աւելի քան 2 միլիոն: Պատմականօրէն, Ռուսաստանի հայերի խոշոր բաժինը կենտրոնացել է երկրի հարաւային շրջաններում, այսինքն՝ Ստաւրոպոլում, Կրասնոդարում, Ռոստովում, ինչու չէ նաեւ՝ Ղրիմի որոշ հատւածներում: Այդ շրջաններում հայերն ունեն շուրջ 200 տարւայ պատմութիւն:
Չնայած Ռուսաստանի պատմութեան տարբեր ժամանակաշրջաններում կարելի է հանդիպել բազմաթիւ վանդալական դէպքերի՝ ուղղւած կրօնական ու ցեղային փոքրամասնութիւններին, բայց խորհրդային կարգերի փլուզումից յետոյ (ի մասնաւորի 1990-ականների կէսից) էր, երբ անհանդուրժողականութեան ու ազգային ատելութեան հիման վրայ իրագործւող վանդալական ակտերը սրւելով՝ յարաճուն զարկ ստացան: Դրանք, ընդհանրապէս, ուղղւած են եղել ոչ-սլաւոնական արմատով կովկասցի ազգերին, ընդհանրապէս՝ հայերին, ադրբեջանցիներին ու մեսխեթցի թուրքերին: Մերթընդմերթ վանդալական ակտերի թիրախ են դառնում Ռուսաստանի օտարազգիներին պատկանող սեփականութիւնները, յուշարձանները, գերեզմանոցները եւ աղօթատեղիները: Վերջերս սոյն թւականի յուլիսի 31-ին էր, երբ սափրագլուխները Դոնի Ռոստովում Ռուս-հայկական բարեկամութեան թանգարանը վանդալիզմի ենթարկեցին: Արդէն այդ երկրում սովորական երեւոյթներ են դարձել այն դէպքերը, որոնց ընթացքում սափրագլուխները ծեծի են ենթարկում կամ սպանում օտարազգիներին, կամ վանդալիզմի ենթարկում նրանց սեփականութիւնները:


Վերջին տարիներում Դաշնային Ռուսաստանի բազմաթիւ հատւածներում իրականացւել են հակահայկական վանդալական տարբեր ակտեր, բայց ամենալուրջ դէպքերն արձանագրւել են Հիւսիսային Կովկասի Հարաւային դաշնային շրջանում, մասնաւորապէս՝ Կրասնոդար կրայ, Ստաւրոպոլ կրայ եւ Ռոստով օբլըստ մարզերում: Հարաւային դաշնային շրջանը (Southern Federal District) գտնւում է Ռուսաստանի հարաւարեւմուտք անկիւնում, Ուկրայինայի եւ Ղազախստանի միջեւ:
Կրասնոդար կրայը կամ Կրասնոդարի մարզը (Krasnodar Krai) իր մէջ առնելով Կովկասեան լեռնաշղթայի հիւսիսային ստորոտների մի բաժինը՝ համարւում է Դաշնային Ռուսաստանի ամենաբազմաբնակ կրայը, այնպէս որ՝ այնտեղ ապրում է հինգ միլիոնից աւել բնակչութիւն: Կրասնոդարի բնակչութեան շուրջ 87 տոկոսը ռուսներ են, իսկ հայերը (ընդհանրապէս Համշէնի քրիստոնեաները) կազմելով ընդհանուր բնակչութեան շուրջ 5.5 տոկոսը (աւելի քան 131,000 հոգի)՝ համարւում են ամենաբազմաբնակ ոչ-ռուս ցեղախումբը (ըստ որոշ աղբիւրների՝ Կրասնոդարի հայ բնակչութեան թիւը հասնում է շուրջ 800,000 հոգու, այսինքն՝ ընդհանուր բնակչութեան շուրջ 16 տոկոսը): Հայերի մեծամասնութիւնը բնակչութիւն է հաստատել այս մարզի Կրասնոդար, Սոչի, Արմաւիր (հիմնւել է 1839 թ. հայերի ձեռքով), Տուպսէ (Tuapse), Սլաւիանսկ-նա-կուբանի (Slavyansk-na-Kubani) եւ Բելոռեչենսկ (Belorechensk) քաղաքներում եւ մի քանի գիւղերում:
Ստաւրոպոլ կրայը կամ Ստաւրոպոլի մարզը (Stavropol Krai) իր մէջ առնելով Կովկասեան լեռնաշղթայի հիւսիսային ստորոտների գլխաւոր բաժինը՝ գտնւում է Ռոստով օբլըստի եւ Կրասնոդար կրայի հարեւանութեամբ: Մեծ թւով հայեր են բնակւած սոյն կրայի տարբեր կենտրոններում ինչպէս՝ Ստաւրոպոլ, Բուդհոնովսկ (Budyonnovsk) (անցեալում կոչւում էր Սուրբ խաչ կամ ռուսերէն՝ Սւիտոյ կրեստ, քանի որ այն հիմնադրւել է Արցախից, Դերբենտից եւ այլ վայրերից վերաբնակւած հայերի ու հայ քրիստոնէական հաւատք ունեցող թաթաների ձեռքով՝ 1799 թւականին), Պիատիգորսկ (Pyatigorsk) եւ Գէորգիեւսկ (Georgiyevsk) քաղաքներում:
Ռոստով Օբլըստը (Rostov Oblast), որ գտնւում է Ուկրայինայի հարեւանութեան, բացի ռուսներից եւ ուկրայնացիներից որոնք մեծամասնութիւն են, իր բնակչութեան մէջ է առնում նաեւ հայերին՝ 2.5 տոկոսով (ըստ 2002 թ. մարդահամարի՝ շուրջ 110,000 հոգի), այնպէս որ՝ հայերը Ռոստովի 3-րդ բազմազգ համայնքն են կազմում: Այս շրջանի հայաբնակ քաղաքներից կարելի է նշել Դոնի Ռոստով (Rostov-on-Don) եւ Դոնի Նախիջեւան (Nakhichevan-on-Don) քաղաքները:
Ըստ երեւոյթին, Ռուսաստանի ոստիկանական եւ իրաւապահական մարմինները կատարւածին վերաբերւում են ոչ-հետեւողականութեամբ ու ոչ-վճռականութեամբ, այնպէս որ՝ յանցագործները, ընդհանրապէս, մնում են անպատիժ կամ ստանում՝ ոչ-համապատասխան հատուցում, որն ինքնին խրախուսանք է հանդիսանում կրկնելու նման յանցագործութիւնները: Ընդհանրապէս, վերոյիշեալ դէպքերի առընչութեամբ քրէական գործը յարուցւել է խուլիգանութեան եւ ոչ թէ՝ ազգային ատելութեան հիման վրայ:
Այս բոլորին պիտի աւելացնենք ռուս պաշտօնատարների հրահրիչ յայտարարութիւնները կամ իրագործած քաղաքականութիւնները, որոնք ուղղւած լինելով այդ երկրի ոչ-ռուս բնակչութեան դէմ՝ դառնում են անհանդուրժողական դրսեւորումների դրդիչ պատճառը: Օրինակ՝ 2002 թւականի ապրիլի սկզբում Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը տեղական հեռուստատեսութեամբ ողղւած մի յայտարարութեան մէջ այդ շրջանից կովկասցիների տեղահանութեան գործը անհրաժեշտ համարեց, որը, ինչպէս Կրասնոդարի հայ համայնքն էր համոզւած, դրդապատճառ դարձաւ Սլաւիանսկի գերեզմանոցի սրբապղծմանը: Տկաչովից առաջ էլ Նիկոլայ Կոնդրատենկոյը երբ վարում էր նահանգապետի պաշտօնը, մի ելոյթում նշել էր, որ Ադլերում (Կրասնոդարի քաղաքներից) դպրոցականների աւելի քան 50 տոկոսը հայեր են: Նա ասել էր. «Մենք՝ ռուսներս, կորցնում ենք Ռուսաստանը»:
Հետեւեալ բաժնում համառօտ կերպով կանդրադառնանք հակահայկական վանդալական այն ակտերին, որոնք 3-րդ հազարամեակի սկզբից մինչ այսօր կատարւել են Ռուսաստանի Հարաւային դաշնային շրջանի երեք մարզերում:

1-Կրասնոդարի մարզ


Կրասնոդար քաղաքի Սլաւիանսկի գերեզմանոցի վանդալական դէպքերի շարանը
2002 թւականի ապրիլի 17-ի գիշերը Կրասնոդար քաղաքի Սլաւիանսկոյէ (Սլաւոնական) (Slavyanskoe) քաղաքային գերեզմանատունը վանդալիզմի ենթարկւեց: Գերեզմանների սրբապղծման հետեւանքով՝ ամբողջութեամբ կամ մասամբ աւերւեցին հայերին պատկանող աւելի քան 30 տապանաքարեր: Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները համոզւած էին, որ այդ բարբարոսութիւնը իրագործւել է սափրագլուխների միջոցով: Ոստիկանութեան համոզմամբ՝ կատարւածը ուղղակիօրէն հայերին ուղղւած չի եղել, քանի որ գնչուների ու ռուսների գերեզմաննեը եւս պղծւած էին: Չնայած աւելի քան 20 քաղաքացիներին «գերեզմանային կառոյցների խմբակային աւերում՝ նախնական պայմանաւորւածութեամբ եւ ազգային ազատութեան դրդապատճառով» յօդւածի համաձայն յարուցւած մեղադրանքին՝ ամիսներ ձգձգւած դատավարութեան արդիւնքում յանցագործներին յաջողւեց խուսափել պատասխանատւութիւնից:
Սոյն գերեզմանոցում կրկին անգամ 2004 թւականին իրագործւեց մի այլ վանդալական ակտ, որը եւս ուղղւած էր եղել հայկական գերեզմաններին: Ռուսաստանի հարաւի հայերի «Երկրամաս» թերթը հաղորդել էր, որ մարտի 1-ի լոյս 2-ի գիշերը 9-10 (որոշ աղբիւրների համաձայն՝ աւելի քան 10) գերեզմանաքարեր եւ յուշարձաններ աւերման են ենթարկւել: Նկատի առնելով պահակի չգոյութիւնը գերեզմանատանը՝ կատարւածին ոչ մի վկայ չէր եղել: Յարուցւած քրէական գործում յանցագործութիւնը որակւեց որպէս խուլիգանութիւն: Ոստիկանութեան համոզմամբ՝ յանցագործները այդ բոլորը կատարել էին ալկոհոլի կամ թմրադեղերի ազդեցութեան ներքոյ ու նախապէս նախապատրաստւած չէին եղել, քանի որ չէր յայտնաբերւել լինգի կամ այլ ծանր գործիքի հարւածի հետքեր, սակայն Կրասնոդար քաղաքի սլաւոնական միկրոշրջանի ոստիկանութեան բաժանմունքի պետ Պաւէլ Կրոտենկոնի տեղեկատւութեամբ՝ աւերածութիւնը կատարւել էր ընտրողաբար ու գիտակցաբար: Մարտի 10-ին «Երկրամաս» թերթը հաղորդեց, որ յանցագործութիւնն իրագործւել է 8 անչափահասների (ամենաաւագը միայն 16 տարեկան էր) ձեռքով:


Բելոռեչենսկիի կենտրոնական գերեզմանոցի սրբապղծումը
«Երկրամաս» թերթի հաղորդման համաձայն՝ 2002 թւականի յուլիսի 14-ի գիշերն Բելոռեչենսկ քաղաքի կենտրոնական գերեզմանատանն աւերւել էին 17 յուշարձաններ, որոնցից 9-ը հայկական գերեզմաններ էին: Կատարւածի մասին վկայել էր Ռուսաստանի Հայերի միութեան Բելոռեչենսկիի բաժանմունքի ղեկաւար Ռուբէն Մադէլեանը: Ըստ երեւոյթին, քրէական գործը յարուցւել էր «խուլիգանական մղումների» հիման վրայ:

Սոչիի Վերխնիյ Իւրտ գիւղի գերեզմանոցի սրբապղծումը
2005 թւականի յուլիսի 29-ին Սոչիի Խոստայի շրջանի Վերխնիյ Իւրտ (Վերին Իւրտ) հայաբնակ գիւղից 5 կմ. հեռաւորութեամբ գտնւող գերեզմանատանը անյայտ անձինք աւերել էին (հաւանաբար՝ ծանր առարկաներով) 29 տապանաքարեր, որոնց մեծամասնութիւնը (ըստ տւեալների՝ 29-ից 28-ը) հայազգիների էին պատկանում: Նրանք բոլոր աւերւած շիրմաքարերի վրայ թողել էին «Շիզոֆրենիա» մակագրութիւնը:
Գիւղի բնակչութիւնը համոզւած էր, որ յանցագործութիւնը կատարւել է ազգային ատելութեան հիման վրայ, սակայն Սոչի քաղաքի Բարանովսկի գիւղական շրջանի ղեկաւարութիւնն ու Սոչիի կենտրոնական շրջանի եւ Խոստայի շրջանի Ռուսաստանի Հայերի միութեան բաժանմունքի նախագահութիւնը միջադէպում չէին տեսնում ազգային բաղադրիչ: Սոչիի Խոստայի Ներքին գործերի բաժանմունքի պետի տեղակալ, քրէական ոստիկանութեան պետ գնդապետ Ալեքսանդր Ժուկովը հետաքննութիւնների արդիւնքում յիշեցնելով, որ այնտեղ քանդւել էին նաեւ ռուսական գերեզմաններ՝ ընդգծել էր, որ ոչ մի ազգային դրդապատճառ չի յայտնւել: Նա վերյիշելով Կրասնոդարի գերեզմանատան դէպքերը՝ ասել էր. «Ինչպէս ցոյց է տալիս իրողութիւնը, նման յանցաւոր գործողութիւնների մեծ մասը կատարւում է խուլիգանական դրդումներով, որպէս կանոն՝ անչափահասների կամ երիտասարդների խմբի կողմից»: Որպէս վարկած՝ հիմնական հետաքննութիւնում հաշււում էին հոգեկան շեղումները եւ վրիժառութեան կամ խուլիգանութեան դրդապատճառները:


Սլաւիանսկ-նա-Կուբանի քաղաքի հակահայկական գործողութիւնները
«Երկրամաս» թերթի հաղորդման համաձայն՝ 2002 թւականի սեպտեմբերի 14-ի երեկոյան Սլաւիանսկ-նա-Կուբանի քաղաքում 300 հոգանոց մի ամբոխ, բաղկացած ընդհանրապէս դեռահասներից ու դրանց թւում նաեւ մեծահասակներից, շարժւելով քաղաքի այն փողոցները, որտեղ կային հայերին պատկանող տարբեր խանութներ ու սրճարաններ, ծեծի ենթարկեցին հանդիպող հայ քաղաքացիներին ու քարկոծեցին հայկական տարբեր հաստատութիւններ: Ըստ սոյն թերթի՝ այդ օրը անյայտ պատճառներով քաղաքի ոստիկաններին ուղարկել էին Անապա քաղաք, այնպէս որ՝ տեղական ոստիկանութիւնը բռնութիւնը դադարեցնելու գծով յատուկ ջանք չէր ցուցաբերել:

Սոչիի Ռազդոլնոյէ գիւղի գերեզմանոցի սրբապղծումը
«Երկրամաս» թերթի հաղորդմամբ՝ 2005 թւականի օգոստոսի 13-ին անյայտ անձինք Սոչիի Խոստայի շրջանի Ռազդոլնոյէ գիւղի գերեզմանատանն աւերել էին 10 շիրմաքարեր ու յուշարձաններ (3-ը՝ հայկական ու 7-ը՝ ռուսական)՝ թողնելով «Շիզոֆրենիա» մակագրութիւնը՝ իւրաքանչիւր քարի վրայ: Ոստիկանութեան կարծիքով բաւական նմանութիւն կար այս յանցագործութեան եւ յուլիսի 29-ին Վերին Իւրտում կատարւածի միջեւ:


Սոչիի բաբուշովկա գիւղի գերեզմանոցի սրբապղծումը
2005 թւականի օգոստոսի 24-ին Սոչի քաղաքի Խոստայի շրջանի Բաբուշովկա գիւղի գերեզմանատանը վանդալները վնասել էին 7 գերեզմանաքարեր (3-ը՝ հայկական, իսկ 4-ը՝ ռուսական): Հակառակ նախորդ երկու դէպքերին, ուր յանցագործները տապանաքարերի վրայ միայն թողել էին «Շիզոֆրենիա» գրութիւնը, այս անգամ նրանք ոստիկանութեան ու երկրի նախագահին ուղղւած վիրաւորական մակագրութիւններ էին արել:

2-Ստաւրոպոլի մարզ


Բուդիոնովսկ քաղաքը հիմնադրած հայերին նւիրւած յուշարձանի պղծումը
«Երկրամաս» թերթի հաղորդմամբ՝ 2005 թւականի փետրւարի 5-ին Բուդիոնովսկում վանդալիզմի ենթարկւեց «Հայերին՝ Սուրբ խաչ քաղաքի հիմնադիրներին» նւիրւած յուշարձան համալիրը, որի հետեւանքով՝ յուշարձանի ռուսական մասից պոկւել էին «1799-2004» թւերը, իսկ հայկական բաժնից քանդւել նոյն թւերը եւ համարեա ամբողջովին «Սուրբ խաչ» գրութիւնը (կամարի երկու կողմում ռուսերէն ու հայերէն արձանագրւած է «1799-2004. Սուրբ խաչ» գրութիւնը): Ենթադրաբար, յանցագործութիւնը կատարւել էր հակակովկասեան տրամադրութիւններ ունեցող անձանց կամ սատանիստների ձեռքով:
Մի քանի ամիս անց, այսինքն՝ նոյն տարւայ յուլիսի 18-ին, վանդալները ջարդեցին կոթողը եւ շրջապատը լուսաւորող լապտերներն ու վնասեցին տեղադրւած խաչքարը՝ բետոնի կտորներով: Նրանք նաեւ մի կատւի սատակ էին նետել կամարի տակ, որը տալիս էր այն հաւանականութիւնը, թէ կատարւածը ինչ-որ սատանիստական ծիսակատարութեան բնոյթ է ունեցել:
Երրորդ անգամ 2005 թւականի նոյեմբերի 10-ին, մթնելուց անմիջապէս յետոյ, վանդալները բարբարոսաբար տապալեցին ու ջարդեցին յուշարձանային խաչքարը, որը խիստ վրդովեցրեց քաղաքի հայ համայնքին ու Հայ Առաքելական Եկեղեցու տեղական ներկայացուցիչներին: Քաղաքի հայ համայնքի ղեկավար Պետրոս Մկրտչեանը կատարւածը որակեց որպէս նախապէս ծրագրւած գործողութիւն, որը, ի դէպ, տեղի էր ունեցել Ռուսաստանում նշւող ոստիկանութեան օրը՝ նոյեմբերի 10-ին: Սակայն, իրաւապահ մարմինները կատարւածին վերաբերւել էին որպէս խուլիգանութեան:
Յուշարձանի հերթական պղծումները, հաւանաբար, կատարւել էին սատանիստների կամ էլ հակակովկասեան տրամադրութիւններ ունեցող անձաց ձեռքով: Քանի որ սոյն համալիրը համարւում է ռուս-հայկական բարեկամութեան խորհրդանիշը՝ հաւանաբար յանցագործների նպատակը երկու ազգերի յարաբերութիւնները դէպի թշնամանք եւ ատելութիւն սրելն է եղել:

Բուդիոնովսկ քաղաքում կառուցւող հայկական եկեղեցու հրկիզումը
2005 թւականի յուլիսի 16-ի ցերեկը հրկիզման ենթարկւեց կառուցւող Ս.Յարութիւն հայկական եկեղեցու պարիսպը, որի հետեւանքով վնասւեց ցանկապատի մի մասը, եւ կրակը հասաւ եկեղեցու տարածքը: Հրշէջների ժամանակին միջամտելու արդիւնքում կրակը մարեց: Պատահարի վկաները վստահ էին, որ հրկիզումը դիտաւորեալ է եղել:

Պիատիգորսկի Հայկական մշակոյթի կենտրոնի շէնքի հրկիզման փորձը
«Երկրամաս» թերթի հաղորդման համաձայն՝ 2005 թւականի նոյեմբերի 12-ի լոյս 13-ի գիշերը Պիատիգորսկ քաղաքում անյայտ անձինք փորձեցին հրկիզել քաղաքի հայկական եկեղեցու հարեւանութեամբ գտնւող Հայկական մշակոյթի կենտրոնի շէնքը, որտեղ գտնւում էին մի շարք հայկական հասարակական կազմակերպութիւնների գրասենեակները: Կենտրոնի տեսադիտարկման սարքաւորումների նկարահանութեան շնորհիւ՝ պարզւեց, որ երեք յանցագործներ շէնքի պատին կանաչ ներկով գրել էին «Ալլահ աքբար» եւ յետոյ փորձել պայթուցիկ խառնուրդով շիշը պատուհանից ներս նետել: Բարեբախտաբար, շիշը բախւելով շրջանակին՝ պայթել էր հէնց պատուհանի վրայ եւ կրակը ներս չէր թափանցել:
Նոյեմբերի 13-ին, առաւօտեան կողմ, տեղի ազգային համայնքների ներկայացուցիչների մասնակցութեամբ գումարւեծ Պիատիգորսկի Ցեղային խորհրդի արտակարգ նիստը: Սոյն խորհուրդը այն կարծիքին էր, թէ յանցագործները նպատակաւորւած են եղել ապակայունացնել իրավիճակը՝ քաղաքում եւ հրահրել հակազդելու տրամադրութիւններ ու յարձակումներ՝ մահմեդական բնակչութեան դէմ: Ռուսաստանի Հայերի միութեան Ստաւրոպոլ երկրամասի գործադիր տնօրէնութեան տնօրէն Էդւարդ Քոնդեանը համոզւած էր, որ կատարւածը մահմեդականների գործ չի եղել: Նա որոշակի կապ էր տեսնում այս դէպքի ու նոյեմբերի 10-ին Բուդիոնովսկ քաղաքի հայ հիմնադիրներին նւիրւած յուշարձանի սրբապղծման փորձի միջեւ:

Նադեժդա գիւղի գերեզմանատան սրբապղծումը
2005 թւականի դեկտեմբերի 6-ի լոյս 7-ի գիշերը Ստաւրոպոլի Շպակովեան շրջանի Նադեժդա (Nadezhda) գիւղի կենտրոնական գերեզմանատանը սրբապղծեցին 14 հայկական գերեզմաններ: Յանցագործները ասիդ էին լցրել մարմարէ քարերի վրայ, կոտրել շիրմաքարերը եւ ննջեցեալների լուսանկարների վրայ փորել աչքերը: Շպակովսկի շրջանի դատախազ Ալեքսանդր Բեսեդինը որպէս յանցագործութեան վարկած էր դիտում խուլիգանական գործողութիւնները եւ ազգամիջեան պառակտում սերմանելու փորձը: Նա ասել էր. «Չի բացառւում, որ յանցագործները աւերել են գերեզմանները՝ ազգային ատելութեան հողի վրայ»:
Դեկտեմբրի 15-ին Ստաւրոպոլում հրատարակւող «Ստաւրոպոլսկայա պրաւդա» թերթը փորձեց արդարացնել վանդալներին ու բացատրել նրանց գործողութիւնները՝ գրելով, թէ «Իբր կան փաստեր, որ վկայում են, թէ հայերը, որոնց տապանաքարերը այլանդակւել էին յանցագործների կողմից, յուղարկաւորւած են եղել ռուսական գերեզմանների վրայ, այսինքն՝ ի սկզբանէ տուժել են տեղի ռուս բնակչութեան գերեզմանները, որն էլ կարող էր պատճառ հանդիսանալ գերեզմանատանը կատարւած աւերածութեան»:


Գէորգիեւսկի արւարձանի գերեզմանատան սրբապղծումը
2005 թւականի դեկտեմբերի լոյս 17-ի գիշերը Գէորգիեւսկի արւարձանում սրբապղծւեցին 50-ից աւելի (շուրջ 55) գերեզմաններ, որոնք պատկանում էին տարբեր ազգութիւնների, մասնաւորապէս՝ ռուսների, բայց նաեւ՝ հայերի, գնչուների եւ կորէացիների: Միեւնոյն ժամանակ, իրաւապահ մարմինների ներկայացուցիչները նշում էին 19 աւերւած գերեզմաններ:


3- Ռոստով Օբլըստ
Դոնի Ռոստովի Ռուս-հայկական բարեկամութեան թանգարանի հրկիզման փորձը

2006 թւականի յուլիսի 31-ին Հայ Առաքելական Ս.Խաչ եկեղեցու տարածքում գտնւող Ռուս-հայկական բարեկամութեան թանգարանը ենթարկւեց վանդալիզմի: Վանդալները եկեղեցու պատերին եւ բակում ասֆալտի վրայ թողել էին «Եկել է սպիտակ արդարադատութեան ժամանակը», «Ռուսաստանը՝ ռուսների համար» եւ «Վերջ Խաչիկներին» գրութիւնները: նրանք չէին կարողացել ներս մտնել շէնք, սակայն ջարդել էին պատուհաններն ու հրկիզել մետաղապլաստէ լուսամուտները:
Փորձագէտները հիմք ունենալով թողած գրութիւնները՝ համոզւած էին, որ կատարւածը սափրագլուխների գործն է եղել, չնայած իրաւապահ մարմինները աշխատում էին աւելի պահպանողական դիրքորոշում ընդունել: Օգոստոսի 1-ին Դոնի Ռոստովում Ռուսաստանի Հարաւային դաշնային շրջանում ՀՀ գլխաւոր հիւպատոս Արարատ Գոնցեանը դատապարտեց կատարւածը: Յուշարձանների պաշտպանութեան Ռոստովի շրջանային ընկերութեան նախագահ Ալեքսանդր Կոժինի համոզմամբ՝ Ս.Խաչը 18-րդ դարի ճարտարապետութեան միակ յուշարձանն է՝ Ռոստովի շրջանում: Նա ասել էր. «18-րդ դարի յուշարձանի պղծումը սարսափեցնող փաստ է»:
Ըստ «Նովոյէ իզւեստիա» թերթի հաղորդման՝ ոստիկանութիւնը դէպքից մի քանի օր անց մի խումբ մեղադրեալներից ձերբակալեց մի տեղացի նէոնացիստի:

Աղբիւրներ
(Օգտւած շուրջ 40 աղբիւրներից միայն մի քանի օրինակներ են նշւած)

-Բարբարոսութիւն ռուսաստանում՝ հայկական յուշարձանների նկատմամբ
-Բուդիոնովսկում արդէն երրորդ անգամ պղծւել է ռուս-հայկական բարեկամութեան յուշարձանը
-Բուդիոնովսկում ռուս-հայկական բարեկամուեան կոթողը պղծւել, իսկ կառոյցւող հայկական եկեղեցին հրկիզւել է
-Գէորգիեւսկի արւարձանում պղծել են աւելի քան 50 գերեզման
-Դոնի Ռոստովում պահանջում են գտնել ու պատժել վանդալիզմի հեղինակներին
-Լարւած յարաբերութիւններ. Ռուսաստանում հայերն անհամբեր սպասում են աղմկահարոյց դատաւարութեան արդիւնքին
-Կրասնոդարի երկրամասում կրկին հայկական գերեզմաններ են աւերւել
-Կրասնոդարի մարզում տեղի է ունեցել հայկական գերեզմանների հերթական աւերում
-Կրասնոդարի քաղաքային գերեզմանատանը պղծւել են հայկական գերեզմանները
-Մէկ ամսում երրորդ անգամ Սոչիում պղծւել են ռուսական եւ հայկական շիրիմները
-Պիատիգորսկում անյայտները փորձել են հրկիզել Հայկական մշակոյթի կենտրոնի շէնքը
-Ռուսաստանի Բելոռեչենսկ քաղաքում աւերւել են հայկական գերեզմաններ
-Սոչիում պղծւած 10 շիրիմներից 3-ը պատկանում են հայերի
-Ստաւրոպոլի երկրամաս. Վանդալների ձեռքից տուժել է 55 գերեզման

Այս յօդւածը նաեւ տպագրւել է Ալիք օրաթերթում:

«Ալիք» Հոկտեմբերի 3, 2006