Friday, June 23, 2006

Վանդալիզմի դաժան կերպարը՝ աշխարհի պատմութեան էջերում

Նախաբան
Վերջերս Նախիջեւանում իրագործւած վանդալական ակտերը վերարթնացրեցին այն մտահոգութիւնը, թէ քաղաքակրթութիւն կործանող իշխանութիւնները, ինչպէս պատմութեան խորքից սկսած, այսօր եւս ոչնչացման ենթարկելով մեր ժողովրդի պատմա-մշակութային յուշարձանները փորձում են պատմութիւնը սրբագրել: Երէկ՝ Թուրքիայում եւ այսօր՝ Ադրբեջանում ու Վրաստանում: Հայութեան դէմ վանդալիզմի ընթացքը աւելի ռասիստական ու հակաքաղաքակրթական բնոյթ է ստացել՝ մանաւանդ մատնանշւած երկրներում: Ինչպէ՞ս կարելի է հանդուրժել այդ երկիրների ծայրայեղ աւերչատենչութիւնը՝ հայկական եկեղեցիների, վանքերի, գերեզմանոցների, խաչքարերի եւ միւս յուշարձանների նկատմամբ: Ուստի՝ սոյն ընթացքը կանխելու կամ գոնէ մեղմելու նպատակով՝ հարկաւոր է գրչի զէնքով պայքարի դուրս գալ հայութեան նկատմամբ գործադրւող վանդալիզմի դէմ:

Վանդալիզմը՝ իբրեւ մի տերմին
Ընդհանրապէս, «վանդալիզմութիւն» կամ «վանդալիզմ» (vandalism) բառն օգտագործւում է համաստիճան բարբարոսութեան կամ վայրագութեան եւ այն նշանակում է միտումնաւոր ու դիտաւորեալ վնասմունքի, քայքայման, ոչնչացման կամ թալանման ենթարկել որեւէ կառոյց, կոթող կամ յուշարձան եւ այլն: Վանդալիզմը կրկնակի կարեւորութիւն է ստանում, երբ քայքայւած կամ ոչնչացւած կառոյցը ունենում է գեղարւեստական կամ պատմամշակութային նշանակութիւն:
Տերմինն՝ ունի ընդարձակ եւ բազմակողմանի կիրառութիւն, այնպէս որ՝ համաձայն իր դրդապատճառի՝ կիրառում է անձնական, սոցիալական, ինչպէս անարխիստական, նաեւ ռազմական, քաղաքական, կրօնական ծայրայեղականութեան, ֆինանսական ու ռասիստական պատճառներով իրագործւած աւերածութիւնները: Այդ առումով՝ հասարակական անկանոնութիւնները, որոնց արդիւնքում հանրային կամ անձնական սեփականութիւնները կրում են վնասւածքներ կամ աւերման են ենթարկւում դառնում են վանդալիզմի օրինակ, ինչպէս վերջերս, ականատես ենք եղել, թէ ինչպէս ֆուտբոլի որոշ մրցութիւններում ինչ-որ ֆանատիկներ վնասներ են հասցնում հանրակառքերին եւ ջարդ ու փշուր անում ապակիները:

Երբեմն վանդալիզմը կարեւորութիւն է ստանում ոչ թէ քրէական իմաստով, այլ՝ որպէս խորհրդանիշ քաղաքական անցումների ու իշխանութիւնների փոփոխման: Նման նշանակութիւն է ունեցել շահի արձանի վայր գցելը 1979-ի Իրանի յեղափոխութեան օրօք, կոմունիզմը խորհրդանշող կոթողները ոչնչացնելը խորհրդային կարգերի փլուզումից յետոյ՝ Ռուսաստանում եւ վերջերս, Սադդամ Հուսէյնի արձաններն ու պատկերները ոչնչացնելը՝ Իրաքում, երբ ամերիկեան ու անգլիական բանակները պարտութեան մատնեցին տիրող վարչակարգին:
Բայց համաշխարհային չափանիշով գլխաւորապէս վանդալիզմը ճանաչւած է իբրեւ անմարդկային եւ բարբարոսական վերաբերմունք, այնպէս որ՝ արժանանում է բողոքի եւ դատապարտութեան, ի մասնաւորի երբ կազմակերպւում ու իրագործւում է մոլեռանդ խմբերի, կուսակցութիւնների կամ իշխանութիւնների միջնորդութեամբ, որոնք համապատասխան գաղափարախօսութեան տէր են:

Վանդալիզմը՝ ելած պատմութեան խորքից
Աշխարհի պատմութեան մէջ կան անհամար օրինակներ, որոնցում բազմաթիւ նշանակալի յուշարձաններ եւ գեղարւեստական ստեղծագործութիւններ ոչնչացւել կամ կողոպուտի են ենթարկւել՝ մանաւանդ պատերազմների ընթացքում: Քանի հազար տարի առաջ, երբ մարդս գիւղերում ու քաղաքներում բնակւելով՝ փորձեց ապրել հասարակական կեանք, աւելի յարմար պայմաններ եւ միջոցներ ձեռք բերելու նպատակով սկսեց շահատակել մերձակայ հարեւանութիւնները, ուր պարտութեան մատնելու պարագայում՝ կողոպուտի ու աւերման էր ենթարկում նրա սեփականութիւնները: Իհարկէ, չպէտք է մոռանալ նաեւ այն հանգամանքները, երբ մի իշխանութիւն փոխարինում էր միւսին եւ ուստի՝ աւերման ու ոչնչացման էր ենթարկում կործանւած իշխանութեան պատկանող բոլոր խորհրդանիշերը:
Մինչեւ մի քանի հարիւր տարի առաջ նման վերաբերմունքը համարւում էր ընդունելի, ինչու չէ նաեւ՝ սպասելի: Հնադարեան ժամանակներում գեղարւեստական սեփականութիւնները ոչնչացնելն ու թալանելը մի սովորական իրադարձութիւն էր: Օրինակ՝ երբ հռոմէացիները Քրիստոսից երկու հարիւր տարի առաջ, պարտութեան մատնեցին յոյներին, առանց գթութեան թալանեցին անհամար յունական մշակութային սեփականութիւններ: Նրանք այդ բոլորը կատարեցին յաղթականօրէն եւ փառաբանութեամբ՝ այն համարելով իրենց արդար իրաւունքը: Խաչակրած արշաւանքների ընթացքում հազարաւոր մշակութային սեփականութիւններ աւերման ենթարկւեցին: Միջնադարեան ժամանակաշրջանում աւերածութիւնն ու թալանը եւս համարւում էր յաղթողի արդար իրաւունքը, ուստի՝ այս շրջանի պատմութեան մէջ հանդիպում ենք վանդալիզմի բազմաթիւ օրինակների:
Վանդալիզմի ամենախորհրդանշող պատմական օրինակը հէնց իրենք Վանդալներն (vandals) էին, որոնք լինելով արեւելեան Գերմանիայի անքաղաքակիրթ ցեղերից՝ 5-րդ դարում հիւսիսային Աֆրիկայի շրջանում հիմնում են մի պետութիւն եւ արշաւելով Հռոմի կայսրութեան տարծքները՝ 455 թւականին գրաւում են Հռոմը եւ երկու շաբաթ կողոպուտից ու աւերումից յետոյ՝ իրենց հետ վերցնելով արժէքաւոր աւարները՝ թողնում եւ հեռանում են: Վանդալիզմ բառն առաջացել է հէնց այս ցեղանունից:

Առաջին անգամ Ֆրանսիայի յեղափոխութեան օրօք, 1794-ին էր, երբ Հենրի Գրեգուարն (Henri Grégoire) Յեղափոխական համաժողովին ուղղած իր զեկոյցում իբրեւ մի տերմին եւ յատուկ իմաստով օգտւեց վանդալիզմ բառից, քննարկելու յեղափոխական բանակի ինչ-ինչ արարքները:

Վանդալիզմը՝ 20 եւ 21-րդ դարում
Ժամանակի առումով էր, որ մարդս հասկացաւ գեղարւեստական ու պատմա-մշակութային սեփականութինների չափազանց արժէքը եւ կարեւորութիւնը՝ նամնաւանդ ազգայնական ինքնութեան իմաստով: Դրա արդիւնքում 20-րդ դարում բազմաթիւ կոնւենցիաներ եւ տարբեր երկկողմանի համաձայնագրեր են վաւերացւել ու ստորագրւել, չնայած ստորագրող կողմերը շարունակ դրանք խախտել են, այնպէս որ՝ հէնց մեր օրերում ականատէս ենք, թէ ինչպէս Թուրքիայում, Ադրբեջանում, Վրաստանում եւ նման երկրներում շարունակւում է վանդալիզմը՝ պետական մակարդակում:
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում էր, երբ համաշխարհային հանրութիւնն անդրադարձաւ, որ մշակութային սեփականութիւնները կողոպուտներից ու աւերումներից պիտի պահպանւեն: Ուստի՝ ռազմական ուժերի կողքին նկատի առնւեց արւեսի յատուկ պահակների բաժին, չնայած պատերազմի տարիներում երկու կողմերն էլ պատմա-մշակութային յուշարձաններն ու թանգարանները լայնածաւալօրէն կողոպտեցին եւ քայքայեցին: Հէնց այս տարիներում եւ դրանից յետոյ էր, երբ Թուրքիան հայերի ջարդի կողքին՝ իրագործեց սիստեմատիկ հակահայկական վանդալական մի ծրագիր, որին պիտի անդրադառնանք յաջորդ բաժնում:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից սկսեալ առ այսօր իրագործւած տարբեր վանդալական ակտերից կարելի է համառօտ յիշել մի քանիսը, որոնք միջազգային բողոքների առարկայ են դարձել:

Հիտլերեան Գերմանիան եւ վանդալիզմը
Հիտլերեան Գերմանիայի նացիստական պետութիւնը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներում կողոպուտի է ենթարկել բռնագրաւած երկրների գեղարւեստական եւ պատմա-մշակութային սեփականութիւնները: Բայց դրանից ցաւալին հրեայ փոքրամասնութեան դէմ իրագործւած վանդալութիւններն էին: 1938-ի Նոյեմբերի 9-ի գիշերը (նաեւ Նոյեմբերի 10-ի վաղ առաւօտեան) ընդհանուր Գերմանիայում եւ Աւստրիայում նացիստական կառաւարութիւնը հրեայ համայնքին պատկանող ունեցւածքերի եւ վաստակավայրերի նկատմամբ իրագործեց մի սարսափելի վանդալական ծրագիր, որը գերմաներէն կոչւում էր Die Kristallnacht այսինքն «Ջարդւած ապակիների գիշեր» (Night of Broken Glass): Եւ այսպէս՝ 1574 սինագոգ, բազմաթիւ հրէական գերեզմանատներ, հրեաներին պատկանող աւելի քան 7000 վաճառախանութներ եւ 29 մեծ վաճառանոցներ վնասներ կրեցին ու որոշ դէպքերում աւերման ենթարկւեցին: Մինչ այդ՝ Վիենայում կային 94 սինագոգ ու աղօթատեղի, որոնց մեծամասնութիւնը Die Kristallnacht-ի հետեւանքով՝ մասամբ կամ ամբողջովին աւերւեց:

Մոլեռանդական վանդալիզմը՝ Աֆղանստանում
21-րդ դարը հէնց սկզբում ականատես եղաւ վանդալիզմի ամենադառն դէպքերից մէկին, որը համաշխարհային ուշադրութեան եւ հակազդեցութեան առարկայ դարձաւ: Թալիբները 2001-ի մարտ ամսում, այն օրերում երբ տիրում էին Աֆղանստանի համարեա թէ բոլոր շրջաններին, համարձակօրէն յայտնեցին, թէ մտադիր են ոչնչացնել երկրի տարածքում գտնւող բոլոր արձանները՝ պատճառաբանելով, որ դրանք անցեալում օգտագործւել են իբրեւ կուռքեր ու աստւածներ եւ այն մտահոգութիւնը կայ, որ ապագայում կրկին վերածւել կուռքերի: Այդ ցանկի մէջ էին նաեւ Բամիան (Bamiyan) հովտի քարաժայռերում քանդակւած Բուդայի երկու հզօր արձանները, որոնք մեծ հաւանականութեամբ կառուցւել էին 5-րդ կամ 6-րդ դարերում: Համաշխարհային բոլոր ջանքերով հանդերձ ֆանատիկ թալիբները դինամիտի ու տանկային համազարկերի օգնութեամբ ամբողջովին աւերեցին արձանները:

Հակահայկական վանդալիզմը՝ 20 եւ 21-րդ դարերում

«Երջանիկ են, բայց դա չեն գիտակցում աշխարհի այն ժողովուրդները, որոնք չունեն քաղաքակրթութիւններ կործանող հարեւաններ:»
(Ազգային Հարցի Եւ Գենոյիդի Ուսումնասիրման Կենտրոն, Հայոց Ցեղասպանութիւն: Պատճառներ ու դասեր, մաս 2, Երեւան, էջ 30)

Անկասկած, ամէն մի ազգի ճակատագիրը ոչ միայն պատերազմի դաշտում է որոշւում, այլ նաեւ առընչւում է այն պայքարին, որ մղւում է բոլոր բացասական ջանքերի դէմ, որոնք կատարւում են ոչնչացնելու կամ իւրացնելու մշակութային յուշարյանները եւ կեղծելու մշակոյթի պատմութիւնը: Անցած հարիւր տարւայ պատմութեան ընթացքում Հայաստանին մերձակայ երկրների տարածքներում, ինչպէս՝ Թուրքիայում, Ադրբեջանում եւ Վրաստանում տեղի են ունեցել բազում վանդալական ակտեր, ուր հայկական բազմաթիւ գեղարւեստական ու պատմա-մշակութային արժէքներ ներկայացնող յուշարձաններ ու ստեղծագործութիւններ, ինչպէս՝ վանքեր, եկեղեցիներ ու աղօթատեղիներ, խաչքարեր ու տապանաքարեր ենթարկւել են քայքայման եւ ոչնչացման, ընդհանրապէս՝ քաղաքական ու ցեղապաշտական պատճառներով:
Այսօր եւս Հայաստանի հարեւան երկիրներում (Թուրքիա, Ադրբեջան եւ Վրաստան) հայկական յուշարձանները միտումնաւոր ու ծրագրւած, ուղղակի իշխող պետութեան կազմակերպութեամբ կամ իշխանութեան անտարբերութեան ներքոյ ոչնչացւում են ու ենթարկւում՝ պատմութեան ամենադառն ու չափազանց անմարդկային վանդալիզմին:
Իրանը միակ բացառութիւնն է, ուր Իսլամական յեղափոխութիւնից յետոյ ի մասնաւորի այս վերջին տարիներում, պետութեան կողմից հայկական մշակոյթի յուշարձանները յատուկ ուշադրութեան են արժանացել, այնպէս որ՝ պետութիւնը իրանահայերի կառուցած թէ' աշխարհիկ, եւ թէ' հոգեւոր շինութիւնները իր հովանաւորութեան եւ հսկողութեան տակ առնելով՝ նորոգում եւ պահպանում է, ու այսպիսով՝ փրկում դրանք կործանումից: Այս ուղղութեամբ կարելի է յիշել Նոր Ջուղայի հայկական կառոյցներն ու Ատրպատականի Ս.Թադէոս առաքեալի, Ս.Ստեփանոս Նախավկայի ու Ծործորի Ս.Աստւածածին վանքերը: Այսպէս է, որ Ս.Թադէոս առաքեալի վանքը վերանորոգւում է կառավարութեան առաջարկով եւ ներգրաււում՝ ԻՒՆԵՍԿՕ-ի կողմից հովանաւորւող համաշխարհային արժէք ունեցող յուշարձանների շարքը:
Հակահայկական վանդալիզմը ծաւալով այնքան Ընդարձակ է, որ մինչեւ իսկ ոչ-հարեւան երկրներում, ինչպէս Ռուսաստանում, կարելի է հանդիպել դրա պարզ օրինակներին: Ինչպէս վերջերս (2005-ի դեկտեմբերի 26-ին), Կոմի Հանրապետութեան մայրաքաղաք Սիկտիւկարի փողոցներից մէկում տեղադրւած հայկական մի խաչքար աւերման ենթարկւեց:
Աղբիւրներ
- Հայերէն բացատրական բառարան, Ստ.Մալխասեանց
-
Ռուսաստանում կրկին հայկական յուշարձան է աւերւել