Thursday, May 05, 2011

Արեւմտեան Հայաստանը՝ Նոր Միջին Արեւելքում Եւ Հայոց Ցեղասպանութեան Ճանաչման Հրատապ Անհրաժեշտութիւնը


«ՆՈՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔ»Ի ՎԱՐԿԱԾԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

2006 թուականի Յուլիսին ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը, Միջին Արեւելք կատարած շրջայցի ընթացքում, Երուսաղէմում արտայայտուեց «Նոր Միջին Արեւելք»ի ստեղծման անհրաժեշտութեան մասին՝ յայտարարելով, որ արդէն եկել է դրա իրականացման ժամանակը: Վերլուծաբաններից ոմանք Կ. Ռայսի «Նոր Միջին Արեւելք» հասկացութիւնը մեկնաբանելու գործում հիմք ընդունեցին նոյն թուականի Յունիսին «Զինեալ ուժերի հանդէս»ում (Armed Forces Journal) հրատարակուած՝ ԱՄՆ զինուած ուժերի պաշտօնաթող գնդապետ Ռալֆ Պիտերսի (Ralph Peters) յօդուածը (Blood Borders: How a better Middle East would look): Յիշեալ յօդուածում հեղինակը շեշտելով տարածաշրջանի «ամենաշատ տուժած» ցեղային եւ կրօնական խմբաւորումների վիճակը վերանայելու անհրաժեշտութիւնը, լուծումը տեսնում է սահմանների փոփոխութեան մէջ, որը նրա կարծիքով պէտք է կատարուի ազգային-ցեղային սկզբունքի վրայ: Արդիւնքում հանդէս պիտի գան մեծ ու փոքր նոր անկախ պետութիւններ՝ ներկայ երկրների մասնատման կամ անդամահատման հաշուին:

Թեթեւակի ուսումնասիրելով յօդուածը եւ նրան կից քարտէզը, պարզւում է, որ տուժած ազգերի շարքում Ռ. Պիտերսը նկատի է առել նաեւ հայերին: Նա ընդունելով Հայոց Ցեղասպանութեան փաստը, այն որակում է դաժան չարագործութիւն, որը կարելի չէ փոխհատուցել տարածքների վերադարձով: Չնայած Հայաստանը դասւում է «շահող» երկրների ցանկում, Ռ. Պիտերսը մերժելով տարածքային փոխհատուցում տալու գաղափարը, Հայաստանին վերադարձնում է միայն մի փոքր հատուած Արարատ լեռով: Սոյն յօդուածում չի խօսւում ԼՂՀի մասին իբրեւ անկախ պետութիւն, այնպէս որ Արցախը ներառուած է Ադրբեջանի սահմաններում: Ռ. Պիտերսի տեսութեամբ, Միջին Արեւելքում Հայաստանը զրկւում է իր հարաւային հարեւան Իրանից, որին փոխարինում է Ադրբեջանը: Նշելի է, որ ըստ յօդուածին, ազերի մեծամասնութիւն ունեցող Իրանի հիւսիս-արեւմտեան տարածքները պիտի միանան Ադրբեջանին: Ակնյայտ է, որ այդ պարագայում Միացեալ Ադրբեջանը կը զբաղեցնի աշխարհաքաղաքական կարեւոր դիրք Անդրկովկասի տարածաշրջանում: Իսկ Հայաստանի արեւմուտքում Թուրքիային փոխարինելու է Ազատ Քուրդիստանը, բաղկացած՝ ներկայ արեւելեան Թուրքիայից եւ Իրաքի, Իրանի ու Սիրիայի քրդաբնակ տարածքներից: Այս հզօր երկրի մէջ է մտնելու Արեւմտեան Հայաստանը: Այսպիսով սոյն ծրագիրը իրագործուելու դէպքում հայ ժողովուրդը զրկուելու է իր հայրենական հողին վերատիրանալու իրաւունքից:

Չնայած Ռալֆ Պիտերսի տեսակէտը ուղղակի չէր արտացոլում Պենտագոնի պաշտօնական դիրքորոշումը, Հռոմում գործող ՆԱԹՕի Պաշտպանութեան քոլեջում 2006 թուականին զինուորական պաշտօնեաների համար կայացած ուսուցման ծրագրում ամերիկեան ռազմական ազգային ակադեմիայի դասատուներից մէկը օգտագործեց Պիտերսի քարտէզը, ինչը վկայում է նախատեսուած ծրագրի առնչութեամբ պաշտօնական Ուաշինգտոնի լուրջ մտադրութեան մասին:

Թէ ինչ հաւանականութեամբ ու երբ կ՛իրականացուի վերոյիշեալ վարկածը, ապագան ցոյց կը տայ: Սա առաջին անգամը չէ, որ ամերիկեան եւ եւրոպական փորձագէտները վարկածային քարտէզներ են ներկայացնում տարածաշրջանի աշխարհաքաղաքական ապագայի մասին: Նախկինում էլ ամերկացիները «Մեծ Միջին Արեւելք»ի հասկացութեան ներքոյ բազմաթիւ քարտէզներ էին առաջ քաշել: Հրէական աշխարհում յայտնի է «Եինոնի ծրագիր»ը (Yinon Plan), որը, ըստ բազում քաղաքագէտների, կազմում է Իսրայէլի արտաքին քաղաքականութեան կարեւորագոյն ռազմավարութեան մասնիկը: Սոյն գաղափարը առաջ է քաշել Իսրայէլի ԱԳՆի պաշտօնաթող վերլուծաբան Օդիդ Յինոնը (Oded Yinon): Նախագծի համաձայն անհրաժեշտ է, որ Միջին Արեւելքի եւ Հիւսիսային Աֆրիկայի ներկայ երկիրները մասնատուեն աւելի փոքր եւ թոյլ պետութիւնների:


Տարածաշրջանի պատմութեան մէջ յայտնի է 1916 թուականին անգլիական եւ ֆրանսիական դիւանագէտներ՝ Մարկ Սայքսի (Sir Mark Sykes) ու Ժորժ Պիկոյի (Francois Georges-Picot) միջեւ կնքուած գաղտնի համաձայնագիրը, որով երկու երկիրները նախապէս տեղեակ պահելով Ցարական Ռուսաստանին ու Իտալիային՝ միմեանց միջեւ բաժանեցին դեռեւս չփլուզուած Օսմանեան կայսրութեան տիրոյթները: Ըստ համաձայնագրի, Արեւմտեան Հայաստանը անցնելու էր ցարական Ռուսաստանի վերահսկողութեան տակ: Յետագայում Սայքս-Պիկոյի համաձայնութիւնը հիմք հանդիսացաւ 1920 թուականի Սեւրի պայմանագրին, որի համաձայն՝ Թուրքիայի արեւելքում պէտք է ստեղծուէր հայկական պետութիւն, իսկ երկրի հարաւ-արեւելքում՝ քրդական պետութիւն: Նկատի առնելով այս բոլորը՝ անհաւանական չէ, որ ապագայում բացայայտուեն գերուժ պետութիւնների միջեւ անց կացուած նման գաղտնի բանակցութիւներ ու կնքուած համաձայնագրեր:

Պարզապէս Ռալֆ Պիտերսի եւ այլ փորձագէտների ներկայացրած քարտէզները վերջնական տարբերակները չեն լինելու վարկածային քարտէզների շարանում: Ժամանակի ընթացքում նրանք ենթարկուելու են զանազան փոփոխութիւնների: Սակայն առ այսօր Միջին Արեւելքում տեղի ունեցած հասարակական եւ քաղաքական իրադարձութիւնները մեզ բերում են այն եզրակացութան, որ միջազգային քաղաքականութիւնը գնում է տարածաշրջանի ներկայ երկրների մասնատման ուղղութեամբ: Այսօր միջին արեւելեան երկրներում ծայրայեղ կրօնական եւ ցեղային անհանդուրժողականութեան եւ տարաձայնութեան դրսեւորումները հասել են իրենց գագաթնակէտին, ինչը պատճառ է հանդիսացել լուրջ՝ երբեմն արիւնահեղ բախումների՝ կրօնա-ցեղային խմբաւորումների միջեւ: Նոյնը նաեւ հիմք է ծառայում ահաբեկչական գործողութիւնների: Այդ բոլորը վտանգի են ենթարկում սոյն երկիրների ժողովրդավարութիւնն ու ամբողջականութիւնը: Վերլուծաբանների կարծիքով արաբական երկրներում վերջերս տեղի ունեցող խռովութիւններն ու ապստամբութիւնները խթան կարող են դառնալ արաբ աշխարհի «բալկանացման» (balkanization): Ոմանք գուշակում են, որ Մուամմար Քադաֆիի պաշտօնազրկման հետեւանքը կարող է լինել Լիբիայի մասնատումը:

Իրաքի իշխանութիւնները եւ կոալիցիայ ուժերը գործնականում անկարող են մնացել իրաքեան խմբերի միջեւ ազգային եւ կրօնական համերաշխութիւն հաստատելու եւ ապահովական կացութիւնը բարելաւելու գործում: Այսօր կայ մտավախութիւն, որ Իրաքից ամերիկեան զօրքերի դուրսբերումը պատճառ դառնայ ներքին լարուածութեան եւ բախումների՝ կրօնա-ցեղային խմբաւորումների միջեւ: Այդ առումով զանազան վերլուծաբաններ կանխատեսում են, որ մօտիկ ժամանակներում մասնատման է ենթարկուելու Իրաքը: Արդիւնքում շիա եւ սուննի երկու պետութիւնների կողքին՝ Թուրքիայի հարաւային սահմանին կից կը կերտւի անկախ Քուրդիստանը: Հիւսիսային Իրաքում քուրդ անկախ պետութեան ստեղծումը անկասկած վտանգի է ենթարկելու Թուրքիայի տարածքային ամբողջականութիւնը՝ տեղաբնակ քուրդերին մղելով հետեւել Ազատ Քուրդիստանի գաղափարին: Թուրքիայի քրդերը տասնամեակներ շարունակ հանդուրժելով կատաղի զինուորական ճնշումներն ու թուրք ազգայնամոլ կառավարութեան հալածանքները, պայքարել են իրենց անկախութեան համար: Այսօր, սրուած լինելով Թուրքիայում տիրող քաղաքական իրավիճակը, որեւէ անկայունութիւն երկրի ներսում կամ հարեւան պետութիւններում կարող է բռնկել ապստամբութեան հրդեհը հարաւարեւելեան նահանգներում:

ԱԶԱՏ ՔՈՒՐԴԻՍՏԱՆԸ ԵՒ ԱՄՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Վերջին տարիների ԱՄՆի որդեգրած արտաքին քաղաքականութիւնը ցոյց է տուել, որ ամերիկեան քայլերը տանում են Իրաքի հիւսիսում անկախ Քուրդիստանի վերջնական ձեւաւորմանը, որը վերջիվերջոյ նպաստելու է Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի քուրդերին՝ միանալու ազատ քրդական երկրին: Սադդամ Հուսէյնի վարչակարգի տապալումից առ այսօր քրդերն Իրաքում մնում են ամերիկացիների գլխաւոր գործընկերը: ԱՄՆը իր հերթին բարձր աջակցութիւն է ցուցաբերում Իրաքի ինքնավար Քուրդիստանին: Այսօր քուրդ կառավարութիւնը ԱՄՆի հովանու ներքոյ գրեթէ աւելի անկախութիւն է վայելում քան Բաղդադը: Չպէտք է մոռանալ, որ Իրաքի քրդաբնակ տարածքները հարուստ են նաւթով, ինչը լուրջ շահագրգռում է Միացեալ Նահանգներին:

Ռալֆ Պիտերսը իր յօդուածում լայնօրէն անդրադառնալով քուրդերի հարցին, անկախ քրդական պետութեան բացակայութիւնը համարում է «Բալկանեան լեռների եւ Հիմալայների արանքում գտնուող ամենամեծ սահմանային անարդարութիւնը»: Նա շեշտում է, որ ազատ հանրաքուէ անցկացնելու դէպքում, Իրաքի քուրդերի մօտ 100 տոկոսը կը քուէարկեն յօգուտ անկախութեան: Ռ. Պիտերսը հաւատացած է, որ անկախութեան գաղափարին կ’ընդառաջի նաեւ տարածաշրջանի միւս երկրների քուրդ բնակչութիւնը: Նրա կարծիքով անկախ Քուրդիստանը կը լինի Բուլղարիայի եւ Ճապոնիայի միջեւ գտնուող «ամենաարեւմտամէտ» պետութիւնը:

Հետաքրքիր է, որ Ռ. Պիտերսի գծագրած Քուրդիստանի սահմաններում տեղ են առնում նաեւ Թուրքիայի հիւսիս-արեւելեան մարզերը, որոնք հիմնականում թրքաբնակ են, ոչ քրդաբնակ: Այլ խօսքով Քուրդիստանի հիւսիսային սահմանները հասնելու են մինչեւ Սեւ ծով: Սա ինքնստինքեան բացատրում է, որ Միացեալ Նահանգների քաղաքական, տնտեսական եւ նաւթագազային շահերը կախուած են դէպի Սեւ ծով ելք ապահովելու հետ:

«ՆՈՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔ»Ը ԵՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ

Ազատ Քուրդիստանի ձեւաւորման գաղափարը, որի խորքում ընկած է Թուրքիայի անդամահատման մտադրութիւնը, պարզ փաստն է այն իրողութեան, որ ԱՄՆը այլեւս չի ունենալու Թուրքիայի կարիքը տարածաշրջանում, ինչը կարող է նպաստել Հայաստանին՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ տարածքային փոխհատուցման պահանջին: Սակայն հիմք ունենալով վերը քննարկուած իրողութիւնները, ակնյայտ է, որ ներկայում Միացեալ Նահանգների տեսանկիւնից հայերը «երրորդ կողմ» են հանդիսանում Արեւմտեան Հայաստանի համար պայքարում: ԱՄՆը, ելնելով իր քաղաքական եւ տնտեսական շահերից՝ հիմնականում քուրդերին է տեսնում պայքարի ճակատում, ոչ թէ հայերին: Այստեղ գալիս է ուժերի գերակշռութեան հարցը, թէ ո՞վ է յայտնուելու գերիշխող դիրքում՝ հայերը, թէ՞ քուրդերը:

Չպէտք է մոռանալ, որ քաղաքական աշխարհում չկայ վճռականօրէն հաստատուած որեւէ նախագիծ: Նախատեսուած քաղաքական ծրագրերը ժամանակի ու պայմանների համաձայն յաճախ ենթակայ են լինում փոփոխութիւնների, չնայած հիմքում մնում են նոյնը: Սա տալիս է մեզ հնարաւորութիւն փոխելու «Նոր Միջին Արեւելք»ի կերտման ընթացքը՝ գերուժ պետութիւններին համոզելով հաշուի առնել մեր ազգային շահերը: Սակայն եթէ Հայաստանի Հանրապետութիւնում տիրող քաղաքական, հասարակական եւ տնտեսական իրավիճակը շարունակուի նոյնութեամբ ինչպէս եղել է մինչ օրս, տարածաշրջանային աշխարհաքաղաքական խաղերի մէջ դժուար է մեզ տեսնել ազդեցիկ դիրքում: Իրականում այսօր երկիրը դարձել է զանազան քաղաքական խմբերի եւ դրանց կողքին՝ քաղաքատնտեսական մաֆիական խմբաւորումների ռազմաբեմը, որտեղ մէկը միւսին փորձում է չէզոքացնել՝ իր ձեռքում կենտրոնացնելով ողջ իշխանութիւնը: Այսօրուայ պայմաններում չկայ լուրջ քաղաքական կամք ու կատարեալ ծրագիր, որը ի նպաստ հայ բնակչութեան աճին, ծառայի Հայաստանում բնակչութիւն կենտրոնացնելու նպատակին: Այսօր բացակայում է երաշխաւորող համակարգը, որը պիտի ապահովի Հայաստանի Հանրապետութեան տարածքում օտարերկրեայ ներդրումները:

Սակայն ամենաազդեցիկ քայլը Արեւմտեան Հայաստանի համար պայքարում պէտք է վերցնի սփիւռքահայութիւնը՝ փոխելով միջազգային քաղաքականութեան ուղղութիւնը հայկական հարցի կապակցութեամբ: Խօսքը միայն չի գնում դէպի Հայաստան ուղղուած նիւթական, մարդասիրական կամ տնտեսական ներդրումների մասին, որոնք իհարկէ կը նպաստեն երկրի զարգացման, այլ՝ խօսքը գնում է նրա մասին, որ իւրաքանչիւր հայ համայնք հարկաւոր է, համախմբուելով Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գաղափարի ներքոյ մոբիլիզացնել (զօրաշարժի ենթարկել-Խմբ.) իր ամբողջ քաղաքական, հասարակական եւ տնտեսական միջոցները՝ տեղական իշխանութեան մարմինների աջակցութիւնը ապահովելու հայկական հարցի արդար լուծման պայքարում:

Այսօր կանգնած լինելով Մեծ Եղեռնի 96ամեակի շեմին՝ ապրում ենք Ցեղասպանութեան ճանաչումը չիրագործուած՝ հարիւրամեակ հասնելու մղձաւանջը: Հրատապ անհրաժեշտութիւն է զգացւում Թուրքիայի իշխանութեան պարտադրել՝ ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը: Այդ նպատակով հարկաւոր է լուրջ քայլեր վերցնել՝ ԱՄՆի եւ Եւրոպական պետութիւնների ճնշումները գործադրելու Թուրքիայի վրայ: Անհրաժեշտ է Հայոց Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչումը ԱՄՆի կողմից: Էական է հայ հասարակական բոլոր խաւերի մասնակցութիւնը սոյն պայքարին: Անչափ կարեւոր է հայ մտաւորականութեան դերը՝ հասարակութեան առաջնորդելու եւ զանազան քաղաքական խմբերին մի նպատակի շուրջ համախմբելու առումով: Պայքարը յաջողութեամբ չի պսակուի, եթէ հայ գործարարները, դրամատէրերը եւ մեծահարուստները չբերեն իրենց մասնակցութիւնը գործին:
  
Սոյն յօդւածը նաեւ հրատարակուել է Ցեղասպանութեան 96ամեակին նուիրուած «Ասպարէզ» օրաթերթի յատուկ համարում.

Wednesday, March 30, 2011

Վահիկ Փիրհամզէի «Ինձ հոգեբան պէտք չէ» կատակերգութիւնը Գլեդէյլում

Մեր համայնքում ճանաչուած կերպար է դարձել «Րաֆայէլ Քեռին», իսկ կերպարը կենդանացնողՎահիկ Փիրհամզէն՝ յաջողակ բեմադրիչ- դերասան: Հայ արւեսագէտը հեղինակել ու բեմադրել է զանազան կատակերգութիւններ, որտեղ հումորի լեզուով նա փորձել է հանդիսատեսին փոխանցել հասարակութեանը մտահոգող հարցերն ու ցաւերը՝ ձգտելով ծիծաղի օգնութեամբ բուժել այդ ցաւերը: 2010 թուականի աւարտին Վահիկ Փիրհամզէն հանդէս եկաւ «Ինձ հոգեբան պէտք չէ» կատակերգութեամբ: Այն բեմադրւեց եօթ անգամ, ինչը մեծ յաջողութիւն էր արուեստագետի համար: Իւրաքանչիւր ներկայացմանը՝ լեփ լեցուն դահլիճը ծափահարութեամբ ու խանդավառութեամբ գնահատեց ներկայացումը: Յիշատակելի է, որ սոյն թատերգութիւնը մօտ օրերին նորէն բեմադրւելու է:
Չնայած հանդիսատեսը ակնկալում էր սովորաբար տեսնել «Րաֆայէլ քեռուն» եւ «Համոյին» բեմահարթակում, սակայն այս անգամ ներկայացւած կերպարները սովորական դէմքեր էին համայնքի հասարակ խաւից: Ներկայացումը գլխաւորաբար կատարեցին Վահիկ Փիրհամզէն եւ Անահիտ Աւանեսեանը, սակայն կարճ դերերում նաեւ հանդէս եկան Անդիկ Խոսրաւեանը եւ Յակոբ Ռուբինեանը: Պիէսի հեղինակներն էին Վ. Փիրհամզէն եւ Յ. Ռուբինեանը: Թղթակցի հետ ունեցած հանդիպման ժամանակ Վ. Փիրհամզէն նշեց, որ Յ. Ռուբինեանի հետ իր համագործակցութիւնը վերադառնում է «Immigrants» հեռուստասերիային: Նա բացատրեց, որ միասին են հեղինակել «Ինձ հոգեբան պէտք չէ» պիէսը, որը զանազան վերանայումների ու փոփոխութիւնների արդիւնքում ստացել է ներկայ վերջնական կերպարը:
Պատմութեան դէպքերը ընդհանրապէս անցնում են մի հոգեբանի գրասենեակում, որտեղ բացակայում է ինքը՝ հոգեբանը: Սոյն գրասենեակում է, որ ներկայացման 90 րոպէներին գլխաւոր կերպարները (դերերում՝ Վ. Փիրհամզէն եւ Ա. Աւանեսեանը) երկխօսութեամբ, կամ վիճաբանութեամբ փորձում են կիսել իրենց անձնական խնդիրները, որոնք արմատաւորւած են ընտանեկան, ընկերական եւ բարեկամական յարաբերութիւններում: Նրանք քննարկում են իրենց անցեալը, ներկան ու ապագան: Ասես մերթ ընդ մերթ կերպարների միջեւ փոխւում են հոգեբանի, կամ աւելի ճիշտ՝ դատողի, եւ հիւանդի կամ դատուողի դերերը: Երկխօսութիւնը առիթ է ընծայում, որ երգիծանքի օգնութեամբ երեւան հանել ու վերլուծել հասարակութեան մէջ անցնող սովորական, բայց հիմնական խնդիրները, որոնք թունաւորում են մարդկային յարաբերութիւններն եւ թուլացնում ընտանեկան ու հասարակական կապերը: Անահիտ Աւանեսեանը թղթակցի հետ ունեցած հարցազրոյցի ժամանակ շեշտելով զոյգերի միջեւ հաղորդակցուելու կարեւորութեանը ամուսնական կեանքում՝ ամուսնութիւնը նմանեցրեց բաժակի, որը ժամանակ առ ժամանակ լցւում է խնդիրներով: Եթէ չփորձես հաղորդակցութեամբ եւ երկխօսութեամբ լուծել խնդիրները, պռնկէ-պռունկ կը լցուի այդ բաժակը: Սակայն հաղորդակցուելու համար հարկաւոր է փոխյարգանք, փոխընկալում եւ փոխհասկացողութիւնը, ինչը կարեւորում է Վահիկ Փիրհամզէն: Նա նշեց, որ այսօր մարդիկ փորձում են թելադրել իրենց կարծիքը, քան՝ հանդուրժողականութեամբ ունկնդրել խօսակցի տեսակէտները:

Այստեղ հանդիսատեսը չի ներկայանում միայն «հանդիսատեսի» դերում, այլ՝ հանդէս է գալիս որպէս ներկայացման հիմնական մասնակիցը, ուր մերթ՝ հոգեբանի դիրքում փորձում է լուռ վերլուծել իրեն հարազատ խնդիրները եւ մերթ՝ անկարող վերլուծելուց՝ փնտրում է իր հոգեբանին՝ իր խնդիրները բացայայտելու նրա մօտ: Ներկայացման ընթացքում անցնող խօսակցութիւնները յաճախ հարցականի տակ են դնում հասարակութեան մէջ առկայ գաղափարները: Մի տեղ հարց է տրւում. «խե՞լքն է աւելի շատ կարեւոր, թէ՞ սէրը, թէ՞փողը»: Մի այլ բաժնում քննարկւում է. «այն ինչ որ տեսնում ես, այն չէ որ կարծում ես»: Սրանք հանդիսատեսին մտածելու տեղիք են տալիս՝ քննարկելու հասարակութեան դառն իրականութիւնները, ինչպէս՝ բամբասանքն ու թերագնահատումը անձանց կամ դէպքերի նկատմամբ:
Չնայած կերպարները փորձում են բնորոշ կերպով տեսանելի դարձնել դիտարկւող թեմաները, սակայն հանդիսատեսին է մնում, իր դատողութեամբ քննարկել եւ մեկնաբանել հարցերը:
Յիշատակելիէ, որ յառաջիկայ ամիսներին ամերիկեան կինոյում ցուցադրւելու է վերջերս նկարահանւած «My Uncle Rafael» կինոնկարը: Այն ամերիկեան կատակերգութիւն է, որի հիմքում ընկած է հայկական մի կերպարի հարցերը: Ֆիլմը հեղինակել, բեմադրել եւ արտադրել են ոչ-հայ արուեստագէտներ: Ցենարը պատմում է ամերիկեան ըտանեկան կեանքի մասին, որտեղ Վահիկ Փիրհամզէն հանդէս է գալիս «Րաֆայէլ Քեռու» եւ «Համոյի» դերերում:

(Լուսանկարները տրամադրել է Վահիկ Փիրհամզէն:)
 
Նիւթը հրատարակւել է նաեւ «Օրակարգ» ամսաթերթում:

Գլենդէյլի Հանրային Գրադարանի Հայկական Բաժինը՝ հայ համայնքի ուշադրութեան արժանի

Այսօր Գլենդէյլի Հանրային գրադարանի զանազան մասնաճիւղերը՝ իրենց հայկական գրքերի հարուստ արխիւով իրենց տեղն են գտել համայնքի հայ ընթերցող խաւի մօտ: Այդ իմաստով կարեւոր նշանակութիւն ունի կենտրոնական գրադարանը (Հարուարդ պողոտայում), որտեղ առանձին բաժնում այցելուներին է տրամադրուել եօթ հազար հայկական գրքեր: Գրադարանի հայկական բաժանմունքում պահպանւում են հայոց գրականութեան, լեզուաբանութեան, հասարակագիտութեան, աշխարհագրութեան, պատմութեան եւ արւեստին առնչուող զանազան հայերէն ու անգլերէն, կենսագրական աշխատութիւններ ու հետազօտական արժէք ունեցող գրքեր, դրանց շարքում՝ բառարաններ եւ հանրագիտարաններ: Կենտրոնական գրադարանը եզակի է նաեւ ցեղասպանութեան յատկացուած հարուստ հաւաքածուով, ուր ներկայացուած 620 գրքերից՝ շուրջ 150-ը Հայոց Ցեղասպանութեան են նուրուած:
Գլենդէյլի հանրային գրադարանում հայկական գրքերի ու հայերէնի հետ կապուած աշխատանքների պատասխանատու՝ Էլիզաբէթ Գրիգորեանը իր տարիների գործունէութեամբ նշանակալի դեր է կատարել հայկական բաժանմունքի պահպաանման ու հարստացման ընթացքում: Գրադարանի վարչական կազմը միշտ նեցուկ է կանգնել սոյն բաժնի զարգացման գործին ու շարունակ երաշխաւորել է քաղաքի հայ համայնքին նպաստող ձեռնարկները, ինչը հաստատում է նաեւ Էլիզաbէթ Գրիգորեանը: Այսօր Քաղաքապետարանից Կենտրոնական գրադարնին յատկացուող տարեկան բուդջէում՝ նկատի է առնւում հայկական μաժինը: Նշանակուած գումարը յատկացւում է նոր գրքեր գնելու եւ ներկայ արխիւը պահպանելու գործին: Ըստ Էլիզաբէթին՝ գրադարանի առաքելութեան սկզբունքներից է՝ ծառայել քաղաքի բնակչութեան բոլոր խաւերին, մանաւանդ երբ նրանք նշանակալի տոկոս են կազմում:
Սակայն՝ հայկական բաժնի պահպանման ու զարգացման հարցում հիմնական գործը մնում է հայ ընթերցողին: Էլիզաբէթ Գրիգորեանի համաձայն՝ այցելուների աշխոյժ մասնակցութեամբ է հնարաւոր դառնում՝ շարունակականութեան մէջ տեսնել հայկական բաժնի զարգացումը: Այդ իմաստով այցելուների թիւը եւ փոխառած գրքերի քանակը որոշակի դեր է կատարում գրադարանի ընդհանուր ուղեգծի մշակման ու գործադրման հարցում: Հայ ընթերցողը յաճախ չէ, որ այցելում է գրադարան՝ հայկական արխիւը ուսումնասիրելու կամ ընթերցելու նպատակով: Պէտք է նշել, որ հայկական բաժնի՝ ի մասնաւորի Ցեղասպանութեան հաւաքածոյի այցելուների քանակը առաւելագոյնին է հասնում Մարտ եւ Ապրիլ ամիսներին (Հայոց Ցեղասպանութեան յիշատակման օրերին զուգահեռ), իսկ՝ նրանից յետոյ զգալիօրէն պակսում է:
Հայ ընթերցողի դերը չի կարելի սահմանել միայն գրադարանի հայկական առկայ արխիւի օգտագործման հարցում: Այս կապակցութեամբ կարեւոր նշանակութիւն ունի նաեւ միջգրադարանային փոխառութեան գործօնը: Այն պարագայում, երբ գրադարանի արխիւում պակասում են ինչոր աղբիւրներ, որոնք որոնելի են Գլենդէյլի կամ այլ քաղաքների միւս գրադարաններում՝ այցելուն կարող է պահանջել միջգրադարանային փոխառութեան կամ ILL (Interlibrary loan) ծառայութիւնը: ILL-ի շնորհիւ գրադարաններին րին հնարաւոր է դառնում փոխ առնել միմեանց գրքերը: Երբ գրադարանում պակասող որեւէ գիրք ILL-ով շարունակ փոխառւում է, դա նշանակում է, որ ընթերցողի կողմից դրա համար լուրջպահանջ կայ: Արդիւնքում հարկաւոր է դառնում՝ գնել ու արխիւում ներկայացնել պահանջուող գիրքը:
Արխիւի պակասը լրացնելու պահանջով՝ նաեւ այցելուն կարող է գրաւոր առաջադրանք ներկայացնել՝ յատուկ թերթիկներում նշանակելով պակասող աղբիւրների խորագիրը: Նոյն առաջադրանքով կարելի է գրադարանապետին տեղեակ պահել վերջերս հրատարակուած հատորներից:
Նշանակալից դեր է կատարում նաեւ զանազան անձանց եւ կազմակերպութիւնների կողմից կատարուած գրքերի գերապատւութիւնը, նամանաւանդ այն պարագայում, երբ նուիրւում են հնատիպ հատորներ կամ այլեւս չվերահրատարակուած գրքեր: Այս ուղղութեամբ Էլիզաբէթ Գրիգորեանը գնահատանքով է յիշում այն հայ հեղինակներին, որոնք իրենց գրչին պատկանող ստեղծագործութիւններից արժէքաւոր օրինակներ են նուիրում գրադարանին: Սակայն գրքի նուիրատուութեան գաղափարը արմատական չի դարձել հայերիս մէջ: Փաստը մնում է փաստ, որ այսպէս ճանաչուած՝ second hand գրախանութներում յաճախ կարելի է հանդիպել թանկարժէք հայկական գրքերի, որոնք հայ ընտանիքների կողմից չնչին գնով վաճառքի են յանձնուել: Էլիզաբէթ Գրիգորեանը այն անձանց, որոնք այլեւս հնարաւորութիւն կամ մտադրութիւն չունեն իրենց անձնական գրադարանը պահպանելու, առաջարկում է արխիւը նուիրել հանրային գրադարանին: Նա յիշեցնում է, որ գրադարանի համար արժէքաւոր են ամէն որակի հատորներ՝ անկախ նրանից, որ դրանք լինեն անմխիթար վիճակում, պակասէն ինչոր էջեր, կամ կազմը անմխիթար վիճակում լինի: Գրադարանը ունի նման հատորների նորոգման միջոց:
Էլիզաբէթ Գրիգորեանը հաւաստիացնում է, որ նուիրուած որեւէ հատոր անպայման տեղ է գտնելու գրադարանի շարքերում, սակայն յիշեցնում է, որ դրա համար ժամանակ է հարկաւոր, քանի որ ցուցակագրման աշխատանքը բաւականին երկար ընթացք է պահանջում: Նաեւ պէտք է նկատի առնել գրադարանի ընդհանուր քաղաքականութիւնը գրքերի ցուցակագրման հարցում, որի համաձայն՝ առաջնակարգ հերթում են գնած գրքերը, ոչ թէ նուիրուած հատորները: Ուստի անհաւանական չէ, եթէ նուիրատուութիւնից քանի ամիսներ յետոյ յաջողել տեսնել գրքերը գրադարանում: Նա աւելացնում է, որ նուիրատուները գրքեր նուիրելու համար նախապէս համադրեն գրադարանի հայկական բաժնի պատասխանատուի հետ, որը իրենց կուղեկցի պատկան պատասխանատուներին: Նոյնը առաջարկւում է, այն անձանց, որոնք կամենում են նիւթականով օժանդակել հայկական բաժնին:
Չպէտք է մոռանալ հայկական կազմակերպութիւնների ու միութիւնների դերը, որոնք իրենց աշխոյժ եւ եռանդուն մասնակցութեամբ օգտակար կարող են հանդիսանալ քաղաքի գրադարանների հայկական բաժնի զարգացման գործընթացին: Էլիզաբէթ Գրիգորեանը դրական է համարում նաեւ մամուլի եւ հեռուստատեսութեան դերը՝ գրադարանավարի խնդիրները արծարծելու գործում:

Նիւթը հրատարակւել է նաեւ «Օրակարգ» ամսաթերթում:

Գլենդէյլում մեծ շուքով տօնուեց Միասնութեան Փառատօնը

Հոկտեմբեր 10-ին, Գլենդէյլի Բրանդ պողոտայում, հազարաւոր քաղաքացիներ համախմբուած տօնեցին «Գլենդէյլի 9-րդ Տարեկան Միասնութեան Փառատօն»-ը (Glendale Unity Fest): Նախորդ տարիների համեմատութեամբ՝ աւելի մեծ շուքով տօնուեց փառատօնը:
Լեքզինգթըն պողոտայի մօտ կանգնեցուած բեմի վրայ զանազան գեղարուեստական խմբեր առիթ ունեցան հանդիսատեսին ներկայացնել իրենց պարարուեստն ու երգարուեստը: «Holy Family High School»-ի, «Scandia Dancers of Southern California»-ի, «Rosarito Beach Dance Group»-ի, «Northern Shaolim Kung Fu Association»-ի, «KOA Dance Federation»-ի, «Flamenco Ole!»-ի եւ «Tierra Blanca Dance Company»-ի մասնակցութեամբ՝ ժամանակակից պարերի կողքին ներկայացուեցին չինական, կորէական, սկանդինաւական, իսպանական, մեքսիքական եւ լատին ամերիկեան աւանդական պարեր:

Հայկական պարարուեստի եզակի ներկայացուցիչի հանգամանքով հանդէս եկաւ «Ջանբազեան» պարի ակադեմիան: Հայկական երաժշտութեան ներքոյ բեմահարթակ ելած պարողները հանդիսատեսի բուռն ծափողջոյններին եւ բարձր գնահատանքին արժանացան: Յիշատակելի է, որ այս ակադեմիան հիմնադրւել է 1941 թուականին Իրանում վաստակաշատ արուեստագէտ Անահիտ Ջանբազեանի ջանքերով: Փոխադրուելով Միացեալ Նահանգներ՝ 1988 թուականին Անահիտը վերահիմնադրում է ակադեմիան Քալիֆորնիայում: Հայ պարարուեստի եզակի ուսսուցչուհին իր տարիների գործունէութեամբ արժանացել է միջազգային բարձր գնահատանքի ու շահել համաշխարհային զանազան մրցանակներ:

Երաժշտական բաժնում հանդիսատեսի ուշադրութեան արժանացան «Glendale High School»-ի կամերային երգչախմբի, «Banna Beag Mall» խմբի եւ աֆրիկեան աւանդական թմբկահարութեամբ հանդէս եկած «Ayo and The Spirit»-ի կատարումները: Միջոցառման նաեւ ներկայացուեցին արեւելեան մարտարուեստի նմուշներ:
Յիշատակելի է, որ յատուկ հիւրի հանգամանքով ներկայացաւ հեռուստատեսային աստղ՝ Մարիօ Լոփեզը: Մ. Լոփեզը 2008 թուականից սկսեալ վարում է հանրութեան ծանօթ՝ «Extra» հեռուստատեսային լրատուական ծրագիրը: Նա նաեւ ներկայացել է «America's Best Dance Crew» եւ «Dancing with the Stars» հեռուստատեսային հաղորդումներում:

Այցելուների յատուկ հետաքրքրութեան արժանացաւ «Polish winged hussars»-ի տաղաւարում լեհական 17-րդ դարի ասպետների տարազով եւ զինամթերքով հանդէս եկած «Suligowskis Regiment of Sobieskis Command»-ի խումբը: Խումբը, որի նպատակն է բարձրացնել հասարակութեան տեղեկութիւնները Լեհաստանի պատմութեան եւ մշակոյթի նկատմամբ, հիմնադրուել է 2000 թուականին նախկին ռոք երգարուեստի աստղ Ռիք Ֆաքսի միջոցով: Ռ. Ֆաքսը անդրադառնալով հայ-լեհական դարաւոր բարեկամութեանը՝ թղթակիցին պատմեց, թէ ինչպէս Սոբիսքին (Sobieski) եւ նրա հեծելազօրը պաշտպանել են ամբողջ Եւրոպան Օսմանեան Կայսրութեան ոտնձգութիւնից ու հետեւաբար փրկել հազարաւոր հայերի կեանքը, որոնք ապաստան էին գտել Լեհաստանի թագաւորութեան սահմաններում: Նա աւելացրեց, որ այն պայմաններում, երբ Եւրոպան տառապում էր կրօնական հալածանքներից, Լեհաստանում զանազան դաւանանքներ վայելում էին գոյակցելու եւ բարգաւաճելու ազատութիւնը:Հայերը եւս այդ երկրում ապրում էին նոյն ազատութիւնը:
Գլենդէյլի 9-րդ Միասնականութեան փառատօնի հովանաւորների շարքում էին հայկական կազմակերպութիւնները, ինչպէս՝ Գլենդէյլի Հայ Դատի Յանձնախումբը, Գլենդէյլ-Կապան Քոյր Քաղաքների Միութիւնը, «Ասպարէզ» պարբերաթերթերը եւ «Հորիզոն» Հեռուստաընկերութիւնը: Հովանաւորողների շարքին էր նաեւ «Օրակարգ» պարբերաթերթը, սակայն պատասխանատուների անուշադրութեան պատճառով անունը չէր նշուել յայտագրի մէջ:

Տաղաւարների միջոցով փառատօնի մասնակիցները առիթ ունեցան տեղեկանալ տարբեր կազմակերպութիւնների, այդ շարքում Գլենդէյլ-Կապան Քոյր Քաղաքների Միութեան եւ Հայ Դատի Յանձնախմբերի գործունէութեան ու ծրագրերի հետ:

Գլենդէյլ-Կապան Քոյր Քաղաքների Միութեան նախագահ Խաչիկ Խալաթեանը կարեւոր է համարում նման ձեռնարկների կազմակերպումը, քանի որ նրանք հնարաւորութիւն են տալիս, ոչ միայն հայ համայնքին, այլ՝ քաղաքի բոլոր ազգային ներկայացուցիչներին ծանօթանալու միութեան առաքելութեան եւ գործունէութեան հետ: Սակայն Խ. Խալաթեանի գնահատումով աշխոյժ չէ հայերի մասնակցութիւնը, բացատրելով, որ հիմնականում ոչ-հայ մասնակիցներն են մօտենում ու հարցեր տալիս: Նրա տեսակէտից պատճառը կարելի է փնտրել երկու հարցում՝ կամ հայերը անտեղեակ են մնում նման միջոցառումներից, կամ ընդհանրապէս չեն հետաքրքրւում նման հարցերով: Նա յիշելով միութեան բարեգործական առաքելութիւնը՝ շեշտում է, որ ազգութեամբ եւ մշակոյթով տարբեր անձեր սատար են կանգնում միութեանը: Գլենդէյլ-Կապան Քոյր Քաղաքների միութիւնը ամէն տարի մասնակցել է «Unity Fest»-ին:

