Գլենդէյլի Հանրային գրադարանը այցելելու դէպքում, չի կարելի անտարբեր անցնել առաջին յարկի հիւսիս-արեւելեան անկիւնում շախմատին յատկացւած բաժնից, որն ամէնօրեայ հանդիպավայրն է ընդհանրապէս հայ տարեցներից բաղկացած շախմատիստների, որոնք երեկոյան հաւաքւում եւ աննկարագրելի խանդավառութեամբ խաղում են: Երկար տարիներ է, որ զբաղւած աթոռները, սեղանին շարւած տախտակներն ու խաղաքարերը եւ իհարկէ մերթընդմերթ աղաղակող շախմատիստները գրադարանի առօրեայ եւ անբաժանելի մասնիկն են դարձել: Գրադարանը հանդիպելու եւ միմեանց հետ ընկերաբար շփւելու կենտրոն է զանազան մշակոյթներից եկած հայերի համար՝ լինեն հայաստանցիներ, պարսկահայեր, թէ արեւմտահայեր՝ Լիբանանից, Սիրիայից, Իրաքից եւ այլուր: Չնայած յաճախողները մեծամասնութեամբ տարեցներ են, սակայն խաղով հետաքրքրւում են նաեւ մանուկներն ու երիտասարդները, այնպէս որ՝ կարելի է հանդիպել 6-7 տարեկան մանուկի, որ իր ծնողների հետ ամէն օր գալիս է խաղալու:
Այստեղ հաւաքատեղի է դարձել հայ մտաւորական խաւի ներկայացուցիչների՝ բարձրագոյն կրթութիւն ստացած, փայլուն անցեալ արձանագրած եւ մեծամասնութեամբ՝ հանգստի կոչւած մասնագէտների ու վարպետների, ներառեալ՝ արւեստագէտների, բժիշկների, գեներալների, դասախօսների, ինժեներների համար: Այս բաժնի մշտական այցելուներն են մարզական կոչումներ ստացած եւ յաղթանակներ արձանագրած հայ առաջնատար վարպետները: Հեղինակը այստեղ հանդիպել է սպորտի վաստակաւոր վարպետ եւ սուսերամարտիկ՝ Էդւարդ Դեմիրճեանին, որը զանանազան յաղթանակներ է շահել Սովետական միութեան մրցութիւններում ու տարիներ վարել մարզիչի պաշտօն: Այսօր Էդւարդի զաւակ՝ Գագիկը Ամերիկայի սուսերամարտի հաւաքականի աւագ մարզիչն է: Յարկ է նշել նաեւ ազատ ոճի ըմբշամարտիկ ու սպորտի վարպետ՝ Րաֆիկ Քոչարեանին, որը Խ. Միութեան ըմբշամարտի հաւաքական խմբի կազմում՝ փայլուն յաջողութիւններ է արձանագրել զանազան մրցութիւններում եւ երկար տարիներ եղել է Հայաստանի հաւաքականի խմբի գլխաւոր մարզիչը: Չպէտք է մօռանալ Պաւել Մեջլումեանին, որը աւարտելով Հայաստանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը՝ մինչ հանգստի կոչւելը ծառայել է որպէս մարզիչ: Իսկ՝ Դաւիթ Սարգսեանը եղել է Հայաստանի բասկետբոլի հաւաքական խմբի անդամ:
Հետաքրքրական է, թէ ի՞նչն է այս անձանց բերում գրադարան: Դաւիթ Սարգսեանը բացատրում է, թէ ինչպէս վերջին 16 տարիներին, Գլենդէյլ հաստատւելու առաջին իսկ օրերից, շարունակաբար յաճախել է գրադարան՝ շախմատ խաղալու համար: Նա կատակելով ասում է. «Եթէ մի օր այստեղ չլինեմ, ուրեմն այդ օրը հիւանդ եմ» եւ յետոյ աւելացնում. «Ամէն օր գալիս ենք խաղալու եւ երբ տանը հարցնում են, ասում ենք աշխատանքի ենք գնում»: Գարուշ Սիւքազեանը, որը Երեւանում տարիներ զբաղւել է երաժշտութեամբ ու դասավանդութեամբ, ունի հետաքրքիր մօտեցում. «Շախմատը մեզ հանգստութիւն է պատճառում եւ մենք առանց այս խաղի չենք կարող դիմանալ ու գոյատեւել: Սա մեր առողջութիւնն է»: Հանգստի կոչւած մեխանիկ ինժեներ՝ Ռազմիկ Համբարձումեանը բացատրում է, որ երկրորդ դասարանից, շախմատի սիրահար է եղել:
Հայաստանից ԱՄՆ գաղթած՝ հանգստի կոչւած բժիշկ Գագիկ Գալստեանը շախմատը հաճելի է համարում նրանով, որ անձը տրւելով տւեալ պահին՝ մօռանում է բոլոր իր հոգսերն ու վէճերը: Հայաստանի վաստակաւոր ինժեներ Նորայր Չիկեչեանը, որը մինչ իր հանգստի կոչւելը՝ տասեակ տարիներ վարել է մեծ շինարարութիւնների գլխաւոր ինժեների պաշտօնը, պատմում է, որ ամէն օր գրադարանի վերնահարկում օրւայ իրադարձութիւնների մասին ինտերնետով տեղեկանալուց յետոյ իջնում եւ զբաղւում է շախմատով: Իրանահայ Վրէժ Վարդանեանը միայն վեց ամիս է, որ հաստատւել է Գլենդէյլում, սակայն գրադարանի այս միջավայրը համարում է հիանալի առիթ՝ աւելի ու աւելի ծանօթանալու զանազան վայրերից եկած հայրենակիցների հետ: Մի այլ հայրենակից նշում է. «Ժամանակ առ ժամանակ հաւաքւում եւ ընկերական մրցումներ ենք անցկացնում»: Թէ ո՞վ է իրենց մէջ լաւագոյն շախմատիստը, ներկաները նշում են Սպարտակին եւ իրանահայ Պողոսին՝ վերջինիս անւանելով «գայլ»:
Վարուժան Բասմաջեանը (մասնագիտութեամբ՝ ատամնատեխնիկ) վեց տարի առաջ Ռուսաստանի Կրասնադարից եկել է ԱՄՆ: Նա այսպէս է կապում հայ ազգի հոգեբանութիւնն եւ շախմատը միմեանց հետ. «Շախմատը շատ հետաքրքիր խաղ է: Մեր հայերն էլ տաղանդաւոր ժողովուրդ են- սա գաղտնիք չէ, այդ պատճառով սիրում ենք այս ուշագրաւ խաղը: Մենք փոքր ազգ ենք, սակայն երկու անգամ մեզ յաջողւեց՝ դառնալ շախմատի համաշխարհային օլիմպիադայի ախոյեան. դա քիչ բան չէ»: Ֆիզիկոս Սարգիս Ղազարեանը Միացեալ Նահանգներում հաստատւելու առաջին իսկ օրերից (14 տարի առաջ) շարունակաբար յաճախել է գրադարան: Նրա համոզմամբ՝ շախմատը իբրեւ հինաւուրց ու բարդ մի խաղ՝ պահանջում է խիստ տրամաբանութիւն եւ մատեմատիկական հաշւարկ: Նա խաղը հետաքրքրական է տեսնում հայերի համար, քանի որ ազգի հիմքը համարում է դրւած խոհեմութեան ու տրամաբանութեան վրայ:
Գրադարանի շախմատի բաժինը ուշագրաւ է ոչ միայն շրջանի բնակիչներին, այլ նաեւ Գլենդէյլի ժամանակաւոր այցելուներին: Հայաստանից զբօսնելու նպատակով ԱՄՆ ժամանած գեղանկարիչ՝ Արտաւազդ Պապիկեանը հաճելի ժամանակ է անց կացնում գրադարանի այս բաժնում՝ իր մէկամսեայ ճամբորդութեան ընթացքին:
Այս յօդւածը նաեւ տպագրւել է «Օրակարգ» ամսաթերթում:
No comments:
Post a Comment