Monday, November 06, 2006

Իրաքի բռնագրաւման դառն պտուղը՝ բաժին ընկած իրաքահայութեան

Իրաքի քրիստոնեաները դրանց թւում՝ հայերը դարեր շարունակ եղբայրաբար ապրել են մահմեդական արաբների կողքին՝ սերտօրէն պահպանելով հնամեայ եղբայրական փոխյարաբերութիւնները: Բայց, Իրաքը 2003 թւականի ապրիլից առ այսօր ամերիկեան ու անգլիական ուժերի բռնագրաւման ներքոյ ապրում է չափազանց սարսափելի եւ անկայուն իրավիճակ, այնպէս որ՝ կասկածելի ու գաղտնի ձեռքեր օգտւելով ստեղծւած իրավիճակից՝ փորձում են թշնամութեան ու երկպառակութեան սերմը ցանել Իրաքի քրիստոնեայ եւ մահմեդական համայնքների միջեւ:
Տարբեր աղբիւրներ Իրաքում ապրող քրիստոնեաների թիւը հաշւում են շուրջ 800,000 հոգի, որը կազմում է ընդհանուր բնակչութեան 3 տոկոսը: Խալդեցիները Իրաքի քրիստոնեաների խոշոր բաժինն են կազմում: Երկրում նաեւ ապրում են հայեր ու ասորիներ: Միայն Բաղդադում, որտեղ իրաքի քրիստոնեաների մեծ մասն են բնակւած կան առնւազն 50 եկեղեցիներ:
Իրաքի հայ համայնքն ունի շատ վաղեմի անցեալ: Աւելի քան երեք հազարամեակի ընթացքում հայկական գաղթօջախներ են ստեղծւել այդ տարածքի (Միջագետքի) մի շարք վայրերում: Տարբեր շրջաններում այս գաղթօջախները մի առ ժամանակ ստւարացել են, յետոյ քայքայւել ու վերականգնւել կամ էլ փոխադրւել մի այլ վայր, բայց դրանով հանդերձ՝ իրաքահայութիւնը առ այսօր պահպանել է իր գոյութիւնը արաբ մահմեդական աշխարհի հովանու ներքոյ: Բայց ներկայում այդ համայնքը իր գոյատեւման ճանապարհին մեծ սպառնալիքների դէմ է կանգնած:
Տւեալների համաձայն՝ Իրաքում այժմ ապրում են 20-25 հազար հայեր, որոնք կազմում են երկրի 4-րդ ցեղային մեծ խումբը: Հայերը հիմնականում բնակւել են Բաղդադ, Բասրա, Մուսուլ, Քերքուք եւ Զախօ քաղաքներում: Որոշ աղբիւրներ Իրաքահայութեան բնակչութեան թիւը (մինչեւ 2004 թ.) հաշւում են շուրջ 22,000 (15,000 հոգին ապրում են հէնց Բաղդադում): Իրաքի Հայոց թեմն ունի ընդհանուր 9 եկեղեցիներ:



Քիչ չեն 2003 թւականի ապրիլից մինչ այսօր արձանագրւած այն դէպքերը, որոնց ընթացքում իրաքահայ համայնքը միտումնաւոր կամ պատահաբար թիրախ է դարձել ուղղակի կամ անուղղակի ռազմական կամ ահաբեկչական գործողութիւնների: Այս բոլորի պատճառով՝ համայնքը ոչ միայն նիւթական վնասներ է կրել, այլ նաեւ տւել է մարդկային զոհեր: Բարեբախտաբար, 2003 թւականի մարտապրիլի բռնագրաւման պատերազմում Իրաքի հայ համայնքը համեմատաբար թեթեւ կորուստներ կրեց: Ռազմական գործողութիւնների հետեւանքով՝ մի քանի հայեր կորցրեցին իրենց կեանքը: Հայերին պատկանող մի քանի տներ աւերւեցին կամ վնասւեցին: Բայց, իրավիճակը պատերազմից յետոյ ահաւոր կերպար է ստանում:
Ներկայում հայերը եւ միւս ցեղային կամ կրօնական փոքրամասնութիւնները, համեմատ Սադդամի բռնապետութեան տարիներին, երբ նրանք ինչպէս բոլոր իրաքցիները տառապանքային կեանք էին ապրում, ունեն աւելի ազատ կեանք, այնպէս որ՝ խտրութեան չեն ենթարկւում, բայց դրանով հանդերձ՝ յետպատերազմեան տարիներում ստեղծւած անապահով եւ անկայուն իրավիճակի հետեւանքով՝ զուրկ են մնացել այդ ազատութիւնը վայելելու հնարաւորութիւնից: Վերջերս Հայաստան գաղթած մի իրաքահայ այսպէս է բացատրել դրութիւնը. «Իրաքում կռւից առաջ էլ ազատութիւն չկար, կռիւեն յետոյ էլ չկայ: Կռիւից առաջ, որ կար, ապահովութիւնն էր, ոչ թէ՝ ազատութիւնը: Կռիւից յետոյ այդ ապահովութիւնն էլ չկայ»: Ընդհանրապէս, իրաքահայերը այն կարծիքին են, թէ Իրաքում կենսամակարդակը պատերազմից առաջ աւելի բարւոք է եղել՝ քան պատերազմից յետոյ: Ըստ երեւոյթին, երկրի տնտեսական աննպաստ իրավիճակը եւս իր ազդեցութիւնն է թողել իրաքահայութեան կեանքի վրայ: 2004 թւականի յուլիսին տրւած Իրաքի Հայոց թեմի տեղեկատւութեան համաձայն՝ այդ օրերում Բաղդադում հաշււում էին 265 կարիքաւոր հայ ընտանիքներ:


Ցաւօք՝ Իրաքի բռնագրաւումից յետոյ կազմաւորւել են արմատական ծայրայեղ խմբաւորումներ, որոնք իրավիճակը որակում են իբր Մահմեդական եւ Քրիսնտոնեայ աշխարհների վճռական պատերազմ: Նրանք իրաքցի քրիսնտոնեաներին բնութագրում են որպէս կոալիցիային կողմնակից կամ աշխատակից: Այդ իմաստով՝ Իրաքի բնիկ քրիստոնեայ համայնքները եւս չեն կարող զերծ մնալ ահաբեկչական ու արմատական խմբերի հալածանքներից եւ յարձակումներից: Ըստ Ասորական դեմոկրատիկ շարժման տրամադրած ցուցակի՝ միայն 2003 թ. ապրիլի 9-ից մինչեւ 2004 թ. օգոստոս սպանւել են 102 քրիստոնեաներ: Նրանց մի մասը սպանութեան են ենթարկւել ալկոհոլային խմիչքներ վաճառելու կամ ամերիկացիների համար աշխատելու (որպէս թարգմանիչ, լւացարար եւ այլն) պատրւակով: Սպանւածների շուրջ 10 տոկոսը զոհւել է հէնց կոալիցիայի զինւորների ձեռքով յետպատերազմեան բռնութիւնների ընթացքում: Շատերը նաեւ ենթարկւել են պատանդառութեան եւ սպանւել՝ փրկագին չվճարելու կամ ուրիշ պատճառներով:
Ցաւօք՝ իրաքահայութիւնը, ինչպէս միւս Իրաքցիները, ռազմական եւ ահաբեկչական տարբեր գործողութիւնների թիրախ է դարձել ու դեռ ենթարկւում է նման սպառնալիքների: «Ասպարէզ» օրաթերթի հաղորդման համաձայն՝ միայն 2003 թ. ապրիլի 7-ից մինչեւ 2005 թ. հոկտեմբերի վերջը բռնութեան զոհ են դարձել 18 իրաքահայեր, որոնցից 5-ը զոհւել են ռազմական գործողութիւնների ընթացքում, իսկ միւսները` պայթիւնների կամ զինեալ խմբաւորումների գործողութիւնների հետեւանքով, որոնք կատարւել են եկեղեցիներում կամ հասարակական այլ վայրերում: Իհարկէ, չի կարելի հաստատօրէն ասել, որ Իրաքի հայերը ահաբեկչութեան թիրախ են դառնում ուղղակի իրենց ազգութեան կամ հաւատքի պատճառով: Աւելի շուտ՝ նրանք բռնութիւնների զոհ են գնում պատահաբար՝ այն պատճառով, որ սխալ ժամանակում սխալ վայրում են գտնւել: 2006 թւականի մարտ ամսւայ սկզբում էր, երբ երկու իրաքցի հայ կին Բաղդադի շուկաներից մէկում կատարւած ահաբեկչական պայթիւնի հետեւանքով՝ ծանր վնասւածքներ ստացան: Իհարկէ, կան նաեւ դէպքեր, ուր հայերը ամերիկացիների համար աշխատելու պատրւակով՝ ենթարկւել են սպանութեան: 2003 թւականի նոյեմբերին ահաբեկիչնեը Բաղդադում սպանեցին երկու հայ կնոջ, քանի որ նրանք ամերիկացիների մօտ աշխատում էին որպէս աման լւացող:
Ոչ միայն ահաբեկչական խմբերը, այլ հէնց կոալիցիայի զինեալ ուժերը երբեմն սպառնալիք են հանդիսացել Իրաքի քաղաքացիների համար: 2005 թւականի հոկտեմբերին երբ մի բաղդադահայ անձնական ինքնաշարժով իր բարեկամի այցից վերադառնում էր, ամերիկացի զինւորների կրակոցի հետեւանքով՝ սպանւեց: Նա առաջին իրաքահայն էր, որ 2003 թւականի ապրիլի 9-ից յետոյ, այսինքն՝ Բաղդադի գրաւումից ի վեր, ուղղակի սպանւել էր ԱՄՆ-ի զինւորների միջոցով:
Այս բոլորին պիտի նաեւ աւելացնենք կատարւած բազմաթիւ պատանդառութիւնները: Պատանդառուները պատանդ առնւած հայերին ազատելու համար՝ պահանջում են խոշոր գումարներ: 2004 թւականի սեպտեմբերին գրոհայինները արեւանգեցին մի լիբանանահայի: Բարեբախտաբար, զինեալ գործողութեան շնորհիւ՝ յաջողւեց փրկել նրան: Սոյն թւականի մարտ 28-ին առեւանգւեց մի ռումինահայ լրագրող, որը եւս յաջողեց փրկւել մի քանի օր պատանդառութիւնից յետոյ: Առեւնագութեան մատնւեց նաեւ Կարմիր խաչի Միջազգային կոմիտէի աշխատող մի հայ կանադացի, բայց նրա բախտը չբերեց ու սպանւեց:
2005 թւականին ոստիկանական համազգեստով մի քանի անձինք կանգնեցնելով մի հայ բժշկի ինքնաշարժը՝ պատանդ առան նրան ու որպէս փրկագին՝ ընտանիքից պահանջեցին 75 հազար դոլար: Սոյն թւականի վերջին ամիսներում անյայտացան երկու հայեր: Դրանցից մէկը գործարար էր, իսկ միւսը՝ ոսկերիչ, որն աշխատում էր ամերիկացիների պաշտպանութեան տակ գտնւող կանաչ գօտում: 2005 թւականի օգոստոսի 21-ին Բաղդադում մի խումբ գրոհայիններ առեւանգեցին մի կիպրահայ գործարարի: Նա 130 օր յետոյ ազատ արձակւեց՝ 200 հազար դոլար փրկագնի դիմաց: Առեւանգող խումբը սպառնացել էր սպանել նրան, եթէ նրա ընկերութիւնը չդադարեցնէր, իրենց ասութեամբ, «Իրաքում ամերիկեան զօրքերին ուտելիք եւ խմիչք մատակարարման» ընթացքը:
«Համահայկական ցանց»-ի 2006 թ. մարտ 8-ի հաղորդման համաձայն՝ հայերը Իրաքում նաեւ ստանում են սպառնալից նամակներ, որտեղ նրանցից պահանջւում է ինչ-որ տուրք վճարել մոջահեդներին, որի նւազագոյն գումարը կախում ունենալով տւեալ ընտանիքի նիւթական վիճակից՝ երկու հազար դոլար է:
Հայկական ազգային կամ կրօնական կառոյցները եւս զերծ չեն մնացել բռնութիւններից կամ ահաբեկչական յարձակումներից: Պատերազմից յետոյ Բասրայի եւ Քերքուքի հայոց ակումբները կողոպուտի ենթարկւեցին: Չնայած ԱՄՆ-ի Իրաք ներխուժման ժամանակ քրիստոնէական եկեղեցիները առանձնապէս չվնասւեցին, բայց Իրաքի բռնագրաւումից յետոյ դրանք մի շարք ահաբեկչական գործողութիւնների թիրախ են դարձել: 2004 թւականի օգոստոսի 1-ի երեկոյեան Իրաքի Բաղդադ եւ Մուսուլ քաղաքներում հինգ տարբեր քրիստոնէական ճիւղաւորումների պատկանող եկեղեցիների, ինչպէս Բաղդադի հայ Կաթողիկէ եկեղեցու մօտ պայթեցւեցին ինքնաշարժներում տեղադրւած ռումբեր, որի հետեւանքով զոհւեցին 11 հոգի եւ տուժեցին 47 հոգի: Առաջին ռումբը պայթել էր Բաղդադի Կարադա քաղաքամասում գտնւող հայ կաթողիկէ եկեղեցու շրջափակում: Սա առաջին անգամն էր, որ Իրաքի քրիստոնեայ փոքրամասնութիւնները այսպիսի մեծ ծաւալով ենթարկւում էին ահաբեկչական գործողութիւնների:


2004 թւականի դեկտեմբերի 7-ի երեկոյեան մի խումբ զինեալներ ներխուժելով Մուսուլ քաղաքի հայկական եկեղեցին՝ ուժով դուրս բերեցին պահակին եւ եկեղեցում գտնւող մարդկանց: Նրանք յետոյ պայթուցիկ նիւթեր տեղադրելով եկեղեցում՝ պայթեցրին շէնքը, որի հետեւանքով՝ շինութիւնը մեծ վնաս ստացաւ: Բարեբախտաբար, մարդկային զոհեր չեղան:
Իրաքահայերը նկատի առնելով հաւանական ահաբեկչութիւնների սպառնալիքը, որ կարող է ուղղւած լինել ազգային ու կրօնական կառոյցներին, հնարաւորի չափ խուսափում են նման վայրերում հաւաքւելուց: «Արմենիա նաու» շաբաթաթերթի 2004 թ. սեպտեմբերի 24-ի համարում հրատարակւած յօդւածում Հայաստանում Իրաքահայերի միութեան փոխնախագահ Երւանդ Մինասեանը այսպէս էր որակել այն օրերի դրութիւնը. «Հայութեան վիճակն այնտեղ (Իրաքում) ահաւոր է: Եկեղեցիները հիմնականում փակ են: Միայն մի փոքրիկ եկեղեցի է գործում, սակայն հայերը չեն հաւաքւում, որպէսզի ահաբեկչական գործողութիւնների թիրախ չդառնան»:
Նկատի առնելով տիրող անապահովութիւնը, պետութեան եւ կոալիցիայի անզօրութիւնը՝ հակաահաբեկչական պայքարում եւ Իրաքում խաղաղութիւն հաստատելու գործում ու երկրի եւ հասարակութեան տնտեսական ծանր վիճակը, որ իր գագաթնակէտին է հասել յետպատերազմեան տարիներում, իրաքահայերից շատերը ճարահատւած թողնում են երկիրը ու արտագաղթում կամ աւելի ճիշտ՝ փախչում օտար երկրներ, քանի որ էլ ոչ մի ապագայ չեն տեսնում Իրաքում: Հազարաւոր իրաքահայեր փորձում են ապաստան գտնել աշխարհի չորս անկիւններում, քանի որ տիրող իրավիճակը առել է նրանցից ազատ եւ ապահով ապրելու վերջին յոյսերը:
Արտագաղթողների թւի մասին յստակ տեղեկութիւններ չկան: «Ղարաբաղ օնլայն»-ի համաձայն՝ պատերազմից յետոյ (մինչեւ 2006 թ. մարտը) 300 հայ ընտանիքներ են տեղափոխւել տարբեր երկրներ: Արտագաղթողների մեծ մասը ապաստանել է՝ Յորդանանում, Լիբանանում եւ Սիրիայում: Նաեւ կան մարդիկ, որոնք Հայաստանն են ընտրել որպէս հանգրւան: Հայաստանում ապաստան գտնած իրաքահայերի ընդհանուր թւի վերաբերեալ Փախստականների եւ գաղթականների վարչութիւնը տեղեկութիւններ չունի, չնայած վարչութեան Ապաստան հայցողների բաժնի պետ Պետրոս Աղաբաբեանի խօսքերով՝ այս երեք տարիների ընթացքում ապաստան հայցողների թիւը բազմաթիւ է: «A1Plus»-ի հաղորդման համաձայն՝ 2003 թ. մինչեւ 2006 թ. յունիսի 31-ը 388 իրաքահայեր մեկնել են Հայաստան:
Ինչպէս գիտենք, Հայաստանի Հանրապետութիւնը խաղաղապահ մասնագէտ զինւորներ է ուղարկել Իրաք ու արդէն մաս կազմել ԱՄՆ-ի գլխաւորութեամբ Իրաքում գործող կոալիցիային: Չնայած ոմանք ինչ-որ դրական կէտեր են տեսնում Հայաստանի այս ռազմավարութեան մէջ, բայց նկատի առնելով Իրաքի ապստամբական ու ահաբեկչական ծայրայեղ խմբերի հակազդեցութեան սպառնալիքը՝ կայ նաեւ այն մտավախութիւնը, որ Հայաստանը իր մասնակցութեամբ վտանգի գօտում առնի ոչ թէ իր ներքին ապահովութիւնը կամ ասենք՝ հայ խաղաղապահ զինւորների եւ Իրաք մեկնող հայերի կեանքը, այլ նաեւ վտանգի ենթարկի Արաբական աշխարհի հայութեան, դրա շարքում իրաքահայութեան ապահովութիւնը եւ ապագան: Ընդհանրապէս, Արաբական աշխարհը ամերիկացիներին եւ կոալիցիայի մաս կազմող կամ դրան օժանդակող պետութիւններին համարում է բռնագրաւիչ կամ թշնամի:
Իրաքի հայ համայնքը կարեւոր է համարում Հայաստանի աջակցութիւնը եւ հովանաւորութիւնը, բայց նաեւ մտահոգ է այն բանից, որ հայ զինւորականների ներկայութիւնը կարող է արաբ բնակչութեան տրամադրել հայերի դէմ: Իրաքահայերը խուճապային իրավիճակ էին ապրում այն օրերում, երբ Հայաստանի իշխանութիւնները խօսում էին զինւորական մասնագէտներ ուղարկելու մտադրութեան մասին: Հակահայկական հակազդեցութիւնների հաւանականութիւնը այնպիսի մտավախութեան էր մատնել իրաքահայութեանը, որ Բաղդադի միակ հայկական դպրոցի տնօրէն Ծովինար Իշխանեանի խօսքով՝ բաղդադահայերը սկսել էին իրենց երեխաներին տեղափոխել այդ դպրոցից, քանի որ նրանց կարծիքով՝ հայկական դպրոցը կարող էր դառնալ ահաբեկչական գործողութեան թիրախ:
Իարքի հայոց թեմի առաջնորդ Տ. Աւագ արք. Ասատրեանը 2004 թւականի սեպտեմբերի 28-ին «Ազատութեան» ռադիոկայանի հետ ունեցաց հեռախօսազրոյցում եւ դրանից առաջ Հայաստանի Ազգային ժողովի նախագահին ուղղած նամակում յայտնել էր, որ իրենք դէմ են Հայաստանից զինւորականներ ուղարկելու մտադրութեանը: Միեւնոյն ժամանակ, Բաղդադի հայ համայնքի հոգեւոր առաջնորդ Տ. Նարեկ քհնյ. Իշխանեանը «Ազատութեան» ռադիոկայանին տեղեկացրել էր, որ Իրաքում բնակւող բոլոր հայերն էլ դէմ են այդ ծրագրին:

Այս յօդւածը նաեւ տպագրւել է Ալիք օրաթերթում:
«Ալիք» Նոյեմբերի 2, 2006