«Համազգային»-ի շրջանային վարչութիւնից՝ Մանիշակ Մարգարեանը եւս ներկայ էր միջոցառմանը: Նրա տեսանկիւնից «Unity Fest»-ը լաւ առիթ է ընծայում հայերիս՝ Գլենդէյլի ոչ-հայ բնակչութեանը ներկայացնելու մեր գաղութն ու մշակոյթը: Մ. Մարգարեանը համոզուած է, որ Գլենդէյլի զանազան մշակութային խմբերի միջեւ բարեկամական կապերը ջերմացնելու նպատակով հարկաւոր է մասնակցել նման միջոցառումներին ու կապեր հաստատել բոլորի հետ: Նա ակնկալում է, որ յաջորդ տարիներին աւելի աշխոյժ լինի հայերի մասնակցութիւնը «Unity Fest»-ին: Այդ ուղղութեամբ նա էական է համարում հայկական մամուլի դերը:

Հայ Դատի Յանձնախումբի տաղաւարում հայ կամաւոր պատանիների շարքին, Արթուր Քարաջանը եւս յանձնախումբի գործունէութեան եւ աշխատանքների մասին տեղեկացնում է այցելուներին: Արթուրի կարծիքով փառատօնը նպաստում է վերացնել թշնամանքն ու ատելութիւնը քաղաքի բազմազգ բնակիչների միջեւ՝ միմեանց մօտեցնելով նրանց: 18-ամեայ Ջենի Կարապետեանը ողջունելի է համարում քաղաքի զանազան մշակոյթների ներկայացուցիչների մասնակցութիւնը: 16-ամեայ Անի Նազարեանը անդրադառնալով համայնքի բազմազանութեան հարցին՝ բացատրում է, որ միջոցառումը հասարակութեան առիթ է տալիս աւելի ծանօթանալ Հայ Դատի Յանձնախումբի հետ: Այդ կապակցութեամբ նա յայտնում է, որ հայերի կողքին՝ բաւականին ոչ-հայ այցելուներ են մօտեցել ու հետաքրքրուել յանձնախումբի մասին:

Փառատօնին մասնակիցները առիթն ունեցան ճաշակելու միջազգային խոհանոցի ճաշատեսակներ եւ ուտեստեղէններ, որոնք մատակարարւում էին յատկացուած տաղաւարներում: Նաեւ վաճառւում էին բոյսեր, ծաղիկներ, պտղատեսակներ եւ այլ գիւղատնտեսական արտադրանքներ նաեւ՝ զանազան մշակոյթների գեղարուեստական ձեռարուեստի արտադրանքներ: Մանուկների համար յատկացուած խաղավայրում նախատեսուած էին հետաքրքրական ու զուարճալի ծրագրեր: Ցանկացողները նաեւ կարող էին փոնի ձիեր հեծնել:


Նիւթը հրատարակւել է նաեւ «Օրակարգ» ամսաթերթում:




Միջոցառում՝ նուիրուած Գլենդէյլի Ոստիկանութեան K9 միաւորին


Հոկտեմբերեան մի գեղեցիկ Շաբաթ օր Գլենդէյլի Վերդուգօ Զբօսայգում տեղի ունեցաւ «Գլենդէյլի K9-ները զբօսայգում» (Glendale K-9s in the Park) երկրորդ տարեկան միջոցառումը: Սոյն ձեռնարկը, մի շարք այլ դրամահաւաք միջոցառումների հետ միասին, կազմակերպուել էր՝ նիւթական աղբիւրներ հայթայթելու Գլենդէյլի Ոստիկանութեան K-9 բաժնի համար, որի գործունէութեան շարունակականութիւնը կախում ունի համայնքից եկած նուիրատուութիւնից: Գոյացած գումարի մի մասը նախատեսւում է յատկացնել տարիք առած ներկայ շուներին փոխարինելու նորերի հետ: Հաշուի առնելով, որ ամէն մէկ շան գնելու եւ նրան մարզելու ծախսը 25,000 դոլար է, սոյն նպատակը իրագործելու համար պահանջւում է շուրջ հարիւր հազար դոլար: Յիշեալ ծրագիրը իրականացուելու է յաջորդ երկու-երեք տարիներում:
Ներկայիս ստորաբաժինը ունի չորս Ջերման Շեփըրդ խուզարկու շներ, որոնք մարզուած են հսկողական շրջագայութիւն կատարելու (patrol), կասկածեալներին հետախուզելու, անհետ կորած անձանց փնտրելու եւ թմրանիւթեր ու պայթուցիկ նիւթեր բացայայտելու գործում:
Սոյն միջոցառումը կազմակերպուել էր Գլենդէյլի Քաղաքապետարանի Գործավարի Գրասենեակի, Գլենդէյլի Ոստիկանութեան Հիմնադրամի, K-9 ստորաբաժնի եւ Զբօսայգիների ու Համայնքային Ծառայութիւնների բաժանմունքների նախաձեռնութեամբ: Ծրագիրը հովանաւորում էին զանազան ընկերութիւններ ու հաստատութիւններ: Հովանաւորների եւ մանրավաճառների մասնակցութիւնը կարեւոր դեր էր խաղում հասարակութեան ներգրաւելու եւ K-9 ստորաբաժնի ֆինանսաւորման համար աղբիւրներ հայթայթելուգործում:
Նկատելի էր ընտանի կենդանիների սիրահարների խուռներամ մասնակցութիւնը, որոնք ժամանել էին Գլենդէյլից եւ մօտակայ շրջաններից՝ զուարճանալու եւ վայելելու նախատեսուած ծրագրերը: Այս տարի հասարակութիւնը աւելի մեծ մասնակցութիւն էր բերել միջոցառման: Յիշատակելի է, որ անցեալ տարի 5,000-ից աւել այցելուներ էին մասնակցել այս ձեռնարկին:
Ծրագրի յատուկ բաժնում Գլենդէյլի K-9 ստորաբաժնի խուզարկու շները ներկայացրեցին իրենց ճկունութիւնը, արագութիւնը, կարողութիւնն ու հմտութիւնը՝ քրէական կասկածեալներին հետեւելու եւ չէզոքացնելու գործում: Նկատելի էր, որ ինչպէս խուզարկու շները ենթարկւում էին իրենց մարզիչների հրամաններին: Ներկայացումը ստեղծելով մեծ խանդավառութիւն հանդիսատեսի մօտ՝ նրա բարձր ծափահարութեանը արժանացաւ:
Յատկացուած տաղաւարներում կենդանիներին մատուցւում էին յատուկ ծառայութիւններ կամ վաճառւում նրանց վերաբերող պիտոյքներ: Կենդանիների բժշկական ստուգումների եւ որոշ քննութիւնների կողքին՝ մատչելի գնով կենդանիների պատուաստման սպասարկում էր մատուցւում, որը ինչպէս նախորդ տարին ընդառաջեցին կենդանատէրերը: Նաեւ դիմողներին հնարաւորութիւն էր տրւում ընդունելու տնային կենդանիներ (pet adoption): Նախատեսուել էին դասարաններ կենդանիների բուժօգնութեան (pet first-aid) թեմայով: Մատուցւում էին ծառայութիւններ շների եւ կատուների արտօնագրերի (licensing) կապակցութեամբ: Կազմակրպուել էին զուարճալի մրցոյթներ՝ տնային կենդանիների մասնակցութեամբ:
Այցելուների մօտ մեծ հետաքրքրութիւն էր առաջացրել ցուցադրուած՝ Գլենդէյլի շրջակայքում ապրող վայրի կենդանիների արձանիկները: Այցելուներին հնարաւորութիւն էր տրւում մօտիկից շօշափել զանազան վայրի կենդանիների մաշկը: Նախատեսուած էր նաեւ կենդանի երաժշտութիւն, ուտեստեղէնի մատակարարում, վիճակախաղեր եւ մանկական յատուկ ծրագրեր:

Այս նիւթը հրատարակւել է նաեւ «Օրակարգ» ամսաթերթում:

 

Thursday, August 12, 2010

Լուսանկարիչ-Լրագրող, Պատուոյ Փրոֆեսոր, Համաշխարհային Մրցոյթների Դափնեկիր Ռաֆայէլ Համբարձումեանի Հետ

Միացեալ Նահանգների Պրոֆեսիոնալ Լուսանկարիչների Միութեան անդամ եւ միջազգային լուսանկարչական մրցոյթների դափնեկիր՝ հայ անուանի լուսանկարիչ-թղթակից՝ Ռաֆայէլ Համբարձումեանը իր 65-ամեայ ստեղծագործական գործունէութեամբ՝ հասցրել է բարձր անուն վաստակել հայկական ու միջազգային գեղարուեստական եւ լրատուական լուսանկարչութեան շրջանակներում: Նրա դիմանկարներում անմահացել են հայոց հանճարները, իսկ բնապատկերներում յաւերժացել է Հայաստանի բնութեան գեղեցկութիւնը: Նրա վաւերագրական նկարներում հաւաստագրուել են հայ կեանքի պայծառ ու դժգոյն պահերը:

Ռաֆայէլ Համբարձումեանի հետ հեղինակի հանդիպումը կայացաւ նրա բնակարանում: Այն իսկական տունթանգարան է, որտեղ պատերին փակցուած պատկերներն ու գնահատագրերը վկայում են վարպետի աւելի քան վեց տասնամեակների ստեղծագործական գործունէութեան մասին: Հրճուանքով ես թերթում հայ հանճարի բացառիկ աշխատանքների ալբոմը ու հիացմունքով կանգ առնում իւրաքանչիւր նկարի վրայ:

Դէմքերի լուսանկարումը եղել է նրա գործունէութեան կարեւորագոյն բաժինը: Նկարահանել է բազմաթիւ հայ անուանի դէմքեր, որոնք ինչպէս ինքը լուսանկարիչն է նշում՝ «Յաւերժի ճամբորդներ» գրքում, «աշխարհին տուել են հրաշալի կոթողներ, երաժշտութիւն, կտաւներ, գիտութիւն, արւեստ եւ դրան զուգահեռ այնպիսի տարածքներ, որտեղ մարդն առաջին անգամ ոտք դրեց»: Այդ անձանց շարքին կարելի է յիշել՝ Արամ Խաչատրեանին, Մարտիրոս Սարեանին, Երուանդ Քոչարին, Գուրգէն Ջանիբէկեանին, Յովհաննէս Շիրազին, Վիկտոր Համբարձումեանին, Վահրամ Փափազեանին, Հրաչեայ Ներսիսեանին, Օհան Դուրեանին, Վիլեամ Սարոյանին, Շառլ Ազնաւուրին եւ բազում այլ հանճարներին: Կերտած ամէն մի դիմանկար, լոյսի ու ստուերիներ դաշնակութեան եւ համապատասխան կադրի ընտրելու շնորհիւ՝ ոչ միայն մանրամասնօրէն բնութագրում է նկարում յայտնուած անձի դէմքի գծագրութիւնը, այլ ցայտուն կերպով արտացոլում է նրա տաղանդն ու անհատական առանձնայատկութիւնները, ասես՝ խօսում է նկարահանուած անձի կենսագրականի ու գործունէութեան մասին:

Հայ վաստակաւոր նկարիչի արխիւը հարուստ է հայոց լեռնաշխարհի բնական գեղեցկութիւնը նկարագրող լուսանկարներով: Ինչու չէ նաեւ յատուկ տեղ են գտել հայ ճարտարապետների կերտած պատմական ու ժամանակակից սքանչելի կոթողները: Դիտելով իւրաքանչիւր նկար՝ ակամայ հարցնում ես, թէ ի՞նչպէս կարելի է մի լուսանկարում յաւէրժացնել բնութիւնը՝ իր ներդաշնակ գոյներով ու գեղեցկութեամբ, կամ ճարտարութեամբ կառուցուած շինութիւնը՝ իր բոլոր մանրամասնութեամբ ու նրբութիւններով: Հանճարեղ նկարիչ՝ Գրիգոր Խանջեանը անուանի լուսանկարչին նուիրած յօդուածում գրում է. «Համբարձումեանի դիմանկարները կառուցուած են խօսուն աչքերի արտայայտչականութեան վրայ, դրանցից լաւագոյնը՝ «Վիրաբուժը», լուսանկարչին լայն ճանաչում բերեց ո՛չ միայն մեր երկրում»:

Ռաֆայէլ Համբարձումեանի ստեղծագործութիւնները գեղարուեստական պարզ օրինակներ են, ուր լուսանկարչութիւնը դառնում է արուեստ: Ռուս անուանի գրող եւ արուեստաբան Եուրի Նագիբին ասում է. «Առ այսօր սիրում են գեղանկարչութիւնը լուսանկարչութեանը հակադրել՝ ասելով, թէ գեղանկարչութիւնը կեանքի գեղանկարչական պատկերումն է, իսկ լուսանկարչութիւնը՝ անհոգի ընդօրինակում: Որքա՜ն սխալ եւ որքա՜ն ծերացած կարծիք: Կատարեալ լուսանկարը կեանքի նոյնպիսի վերացոլումն է, ինչպէս եւ արւեստի միւս տեսակները՝ գեղանկարը, երաժշտութիւնը, պոէզիան: Ռաֆայէլ Համբարձումեանի հրաշալի լուսանկարչութիւնը սրա լաւագոյն ապացոյցն է ... (մէջբերումը՝ «Slide» ամսագրից): Գրիգոր Խանջեանը Ռ. Համբարձումեանի հասցէին գրում է. «Եթէ գեղանկարչութեանը բնորոշն են հաստատումն ու աւարտուն միտքը ընդհանրացուած փիլիսոփայութեամբ, ապա լուսանկարչութեանը յատուկ է պահի տիպական, երբեմն անորսալի տրամադրութիւնը, տեղի եւ ժամանակի փաստայնութիւնը: Տեսնել, որսալ եւ յաւէրժացնել այս ամէնը բնական հնչեղութեամբ, չափազանց դժուար է, իսկ եթէ այն իրագործւում է լաւ կամ գերազանց, ուրեմն կատարողն արուեստագէտ է... Ռաֆայէլ Համբարձումեանին ես այսպիսի արուեստագէտ ու վարպետ եմ համարում»:

Ռաֆայէլ Համբարձումեանի լուսանկարները ինքնատիպ են: Հայ լուսանկարիչը պատմում է, թէ ինչպէս «Երեկոյեան Երեւան» օրաթերթում աշխատանքային տարիներին՝ այլ պարբերականների լուսանկարիչները ընդօրինակում էին իր աշխատանքները: Պէտք է նշել, որ ԽՍՀՄ-ի օրօք հրատարակուեց Սովետական Միութեան լաւագոյն լուսանկարների ալբոմը, իւրաքանչիւր լուսանկարիչից մէկական լուսանկարով ուր Հայաստանից ներկայացուած էր միայն Ռաֆայէլ Համբարձումեանի աշխատանքը: Հայ նկարիչը բացայայտելով վաստակած իր յաջողութեան գաղտնիքը՝ անչափ կարեւոր է համարում ճաշակի հարցը: Նա շեշտում է, որ նկարահանումը պէտք է կատարել գեղարուեստական ոճով: Նկարը չպէտք է «շաբլոն» լինի:

Վաստակաւոր նկարիչը պատանի տարիքում է ծանօթացել լուսանկարչութեան հետ, երբ կորցրած լինելով ծնողներին՝ իր եւ կրտսեր եղբօր կարիքները հոգալու համար ստիպուած էր աշխատել: Նա 1946 թուականից սկսեալ՝ հինգ տարիներ շարունակ աշխատում է Գերմանիայում լուսանկարչութեան բարձրագոյն գեղարուեստական ինստիտուտ աւարտած Թորգոմ Բոյաջեանի աշխատանոցում՝ նրանից սովորելով լուսանկարչութեան գաղտնիքները: Ռաֆայէլ Համբարձումեանը յարգանքով է յիշում իր վարպետին՝ կրկնելով նրա խրատը. «Ռաֆի՛կ ես չեմ ուզել տեղի փինաչիների նման նկարիչ դառնաս: Դու իմ աշակերտն ես եւ իմ նման մարդ պէտք է դառնաս, բծախնդիր պէտք է լինես...»: Նա պատմում է, երբ մրցոյթին ներկայացրած լուսանկարը առաջին անգամ արծաթէ մեդալ շահեց, իր վարպետը գոհունակութիւն յայտնելով՝ համբուրեց իր ճակատը: Այսպիսով իր տաղանդի եւ վարպետից վաստակած գիտելիքների շնորհիւ՝ Ռ. Համբարձումեանը 1956 թուականին որպէս լուսանկարիչ-թղթակից (photojournalist) աշխատանքի է անցնում «Երեկոյեան Երեւան» օրաթերթում, ուր անց է կացնում իր գործունէութեան տարիների ամենաերկար բաժինը: Արուեստագէտի լուսանկարները տեղ են գտել նաեւ զանազան գրքերի, օրացոյցների ու պարբերականների, ինչպէս՝ «Սովետական Հայաստան» եւ «Արւեստ» ամսագրերի, էջերում եւ շապիկների վրայ:

Միջազգային հռչակի արժանացած Ռաֆայէլ Համբարձումեանի լուսանկարները զարդարել են 100-ից աւել անհատական եւ խմբական ցուցահանդէսներ, աշխարհի զանազան երկրներում: Նա մասնակցել է բազմաթիւ մրցոյթների, արժանանալով տասնեակ պատուոյ գրերի, դիպլոմների, շքանշանների եւ մեդալների: 1959 թուականին Մոսկուայում կազմակերպուած համամիութենական լուսանկարչական մրցոյթին տաղանդաւոր նկարիչը արժանանում է երկրորդ կարգի դիպլոմի: Համաշխարհային ճանաչում գտած «Վիրահատութիւնից յետոյ» լուսանկարչական աշխատանքը տարիներ շարունակ գնահատանքի է արժանացել մասնագիտական լուսանկարչութեան միջազգային շրջանակների կողմից: Ստեղծագործութիւնը շահել է բազմաթիւ մրցանակներ ու տպագրուել բազում թերթերում եւ ամսագրերում: «Վիրահատութիւնից յետոյ» լուսանկարը 1967 թուին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետութիւնում 84 երկրների միջեւ կազմակերպուած միջազգային լուսանկարչական մրցոյթին շահեց արծաթէ մեդալ եւ դիպլոմ: 1974 թուականին Անդրկովկասեան լուսանկարիչների մրցոյթին Ռ. Համբարձումեանը շահեց առաջին եւ երկրորդ կարգի դիպլոմներ: 1976 թուականին Սովետական Միութեան Ներքին Գործերի Նախարարութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած փառատօնին ստացել է պատուոյ մեդալ: Նոյն տարի «Իզուեստիա» թերթի կազմակերպած մրցոյթին արժանանում է առաջին կարգի դիպլոմի: Ապա 1977-ին Մոսկուայի Համամիութենական լուսանկարչական մրցոյթին պարգեւատրւում է առաջին կարգի դիպլոմով, իսկ 1978-ին «Սովետական Հայաստան» ամսագրի լուսանկարչական մրցոյթին շահում է երկու առաջին մրցանակները: Ռաֆայէլ Համբարձումեանը նաեւ հրապարակել է 30-ից աւել գրքեր եւ պլակատներ եւ օրացոյցներ:

Տասնամեակից աւել է, որ Ռաֆայէլ Համբարձումեանը ապրում է Լոս Անջելըսում եւ շարունակում է իր գեղարուեստական գործունէութիւնը: Ռաֆայէլ Համբարձումեանի լուսանկարները եզակի միջոց են հանդիսացել՝ ամերիկեան համայնքին ներկայացնելու Հայաստանն ու հայի կերպարը: Նրա աշխատանքները ցուցադրուել են Ամերիկայում կազմակերպուած զանազան ցուցահանդէսներին ու արժանացել բարձր գնահատանքի: 2002 թուականին Փասադինայի ցուցահանդէսին ներկայացուած նրա լուսանկարները շահեցին լաւագոյն միաւորներ: Կրկին, 2003 թուականին նոյն քաղաքում անց կացուող լուսանկարչական մրցոյթին բարձր գնահատանքի արժանացան նկարչի ցուցադրուած լուսանկարները: 2003 թուականին ԱՄՆ-ի Արհեստավարժ Լուսանկարիչների Միութեան (Professional Photographers of American - PPA) նախաձեռնութեամբ Վաշինգթընում կազմակերպուած լուսանկարչական ցուցահանդէսին մասնակցեցին «Վիրահատութիւնից յետոյ», «Յովհաննէս Շիրազ» եւ «Ձմեռային Հանդիպում» աշխատանքները, որոնք շահեցին լաւագոյն միաւորները: Այսպիսով բարձր գնահատուելով PPA-ի կողմից՝ Ռ. Համբարձումեանը դառնում է նշեալ միութեան պաշտօնական անդամը: 2003 թուականին «Վիրահատութիւնից յետոյ» աշխատանքի համար նա շահում է առաջին մրցանակը Լաս Վեգասում PPA-ի կազմակերպած լաւագոյն լուսանկարիչների ցուցահանդէս մրցոյթին: Յիշատակելի է, որ Ռ. Համբարձումեանի 75 ամեակի առիթով 2007 թ. Բոստոնում կազմակերպուեց անհատական ցուցահանդէս: Նախաձեռնութիւնը լայն արձագանգ գտաւ տեղական մամուլում, այնպէս որ «Metrowest Weekend»-ը երկու էջերով ներկայացրեց հայ վարպետի գործերը: 2008 թուականին «Մաշտոց» Քոլեջի նախաձեռնութեամբ՝ Գլենդէյլի Հանրային գրադարանում ցուցադրուեցին Ռաֆայէլ Համբարձումեանի 250 գործերը, որտեղ իր 65 տարիների գեղարուեստական վաստակը գնահատուելով արժանացաւ լուսանկարչական արուեստի պատուաւոր փրոֆեսորի կոչումին եւ իր դիպլոմը ստացաւ Մաշտոց Քոլեջի տնօրէն Կարպիս Տ. Եղիայեանից:

Այս տարուայ Յունիս 21-ին Հայաստանի գրողների միութիւնում կայացաւ Ռաֆայէլ Համբարձումեանի անհատական ցուցահանդէսը, որտեղ հին լուսանկարների կողքին ներկայացուեցին լուսանկարիչի վերջին այցի 20 օրերի ընթացքում Հայաստանում նկարահանուած կադրերը: Լուսանկարիչը 5 տարուայ դադարից յետոյ առաջին անգամ էր Հայաստանում, ուր ներկայացնում էր իր աչքերով վերափոխուած Երեւանը, ինչպէս նաեւ Հայաստանի տարբեր տեսարժան վայրերը: Ներկայացուած աշխատանքների շարքում էին տեղ գտել զանազան կադրեր բնութիւնից, քաղաքի տեսարաններից, մշակութային եւ քաղաքական յայտնի դէմքերից, վերջին տարիներին բացուած խաղատներից եւ Հանրապետութեան Հրապարակից: Ցուցահանդէսին ներկայացուեց իր 31-րդ գիրքը՝ «Յաւերժի Ճամբորդները»: Ելոյթ ունեցան Հայաստանի գրողների միութեան նախագահ՝ Լեւոն Անանեանը՝ հաստատելով, որ շուրջ 65 տարիներ Ռ. Համբարձումեանը իր արւեստով ներկայացրել է մեր երկիրը ամբողջ աշխարհին: Իսկ ՀԳՄ-ի քարտուղար Յովհաննէս Գրիգորեանը, իր հերթին նշեց թէ. «Երբ լուսանկարիչն ունենում է արուեստագէտի աչք, ապա լուսանկարչական օպյեկտիւը վեր է ածւում վրձնի»: Ելոյթ ունեցաւ նաեւ Փարաջանովի տուն թանգարանի տնօրէն՝ Զաւէն Սարգսեանը: Ներկայ էին բազմաթիւ մտաւորականներ եւ արուեստագէտներ, նրանց շարքում Երեւան քաղաքի նախկին գլխաւոր ճարտարապետ՝ Ջիմ Թորոսեանը:

Նիւթը նաեւ հրատարակւել է «Օրակարգ» ամսաթերթում:

Wednesday, August 11, 2010

Հանդիպում «Նոր Հայաստան» օրաթերթի խմբագիր՝ Վահան Վահանեանի հետ

Ներկայացրէք ձեր կենսագրականն ու գործունէութիւնը:

Ծնուել եմ 1939 թուականին Բէյրութում: Ֆրանսական ուսում եմ ստացել: 1958 թուականից ի վեր զբաղուել եմ լրագրութեամբ: Այսինքն քսան տարեկան չէի, եnμ սկսեցի լրագրութիւնը: Բէյրութում համագործակցել եմ ֆրանսական ու հայկական մամուլին: Հրատարակել եմ «Նոր կեանք» շաբաթաթերթը: Տէրը ուրիշն էր, բայց ես էլ բաժնետէր էի: 1978-ին փոխադրուելով Ամերիկա, հիմնեցի «Նոր Կեանք» թերթը: Երեք տարի յետոյ բաժինս վաճառեցի Գրիգոր Շէնեանին: Չորս տարի զբաղուեցի հեռուստատեսութեամբ՝ Սարգիս Մուրադեանի հետ: Ապա հիմնեցի «Նոր Հայաստան»-ը: 1992 թուականի Յունուարի 15-ին լոյս տեսաւ թերթի առաջին համարը: Համարեա քսան տարի է, որ «Նոր Հայաստան»-ը ամէն օր տպագրւում եւ անվճար բաժանւում է ութ հազար տպաքանակով:

Նոր սերունդի մօտ զգալիօրէն իջել է հայերէնի իմացութեան մակարդակը: Իսկ՝ ազգային հարցերի ոլորտում համարեա անտարբերութեան մթնոլորտ է տիրում: Ինչպէ՞ս էք գնահատում Ամերիկայի հայալեզու մամուլի ապագան:

Հաստատում եմ այն: Մեր սրտի տրոփումներ զօրանում են, ամէն անգամ երբ այս նիւթի մասին խօսում ենք: Ես, որ ընտանիքով հայախօս եմ, բոլոր զաւակներս հայախօս են, ասենք եթէ հինգ տարբեր թերթեր եմ տանում տուն, որոնցից միայն մէկը անգլերէն է, նախ ընթերցւում է անգլերէնը, ապա հայերէնները: Պատճառը կը բացատրեն նրանով, որ անգլերէնը աւելի դիւրին է ու հասկանալի: Դժուար կացութեան մէջ է մեր հայալեզու մամուլը: Ոչ միայն մամուլի, այլ՝ հայալեզու ընթերցանութեան, հայալեզու հաղորդակցութեան ու նաեւ հայալեզու դպրոցների կապակցութեամբ դժուար կացութեան մէջ ենք գտնւում, որովհետեւ վերջ ի վերջոյ հարց են տալիս, թէ ապագայում ինչի՞ պէտք է ծառայի հայերէնը: Սա փոթորկալից հարցում է: Կը արտայայտուեն, թէ նախընտրում են իրենց զաւակը օտարալեզու դպրոց յաճախի, որպէսզի օտար լեզուին տիրապետի, դիրք շինի ու կարողանայ Ամերիկայում ամէն տեղ մուտք գործի: Սա անշուշտ մեծ հոգս է պատճառում: Լուծո՞ւմ, կարծեմ չկայ: Լուծումը միայն վերադարձն է դէպի երկիր: Մեր գաղթօջախները աւելի հայ էին: Սակայն՝ վերադարձ հնարաւոր չէ: Ուրեմն յուսահատական է մեր վիճակը: Որտե՞ղ պիտի հասնենք, չգիտեմ:

Ուրեմն իրավիճակից դուրս գալու համար որեւէ ելք չկա՞յ:

Եթէ կայ, ցոյց տուէք: Այստեղ պէտք է գնահատել մեր կուսակցութիւններին ու եկեղեցիներին, որոնք տակաւին սիրտը ունեն՝ հայապահպանման գոյապայքար տանելու եւ հաւատալու, որ պէտք է մնանք: Որքա՞ն պէտք է գոյատտեւենք: Աղջիկս ամուսնացած է եւ ունի երէք զաւակներ: Ինքը եւ ամուսինը հայախօս են: Երկու անդրանիկ զաւակները եւս հայախօս են, սակայն երրորդ տղան, որը ութ տարեկան է, չգիտես որտեղից բերել է անգլերէն խօսելու հիւանդութիւնը, այնպէս որ իր հետ հայերէն խօսելու պարագային պատասխանում է անգլերէնով: Սա տալիս եմ իբրեւ մի օրինակ, որը մաշկիս վրայ եմ զգացել: Ամէն տան մէջ կան նմանատիպ փոթորիկներ: Ո՞ւր է յոյսը: Ես ժխտական մարդ չեմ, բնաւորութեամբ լաւատես եմ, սակայն սա է իրականութիւնը:

Ամերիկահայ թերթերը իրենց ֆինանսական խնդիրները լուծելու եւ գովազդային աղբիւրներ ապահովելու հարցում լուրջ դժուարութիւններ են կրում: Ինչպէ՞ս էք գնահատում վիճակը:

Չեմ կարող խօսել ընդհանուրի անունից, սակայն մի նայուածքով կարող եմ ասել, թէ ինչ վիճակ է ապրում այս կամ այն հրատարակիչը կամ խմբագիրը: Գովազդի պակաս կայ: Նոյնիսկ եթէ լինում է գովազդ, մնում է գումարի գանձելու դժուարութիւնը: Չես կարող դիմացիինդ վիրաւորել ու պիտի համբերես: Պէտք է հնարամտութեամբ լուծես դժուարութիւնները: Ինձ հարց են տալիս, թէ ինչպէ՞ս եմ դուրս գալիս այս բոլորի տակից: Ես էլ չգիտեմ: Ամէն օր մի հրաշք է պատահում: Ոմանք մեղադրում են, որ ինչ-ինչ աղբիւրներից օգնութիւն է հասնում: Մենք չենք ծառայում որեւէ քաղաքական հոսանքի: Երբ 1978 թուականին այստեղ հիմնեցի «Նոր կեանք» թերթը, խօսքեր տարածուեցին, որ ես Բրեժնեւի մարդն եմ ու երեք միլիոն դոլար եմ ստացել՝ խանգարելու Լոս Անջելըսի հայ գաղութը: Թերթը որեւէ աղբիւրից օգնութիւն կամ նպաստ չի ստանում: Չեմ ստացել որեւէ նուէր որեւէ տեղից: Մի անգամ, թերթի հրատարակման ութ-ամեակին, մեծ յայտարարութեամբ խնդրեցինք ժողովրդին իր լուման ներդրի՝ թերթի աշխատութիւնը շարունակութեան մէջ մնալու համար: Միայն երկու տեղից քսան դոլար եկաւ, սակայն մենք չյուսահատուեցինք:

Գովազդների իմաստով հայկական թերթերը չե՞ն հետաքրքրում հայ գործարարներին:

Նրանք իրաւունք ունեն: Հայութեան թիւը հաշուենք կէս միլիոն: Կան բազմաթիւ գոհացնող հեռուստատեսային կայաններ ու հրատարակուող թերթեր: Դեռ գալիս են նորերը: Առեւտրականը աշխատում է այն թերթի կամ հեռուստատեսութեան հետ, որը լաւագոյն խօսող գովազդ վաճառողը ունի: Ես նման մէկի չունեմ: Սպասում ենք հեռախօսեն ու փափագ յայտնեն: Մենք դուռ չենք զարնում:

Ամերիկահայ մամուլը որքանո՞վ կարող է ազդեցիկ դեր կատարել ԱՄՆ-ի ներքին ու արտաքին քաղաքականութեան մէջ:

Քաղաքական գետնի վրայ հայկական մամուլը անշուշտ կարող է նպաստ բերել որոշ թեկնածուներին: Ամէն մի թերթ ինչոր չափով ունի իր համակիրները, որոնք հետեւում են նրա տուած ուղղութեանը: Հենց այդ պատճառով քաղաքական մարդիկ ընտրութիւնից առաջ դիմելով մեր ծառայութիւններին՝ քաղաքական գովազդ են ապահովում:

Որո՞նք են «Նոր Հայաստան»-ի որդեգրած նպատակները եւ ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած թերթը:

Նախ «Նոր Հայաստան»-ը դասական ուղղագրութեամբ հրատարակուող թերթ է: Լեզուն թէ' արեւմտահայերէն, թէ' արեւելահայերէն եւ թէ' «մարդահայերէն» է: Մենք չենք հաւատում Հայաստանի նոր աբեղեանական ուղղագրութեան: Ցանկանում ենք հաւատարիմ մնալ մեր մեսրոպաշունչ ուղղագրութեանը:

Ինչպէս անունից է յայտնի, թերթի նպատակն է առաւել արագութեամբ սփիւռքի այս գաղթօջախին ներկայացնել գլխաւորապէս նոր Հայաստանի՝ անկախ Հայաստանի անց ու դարձերը: Գլխաւոր նպատակը հայապահպանման պայքար տանելն է: Զուտ հայերէնով պատրաստուած թերթը պէտք է ամէն առաւօտեան ութ հազար տուն մտնի՝ ասելու, թէ եկել եմ պահելու հայութիւնը:

Մեզ մօտ չկայ սրա, նրա կամ այս ու այն կուսակցութեան դէմ պայքարելը: Մենք չունենք կողմնակցական որեւէ միտում: Թերթի ճակատի վրայ գրուած է՝ «Նոր Հայաստան՝ ամէնուն օրաթերթը»: Թերթը բոլորի համար է: Չի պատահել երկու կողմերի միջեւ մէկի դիմաց դիրք ճշտենք: Անցեալում ինձ մեղադրում էին, որ Քոչարեանական եմ, իսկ հիմա ինձ Սերժ Սարգսեանական են անուանում: Ուղղակի՝ մարդը մի գործ է անում եւ մենք դրա արձագանքն ենք տալիս: Ինչոր կուսակցութեան մասին խօսելով չի նշանակում, որ պիտի օրօրենք նրա օրօրոցը: Բէյրութի «Սփիւռք» շաբաթաթերթի տնօրէն Սիմոն Սիմոնեանը գեղեցիկ մի խօսք ունէր՝ «Մենք որպէս լրագրող բոլորի հետ ենք եւ բոլորի դէմ ենք»: Բոլորի հետ ենք, եnμ լաւ մի գործ կը կատարեն եւ բոլորի դէմ ենք, երբ վատը կը կատարեն:

Նիւթականի իմաստով ահռելի դժուարութիւնների առջեւ ենք գտնւում: Ամէն թերթ ունի իր համակիր, վստահելի եւ մնայուն յաճախորդները, որոնք տեւական ծանուցումներով պահում են թերթը: Հնարաւոր չէ գոյատեւել պատահական յաճախորդներով: Եթէ մի շարք անձինք տեւական առեւտրական ծանուցումներ չտրամադրեն, թերթի հրատարակումը կը դադարի: Այդ պատճառով պէտք է շնորհակալութիւն յայտնեմ այդ անձանց: Անուններ չեմ կարող տալ, անյարմար է: Ունեմ մի յաճախորդ, որը թերթի հրատարակման առաջին իսկ օրուանից գովազդ է տրամադրում: Նա իր շուկան ապահովելու համար «Նոր Հայաստան»-ի ծառայութիւններին կարիք չունի, սակայն անում է այդ՝ թերթին անուղղակի նպաստ բերելու նպատակով:

Նկատի ունենալով 21-րդ դարում հայ ժողովրդի առաջ դրուած նոր մարտահրաւէրները եւ ի մասնաւորի ամերիկահայ համայնքի առկայ հասարակական եւ քաղաքական խնդիրները՝ ի՞նչ ուղղութեամբ պէտք է առաջնորդուի հայ մամուլը:

Հայ մամուլը պէտք է զգուշանայ խտրականական աստիճանի «հայ, հայ» հոլովելուց: Պէտք չէ նախապաշարումներ ունենալ, թէ նախ հայն է, ապա միւսը: Մենք պէտք է լինենք գործակից եւ համախորհուրդ բոլորի հետ: Պէտք է հեռու մնանք խտրականական վերաբերմունքից: Պէտք է համազգային լինել, սակայն նաեւ հարկաւոր է օտարին նկատի ունենալով համամարդկային լինել:

Ինչպէ՞ս կը ցանկանաք եզրափակել հարցազրոյցը:

Պարզապէս շնորհակալ եմ, որ մեզ նկատի առնելով եկաք՝ արծարծելու մեր տեսակէտը որոշ հարցերի շուրջ: Պէտք է նշեմ, որ «Օրակարգ»-ը մաքուր հայերէնով, ճիշտ տպագրութեամբ եւ մեծ հոգատարութեամբ պատրաստուած թերթ է: Խնամքը շատ յայտնի է: Առաւել յաջողութիւններ կը ցանկանամ ու կը մաղթեմ, որ շարունակէք ձեր գործունէութիւնը, ամսաթերթի փոխարէն, շաբաթաթերթի ոճով:

Հարցազրոյցը տպագրւել է նաեւ «Օրակարգ» ամսաթերթում:

(Լուսանկարները՝ Էրւին Եաղուբեանի)

Կայացաւ Գլենդէյլի դասական ինքնաշարժերի փառատօնը


Իւրիկ Խոջասարեանը շահեց կազմակերպիչ յանձնախմբի գաւաթը

Շուրջ 1700 թուիստ պարողներ Գլենդէյլի անունը արձանագրեցին «Գինես»-ի համաշխարհային ռեկորդների գրքում


Շաբաթ, Յուլիս 17-ին Գլենդէյլի քաղաքապետարանի նախաձեռնութեամբ կայացաւ դասական ինքնաշարժերի (classic cars) 17-րդ տարեկան փառատօն՝ «Cruise Night»-ը: Բրանդ պողոտայի Միլֆորդ-Բրադուէյ հատուածում երեկոյեան ժամը 5:30-ից մինչեւ գիշերուայ 10:30-ը ցուցադրութեան դրուեցին աւելի քան 450 մարդատար ինքնաշարժեր, բեռնատարներ, ոստիկանութեան, շտապ օգնութեան եւ հրշէջ մեքենաներ: Բոլոր ինքնաշարժերը արտադրուած էին 1979 թուականից առաջ:


Փառատօնի մասնակիցների շարքում էին նաեւ դասական ինքնաշարժեր ունեցող հայեր: Սերժ Դաւիթեանը արդէն հինգ տարի է, որ ունի իր 1958 թուականի կարմրագոյն Mercedes 190 SL-ը: Նա չորս անգամ մասնակցել է սոյն փառատօնին: Անցեալ տարի հանդէս էր եկել երկու ինքնաշարժերով: Սերժը յայտնեց, որ ընկերներով միասին են մասնակցում միջոցառմանը, ուր նրանք եւս ցուցադրում են իրենց անձնական ինքնաշարժերը: Նրա կարծիքով միջոցառումը բաւականին հետաքրքիր ու աշխոյժ է այն առումով, որ լայն արձագանք է գտնում դասական ինքնաշարժերի սիրահարների՝ դրանց թւում հայերի մէջ: Նա բացատրեց, որ հայերը՝ ովքեր ունեն նոր՝ վերջերս արտադրուած ինքնաշարժեր ցանկանումեն նրանց կողքին եւս վարել դասական մեքենաներ, սակայն դա բոլորին չի յաջողում: Այս տեսակի ինքնաշարժերը ընդհանրապէս վերանորոգման կարիք ունեն, որի համար պահանջւում է տրամադրել ժամանակ ու ծախսել բաւականին գումար: Սերժի ինքնաշարժերի վերանորոգման եւ վերաձեւաւորման ընթացքը տեւել է շուրջ ինն ամիսներ:


Սերժ Դաւիթեանը՝ իր Մերսեդեսով

26-ամեայ Շանթ Մկրտիչեանը երկրորդ անգամ էր մասնակցում փառատօնին՝ ցուցադրութեան դնելով իր 1961 թուականի Volkswagen Beetle Type 1-ը, որը գնել էր երեք տարի առաջ: Նա բացատրեց, որ մանկուց ի վեր սիրել եւ հետաքրքրուել է ինքնաշարժերով: Նրան հաճոյք է պատճառում, երբ մարդիկ, նամանաւանդ մանուկները, մօտենում ու հարցեր են տալիս: Սոյն ինքնաշարժով հետաքրքրւում էին նաեւ տարեցները, որոնք մօտենալով պատմում էին իրենց մանկութեան յուշերը կապուած Volkswagen-ի այդ արտադրութեան հետ: Ուշագրաւ էր ինքնաշարժի առջեւի ապակու վրայ փակցուած փոքրիկ հայկական եռագոյնը: Այնպէս է թւում, որ մեծամասնութեամբ՝ ոչ-հայերն են զբաղւում դասական ինքնաշարժերով, սակայն Շանթը ցանկանում է փոխանցել այցելուներին այն իրականութիւնը, որ հայերն եւս հետաքրքրւում են այդ դասի ինքնաշարժերով: Նա այն կարծիքին է, որ բոլորին հնարաւոր է նոր ինքնաշարժ գնել, սակայն դասական ինքնաշարժ ունենալը պահանջում է առաւել պատրաստուածութիւն եւ այդ ամէն մարդու չի յաջողում:
Շանթ Մկրտիչեանը

Գլենդէյլահայ հանգստի կոչուած մեխանիկ Տիգրան Յովսէփեանը երկու շրջան մասնակցել է ցուցահանդէսին իր 1963 թուականի Ford մակնիշի Galaxie-ով: Նա պատմեց, որ 1963 թուականին գնել է իր առաջին նոր ինքնաշարժը՝ «Ford Galaxie»-ին: Երկար ժամանակ պահելուց յետոյ այն վաճառել է, սակայն տարիներ անց, երկու տարի առաջ, կրկին գնել է արդէն դասական դարձած՝ նոյն արտադրութեամբ մի այլ «Ford Galaxie»: Տիգրանը անձնապէս է կատարել իր ինքնաշարաժի բոլոր վերանորոգումները: Տիգրանի փեսան՝ Մայքըլը եւս իր ինքնաշարժով մասնակցել էր ցուցահանդէսին:


Տիգրան Յովսէփեանը իր թոռնիկի հետ
Մայքըլը՝ իր զաւակներով

Ինչպէս նախկին շրջաններում՝ այս տարի եւս ցուցահանդէսը ընդառաջուեց տասնեակ հազար այցելուների կողմից, որոնք ընդհանրապէս եկել էին Հարաւային Քալիֆորնիայի զանազան շրջաններից ու քաղաքներից: Ցուցահանդէս էին այցելել նաեւ բազմաթիւ հայեր Գլենդէյլից ու շրջակայ քաղաքներից: Նշելի է, որ Գլենդէյլի «Cruise Night»-ը իր տեսակի մէջ համարւում է Հարաւային Քալիֆորնիայի ամենանշանակալից փառատօներից մէկը, որին ըստ Գլենդէյլի քաղաքապետարանին՝ ամէն տարի մասնակցում են աւելի քան 35 հազար այցելուներ:



Ցուցահանդէսի աւարտին քաղաքապետը եւ ինչու չէ նաեւ քաղաքապետարանի զանազան բաժանմունքների, «Cruise Night»-ի կազմակերպիչ յանձնախումբի, «KRTH» ռատիոկայանի եւ «Glendale News Press»-ի ներկայացուցիչները, գնահատեցին լաւագոյն ինքնաշարժերը՝ տէրերին յանձնելով պատկան գաւաթները: Գլենդէյլի Քաղաքապետ՝ Արա Նաջարեանը քաղաքապետի գաւաթը յանձնեց Րիքարդօ Մենային, որը ներկայացրել էր իր 1949 թուականի Cadillac Fastback-ը:

Րիքարդօ Մենան շահեց քաղաքապետի գաւաթը

Յիշատակելի է, որ մրցանակ շահողների ցուցակում է յայտնուել Շադօ Հիլզի բնակիչ՝ Իւրիկ Խոջասարեանը: Նրա 1966 թուականի սեւ Lincoln Continental-ը շահեց կազմակերպիչ յանձնախմբի գաւաթը (Cruise Night Committee Trophy): Ունենալով 4-door convertible եւ suicide door յատկութիւնը՝ ինքնաշարժը իւրայատուկ է իր տեսակում: Իւրիկ Խոջասարեանի համաձայն՝ սոյն ինքնաշարժից միայն 2600 օրինակներ են արտադրուել: Նշելի է, որ մրցանակ շահած ինքնաշարժի կատարած վազքը միայն 98 հազար մղոն է: Ինքնաշարժի նորոգումը հինգ տարի է տեւել, սակայն Իւրիկի տեսակէտով դեռ երկար ժամանակ է պէտք՝ ամբողջացնելու համար վերանորոգման աշխատանքը: Իւրիկ Խոջասարեանը առաջին անգամ է մասնակցում Գլենդէյլի «Cruise Night»-ին: Նրա ինքնաշարժը նախապէս չի ներկայացուել որեւէ ցուցահանդէսում: Մրցագաւաթի շահումը իր համար մեծ անակնկալ էր եւ նա իրեն բախտաւոր է համարում այն պատճառով, որ առաջին մասնակցութեամբ մրցանակ է շահում: Իւրիկի ընտանիքի բոլոր անդամները սիրում ու օգտագործում են սոյն ինքնաշարժը: Իւրիկը ունի նաեւ 1968-ի Camaro եւ 1973-ի El Camino, որոնք վերանորոգման ընթացքի մէջ են:

Իւրիկ Խոջասարեանը շահեց կազմակերպիչ յանձնախմբի գաւաթը

Ցուցահանդէսի կողքին երաժշտութեան կատարումներով ելոյթ ունեցան հանրայայտ խմբեր ու անհատներ: Սկզբում ռոք երաժշտութեամբ հանդէս եկան «The Icons» խմբի անդամները: Ապա 1960-ականների «The Beach Boys» ռոք խումբը վերակենդանացնող «Surfin’ Safari»-ն ելոյթ ունեցաւ:


Երաժշտութեան բաժնի ամենակարեւոր հատուածում բեմ բարձրացաւ ռոք-ըն-րոլ երաժշտութեան լեգենդար՝Չաբի Չեքըրը (Chubby Checker): 2010 թուականը զուգադիպել է Չեքըրի համաշխարհային առաջնութիւն շահած «The Twist»-ի 50 ամեակին: Նշելի է, որ 1960 թուականին Չաբի Չեքըրը վերակատարեց Հանք Բալըրդի (Hank Ballard) «The Twist» երաժշտութիւնը, որով մասսայականացւեց «Twist» պարաձեւը: Չեքըրի յիշեալ երգը համարւում է ռոք երգարուեստի միակ երաժշտութիւնը, որին յաջողել է կրկին անգամ անցնել ամենաշատ վաճառք ունեցողների ցուցակը, նորէն արժանանալով «թիւ մէկ» դիրքին: Փառատօնի երեկոյեան հանրայայտ երգիչը կատարեց նաեւ քառասուն լաւագոյններ, դրանց շարքում՝ «Pony TIME»-ը, «Let’s Twist Again»-ը, «The Hucklebuck»-ը, «The Fly»-ը եւ «Limbo Rock»-ը:

«The Twist»-ի 50 ամեակի առիթով Գլենդէյլի քաղաքապետարանը կազմակերպել էր նախաձեռնութիւն՝ «Գինես»-ի (Guinness) գրքում սահմանելու համաշխարհային ռեկորդ՝ իր անունին արձանագրելով հաւաքուած ամենամեծ բազմութիւնը, որ «Twist» է պարել որոշակի ժամանակում: Բազմութիւնը պարելու էր Չաբի Չեքըրի «The Twist» երաժշտութեան ուղեկցութեամբ: Նախավերջին ռեկորդը արձանագրուել էր 2004 թուականի ապրիլին, սակայն թուականիս յուլիսի 17-ին Գլենդէյլը դարձաւ ռեկորդակիր մէկ անձի գերակշռութեամբ, այսինքն՝ 1,692 հոգու մասնակցութեամբ: Սոյն նախաձեռնութեան համար Միլֆորդ պողոտայի վրայ պատրաստուել էին ցանկապատով սահմանազատուած՝ բեմին կից տեղամասեր: Ցանկացողները, երեկոյեան ժամը 8-ից սկսեալ, կարող էին ներս մտնել յատկացուած դռնակներով, որոնց շնորհիւ հնարաւոր էր դառնում ճշգրիտ հաշուել մասնակիցների քանակը: Բոլոր ներկաներից պահանջւում էր հինգ րոպէների համար «Twist» պարել: Մասնակիցների համարումը կատարուեց Նիւ Եորքից ժամանած «Գինես»-ի պաշտօնական ներկայացուցչի հսկողութեամբ: Մինչ Չաբի Չեքըրի բեմ բարձրանալը ելոյթ ունեցաւ Գլենդէյլի քաղաքապետ Արա Նաջարեանը՝ խրախուսելով ներկաներին մասնակցել նախաձեռնութեանը:



Նշելի է, որ այս տարուայ ձեռնարկի հաղորդավարը «KRTH» ռատիոկայանի «Mr. Rock’ N Roll» անուամբ հանրութեան ծանօթ՝ Բրայըն Բէյրնն (Brian Beirne) էր:

Ցուցահանդէսի ընթացքում զանազան կազմակերպութիւններ առիթ ունեցան իրենց կրպակներում տեղեկութիւններ կամ ծառայութիւններ մատակարարել այցելուներին: Նաեւ նախատեսուել էին ուտեստեղէնի վաճառք եւ ինչու չէ նաեւ մանուկներին հետաքրքրող խաղեր եւ զբաղմունքի միջոցներ:

Նիւթը տպագրւել է նաեւ «Օրակարգ» ամսաթերթում:
«Օրակարգ» ամսաթերթ, Օգոստոս 2010, Ե տարի, թիւ 55, էջ 1

(Լուսանկարները՝ Էրւին Եաղուբեանի)

Tuesday, June 29, 2010

Վարդան Պետրոսեանի «Ճակատագրի կատակները»

Մայիսի 28-ին, Գլենդէյլի «Սթարզ» թատերասրահում երրորդ անգամ լինելով բեմադրուեց Վարդան Պետրոսեանի «Ճակատագրի կատակները»: Սրահը, ինչպէս մայիսի 8-ի եւ 15-ի ներկայացումները, լեփ-լեցուն էր հանդիսատեսով, որը եկել էր արուեստագէտի հետ վերյիշելու եւ ապրելու անցած կեանքի դառն ու քաղցր պահերը:
Ներկայացումը կարելի է համարել իւրօրինակ, քանի որ այն ներկայացնում է դերասանի կեանքն ու գործունէութիւնը: Այստեղ Վարդանը կատակով եւ հիւմորով պատմում է Սովետական համակարգի օրերից, Ղարաբաղեան շարժման, Հայաստանի անկախութեան եւ մթութեան տարիներից: Ապա նա խօսում է Փարիզ տանող գաղթի ճամբից եւ վերջանում դէպի Հայրենիք վերադարձով: Ամէն մի հանգրուան յիշեցնում է դերասանի կրած տառապանքներն ու զրկանքները, որոնք արդիւնքն են եղել ժամանակի եւ տեղի քաղաքական ու հասարակական իրավիճակի: Սակայն արուեստագէտը յաղթահարել է այդ բոլորին՝ նուիրուածութեամբ, աշխատասիրութեամբ եւ կեանքի նպատակները նուաճելու ձգտման շնորհիւ: Հանդիսատեսը հետաքրքրութեամբ է դիտում ներկայացումը, քանի որ ցենարը հենց դերասանի հարազատ կեանքն է: Մի հանդիսատես ասում է. «Մենք Վարդան Պետրոսեանի կեանքի մասին ընդհանրապէս ոչինչ չգիտէինք, միայն նրան գիտէինք որպէս տաղանդաւոր եւ հիանալի արուեստագէտ: Հետաքրքիր էր գաղափար կազմել նրա անցած ճանապարհի մասին»:
Չնայած ներկայացումը առաջ է ընթանում դերասանի անձնական կեանքով, սակայն միաժամանակ տալիս է ընդհանուր պատկեր հայի ապրած կեանքից: Հանդիսատեսը ծիծաղում ու յուզւում է դերասանի հետ՝ վերապրելով իր սեփական կեանքի հոգսերն ու դժուարութիւնները: Մի հանդիսատես արտայայտւում է. «Այդ ամբողջը պատահել է բոլորիս կեանքում եւ ահա Վարդանի հետ կրկին յիշում եւ վերապրում ենք այդ ամէնը»: Ներկայացման աւարտին նոյն հարցով դիմում ենք Վարդանին եւ նա բացատրում է. «Ես չեմ դաւաճանել իմ սկզբունքներին: Ես դարձեալ խօսում եմ հանդիսատեսի սրտից ու հոգուց՝ ներկայացնելով նրա հոգսերն ու խնդիրները, յատկապէս արտերկրում ապրող հանդիսատեսի, սակայն այս անգամ ձեւն է փոխուել: Այս անգամ այն չի գնում քաղաքական երգիծանքի միջոցով, այլ դա կատարւում է իմ սեփական ներաշխարհը բացելու ձեւով: Ես վստահ եմ, որտեղ պատմում էի իմը, հանդիսատեսը զգում ու առնում էր իրենը»:
«Ճակատագրի կատակներ»-ում Վարդան Պետրոսեանը քաղաքական երգիծանքից անցել է աւելի անձնական լիրիկական կոմեդիայի: Նա պատճառը կապում է տարիքի հետ. «Տարիքի բերումով մարդը ձգտում է անկեղծանալ: Նա գնալով դառնում է աւելի անկեղծ, հասկանում, որ կորցնելու բան չունի, եւ աւելի ու աւելի իմաստաւորում եւ վերարժէքաւորում կեանքը: Անկեղծութիւնը տրուած է Աստծու կողմից: Արւեստի գերխնդիրը մարդուն ազնուացնելն է: Մի քայլ տանել դէպի ազնւութիւն նշանակում է մի քայլ մօտեցնել Աստծուն: Մենք մեզ հետ անկեղծ չենք եւ օրուայ ընթացքում խափում ենք ինքներս մեզ: Քիչ բան չէ՝ գոնէ մի քանի րոպէ օրուայ մէջ անկեղծ դառնանք մեզ հետ: Քեզ հետ անկեղծ դառնալով՝ անկեղծանում ես դիմացի աշխարհի հետ: Այստեղ ես անկեղծանալով փորձում եմ անկեղծացնել մարդուն, որովհետեւ մարդը ոչ միայն ծիծաղից է վարակւում, այլ՝ անկեղծութիւնից: Ես վստահ եմ, որ ամբողջ երկու ժամերին մարդիկ իրենք իրենց մէջ անկեղծացան՝ թաքուն, իրենց համար, աննկատ ուրիշից»:
Հանդիսատեսը, ինչպէս միշտ, մեծ խանդավառութեամբ մասնակցեց ելոյթներին: Շատերը չբաւարարուելով մի ներկայացումով՝ կրկին անգամ էին դիտել բեմադրութիւնը: Եւ ահա մի հանդիսատեսի կարծիքը, որը երկրորդ անգամ էր դիտում ելոյթը. «Ճիշտ կը լինէր, որ երեք ներկայացումներին էլ ներկայ գտնուէի, որովհետեւ ամէն անգամ մի նոր բան ես տեսնում եւ մի նոր զգացում ես ապրում»: Մի այլ հանդիսատես ասում է. «Մենք ոգեւորութեամբ մասնակցել ենք Վարդանի բոլորներկայացումներին: Նրանք լինում են յուզիչ եւ հոգեհարազատ, այնպէս որ դրական մեծ լիցքեր ենք ստանում, ասես՝ մեր հոգին փառաւորւում է»: Սփիւռքում ծնուած մի ամերիկահայ յայտնում է, որ առաջնորդւելով Հայրենիքի սէրով՝ ձգտում է ապրել ու աւելին հասկանալ Հայաստանցի հայրենակիցների ապրումներն ու հոգսերը եւ այդ իմաստով Վարդանի ներկայացումները հիանալի առիթ են ընծայում:
Բազմաշնորհ արուեստագէտը շատ բուռն եւ յուզական է գնահատում Լոս Անջելըսահայ հանդիսատեսի ընդունելութիւնը եւ շեշտում. «Կարծես խօսում էի հանդիսատեսի վէրքերից: Նա ինձ հետ շօշափում էր վէրքերը, ժպիտով վերապրում իր ծանր օրերը, ծիծաղում նրանց վրայ ու կրկին ազնուանում: Գիտէք ինչ կարեւոր բան է, երբ մարդը յետադարձ հայեացքով նայում է իր անցած կեանքին եւ սկսում է ծիծաղել իր վէրքերի վրայ: Սա ապաքինման միջոց է»: Նա ակնարկելով վերջին ներկայացումները՝ նշում է. «Ես շատ ուրախ եւ երջանիկ եմ, որովհետեւ սա իմ առաջին մեծ քննութիւնն էր, որը անցաւ յաջող՝ ինձ պարգեւելով կրկնակի ուժ եւ վստահութիւն: Խոնարհւում եմ հանդիսատեսի առջեւ, որ այդ գնահատականը տուեց եւ իր ծափահարութիւններով ու արցունքներով որոշեց «Ճակատագրի կատակներ»-ի ճակատագիրը»:
Թղթակցի հետ հանդիպման աւարտին Վարդան Պետրոսեանը խօսքը ուղղելով երկրպագուներին՝ մէջբերում կատարեց ներկայացման վերջին հատուածից. «Այո, ես անպայման պէտք է կառուցեմ մեր կիսակառոյց տունը եւ եթէ ես այն չկառուցեմ, ապա դու կը կառուցես տղաս»: Նա շարունակեց. «Նուաճումները ձեռք են բերւում միայն ծանր մաքառումների՝ տառապանքների գնով եւ ճանապարհը լի է յուսախաբութիւններով, սակայն յաճախ պէտք է յիշել, որ ամեն աանելանելի վիճակում կայ մի ելք: Եթէ մի օր յուսախաբ կասկածեցիր, որ ոչինչ չի փոխելու այս աշխարհը, ապա նայիր վեր ու դու կը տեսնես մի զոյգ բարի հայրական աչքեր, որ նայում են քեզ ջերմութեամբ: Այն ժամանակ վերցրու խաչը ու առա՜ջ...»:

Նիւթը տպագրւել է նաեւ «Օրակարգ» ամսագրում:


(լուսանկարները՝ էրւին Եաղուբեանի) 

Wednesday, May 05, 2010

Ընդհանուր Գիտելիքներ Մրցոյթ՝ Դաւթեան-Մարիամեան Կրթական Հաստատութեան նախաձեռնութեամբ

Կիրակի, Ապրիլի 11-ին Գլենդէյլի Pacific Community Center-ի դահլիճում տեղի ունեցաւ 2010 թուականի «Ընդհանուրգիտելիքներ մրցոյթ»-ը՝ նախաձեռնութեամբ «Դաւթեան-Մարիամեան» Կրթական հաստատութեան:

Առաւօտեան ժամի 10-ից թուով 48 հայ առաջադէմ դպրոցական աշակերտներ աննկարագրելի մրցակցական խանդավառութեամբ ի մի էին եկել՝ արդիւնաւորելու 3-ամսեայ նախապատրաստական աշխատանքը: Մասնակիցները խանդավառ ոգեւորութեամբ՝ մէկը միւսի յետեւից պատասխանում էին հարցերին: Մրցոյթին մասնակցում էին Գլենդէյլի, Բրբանքի, Լա Քրասենթայի, Թահանգայի, Սան Լանդի, Նորթ Հոլիվուդի 19 դպրոցների 4-րդ, 5-րդ եւ 6-րդ դասարանների հայ աշակերտ-աշակերտուհիները:
Բացման խօսքում «Դաւթեան-Մարիամեան» Կրթական հաստատութեան կրթական վարիչ եւ մրցոյթի կազմակերպական ընդհանուր պատասխանատու ՝ Օննիկ Հայրապետեանը քաջալերական խօսքեր ուղղելով մասնակիցներին՝ բացատրեց մրցոյթի կանոնները: Ապա հանդէս եկաւ հաստատութեան վարչութեան նախագահ Վահիկ Ծատուրեանը՝ ողջունելով եւ յաջողութիւն մաղթելով մասնակիցներին: Ազգային հաստատութիւնների եւ պետական շրջանակների հրաւիրեալ ներկայացուցիչների շարքում միջոցառման ներկայ էր Գլենդէյլի ազգային երեսփոխան՝ Իսահակ Քազանջեանը:
2010 թուականի «Ընդհանուր գիտելիքներ մրցոյթ»-ը առաջնորդւում էր «բառ եւ իմաստ» թեմայով: Օննիկ Հայրապետեանի բացատրութեամբ՝ այս թեման ընտրելու հիմնական նպատակը եղել է այն, որ հայ աշակերտութիւնը ծանօթանալով զանազան բառերի իմաստների հետ՝ օգտագործի այդ բոլորը առօրեայ խօսակցութեան մէջ: Սա նաեւ օգտակար կը հանդիսանայ, որպէսզի աշակերտները դասընթացների ժամանակ աւելի լաւ հասկանան դասախօսներին եւ ճիշտ ընբռնեն դասագրքերի բովանդակութիւնը: Յիշատակելի է, որ «Ընդհանուր գիտելիքներ մրցոյթ»-ի առաջին շրջանը կազմակերպուել է 2005 թուականին՝ Հայոց Ցեղասպանութեան 90-ամեակի թեմայով: Այդ թուականից մինչ այսօր յաջորդաբար կայացել են վեց մրցոյթներ, ուր իւրաքանչիւրը ունեցել է իր յատուկ թեման:
Այս տարուայ իրաւարար խորհրդի վեց անդամներն էին՝ Մարթին Զադուրեանը, Զեփիւռ Կիրակոսեանը, Արփիկ Հայրապետեանը, Աւագ Սարդարեանը, Արմինէ Քեշիշեանը եւ Մարիէթ Քեշիշեանը: Վարչութիւնը իրաւարար խորհրդի կազմում հրաւիրում է համայնքի բարեմիտ անհատներին, որոնք յաճախ մեծ համագործակցութիւն են ցուցաբերում հաստատութեանը:
Յիշատակելի է, որ մրցոյթը անցաւ ամենայն խնամուածութեամբ եւ կարգապահութեամբ: Այստեղ հարկաւոր է գնահատանքով յիշատակել Անահիտ Քամալեանին (սրահի պատասխանատու) եւ ուսուցչական կազմի ներկայացուցիչներին, որոնք ապահովեցին մրցոյթի ընդհանուր հսկողութիւնն ու կարգապահութիւնը: Նաեւ պէտք է յիշել՝ վարչութեան անդամ Մարիէթ Քեշիշեանին, որը Power Pointի միջոցով ձեւաւորել էր հարցաշարը՝ մրցոյթին ցուցադրելու նպատակով: Հարցերի պաստառի վրայ ցուցադրման աշխատանքը կատարեց Ալին Քեշիշեանը: Հարցաշարի տպագրութեան եւ կազմարարութեան աշխատանքը յանձն էր առել Յովիկ Երումեանը:
Ընդհանուր առմամբ՝ մրցոյթի կազմակերպման նախապատրաստական փուլում, որպէս առաջին քայլ ստուգւում է նիւթը, որը կատարւում է մրցոյթի համադրող Օննիկ Հայրապետեանի առաջարկութեամբ եւ վարչութեան որոշմամբ: Ապա մշակւում են հարցերն ու պատասխանները, որը լուրջ ուսումնասիրական աշխատանք է պահանջում: Այստեղ յատուկ բծախնդրութեամբ ուսումնասիրւում են զանազան աղբիւրներ, դրանց շարքում՝ հանրագիտարաններ, պատմութեան դասագրքեր, ինտերնետային համացանց եւ այլն: Ապա հարցաշարը տպագրւում եւ կազմւում է գրքոյկների ձեւով: Մրցոյթի նախատեսուած թուականից նուազագոյնը երեք ամիս առաջ պատրաստուած հարցաշարը (հարցերով ուպատասխաններով) տրամադրւում է աշակերտներին: 2010 թ. Մրցոյթի հարցաշարը պարունակում էր շուրջ 225 անգլերէն եւ հայերէն բառեր: Հարցաշարի կէսը անգլերէն բառեր էին՝ հայերէն հոմանիշներով, իսկ բառերի միւս կէսը տրամադրուել էին հայերէնով՝ իրենց անգլերէն թարգմանութեամբ:
Հակառակ նախկին տարիներին, որտեղ առաջնակարգ տեղեր շահողները ընտրւում էին բոլոր մասնակիցների՝ 4-րդ մինչեւ 6-րդ դասարանի աշակերտների միջից, այս շրջան իւրաքանչիւր դասարան ունեցաւ իր առաջինից մինչեւ երրորդ տեղեր շահողները: Այս տարի երրորդ փուլի աւարտում արդէն յայտնի էր դարձել համարեայ բոլոր խմբերի արդիւնքները:
Այսպիսով 2010-ի Ընդհանուր Գիտելիքներ Մրցոյթը ունեցաւ 9 շահողներ՝ 6 աղջիկ եւ 3 տղայ: Մրցոյթի աւարտին շահողները պարգեւատրուեցին օրուայ նիւթին յարմար մրցագաւաթներով (trophy) եւ յատուկ գնահատական վկայագրերով: Նաեւ առանձին գնահատագրեր յանձնուեցին բոլոր մասնակից աշակերտ-աշակերտուհիներին:

Նշելի է, որ ընդմիջումներին ասմունքեցին Վաղարշակ Գրիգորեանը եւ Արինա մկրտչեանը: Նաեւ խմբական երգով եւ զուգերգով ելոյթ ունեցան Սաթիքօ դպրոցի աշակերտները:

Մրցոյթի շահողները՝
Չորրորդ դասարան
• Առաջին՝ Նարէ Թահմազեան (Բալμոա)
• Երկրորդ՝ Դաւիթ Աճեմեան (Մարկ Քեփփըլ)
• Երրորդ՝ Սեւակ Օհանեան (Ջան Մարշալ)


Հինգերորդ դասարան
• Առաջին՝ Թինա Խուդանեան (Կոլոմμոս)
• Երկրորդ՝ Արինէ Մորադեան (Մարկ Քեփփըլ)
• Երրորդ՝ Արինա Մկրտչեան (Միլլեր)


Վեցերորդ դասարան
• Առաջին՝ Փրենի Ալավերդեան (Վերդուգօ Վուդլանդզ)
• Երկրորդ՝ Անի Կարապետեան (Ֆրիմանթ)
• Երրորդ՝ Վաղարշակ Գրիգորեան (Վիլսոն)

Նիւթը տպագրւել է նաեւ «Օրակարգ» ամսագրում:


(Նկարահանումները՝ Էրւին Եաղուբեանից)