Thursday, August 12, 2010

Լուսանկարիչ-Լրագրող, Պատուոյ Փրոֆեսոր, Համաշխարհային Մրցոյթների Դափնեկիր Ռաֆայէլ Համբարձումեանի Հետ

Միացեալ Նահանգների Պրոֆեսիոնալ Լուսանկարիչների Միութեան անդամ եւ միջազգային լուսանկարչական մրցոյթների դափնեկիր՝ հայ անուանի լուսանկարիչ-թղթակից՝ Ռաֆայէլ Համբարձումեանը իր 65-ամեայ ստեղծագործական գործունէութեամբ՝ հասցրել է բարձր անուն վաստակել հայկական ու միջազգային գեղարուեստական եւ լրատուական լուսանկարչութեան շրջանակներում: Նրա դիմանկարներում անմահացել են հայոց հանճարները, իսկ բնապատկերներում յաւերժացել է Հայաստանի բնութեան գեղեցկութիւնը: Նրա վաւերագրական նկարներում հաւաստագրուել են հայ կեանքի պայծառ ու դժգոյն պահերը:

Ռաֆայէլ Համբարձումեանի հետ հեղինակի հանդիպումը կայացաւ նրա բնակարանում: Այն իսկական տունթանգարան է, որտեղ պատերին փակցուած պատկերներն ու գնահատագրերը վկայում են վարպետի աւելի քան վեց տասնամեակների ստեղծագործական գործունէութեան մասին: Հրճուանքով ես թերթում հայ հանճարի բացառիկ աշխատանքների ալբոմը ու հիացմունքով կանգ առնում իւրաքանչիւր նկարի վրայ:

Դէմքերի լուսանկարումը եղել է նրա գործունէութեան կարեւորագոյն բաժինը: Նկարահանել է բազմաթիւ հայ անուանի դէմքեր, որոնք ինչպէս ինքը լուսանկարիչն է նշում՝ «Յաւերժի ճամբորդներ» գրքում, «աշխարհին տուել են հրաշալի կոթողներ, երաժշտութիւն, կտաւներ, գիտութիւն, արւեստ եւ դրան զուգահեռ այնպիսի տարածքներ, որտեղ մարդն առաջին անգամ ոտք դրեց»: Այդ անձանց շարքին կարելի է յիշել՝ Արամ Խաչատրեանին, Մարտիրոս Սարեանին, Երուանդ Քոչարին, Գուրգէն Ջանիբէկեանին, Յովհաննէս Շիրազին, Վիկտոր Համբարձումեանին, Վահրամ Փափազեանին, Հրաչեայ Ներսիսեանին, Օհան Դուրեանին, Վիլեամ Սարոյանին, Շառլ Ազնաւուրին եւ բազում այլ հանճարներին: Կերտած ամէն մի դիմանկար, լոյսի ու ստուերիներ դաշնակութեան եւ համապատասխան կադրի ընտրելու շնորհիւ՝ ոչ միայն մանրամասնօրէն բնութագրում է նկարում յայտնուած անձի դէմքի գծագրութիւնը, այլ ցայտուն կերպով արտացոլում է նրա տաղանդն ու անհատական առանձնայատկութիւնները, ասես՝ խօսում է նկարահանուած անձի կենսագրականի ու գործունէութեան մասին:

Հայ վաստակաւոր նկարիչի արխիւը հարուստ է հայոց լեռնաշխարհի բնական գեղեցկութիւնը նկարագրող լուսանկարներով: Ինչու չէ նաեւ յատուկ տեղ են գտել հայ ճարտարապետների կերտած պատմական ու ժամանակակից սքանչելի կոթողները: Դիտելով իւրաքանչիւր նկար՝ ակամայ հարցնում ես, թէ ի՞նչպէս կարելի է մի լուսանկարում յաւէրժացնել բնութիւնը՝ իր ներդաշնակ գոյներով ու գեղեցկութեամբ, կամ ճարտարութեամբ կառուցուած շինութիւնը՝ իր բոլոր մանրամասնութեամբ ու նրբութիւններով: Հանճարեղ նկարիչ՝ Գրիգոր Խանջեանը անուանի լուսանկարչին նուիրած յօդուածում գրում է. «Համբարձումեանի դիմանկարները կառուցուած են խօսուն աչքերի արտայայտչականութեան վրայ, դրանցից լաւագոյնը՝ «Վիրաբուժը», լուսանկարչին լայն ճանաչում բերեց ո՛չ միայն մեր երկրում»:

Ռաֆայէլ Համբարձումեանի ստեղծագործութիւնները գեղարուեստական պարզ օրինակներ են, ուր լուսանկարչութիւնը դառնում է արուեստ: Ռուս անուանի գրող եւ արուեստաբան Եուրի Նագիբին ասում է. «Առ այսօր սիրում են գեղանկարչութիւնը լուսանկարչութեանը հակադրել՝ ասելով, թէ գեղանկարչութիւնը կեանքի գեղանկարչական պատկերումն է, իսկ լուսանկարչութիւնը՝ անհոգի ընդօրինակում: Որքա՜ն սխալ եւ որքա՜ն ծերացած կարծիք: Կատարեալ լուսանկարը կեանքի նոյնպիսի վերացոլումն է, ինչպէս եւ արւեստի միւս տեսակները՝ գեղանկարը, երաժշտութիւնը, պոէզիան: Ռաֆայէլ Համբարձումեանի հրաշալի լուսանկարչութիւնը սրա լաւագոյն ապացոյցն է ... (մէջբերումը՝ «Slide» ամսագրից): Գրիգոր Խանջեանը Ռ. Համբարձումեանի հասցէին գրում է. «Եթէ գեղանկարչութեանը բնորոշն են հաստատումն ու աւարտուն միտքը ընդհանրացուած փիլիսոփայութեամբ, ապա լուսանկարչութեանը յատուկ է պահի տիպական, երբեմն անորսալի տրամադրութիւնը, տեղի եւ ժամանակի փաստայնութիւնը: Տեսնել, որսալ եւ յաւէրժացնել այս ամէնը բնական հնչեղութեամբ, չափազանց դժուար է, իսկ եթէ այն իրագործւում է լաւ կամ գերազանց, ուրեմն կատարողն արուեստագէտ է... Ռաֆայէլ Համբարձումեանին ես այսպիսի արուեստագէտ ու վարպետ եմ համարում»:

Ռաֆայէլ Համբարձումեանի լուսանկարները ինքնատիպ են: Հայ լուսանկարիչը պատմում է, թէ ինչպէս «Երեկոյեան Երեւան» օրաթերթում աշխատանքային տարիներին՝ այլ պարբերականների լուսանկարիչները ընդօրինակում էին իր աշխատանքները: Պէտք է նշել, որ ԽՍՀՄ-ի օրօք հրատարակուեց Սովետական Միութեան լաւագոյն լուսանկարների ալբոմը, իւրաքանչիւր լուսանկարիչից մէկական լուսանկարով ուր Հայաստանից ներկայացուած էր միայն Ռաֆայէլ Համբարձումեանի աշխատանքը: Հայ նկարիչը բացայայտելով վաստակած իր յաջողութեան գաղտնիքը՝ անչափ կարեւոր է համարում ճաշակի հարցը: Նա շեշտում է, որ նկարահանումը պէտք է կատարել գեղարուեստական ոճով: Նկարը չպէտք է «շաբլոն» լինի:

Վաստակաւոր նկարիչը պատանի տարիքում է ծանօթացել լուսանկարչութեան հետ, երբ կորցրած լինելով ծնողներին՝ իր եւ կրտսեր եղբօր կարիքները հոգալու համար ստիպուած էր աշխատել: Նա 1946 թուականից սկսեալ՝ հինգ տարիներ շարունակ աշխատում է Գերմանիայում լուսանկարչութեան բարձրագոյն գեղարուեստական ինստիտուտ աւարտած Թորգոմ Բոյաջեանի աշխատանոցում՝ նրանից սովորելով լուսանկարչութեան գաղտնիքները: Ռաֆայէլ Համբարձումեանը յարգանքով է յիշում իր վարպետին՝ կրկնելով նրա խրատը. «Ռաֆի՛կ ես չեմ ուզել տեղի փինաչիների նման նկարիչ դառնաս: Դու իմ աշակերտն ես եւ իմ նման մարդ պէտք է դառնաս, բծախնդիր պէտք է լինես...»: Նա պատմում է, երբ մրցոյթին ներկայացրած լուսանկարը առաջին անգամ արծաթէ մեդալ շահեց, իր վարպետը գոհունակութիւն յայտնելով՝ համբուրեց իր ճակատը: Այսպիսով իր տաղանդի եւ վարպետից վաստակած գիտելիքների շնորհիւ՝ Ռ. Համբարձումեանը 1956 թուականին որպէս լուսանկարիչ-թղթակից (photojournalist) աշխատանքի է անցնում «Երեկոյեան Երեւան» օրաթերթում, ուր անց է կացնում իր գործունէութեան տարիների ամենաերկար բաժինը: Արուեստագէտի լուսանկարները տեղ են գտել նաեւ զանազան գրքերի, օրացոյցների ու պարբերականների, ինչպէս՝ «Սովետական Հայաստան» եւ «Արւեստ» ամսագրերի, էջերում եւ շապիկների վրայ:

Միջազգային հռչակի արժանացած Ռաֆայէլ Համբարձումեանի լուսանկարները զարդարել են 100-ից աւել անհատական եւ խմբական ցուցահանդէսներ, աշխարհի զանազան երկրներում: Նա մասնակցել է բազմաթիւ մրցոյթների, արժանանալով տասնեակ պատուոյ գրերի, դիպլոմների, շքանշանների եւ մեդալների: 1959 թուականին Մոսկուայում կազմակերպուած համամիութենական լուսանկարչական մրցոյթին տաղանդաւոր նկարիչը արժանանում է երկրորդ կարգի դիպլոմի: Համաշխարհային ճանաչում գտած «Վիրահատութիւնից յետոյ» լուսանկարչական աշխատանքը տարիներ շարունակ գնահատանքի է արժանացել մասնագիտական լուսանկարչութեան միջազգային շրջանակների կողմից: Ստեղծագործութիւնը շահել է բազմաթիւ մրցանակներ ու տպագրուել բազում թերթերում եւ ամսագրերում: «Վիրահատութիւնից յետոյ» լուսանկարը 1967 թուին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետութիւնում 84 երկրների միջեւ կազմակերպուած միջազգային լուսանկարչական մրցոյթին շահեց արծաթէ մեդալ եւ դիպլոմ: 1974 թուականին Անդրկովկասեան լուսանկարիչների մրցոյթին Ռ. Համբարձումեանը շահեց առաջին եւ երկրորդ կարգի դիպլոմներ: 1976 թուականին Սովետական Միութեան Ներքին Գործերի Նախարարութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած փառատօնին ստացել է պատուոյ մեդալ: Նոյն տարի «Իզուեստիա» թերթի կազմակերպած մրցոյթին արժանանում է առաջին կարգի դիպլոմի: Ապա 1977-ին Մոսկուայի Համամիութենական լուսանկարչական մրցոյթին պարգեւատրւում է առաջին կարգի դիպլոմով, իսկ 1978-ին «Սովետական Հայաստան» ամսագրի լուսանկարչական մրցոյթին շահում է երկու առաջին մրցանակները: Ռաֆայէլ Համբարձումեանը նաեւ հրապարակել է 30-ից աւել գրքեր եւ պլակատներ եւ օրացոյցներ:

Տասնամեակից աւել է, որ Ռաֆայէլ Համբարձումեանը ապրում է Լոս Անջելըսում եւ շարունակում է իր գեղարուեստական գործունէութիւնը: Ռաֆայէլ Համբարձումեանի լուսանկարները եզակի միջոց են հանդիսացել՝ ամերիկեան համայնքին ներկայացնելու Հայաստանն ու հայի կերպարը: Նրա աշխատանքները ցուցադրուել են Ամերիկայում կազմակերպուած զանազան ցուցահանդէսներին ու արժանացել բարձր գնահատանքի: 2002 թուականին Փասադինայի ցուցահանդէսին ներկայացուած նրա լուսանկարները շահեցին լաւագոյն միաւորներ: Կրկին, 2003 թուականին նոյն քաղաքում անց կացուող լուսանկարչական մրցոյթին բարձր գնահատանքի արժանացան նկարչի ցուցադրուած լուսանկարները: 2003 թուականին ԱՄՆ-ի Արհեստավարժ Լուսանկարիչների Միութեան (Professional Photographers of American - PPA) նախաձեռնութեամբ Վաշինգթընում կազմակերպուած լուսանկարչական ցուցահանդէսին մասնակցեցին «Վիրահատութիւնից յետոյ», «Յովհաննէս Շիրազ» եւ «Ձմեռային Հանդիպում» աշխատանքները, որոնք շահեցին լաւագոյն միաւորները: Այսպիսով բարձր գնահատուելով PPA-ի կողմից՝ Ռ. Համբարձումեանը դառնում է նշեալ միութեան պաշտօնական անդամը: 2003 թուականին «Վիրահատութիւնից յետոյ» աշխատանքի համար նա շահում է առաջին մրցանակը Լաս Վեգասում PPA-ի կազմակերպած լաւագոյն լուսանկարիչների ցուցահանդէս մրցոյթին: Յիշատակելի է, որ Ռ. Համբարձումեանի 75 ամեակի առիթով 2007 թ. Բոստոնում կազմակերպուեց անհատական ցուցահանդէս: Նախաձեռնութիւնը լայն արձագանգ գտաւ տեղական մամուլում, այնպէս որ «Metrowest Weekend»-ը երկու էջերով ներկայացրեց հայ վարպետի գործերը: 2008 թուականին «Մաշտոց» Քոլեջի նախաձեռնութեամբ՝ Գլենդէյլի Հանրային գրադարանում ցուցադրուեցին Ռաֆայէլ Համբարձումեանի 250 գործերը, որտեղ իր 65 տարիների գեղարուեստական վաստակը գնահատուելով արժանացաւ լուսանկարչական արուեստի պատուաւոր փրոֆեսորի կոչումին եւ իր դիպլոմը ստացաւ Մաշտոց Քոլեջի տնօրէն Կարպիս Տ. Եղիայեանից:

Այս տարուայ Յունիս 21-ին Հայաստանի գրողների միութիւնում կայացաւ Ռաֆայէլ Համբարձումեանի անհատական ցուցահանդէսը, որտեղ հին լուսանկարների կողքին ներկայացուեցին լուսանկարիչի վերջին այցի 20 օրերի ընթացքում Հայաստանում նկարահանուած կադրերը: Լուսանկարիչը 5 տարուայ դադարից յետոյ առաջին անգամ էր Հայաստանում, ուր ներկայացնում էր իր աչքերով վերափոխուած Երեւանը, ինչպէս նաեւ Հայաստանի տարբեր տեսարժան վայրերը: Ներկայացուած աշխատանքների շարքում էին տեղ գտել զանազան կադրեր բնութիւնից, քաղաքի տեսարաններից, մշակութային եւ քաղաքական յայտնի դէմքերից, վերջին տարիներին բացուած խաղատներից եւ Հանրապետութեան Հրապարակից: Ցուցահանդէսին ներկայացուեց իր 31-րդ գիրքը՝ «Յաւերժի Ճամբորդները»: Ելոյթ ունեցան Հայաստանի գրողների միութեան նախագահ՝ Լեւոն Անանեանը՝ հաստատելով, որ շուրջ 65 տարիներ Ռ. Համբարձումեանը իր արւեստով ներկայացրել է մեր երկիրը ամբողջ աշխարհին: Իսկ ՀԳՄ-ի քարտուղար Յովհաննէս Գրիգորեանը, իր հերթին նշեց թէ. «Երբ լուսանկարիչն ունենում է արուեստագէտի աչք, ապա լուսանկարչական օպյեկտիւը վեր է ածւում վրձնի»: Ելոյթ ունեցաւ նաեւ Փարաջանովի տուն թանգարանի տնօրէն՝ Զաւէն Սարգսեանը: Ներկայ էին բազմաթիւ մտաւորականներ եւ արուեստագէտներ, նրանց շարքում Երեւան քաղաքի նախկին գլխաւոր ճարտարապետ՝ Ջիմ Թորոսեանը:

Նիւթը նաեւ հրատարակւել է «Օրակարգ» ամսաթերթում:

Wednesday, August 11, 2010

Հանդիպում «Նոր Հայաստան» օրաթերթի խմբագիր՝ Վահան Վահանեանի հետ

Ներկայացրէք ձեր կենսագրականն ու գործունէութիւնը:

Ծնուել եմ 1939 թուականին Բէյրութում: Ֆրանսական ուսում եմ ստացել: 1958 թուականից ի վեր զբաղուել եմ լրագրութեամբ: Այսինքն քսան տարեկան չէի, եnμ սկսեցի լրագրութիւնը: Բէյրութում համագործակցել եմ ֆրանսական ու հայկական մամուլին: Հրատարակել եմ «Նոր կեանք» շաբաթաթերթը: Տէրը ուրիշն էր, բայց ես էլ բաժնետէր էի: 1978-ին փոխադրուելով Ամերիկա, հիմնեցի «Նոր Կեանք» թերթը: Երեք տարի յետոյ բաժինս վաճառեցի Գրիգոր Շէնեանին: Չորս տարի զբաղուեցի հեռուստատեսութեամբ՝ Սարգիս Մուրադեանի հետ: Ապա հիմնեցի «Նոր Հայաստան»-ը: 1992 թուականի Յունուարի 15-ին լոյս տեսաւ թերթի առաջին համարը: Համարեա քսան տարի է, որ «Նոր Հայաստան»-ը ամէն օր տպագրւում եւ անվճար բաժանւում է ութ հազար տպաքանակով:

Նոր սերունդի մօտ զգալիօրէն իջել է հայերէնի իմացութեան մակարդակը: Իսկ՝ ազգային հարցերի ոլորտում համարեա անտարբերութեան մթնոլորտ է տիրում: Ինչպէ՞ս էք գնահատում Ամերիկայի հայալեզու մամուլի ապագան:

Հաստատում եմ այն: Մեր սրտի տրոփումներ զօրանում են, ամէն անգամ երբ այս նիւթի մասին խօսում ենք: Ես, որ ընտանիքով հայախօս եմ, բոլոր զաւակներս հայախօս են, ասենք եթէ հինգ տարբեր թերթեր եմ տանում տուն, որոնցից միայն մէկը անգլերէն է, նախ ընթերցւում է անգլերէնը, ապա հայերէնները: Պատճառը կը բացատրեն նրանով, որ անգլերէնը աւելի դիւրին է ու հասկանալի: Դժուար կացութեան մէջ է մեր հայալեզու մամուլը: Ոչ միայն մամուլի, այլ՝ հայալեզու ընթերցանութեան, հայալեզու հաղորդակցութեան ու նաեւ հայալեզու դպրոցների կապակցութեամբ դժուար կացութեան մէջ ենք գտնւում, որովհետեւ վերջ ի վերջոյ հարց են տալիս, թէ ապագայում ինչի՞ պէտք է ծառայի հայերէնը: Սա փոթորկալից հարցում է: Կը արտայայտուեն, թէ նախընտրում են իրենց զաւակը օտարալեզու դպրոց յաճախի, որպէսզի օտար լեզուին տիրապետի, դիրք շինի ու կարողանայ Ամերիկայում ամէն տեղ մուտք գործի: Սա անշուշտ մեծ հոգս է պատճառում: Լուծո՞ւմ, կարծեմ չկայ: Լուծումը միայն վերադարձն է դէպի երկիր: Մեր գաղթօջախները աւելի հայ էին: Սակայն՝ վերադարձ հնարաւոր չէ: Ուրեմն յուսահատական է մեր վիճակը: Որտե՞ղ պիտի հասնենք, չգիտեմ:

Ուրեմն իրավիճակից դուրս գալու համար որեւէ ելք չկա՞յ:

Եթէ կայ, ցոյց տուէք: Այստեղ պէտք է գնահատել մեր կուսակցութիւններին ու եկեղեցիներին, որոնք տակաւին սիրտը ունեն՝ հայապահպանման գոյապայքար տանելու եւ հաւատալու, որ պէտք է մնանք: Որքա՞ն պէտք է գոյատտեւենք: Աղջիկս ամուսնացած է եւ ունի երէք զաւակներ: Ինքը եւ ամուսինը հայախօս են: Երկու անդրանիկ զաւակները եւս հայախօս են, սակայն երրորդ տղան, որը ութ տարեկան է, չգիտես որտեղից բերել է անգլերէն խօսելու հիւանդութիւնը, այնպէս որ իր հետ հայերէն խօսելու պարագային պատասխանում է անգլերէնով: Սա տալիս եմ իբրեւ մի օրինակ, որը մաշկիս վրայ եմ զգացել: Ամէն տան մէջ կան նմանատիպ փոթորիկներ: Ո՞ւր է յոյսը: Ես ժխտական մարդ չեմ, բնաւորութեամբ լաւատես եմ, սակայն սա է իրականութիւնը:

Ամերիկահայ թերթերը իրենց ֆինանսական խնդիրները լուծելու եւ գովազդային աղբիւրներ ապահովելու հարցում լուրջ դժուարութիւններ են կրում: Ինչպէ՞ս էք գնահատում վիճակը:

Չեմ կարող խօսել ընդհանուրի անունից, սակայն մի նայուածքով կարող եմ ասել, թէ ինչ վիճակ է ապրում այս կամ այն հրատարակիչը կամ խմբագիրը: Գովազդի պակաս կայ: Նոյնիսկ եթէ լինում է գովազդ, մնում է գումարի գանձելու դժուարութիւնը: Չես կարող դիմացիինդ վիրաւորել ու պիտի համբերես: Պէտք է հնարամտութեամբ լուծես դժուարութիւնները: Ինձ հարց են տալիս, թէ ինչպէ՞ս եմ դուրս գալիս այս բոլորի տակից: Ես էլ չգիտեմ: Ամէն օր մի հրաշք է պատահում: Ոմանք մեղադրում են, որ ինչ-ինչ աղբիւրներից օգնութիւն է հասնում: Մենք չենք ծառայում որեւէ քաղաքական հոսանքի: Երբ 1978 թուականին այստեղ հիմնեցի «Նոր կեանք» թերթը, խօսքեր տարածուեցին, որ ես Բրեժնեւի մարդն եմ ու երեք միլիոն դոլար եմ ստացել՝ խանգարելու Լոս Անջելըսի հայ գաղութը: Թերթը որեւէ աղբիւրից օգնութիւն կամ նպաստ չի ստանում: Չեմ ստացել որեւէ նուէր որեւէ տեղից: Մի անգամ, թերթի հրատարակման ութ-ամեակին, մեծ յայտարարութեամբ խնդրեցինք ժողովրդին իր լուման ներդրի՝ թերթի աշխատութիւնը շարունակութեան մէջ մնալու համար: Միայն երկու տեղից քսան դոլար եկաւ, սակայն մենք չյուսահատուեցինք:

Գովազդների իմաստով հայկական թերթերը չե՞ն հետաքրքրում հայ գործարարներին:

Նրանք իրաւունք ունեն: Հայութեան թիւը հաշուենք կէս միլիոն: Կան բազմաթիւ գոհացնող հեռուստատեսային կայաններ ու հրատարակուող թերթեր: Դեռ գալիս են նորերը: Առեւտրականը աշխատում է այն թերթի կամ հեռուստատեսութեան հետ, որը լաւագոյն խօսող գովազդ վաճառողը ունի: Ես նման մէկի չունեմ: Սպասում ենք հեռախօսեն ու փափագ յայտնեն: Մենք դուռ չենք զարնում:

Ամերիկահայ մամուլը որքանո՞վ կարող է ազդեցիկ դեր կատարել ԱՄՆ-ի ներքին ու արտաքին քաղաքականութեան մէջ:

Քաղաքական գետնի վրայ հայկական մամուլը անշուշտ կարող է նպաստ բերել որոշ թեկնածուներին: Ամէն մի թերթ ինչոր չափով ունի իր համակիրները, որոնք հետեւում են նրա տուած ուղղութեանը: Հենց այդ պատճառով քաղաքական մարդիկ ընտրութիւնից առաջ դիմելով մեր ծառայութիւններին՝ քաղաքական գովազդ են ապահովում:

Որո՞նք են «Նոր Հայաստան»-ի որդեգրած նպատակները եւ ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած թերթը:

Նախ «Նոր Հայաստան»-ը դասական ուղղագրութեամբ հրատարակուող թերթ է: Լեզուն թէ' արեւմտահայերէն, թէ' արեւելահայերէն եւ թէ' «մարդահայերէն» է: Մենք չենք հաւատում Հայաստանի նոր աբեղեանական ուղղագրութեան: Ցանկանում ենք հաւատարիմ մնալ մեր մեսրոպաշունչ ուղղագրութեանը:

Ինչպէս անունից է յայտնի, թերթի նպատակն է առաւել արագութեամբ սփիւռքի այս գաղթօջախին ներկայացնել գլխաւորապէս նոր Հայաստանի՝ անկախ Հայաստանի անց ու դարձերը: Գլխաւոր նպատակը հայապահպանման պայքար տանելն է: Զուտ հայերէնով պատրաստուած թերթը պէտք է ամէն առաւօտեան ութ հազար տուն մտնի՝ ասելու, թէ եկել եմ պահելու հայութիւնը:

Մեզ մօտ չկայ սրա, նրա կամ այս ու այն կուսակցութեան դէմ պայքարելը: Մենք չունենք կողմնակցական որեւէ միտում: Թերթի ճակատի վրայ գրուած է՝ «Նոր Հայաստան՝ ամէնուն օրաթերթը»: Թերթը բոլորի համար է: Չի պատահել երկու կողմերի միջեւ մէկի դիմաց դիրք ճշտենք: Անցեալում ինձ մեղադրում էին, որ Քոչարեանական եմ, իսկ հիմա ինձ Սերժ Սարգսեանական են անուանում: Ուղղակի՝ մարդը մի գործ է անում եւ մենք դրա արձագանքն ենք տալիս: Ինչոր կուսակցութեան մասին խօսելով չի նշանակում, որ պիտի օրօրենք նրա օրօրոցը: Բէյրութի «Սփիւռք» շաբաթաթերթի տնօրէն Սիմոն Սիմոնեանը գեղեցիկ մի խօսք ունէր՝ «Մենք որպէս լրագրող բոլորի հետ ենք եւ բոլորի դէմ ենք»: Բոլորի հետ ենք, եnμ լաւ մի գործ կը կատարեն եւ բոլորի դէմ ենք, երբ վատը կը կատարեն:

Նիւթականի իմաստով ահռելի դժուարութիւնների առջեւ ենք գտնւում: Ամէն թերթ ունի իր համակիր, վստահելի եւ մնայուն յաճախորդները, որոնք տեւական ծանուցումներով պահում են թերթը: Հնարաւոր չէ գոյատեւել պատահական յաճախորդներով: Եթէ մի շարք անձինք տեւական առեւտրական ծանուցումներ չտրամադրեն, թերթի հրատարակումը կը դադարի: Այդ պատճառով պէտք է շնորհակալութիւն յայտնեմ այդ անձանց: Անուններ չեմ կարող տալ, անյարմար է: Ունեմ մի յաճախորդ, որը թերթի հրատարակման առաջին իսկ օրուանից գովազդ է տրամադրում: Նա իր շուկան ապահովելու համար «Նոր Հայաստան»-ի ծառայութիւններին կարիք չունի, սակայն անում է այդ՝ թերթին անուղղակի նպաստ բերելու նպատակով:

Նկատի ունենալով 21-րդ դարում հայ ժողովրդի առաջ դրուած նոր մարտահրաւէրները եւ ի մասնաւորի ամերիկահայ համայնքի առկայ հասարակական եւ քաղաքական խնդիրները՝ ի՞նչ ուղղութեամբ պէտք է առաջնորդուի հայ մամուլը:

Հայ մամուլը պէտք է զգուշանայ խտրականական աստիճանի «հայ, հայ» հոլովելուց: Պէտք չէ նախապաշարումներ ունենալ, թէ նախ հայն է, ապա միւսը: Մենք պէտք է լինենք գործակից եւ համախորհուրդ բոլորի հետ: Պէտք է հեռու մնանք խտրականական վերաբերմունքից: Պէտք է համազգային լինել, սակայն նաեւ հարկաւոր է օտարին նկատի ունենալով համամարդկային լինել:

Ինչպէ՞ս կը ցանկանաք եզրափակել հարցազրոյցը:

Պարզապէս շնորհակալ եմ, որ մեզ նկատի առնելով եկաք՝ արծարծելու մեր տեսակէտը որոշ հարցերի շուրջ: Պէտք է նշեմ, որ «Օրակարգ»-ը մաքուր հայերէնով, ճիշտ տպագրութեամբ եւ մեծ հոգատարութեամբ պատրաստուած թերթ է: Խնամքը շատ յայտնի է: Առաւել յաջողութիւններ կը ցանկանամ ու կը մաղթեմ, որ շարունակէք ձեր գործունէութիւնը, ամսաթերթի փոխարէն, շաբաթաթերթի ոճով:

Հարցազրոյցը տպագրւել է նաեւ «Օրակարգ» ամսաթերթում:

(Լուսանկարները՝ Էրւին Եաղուբեանի)

Կայացաւ Գլենդէյլի դասական ինքնաշարժերի փառատօնը


Իւրիկ Խոջասարեանը շահեց կազմակերպիչ յանձնախմբի գաւաթը

Շուրջ 1700 թուիստ պարողներ Գլենդէյլի անունը արձանագրեցին «Գինես»-ի համաշխարհային ռեկորդների գրքում


Շաբաթ, Յուլիս 17-ին Գլենդէյլի քաղաքապետարանի նախաձեռնութեամբ կայացաւ դասական ինքնաշարժերի (classic cars) 17-րդ տարեկան փառատօն՝ «Cruise Night»-ը: Բրանդ պողոտայի Միլֆորդ-Բրադուէյ հատուածում երեկոյեան ժամը 5:30-ից մինչեւ գիշերուայ 10:30-ը ցուցադրութեան դրուեցին աւելի քան 450 մարդատար ինքնաշարժեր, բեռնատարներ, ոստիկանութեան, շտապ օգնութեան եւ հրշէջ մեքենաներ: Բոլոր ինքնաշարժերը արտադրուած էին 1979 թուականից առաջ:


Փառատօնի մասնակիցների շարքում էին նաեւ դասական ինքնաշարժեր ունեցող հայեր: Սերժ Դաւիթեանը արդէն հինգ տարի է, որ ունի իր 1958 թուականի կարմրագոյն Mercedes 190 SL-ը: Նա չորս անգամ մասնակցել է սոյն փառատօնին: Անցեալ տարի հանդէս էր եկել երկու ինքնաշարժերով: Սերժը յայտնեց, որ ընկերներով միասին են մասնակցում միջոցառմանը, ուր նրանք եւս ցուցադրում են իրենց անձնական ինքնաշարժերը: Նրա կարծիքով միջոցառումը բաւականին հետաքրքիր ու աշխոյժ է այն առումով, որ լայն արձագանք է գտնում դասական ինքնաշարժերի սիրահարների՝ դրանց թւում հայերի մէջ: Նա բացատրեց, որ հայերը՝ ովքեր ունեն նոր՝ վերջերս արտադրուած ինքնաշարժեր ցանկանումեն նրանց կողքին եւս վարել դասական մեքենաներ, սակայն դա բոլորին չի յաջողում: Այս տեսակի ինքնաշարժերը ընդհանրապէս վերանորոգման կարիք ունեն, որի համար պահանջւում է տրամադրել ժամանակ ու ծախսել բաւականին գումար: Սերժի ինքնաշարժերի վերանորոգման եւ վերաձեւաւորման ընթացքը տեւել է շուրջ ինն ամիսներ:


Սերժ Դաւիթեանը՝ իր Մերսեդեսով

26-ամեայ Շանթ Մկրտիչեանը երկրորդ անգամ էր մասնակցում փառատօնին՝ ցուցադրութեան դնելով իր 1961 թուականի Volkswagen Beetle Type 1-ը, որը գնել էր երեք տարի առաջ: Նա բացատրեց, որ մանկուց ի վեր սիրել եւ հետաքրքրուել է ինքնաշարժերով: Նրան հաճոյք է պատճառում, երբ մարդիկ, նամանաւանդ մանուկները, մօտենում ու հարցեր են տալիս: Սոյն ինքնաշարժով հետաքրքրւում էին նաեւ տարեցները, որոնք մօտենալով պատմում էին իրենց մանկութեան յուշերը կապուած Volkswagen-ի այդ արտադրութեան հետ: Ուշագրաւ էր ինքնաշարժի առջեւի ապակու վրայ փակցուած փոքրիկ հայկական եռագոյնը: Այնպէս է թւում, որ մեծամասնութեամբ՝ ոչ-հայերն են զբաղւում դասական ինքնաշարժերով, սակայն Շանթը ցանկանում է փոխանցել այցելուներին այն իրականութիւնը, որ հայերն եւս հետաքրքրւում են այդ դասի ինքնաշարժերով: Նա այն կարծիքին է, որ բոլորին հնարաւոր է նոր ինքնաշարժ գնել, սակայն դասական ինքնաշարժ ունենալը պահանջում է առաւել պատրաստուածութիւն եւ այդ ամէն մարդու չի յաջողում:
Շանթ Մկրտիչեանը

Գլենդէյլահայ հանգստի կոչուած մեխանիկ Տիգրան Յովսէփեանը երկու շրջան մասնակցել է ցուցահանդէսին իր 1963 թուականի Ford մակնիշի Galaxie-ով: Նա պատմեց, որ 1963 թուականին գնել է իր առաջին նոր ինքնաշարժը՝ «Ford Galaxie»-ին: Երկար ժամանակ պահելուց յետոյ այն վաճառել է, սակայն տարիներ անց, երկու տարի առաջ, կրկին գնել է արդէն դասական դարձած՝ նոյն արտադրութեամբ մի այլ «Ford Galaxie»: Տիգրանը անձնապէս է կատարել իր ինքնաշարաժի բոլոր վերանորոգումները: Տիգրանի փեսան՝ Մայքըլը եւս իր ինքնաշարժով մասնակցել էր ցուցահանդէսին:


Տիգրան Յովսէփեանը իր թոռնիկի հետ
Մայքըլը՝ իր զաւակներով

Ինչպէս նախկին շրջաններում՝ այս տարի եւս ցուցահանդէսը ընդառաջուեց տասնեակ հազար այցելուների կողմից, որոնք ընդհանրապէս եկել էին Հարաւային Քալիֆորնիայի զանազան շրջաններից ու քաղաքներից: Ցուցահանդէս էին այցելել նաեւ բազմաթիւ հայեր Գլենդէյլից ու շրջակայ քաղաքներից: Նշելի է, որ Գլենդէյլի «Cruise Night»-ը իր տեսակի մէջ համարւում է Հարաւային Քալիֆորնիայի ամենանշանակալից փառատօներից մէկը, որին ըստ Գլենդէյլի քաղաքապետարանին՝ ամէն տարի մասնակցում են աւելի քան 35 հազար այցելուներ:



Ցուցահանդէսի աւարտին քաղաքապետը եւ ինչու չէ նաեւ քաղաքապետարանի զանազան բաժանմունքների, «Cruise Night»-ի կազմակերպիչ յանձնախումբի, «KRTH» ռատիոկայանի եւ «Glendale News Press»-ի ներկայացուցիչները, գնահատեցին լաւագոյն ինքնաշարժերը՝ տէրերին յանձնելով պատկան գաւաթները: Գլենդէյլի Քաղաքապետ՝ Արա Նաջարեանը քաղաքապետի գաւաթը յանձնեց Րիքարդօ Մենային, որը ներկայացրել էր իր 1949 թուականի Cadillac Fastback-ը:

Րիքարդօ Մենան շահեց քաղաքապետի գաւաթը

Յիշատակելի է, որ մրցանակ շահողների ցուցակում է յայտնուել Շադօ Հիլզի բնակիչ՝ Իւրիկ Խոջասարեանը: Նրա 1966 թուականի սեւ Lincoln Continental-ը շահեց կազմակերպիչ յանձնախմբի գաւաթը (Cruise Night Committee Trophy): Ունենալով 4-door convertible եւ suicide door յատկութիւնը՝ ինքնաշարժը իւրայատուկ է իր տեսակում: Իւրիկ Խոջասարեանի համաձայն՝ սոյն ինքնաշարժից միայն 2600 օրինակներ են արտադրուել: Նշելի է, որ մրցանակ շահած ինքնաշարժի կատարած վազքը միայն 98 հազար մղոն է: Ինքնաշարժի նորոգումը հինգ տարի է տեւել, սակայն Իւրիկի տեսակէտով դեռ երկար ժամանակ է պէտք՝ ամբողջացնելու համար վերանորոգման աշխատանքը: Իւրիկ Խոջասարեանը առաջին անգամ է մասնակցում Գլենդէյլի «Cruise Night»-ին: Նրա ինքնաշարժը նախապէս չի ներկայացուել որեւէ ցուցահանդէսում: Մրցագաւաթի շահումը իր համար մեծ անակնկալ էր եւ նա իրեն բախտաւոր է համարում այն պատճառով, որ առաջին մասնակցութեամբ մրցանակ է շահում: Իւրիկի ընտանիքի բոլոր անդամները սիրում ու օգտագործում են սոյն ինքնաշարժը: Իւրիկը ունի նաեւ 1968-ի Camaro եւ 1973-ի El Camino, որոնք վերանորոգման ընթացքի մէջ են:

Իւրիկ Խոջասարեանը շահեց կազմակերպիչ յանձնախմբի գաւաթը

Ցուցահանդէսի կողքին երաժշտութեան կատարումներով ելոյթ ունեցան հանրայայտ խմբեր ու անհատներ: Սկզբում ռոք երաժշտութեամբ հանդէս եկան «The Icons» խմբի անդամները: Ապա 1960-ականների «The Beach Boys» ռոք խումբը վերակենդանացնող «Surfin’ Safari»-ն ելոյթ ունեցաւ:


Երաժշտութեան բաժնի ամենակարեւոր հատուածում բեմ բարձրացաւ ռոք-ըն-րոլ երաժշտութեան լեգենդար՝Չաբի Չեքըրը (Chubby Checker): 2010 թուականը զուգադիպել է Չեքըրի համաշխարհային առաջնութիւն շահած «The Twist»-ի 50 ամեակին: Նշելի է, որ 1960 թուականին Չաբի Չեքըրը վերակատարեց Հանք Բալըրդի (Hank Ballard) «The Twist» երաժշտութիւնը, որով մասսայականացւեց «Twist» պարաձեւը: Չեքըրի յիշեալ երգը համարւում է ռոք երգարուեստի միակ երաժշտութիւնը, որին յաջողել է կրկին անգամ անցնել ամենաշատ վաճառք ունեցողների ցուցակը, նորէն արժանանալով «թիւ մէկ» դիրքին: Փառատօնի երեկոյեան հանրայայտ երգիչը կատարեց նաեւ քառասուն լաւագոյններ, դրանց շարքում՝ «Pony TIME»-ը, «Let’s Twist Again»-ը, «The Hucklebuck»-ը, «The Fly»-ը եւ «Limbo Rock»-ը:

«The Twist»-ի 50 ամեակի առիթով Գլենդէյլի քաղաքապետարանը կազմակերպել էր նախաձեռնութիւն՝ «Գինես»-ի (Guinness) գրքում սահմանելու համաշխարհային ռեկորդ՝ իր անունին արձանագրելով հաւաքուած ամենամեծ բազմութիւնը, որ «Twist» է պարել որոշակի ժամանակում: Բազմութիւնը պարելու էր Չաբի Չեքըրի «The Twist» երաժշտութեան ուղեկցութեամբ: Նախավերջին ռեկորդը արձանագրուել էր 2004 թուականի ապրիլին, սակայն թուականիս յուլիսի 17-ին Գլենդէյլը դարձաւ ռեկորդակիր մէկ անձի գերակշռութեամբ, այսինքն՝ 1,692 հոգու մասնակցութեամբ: Սոյն նախաձեռնութեան համար Միլֆորդ պողոտայի վրայ պատրաստուել էին ցանկապատով սահմանազատուած՝ բեմին կից տեղամասեր: Ցանկացողները, երեկոյեան ժամը 8-ից սկսեալ, կարող էին ներս մտնել յատկացուած դռնակներով, որոնց շնորհիւ հնարաւոր էր դառնում ճշգրիտ հաշուել մասնակիցների քանակը: Բոլոր ներկաներից պահանջւում էր հինգ րոպէների համար «Twist» պարել: Մասնակիցների համարումը կատարուեց Նիւ Եորքից ժամանած «Գինես»-ի պաշտօնական ներկայացուցչի հսկողութեամբ: Մինչ Չաբի Չեքըրի բեմ բարձրանալը ելոյթ ունեցաւ Գլենդէյլի քաղաքապետ Արա Նաջարեանը՝ խրախուսելով ներկաներին մասնակցել նախաձեռնութեանը:



Նշելի է, որ այս տարուայ ձեռնարկի հաղորդավարը «KRTH» ռատիոկայանի «Mr. Rock’ N Roll» անուամբ հանրութեան ծանօթ՝ Բրայըն Բէյրնն (Brian Beirne) էր:

Ցուցահանդէսի ընթացքում զանազան կազմակերպութիւններ առիթ ունեցան իրենց կրպակներում տեղեկութիւններ կամ ծառայութիւններ մատակարարել այցելուներին: Նաեւ նախատեսուել էին ուտեստեղէնի վաճառք եւ ինչու չէ նաեւ մանուկներին հետաքրքրող խաղեր եւ զբաղմունքի միջոցներ:

Նիւթը տպագրւել է նաեւ «Օրակարգ» ամսաթերթում:
«Օրակարգ» ամսաթերթ, Օգոստոս 2010, Ե տարի, թիւ 55, էջ 1

(Լուսանկարները՝ Էրւին Եաղուբեանի)