Sunday, May 02, 2010

Ապրիլ 24-ի Ոգեկոչման Միջոցառում՝ Գլենդէյլի Քաղաքապետարանի Նախաձեռնութեամբ

Գլենդէյլի Քաղաքային Խորհրդի նախաձեռնութեամբ ուրբաթ, Ապրիլ 23-ի երեկոյեան Գլենդէյլի Ալեքս Թատրոնի դահլիճում տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան Յիշատակման նւիրւած ոգեկոչման երեկոյ: Միջոցառման մասնակցում էին ԱՄՆ Կոնգրէսական Ադամ Շիֆը, Նահանգային Սենատի անդամ Քարոլ Լուն, Նահանգապետարանի ներկայացուցիչ Լիսա Գալուստեանը, Գլենդէյլի Քաղաքային Խորհրդի անդամները եւ Քաղաքապետը, Հայաստանի հանրապետութեան Գլխաւոր Հիւպատոս Գրիգոր Յովհաննիսեանը եւ մի շարք այլ քաղաքական, հոգեւոր եւ եւ հասարակական դէմքեր ու պաշտօնեաներ:

Ծրագրի բացմանը ողջոյնի խօսքով հանդէս եկան Գլենդէյլի Քաղաքապետ՝ Արա Նաջարեանը եւ Քաղաքային խորհրդի անդամ՝ Ֆրանկ Քուինթէրոն, որոնք միաժամանակ համանախագահում էին ոգեկոչման կազմակերպիչ յանձնախումբը:

Ապա ելոյթ ունեցաւ կոնգրեսական Ադամ Շիֆը: Նա խօսքը ուղղելով հանդիսատեսներին՝ գնահատեց համայնքի ցուցաբերած տարիներիաջակցութիւնը՝ իր գիտելիքները Հայոց Ցեղասպանութեան մասին զարգացնելու գործում: Նա ասաց, որ ի տարբերութիւն շատ Կոնգրեսականների՝ վայելում է այնպիսի մի առավելութիւն, որի շնորհիւ ունեցել է հնարաւորութիւն՝ ունկնդրելու հայութեան պատահած տառապանքները ու կիսւելու նրա հետ: Շիֆը պատասխանելով այն կոնգրեսականների հարցումին թէ ինչո՞ւ պէտք է վերակենդանացնել անցեալը եւ վտանգել մեր յարաբերութիւնները մի դաշնակից երկրի հետ, յայտարարեց, որ քաղաքականութիւն խաղալու փոխարէն պէտք է բարոյականութիւնը նկատի ունենալ եւ պատասխանել անապատից եկող կանչերին, որոնք հարցնում են, թէ ո՞վ է վկայելու մեզ համար: Կոնգրեսականը ապա հարց տուեց, թէ ի՞նչպէս Միացեալ Նահանգները կը կարողանայ առաջնորդուել Դարֆուրի նման հարցերում, երբ երկրի ղեկավարները չեն կամենում, վճռականօրէն բարձրաձայնել իւրաքանչիւր ցեղասպանութեան մասին, որը իրագործւել է որեւէ վայրում կամ որեւէ ժամանակահատւածում, անկախ դրանից որ դա որեւէ դաշնակիցի զայրոյթին կը հանգի, թէ ոչ:

Լոս Անջլեսում Հայաստանի հանրապետութեան Հիւպատոս՝ Գրիգոր Յովհաննիսեանը անդրադառնալով հայ-թուրքական յարաբերութիւնների բարելաւման գործընթացին կապւած վերջին զարգացումներին եւ տեղի բնակչութեան ցուցաբերած վրդովմունքին, բողոքի ցոյցերին եւ հացադուլին՝ յայտնեց, որ հայութիւնը անցնելով այդ ժամանակահատւածը՝ այսօր համախմբուած է, դարձած է աւելի զօրեղ ու միակամ: Նա իր խօսքերում շեշտեց, որ Ցեղասպանութեան միջազգայնօրէն ճանաչումն ու դատապարտումը առաջնահերթութիւն է հանդիսանում Հայաստանի համար եւ յանուն Հայաստանի կառավարութեան շնորհակալութիւն յայտնեց Գլենդէյլի Քաղաքապետարանին այս եւ նման միջոցառումների համար:

Քալիֆորնիայի Նահանգապետի ներկայացուցիչ Լիսա Գալուստեանը ընթերցեց Նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի յղած պատգամից հատւածներ, որտեղ Նահանգապետը Հայոց Ցեղասպանութիւնը որակելով իբրեւ մարդու իրաւունքների կոպիտ ոտնահարում՝ ապրիլի 19-26-ը Քալիֆորնիայում յայտարարել էր յիշատակման եւ ոգեկոչման օրեր:

Նահանգային Սենատի անդամ Քարոլ Լուն իր ելոյթում յայտնեց, որ մենք ոգեգոչելով Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը՝ պատասխանատւութիւն ենք զգում՝ արգելք հանդիսանալ բոլոր այն հալածանքներին, որոնք աշխարհի որեւէ անկիւնում ուղղւած կը լինեն անմեղ ժողովրդին: Սա մեզ պարտադրում է ստուգել ամէն ինչ, որպէսզի այլեւս տեղի չունենան նման եղեռնագործութիւններ: Հէնց այդ պատճառով մենք Քալիֆորնիայի Սենատին ներկայացրեցինք թիւ 26 բանաձեւը:

Ձեռնարկի գլխաւոր բանախօսն էր հեռուստատեսային հռչակաւոր արտադրող Րաբըրթ Փափազեանը, որը NBC-ի համար իր արտադրած «Inherit the Wind»-ի շնորհիւ արժանացել էր «Էմի» մրցանակի: Նա իր ելոյթը սկսեց հանդիսատեսին պատմելով մանկութեան յուշերից: Նա պատմեց, որ տարրական դպրոցում իրեն ներկայացնելիս՝ ազգանունը անծանօթէր թւացել դասատուին, ուր նա ստիպւած՝ բացատրել էր իր հայ ազգութեան մասին: Արդիւնքում դասընկերուհին իրեն բացականչել էր «եախկ»-ով: Վերաբերմունքը այնպէս է ազդել մանուկ Րաբըրթի վրայ, որ ազգանունը վերածելու մտադրութեամբ դիմել էր իր յարգւած քեռուն, վաստակաւոր գրող եւ հասարակական-քաղաքական գործիչ՝ Շահան Նաթալիի (Յակոբ Տէր Յակոբեան) խորհուրդին, որը հնարամիտ պատասխանելով հասկացնում է մանկանը, որ Փափազեան անունը ամենայարմար կոչումը կարող է լինել իր համար: Ապա Փափազեանը անդրադառնալով իր աշխատանքային կենսագրութեանը՝ բացատրեց, թէ ինչպէս 1960-ականներին սկիզբ է առնում նրա մասնագիտական գործունէութիւնը հեռուստացանցի աշխարհում, որով հնարաւոր է դառնում միաժանակ հաղորդակցւել միլիոնաւոր հեռուստդիտողների հետ: Յիշատակելիէ, որ Փափազեանը մինչ օրս արտադրել է 80-ից աւել հեռուստատեսային կինոնկարներ, ինչու չէ նաեւ՝ մինի-սերիներ եւ հեռուստատեսային սերիաներ, որոնք ներկայացուել են «Էմի» մրցանակաբաշխութեան զանազան անւանակարգերում՝ 27 թեկնածութեան առաջադրանքով եւ 9 մրցանակով: Անցնելով բուն թեմային՝ Րաբըրթ Փափազեանը շեշտեց, որ հնարաւոր չէ մօռացութեան ենթարկել Հայոց Ցեղասպանութիւնը: Օրւայ բանախօսը մէջբերում կատարելով Ադոլֆ Հիտլերի յայտարարութիւնից, թէ «ո՞վ է այսօր յիշում հայերի բնաջնջման մասին»՝ ասաց. «Դուք որպէս հզօր մի ժողովուրդ գոյատեւեցիք ու բարգաւաճեցիք, մարդիկ աշխարհի շուրջ երբէք չմօռացան ձեզ եւ Ցեղասպանութեան թեման դասաւանդւում է դպրոցներում եւ համալսարաններում...»: Նա շեշտեց, որ հայ համայնքը իր թւելի մասնակցութիւնն է բերել Ամերիկայի հասարակական կեանքում՝ մասնագիտօրէն ծառայելով երկրի զանազան բնագավայրերում:

Օրուայ յայտագրի գեղարուեստական բաժնում տպաւորիչ ներկայացումներով հանդէս եկան Հայ Դրամատիկական Արւեստների Միութեան արուեստագէտները: Ներկայացւեցին դասական երաժշտութեան կատարումներ՝ Միքաել Աւետիսեանի ղեկավարած Գլենդէյլի ֆիլհարմոնիք նւագախումբի միջոցով, ուր ելոյթ ունեցան մեներգիչ Նարինէ Օջախեանը եւ դուդուկահար Ռուբէն Յարութիւնեանը:

Ծրագիրը աւարտւեց մոմավառութեամբ ներկաներին յանձնւած էլեկտրական մոմերով: Այստեղ ելոյթ ունեցան Ջիւան Գասպարեան կրտսերը եւ Անդրանիկ Գիզիրեանը՝ դուդուկի եւ ուդի միատեղ կատարումներով:

Ծրագրի հովանաւոողների շարքին էին Գլենդէյլի Ս. Աստւածածին Հայց. Առաք. եկեղեցին, ՀՕՄ-ի «Սիփան» Մասնաճիւղը եւ Գլենդելի Հայ Դատի Յանձնախումբը:

Լուրը տպագրւել է նաեւ «Օրակարգ» ամսագրում:
«Օրակարգ» ամսաթերթ, Ապրիլ 2010, Ե տարի, թիւ 53, էջ 1

(նկարահանումները՝ Էրւին Եաղուբեանից)

No comments: