Sunday, March 21, 2010

Հարցազրոյց Գլենդէյլի հրշէջ՝ Փաթրիք Համբարչեանի հետ

Այս տարի Գլենդէյլի Հրշէջ բաժանմունքի տարեկան պարգեւատրման ճաշկերոյթին մեծարուեցին հրշէջային կազմի երեք ծառայողներ: Այդ անձանց շնորհիւ Օգոստոս 3-ի պատահարին մահից էր փրկուել հայազգի հրշէջ՝ Փաթրիք Համբարչեանը, որ գործուղուել էր չեզոքացնելու բռնկուած հրդեհը Chilton Drive-ում գտնուող մի բնակարանում:

Կենսագրութիւն

Ծնուել եմ 1982 թ. Մարտ 16-ին, Գլենդէյլում եւ մինչ օրս ապրում եմ նոյն քաղաքում: Նախնական կրթութիւնս ստացել եմ Շամլեան Ազգային վարժարանում, Լինքոլն տարրական դպրոցում, ապա Րոզմանթ միջնակարգ դպրոցում եւ Քրեսենթա Հովիտի վարժարանում: Այն շարունակել եմ Գլենդէյլի Հանրային եւ Լոս Անջելըսի քոլեջներում:
Հայրս ու մայրս ինձ խորհուրդ էին տալիս առեւտրով զբաղուել, սակայն այդ թեմաները ինձ չէին հետաքրքրում: Սկզբում, երբ որոշեցի հրշէջ դառնալ, չգիտէի թէ ինչ պէտք է անել կամ ինչ դասընթացներ պէտք է անց կացնել: Մի օր բանախօսութեան (speech) դասարանում խօսուեց հրշէջ ծառայութեան մասին, որը բաւականանին լուսաբանեց ինձ:
Սկզբում EMT-ի (Emergency Medical Technician) դասընթացներ անց կացրեցի եւ սկսեցի աշխատել շտապ օգնութեան ինքնաշարժի մէջ: Արժանանլով Հայ-ամերիկեան առեւտրի պալատի (Armenian American Chamber of Commerce) կրթաթոշակին՝ 2004-2005 թուականներին յաճախեցի Գլենդէյլի Հանրային Քոլեջի Հրշէջ Ակադեմիան (Fire academy): Աւարտելուց յետոյ՝ մեկնեցի paramedic school՝ միաժանակ կամաւոր աշխատելով Սան Գաբրիէլի Հրշէջ բաժանմունքի շտապ օգնութեան բաժնում: Աւարտելով paramedic school-ը՝ 2007 թուեկանին հրշէջի պաշտօնում աշխատանքի հրաւիրուեցի Գլենդէյլի Հրշէջ բաժանմունքի կողմից: Վեց ամիս զբաղուեցի հրշէջ Էնջինի, իսկ յաջորդ վեց ամիսը՝ ինքնաշարժի պատասխանատւութեամբ: Ապա փոխադրուեցի Engine 27 ստորաբաժինը, որտեղ մինչ օրս աշխատում եմ:

Ինչո՞ւ նախընտրեցիր հրշէջ դառնալ

Կեանքումս միշտ փափագել եմ օգնել նրանց, ովքեր օգնութեան կարիքն ունեն: Երբ անդրադարձայ, որ հրշէջ բաժնում ծառայութիւնը հիմնուած է միայն ու միայն մարդկանց օգնելու գաղափարի վրայ, հասայ այն եզրակացութեան, որ սա է լինելու իմ աշխատանքի ասպարէզը:

Ընտանիքդ ինչպէ՞ս վերաբերուեց, երբ բացայայտեցիրքո մտադրութիւնը:

Սկզբում ծնողներս հակառակում էին: Նրանց համար անհասկանալիէր, թէ ինչու եմ կամենում կեանքս ուրիշի համար վտանգի ենթարկել: Ընտանիքիս փափագն էր ինձ տեսնել բժշկի, փաստաբանի կամ գործարարի, պաշտօնում: Ծնողներս հանգիստ չունդնեցին որոշումս: Տարիներ տեւեց մինչեւ համոզուեցին:
Շիլթընի դէպքի մասին պատմիր

Մենք գործուղուեցինք դէպքի վայրը, որտեղ այդ բնակարանը հրդեհի էր մատնուել: Երբ դրսից ուսումնասիրեցի, երկրորդ յարկում մի թեթեւ կրակ նկատեցի: Գործընկերս՝ Քեւինի հետ հասանք տան դռան: Մասքերը դրեցինք, հարմարուեցինք իրավիճակին ու ներսմտանք: Բարձրացանք երկրորդ յարկաբաժինը: Որեւէ տեսանելիութիւն չկար, այնպէս որ ոչինչ չէինք տեսնում: Դէպի առաջ շարժուեցինք, ես ու գործընկերս փոխեցինք մեր դիրքերը: Նա ծորակը ինձ յանձնեց: Անչափ շոգ էր, այնպէս որ կարելի էր ջերմութիւնը ձեռքերի վրայ զգալ: Որոշեցի մի քանի քայլ յետ գնալ: Աւելի հեռուից հնարաւոր կը դառնար հրդեհը ամբողջովին չեզոքացնել: Սկսեցի յետ շարժուել: Յանկարծ գործընկերս աստիճաններից վայր ընկաւ ու իր հետ միասին քաշեց խողովակը, որը բռնել էր: Ես դեռ վերնայարկում էի: Մէջքս հենեցի տանիքի մի հատուածին ու շրջուեցի: Բարձրաձայն կանչում էի իրեն: Որոնում էի նրան, սակայն չէի գտնում: Շոգը աւելի ու աւելի էր սաստկանում: Սկսեցի թեթեւ այրուել: Կարողանում էի կրակի ջերութիւնը ուսերիս ու ձեռքերիս վրայ զգալ: Փորձեցի գնալ միւս կողմը: Բոցերը կատաղօրէն գլխավերեւս պտտում էին: Կրակը բոսկլտում էր ուսերիցս վեր: Յանկարծ լսեցի տղերքի ձայնը, որ ինձ կանչում էին: Սկսեցի իրենց ձայնի ուղղութեամբ շարժուել: Մենք հանդիպեցինք միմեանց եւ սկսեցինք աստիճանները վայր իջնել:

Ձեռներս ու մէջքս՝ ուսերից մինչեւ գօտնատեղ այրուել էին: Երկու շաբաթ հիւանդանոց մնացի: Մորթիս այրուածքները վերաբուժելու նպատակով երկու մաշկի փոխպատուեստում ընդունեցի, առաջինը վերցուած մի այլ անձից, իսկ երկրորդը՝ իմ ոտքի մաշկից:

Ինչպէ՞ս ես գնահատում Կապիտան Քեն Մաք-Նիւի, Ջան Վաշինգթոնի եւ Շան Օ-Քանըրի կատարածը՝ քեզ փրկելուգործում:

Նրանք աստիճաններին իմ գործընկերին, որ վայր էր ընկել, գտան: Տղերքը փողրակի հետքը բռնելով՝ աստիճանները վեր բարձրացան: Նրանք դիմակայելով հրդեհին՝ փորձում էին յետ մղել բոցերը, քանի որ շէնքի ամբողջ տանիքը կրակի էր մատնուած: Գործընկերս Քեւինը նրանց ասաց, որ Փաթրիքը վերնայարկում է: Ապա նրանք սկսեցին բարձրաձայն աղմկել իմ անունը եւ ես սկսեցի ձայնի ուղղութիւնը բռնել: Ճանապարհին հանդիպեցի Ջան Ջէյ Վաշինգթոնին: Ես ու Ջանը միասին հրշէջ ակադեմիա ենք յաճախել: Մենք միմեանց ճանաչում էինք: Իհարկէ նախապէս չէի հանդիպել Կապիտան Մաք-Նիւին: Ես գնահատում եմ իրենց կատարածը: Նրանք հրաշալի հրշէջներ են ու ես երախտապարտ եմ եւ ուրախ: Երւակայեցէք, որ այրուած են ձեր ձեռքերը եւ չէք կարողանում ռադիոկապ հաստատել, ու յանկարծ մի անձնաւորութիւն օգնութեան է հասնում՝ ելքի ճանապարհը ցոյց տալով:

Պատահարից յետոյ կամենո՞ւմ ես նորէն նոյն աշխատանքով զբաղուել:

Իհարկէ՝ այո: Հէնց հիւանդանոցում եղած օրերին վճռական էի՝ վերադառնալ աշխատանքի: Երկու շաբաթից նորէն պէտք է անցնեմ աշխատանքի: (հարցազրոյցը կատարոուել է 2009 թ. հոկտեմբերին: Այսօր Փ. Համբարչեանը վերականգնելով առողջութիւնը՝ շարունակում է աշխատանքը հրշէջ բաժանմունքում:)

Արդեօք ունե՞ս հայ ընկերներ, որոնք ծառայում են հրշէջ բաժնում:

Րաֆֆի Բչաքչեանը եւ Առնօ Աւաքեանը աշխատում են Փասադինայի հրշէջ բաժանմունքում: Մենք միասին հրշէջ ակադեմիա ենք յաճախել: Հետաքրքիր մի բան պատմեմ: Դէպքի պահին Րաֆֆին Փասադինայի կայանում աշխատանքի էր: Նա գիտէր, որ իմ կայանի խումբը գործուղուել է հրշիջելու: Յանկարծ նա րադիոհաղորդակապից լսում է, որ մենք՝ երկու հրշէջներս այրւել ենք: Անմիջապէս զանգահարում է Առնօյին, որը այդ պահին տանն էր: Առնօն շտապում է հիւանդանոց, որտեղ փոխադրել էին ինձ: Առնօյին տեսնելուն պէս խնդրեցի շտապ ծնողներիս մօտ գնայ, պատմի պատահածի մասին եւ ուղեկցի նրանց հիւանդանոց: Սա շատ օգնեց, որպէսզի ծնողներս խուճապիչմատնուեն:

Ի՞նչ նշանակութիւն ունի, եթէ կեանքդ վտանգի ես ենթարկում ուրիշին փրկելու համար:

Ես մահից չեմ վախենում, չեմ էլ կամենում մահանալ կամ անտեղի իմ անձին վնաս պատճառել: Իհարկէ որոշակի պայմաններում կեանքս վտանգի կենթարկեմ՝ օգնելու այն անձանց, որոնք արտակարգ իրավիճակում են: Եթէ չկայ օգնելու հնարաւորութիւն, չեմ ուզել անձս վտանգի ենթարկել: Ինչ անցաւ այն օրը, պատահականութիւն էր: Մենք շտապ առաջ շարժուեցինք ու խճճուեցինք այդ արտակարգ իրավիճակում: Բայց եթէ իմանայի, որ մի հոգի այնտեղ բանտարկուել է բոցերի մէջ ու դեռ նրան փրկելու հաւանականութիւն կայ, բոլոր սպառնալիքներով հանդերձ կը դիմէի վտանգի:

Ինչպէ՞ս կուզես եզրափակել հարցազրոյցը։

Հայ ընտանիքները ընդհանրապէս այն կարծիքին են, որ հրշէջային, ոստիկանական կամ նման հիմնարկներում ծառայելը չի կարող յարմար ընտրութիւն լինել իրենց զաւակի համար: Սակայն՝ հարկաւոր է ծնողները յարմարուեն ու սատար կանգնեն իրենց զաւակին, եթէ նա վճռակամ է նման բնագաւառում աշխատանքի անցնելու համար: Ցանկանում եմ սրտիս խօսքը փոխանցել ընթերցողին, քանի որ այդ բոլորը ինձ շատ դժուար անցաւ:

Այսօր հրշէջ բաժանմունքը հայ աշխատողների կարիքն ունի: Երբ շտապ օգնութեան ենք յաճախում մի հայ ընտանիքի եւ հաղորդակցւում ենք հայերէնով, դա խուճապի ու վախի մատնուած մարդկանց բաւականին հանգստացնում է: Իհարկէ Հրշէջ բաժանմունքի ծառայողները իրենց գործում շատ հմուտ են, մինչեւ իսկ նրանցից ոմանք մի քանի նախադասութիւններ հայերէն գիտեն ու փորձում են սովորել մեր լեզուն: Հրշէջ բաժնում ծառայելը աշխատանքի հիանալի ասպարէզ է խոստանում որեւէ երիտասարդի համար: Այստեղ աշխատանքի անցնելով բարձր հարստութեան չէք հասնի, սակայն վստահ եղէք, երբէք չքաւորութեան դուռն էլ չէք ընկնի: Դուք կունենաք ձեր միջակ ու չափաւոր ապրուստը:

Հարցազրոյցը նաեւ տպագրւել է «Օրակարգ» ամսաթերթում:

No comments: