Thursday, May 10, 2007

Օջալանի «թունաւորման» առեղծւածը

Սոյն թւականի մարտի 1-ին Հռոմում կազմակերպւած մամլոյ ասուլիսում Քուրդստանի Բանւորական կուսակցութեան (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի դատապաշտպանները յայտարարեցին, որ Օջալանը Թուրքիայի բանտում երկարատեւ թունաւորման զոհ է դարձել:
Դատապաշտպանները յամառում էին, որ տարրալուծարանային փորձարկումների արդիւնքում քուրդ առաջնորդի մարմնում յայտնաբերւել են բարձր չափաքանակով թունաւոր մետաղային տարրեր: Օջալանի դատապաշտպանական խումբը բժշկական տարրալուծարանային փորձարկումների արդիւնքում կազմւած մի գրաւոր տեղեկագիր էր ներկայացրել լրագրողներին, որը հաստատում էր քրոմ եւ ստրոնտիում թունաւոր մետաղային տարրերի ոչ-սովորական առկայութիւնը՝ բանտարկեալից նմուշ վերցրած ու փորձարկման ենթարկած մազերի մէջ: Տեղեկագրում նշւած է, որ մազի նմուշում եղած քրոմի եւ ստրոնտիումի թանձրութիւնը բնականից շատ աւելի բարձր չափաքանակ է կազմում:
Դատապաշտպանները կոչ ուղղելով ՄԱԿ-ին ու Եւրոխորհրդին՝ պահանջել են, որ Օջալանի առողջական վիճակը քննելու նպատակով՝ մի անկախ բժշկական յանձնախումբ մեկնի Թուրքիա:

Օջալանը վերջերս վատառողջ է
Օջալանի փաստաբանները Հռոմում կայացած մամլոյ ասուլիսի ընթացքում տեղեկացրին, որ քուրդ առաջնորդը վերջերս իրեն վատառողջ էր զգում: Փաստաբան Իրֆար Դիւանդարն ասաց, որ Օջալանը տառապում է շնչառական եւ մաշկային խանգարումներից, ինչու չէ նաեւ խիստ ցաւերից, որոնց պատճառով՝ խանգարւել է նրա քունը:
Դատապաշտպանների ասութեամբ՝ Օջալանը գուշակում էր, թէ բանտում իրեն միտումնաւոր թունաւորման են ենթարկում: Այդ պատճառով՝ դատապաշտպանները թունաբանական առումով ստուգումներ կատարելու նպատակով՝ Օջալանի մազերից մի քանի թելնմուշ վերցրին եւ ուղարկեցին ֆրանսիացի թունագէտ Պասկալ Քինթզին (Pascal Kintz): Ֆրանսիացի թունագէտի կատարած վերլուծումը հաստատելու նպատակով՝ նրանք դիմեցին նաեւ Օսլոյի եւ Հռոմի մասնագէտներին, որոնք ըստ դատապաշտպանների՝ հաստատեցին կատարւած վերլուծումը:
Անցեալում եւս Օջալանի դատապաշտպանները իրենց պաշտպանեալի առողջական վիճակի հարցով բացայայտել էին իրենց մտահոգութիւնը՝ շարունակ պահանջելով վերջ տալ նրա մենախուցային բանտարկութեանը:
Յիշեցնենք, որ Օջալանին ութ տարի առաջ Քենիայում ձերբակալեցին ու փոխադրեցին Թուրքիա: 1999 թւականի փետրւարից առ այսօր նա բանտարկւած է հիւսիսարեւմտեան հեռաւոր ափերում՝ Մարմարա ծովում գտնւող (Ստամբուլի մօտ) Իմրալի (İmralı) անունով մի փոքրիկ կղզում: Հիմնականում նա մահւան էր դատապարտւել, սակայն 2002 թւականին նրա պատիժը մեղմացւեց ցմահ բանտարկութեան:

Ըստ դատապաշտպանների՝ Օջալանին թունաւորել են
Օջալանի դատապաշտպանները համոզւած են, որ իրենց պաշտպանեալին միտումնաւոր կերպով թունաւորել են:
Իտալացի փաստաբան Ջուլիանօ Պիսապիան պարզաբանել էր, որ Օջալանը տառապում էր աստիճանաբար տառապող թունաւորումից: Նա բացառում է այն հաւանականութիւնը, որ քրոմ եւ ստրոնտիում մետաղները, յայտնաբերւած բարձր չափաքանակով (7-8 անգամ աւելի բարձր՝ բնականից), սովորական պայմաններում են ներթափանցել Օջալանի մարմնի մէջ: Նա պաշտպանելով թունաւորելու վարկածը՝ յայտնել էր. «Միայն երկու այլ հաւանականութիւններ կարող են լինել՝ նրան (Օջալանին) թունաւորելը կամ ուտեստի, կամ ըմպելիք ջրի միջոցով»:

Ստրոնտիումը եւ քրոմը՝ թունաւոր մետաղային տարրեր
Ստրոնտիում տարրը (Strontium / Sr) բնականօրէն լինում է երկու տեսակի, այսինքն՝ ունի երկու տարբեր իզոտոպներ, ռադիոակտիւ եւ ոչ-ռադիոակտիւ: Sr-ը մարմնի մէջ ներծծւում եւ կուտակւում է ոսկրային համակարգում: Ոչ-ռադիոակտիւ Sr-ը թունաւորելու չնչին ունակութիւն է պարունակում, սակայն կարող է, ի մասնաւորի վիտամին D-ի պակաս լինելու պայմաններում, արգելք հանդիսանալ կալցիումի կմախքի կուտակման եւ ոսկրային հիւսւածքի կերտման ու ամրապնդման ընթացքին: Իհարկէ, չափահաս անձանց մէջ սա շատ հազւադէպ երեւոյթ է:
Ռադիոակտիւ Sr-ը հակառակ իր ոչ-ռադիոակտիւ տարբերակին՝ առողջութեան համար խիստ վտանգաւոր եւ վնասակար է: Բարձր չափաքանակի ռադիոակտիւ Sr-ի ներթափանցման պարագայում՝ ոսկրածուծի հիւսւածքները ծանր վնասւածքներ եւ ախտաբանական փոփոխութիւններ են կրում: Սա համարւում է ռադիոակտիւ Sr-ի ներծծման ամենալուրջ հետեւանքը: Նկատի ունենալով, որ արեան մէջ եղած բոլոր բջջային մասնիկները, կարմիր եւ սպիտակ գնդիկներն ու արեան թիթեղիկները ոսկորների միջուկային ոսկրածուծ կոչւած հիւսւածքում են ծնունդ առնում եւ կատարելագործւում, կարելի է հասկանալ, որ ռադիոակտիւ Sr-ի ներգործման արդիւնքը լինելու է սակաւարիւնութիւն, ախտազերծման համակարգի տկարացում եւ արեան լերդացման խանգարում (արիւնահոսութեան ժամանակ): Յատկանշական է, որ մարմնի օրգաններում ռադիոակտիւ մասնիկների (դրանց շարքում՝ ռադիոակտիւ Sr-ի) երկարատեւում աստիճանաբար կուտակւելը բարձրացնում է քաղցկեղի, նամանաւանդ արեան լեկեմիայի վտանգը:
Քրոմը (chromium / Cr), մետաղային տարրերի խմբում գտնւելով, զանազան բաղադրութիւններում (զանազան տարրերի հետ կազմած միացութիւններում) տարբեր արժէքաւորութիւններ (valence) է դրսեւորում: Թրիվալենտ քրոմի՝ Cr(III)-ի ունակութիւնը մարմնում, թէկուզ նւազ չափաքանակով, անհրաժեշտ է օրգաններում քիմիական նիւթափոխանակութեան (մետաբոլիզմ) ընթացքի գոյատեւման գործում, այնպէս որ՝ Cr(III)-ի պակասը կարող է վերջաւորւել ինչ-որ հիւանդութիւններով կամ խանգարումներով: Կարելի է ասել, որ քրոմը որպէս մետաղ կամ Cr(III)-ի բաղադրութիւնները, առողջական իմաստով, ընդհանրապէս վտանգաւոր չեն, սակայն հեգզավալենտ քրոմի՝ Cr(VI)-ի բաղադրութիւնները անչափ թունաւոր եւ մուտագենիկ են (մուտացիա պատճառող), այնպէս որ՝ սոյն բաղադրութիւնների բերանային կլանումը կամ շնչառութեամբ ներշնչումը կարող է լուրջ թունաւորման պատճառ հանդիսանալ: Մեծամասնութեամբ՝ Cr(VI)-ի բաղադրութիւնները բորբոքում են՝ աչքերը, մաշկի եւ լորձաթաղանթները, այնպէս որ՝ երկարատեւ շփման պարագայում եւ յարմար բուժման միջոցների չկիրառման պայմաններում աչքերը կարող են ենթարկւել յարատեւ վնասւածութեան: Բացի այդ՝ Cr(VI)-ը կարսինոգենիկ (քաղցկեղ պատճառող) է: Յիշեցնենք, որ Cr-ի բաղադրութիւնները օգտագործւում են գունաւորական եւ կաշեգործական արդիւնաբերական հաստատութիւններում:

Եւրոպացի թունաբանների յայտնաբերածը
Սոյն թւականի յունւարի վերջերում դոկտ. Պասկալ Քինթզը ֆրանսիական «Chem Tox» անւան թունագիտական հասատատութիւնում Օջալանից վերցրած մազի նմուշները լուծարման ենթարկեց: Փորձարկումների արդիւնքում փետրւարի 5-ին դոկտ. Քինթզի ստորագրութեամբ մի տեղեկագիր կազմւեց: Այս գրութիւնը տեղեկացնում էր, որ տարրալուծարանը յունւարի 16-ին ստացել էր մի քանի մազի թելեր՝ նմուշ վերցրած մի անյայտ անձից, որով պահանջ էր ներկայացւում հետազօտել նմուշներում եղած մետաղային տարրերի բնոյթը: Նմուշները ICP/MS մեթոդով փորձարկման ենթարկւեցին: Նկատի էր առնւել 32 տարբեր տարրերի բնոյթն ու քանակը: Տեղեկագրի համաձայն՝ այդ 32 տարրերի մէջ Cr-ը եւ Sr-ը իրենց բարձր չափաքանակով աչքի էին ընկնում (հերթականօրէն՝ 1/38 եւ 115 ng/mg թանձրութեամբ): Ըստ տարրալուծարանի ներկայացրած տւեալների՝ նորմալ պայմաններում Cr-ի եւ Sr-ի մազի մէջ եղող թանձրութիւնը պիտի լինի հերթականօրէն 0/17-0/55 եւ 0/6-14/4 սահմանների մէջ: Այլ խօսքով, ինչպէս Օջալանի դաստպաշտպաններն են յայտնել, քրոմի թանձրութիւնը քուրդ առաջնորդի մազերում բնականից 7 անգամ աւելի բարձր էր, իսկ ստրոնտիումինը՝ 8 անգամ:
Տեղեկագրում Cr եւ Sr տարրերի բարձր թանձրութեան վերաբերեալ նշւած է. «Յիշեալ տարրերի նմանօրինակ թանձրութիւնը ցոյց է տալիս, որ մարմինը քրոմի եւ ստրոնտիումի ներթափանցման ներքոյ է եղել, այնպէս որ՝ կարելի է այն գնահատել որպէս քրոնիկական թունաւորման փաստ: Օրինակ՝ կաշեգործարանի աշխատողների պարագայում (որոնք քրոմի հետ շփման մէջ են) մազերում ներծծւած քրոմի թանձրութիւնը միջին հաշւով հասնում է 0/55 ng/mg-ի: Զեկուցագրում նաեւ գրւած է. «Նկատի առնելով սոյն տարրերի վտանգը առողջութեան համար՝ հարկաւոր է յարմար հետազօտութիւն ձեռնարկել, ուր պիտի ներառել ընդհանուր քննութիւն եւ բիոլոգիական հետախուզութիւն (արեան եւ մազի պարագայում): Ըստ երեւոյթին, խիստ անհրաժեշտ է, որ մեր յայտնաբերած նախնական տւեալները համապատասխան հետաքննութիւնների հիման վրայ վերստուգման ենթարկւեն»:Օջալանի դատապաշտպանները արձանագրւած արդիւնքները վերստուգելու նպատակով՝ դիմեցին Օսլոյի եւ Հռոմի թունաբանական մասնագիտական տարրալուծարաններին, որոնք եւս ըստ դատապաշտպանների՝ հաստատեցին ֆրանսիացի թունաբանի կատարած վելուծումը: Նորւեգիայի մայրաքաղաք Օսլոյից պրոֆ. Ժան Ալեքսանդրը (Jan Alexander), որ թունագէտ պրոֆեսորի կոչումով Եւրոպայի Թունագէտների ու Եւրոպայի Թունագիտական կազմակերպութիւնների ֆեդերացիայի (Federation of european toxicologists and European societies of toxicology) կամ համառօտ կոչւած՝ EUROTOX-ի անդամ է, մի մեկնաբանական գրութեամբ՝ ստորագրւած ընթացիկ տարւայ փետրւարի 27-ին, անդրադաձել է «Chem Tox»-ում դոկտ. Քինթզի կատարած փորձարկմանը եւ վերյիշել դրա արդիւնքում յայտնաբերւած Sr-ի բարձր քանակը: Նա նշել էր, որ սոյն փորձարկման մեթոդը հնարաւորութիւն չի տալիս միմեանցից զանազանել մազի նմուշում եղած Sr-ի ռադիոակտիւ եւ ոչ-ռադիոակտիւ իզոտոպների պարունակութիւնը: Նաեւ սոյն մեթոդով հնարաւոր չէ ճշտել այն դոզան, որով մարմինը ենթարկւել է թունաւորման:

Թուրքիան անհիմն է համարում Օջալանին թունաւորելու հաւանականութիւնը
Սոյն թւականի մարտի 1-ին, Օջալանի դատապաշտպանների մամլոյ ասուլիսից անմիջապէս յետոյ, Թուրքիայի արդարադարտութեան նախարարութիւնը մի գրաւոր յայտարարութեամբ պարզաբանեց, որ նախարարութեան հրահանգով Օջալանի թունաւորման մեղադրանքների կապակցութեամբ հետաքննութիւն է սկսւել: Սոյն գրութեան մէջ նշւած էր. «Այդ յաւակնութիւնների կապակցութեամբ Բուրսայի գլխաւոր դատախազութիւնը գրաւոր պահանջ է ներկայացրել, որպէսզի հետաքննութիւն կատարւի այդ հարցով»: Յայտարարութիւնն ընդգծում էր, որ խռովարար առաջնորդը վատառողջ դրութեան մէջ չի գտնւում եւ որեւէ ախտանշան՝ բացայայտող որեւէ լուրջ հիւանդութեան, չի արձանագրւել: Նախարարութիւնը շեշտել էր, որ Օջալանը վայելում է այն բոլոր իրաւունքները (դրանց շարքում նաեւ՝ կանոնաւոր բժշկական քննութիւններ կատարելու իրաւունքը), որոնք Թուրքիայում պահպանւած են ցմահ բանտարկութեան դատապարտւած անձանց: Սոյն յայտարարութեան մէջ նշւած էր. «Նա (Օջալանը) կանոնաւոր կերպով բժշկական քննութիւններ է կատարում: Մինչ օրս որեւէ լուրջ բժշկական խնդիր չի արձանագրւել»:
Մարտի 6-ին Թուրքիայի կառավարութիւնը մի այլ յայտարարութեամբ լիովին սուտ եւ անհիմն անւանեց Օջալանին թունաւորելու հաւանականութիւնը: Թուրքիայի դատական նախարար եւ կառավարութեան խօսնակ Ջեմիլ Չիչէքը նախարարական վարչակազմի շաբաթական ժողովից յետոյ մամլոյ ներկայացուցիչներին ասաց. «Այդ յաւակնութիւնները լիովին սուտ են... Եթէ Թուրքիան մի այդպիսի երկիր լինէր, շատ վաղուց պիտի դիմած լինէր նման մի քայլի, սակայն այն մի երկիր է, որ հիմնւած է օրինական սկզբունքների վրայ»: Նրա ասութեամբ՝ մարտի 5-ին երեք թուրք բժիշկներից բաղկացած մի յանձնախումբ մեկնել է Իմրալի կղզում գտնւող բանտը՝ Օջալանի պարագայում բժշկական ստուգումներ կատարելու նպատակով: Խմբի բժիշկներից մէկը, ըստ երեւոյթին, թունաբան է եղել: Թրքական աղբիւրների համաձայն՝ բժիշկները Օջալանից արեան, մէզի, կղկղանքի, խորխի եւ մազի նմուշներ են վերցրել ու դրանք ուղարկել Ստամբուլի Դատա-բժշկական հաստատութեան իշխանութեանը՝ հարկաւոր փորձարկումներ կատարելու նպատակով:
Մարտի 13-ին Բուրսայի գլխաւոր դատախազ Ահմեդ Էրը լրագրողներին ներկայացրեց փորձարկումների եւ վերլուծումների արդիւնքում կազմւած դատա-բժշկական զեկոյցը, որն ամբողջութեամբ հակասում է Օջալանի դատապաշտպանների կողմից ներկայացւած յաւակնութիւններին: Ահմեդ Էրի գնահատանքով՝ թունաւորման վարկածը միանգամայն անհիմն է: Թուրքերը Օջալանին թունաւորելու յաւակնութեան հարցով բարձրացած աղմուկը որակում են քուրդ անջատողականների անկարեւոր ու ապարդիւն եւս մի փորձ, որի նպատակն է կրկին համաշխարհային հանրութեան ուշադրութիւնը կենտրոնացնել խռովարար առաջնորդի վրայ՝ արժանացնելով հասարակութեան համակրանքին:
Սակայն, ի՞նչ չափով կարելի է հաւաստի համարել թուրք կառավարական դատաբժշկութեան բժշկական տարրալուծարանային տեղեկագիրը: Արդեօք թուրքերը անկե՞ղծ են այս պարագայում: Ինչքա՞նով հնարաւոր է բաւարարութիւն տալ թուրքերի կողմից կատարւած հետաքննութիւններին: Այս հարցերը իրենց յարմար հաւաստի բացատրութիւնը կը գտնեն միայն այն պարագայում, երբ հետաքննութիւնները կրկնակի կատարւեն արտասահմանից, ասենք՝ Եւրոպայից ժամանած մի անկախ դատաբժշկական յանձնախմբի միջոցով:

Այս յօդւածը նաեւ տպագրւել է Ալիք օրաթերթում: