Thursday, May 05, 2011

Արեւմտեան Հայաստանը՝ Նոր Միջին Արեւելքում Եւ Հայոց Ցեղասպանութեան Ճանաչման Հրատապ Անհրաժեշտութիւնը


«ՆՈՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔ»Ի ՎԱՐԿԱԾԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

2006 թուականի Յուլիսին ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը, Միջին Արեւելք կատարած շրջայցի ընթացքում, Երուսաղէմում արտայայտուեց «Նոր Միջին Արեւելք»ի ստեղծման անհրաժեշտութեան մասին՝ յայտարարելով, որ արդէն եկել է դրա իրականացման ժամանակը: Վերլուծաբաններից ոմանք Կ. Ռայսի «Նոր Միջին Արեւելք» հասկացութիւնը մեկնաբանելու գործում հիմք ընդունեցին նոյն թուականի Յունիսին «Զինեալ ուժերի հանդէս»ում (Armed Forces Journal) հրատարակուած՝ ԱՄՆ զինուած ուժերի պաշտօնաթող գնդապետ Ռալֆ Պիտերսի (Ralph Peters) յօդուածը (Blood Borders: How a better Middle East would look): Յիշեալ յօդուածում հեղինակը շեշտելով տարածաշրջանի «ամենաշատ տուժած» ցեղային եւ կրօնական խմբաւորումների վիճակը վերանայելու անհրաժեշտութիւնը, լուծումը տեսնում է սահմանների փոփոխութեան մէջ, որը նրա կարծիքով պէտք է կատարուի ազգային-ցեղային սկզբունքի վրայ: Արդիւնքում հանդէս պիտի գան մեծ ու փոքր նոր անկախ պետութիւններ՝ ներկայ երկրների մասնատման կամ անդամահատման հաշուին:

Թեթեւակի ուսումնասիրելով յօդուածը եւ նրան կից քարտէզը, պարզւում է, որ տուժած ազգերի շարքում Ռ. Պիտերսը նկատի է առել նաեւ հայերին: Նա ընդունելով Հայոց Ցեղասպանութեան փաստը, այն որակում է դաժան չարագործութիւն, որը կարելի չէ փոխհատուցել տարածքների վերադարձով: Չնայած Հայաստանը դասւում է «շահող» երկրների ցանկում, Ռ. Պիտերսը մերժելով տարածքային փոխհատուցում տալու գաղափարը, Հայաստանին վերադարձնում է միայն մի փոքր հատուած Արարատ լեռով: Սոյն յօդուածում չի խօսւում ԼՂՀի մասին իբրեւ անկախ պետութիւն, այնպէս որ Արցախը ներառուած է Ադրբեջանի սահմաններում: Ռ. Պիտերսի տեսութեամբ, Միջին Արեւելքում Հայաստանը զրկւում է իր հարաւային հարեւան Իրանից, որին փոխարինում է Ադրբեջանը: Նշելի է, որ ըստ յօդուածին, ազերի մեծամասնութիւն ունեցող Իրանի հիւսիս-արեւմտեան տարածքները պիտի միանան Ադրբեջանին: Ակնյայտ է, որ այդ պարագայում Միացեալ Ադրբեջանը կը զբաղեցնի աշխարհաքաղաքական կարեւոր դիրք Անդրկովկասի տարածաշրջանում: Իսկ Հայաստանի արեւմուտքում Թուրքիային փոխարինելու է Ազատ Քուրդիստանը, բաղկացած՝ ներկայ արեւելեան Թուրքիայից եւ Իրաքի, Իրանի ու Սիրիայի քրդաբնակ տարածքներից: Այս հզօր երկրի մէջ է մտնելու Արեւմտեան Հայաստանը: Այսպիսով սոյն ծրագիրը իրագործուելու դէպքում հայ ժողովուրդը զրկուելու է իր հայրենական հողին վերատիրանալու իրաւունքից:

Չնայած Ռալֆ Պիտերսի տեսակէտը ուղղակի չէր արտացոլում Պենտագոնի պաշտօնական դիրքորոշումը, Հռոմում գործող ՆԱԹՕի Պաշտպանութեան քոլեջում 2006 թուականին զինուորական պաշտօնեաների համար կայացած ուսուցման ծրագրում ամերիկեան ռազմական ազգային ակադեմիայի դասատուներից մէկը օգտագործեց Պիտերսի քարտէզը, ինչը վկայում է նախատեսուած ծրագրի առնչութեամբ պաշտօնական Ուաշինգտոնի լուրջ մտադրութեան մասին:

Թէ ինչ հաւանականութեամբ ու երբ կ՛իրականացուի վերոյիշեալ վարկածը, ապագան ցոյց կը տայ: Սա առաջին անգամը չէ, որ ամերիկեան եւ եւրոպական փորձագէտները վարկածային քարտէզներ են ներկայացնում տարածաշրջանի աշխարհաքաղաքական ապագայի մասին: Նախկինում էլ ամերկացիները «Մեծ Միջին Արեւելք»ի հասկացութեան ներքոյ բազմաթիւ քարտէզներ էին առաջ քաշել: Հրէական աշխարհում յայտնի է «Եինոնի ծրագիր»ը (Yinon Plan), որը, ըստ բազում քաղաքագէտների, կազմում է Իսրայէլի արտաքին քաղաքականութեան կարեւորագոյն ռազմավարութեան մասնիկը: Սոյն գաղափարը առաջ է քաշել Իսրայէլի ԱԳՆի պաշտօնաթող վերլուծաբան Օդիդ Յինոնը (Oded Yinon): Նախագծի համաձայն անհրաժեշտ է, որ Միջին Արեւելքի եւ Հիւսիսային Աֆրիկայի ներկայ երկիրները մասնատուեն աւելի փոքր եւ թոյլ պետութիւնների:


Տարածաշրջանի պատմութեան մէջ յայտնի է 1916 թուականին անգլիական եւ ֆրանսիական դիւանագէտներ՝ Մարկ Սայքսի (Sir Mark Sykes) ու Ժորժ Պիկոյի (Francois Georges-Picot) միջեւ կնքուած գաղտնի համաձայնագիրը, որով երկու երկիրները նախապէս տեղեակ պահելով Ցարական Ռուսաստանին ու Իտալիային՝ միմեանց միջեւ բաժանեցին դեռեւս չփլուզուած Օսմանեան կայսրութեան տիրոյթները: Ըստ համաձայնագրի, Արեւմտեան Հայաստանը անցնելու էր ցարական Ռուսաստանի վերահսկողութեան տակ: Յետագայում Սայքս-Պիկոյի համաձայնութիւնը հիմք հանդիսացաւ 1920 թուականի Սեւրի պայմանագրին, որի համաձայն՝ Թուրքիայի արեւելքում պէտք է ստեղծուէր հայկական պետութիւն, իսկ երկրի հարաւ-արեւելքում՝ քրդական պետութիւն: Նկատի առնելով այս բոլորը՝ անհաւանական չէ, որ ապագայում բացայայտուեն գերուժ պետութիւնների միջեւ անց կացուած նման գաղտնի բանակցութիւներ ու կնքուած համաձայնագրեր:

Պարզապէս Ռալֆ Պիտերսի եւ այլ փորձագէտների ներկայացրած քարտէզները վերջնական տարբերակները չեն լինելու վարկածային քարտէզների շարանում: Ժամանակի ընթացքում նրանք ենթարկուելու են զանազան փոփոխութիւնների: Սակայն առ այսօր Միջին Արեւելքում տեղի ունեցած հասարակական եւ քաղաքական իրադարձութիւնները մեզ բերում են այն եզրակացութան, որ միջազգային քաղաքականութիւնը գնում է տարածաշրջանի ներկայ երկրների մասնատման ուղղութեամբ: Այսօր միջին արեւելեան երկրներում ծայրայեղ կրօնական եւ ցեղային անհանդուրժողականութեան եւ տարաձայնութեան դրսեւորումները հասել են իրենց գագաթնակէտին, ինչը պատճառ է հանդիսացել լուրջ՝ երբեմն արիւնահեղ բախումների՝ կրօնա-ցեղային խմբաւորումների միջեւ: Նոյնը նաեւ հիմք է ծառայում ահաբեկչական գործողութիւնների: Այդ բոլորը վտանգի են ենթարկում սոյն երկիրների ժողովրդավարութիւնն ու ամբողջականութիւնը: Վերլուծաբանների կարծիքով արաբական երկրներում վերջերս տեղի ունեցող խռովութիւններն ու ապստամբութիւնները խթան կարող են դառնալ արաբ աշխարհի «բալկանացման» (balkanization): Ոմանք գուշակում են, որ Մուամմար Քադաֆիի պաշտօնազրկման հետեւանքը կարող է լինել Լիբիայի մասնատումը:

Իրաքի իշխանութիւնները եւ կոալիցիայ ուժերը գործնականում անկարող են մնացել իրաքեան խմբերի միջեւ ազգային եւ կրօնական համերաշխութիւն հաստատելու եւ ապահովական կացութիւնը բարելաւելու գործում: Այսօր կայ մտավախութիւն, որ Իրաքից ամերիկեան զօրքերի դուրսբերումը պատճառ դառնայ ներքին լարուածութեան եւ բախումների՝ կրօնա-ցեղային խմբաւորումների միջեւ: Այդ առումով զանազան վերլուծաբաններ կանխատեսում են, որ մօտիկ ժամանակներում մասնատման է ենթարկուելու Իրաքը: Արդիւնքում շիա եւ սուննի երկու պետութիւնների կողքին՝ Թուրքիայի հարաւային սահմանին կից կը կերտւի անկախ Քուրդիստանը: Հիւսիսային Իրաքում քուրդ անկախ պետութեան ստեղծումը անկասկած վտանգի է ենթարկելու Թուրքիայի տարածքային ամբողջականութիւնը՝ տեղաբնակ քուրդերին մղելով հետեւել Ազատ Քուրդիստանի գաղափարին: Թուրքիայի քրդերը տասնամեակներ շարունակ հանդուրժելով կատաղի զինուորական ճնշումներն ու թուրք ազգայնամոլ կառավարութեան հալածանքները, պայքարել են իրենց անկախութեան համար: Այսօր, սրուած լինելով Թուրքիայում տիրող քաղաքական իրավիճակը, որեւէ անկայունութիւն երկրի ներսում կամ հարեւան պետութիւններում կարող է բռնկել ապստամբութեան հրդեհը հարաւարեւելեան նահանգներում:

ԱԶԱՏ ՔՈՒՐԴԻՍՏԱՆԸ ԵՒ ԱՄՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Վերջին տարիների ԱՄՆի որդեգրած արտաքին քաղաքականութիւնը ցոյց է տուել, որ ամերիկեան քայլերը տանում են Իրաքի հիւսիսում անկախ Քուրդիստանի վերջնական ձեւաւորմանը, որը վերջիվերջոյ նպաստելու է Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի քուրդերին՝ միանալու ազատ քրդական երկրին: Սադդամ Հուսէյնի վարչակարգի տապալումից առ այսօր քրդերն Իրաքում մնում են ամերիկացիների գլխաւոր գործընկերը: ԱՄՆը իր հերթին բարձր աջակցութիւն է ցուցաբերում Իրաքի ինքնավար Քուրդիստանին: Այսօր քուրդ կառավարութիւնը ԱՄՆի հովանու ներքոյ գրեթէ աւելի անկախութիւն է վայելում քան Բաղդադը: Չպէտք է մոռանալ, որ Իրաքի քրդաբնակ տարածքները հարուստ են նաւթով, ինչը լուրջ շահագրգռում է Միացեալ Նահանգներին:

Ռալֆ Պիտերսը իր յօդուածում լայնօրէն անդրադառնալով քուրդերի հարցին, անկախ քրդական պետութեան բացակայութիւնը համարում է «Բալկանեան լեռների եւ Հիմալայների արանքում գտնուող ամենամեծ սահմանային անարդարութիւնը»: Նա շեշտում է, որ ազատ հանրաքուէ անցկացնելու դէպքում, Իրաքի քուրդերի մօտ 100 տոկոսը կը քուէարկեն յօգուտ անկախութեան: Ռ. Պիտերսը հաւատացած է, որ անկախութեան գաղափարին կ’ընդառաջի նաեւ տարածաշրջանի միւս երկրների քուրդ բնակչութիւնը: Նրա կարծիքով անկախ Քուրդիստանը կը լինի Բուլղարիայի եւ Ճապոնիայի միջեւ գտնուող «ամենաարեւմտամէտ» պետութիւնը:

Հետաքրքիր է, որ Ռ. Պիտերսի գծագրած Քուրդիստանի սահմաններում տեղ են առնում նաեւ Թուրքիայի հիւսիս-արեւելեան մարզերը, որոնք հիմնականում թրքաբնակ են, ոչ քրդաբնակ: Այլ խօսքով Քուրդիստանի հիւսիսային սահմանները հասնելու են մինչեւ Սեւ ծով: Սա ինքնստինքեան բացատրում է, որ Միացեալ Նահանգների քաղաքական, տնտեսական եւ նաւթագազային շահերը կախուած են դէպի Սեւ ծով ելք ապահովելու հետ:

«ՆՈՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔ»Ը ԵՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ

Ազատ Քուրդիստանի ձեւաւորման գաղափարը, որի խորքում ընկած է Թուրքիայի անդամահատման մտադրութիւնը, պարզ փաստն է այն իրողութեան, որ ԱՄՆը այլեւս չի ունենալու Թուրքիայի կարիքը տարածաշրջանում, ինչը կարող է նպաստել Հայաստանին՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ տարածքային փոխհատուցման պահանջին: Սակայն հիմք ունենալով վերը քննարկուած իրողութիւնները, ակնյայտ է, որ ներկայում Միացեալ Նահանգների տեսանկիւնից հայերը «երրորդ կողմ» են հանդիսանում Արեւմտեան Հայաստանի համար պայքարում: ԱՄՆը, ելնելով իր քաղաքական եւ տնտեսական շահերից՝ հիմնականում քուրդերին է տեսնում պայքարի ճակատում, ոչ թէ հայերին: Այստեղ գալիս է ուժերի գերակշռութեան հարցը, թէ ո՞վ է յայտնուելու գերիշխող դիրքում՝ հայերը, թէ՞ քուրդերը:

Չպէտք է մոռանալ, որ քաղաքական աշխարհում չկայ վճռականօրէն հաստատուած որեւէ նախագիծ: Նախատեսուած քաղաքական ծրագրերը ժամանակի ու պայմանների համաձայն յաճախ ենթակայ են լինում փոփոխութիւնների, չնայած հիմքում մնում են նոյնը: Սա տալիս է մեզ հնարաւորութիւն փոխելու «Նոր Միջին Արեւելք»ի կերտման ընթացքը՝ գերուժ պետութիւններին համոզելով հաշուի առնել մեր ազգային շահերը: Սակայն եթէ Հայաստանի Հանրապետութիւնում տիրող քաղաքական, հասարակական եւ տնտեսական իրավիճակը շարունակուի նոյնութեամբ ինչպէս եղել է մինչ օրս, տարածաշրջանային աշխարհաքաղաքական խաղերի մէջ դժուար է մեզ տեսնել ազդեցիկ դիրքում: Իրականում այսօր երկիրը դարձել է զանազան քաղաքական խմբերի եւ դրանց կողքին՝ քաղաքատնտեսական մաֆիական խմբաւորումների ռազմաբեմը, որտեղ մէկը միւսին փորձում է չէզոքացնել՝ իր ձեռքում կենտրոնացնելով ողջ իշխանութիւնը: Այսօրուայ պայմաններում չկայ լուրջ քաղաքական կամք ու կատարեալ ծրագիր, որը ի նպաստ հայ բնակչութեան աճին, ծառայի Հայաստանում բնակչութիւն կենտրոնացնելու նպատակին: Այսօր բացակայում է երաշխաւորող համակարգը, որը պիտի ապահովի Հայաստանի Հանրապետութեան տարածքում օտարերկրեայ ներդրումները:

Սակայն ամենաազդեցիկ քայլը Արեւմտեան Հայաստանի համար պայքարում պէտք է վերցնի սփիւռքահայութիւնը՝ փոխելով միջազգային քաղաքականութեան ուղղութիւնը հայկական հարցի կապակցութեամբ: Խօսքը միայն չի գնում դէպի Հայաստան ուղղուած նիւթական, մարդասիրական կամ տնտեսական ներդրումների մասին, որոնք իհարկէ կը նպաստեն երկրի զարգացման, այլ՝ խօսքը գնում է նրա մասին, որ իւրաքանչիւր հայ համայնք հարկաւոր է, համախմբուելով Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գաղափարի ներքոյ մոբիլիզացնել (զօրաշարժի ենթարկել-Խմբ.) իր ամբողջ քաղաքական, հասարակական եւ տնտեսական միջոցները՝ տեղական իշխանութեան մարմինների աջակցութիւնը ապահովելու հայկական հարցի արդար լուծման պայքարում:

Այսօր կանգնած լինելով Մեծ Եղեռնի 96ամեակի շեմին՝ ապրում ենք Ցեղասպանութեան ճանաչումը չիրագործուած՝ հարիւրամեակ հասնելու մղձաւանջը: Հրատապ անհրաժեշտութիւն է զգացւում Թուրքիայի իշխանութեան պարտադրել՝ ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը: Այդ նպատակով հարկաւոր է լուրջ քայլեր վերցնել՝ ԱՄՆի եւ Եւրոպական պետութիւնների ճնշումները գործադրելու Թուրքիայի վրայ: Անհրաժեշտ է Հայոց Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչումը ԱՄՆի կողմից: Էական է հայ հասարակական բոլոր խաւերի մասնակցութիւնը սոյն պայքարին: Անչափ կարեւոր է հայ մտաւորականութեան դերը՝ հասարակութեան առաջնորդելու եւ զանազան քաղաքական խմբերին մի նպատակի շուրջ համախմբելու առումով: Պայքարը յաջողութեամբ չի պսակուի, եթէ հայ գործարարները, դրամատէրերը եւ մեծահարուստները չբերեն իրենց մասնակցութիւնը գործին:
  
Սոյն յօդւածը նաեւ հրատարակուել է Ցեղասպանութեան 96ամեակին նուիրուած «Ասպարէզ» օրաթերթի յատուկ համարում.