Wednesday, March 30, 2011

Միջոցառում՝ նուիրուած Գլենդէյլի Ոստիկանութեան K9 միաւորին


Հոկտեմբերեան մի գեղեցիկ Շաբաթ օր Գլենդէյլի Վերդուգօ Զբօսայգում տեղի ունեցաւ «Գլենդէյլի K9-ները զբօսայգում» (Glendale K-9s in the Park) երկրորդ տարեկան միջոցառումը: Սոյն ձեռնարկը, մի շարք այլ դրամահաւաք միջոցառումների հետ միասին, կազմակերպուել էր՝ նիւթական աղբիւրներ հայթայթելու Գլենդէյլի Ոստիկանութեան K-9 բաժնի համար, որի գործունէութեան շարունակականութիւնը կախում ունի համայնքից եկած նուիրատուութիւնից: Գոյացած գումարի մի մասը նախատեսւում է յատկացնել տարիք առած ներկայ շուներին փոխարինելու նորերի հետ: Հաշուի առնելով, որ ամէն մէկ շան գնելու եւ նրան մարզելու ծախսը 25,000 դոլար է, սոյն նպատակը իրագործելու համար պահանջւում է շուրջ հարիւր հազար դոլար: Յիշեալ ծրագիրը իրականացուելու է յաջորդ երկու-երեք տարիներում:
Ներկայիս ստորաբաժինը ունի չորս Ջերման Շեփըրդ խուզարկու շներ, որոնք մարզուած են հսկողական շրջագայութիւն կատարելու (patrol), կասկածեալներին հետախուզելու, անհետ կորած անձանց փնտրելու եւ թմրանիւթեր ու պայթուցիկ նիւթեր բացայայտելու գործում:
Սոյն միջոցառումը կազմակերպուել էր Գլենդէյլի Քաղաքապետարանի Գործավարի Գրասենեակի, Գլենդէյլի Ոստիկանութեան Հիմնադրամի, K-9 ստորաբաժնի եւ Զբօսայգիների ու Համայնքային Ծառայութիւնների բաժանմունքների նախաձեռնութեամբ: Ծրագիրը հովանաւորում էին զանազան ընկերութիւններ ու հաստատութիւններ: Հովանաւորների եւ մանրավաճառների մասնակցութիւնը կարեւոր դեր էր խաղում հասարակութեան ներգրաւելու եւ K-9 ստորաբաժնի ֆինանսաւորման համար աղբիւրներ հայթայթելուգործում:
Նկատելի էր ընտանի կենդանիների սիրահարների խուռներամ մասնակցութիւնը, որոնք ժամանել էին Գլենդէյլից եւ մօտակայ շրջաններից՝ զուարճանալու եւ վայելելու նախատեսուած ծրագրերը: Այս տարի հասարակութիւնը աւելի մեծ մասնակցութիւն էր բերել միջոցառման: Յիշատակելի է, որ անցեալ տարի 5,000-ից աւել այցելուներ էին մասնակցել այս ձեռնարկին:
Ծրագրի յատուկ բաժնում Գլենդէյլի K-9 ստորաբաժնի խուզարկու շները ներկայացրեցին իրենց ճկունութիւնը, արագութիւնը, կարողութիւնն ու հմտութիւնը՝ քրէական կասկածեալներին հետեւելու եւ չէզոքացնելու գործում: Նկատելի էր, որ ինչպէս խուզարկու շները ենթարկւում էին իրենց մարզիչների հրամաններին: Ներկայացումը ստեղծելով մեծ խանդավառութիւն հանդիսատեսի մօտ՝ նրա բարձր ծափահարութեանը արժանացաւ:
Յատկացուած տաղաւարներում կենդանիներին մատուցւում էին յատուկ ծառայութիւններ կամ վաճառւում նրանց վերաբերող պիտոյքներ: Կենդանիների բժշկական ստուգումների եւ որոշ քննութիւնների կողքին՝ մատչելի գնով կենդանիների պատուաստման սպասարկում էր մատուցւում, որը ինչպէս նախորդ տարին ընդառաջեցին կենդանատէրերը: Նաեւ դիմողներին հնարաւորութիւն էր տրւում ընդունելու տնային կենդանիներ (pet adoption): Նախատեսուել էին դասարաններ կենդանիների բուժօգնութեան (pet first-aid) թեմայով: Մատուցւում էին ծառայութիւններ շների եւ կատուների արտօնագրերի (licensing) կապակցութեամբ: Կազմակրպուել էին զուարճալի մրցոյթներ՝ տնային կենդանիների մասնակցութեամբ:
Այցելուների մօտ մեծ հետաքրքրութիւն էր առաջացրել ցուցադրուած՝ Գլենդէյլի շրջակայքում ապրող վայրի կենդանիների արձանիկները: Այցելուներին հնարաւորութիւն էր տրւում մօտիկից շօշափել զանազան վայրի կենդանիների մաշկը: Նախատեսուած էր նաեւ կենդանի երաժշտութիւն, ուտեստեղէնի մատակարարում, վիճակախաղեր եւ մանկական յատուկ ծրագրեր:

Այս նիւթը հրատարակւել է նաեւ «Օրակարգ» ամսաթերթում:

 

No comments: