Wednesday, March 10, 2010

Երեք Հրշէջներ Պարգեւատրուեցին՝ Փաթրիք Համբարչեանին Փրկելու Համար

Գլենդէյլի Հրշէջ բաժանմունքի եւ Sunrise Rotary Clubի նախաձեռնութեամբ՝ Չորեքշաբթի Հոկտեմբերի 7ին քաղաքի Հիլթոն հիւրանոցում կազմակերպուեց Գլենդէյլի Հրշէջ բաժանմունքի տարեկան պարգեւատրման ճաշկերոյթը (Glendale Fire Department Awards Luncheon), որտեղ մեծարուեցին անձնակազմից եւ համայնքից 20ից աւել պատուարժան ներկայացուցիչներ, որոնք աննկարագրելի զոհաբերութիւն, խիզախութիւն եւ տքնաջան աշխատանք էին ցուցաբերել համայնքային կեանքում: Ձեռնարկը նուիրուած էր վերջերս շրջանի անտառահրդեհների դէմ պայքարում զոհուած՝ հրշէջ խմբի պետ Թեդմոնդ Հալին (Tedmund Hall) եւ մասնագէտ հրդեհաշէջ Արնալդօ Քինոնեսին (Arnaldo Quinones):

Սոյն հանդիսութեան բարձր գնահատուեցին հրշէջային կազմից՝ հրշէջ խմբի պետ Քէն Մեք-նիւն (Ken MacNew), հրշէջ՝ æան Վաշինգտօնը (John Washington) եւ հրդեհային բաժնի հաղորդակցական կապերի վարիչ՝ Շան Օքանըրը (Sean O’Connor)՝ Օգոստոս 3ին «Չիլթօն»ի պատահարում ցուցաբերած հերոսութեան համար, որի արդիւնքում մահից փրկուել էին բոցերով շրջապատուած հայազգի հրշէջ՝ Փաթրիք Համբարչեանը եւ նրա ամերիկացի գործընկեր՝ Քեւին Քուն (Kevin Ku):

Յիշատակելի է, որ Օգոստոս 3ին գիշերուայ տասի ժամերին Գլենդէյլի Վէսթերն պողոտայի համար 27 կայանից մի խումբ հրշէջներ, դրանց թւում Փ. Համբարչեանը եւ Ք. Քուն, գործուղւում են Chilton Drive՝ մեկուսացնելու հրդեհը, որը բռնկուել էր մի բնակարանում: Դէպքի վայր հասնելուն պէս Փաթրիքը եւ Քեւինը խիզախօրէն բարձրանում են բնակարանի երկրորդ յարկ՝ կրակը ակունքից մարելու նպատակով, սակայն շրջապատւում են բոցերով: Այդպիսով Փաթրիքը ստանում է երրորդ աստիճանի այրուածքներ՝ մարմնի 20 տոկոսում, իսկ Քեւինը տուժում ծուխի շնչառութեամբ: Հիւանդանոցում Փաթրիքը ենթարկւում է զանազան վիրահատումների: Այսօր Փաթրիքը վերականգնելով իր առողջութիւնը՝ պատրաստւում է աշխատանքի վերադառնալ յառաջիկայ շաբաթներում:
 
Լուրը նաեւ տպագրւել է «Ասպարէզ» եւ «Օրակարգ» պարբերականներում:

No comments: