Tuesday, July 18, 2006

Հակահայկական վանդալիզմի դաժան կերպարը՝ Ադրբեջանում

Ադրբեջանը հետեւում է Թուրքիայի վանդալական ուղեգիծին
Չնայած խորհրդային տարիներում, Ադրբեջանի տարածքներում, մասնաւորապէս Ղարաբաղում ու Նախիջեւանում գտնւող հայկական պատմա-մշակութային յուշարձանները- ինչպէս խորհրդային իշխանութեան բռնապետութեան տակ գտնւող ոչ-ադրբեջանական հատւածներում- ենթարկւել են լայնածաւալ աւերածութեան, բայց խորհրդային կարգերի փլուզումից յետոյ, ի մասնաւորի վերջին այս տարիներում, Ադրբեջանի կառավարութիւնը ընդօրինակելով Թուրքիայի պանթուրքիստական ու հակահայկական քաղաքականութիւնը, գործադրել է մի վանդալական ուղեգիծ՝ համապատասխան Թուրքիայում իրագործւած մշակութային ջարդին: Անցած տասնամեակների ընթացքում Ադրբեջանը իր իշխանուշեան տարածաշրջանում, այսինքն՝ զաւթած հայկական հողերում եւ հայաբնակ տարածքներում փորձեր է կատարել՝ ոչնչացնելու հայ մշակոյթի նշաններն ու անհետացնելու նրա հետքերը: Այս ուղղութեամբ իշխանութիւնը փորձել է քանդել հայկական յուշարձանները կամ դրանք իւրացնել «աղւանական» յայտարարելու ճանապարհով: Նպատակը պարզ է. բռնագրաւած հայկական հողերը իւրացնել եւ հայաբնակ շրջաններում հայերի բազմադարեան գոյութիւնը հերքել:


Բազմաթիւ վանդալական ակտեր են արձանագրւել նամանաւանդ ԼՂՀ-ի հիւսիսային Արցախի եւ Կուրի ձախափնեայ հայկական շրջաններում: Առաւելապէս տուժել են հիւսիսային Արցախի, մասնաւորապէս Գետաբէկի եւ Դաշքեսանի շրջաններն ու ներկայում ԼՂՀ-ին յարակից (այժմ ազատագրւած) հատւածները: Ինչու չէ նաեւ վանդալիզմի առարկայ են դարձել Նախիջեւանի յուշարձանները: Տարէցտարի աւերւող յուշարձանների թիւն աւելացել է: Չնայած սկզբում ադրբեջանցիները հայոց եկեղեցիները կործանելու համար պայթեցման էին դիմում, բայց յատկապէս 1988 թւականի վերջերից, երբ հայկական պատմա-մշակութային յուշարձանների ոչնչացման գործընթացն աւելի արագ ու ծանր ընթացք ստացաւ, ադրբեջանցիները օգտւելով ստեղծւած պատերազմական իրավիճակից՝ փորձեցին ոչնչացնել հայոց հոգեւոր ժառանգութիւնները (ինչպէս՝ Եղնասարի վանքը)՝ տանկերի ու թնդանօթների համազարկերով պատճառելով աւելի քայքայիչ հարւածներ:
Ադրբեջանում իրագործւած վանդալական ակտերից (կատարւած թէ' խորհրդային, եւ թէ' յետխորհրդային տարիներում) կարելի է յիշել հետեւեալ օրինակները.

1- Ծարի գերեզմանատունը եւ Ս.Սարգիս ու Մայր եկեղեցիները
1950-1960-ական թւականներին ադրբեջանցիները Քարվաճառ շրջանի Ծար գիւղի ամբողջովին աւերւած պատմական (13-18-րդ դարերի) ու ընդարձակ գերեզմանատան կտորտանքի վերածւած խաչքարերը, տապանաքարերն ու հայերէն վիմագրերը (շուրջ 133 բեկոր) տեղափոխելով՝ օգտւեցին որպէս շինանիւթեր՝ գիւղի հարաւարեւելեան եզրին կառուցւելիք դպրոցի պատերի շինութեան համար:
Ծար գիւղի Մայր եկեղեցին (13-րդ դարի) մինչեւ 1950-ական թւականների վերջերը՝ կիսաւեր էր, իսկ այժմ դրանից ոչ մի հետք չկայ: Գիւղի Ս.Սարգիս եկեղեցին (1274) չնայած մինչեւ 1950-ականների վերջերը անվնաս ու կանգուն էր, բայց ներկայում ամբողջովին ոչնչացւել է:


2- Գետամիջոյ վանքը
1960-ականներին Քարվաճառ շրջանի Գետամիջոյ վանքը (1301-ի) քանդել ու շէնքի քարերով կառուցել են մի քանի բնակարաններ ու Ճրագ գիւղի դպրոցի շէնքը, որի պատերի մէջ դեռ նկատելի են մի վիմագրի 22 բեկորները:

3- Եղեգնուտի մօտակայքի եկեղեցին
Քարվաճառի շրջանի Եղեգնուտ (Ղամշլի) գիւղից 2 կմ. հարաւ-արեւմուտք գտնւող եկեղեցին (12-13-րդ դարերի) պայթեցւել է 1983 թւականին:

4- Աղղայեայի գերեզմանոցը
1970-1980-ական թւականներին Քարվաճառի շրջանի Աղղայեան գիւղի եզրին գտնւող 12-13-րդ դարերի գերեզմանոցի բոլոր խաչքարերը տեղահանել ու կոտրատել են:

5- Առաքելոց եւ Մովսիսաշէն գիւղերի միջեւ գտնւող եկեղեցին
1983-ին Քաշաթաղի (նախկին Լաչին) շրջանի Առաքելոց (Արոխլու) եւ Մովսիսաշէն (Քիւրդ-հաջի) գիւղերի միջեւ կառուցւած եկեղեցին պայթեցրին:

6- Հարարի գերեզմանոցը
1970-1980-ականներին Քաշաթաղի շրջանի Հարար (Ներքին Փարաջան) գիւղի հարաւարեւմտեան եզրին գտնւող գերեզմանոցի (12-20 դարերի) տարածքը հարթեցրել ու տեղում կառուցել են անասնապահական համալիր:

7- Օհանայ Եղցի եկեղեցին
Վերջին տարիներում միջնադարեան Օհանայ Եղցի եկեղեցին, որ գտնւում է Զանգելանից հիւսիս, Սուսանսար անտառապատ լեռնաշղթայի վրայ ու Գրհամ բերդի հարեւանութեամբ, պայթեցրել են:

8- Հին Թումաս գիւղի եկեղեցին
1970-ականներին Ջեբրայիլի շրջանի Հին Թումաս գիւղի եկեղեցին (12-13-րդ դարերի) քանդել ու քարերն օգտագործել են մի դպրոցի սանդուղքների շինութեան համար:

9- Վանքասարի եկեղեցին
1980-ական թւականների կէսերում վերանորոգման պատրւակով այլափոխել են Վանքասարի եկեղեցին (6-7-րդ դարերի): Պահպանւած միակ խաչքարը փոխադրել են Աղդամի բացօթեայ թանգարանը, որտեղ այդ քարը ներկայացնում են որպէս «աղւանական» յուշարձան:

10- Ղալաքեանդի եկեղեցիները
Գետաբէկի շրջանի Ղալաքեանդ գիւղում գտնւող 12 եկեղեցիներից (9-11-րդ դարերի) պահպանւել է միայն մէկը, այն էլ՝ կիսաւեր վիճակում:

11- Բանանցի մօտակայքի եկեղեցին
1986-1987-թւականներին Դաշքեսանի շրջանի Բանանց գիւղից 8 կմ հարաւ գտնւող 9-11-րդ դարերի եկեղեցին աւերել ու քարերը լցրել են ձորը:

12- Ցնծահալի եկեղեցին
1960-ականներին Դաշքեսանի շրջանի Ցնծահալ գիւղի եկեղեցին (16-17-րդ դարերի) հիմքից քանդել ու տեղում դպրոց են կառուցել:

13- Կիրանցի մօտակայքի եկեղեցին
1970-ականների վերջերում Կիրանց գիւղի մօտ գտնւող եկեղեցին ամբողջովին աւերել են էլեկտրահաղորդման սիւն կանգնեցնելու անւան տակ:

14- Վերին Քարհատի եկեղեցին
1970-ական թւականների վերջերում Վերին Քարհատ գիւղի եկեղեցին (16-17-րդ դարերի) հիմնովին քանդել են հանքավայրերի շահագործման պատրւակով:

15- Շուշիի Կանաչ ժամ եւ Ղազանչեցոց մայր եկեղեցիները
Մինչեւ Շուշիի ազատագրումը՝ քաղաքի Կանաչ ժամ եկեղեցին դարձել էր հանքային ջրերի ըմպելասրահ, իսկ Ղազանչեցոց Ս.Ամենափրկիչ մայր եկեղեցին՝ հասարակական զուգարան:

16- Սարսանգի ջրամբարին զոհ դարձած յուշարձանները
Սարսանգի ջրամբարի կառուցման զոհ դարձան 12-13-րդ դարերի երկու կամուրջներ, 13-17-րդ դարերի երեք մատուռներ եւ շուրջ 70 խաչքարեր: Նրանք արհամարհելով՝ մերժեցին չափագրել կամ լուսանկարել այդ յուշարձաններն ու քարերն օգտագործեցին պատւարի մէջ եւ այսպիսով՝ վերջում այդ բոլորը մնաց ջրամբարի յատակին:

17- Գանձակի Ս.Սարգիս եկեղեցին
1980-ական թւականներին Գանձակ (Գեանջա) քաղաքի Ս.Սարգիս եկեղեցին (17-րդ դարի) «վերանորոգման» անւան տակ դրսից աղիւսով երեսպատւեց ու կորցրեց իր հայկական ոճը: Անցեալում օգտագործւում էր որպէս ժողովուրդների բարեկամութեան պալատ:

18- Բաքւի գերեզմանոցը
Բաքւի գերեզմանոցը (18-19-րդ դարերի) աւերել են, իսկ շիրմաքարերը օգտագործել «Ինտուրիստ» հիւրանոցից մինչեւ Կիրովի զբօսայգի տանող ճանապարհի սանդուղքների շինարարութեան մէջ:

19-Շուշիի Պարին պիժ վանքը
Ադրբեջանցիները ԼՂՀ Շուշի քաղաքի բռնագրաւման ժամանակաշրջանում (չնայած միայն 11 ամիս տեւեց) քայքայեցին Պարին պիժ վանքը, այնպէս որ՝ աւերեցին նրա մատուռը հիմնովին, իսկ եկեղեցին (1658 թւականի)՝ մասամբ:

20- Մէյսարու Ս.Աստւածածին վանքը
1970-ական թւականների սկիզբներում Շամախու շրջանի Մէյսարու Ս.Աստւածածին վանքը պայթեցրեցին:



21- Գետաշէնի մօտակայքի Եղնասարի վանքը
1991 թւականի մայիսին ադրբեջանցիները, երբ բռնագրաւել էին Գետաշէնի գիւղի յարակից տարածքը, գիւղի մօտ գտնւող կանգուն եւ անվնաս Եղնասարի վանքը տանկերի ու թնդանօթների համազարկերով մի ակնթարթում փլեցրին:

22- Հին Ջուղայի գերեզմանատունը
Հին Ջուղան (ադրբեջաներէնով Ջուլֆա) գտնւում է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան տարածքում, նրա հարաւային բաժնում, Արաքս գետի ձախ ափում ու Իրան-Նախիջեւան սահմանագծում: Ջուղան համարւում էր պատմական Հայաստանի ամենանշանաւոր բնակավայրերից մէկը (ուշ միջնադարում Երնջակ գաւառի կենտրոնն էր) ու մինչեւ 1605 թւականը, երբ նրա հայ բնակչութիւնը Շահ Աբբասի հրամանով Պարսկաստան բռնագաղթւեց, հանրաճանաչ քաղաք էր: Բայց սոյն թւականից երբ շահը կործանելով քաղաքը՝ կանգուն թողեց միայն գերեզմանատունը, դարձաւ աւերակ մի քաղաք:

Ջուղայի պատմական գերեզմանատունը իր 9-17-րդ դարերին պատկանող անզուգական խաչքարերով ու տապանաքարերով տարածւած է աւերւած քաղաքի արեւմտեան մասում փոքրիկ ձորակներով միմեանցից բաժանւած բլրակների վրայ: Գերեզմանոցը ունի իր պատմական ու գեղագիտական բացառիկ արժէքները, այնպէս որ՝ իւրայատուկ տեղ է գրաւում հայկական մշակութային կոթողների մէջ՝ թէ' ազգային, եւ թէ' միջազգային չափանիշով: Խաչխարերը իրենց մշակման կատարելութեամբ բաժանւելով երեք տարբեր խմբերի (9-14 դդ, 14-16 դդ, 16-րդ դարից մինչեւ 1605 թւականը)՝ խաչքարային արւեստում համարւում են անկրկնելի նմուշներ ու ներկայացնում՝ հայկական 1500ամեայ քարտաշութեան աւանդոյթը:

Ջուղայի տեղահանութիւնից յետոյ 1648 թւականին գերեզմանոցում արձանագրւել էին շուրջ 10000 խաչքարեր: 20-րդ դարի սկզբից ու նամանաւանդ խորհրդային տարիներից առ այսօր Նախիջեւանի հայկական կոթողները դարձել են վանդալիզմի առարկայ: Հակահայկական մշակութային ջարդը սկսել է Ռուսաստանի տիրապետութեան ժամանակից, այսինքն 1905-1906 թւականներից, եւ շարունակւել խորհրդային տարիներում, 1920-ականներից մինչեւ 70-ականները, որի հետեւանքով՝ Հին Ջուղայում ոչնչացւեցին շուրջ 6000 խաչքարեր: Խորհրդային տարիներում սոյն գերեզմանատունը ոչ միայն չի արժանացել յուշարձանների պահպանութեան վարչութեան ուշադրութեանը, այլեւ թոյլատրւել է, որ մերձակայ գիւղերի թուրք ազգաբնակչութիւնը խաչքարերը կոտրատելով՝ օգտագործի շինարարութեան մէջ: 1971 եւ 1973 թւականների կատարած հաշւարկումների համաձայն՝ կանգնած ու ընկած խաչքարերի թիւը հասնում էր շուրջ 2700-ի:

Յետխորհրդային տարիներում Ադրբեջանի իշխանութիւնը հիմք ունենալով պանթուրքիստական աւերատենչական քաղաքականութիւնը, կրկնակի բարբարոսութեամբ շարունակեց վանդալական վերաբերմունքը՝ Նախիջեւանի հայկական յուշարձանների նկատմամբ: 1998 թւականից մինչ այսօր Ադրբեջանը օգտւելով իր զինւորական ուժերից՝ ոչնչացրել է կանգուն մնացած խաչքարերը՝ մի քանի եկեղեցիների հետ միասին: Այս ծրագիրն իրագործւել է սիստեմատիկ ու կազմակերպւած կարգաւորութեամբ՝ մի քանի փուլերով:

1998 թւականին Ադրբեջանի զինւորները փորձեցին ոչնչացնել այդ կոթողները: 1998-ի նոյեմբերին Իրանի սահմանից ականատեսները վկայում են, թէ ինչպէս ադրբեջանցիները բուլդոզերով քանդում ու տեղահան էին անում խաչքարերը եւ տապանաքարերը, տեղը հարթում ու յետոյ քանդւած բեկորները՝ գնացքով տեղափոխում: Շուրջ երեք շաբաթ շարունակ տեւած բարբարոսութեան հետեւանքով՝ խաչքարերի գրեթէ 30 տոկոսը (800 խաչքար) ոչնչացւեց: Երկաթուղով քարերի տեղափոխումը փաստն էր այն բանի, որ այս բոլորը Նախիջեւանի իշխանութիւնների հրահանգով էր կատարւել: Միայն Հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող կազմակերպութեանը (RAA) եւ «Երկիր ու մշակոյթ»-ի (Land and Culture) ու նման հաստատութիւնների բուռն բողոքների ու ԻՒՆԵՍԿՕ-ի եւ ԻԿՕՄՕՍ-ի ու այլ համաշխարհային կազմակերպութիւնների միջամտութեամբ էր, որ ոչնչացման ծրագիրը, չնայած ժամանակաւոր կերպով, կասեցւեց:
2002-ի նոյեմբերի 9-ին Ադրբեջանը վերսկսեց ոչնչացման ծրագիրը՝ աւերելով հարիւրաւոր խաչքարեր: Նոյեմբեր 25-ին Իրանի սահմանից նկարահանւած լուսանկարները փաստն էին կատարւած վանդալութեան:

Ինչպէս բոլորս տեղեակ ենք, 2005-ի դեկտեմբերի 10-ից սկսած՝ մօտ 200 ադրբեջանցի զինւորների միջոցով Ջուղայի գերեզմանատունն ամբողջովին բնաջնջման ենթարկւեց: Զինւորները քարաքանդիչ ինքնաշարժների, կռանների ու տապարների օգնութեամբ խաչքարերը մէկ առ մէկ ջարդ ու փշուր էին անում, յետոյ լցնում բեռնատար մեքենաներն ու փոխադրելով՝ լցնում Արաքս գետը: Հետաքրքիրն այն է, որ վերջերս ադրբեջանցիները համաշխարհային բուռն բողոքների դիմաց յայտնել են, որ այդ գերեզմանաքարերը ոչ թէ հայկական, այլ աղւանական են եղել:



23- Նախիջեւանի միւս յուշարձանները
Հաւանաբար բազմաթիւ հայկական պատմա-մշակութային յուշարձաններ Նախիջեւանում, ինչու չէ նաեւ Ադրբեջանի միւս տարածքներում, ենթարկւել են Ջուղայի գերեզմանատան ճակատագրին, միայն քանի որ սահմանի այս միւս կողմից տեսանելի չեն, բնականաբար որեւէ յստակ տեղեկութիւն չկայ նրանց մասին, բայց հասած ստոյգ տեղեկութիւնները հաստատում են, որ ադրբեջանցիները Նախիջեւանում միտումնաւոր կործանել են 250-ից աւելի հայկական վանքեր, ինչպէս Աստապատի Կարմիր վանքը ու Ջուղայի Ս.Ամենափրկիչ վանքը: Ուշագրաւ է որ մինչև 1910-ական թւականները, Նախիջևանում գտնւող շուրջ 100 հայկական բնակավայրերում գործել է 180-ից աւելի եկեղեցի ու 32 վանք։

Օգտւած աղբիւրներ


Այս յօդւածը նաեւ տպագրւել է Ալիք օրաթերթում:

No comments: