(Լուսանկարիչ՝ Է. Յակոբեան)
Saturday, January 27, 2007
Հոծ թւով թեհրանահայեր դատապարտեցին Հրանտ Դինքի սպանութիւնը
(Լուսանկարիչ՝ Է. Յակոբեան)
Wednesday, January 24, 2007
ԲՈՂՈՔԻ ՀԱՄԱՀԱՒԱՔ
Friday, January 19, 2007
Ստամբուլում սպանւել է Հրանտ Դինկը
Բռնութեան եւ անհանդուրժողականութեան զոհ եղաւ
Ստամբուլի «Ակոս» հայկական թերթի գլխաւոր խմբագիր՝
Հրանտ Դինկը....

Նա սպանւեց այն պայքարում, որը ուղղւած էր Թուրքիայի ժխտողական քաղաքականութեան դէմ...
ՊԷՏՔ Է ՀԱՇՏՒԵԼ
«ՀԱՅՈՑ ՅԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ»
ԻՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՀԵՏ
...

ԲԱՅՑ ԵՐԲ ՀԱՆԳՉՈՒՄ Է ՄԷԿԸ
ԾՆՈՒՆԴ ԵՆ ԱՌՆՈՒՄ ՀԱԶԱՐԸ
...
Յաւելեալ տեղեկութիւնների համար դիմել հետեւեալ կայքէջերը.
http://en.wikipedia.org/wiki/Hrant_Dink
http://www.panarmenian.net/news/arm/?nid=20701
http://news.bbc.co.uk/2/hi/europe/6279907.stm
Turkish-Armenian editor "Hrant Dink " shot dead in Istanbul.
Send a free ANCA WebMail to Pres. Bush protesting Dink's brutal murder
Please leave a "comment" to condemn this terroristic act.
Friday, January 05, 2007
Մէկ տարի անց Ադրբեջանական վանդալիզմից
Անգլիացի դիւանագէտ Վիլիամ Աուզլէյը 1812 թթւականին մեկնել էր Հին Ջուղա ու այցելել քաղաքի գերեզմանատունը: Նա տեսածը այսպէս էր գրի առել. «... նրա (քաղաքի) նախկին բնակիչների բազմութեան մասին լիովին վկայում է ընդարձակ ու խռնւած գերեզմանատունը, զետեղւած դէպի գետ իջնող մի զառիվայրի վրայ, եւ ծածկւած ուղիղ կանգնած բազմաթիւ գերեզմանաքարերի շարքերով, որ երբ դիտւում է մի քիչ հեռւից, նմանւում է զինւորական վաշտերի, շարւած խիտ կարգով»: Այո՝, Ադրբեջանի քաղաքապետերը այդ քարերը տեսնում էին որպէս «անխօս զինւորներ», որոնք կանգնած էին պաշտպանելու մի ամբողջ ժողովուրդի գոյութիւնը, պատմութիւնը, մշակոյթն ու քաղաքակրթութիւնը:
Սակայն, զուր էին նրանց ջանքերը, քանի որ ամէն մի տապարի հարւածով, որ պոկում էր ինչ-որ փոքր բեկոր ամէն մի խաչքարից, վեր էր բարձրանում նոր փիւնիկ, որը բուն էր դնում ամէն մի ազնիւ սրտում՝ իբրեւ «արդարութեան խաչը կրող խաչքար զինւոր»....
Հին Ջուղան՝ որպէս հնադարեան հայկական բնակավայր
Հին Ջուղա պատմական քաղաքը գտնւում էր Երնջակ գաւառում, Արաքս գետի հիւսիսային ափում: Ներկայ վարչական բաժանմամբ՝ Հին Ջուղան ընկնում է Ադրբեջանի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան հարաւային բաժնում, Իրան-Նախիջեւան (Ջուլֆայի շրջանում) սահմանագծում:

Հին Ջուղայի հիմնադրման ստոյգ թւականի մասին արձանագրութիւններ չկան: Առաջին հայկական գրութիւնը, որ անդրադարձել է Հին Ջուղայի մասին, եղել է Մ. Խորենացու պատմութեան մատենագրութիւնը, որտեղ Հին Ջուղան յիշւել է որպէս աւան: Հետագայ դարերում Հին Ջուղան, իր աշխարհագրական յատուկ դիրքի պատճառով, որը գտնւում էր առեւտրական հնագոյն ճանապարհի վրայ, զարգացում է ապրում ու վերածւում քաղաքի: Հին Ջուղան համարւում էր պատմական Հայաստանի ամենանշանաւոր բնակավայրերից մէկը: Ուշ միջնադարում Հին Ջուղան Երնջակ գաւառի կենտրոնն էր: Միջին դարերում Երնջակ գաւառանունը Հին Ջուղա քաղաքի վաստակած հռչակի ազդեցութեան ներքոյ արդէն կոչւում էր Հին Ջուղա անունով:
Կան զանազան արձանագրութիւններ՝ 14-15-րդ դարերին պատկանող, որտեղ Հին Ջուղան յիշւում է որպէս հայկական զարգացած ու քաղաքակիրթ օջախ. օրինակ՝ 1325 թւականին Խաչատուր Գրչի հեղինակած «Ճաշոց»-ի յիշատակարանում Հին Ջուղան յիշւում է որպէս գրչօջախ. «...եղեւ աւարտ սուրբ գրոցս ի Ջուղայ...»: Անգլիացի վաճառական Ջան Նիւբերին իր յուշագրութիւններում գրում է Հին Ջուղա քաղաքի մասին, որը այցելել էր 1581 թ. դեկտեմբերին: 17-րդ դարի սկզբում հեղինակւած ձեռագրերում Հին Ջուղան հռչակւած էր «... զփարթամն ճոխութեամբ...» եւ հանդիսանում էր «... զպարծանք հայոց ազգիս...»:
Հին Ջուղա քաղաքը բնակչութեամբ համարւում էր պատմական Հայաստանի ամենաբազմամարդ քաղաքներից մէկը, այնպէս որ՝ 1581 թ. քաղաքն ունեցել է 3000 տուն բնակչութիւն (հաշւելով մէկ ընտանիք-գերդաստանը միջին հաշւով 15 շունչ՝ շուրջ 45 հազար բնակիչ): Հին Ջուղան, ի մասնաւորի 17-րդ դարի սկզբում, այսինքն՝ նախքան բռնագաղթը, ունեցել է մեծածախս ու աչքի ընկնող շինութիւններ ու համարւել վաճառաշահ քաղաք: Հին Ջուղան ունեցել է բազմաթիւ եկեղեցիներ ու վանքեր, ինչպէս՝ Ս.Յովհաննու, Կաթան, Ս.Աստւածածին, Ս.Ամենափրկիչ եւ Ս.Գէորգ եկեղեցիները: Ջան Նիւբերին 1581 թ. դեկտեմբերին Հին Ջուղա կատարած իր այցի արդիւնքում վկայում է քաղաքի ու դրա արւարձաններում եղած եօթ եկեղեցիների մասին:

Հայաբնակ Հին Ջուղա քաղաքը իր գոյութիւնը պահպանեց միայն մինչեւ 1604 թւականը, երբ նրա բնակչութիւնը Շահ Աբբասի հրամանով Պարսկաստան բռնագաղթւեց: Այսպիսով՝ այդ գեղեցիկ քաղաքը հրդեհման ենթարկւելով զօրքի կողմից՝ ընդմիշտ պատմութեան յանձնեց իր փայլուն ու շքեղ անցեալը: Շահը կանգուն թողեց միայն քաղաքի գերեզմանատունը: Իհարկէ, հետագայում, այսինքն՝ մինչեւ 17-րդ դարի կէսերը, աւերւած քաղաքի տեղում վերաբնակւեցին փոքրաթիւ հայեր՝ կառուցելով համանուն փոքրիկ մի գիւղ: 19-20-րդ դարերում գիւղի բնակչութեան թիւը աճել էր, այնպէս որ՝ 1914 թ. գիւղը ունէր 2710 բնակիչ: 1918-1921 թթ. ընթացքում թրքական բանակը գիւղը աւերի է ենթարկում: Բնակչութեան մի մասը ջարդի է մատնւում, իսկ մեծ մասը թողնում է գիւղը ու հեռանում: Խորհրդայնացումից յետոյ գիւղում դեռ ապրում էին փոքր թւով հայեր: Այս փոքր բնակչութիւնն էլ ադրբեջանական հակահայ քաղաքականութեան հետեւանքով՝ աստիճանաբար հեռացւում է գիւղից, այնպէս որ՝ 1987 թ. Հին Ջուղայում մնացել էր միայն մի հայ կին: Ներկայում գիւղը թրքաբնակ է:
Հին Ջուղայի գերեզմանոցը իբրեւ պատմա-գեղագիտական արժէք
Հին Ջուղայի պատմական գերեզմանատունը ընկած էր աւերւած քաղաքի արեւմտեան բաժնում՝ փոքրիկ ձորակներով միմեանցից բաժանւած բլրակների վրայ: Ազգային ու միջազգային չափանիշով Հին Ջուղայի գերեզմանոցը բացառիկ տեղ էր գրաւում աշխարհի պատմա-մշակութային ու գեղագիտական կոթողների մէջ: Հին Ջուղայի գերեզմանատունը մի յուշարձանախումբ թանգարան էր, որը իւրայատուկ էր նաեւ իր ընդարձակութեամբ ու բազմազանութեամբ: Հայկական 1500-ամեայ քարտաշութեան ու քանդակագործութեան արւեստի կատարելագործումը կարելի էր տեսնել սոյն գերեզմանոցում, քանի որ այն հարուստ էր անզուգական խաչքարերով ու տապանաքարերով, որոնք պատկանում էին 9-17-րդ դարերին: Գերեզմանոցում կանգնած խաչքարերը իրենց մշակման կատարելութեամբ բաժանւում էին երեք տարբեր հիմնական խմբերի (9-14 դդ., 14-16 դդ., 16-րդ դարից մինչեւ 1605 թւականը): Այս իմաստով սոյն գերեզմանոցը խաչքարերի անզուգական պանթէոն էր:
Բազում տապանաքարեր ու խաչքարեր են աւերւել ժամանակի ընթացքում
Ալէքսանդր Ռոդէսը 1648 թ. շրջանում կատարած ճանապարհորդութեան արդիւնքում վկայում է 10 հազար կանգուն եւ ամբողջական գեղաքանդակ խաչքարերի մասին: 20-րդ դարի սկզբում գերեզմանոցում մնացել էին՝ շուրջ 6 հազար խաչքարեր, խոյաձեւ տապանաքարեր, ինչպէս նաեւ՝ երեք եկեղեցի ու մատուռ:

20-րդ դարի սկզբից Նախիջեւանի հայկական յուշարձանները, ինչպէս նաեւ Հին Ջուղայի խաչքարերը ենթարկւել են լուրջ աւերածութեան, որը աւելի ծանր ընթացք ստանալով խորհրդային տարիներում՝ գագաթնակէտին է հասնում յետխորհրդային շրջանում: Հակահայկական մշակութային ջարդը սկսել է ցարական տիրապետութեան ժամանակից, այնպէս որ՝ 1903-1906 թթ. Նախիջեւանի երկաթուղագծի կառուցման ժամանակ 5000 խաչքարեր են ոչնչացւում, որոնց մեծ մասը օգտագործւում է շինանիւթի համար: Ջուղայեցի Գրիգոր Աղամալեանը 1915 թ. սեպտեմբերին, երբ յայտնի լուսանկարիչ Արտաշէս Վրոյրն ու նրա որդին այցելել էին Հին Ջուղա, գերեզմանոցում հաշւառել էին 2100 կանգուն կամ ընկած խաչքարեր:
Տարածաշրջանի խորհրդայնացումից (1920-ականներից) յետոյ Հին Ջուղայի գերեզմանատան խաչքարերը չարժանանալով յուշարձանների պահպանութեան վարչութեան ուշադրութեանը՝ շարունակաբար ենթարկւում են աւերումների, այնպէս որ՝ ըստ զանազան աղբիւրների՝ խորհրդային տարիներում (մինչեւ 70-ականները) Հին Ջուղայում ոչնչացւում են շուրջ 6000 խաչքարեր: Սոյն տարիներում բազում խաչքարեր մերձակայ գիւղերի թուրք ազգաբնակչութեան ձեռքով ջարդ ու փշուր են լինում եւ օգտագործւում շինարարութեան համար՝ առանց որեւէ արգելքի հանդիպելու իշխանութեան շրջանակների կողմից: Պատմաբան Արգամ Այւազեանը 1971-73 թթ. կատարած իր հաշւարկներում հաշւում է պահպանւած ընդամէնը միայն 2707 խաչքար, որոնք ցրւած են եղել երեք բլուրների վրայ:
Ադրբեջանի իշխանութիւնները ընդմիշտ քարտէզից ջնջեցին Հին Ջուղայի գերեզմանոցը
Յետխորհրդային տարիներում Ադրբեջանի իշխանութիւնները հիմք ունենալով պանթուրքիստական աւերատենչական քաղաքականութիւնը, կրկնակի բարբարոսութեամբ շարունակեցին աւերել Հին Ջուղայի գերեզմանատունը: Նախկինում նրանք իրենց «գիտնականներ»-ի իբր թէ «ուսումնասիրութիւններ»-ի հիման վրայ՝ ինչ-որ զուր ջանքեր էին արել Հին Ջուղայի գերեզմանատան խաչքարերը իրենց նախնիներին՝ աղւաններին վերագրելու յոյսով: Այս ուղղութեամբ 1980-ական թւականներին հանդէս եկան մի շարք բաքւեցի «գիտնականներ», ինչպէս Դաւուդ Աղաօղլի Ախունդովը «աղւանականացման» հրապարակումներով: Սակայն, նկատի ունենալով նման հրապարակումների անհիմն ու անընդունելի լինելը գիտական չափանիշներով՝ նրանք միանգամայն մի կողմ դրեցին աղւանա-ադրբեջանականացման քաղաքականութիւնը՝ նախընտրելով ընդունել հայկական խաչքարերի ոչնչացման քաղաքականութիւնը:
90-ական թւականներից Ադրբեջանը սիստեմատիկ ու կազմակերպւած կարգաւորութեամբ եւ օգտւելով իր զինւորական ուժերից եւ պետական միջոցներից՝ մի քանի փուլերով փորձեց ոչնչացնել սոյն գերեզմանոցը:
Ոչնչացման առաջին լուրջ փորձը կատարւեց 1998-ին: Այդ թւականի նոյեմբերին Իրանի սահմանից վկաները ականատես եղան, թէ ինչպէս Ադրբեջանի զինւորական ուժերը բուլդոզերով քանդում ու տեղահան էին անում խաչքարերն ու տապանաքարերը, տեղը հարթում ու յետոյ քանդւած բեկորները գնացքով տեղափոխում էին: Շուրջ երեք շաբաթ շարունակւեց ոչնչացման ընթացքն ու միայն ԻՒՆԵՍԿՕ-ի եւ ԻԿՕՄՕՍ-ի միջամտութեան շնորհիւ՝ այն կասեցւեց: Արդէն խաչքարերի գրեթէ 30 տոկոսը (800 խաչքար) ոչնչացւել էր: Երկաթուղով քարերի տեղափոխումը փաստն էր այն բանի, որ այս բոլորը Նախիջեւանի իշխանութիւնների հրահանգով էր կատարւել:
2002-ի նոյեմբերի 9-ին Ադրբեջանը վերսկսեց ոչնչացման ծրագիրը՝ աւերելով հարիւրաւոր խաչքարեր: Նոյեմբեր 25-ին Իրանի սահմանից նկարահանւած լուսանկարները փաստն էին կատարւած վանդալութեան: Խաչքարերի մի մասը տեղում ջարդուփշուր արւեց, իսկ միւս մասը բեռնատար մեքենաների օգնութեամբ մի անյայտ վայր փոխադրւեց:

2005 թ. դեկտեմբերի 10-ից սկսած՝ մօտ 200 ադրբեջանցի զինւորների միջոցով Հին Ջուղայի գերեզմանատունը հիմնայատակ բնաջնջման ենթարկւեց: Զինւորները քարաքանդիչ ինքնաշարժների, կռանների ու տապարների օգնութեամբ խաչքարերը մէկ առ մէկ ջարդ ու փշուր էին անում, յետոյ լցնում բեռնատար մեքենաներն ու փոխադրելով՝ լցնում Արաքս գետը: 2006 թ. մարտի սկզբներում ադրբեջանական զինւորականութիւնը բետոնապատելով ոչնչացւած գերեզմանատան տարածքը՝ այն վերածեց ժամանակակից ռազմական հրաձգարանի:
Այս յօդւածը նաեւ տպագրւել է Ալիք օրաթերթում:
«Ալիք» Դեկտեմբերի 19, 2006
Հայկական պատմա-մշակութային միւս յուշարձաններին ուղղւած ադրբեջանական հակահայկական վանդալիզմի կապակցութեամբ կարելի է ընթերցել հետեւեալ յօդւածը.
Հակահայկական վանդալիզմի դաժան կերպարը՝ Ադրբեջանում
Tuesday, December 12, 2006
Դարձեալ Հայոց Ցեղասպանութեան հաւանական զոհերի զանգւածային գերեզման
Թուրքիայում յայտնաբերւել է մի զանգւածային գերեզման
Սոյն թւականի հոկտեմբերի 17-ին Թուրքիայի հարաւարեւելքում գտնւող Մարտին վիլայէթի Նուսայբին (Nusaybin) կամ Նիսբին (Nisbin) (նախկինում Մծբին) գաւառի Քսերաբեբաբա (Xirabêbaba) կամ Քուրու (Kuru) քրդաբնակ գիւղում պատահաբար յայտնաբերւեց մի զանգւածային գերեզման:
Յայտնաբերման օրը Քսերաբեբաբայի բնակիչները գիւղի գերեզմանոցում, որը, ըստ երեւոյթին, գտնւում է գիւղին մերձակայ քարանձաւներով լի մի տարածքում, իրենց մահացած հարազատի համար գերեզման էին փորում, երբ պատահաբար մէկ մետր խորութեան վրայ հանդիպեցին մի սալաքարի: Գիւղացիները շարունակելով պեղման գործը՝ անդրադարձան, որ սոյն սալաքարը ծառայում է որպէս կափարիչ մի քարանձաւի: Նրանք քարանձաւում գանձ գտնելու յոյսով շարունակեցին պեղումն ու շարժելով սալաքարը՝ հանդիպեցին երեք մետր լայնութեամբ մի քարանձաւի: ներս մտնելով սոյն քարանձաւը՝ գիւղացիները յայտնաբերեցին մի գերեզման, որը լեցուն էր, իրենց ասութեամբ, շուրջ 40 մարդու կմախքներով ու գանգերով: Քարանձաւի պատերում կէս մետր խորութեամբ խոռոչներ կային: Բացի մի ջրի սափորից՝ ներսում մի այլ բան չյայտնաբերւեց:
Այն բոլոր կմախքները վկայում էին մի «զանգւածային գերեզման»-ի մասին: Ասես ոճրագործները փորձել էին քարանձաւի մէջ թաքցնել սպանութեան ենթարկած իրենց զոհերը՝ դիակները մէկը միւսի վրայ գցելով ու քարանձաւի մուտքը ծածկելով:
Յաւակնութիւնների հիման վրայ՝ գիւղի շրջակայքում կան բազմաթիւ քարանձաւներ, որոնց մէջ կարելի է հանդիպել բազում կմախքների ու ոսկորների: DIHA (Dicle News Agency) լրատւական ցանցի համաձայն (հաղորդւած Kurdish Info կայքէջում)՝ տեղի գիւղացիները, որոնք չեն կամեցել բացայայտւել, վկայել են, որ նախկինում եւս, գիւղի մօտակայքում յայտնաբերել են կմախքներով լի այլ քարանձաւներ, որոնց մուտքը ծածկւած է եղել: Նրանք վկայել են, որ սոյն քարանձաւային գերեզմաններում կարելի է հանդիպել բազում գանգերի ու ոսկորների:
Լուրը, ընդհանրապէս, Թրքական ու քրդական մամուլում արձագանք գտաւ, ոչ թէ հայկականում
Քուրուի զանգւածային գերեզմանի յայտնաբերման լուրը, հիմնականում, քրդական ու թրքական մամուլում արձագանք գտաւ: Առաջին անգամ, թրքերէնով Թուրքիայում հրատարակւող քրդական «Ուլքադա օզգիւր գիւնդեմ» (Ülkede Özgür Gündem) օրաթերթի սոյն թւականի հոկտեմբերի 19-ի համարի առաջին էջում տեղ առաւ Բերգիւզար Օրուչի (Bergüzar Oruç) գրչին պատկանող «Զանգւածային գերեզման հայկական գիւղում» (Ermeni köyü'nde toplu mezar) խորագիր կրող լուրը: Սոյն գրութեան կից ներկայացւել էին երկու համապատասխան լուսանկարներ, որոնք պատկերացնում էին յայտնաբերւած գանգերն ու կմախքները: Հրատարակւած այդ գրւածում հեղինակը Քուրուն ներկայացրել էր որպէս նախկինում (մինչեւ 1915 թ.) հայաբնակ գիւղ, իսկ կմախքներով լի այդ քարանձաւը ներկայացրել որպէս հաւանական Մեծ Եղեռնի ժամանակաշրջանին պատկանող հայկական զանգւածային գերեզման: Եւրոպայում հեռարձակւող քրդական արբանեակային հեռուստաալիքը՝ Roj TV-ին, եւս վերոյիշեալ թեման քննարկեց:
Չնայած նախկինում արձանագրւել էին Թուրքիայի տարածքում Ցեղասպանութեան տարիներում յարակից զանգւածային գերեզմանների յայտնաբերման այլ դէպքեր, բայց սա առաջին անգամն էր, որ նման մի յայտնաբերում հաղորդւում էր հէնց Թուրքիայում հրատարակւող մի օրաթերթի միջոցով:
Նկատի ունենալով, որ Թուրքիայի իշխանութիւնները մինչ այսօր հերքման քաղաքականութեամբ են հանդէս եկել ասորիների (քաղդէացիների ու սիրիացիների), յոյների եւ հայերի ցեղասպանութեան հարցի կապակցութեամբ՝ թրքական մամուլի ընդհանուր բաժինը լռութեամբ անցաւ այս թեմայի վրայով: Սակայն, սա չարգելեց, որ թուրք պարբերականների մի հատւածը, ինչպէս «Սթար գազեթէ»-ն (Star Gazete) կամ «Նոքթա»-ն (Nokta), չանդրադառնան դրան:
Քուրուի զանգւածային գերեզմանի հարցը լայն արձագանգ գտաւ նաեւ Շւեդիայում: Ասորական միջազգային լրատւական ցանցի (Assyrian International News Agency) կամ AINA-ի նոյեմբերի 28-ի հաղորդման համաձայն՝ այս ուղղութեամբ մեծ դեր է ունեցել ասորի քաղդէացիների ու սիրիացիների կազմակերպութիւնը (Assyrian Chaldean Syriac Association): Գերեզմանի յայտնաբերման լուրը առաջին անգամ հաղորդւեց Շւեդիայի առաջնակարգ լրատւական ցանցի՝ Tidningarnas Telegrambyrå-ի (TT-ի) միջոցով, իսկ դրանից յետոյ լուրը հրատարակւեց շւեդական զանազան պարբերականներում ինչպէս «Dagens Nyheter» եւ «Svenska Dagbladet» օրաթերթերում:
Հակառակ դրան, որ Քուրուի իրադարձութիւնները լուրջ արձագանգ գտան թրքական ու քրդական լրատւական շրջանակներում, սակայն հայկական մամուլը եւ ընդհանրապէս հայկական լրատւական համակարգն ու քարոզչական մեքենան, բաւարարւելով մի քանի ոչ-բաւարար տեղեկատւութիւնների, ինչպէս հարկն էր չարձագանգեց կատարւածին եւ ընդհանուր առմամբ՝ այսպիսի կարեւոր մի թեմայի կողքից լուռ ու անտարբեր անցաւ: Թեման կարեւոր եմ համարում այն իմաստով, որ ինչպէս մի քիչ յետոյ կանդրադառնանք, քրդական մամուլը բացայայտօրէն արծարծելով Քուրուի իրադարձութիւնները՝ յամառօրէն պնդում է շեշտը դնել այն բանի վրայ, որ սոյն զանգւածային գերեզմանը հայկական է, իսկ մենք ...
Քաջ տեղեակ ենք, որ Իրաքի կամ նախկին Իւգոսլաւիայի տարածաշրջանում (ինչպէս Բոսնիայում) վերջերս յայտնաբերւած զանգւածային գերեզմանները ինչ ազդեցիկ գործօն հանդիսացան Սերբիայի եւ Իրաքի նախկին բռնապետ ու ոճրագործ կառավարիչներից անմեղ զոհերի դատը բարձրացնելու եւ արդարութիւն պահանջելու ճանապարհում...
Զոհւածների ինքնութիւնը
Ըստ ամենայն հաւանականութեան՝ քարանձաւում թաղւած զոհւածները ինքնութեամբ հայեր են եղել, որոնք սպանդի են ենթարկւել 1915 թ. արիւնոտ ջարդերին: Հրապարակւած զանազան հաղորդումների համաձայն՝ միչեւ իսկ տեղի գիւղացիները համոզւած են, որ յայտնաբերւած դիակները պատկանում են Մեծ Եղեռնի հայ զոհերին, չնայած որոշ աղբիւրներ (մանաւանդ թրքական աղբիւրները) գիւղացիների լեզւից հաղորդել են, որ հնարաւոր չէ ճշտորոշել դիակների ինքնութիւնը: Թուրքիայում հրատարակւող «Star Gazete»-ն իր հոկտեմբերի 21-ի համարում Քուրուի դէպքերի կապակցութեամբ գրել է, որ սոյն զանգւածային գերեզմանի յայտնաբերմամբ զանազան զրոյցներ սկսեց խօսւել գիւղացիների միջեւ: Ըստ թերթիս՝ գիւղի տարեցները բացայայտելով, որ Օսմանեան կայսրութեան վերջին շրջաններում բազում արիւնոտ դէպքեր են տեղի ունեցել տարածաշրջանում՝ ասել են. «մեր պապերը պատմել են մեզ, որ այս գիւղը հին հայկական գիւղ է եղել, չնայած շրջակայքում նաեւ եղել են մահմեդական գիւղեր»:

Պատմական փաստերի հիման վրայ՝ ենթադրւում է, թէ Քուրուի զանգւածային գերեզմանում թաղւած են տեղի հայ եւ սիրիացի (ասորիներ, որոնք հաւատքով պատկանում էին Սիրիական ուղղափառ եկեղեցուն) բնակիչները, որոնք 1915 թ. ցեղասպանութիւնների ժամանակ սպանւել ու համատեղ թաղւել են յիշեալ վայրում: Այդ ուղղութեամբ լիարժէք պարզաբանութիւններ է կատարել Շւեդիայի Սոդերտորն (Södertörn) համալսարանի դասախօս ու պատմաբան Պրոֆ. Դէյւիդ Գաունտը (David Gaunt): Նոյեմբերի 7-ին «Ուլքադա օզգիւր գիւնդեմ» օրաթերթում «Զանգւածային գերեզմանը պատկանում է հայերին ու սիրիացիներին» (Toplu mezar ermeni ve süryanilere ait) խորագրով հրատարակւած յօդւածում հեղինակը՝ Այշէ Գիւնայսուն (Ayşe Günaysu) անդրադարձել էր շւեդացի պատմաբանի տեսակէտին:
Պրոֆ. Գաունտը մանրամասնօրէն ուսումնասիրութեան է ենթարկել 1915 թւականին ամռան ընթացքում Մարտինի սանջակի (Sancak) շրջանում իրագործւած 150 ջարդերը: Յիշողութեան արժանի է, որ նրա վերջին գիրքը՝ «Massacres, Resistance, Protectors: Muslim-Christian Relations in Eastern Anatolia during WWI» խորագրով հրատարակւեց այս տարի նոյեմբերին ԱՄՆ-ի «Ջորջիազ պրես» (Gorgias Press) հրատարակչութեան միջոցով: Սոյն գրքում հեղինակը հիմք ունենալով ռուսական, թրքական ու եւրոպական պետական արխիւներ, նաեւ մինչ օրս չհրատարակւած ձեռագրեր ու բանաւոր աղբիւրներ՝ փորձել է լուսաբանել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներում քրիստոնէա-մահմեդական փոխյարաբերութիւնները Օսմանեան կայսրութեան արեւելեան տարածաշրջաններում, որտեղ յատուկ ուշադրութեան է արժանացրել Ուրմիա եւ Հաքքարի (Hakkari) շրջաններում ապրող ասորիներին առընչւող իրադարձութիւններն ու նաեւ Դիարբեքրի մասնաւորապէս Թուր-Աբդինի (Tur Abdin) սիրիացի բնակիչներին առընչւող դէպքերը:

Պրոֆ. Գաունտի կարծիքով՝ գերեզմանի մահմեդականներին պատկանման վարկածը տրամաբանական չէ: Նա անհաւանական է համարում, որ տեղում թաղւածները քրիստոնեաների ձեռքով սպանւած մահմեդականներ լինեն: Որպէս պատճառաբանում՝ նա շեշտում է, որ սոյն թւականներին տարածաշրջանում միակ քրիստոնէական դիմադրութիւնն արձանագրւել է յիշեալ գերեզմանից շատ հեռու գտնւող- այդ օրերում շրջապատման ենթարկւած- մի շարք գիւղերում, որը կազմակերպւել էր մի խումբ սիրիացիների միջոցով, որոնք որպէս ջարդից փրկւելու միակ միջոց՝ դիմադրութեան տարբերակն էին ընտրել: Գաունտը նշում է, որ սոյն դիմադրական շարժումներին նաեւ մասնակցել էին դէսից-դէնից փախուստի դիմած ու ջարդերից փրկւած մի խումբ հայեր:
Գաունտը համոզւած է, որ եթէ միջոցը տրւի ուսումնասիրել քարանձաւում յայտնաբերւած ոսկորները, հնարաւոր կը լինի զոհւածների ինքնութեան պարզորոշման ճանապարհին աւելի ստոյգ ու ճշգրիտ եզրայանգութիւնների հասնել: Նա երեք վարկած է հաշւում զոհւածների ինքնութեան վերաբերեալ.
Ա- Եթէ ուսումնասիրութիւնները յայտնաբերեն, որ զոհւածները, մեծամասնութեամբ, տղամարդիկ են, ապա կարելի է եզրակացնել, որ նրանք հայ կաթոլիկ, սիրիացի բողոքական ու խալդեցի չափահաս տղամարդիկ են եղել, որոնց 1915 թ. յունիսի 13-ին փոխադրել են Նուսայբինի բանտը, իսկ յունիսի 15-ին սպանդի ենթարկել:
Բ- Եթէ զոհւածների մէջ կանանց թիւը ընդհանրապէս գերակշռում է տղամարդկանց, ապա մեծ հաւանականութեամբ կարելի է ասել, որ գերեզմանը պատկանում է այն հայ կաթոլիկ կանանց, որոնք համատեղ ջարդի են ենթարկւել 1915 թ. յունիսի 28-ին:
Գ- Այն պարագայում, երբ զոհւածները միախառն լինեն տղամարդկանցից եւ կանանցից, մանուկներից ու չափահասներից, ապա ենթադրաբար՝ զոհւածները Նուսայբինցի ուղղափառ սիրիացիներ կը լինեն:
Այս երեք հաւանականութիւններից բացի՝ Պրոֆ. Գաունտը հիմք ունենալով հրապարակւած տեղեկութիւնները՝ այսպէս է յայտնել իր գնահատանքը. «նկատի առնելով «Ուլքադա օզգիւր գիւնդեմ» թերթում տեղ առած լուսաբանութիւնները եւ այն իրականութիւնը, որ Քուրու գիւղը աւելի քան Նուսայբինին յայրակից լինի, Դարային (Dara)- ներկայում կոչւում է Օղուզ (Oğuz)- է մօտիկ՝ գնահատում եմ, որ յիշեալ զանգւածային գերեզմանում յայտնաբերւած կմախքները, մեծ հաւանականութեամբ, պատկանում են 150 հայ եւ 120 սիրիացի ընտանիքների հոգատար տղամարդկանց, որոնց 1915 թ. յունիսի 14-ին Դարայից դուրս քշելով՝ ենթարկում են սպանդի»: Գաունտի խօսքերով՝ յիշեալ 270 մարդկանց ջարդը իրագործւել է Մարտինում «Իթթիհատ վէ թերաքքի» կուսակցութեան առաջնորդի եւ Մարտինում քրէական դատարնի դատաւոր Հալիլ Էդիպի (Halil Edip) հրամանատարութեան ներքոյ գտնւող սպանդի ջոկատների միջոցով:
Պրոֆ. Գաունտի խօսքերով՝ երբ Դարա կոչւած գիւղաքաղաքից 270 հայ եւ սիրիացի բնակիչներին դուրս էին քշում, նրանցից միայն մէկն է յաջողում փախչել, որը հետագայում վկայում է կատարւածի մասին: Ջարդից վերապրած այդ սիրիացին վկայել էր, թէ ինչպէս թուրքերը իր դրացիներին դէսուդէն քշելուց յետոյ՝ սպանդի են ենթարկել ու նրանց դիակները նետել մի ջրհորի ներքեւ: Ըստ պրոֆ. Գաունտի՝ յայտնաբերւած զանգւածային գերեզմանը բերում է այն եզրայանգութեան, որ հաւանաբար, յիշեալ երկու խմբերը երկու տարբեր վայրերում են սպանդի ենթարկւել: Այսպիսով՝ թուրք դահիճները հայերի դիակները թաքցրել են յիշեալ քարանձաւում, իսկ սիրիացիների դիակները նետել ջրհոր:
Անդրադարձ պատմութիւնից. Մարտինի ու մերձակայ շրջանի ջարդերը
Պրոֆ. Գաունտի համոզմամբ՝ քուրուն հիմնականում հայկական կամ սիրիական գիւղ չի եղել (հակառակ նրան, որ սոյն զանգւածայն գերեզմանի մասին հրապարակւած ընդհանրապէս քրդական լրատւութիւնները Քուրուն նշել են որպէս հայկական գիւղ): Նրա խօսքերով՝ տարածաշրջանի հայկական գիւղերը կենտրոնացած են եղել Տել-Արման (Tel-Arman)- ներկայում Կըզըլթեփէ (Kızıltepe)- շրջանում, սակայն Նուսայբին, Դարա եւ Ջիզրէ (Cizre) շրջանները եւս ունեցել են հայ բնակչութիւն:
Պրոֆ. Գաունտը «Ուլքադա օզգիւր գիւնդեմ» թերթի նոյեմբերի 7-ի համարում լուսաբանել էր, որ Մարտինի սանջակի հարաւարեւելքում, ի մասնաւորի Նուսայբինի շրջանում ու Նուսայբինի արեւելքում, բազում ջարդեր են տեղի ունեցել: նրա խօսքերով՝ այդ ջարդերը իրագործւել էին Ռեֆիք Նիզամէդդին Քադդուր բէկի (Refik Nizamettin Kaddur) հրամանատարութեան տակ գտնւող՝ շրջանում «Էլ-Համշին» (El-Hamşin) (արաբերէն այս բառը նշանակում է 50 մարդ) անունով ճանաչւած սպանդի ջոկատի միջոցով: Գաունթը Էլ-Համշինը ներկայայցնում է այն սպանդի ջոկատների շարքում, որոնք Վալի Ռեշիդ Բէկի (Vali Reşid Bey) հրամանով կազմակերպւել էին Դիարբեքր, Մարտին, Նուսայբին եւ Ջիզրէ շրջաններում՝ բնաջնջելու եւ տեղահան անելու քրիստոնեայ, մասնաւորապէս հայ, բնակչութեանը:
Թուրք կառավարութեան վերաբերմունքը՝ հարցին
Չնայած Թուրքիայի գլխաւոր պետական մարմինները մինչ այսօր խուսափել են պաշտօնապէս դիրքորոշւել ու արտայայտւել հարցի մասին, բայց յատկանշական է Մարտինի կառավարական ու զինւորական տեղական մարմինների հերքման, քողարկման, խեղաթիւրման ու ճնշման վրայ հիմնւած քաղաքականութիւնն եւ շփոթահար ընդունած դիրքորոշումը: Ասես թէ նրանք լաւատեղեակ լինէին ինչ-որ դառն ու ոճրագործութեամբ լի իրականութեանը, որը իբր պապերից հասած գաղտնիք պիտի մնար յաւերժ թաքուն: Բայց, սոյն գերեզմանի յայտնաբերումը խուճապի մատնեց նրանց ...
Քուրուի բնակիչները քարանձաւային գերեզմանը յայտնաբերելուց անմիջապէս յետոյ՝ դիմում են հարեւան Աքարսու գիւղի ոստիկանական տեղամասին ու յայտնում իրենց տեսածը, իսկ տեղի ոստիկանութիւնը նրանց կարգադրում է ծածկել քարանձաւի մուտքը, ոչ մի բանի ձեռք չտալ ու տեսածի մասին ոչ ոքի հետ չխօսել՝ նրանց վստահեցնելով, որ Նուսայբինի դատախազութիւնը հետաքննութիւններ պիտի կատարի վայրում: Սակայն, գիւղացիները, հակառակ ոստիկանութեան թելադրանքներին, նախընտրում են տեղական մամուլին յայտնել յայտնաբերածի մասին:
Երբ Քուրուի զանգւածային գերեզմանի յայտնաբերման լուրը լրատւութեամբ հրապարակւեց, տեղամասի պաշտօնեաները «Օզգիւր գիւնդեմ»-ի եւ «Roj TV»-ի հրապարակած լուսանկարները կեղծ համարեցին՝ փորձելով հաւատացնել, որ տեղեկագիրը սուտ է եղել: Աքարսուի ոստիկանական տեղամասի զինւորականները մամուլի ներկայացուցիչներին, որոնք եկել էին յաւելւած տեղեկութիւններ քաղելու, արգելեցին մուտք գործել քարանձաւ: Ժանդարմները գիւղացիներին նախազգուշացրել էին, որ քարանձաւի ճանապարհի կամ իրենց տեսածի մասին մամուլին ոչ մի տեղեկութիւն չյայտնեն: Լուրը մամուլում արծարծւելուց յետոյ տեղամասի ծառայող զինւորականները մէկ անգամ եւս մեկնելով գիւղ՝ հարցաքննման էին ենթարկել գիւղացիներին՝ պարզելու, որ ով է եղել քարանձաւի մասին մամուլին հաղորդողը:
«Օզգիւր գիւնդեմ»-ը կատարւածին անդրադարձել էր հոկտեմբերի 22-ին «Զանգւածային գերեզմանը քողարկւում է» (Toplu Mezar Gizleniyor) խորագրով: Թերթս նաեւ հաղորդել էր, որ ոստիկանութիւնը քարանձաւը լուսանկարելուց յետոյ՝ մուտքը ծածկել եւ ելքն ու մուտքն արգելել էր: Ըստ երեւոյթին, դեռ (գոնէ մինչեւ դեկտեմբերի 3-ը) դատախազութեան կողմից որեւէ հետաքննութիւն չի կատարւել: Ինչպէս հոկտեմբերի 22-ին «Օզգիւր գիւնդեմ»-ը գրել էր. «Քանի դեռ ընդհանուր գերեզմանը քողարկւում է, (Նուսայբինի) դատախազութիւնն այս քարանձաւում հազիւ թէ հետաքննութիւն կատարի»:

AINA-ի նոյեմբերի 28-ի հաղորդման համաձայն՝ Թուրքիայի ամենահանրահռչակ շաբաթաթերթերից «Նոքթա»-ի վերջին համարներից մէկում (23-29 նոյեմբերի) Թալին Սուջիեանը (Talin Suciyan) Քուրուի զանգւածային գերեզմանի հարցը առաջ քաշեց: Յօդւածում, որ «Դարձեալ երեք կապիկների դերը խաղացինք» (Gene üç maymunu oynadık) խորագիրն էր կրում, հեղինակը նշել էր. «Մէկ ամիս առաջ Նուսայբինում մի զանգւածային գերեզման յայտնաբերւեց, սակայն դատաիրաւական, գործադիր եւ օրէնսդիր իշխանութիւնները ու նաեւ մամուլը դեռ լռում են»: Նրա տեսակետից՝ յիշեալ երեք կառավարական իշխանութիւնները այս հարցում «երեք կապիկներ»-ի դերն են ընդունել: Նա յօդւածում շեշտել էր. «մեր ժողովրդավարութեան երեք ուժերից, դատաիրաւական, գործադիր եւ օրէնսդիր իշխանութիւններից ոչ մէկը այդ հարցը քննարկման ենթարկելու համար գործի չանցաւ: Իսկ երբ չորրորդ ուժը- մամուլը- աւլելով ոսկորները գորգի տակ՝ փորձեց թաքցնել ինչ-որ բան՝ (թուրք) հասարակութիւնը ամբողջովին անտեղեակ մնաց կատարւածի մասին»:
Մարդու իրաւունքների կազմակերպութիւնը պնդել է ստուգել դիակների ինքնութիւնը
Միակ թուրք կազմակերպութիւնը, որ հակազդեցութեամբ հանդէս եկաւ կատարւածի դէմ, Թուրքիայի Մարդու իրաւունքների կազմակերպութիւնն էր: «Ուլքադա օզգիւր գիւնդեմ»-ի նոյեմբերի 10-ի հաղորդման համաձայն, որը հրատարակւեց «Ուսումնասիրութեան ենթարկէք զանգւածային գերեզմանը» (Toplu mezar araştırılsın) խորագրով՝ Մարդու իրաւունքների կազմակերպութեան Ստամբուլի գրասենեակը (İHD) սոյն օրաթերթի 19 հոկտեմբերի եւ 7 նոյեմբերի համարներում հրատարակւած երկու լուրերը հիմք ընդունելով՝ բաց նամակով պահանջագիր է ներկայացրել Թուրքիայի Հանրապետութեան ներքին գործոց նախարարութեանը՝ սոյն նախարարութիւնից պահանջելով՝ յարմար ուսումնասիրութիւններ ու հետաքննութիւններ ձեռնարկել զոհւածների ինքնութիւնը, հայ կամ սիրիացի լինել-չլինելը, պարզելու ուղղութեամբ:
Սոյն նամակում İHD-ին յիշեցրել էր, որ հարցի կապակցութեամբ մինչ օրս որեւէ պաշտօնական բացայայտութիւն չի եղել: Այդ առումով՝ սոյն կազմակերպութիւնը պահանջել է պարզել, որ սպանութեան իրագործման ժամանակահատւածը համընկնում է 1915 թ. սկսած հայերի տեղահանութիւններին թէ ոչ: Սոյն կազմակերպութիւնը հարկաւոր է համարել կեանքի կոչել անկախ պատմաբաններից եւ դատաբժշկական մասնագէտներից կազմւած մի յանձնախումբ, որը հետաքննութեան պիտի ենթարկի այդ զանգւածային գերեզմանը եւ դրա մէջ թաղւած կմախքները:
İHD-ին յիշեալ նամակում շեշտել էր. «Մենք՝ որպէս մարդկու իրաւունքների պաշտպան, գիտենք, որ այն ժողովուրդները, որոնք չեն համարձակւում հաշտւել իրենց անցեալի, մօտիկ ու հեռու պատմութեան դառն իրականութիւնների հետ, զրկւած են մնում ժողովրդականացման ընթացքը յաջողութեամբ աւարտին հասցնելու հնարաւորութիւնից»:
«Ուլքադա Օզգիւր գիւնդեմ»-ը զրկւեց հրատարակման իրաւունքից
Նոյեմբերի 16-ին Ստամբուլի թիւ 10 ծանր յանցագործութիւնների դատարանը (İstanbul 10. AĞır Ceza Mahkemesi) Ստամբուլի գլխաւոր դատախազութեան «Ուլքադա օզգիւր գիւնդեմ»-ի դէմ յարուցւած հետաքննութեան հետեւանքով՝ վճիռ կայացրեց 15 օրով դադարեցնել սոյն պարբերականի հրատարակման ու ցրման ընթացքը՝ յայտարարելով, որ թերթս չարաշահել է խօսքի ազատութեան իրաւունքը: Ըստ երեւոյթին, հետաքննութիւնը յարուցւել էր թերթումս հրատարակւած 13 յօդւածների ու մեկնաբանութիւնների պատճառով, որոնք պարունակում էին PKK-ի առաջնորդներին ու Kongra-Gel-ին առընչւող յայտարարութիւնները եւ իբր թէ կրում էին քարոզչական ու ներբողական բնոյթ՝ յօգուտ ահաբեկչական խմբաւորումների:
Դատական այս վճիռը կայացաւ 6 օր դրանից յետոյ, երբ Թուրքիայի զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ զօր. Եաշար Բոյուքանըթը (Yaşar Büyükanıt) նոյեմբերի 10-ին խօսք ուղղելով «Օզգիւր գիւնդեմ»-ին՝ ընդգծել էր, որ չպէտք է Քուրդստանի Բանւորական կուսակցութեան (PKK) օրաթերթերին ու պարբերականներին թոյլատրել հրատարակւել Թուրքիայում:
Թերեւս, ըստ երեւոյթին, Քուրուի զանգւածային գերեզմանի յայտնաբերման հետ առընչւող հաղորդումները ուղղակիօրէն թերթիս հրատարակազրկման պատճառ չեն հանդիսացել, բայց նկատի առնելով, որ «Օզգիւր գիւնդեմ»-ը առաջինը լինելով ու հաւանաբար միակը լինելով Թուրքիայում, փորձել է այդ երկրի փակ շրջանակներում արծարծել հայկական զանգւածային գերեզմանների թեման, չի կարելի անտեսել այն իրականութիւնը, որ այդպիսի մի արգելք, թէկուզ ժամանակաւոր, կարող է խափանել ազատ ու ընդարձակ լրատւութեան հնարաւորութիւնը՝ հարցի կապակցութեամբ:
Շւեդիայի կառավարութիւնը քննարկել է Քուրուի հարցը
AINA-ի նոյեմբերի 28-ի հաղորդման համաձայն՝ Շւեդիայի խորհրդարանը նկատի ունենալով յայտնաբերւած զանգւածային գերեզմանի 1915 թ. ջարդերում զոհւած հայերին ու ասորիներին պատկանելութեան հաւանականութիւնն ու Թուրքիայի կառաւարութեան հարցի դէմ ընդունած լռութեան քաղաքականութիւնը՝ յատուկ քննութեան է ենթարկել յիշեալ թեման: AINA-ն հաղորդել է, որ սոյն հարցի այդպիսի լայն ծաւալով շւեդական մամուլում արծարծման արդիւնքում եւ ասորի քաղդէացիների ու սիրիացիների կազմակերպութեան ջանքերի շնորհիւ՝ այսօր թեման նաեւ դարձել է ուշադրութեան կենտրոն՝ Շւեդիայի քաղաքական ասպարէզում:
Ստեղծւած պայմաններում խորհրդարանի պատգամաւոր եւ Ձախակողմեան կուսակցուեան անդամ՝ Հանս Լինդէն (Hans Linde) վերջերս (նոյեմբերի 24-ին) հարցապնդում ներկայացրեց Շւեդիայի արտգործոցնախարար Կառլ Բիլդտին (Carl Bildt)՝ պահանջելով, որ յայտնաբերւած գերեզմանը հետաքննութեան ենթարկելու նպատակով կեանքի կոչել մի անկախ յանձնախումբ՝ բաղկացած գիտնականներից ու պատմաբաններից:
Ներկայացւած հարցապնդումով քննարկման առարկայ են հանդիսացել հետեւեալ խնդիրները.
ա- Արդեօք Շւեդիայի կառավարութիւնը Եւրոխորհրդի շրջագծում ճնշում պիտի գործադրի՞, որ Թուրքիայի Օսմանեան կայսրութեան արխիւների դռները բացեն միջազգային անկախ ուսումնասիրութիւնների առջեւ թէ ոչ:
բ- Արդեօք Շւեդիայի կառավարութիւնը Եւրոխորհրդի շրջագծում պիտի պահանջատէր կանգնի՞ Նուսայբինի զանգւածային գերեզմանի հետաքննման գործում, որպէսզի դատաբժշկական մասնագէտներից ու պատմաբաններից կազմւած մի անկախ յանձնախումբ գործի անցնի թէ ոչ:
գ- Արդեօք Շւեդիայի կառավարութեանը հարկադրւա՞ծ է հայ, ասորի (սիրիացի, քաղդէացի) եւ պոնտացի փոքրամասնութիւններին ուղղւած 1915 թւականի իրադարձութիւնները լուսաբանելու նպատակով նպաստել աւելի խոր ուսումնասիրութիւնների թէ ոչ:
Մինչեւ դեկտեմբերի 12-ը, երբ, ըստ երեւոյթին, արտգործնախարարը իր պատասխանը պիտի ներկայացնի Հանս Լինդէին՝ արտգործնախարարութիւնը հարկադրւած է հետաքննութիւններ ձեռնարկել յիշեալ հարցի գծով: Այս ուղղութեամբ Շւեդիայի խորհրդարանին մօտիկ աղբիւրները հաղորդել են, որ սոյն նախարարութիւնը Անկարայում կամ Ստամբուլում գործող իր ծառայողներից պահանջել է Քուրուի հարցի կապակցութեամբ զեկուցագիր պատրաստել: Նաեւ հաղորդւել է, որ Անկարայում կամ Ստամբուլում աշխատող շւեդացի դիպլոմատիկ պաշտօնատարներից բաղկացած մի յանձնախումբ տարածաշրջանում հետաքննութիւններ է կատարելու հարցի գծով:
Monday, November 06, 2006
Իրաքի բռնագրաւման դառն պտուղը՝ բաժին ընկած իրաքահայութեան
Տարբեր աղբիւրներ Իրաքում ապրող քրիստոնեաների թիւը հաշւում են շուրջ 800,000 հոգի, որը կազմում է ընդհանուր բնակչութեան 3 տոկոսը: Խալդեցիները Իրաքի քրիստոնեաների խոշոր բաժինն են կազմում: Երկրում նաեւ ապրում են հայեր ու ասորիներ: Միայն Բաղդադում, որտեղ իրաքի քրիստոնեաների մեծ մասն են բնակւած կան առնւազն 50 եկեղեցիներ: Իրաքի հայ համայնքն ունի շատ վաղեմի անցեալ: Աւելի քան երեք հազարամեակի ընթացքում հայկական գաղթօջախներ են ստեղծւել այդ տարածքի (Միջագետքի) մի շարք վայրերում: Տարբեր շրջաններում այս գաղթօջախները մի առ ժամանակ ստւարացել են, յետոյ քայքայւել ու վերականգնւել կամ էլ փոխադրւել մի այլ վայր, բայց դրանով հանդերձ՝ իրաքահայութիւնը առ այսօր պահպանել է իր գոյութիւնը արաբ մահմեդական աշխարհի հովանու ներքոյ: Բայց ներկայում այդ համայնքը իր գոյատեւման ճանապարհին մեծ սպառնալիքների դէմ է կանգնած:
Տւեալների համաձայն՝ Իրաքում այժմ ապրում են 20-25 հազար հայեր, որոնք կազմում են երկրի 4-րդ ցեղային մեծ խումբը: Հայերը հիմնականում բնակւել են Բաղդադ, Բասրա, Մուսուլ, Քերքուք եւ Զախօ քաղաքներում: Որոշ աղբիւրներ Իրաքահայութեան բնակչութեան թիւը (մինչեւ 2004 թ.) հաշւում են շուրջ 22,000 (15,000 հոգին ապրում են հէնց Բաղդադում): Իրաքի Հայոց թեմն ունի ընդհանուր 9 եկեղեցիներ:

Քիչ չեն 2003 թւականի ապրիլից մինչ այսօր արձանագրւած այն դէպքերը, որոնց ընթացքում իրաքահայ համայնքը միտումնաւոր կամ պատահաբար թիրախ է դարձել ուղղակի կամ անուղղակի ռազմական կամ ահաբեկչական գործողութիւնների: Այս բոլորի պատճառով՝ համայնքը ոչ միայն նիւթական վնասներ է կրել, այլ նաեւ տւել է մարդկային զոհեր: Բարեբախտաբար, 2003 թւականի մարտապրիլի բռնագրաւման պատերազմում Իրաքի հայ համայնքը համեմատաբար թեթեւ կորուստներ կրեց: Ռազմական գործողութիւնների հետեւանքով՝ մի քանի հայեր կորցրեցին իրենց կեանքը: Հայերին պատկանող մի քանի տներ աւերւեցին կամ վնասւեցին: Բայց, իրավիճակը պատերազմից յետոյ ահաւոր կերպար է ստանում:
Ներկայում հայերը եւ միւս ցեղային կամ կրօնական փոքրամասնութիւնները, համեմատ Սադդամի բռնապետութեան տարիներին, երբ նրանք ինչպէս բոլոր իրաքցիները տառապանքային կեանք էին ապրում, ունեն աւելի ազատ կեանք, այնպէս որ՝ խտրութեան չեն ենթարկւում, բայց դրանով հանդերձ՝ յետպատերազմեան տարիներում ստեղծւած անապահով եւ անկայուն իրավիճակի հետեւանքով՝ զուրկ են մնացել այդ ազատութիւնը վայելելու հնարաւորութիւնից: Վերջերս Հայաստան գաղթած մի իրաքահայ այսպէս է բացատրել դրութիւնը. «Իրաքում կռւից առաջ էլ ազատութիւն չկար, կռիւեն յետոյ էլ չկայ: Կռիւից առաջ, որ կար, ապահովութիւնն էր, ոչ թէ՝ ազատութիւնը: Կռիւից յետոյ այդ ապահովութիւնն էլ չկայ»: Ընդհանրապէս, իրաքահայերը այն կարծիքին են, թէ Իրաքում կենսամակարդակը պատերազմից առաջ աւելի բարւոք է եղել՝ քան պատերազմից յետոյ: Ըստ երեւոյթին, երկրի տնտեսական աննպաստ իրավիճակը եւս իր ազդեցութիւնն է թողել իրաքահայութեան կեանքի վրայ: 2004 թւականի յուլիսին տրւած Իրաքի Հայոց թեմի տեղեկատւութեան համաձայն՝ այդ օրերում Բաղդադում հաշււում էին 265 կարիքաւոր հայ ընտանիքներ:

Ցաւօք՝ Իրաքի բռնագրաւումից յետոյ կազմաւորւել են արմատական ծայրայեղ խմբաւորումներ, որոնք իրավիճակը որակում են իբր Մահմեդական եւ Քրիսնտոնեայ աշխարհների վճռական պատերազմ: Նրանք իրաքցի քրիսնտոնեաներին բնութագրում են որպէս կոալիցիային կողմնակից կամ աշխատակից: Այդ իմաստով՝ Իրաքի բնիկ քրիստոնեայ համայնքները եւս չեն կարող զերծ մնալ ահաբեկչական ու արմատական խմբերի հալածանքներից եւ յարձակումներից: Ըստ Ասորական դեմոկրատիկ շարժման տրամադրած ցուցակի՝ միայն 2003 թ. ապրիլի 9-ից մինչեւ 2004 թ. օգոստոս սպանւել են 102 քրիստոնեաներ: Նրանց մի մասը սպանութեան են ենթարկւել ալկոհոլային խմիչքներ վաճառելու կամ ամերիկացիների համար աշխատելու (որպէս թարգմանիչ, լւացարար եւ այլն) պատրւակով: Սպանւածների շուրջ 10 տոկոսը զոհւել է հէնց կոալիցիայի զինւորների ձեռքով յետպատերազմեան բռնութիւնների ընթացքում: Շատերը նաեւ ենթարկւել են պատանդառութեան եւ սպանւել՝ փրկագին չվճարելու կամ ուրիշ պատճառներով:
Ցաւօք՝ իրաքահայութիւնը, ինչպէս միւս Իրաքցիները, ռազմական եւ ահաբեկչական տարբեր գործողութիւնների թիրախ է դարձել ու դեռ ենթարկւում է նման սպառնալիքների: «Ասպարէզ» օրաթերթի հաղորդման համաձայն՝ միայն 2003 թ. ապրիլի 7-ից մինչեւ 2005 թ. հոկտեմբերի վերջը բռնութեան զոհ են դարձել 18 իրաքահայեր, որոնցից 5-ը զոհւել են ռազմական գործողութիւնների ընթացքում, իսկ միւսները` պայթիւնների կամ զինեալ խմբաւորումների գործողութիւնների հետեւանքով, որոնք կատարւել են եկեղեցիներում կամ հասարակական այլ վայրերում: Իհարկէ, չի կարելի հաստատօրէն ասել, որ Իրաքի հայերը ահաբեկչութեան թիրախ են դառնում ուղղակի իրենց ազգութեան կամ հաւատքի պատճառով: Աւելի շուտ՝ նրանք բռնութիւնների զոհ են գնում պատահաբար՝ այն պատճառով, որ սխալ ժամանակում սխալ վայրում են գտնւել: 2006 թւականի մարտ ամսւայ սկզբում էր, երբ երկու իրաքցի հայ կին Բաղդադի շուկաներից մէկում կատարւած ահաբեկչական պայթիւնի հետեւանքով՝ ծանր վնասւածքներ ստացան: Իհարկէ, կան նաեւ դէպքեր, ուր հայերը ամերիկացիների համար աշխատելու պատրւակով՝ ենթարկւել են սպանութեան: 2003 թւականի նոյեմբերին ահաբեկիչնեը Բաղդադում սպանեցին երկու հայ կնոջ, քանի որ նրանք ամերիկացիների մօտ աշխատում էին որպէս աման լւացող:
Ոչ միայն ահաբեկչական խմբերը, այլ հէնց կոալիցիայի զինեալ ուժերը երբեմն սպառնալիք են հանդիսացել Իրաքի քաղաքացիների համար: 2005 թւականի հոկտեմբերին երբ մի բաղդադահայ անձնական ինքնաշարժով իր բարեկամի այցից վերադառնում էր, ամերիկացի զինւորների կրակոցի հետեւանքով՝ սպանւեց: Նա առաջին իրաքահայն էր, որ 2003 թւականի ապրիլի 9-ից յետոյ, այսինքն՝ Բաղդադի գրաւումից ի վեր, ուղղակի սպանւել էր ԱՄՆ-ի զինւորների միջոցով:
Այս բոլորին պիտի նաեւ աւելացնենք կատարւած բազմաթիւ պատանդառութիւնները: Պատանդառուները պատանդ առնւած հայերին ազատելու համար՝ պահանջում են խոշոր գումարներ: 2004 թւականի սեպտեմբերին գրոհայինները արեւանգեցին մի լիբանանահայի: Բարեբախտաբար, զինեալ գործողութեան շնորհիւ՝ յաջողւեց փրկել նրան: Սոյն թւականի մարտ 28-ին առեւանգւեց մի ռումինահայ լրագրող, որը եւս յաջողեց փրկւել մի քանի օր պատանդառութիւնից յետոյ: Առեւնագութեան մատնւեց նաեւ Կարմիր խաչի Միջազգային կոմիտէի աշխատող մի հայ կանադացի, բայց նրա բախտը չբերեց ու սպանւեց:
2005 թւականին ոստիկանական համազգեստով մի քանի անձինք կանգնեցնելով մի հայ բժշկի ինքնաշարժը՝ պատանդ առան նրան ու որպէս փրկագին՝ ընտանիքից պահանջեցին 75 հազար դոլար: Սոյն թւականի վերջին ամիսներում անյայտացան երկու հայեր: Դրանցից մէկը գործարար էր, իսկ միւսը՝ ոսկերիչ, որն աշխատում էր ամերիկացիների պաշտպանութեան տակ գտնւող կանաչ գօտում: 2005 թւականի օգոստոսի 21-ին Բաղդադում մի խումբ գրոհայիններ առեւանգեցին մի կիպրահայ գործարարի: Նա 130 օր յետոյ ազատ արձակւեց՝ 200 հազար դոլար փրկագնի դիմաց: Առեւանգող խումբը սպառնացել էր սպանել նրան, եթէ նրա ընկերութիւնը չդադարեցնէր, իրենց ասութեամբ, «Իրաքում ամերիկեան զօրքերին ուտելիք եւ խմիչք մատակարարման» ընթացքը:
«Համահայկական ցանց»-ի 2006 թ. մարտ 8-ի հաղորդման համաձայն՝ հայերը Իրաքում նաեւ ստանում են սպառնալից նամակներ, որտեղ նրանցից պահանջւում է ինչ-որ տուրք վճարել մոջահեդներին, որի նւազագոյն գումարը կախում ունենալով տւեալ ընտանիքի նիւթական վիճակից՝ երկու հազար դոլար է:
Հայկական ազգային կամ կրօնական կառոյցները եւս զերծ չեն մնացել բռնութիւններից կամ ահաբեկչական յարձակումներից: Պատերազմից յետոյ Բասրայի եւ Քերքուքի հայոց ակումբները կողոպուտի ենթարկւեցին: Չնայած ԱՄՆ-ի Իրաք ներխուժման ժամանակ քրիստոնէական եկեղեցիները առանձնապէս չվնասւեցին, բայց Իրաքի բռնագրաւումից յետոյ դրանք մի շարք ահաբեկչական գործողութիւնների թիրախ են դարձել: 2004 թւականի օգոստոսի 1-ի երեկոյեան Իրաքի Բաղդադ եւ Մուսուլ քաղաքներում հինգ տարբեր քրիստոնէական ճիւղաւորումների պատկանող եկեղեցիների, ինչպէս Բաղդադի հայ Կաթողիկէ եկեղեցու մօտ պայթեցւեցին ինքնաշարժներում տեղադրւած ռումբեր, որի հետեւանքով զոհւեցին 11 հոգի եւ տուժեցին 47 հոգի: Առաջին ռումբը պայթել էր Բաղդադի Կարադա քաղաքամասում գտնւող հայ կաթողիկէ եկեղեցու շրջափակում: Սա առաջին անգամն էր, որ Իրաքի քրիստոնեայ փոքրամասնութիւնները այսպիսի մեծ ծաւալով ենթարկւում էին ահաբեկչական գործողութիւնների:

2004 թւականի դեկտեմբերի 7-ի երեկոյեան մի խումբ զինեալներ ներխուժելով Մուսուլ քաղաքի հայկական եկեղեցին՝ ուժով դուրս բերեցին պահակին եւ եկեղեցում գտնւող մարդկանց: Նրանք յետոյ պայթուցիկ նիւթեր տեղադրելով եկեղեցում՝ պայթեցրին շէնքը, որի հետեւանքով՝ շինութիւնը մեծ վնաս ստացաւ: Բարեբախտաբար, մարդկային զոհեր չեղան:
Իրաքահայերը նկատի առնելով հաւանական ահաբեկչութիւնների սպառնալիքը, որ կարող է ուղղւած լինել ազգային ու կրօնական կառոյցներին, հնարաւորի չափ խուսափում են նման վայրերում հաւաքւելուց: «Արմենիա նաու» շաբաթաթերթի 2004 թ. սեպտեմբերի 24-ի համարում հրատարակւած յօդւածում Հայաստանում Իրաքահայերի միութեան փոխնախագահ Երւանդ Մինասեանը այսպէս էր որակել այն օրերի դրութիւնը. «Հայութեան վիճակն այնտեղ (Իրաքում) ահաւոր է: Եկեղեցիները հիմնականում փակ են: Միայն մի փոքրիկ եկեղեցի է գործում, սակայն հայերը չեն հաւաքւում, որպէսզի ահաբեկչական գործողութիւնների թիրախ չդառնան»:
Նկատի առնելով տիրող անապահովութիւնը, պետութեան եւ կոալիցիայի անզօրութիւնը՝ հակաահաբեկչական պայքարում եւ Իրաքում խաղաղութիւն հաստատելու գործում ու երկրի եւ հասարակութեան տնտեսական ծանր վիճակը, որ իր գագաթնակէտին է հասել յետպատերազմեան տարիներում, իրաքահայերից շատերը ճարահատւած թողնում են երկիրը ու արտագաղթում կամ աւելի ճիշտ՝ փախչում օտար երկրներ, քանի որ էլ ոչ մի ապագայ չեն տեսնում Իրաքում: Հազարաւոր իրաքահայեր փորձում են ապաստան գտնել աշխարհի չորս անկիւններում, քանի որ տիրող իրավիճակը առել է նրանցից ազատ եւ ապահով ապրելու վերջին յոյսերը:
Արտագաղթողների թւի մասին յստակ տեղեկութիւններ չկան: «Ղարաբաղ օնլայն»-ի համաձայն՝ պատերազմից յետոյ (մինչեւ 2006 թ. մարտը) 300 հայ ընտանիքներ են տեղափոխւել տարբեր երկրներ: Արտագաղթողների մեծ մասը ապաստանել է՝ Յորդանանում, Լիբանանում եւ Սիրիայում: Նաեւ կան մարդիկ, որոնք Հայաստանն են ընտրել որպէս հանգրւան: Հայաստանում ապաստան գտնած իրաքահայերի ընդհանուր թւի վերաբերեալ Փախստականների եւ գաղթականների վարչութիւնը տեղեկութիւններ չունի, չնայած վարչութեան Ապաստան հայցողների բաժնի պետ Պետրոս Աղաբաբեանի խօսքերով՝ այս երեք տարիների ընթացքում ապաստան հայցողների թիւը բազմաթիւ է: «A1Plus»-ի հաղորդման համաձայն՝ 2003 թ. մինչեւ 2006 թ. յունիսի 31-ը 388 իրաքահայեր մեկնել են Հայաստան:
Ինչպէս գիտենք, Հայաստանի Հանրապետութիւնը խաղաղապահ մասնագէտ զինւորներ է ուղարկել Իրաք ու արդէն մաս կազմել ԱՄՆ-ի գլխաւորութեամբ Իրաքում գործող կոալիցիային: Չնայած ոմանք ինչ-որ դրական կէտեր են տեսնում Հայաստանի այս ռազմավարութեան մէջ, բայց նկատի առնելով Իրաքի ապստամբական ու ահաբեկչական ծայրայեղ խմբերի հակազդեցութեան սպառնալիքը՝ կայ նաեւ այն մտավախութիւնը, որ Հայաստանը իր մասնակցութեամբ վտանգի գօտում առնի ոչ թէ իր ներքին ապահովութիւնը կամ ասենք՝ հայ խաղաղապահ զինւորների եւ Իրաք մեկնող հայերի կեանքը, այլ նաեւ վտանգի ենթարկի Արաբական աշխարհի հայութեան, դրա շարքում իրաքահայութեան ապահովութիւնը եւ ապագան: Ընդհանրապէս, Արաբական աշխարհը ամերիկացիներին եւ կոալիցիայի մաս կազմող կամ դրան օժանդակող պետութիւններին համարում է բռնագրաւիչ կամ թշնամի:
Իրաքի հայ համայնքը կարեւոր է համարում Հայաստանի աջակցութիւնը եւ հովանաւորութիւնը, բայց նաեւ մտահոգ է այն բանից, որ հայ զինւորականների ներկայութիւնը կարող է արաբ բնակչութեան տրամադրել հայերի դէմ: Իրաքահայերը խուճապային իրավիճակ էին ապրում այն օրերում, երբ Հայաստանի իշխանութիւնները խօսում էին զինւորական մասնագէտներ ուղարկելու մտադրութեան մասին: Հակահայկական հակազդեցութիւնների հաւանականութիւնը այնպիսի մտավախութեան էր մատնել իրաքահայութեանը, որ Բաղդադի միակ հայկական դպրոցի տնօրէն Ծովինար Իշխանեանի խօսքով՝ բաղդադահայերը սկսել էին իրենց երեխաներին տեղափոխել այդ դպրոցից, քանի որ նրանց կարծիքով՝ հայկական դպրոցը կարող էր դառնալ ահաբեկչական գործողութեան թիրախ:
Իարքի հայոց թեմի առաջնորդ Տ. Աւագ արք. Ասատրեանը 2004 թւականի սեպտեմբերի 28-ին «Ազատութեան» ռադիոկայանի հետ ունեցաց հեռախօսազրոյցում եւ դրանից առաջ Հայաստանի Ազգային ժողովի նախագահին ուղղած նամակում յայտնել էր, որ իրենք դէմ են Հայաստանից զինւորականներ ուղարկելու մտադրութեանը: Միեւնոյն ժամանակ, Բաղդադի հայ համայնքի հոգեւոր առաջնորդ Տ. Նարեկ քհնյ. Իշխանեանը «Ազատութեան» ռադիոկայանին տեղեկացրել էր, որ Իրաքում բնակւող բոլոր հայերն էլ դէմ են այդ ծրագրին:
Այս յօդւածը նաեւ տպագրւել է Ալիք օրաթերթում:
«Ալիք» Նոյեմբերի 2, 2006
Monday, October 02, 2006
Հակահայկական վանդալիզմը Ռուասատանի Հարաւային դաշնային շրջանում
2002 թւականի մարդահամարի համաձայն՝ Ռուսաստանում ապրում են 1,130,491 հայազգիներ, որոնք կազմում են ընդհանուր բնակչութեան 0.78 տոկոսը: Մեծ հաւանականութեամբ՝ տւեալներում չի ներառւել ժամանակաւոր հայ աշխատաւորների թիւը: Սրանք այն հայերն են, որոնք չունեն Ռուսաստանի հպատակութիւն ու աշխատանք փնտրելու յոյսով ներգաղթել են այդ երկիրը: Ըստ որոշ թւարկումների՝ Ռուսաստանի հայերը հաշււում են աւելի քան 2 միլիոն: Պատմականօրէն, Ռուսաստանի հայերի խոշոր բաժինը կենտրոնացել է երկրի հարաւային շրջաններում, այսինքն՝ Ստաւրոպոլում, Կրասնոդարում, Ռոստովում, ինչու չէ նաեւ՝ Ղրիմի որոշ հատւածներում: Այդ շրջաններում հայերն ունեն շուրջ 200 տարւայ պատմութիւն:
Չնայած Ռուսաստանի պատմութեան տարբեր ժամանակաշրջաններում կարելի է հանդիպել բազմաթիւ վանդալական դէպքերի՝ ուղղւած կրօնական ու ցեղային փոքրամասնութիւններին, բայց խորհրդային կարգերի փլուզումից յետոյ (ի մասնաւորի 1990-ականների կէսից) էր, երբ անհանդուրժողականութեան ու ազգային ատելութեան հիման վրայ իրագործւող վանդալական ակտերը սրւելով՝ յարաճուն զարկ ստացան: Դրանք, ընդհանրապէս, ուղղւած են եղել ոչ-սլաւոնական արմատով կովկասցի ազգերին, ընդհանրապէս՝ հայերին, ադրբեջանցիներին ու մեսխեթցի թուրքերին: Մերթընդմերթ վանդալական ակտերի թիրախ են դառնում Ռուսաստանի օտարազգիներին պատկանող սեփականութիւնները, յուշարձանները, գերեզմանոցները եւ աղօթատեղիները: Վերջերս սոյն թւականի յուլիսի 31-ին էր, երբ սափրագլուխները Դոնի Ռոստովում Ռուս-հայկական բարեկամութեան թանգարանը վանդալիզմի ենթարկեցին: Արդէն այդ երկրում սովորական երեւոյթներ են դարձել այն դէպքերը, որոնց ընթացքում սափրագլուխները ծեծի են ենթարկում կամ սպանում օտարազգիներին, կամ վանդալիզմի ենթարկում նրանց սեփականութիւնները:
Վերջին տարիներում Դաշնային Ռուսաստանի բազմաթիւ հատւածներում իրականացւել են հակահայկական վանդալական տարբեր ակտեր, բայց ամենալուրջ դէպքերն արձանագրւել են Հիւսիսային Կովկասի Հարաւային դաշնային շրջանում, մասնաւորապէս՝ Կրասնոդար կրայ, Ստաւրոպոլ կրայ եւ Ռոստով օբլըստ մարզերում: Հարաւային դաշնային շրջանը (Southern Federal District) գտնւում է Ռուսաստանի հարաւարեւմուտք անկիւնում, Ուկրայինայի եւ Ղազախստանի միջեւ:
Կրասնոդար կրայը կամ Կրասնոդարի մարզը (Krasnodar Krai) իր մէջ առնելով Կովկասեան լեռնաշղթայի հիւսիսային ստորոտների մի բաժինը՝ համարւում է Դաշնային Ռուսաստանի ամենաբազմաբնակ կրայը, այնպէս որ՝ այնտեղ ապրում է հինգ միլիոնից աւել բնակչութիւն: Կրասնոդարի բնակչութեան շուրջ 87 տոկոսը ռուսներ են, իսկ հայերը (ընդհանրապէս Համշէնի քրիստոնեաները) կազմելով ընդհանուր բնակչութեան շուրջ 5.5 տոկոսը (աւելի քան 131,000 հոգի)՝ համարւում են ամենաբազմաբնակ ոչ-ռուս ցեղախումբը (ըստ որոշ աղբիւրների՝ Կրասնոդարի հայ բնակչութեան թիւը հասնում է շուրջ 800,000 հոգու, այսինքն՝ ընդհանուր բնակչութեան շուրջ 16 տոկոսը): Հայերի մեծամասնութիւնը բնակչութիւն է հաստատել այս մարզի Կրասնոդար, Սոչի, Արմաւիր (հիմնւել է 1839 թ. հայերի ձեռքով), Տուպսէ (Tuapse), Սլաւիանսկ-նա-կուբանի (Slavyansk-na-Kubani) եւ Բելոռեչենսկ (Belorechensk) քաղաքներում եւ մի քանի գիւղերում:
Ստաւրոպոլ կրայը կամ Ստաւրոպոլի մարզը (Stavropol Krai) իր մէջ առնելով Կովկասեան լեռնաշղթայի հիւսիսային ստորոտների գլխաւոր բաժինը՝ գտնւում է Ռոստով օբլըստի եւ Կրասնոդար կրայի հարեւանութեամբ: Մեծ թւով հայեր են բնակւած սոյն կրայի տարբեր կենտրոններում ինչպէս՝ Ստաւրոպոլ, Բուդհոնովսկ (Budyonnovsk) (անցեալում կոչւում էր Սուրբ խաչ կամ ռուսերէն՝ Սւիտոյ կրեստ, քանի որ այն հիմնադրւել է Արցախից, Դերբենտից եւ այլ վայրերից վերաբնակւած հայերի ու հայ քրիստոնէական հաւատք ունեցող թաթաների ձեռքով՝ 1799 թւականին), Պիատիգորսկ (Pyatigorsk) եւ Գէորգիեւսկ (Georgiyevsk) քաղաքներում:
Ռոստով Օբլըստը (Rostov Oblast), որ գտնւում է Ուկրայինայի հարեւանութեան, բացի ռուսներից եւ ուկրայնացիներից որոնք մեծամասնութիւն են, իր բնակչութեան մէջ է առնում նաեւ հայերին՝ 2.5 տոկոսով (ըստ 2002 թ. մարդահամարի՝ շուրջ 110,000 հոգի), այնպէս որ՝ հայերը Ռոստովի 3-րդ բազմազգ համայնքն են կազմում: Այս շրջանի հայաբնակ քաղաքներից կարելի է նշել Դոնի Ռոստով (Rostov-on-Don) եւ Դոնի Նախիջեւան (Nakhichevan-on-Don) քաղաքները:
Ըստ երեւոյթին, Ռուսաստանի ոստիկանական եւ իրաւապահական մարմինները կատարւածին վերաբերւում են ոչ-հետեւողականութեամբ ու ոչ-վճռականութեամբ, այնպէս որ՝ յանցագործները, ընդհանրապէս, մնում են անպատիժ կամ ստանում՝ ոչ-համապատասխան հատուցում, որն ինքնին խրախուսանք է հանդիսանում կրկնելու նման յանցագործութիւնները: Ընդհանրապէս, վերոյիշեալ դէպքերի առընչութեամբ քրէական գործը յարուցւել է խուլիգանութեան եւ ոչ թէ՝ ազգային ատելութեան հիման վրայ:
Այս բոլորին պիտի աւելացնենք ռուս պաշտօնատարների հրահրիչ յայտարարութիւնները կամ իրագործած քաղաքականութիւնները, որոնք ուղղւած լինելով այդ երկրի ոչ-ռուս բնակչութեան դէմ՝ դառնում են անհանդուրժողական դրսեւորումների դրդիչ պատճառը: Օրինակ՝ 2002 թւականի ապրիլի սկզբում Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը տեղական հեռուստատեսութեամբ ողղւած մի յայտարարութեան մէջ այդ շրջանից կովկասցիների տեղահանութեան գործը անհրաժեշտ համարեց, որը, ինչպէս Կրասնոդարի հայ համայնքն էր համոզւած, դրդապատճառ դարձաւ Սլաւիանսկի գերեզմանոցի սրբապղծմանը: Տկաչովից առաջ էլ Նիկոլայ Կոնդրատենկոյը երբ վարում էր նահանգապետի պաշտօնը, մի ելոյթում նշել էր, որ Ադլերում (Կրասնոդարի քաղաքներից) դպրոցականների աւելի քան 50 տոկոսը հայեր են: Նա ասել էր. «Մենք՝ ռուսներս, կորցնում ենք Ռուսաստանը»:
Հետեւեալ բաժնում համառօտ կերպով կանդրադառնանք հակահայկական վանդալական այն ակտերին, որոնք 3-րդ հազարամեակի սկզբից մինչ այսօր կատարւել են Ռուսաստանի Հարաւային դաշնային շրջանի երեք մարզերում:
1-Կրասնոդարի մարզ

Կրասնոդար քաղաքի Սլաւիանսկի գերեզմանոցի վանդալական դէպքերի շարանը
2002 թւականի ապրիլի 17-ի գիշերը Կրասնոդար քաղաքի Սլաւիանսկոյէ (Սլաւոնական) (Slavyanskoe) քաղաքային գերեզմանատունը վանդալիզմի ենթարկւեց: Գերեզմանների սրբապղծման հետեւանքով՝ ամբողջութեամբ կամ մասամբ աւերւեցին հայերին պատկանող աւելի քան 30 տապանաքարեր: Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները համոզւած էին, որ այդ բարբարոսութիւնը իրագործւել է սափրագլուխների միջոցով: Ոստիկանութեան համոզմամբ՝ կատարւածը ուղղակիօրէն հայերին ուղղւած չի եղել, քանի որ գնչուների ու ռուսների գերեզմաննեը եւս պղծւած էին: Չնայած աւելի քան 20 քաղաքացիներին «գերեզմանային կառոյցների խմբակային աւերում՝ նախնական պայմանաւորւածութեամբ եւ ազգային ազատութեան դրդապատճառով» յօդւածի համաձայն յարուցւած մեղադրանքին՝ ամիսներ ձգձգւած դատավարութեան արդիւնքում յանցագործներին յաջողւեց խուսափել պատասխանատւութիւնից:
Սոյն գերեզմանոցում կրկին անգամ 2004 թւականին իրագործւեց մի այլ վանդալական ակտ, որը եւս ուղղւած էր եղել հայկական գերեզմաններին: Ռուսաստանի հարաւի հայերի «Երկրամաս» թերթը հաղորդել էր, որ մարտի 1-ի լոյս 2-ի գիշերը 9-10 (որոշ աղբիւրների համաձայն՝ աւելի քան 10) գերեզմանաքարեր եւ յուշարձաններ աւերման են ենթարկւել: Նկատի առնելով պահակի չգոյութիւնը գերեզմանատանը՝ կատարւածին ոչ մի վկայ չէր եղել: Յարուցւած քրէական գործում յանցագործութիւնը որակւեց որպէս խուլիգանութիւն: Ոստիկանութեան համոզմամբ՝ յանցագործները այդ բոլորը կատարել էին ալկոհոլի կամ թմրադեղերի ազդեցութեան ներքոյ ու նախապէս նախապատրաստւած չէին եղել, քանի որ չէր յայտնաբերւել լինգի կամ այլ ծանր գործիքի հարւածի հետքեր, սակայն Կրասնոդար քաղաքի սլաւոնական միկրոշրջանի ոստիկանութեան բաժանմունքի պետ Պաւէլ Կրոտենկոնի տեղեկատւութեամբ՝ աւերածութիւնը կատարւել էր ընտրողաբար ու գիտակցաբար: Մարտի 10-ին «Երկրամաս» թերթը հաղորդեց, որ յանցագործութիւնն իրագործւել է 8 անչափահասների (ամենաաւագը միայն 16 տարեկան էր) ձեռքով:![]()
Բելոռեչենսկիի կենտրոնական գերեզմանոցի սրբապղծումը
«Երկրամաս» թերթի հաղորդման համաձայն՝ 2002 թւականի յուլիսի 14-ի գիշերն Բելոռեչենսկ քաղաքի կենտրոնական գերեզմանատանն աւերւել էին 17 յուշարձաններ, որոնցից 9-ը հայկական գերեզմաններ էին: Կատարւածի մասին վկայել էր Ռուսաստանի Հայերի միութեան Բելոռեչենսկիի բաժանմունքի ղեկաւար Ռուբէն Մադէլեանը: Ըստ երեւոյթին, քրէական գործը յարուցւել էր «խուլիգանական մղումների» հիման վրայ:
Սոչիի Վերխնիյ Իւրտ գիւղի գերեզմանոցի սրբապղծումը
2005 թւականի յուլիսի 29-ին Սոչիի Խոստայի շրջանի Վերխնիյ Իւրտ (Վերին Իւրտ) հայաբնակ գիւղից 5 կմ. հեռաւորութեամբ գտնւող գերեզմանատանը անյայտ անձինք աւերել էին (հաւանաբար՝ ծանր առարկաներով) 29 տապանաքարեր, որոնց մեծամասնութիւնը (ըստ տւեալների՝ 29-ից 28-ը) հայազգիների էին պատկանում: Նրանք բոլոր աւերւած շիրմաքարերի վրայ թողել էին «Շիզոֆրենիա» մակագրութիւնը:
Գիւղի բնակչութիւնը համոզւած էր, որ յանցագործութիւնը կատարւել է ազգային ատելութեան հիման վրայ, սակայն Սոչի քաղաքի Բարանովսկի գիւղական շրջանի ղեկաւարութիւնն ու Սոչիի կենտրոնական շրջանի եւ Խոստայի շրջանի Ռուսաստանի Հայերի միութեան բաժանմունքի նախագահութիւնը միջադէպում չէին տեսնում ազգային բաղադրիչ: Սոչիի Խոստայի Ներքին գործերի բաժանմունքի պետի տեղակալ, քրէական ոստիկանութեան պետ գնդապետ Ալեքսանդր Ժուկովը հետաքննութիւնների արդիւնքում յիշեցնելով, որ այնտեղ քանդւել էին նաեւ ռուսական գերեզմաններ՝ ընդգծել էր, որ ոչ մի ազգային դրդապատճառ չի յայտնւել: Նա վերյիշելով Կրասնոդարի գերեզմանատան դէպքերը՝ ասել էր. «Ինչպէս ցոյց է տալիս իրողութիւնը, նման յանցաւոր գործողութիւնների մեծ մասը կատարւում է խուլիգանական դրդումներով, որպէս կանոն՝ անչափահասների կամ երիտասարդների խմբի կողմից»: Որպէս վարկած՝ հիմնական հետաքննութիւնում հաշււում էին հոգեկան շեղումները եւ վրիժառութեան կամ խուլիգանութեան դրդապատճառները:
![]()
Սլաւիանսկ-նա-Կուբանի քաղաքի հակահայկական գործողութիւնները
«Երկրամաս» թերթի հաղորդման համաձայն՝ 2002 թւականի սեպտեմբերի 14-ի երեկոյան Սլաւիանսկ-նա-Կուբանի քաղաքում 300 հոգանոց մի ամբոխ, բաղկացած ընդհանրապէս դեռահասներից ու դրանց թւում նաեւ մեծահասակներից, շարժւելով քաղաքի այն փողոցները, որտեղ կային հայերին պատկանող տարբեր խանութներ ու սրճարաններ, ծեծի ենթարկեցին հանդիպող հայ քաղաքացիներին ու քարկոծեցին հայկական տարբեր հաստատութիւններ: Ըստ սոյն թերթի՝ այդ օրը անյայտ պատճառներով քաղաքի ոստիկաններին ուղարկել էին Անապա քաղաք, այնպէս որ՝ տեղական ոստիկանութիւնը բռնութիւնը դադարեցնելու գծով յատուկ ջանք չէր ցուցաբերել:
Սոչիի Ռազդոլնոյէ գիւղի գերեզմանոցի սրբապղծումը
«Երկրամաս» թերթի հաղորդմամբ՝ 2005 թւականի օգոստոսի 13-ին անյայտ անձինք Սոչիի Խոստայի շրջանի Ռազդոլնոյէ գիւղի գերեզմանատանն աւերել էին 10 շիրմաքարեր ու յուշարձաններ (3-ը՝ հայկական ու 7-ը՝ ռուսական)՝ թողնելով «Շիզոֆրենիա» մակագրութիւնը՝ իւրաքանչիւր քարի վրայ: Ոստիկանութեան կարծիքով բաւական նմանութիւն կար այս յանցագործութեան եւ յուլիսի 29-ին Վերին Իւրտում կատարւածի միջեւ:
Սոչիի բաբուշովկա գիւղի գերեզմանոցի սրբապղծումը
2005 թւականի օգոստոսի 24-ին Սոչի քաղաքի Խոստայի շրջանի Բաբուշովկա գիւղի գերեզմանատանը վանդալները վնասել էին 7 գերեզմանաքարեր (3-ը՝ հայկական, իսկ 4-ը՝ ռուսական): Հակառակ նախորդ երկու դէպքերին, ուր յանցագործները տապանաքարերի վրայ միայն թողել էին «Շիզոֆրենիա» գրութիւնը, այս անգամ նրանք ոստիկանութեան ու երկրի նախագահին ուղղւած վիրաւորական մակագրութիւններ էին արել:
2-Ստաւրոպոլի մարզ

Բուդիոնովսկ քաղաքը հիմնադրած հայերին նւիրւած յուշարձանի պղծումը
«Երկրամաս» թերթի հաղորդմամբ՝ 2005 թւականի փետրւարի 5-ին Բուդիոնովսկում վանդալիզմի ենթարկւեց «Հայերին՝ Սուրբ խաչ քաղաքի հիմնադիրներին» նւիրւած յուշարձան համալիրը, որի հետեւանքով՝ յուշարձանի ռուսական մասից պոկւել էին «1799-2004» թւերը, իսկ հայկական բաժնից քանդւել նոյն թւերը եւ համարեա ամբողջովին «Սուրբ խաչ» գրութիւնը (կամարի երկու կողմում ռուսերէն ու հայերէն արձանագրւած է «1799-2004. Սուրբ խաչ» գրութիւնը): Ենթադրաբար, յանցագործութիւնը կատարւել էր հակակովկասեան տրամադրութիւններ ունեցող անձանց կամ սատանիստների ձեռքով:
Մի քանի ամիս անց, այսինքն՝ նոյն տարւայ յուլիսի 18-ին, վանդալները ջարդեցին կոթողը եւ շրջապատը լուսաւորող լապտերներն ու վնասեցին տեղադրւած խաչքարը՝ բետոնի կտորներով: Նրանք նաեւ մի կատւի սատակ էին նետել կամարի տակ, որը տալիս էր այն հաւանականութիւնը, թէ կատարւածը ինչ-որ սատանիստական ծիսակատարութեան բնոյթ է ունեցել:
Երրորդ անգամ 2005 թւականի նոյեմբերի 10-ին, մթնելուց անմիջապէս յետոյ, վանդալները բարբարոսաբար տապալեցին ու ջարդեցին յուշարձանային խաչքարը, որը խիստ վրդովեցրեց քաղաքի հայ համայնքին ու Հայ Առաքելական Եկեղեցու տեղական ներկայացուցիչներին: Քաղաքի հայ համայնքի ղեկավար Պետրոս Մկրտչեանը կատարւածը որակեց որպէս նախապէս ծրագրւած գործողութիւն, որը, ի դէպ, տեղի էր ունեցել Ռուսաստանում նշւող ոստիկանութեան օրը՝ նոյեմբերի 10-ին: Սակայն, իրաւապահ մարմինները կատարւածին վերաբերւել էին որպէս խուլիգանութեան:
Յուշարձանի հերթական պղծումները, հաւանաբար, կատարւել էին սատանիստների կամ էլ հակակովկասեան տրամադրութիւններ ունեցող անձաց ձեռքով: Քանի որ սոյն համալիրը համարւում է ռուս-հայկական բարեկամութեան խորհրդանիշը՝ հաւանաբար յանցագործների նպատակը երկու ազգերի յարաբերութիւնները դէպի թշնամանք եւ ատելութիւն սրելն է եղել:
Բուդիոնովսկ քաղաքում կառուցւող հայկական եկեղեցու հրկիզումը
2005 թւականի յուլիսի 16-ի ցերեկը հրկիզման ենթարկւեց կառուցւող Ս.Յարութիւն հայկական եկեղեցու պարիսպը, որի հետեւանքով վնասւեց ցանկապատի մի մասը, եւ կրակը հասաւ եկեղեցու տարածքը: Հրշէջների ժամանակին միջամտելու արդիւնքում կրակը մարեց: Պատահարի վկաները վստահ էին, որ հրկիզումը դիտաւորեալ է եղել:
Պիատիգորսկի Հայկական մշակոյթի կենտրոնի շէնքի հրկիզման փորձը
«Երկրամաս» թերթի հաղորդման համաձայն՝ 2005 թւականի նոյեմբերի 12-ի լոյս 13-ի գիշերը Պիատիգորսկ քաղաքում անյայտ անձինք փորձեցին հրկիզել քաղաքի հայկական եկեղեցու հարեւանութեամբ գտնւող Հայկական մշակոյթի կենտրոնի շէնքը, որտեղ գտնւում էին մի շարք հայկական հասարակական կազմակերպութիւնների գրասենեակները: Կենտրոնի տեսադիտարկման սարքաւորումների նկարահանութեան շնորհիւ՝ պարզւեց, որ երեք յանցագործներ շէնքի պատին կանաչ ներկով գրել էին «Ալլահ աքբար» եւ յետոյ փորձել պայթուցիկ խառնուրդով շիշը պատուհանից ներս նետել: Բարեբախտաբար, շիշը բախւելով շրջանակին՝ պայթել էր հէնց պատուհանի վրայ եւ կրակը ներս չէր թափանցել:
Նոյեմբերի 13-ին, առաւօտեան կողմ, տեղի ազգային համայնքների ներկայացուցիչների մասնակցութեամբ գումարւեծ Պիատիգորսկի Ցեղային խորհրդի արտակարգ նիստը: Սոյն խորհուրդը այն կարծիքին էր, թէ յանցագործները նպատակաւորւած են եղել ապակայունացնել իրավիճակը՝ քաղաքում եւ հրահրել հակազդելու տրամադրութիւններ ու յարձակումներ՝ մահմեդական բնակչութեան դէմ: Ռուսաստանի Հայերի միութեան Ստաւրոպոլ երկրամասի գործադիր տնօրէնութեան տնօրէն Էդւարդ Քոնդեանը համոզւած էր, որ կատարւածը մահմեդականների գործ չի եղել: Նա որոշակի կապ էր տեսնում այս դէպքի ու նոյեմբերի 10-ին Բուդիոնովսկ քաղաքի հայ հիմնադիրներին նւիրւած յուշարձանի սրբապղծման փորձի միջեւ:
Նադեժդա գիւղի գերեզմանատան սրբապղծումը
2005 թւականի դեկտեմբերի 6-ի լոյս 7-ի գիշերը Ստաւրոպոլի Շպակովեան շրջանի Նադեժդա (Nadezhda) գիւղի կենտրոնական գերեզմանատանը սրբապղծեցին 14 հայկական գերեզմաններ: Յանցագործները ասիդ էին լցրել մարմարէ քարերի վրայ, կոտրել շիրմաքարերը եւ ննջեցեալների լուսանկարների վրայ փորել աչքերը: Շպակովսկի շրջանի դատախազ Ալեքսանդր Բեսեդինը որպէս յանցագործութեան վարկած էր դիտում խուլիգանական գործողութիւնները եւ ազգամիջեան պառակտում սերմանելու փորձը: Նա ասել էր. «Չի բացառւում, որ յանցագործները աւերել են գերեզմանները՝ ազգային ատելութեան հողի վրայ»:
Դեկտեմբրի 15-ին Ստաւրոպոլում հրատարակւող «Ստաւրոպոլսկայա պրաւդա» թերթը փորձեց արդարացնել վանդալներին ու բացատրել նրանց գործողութիւնները՝ գրելով, թէ «Իբր կան փաստեր, որ վկայում են, թէ հայերը, որոնց տապանաքարերը այլանդակւել էին յանցագործների կողմից, յուղարկաւորւած են եղել ռուսական գերեզմանների վրայ, այսինքն՝ ի սկզբանէ տուժել են տեղի ռուս բնակչութեան գերեզմանները, որն էլ կարող էր պատճառ հանդիսանալ գերեզմանատանը կատարւած աւերածութեան»:

Գէորգիեւսկի արւարձանի գերեզմանատան սրբապղծումը
2005 թւականի դեկտեմբերի լոյս 17-ի գիշերը Գէորգիեւսկի արւարձանում սրբապղծւեցին 50-ից աւելի (շուրջ 55) գերեզմաններ, որոնք պատկանում էին տարբեր ազգութիւնների, մասնաւորապէս՝ ռուսների, բայց նաեւ՝ հայերի, գնչուների եւ կորէացիների: Միեւնոյն ժամանակ, իրաւապահ մարմինների ներկայացուցիչները նշում էին 19 աւերւած գերեզմաններ:
3- Ռոստով Օբլըստ
Դոնի Ռոստովի Ռուս-հայկական բարեկամութեան թանգարանի հրկիզման փորձը
2006 թւականի յուլիսի 31-ին Հայ Առաքելական Ս.Խաչ եկեղեցու տարածքում գտնւող Ռուս-հայկական բարեկամութեան թանգարանը ենթարկւեց վանդալիզմի: Վանդալները եկեղեցու պատերին եւ բակում ասֆալտի վրայ թողել էին «Եկել է սպիտակ արդարադատութեան ժամանակը», «Ռուսաստանը՝ ռուսների համար» եւ «Վերջ Խաչիկներին» գրութիւնները: նրանք չէին կարողացել ներս մտնել շէնք, սակայն ջարդել էին պատուհաններն ու հրկիզել մետաղապլաստէ լուսամուտները:
Փորձագէտները հիմք ունենալով թողած գրութիւնները՝ համոզւած էին, որ կատարւածը սափրագլուխների գործն է եղել, չնայած իրաւապահ մարմինները աշխատում էին աւելի պահպանողական դիրքորոշում ընդունել: Օգոստոսի 1-ին Դոնի Ռոստովում Ռուսաստանի Հարաւային դաշնային շրջանում ՀՀ գլխաւոր հիւպատոս Արարատ Գոնցեանը դատապարտեց կատարւածը: Յուշարձանների պաշտպանութեան Ռոստովի շրջանային ընկերութեան նախագահ Ալեքսանդր Կոժինի համոզմամբ՝ Ս.Խաչը 18-րդ դարի ճարտարապետութեան միակ յուշարձանն է՝ Ռոստովի շրջանում: Նա ասել էր. «18-րդ դարի յուշարձանի պղծումը սարսափեցնող փաստ է»:
Ըստ «Նովոյէ իզւեստիա» թերթի հաղորդման՝ ոստիկանութիւնը դէպքից մի քանի օր անց մի խումբ մեղադրեալներից ձերբակալեց մի տեղացի նէոնացիստի:
Աղբիւրներ
(Օգտւած շուրջ 40 աղբիւրներից միայն մի քանի օրինակներ են նշւած)
-Բարբարոսութիւն ռուսաստանում՝ հայկական յուշարձանների նկատմամբ
-Բուդիոնովսկում արդէն երրորդ անգամ պղծւել է ռուս-հայկական բարեկամութեան յուշարձանը
-Բուդիոնովսկում ռուս-հայկական բարեկամուեան կոթողը պղծւել, իսկ կառոյցւող հայկական եկեղեցին հրկիզւել է
-Գէորգիեւսկի արւարձանում պղծել են աւելի քան 50 գերեզման
-Դոնի Ռոստովում պահանջում են գտնել ու պատժել վանդալիզմի հեղինակներին
-Լարւած յարաբերութիւններ. Ռուսաստանում հայերն անհամբեր սպասում են աղմկահարոյց դատաւարութեան արդիւնքին
-Կրասնոդարի երկրամասում կրկին հայկական գերեզմաններ են աւերւել
-Կրասնոդարի մարզում տեղի է ունեցել հայկական գերեզմանների հերթական աւերում
-Կրասնոդարի քաղաքային գերեզմանատանը պղծւել են հայկական գերեզմանները
-Մէկ ամսում երրորդ անգամ Սոչիում պղծւել են ռուսական եւ հայկական շիրիմները
-Պիատիգորսկում անյայտները փորձել են հրկիզել Հայկական մշակոյթի կենտրոնի շէնքը
-Ռուսաստանի Բելոռեչենսկ քաղաքում աւերւել են հայկական գերեզմաններ
-Սոչիում պղծւած 10 շիրիմներից 3-ը պատկանում են հայերի
-Ստաւրոպոլի երկրամաս. Վանդալների ձեռքից տուժել է 55 գերեզման
Այս յօդւածը նաեւ տպագրւել է Ալիք օրաթերթում:
Tuesday, July 25, 2006
Ռուսաստանում այլատեացութեան թիրախ դարձած հայազգիները
«Նիուզռուի» տեղեկացմամբ՝ յուլիսի 1-ին ժամը 17-ին Մոսկւայի մետրոյում մօտաւորապէս տասնհինգ անյայտ անձանց եւ երկու հայ պատանիների միջեւ տեղի ունեցած կռւի պատճառով՝ դանակի հարւածներ ստացան հայ պատանիները, որից յետոյ փոխադրւեցին հիւանդանոց: Մի քանի օր անց միջադէպի մասնակցողներից մի քանիսը ձերբակալւեցին: Տուժածների նկարագրութեան համաձայն՝ յանցագործները սափրած գլուխներով ու սեւ վերնաշապիկներով անյայտ անձինք էին:Ռուսաստանում սա առաջին անգամը չէ, որ այսպէս կոչւած «սափրագլուխ» կամ ազգայնամոլ խմբերը յարձակումներ են կատարում հայազգիների դէմ: Տարբեր դէպքեր են արձանագրւել, որոնց ընթացքում հայերը ծեծի են ենթարկւել կամ սպանւել: 2006 թւականին միայն Մոսկւայում սպանւել են 6 հայ երիտասարդներ՝ տարբեր դէպքերում: Այս յանցագործութիւնները, ընդհանրապէս, իրագործւել են ցեղապաշտական այլատեացութեան ու ազգային ատելութեան հիման վրայ:
Ապրիլի 22-ին էր, երբ Մոսկւայի մետրոյի «Պուշկինսկայա» կայարանի նախասրահում բազմաթիւ վկաների աչքի առջեւ սափրագլուխները դանակահարելով՝ սպանեցին մի 17-ամեայ հայ ուսանողի ու ծեծի ենթարկեցին նրա չորս ընկերներին, որոնցից երկուսը վնասւածքներ ստացան:
Մայիսի 25-ին մերձմոսկովեան «Կլեազմայ» կայարանի շրջակայքում երկու անյայտ անձինք էլեկտրագնացքում տասնեակ վկաների ներկայութեամբ յետեւից յարձակւեցին մի 19-ամեայ հայի վրայ ու բղաւելով «փառք Ռուսաստանին»՝ վզից դանակահարեցին նրան: Չնայած հէնց առաջին հարւածը մահացու էր եղել, բայց նրանք եւս հինգ անգամ հարւածել էին նրա կրծքին: Պարզապէս, այս երկու սպանութիւնները ազգային ատելութեան հրահրումով էին կատարւել:
Ըստ Ռուսաստանի Հայերի միութեան տեղեկատւական ծառայութեան՝ յունիսի 4-ի գիշերը Մոսկւայի Լիուբերեցկի շրջանի Սպիտակ առանձնատան շրջանում 50 ստահակներ յարձակւել էին Մոսկւայի Սոցիալական գիտութիւնների ինստիտուտի ռեկտոր Էռնեստ Գրիգորեանի ընտանիքի վրայ, ուր տղամարդիկ ծեծի ենթարկւելով՝ կորցրել էին գիտակցութիւնը, իսկ կանայք ուղեղի ցնցումով տեղափոխւել էին հիւանդանոց:
«Ինտերֆաքս»-ի հաղորդման համաձայն՝ յունիսի 10-ին Մոսկւայի զբօսայգիներից մէկում խլացուցիչ ատրճանակով Հայաստանի երկու քաղաքացիների վրայ կրակ արձակւեց, որի պատճառով՝ տեղում մահացաւ 44-ամեայ հայն ու վիրաւորւեց 24-ամեայ միւսը, միայն թէ Մոսկւայի դատախազութիւնը յանցագործութիւնը որակեց որպէս պատահականութիւն ու յանկարծակի վէճից ծագած դէպք:
Ռուսաստանում այլատեացութեան հարցը շատ լուրջ է
Ռուսաստանում, Եւրոպայի միւս երկրների համեմատ, այլատեացութիւնը ու ցեղապաշտութիւնը անչափ լուրջ ու մտահոգիչ վիճակ է ապրում: Ռուսաստանի Պետդումայի միջազգային կոմիտէի ղեկավար Կոնստանտին կոսաչովը Ռուսաստանում ցեղապաշտութեան ու անհանդուրժողականութեան հարցը գտնում է աւելի սուր՝ քան Եւրոխորհրդի այլ անդամ երկրներում: Տւեալների համաձայն՝ 2005 թւականին Ռուսաստանում ցեղապաշտական խմբերի յարձակումների հետեւանքով՝ այլազգիներից սպանւել են 28 հոգի եւ տուժել՝ 402 անձ, ուր հայերը նկատելի թիւ են կազմում:
Ըստ «Նովոյէ Իզվեստիէ» թերթի տրամադրած տեղեկութիւնների, որ հրատարկւեց յունիսի սկզբում, 2006 թւականի սկզբից մինչեւ մայիսի վերջը Ռուսաստանի տարբեր քաղաքներում ազգային ատելութեան թիրախ դառնալով՝ տուժել են 107 հոգի, որոնցից 18-ը մահացել են: Միայն Մոսկւայում սափրագլուխների յարձակումներից 38 հոգի են տուժել եւ 10 հոգի մահացել են, իսկ Սանկտ Պետերբուրգում մահացել են 4 հոգի ու տուժել են 20 հոգի: Սափրագլուխների անհանդուրժողական յարձակումները արձանագրւել են Ռուսաստանի աւելի քան 15 շրջաններում: Թերթս գրել է. «Եթէ աւելի վաղ սափրագլուխները, որպէս կանոն, յարձակւում էին Կովկասի ու Կենտրոնական Ասիայի եկւորների վրայ, ապա հիմա վտանգի գօտում են յայտնւել նաեւ երիտասարդական ենթամշակոյթները, ինչպէս նաեւ սեռական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները»:
Վերոյիշեալ թերթի համաձայն՝ իրաւապաշտպանները համարում են, որ այսօր Ռուսաստանում շուրջ հինգ հազար այսպէս ասած՝ սափրագլուխներ գործում են մոլեգնութեամբ: Սոյն թերթը հաղորդելով վերոյիշեալ տեղեկութիւնները, որոնք քաղւած են Ռուսաստանի այլատեացութեան մասին հրատարակւած «Միջազգային ներում» իրաւապաշտպանական կազմակերպութեան զեկոյցից, գրել է. «Այլատեացութեան այսպիսի բարձր մակարդակի դէպքում, որը գոյութիւն ունի մեր երկրում, համոզւած արմատականների քանակն այնքան կարեւոր չէ, քանի որ բաւական է մի փոքր կայծ եւ նէոնացիստների շատ փոքր խումբ, որպէսզի այդ բոլորը բռնկւի եւ կրաւորական այլատեացները, որոնք կազմում են բնակչութեան շուրջ 60 տոկոսը, դառնան ակտիւ»: Նովիյէ Իզվեստիա թերթի այս եզրայանգումը կատարւել է իրաւապահ մարմինների, հակաֆաշիստական կազմակերպութիւնների ու նաեւ սափրագլուխների հաշւարկումների հիման վրայ:
Այդ յօդւածում նաեւ գրւած է. «Այժմ իրադրութիւնը խճճւել է. բաւական շատ «մոդայամոլներ» են յայտնւել, քանի որ սափրագլուխները գովազդւած են եւ այդպիսին լինելը պարզապէս մոդայիկ է, սակայն նրանց չի կարելի ամբողջութեամբ այդ ենթամշակոյթի ներկայացուցիչ համարել: Այդպիսին են մօտաւորապէս ընդհանուր քանակի մէկերրորդից մինչեւ կէսը: Բացի այդ՝ յայտնւել են այսպէս կոչւած ցանցային սափրագլուխներ: Նրանք, յամենայն դէպս, մի առ ժամանակ որեւէ ակտիւ գործունէութեան չեն մասնակցում, պարզապէս նստում են ինտերնետում ու գրում՝ իրենց յօրինւած «հերոսութիւններ»-ի մասին: Սովորաբար, նրանք կամ մտաւոր, կամ ֆիզիկական արատներ ունեն: Գուցէ նրանք փորձել են որեւէ խումբ մտնել, սակայն հասկացել են, որ կը լինեն հիերարխիայի ստորին հատւածում: Այդ պատճառով՝ ոչ ոք չի կարող ստոյգ տւեալներ յայտնել: Իրաւապահները եւս չունեն դրանք»:
2006 թւականի մայիսին Եւրոխորհրդի փորձագիտական մարմնի կողմից հրատարակւած «Ռուսաստանի Դաշնութեան վերաբերեալ երրորդ զեկոյց»-ի համաձայն՝ այդ երկրում աւելացել են հրէատեացութիւնը, ցեղապաշտութիւնը եւ ընդհանուր անհանդուրժողականութիւնն ու նաեւ դրանցից ծնունդ առած բռնութիւնները եւ քաղաքականութեան մէջ անհանդուրժողական յայտարարութիւնների կիրառումը: Ըստ այդ փաստաթղթի՝ «Ցեղապաշտական յարձակումների զոհ են դառնում մեծմասամբ չեչէնները ու Կովկասի ժողովրդի այլ ներկայացուցիչները, գնչուները, մեսխեթցի թուրքերը, ԱՊՀ-ի երկրների քաղաքացիները, աֆրիկացիները, ասիացիները, ինչպէս նաեւ՝ կրօնական փոքր խմբերը, այդ թւում՝ հրեաները»:
Ըստ երեւոյթին, Ռուսաստանում այլատեացական յանցագործութիւնները, որոնք իրագործւում են ցեղապաշտ խմբաւորումների կողմից, ուղղակի հայազգիներին ուղղւած չեն, քանի որ միւս ենթամշակութային ներկայացուցիչները եւս տուժում են նման գործողութիւններից: Այլ խօսքով՝ մեծ հաւանականութեամբ սափրագլուխները իրենց զոհերին ընտրում են ոչ թէ ըստ ազգութեան, այլ՝ մաշկի ու աչքերի գոյնով: Այսպէս կարծիքի տէր է Ռուսաստանի Հայերի միութեան նախագահ Արա Աբրահամեանը: Նա մայիսի 25-ի սպանութեան կապակցութեամբ ունեցած ասուլիսում ասել է, որ այդ դէպքի առընչութեամբ «ուղղակի յարձակում չի տեսնում հայութեան» հանդէպ: Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմէն Սմբատեանը յունիսի 22-ին Մոսկւայի հայ ուսանողների հետ ունեցած հանդիպմանը վստահացրել էր, որ կատարւած վերջին սպանութիւնները ուղղւած չեն հայերին:
Այսուամենայնիւ, վերջերս Ռուսաստանում հայազգիների դէմ իրագործւած հերթական յանցագործութիւնների շարանը բերում է այն կարծիքին, թէ դրանք բոլորը կատարւում են միտումնաւոր՝ ուղղւած հայ փոքրամասնութեան: Բայց Հայաստանում Ռուսաստանի դեսպանութիւնը վերջերս (յուլիսի 3-ին) պարզաբանել էր. «Լրիւ անապացոյց են այն պնդումները, որ Ռուսաստանի տարածքում ազգային պատկանելութեան հիմքով օրինախախտումները ուղղւած են բացառապէս հայերի դէմ»:
Շատերը հայազգիներին ուղղւած յարձակումները համարում են խորամանկ սադրանք՝ Հայաստանի ու Ռուսաստանի ժողովուրդների եւ պետութիւնների բարեկամական յարաբերութիւնները խզելու նպատակով: Յունիսի 13-ին Հայաստանի ստեղծագործական միութիւնների եւ մտաւորականութեան կողմից յղած ուղերձում գրւած է. «Յատկանշական է, որ նման երեւոյթները տեղի են ունենում Ռուսաստանում Հայաստանի տարւայ ընթացքում: Փաստօրէն, Ռուսաստանում նշւում է ոչ թէ Հայաստանի տարի, այլ՝ հայերի «որսի» տարի: Ռուսական իշխանութիւնները եւ իրաւապահ մարմինները պէտք է պատասխանեն այն հարցին, թէ նշւած դէպքերը թաքնւած սադրանք չե՞ն արդեօք երկու պետութիւնների եւ ժողովուրդների միջեւ ատելութիւն սերմանելու նպատակով»: Հայաստանի լրագրողների միութիւնը յունիսի 21-ին յղած մի ուղերձում ծաւալւող «հակահայկական արշաւը» համարել էր կազմակերպւած «շատ փորձառու» ձեռքերի միջոցով, որոնք շահագրգռւած են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ լարւածութիւն տարածելու եւ հակահայկական ու հակառուսական տրամադրութիւնների լարման գործում:
Ռուսաստանի հետեւողականութիւնը. զիջողակա՞ն, թէ վճռական
Բազմաթիւ են այն վկաները, որոնց համաձայն՝ Ռուսաստանի Դաշնութեան իշխանութիւնները ոչ-բաւարար հետեւողականութեամբ կամ որոշ պարագաներում անտարբերութեամբ են վերաբերւում ազգային ատելութեան հարցին: Սրան պիտի աւելացնենք այն յաւակնութիւնները, որոնց համաձայն՝ ցեղապաշտ խմբաւորումնեը ապահովւած են որոշակի կառոյցների օժանդակութեան ներքոյ:
Չնայած Եւրոխորհրդի «Ռուսաստանի Դաշնութեան վերաբերեալ երրորդ զեկոյց»-ում գնահատւել են ցեղային ատելութեան դէմ պայքարելու եւ հանդուրժողականութիւն ու միջցեղային երկխօսութիւն ապահովելու նպատակով կատարւած դրական տեղաժարժերն ու առնւած քայլերը, բայց միեւնոյն ժամանակ Ցեղապաշտութեան ու անհանդուրժողականութեան դէմ եւրոպական յանձնաժողովը (The European Commission against Racism and Intolerance (ECRI)) այն կարծիքի է, թէ Ռուսաստանում ազգային ատելութեան դէմ պայքարելու ու ցեղային փոքրամասնութիւնների իրաւունքները պաշտպանելու ուղղութեամբ բաւական գործ չի արւում: Փաստաթղթի համաձայն՝ այն յանձնարարականները, որոնք նշւած էին ECRI-ի նախկին զեկոյցում (2001-ի նոյեմբերին) կամ չեն իրականացւել, կամ էլ իրականացւել են մասամբ: Ըստ այդ փաստաթղթի՝ ցեղապաշտութեան դէմ ուղղւած քրէական իրաւունքը յաճախ չի գործում, քանի որ յանցագործութիւնների ցեղապաշտական դրդապատճառները միշտ չէ, որ հաշւի են առնւում:
Ռուսաստանի լրագրողների միութեան գլխաւոր քարտուղար Իգոր Հակովենկօն համոզւած է, որ գործադիր իշխանութիւններն ու իրաւապահ մարմինները օրէնքները չեն իրականացնում կամ իրականացնում են ընտրովի կարգով: Մասնաւորապէս, նա նշել էր. «Ռուսաստանում նոյնիսկ ցեղապաշտական ատելութեան վրայ կատարւած սպանութեան համար դատում են որպէս խուլիգանութեան, իսկ տրանսպարանտ կախելու համար՝ դատում են երեք տարով»: Ըստ երեւոյթին, միայն յուլիսի 1-ի կատարւած յանցագործութեան պարագայում էր, որ առաջին անգամը լինելով՝ յարուցւած քրէական գործը խուլիգանականից վերաորակւեց «ազգային առանձնայատկութիւնների հիմքով ատելութեան հրահրում»:
Յունիսի 5-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ կայացած բողոքի ցոյցում, որ կազմակերպւել էր վերջին սպանութիւնները դատապարտելու եւ յանցագործներին պատժելու պահանջով, «Յանուն գիտութեան զարգացման» խմբի անդամ Արսէն Խառատեանը դժգոհել էր. «Ռուսաստանի իշխանութիւնները իրականում բաւարար չափով ոչ հետաքննութիւն են անում եւ անգամ հետեւողական չեն, որ այն, ինչ տեղի է ունենում, ինչ-որ կերպ պատժւի: Մեր կարծիքով՝ ռուսական իշխանութիւնների այս ոչինչ չանելը ինքնին նշանակում է խրախուսել այս ամէնի շարունակութիւնը»:
Վերջերս Հայաստանում Ռուսաստանի դեսպանութիւնը նկատի առնելով ստեղծւած անվստահութեան մթնոլորտը՝ յայտարարել էր. «Անհիմն են հանրապետութեան զանգւածային լրատւամիջոցների յայտարարութիւնները՝ Ռուսաստանի օրինապահ մարմինների կրաւորականութեան ու նոյնիսկ այդ յանցագործութիւնների հետ կապերի վերաբերեալ: Բազմաթիւ փաստեր խօսում են վերը նշւած մեղադրանքներին հակասող տւեալների մասին»:
Վերջերս Ռուսաստանի գլխաւոր դատախազը պաշտօնից հեռացւեց: Դրա պատճառներից մէկը համարում են ազգայնամոլ խմբաւորումների դէմ իրագործած ոչ-արժանաւոր ու անարդիւնաւէտ պայքարը:
Հայաստանի իշխանութիւնների դիրքորոշումը
Արդարացի է այն սպասելիքը, թէ Հայաստանի պետական իշխանութիւնների դիրքորոշումը պիտի լինի խիստ հակազդեցական, վճռական ու պահանջատիրական: ՀՀ իշխանութիւնները, տարբեր առիթներով, իրենց մտահոգութիւնը, դժգոհութիւնը եւ անհանգստութիւնն են փոխանցել Ռուսաստանի իշխանութեանը: Նրանք պատասխանատու մարմիններից պահանջել են, որ պատշաճ քայլեր առնւեն, յանցագործներին ձերբակալելու եւ դատապարտելու, ինչու չէ նաեւ հայրենակիցների ու օտարազգիների անվտանգութիւնն ապահովելու համար:
Անգամներ ինքը՝ Ռոբերտ Քոչարեանը, ՀՀ նախագահութեան պաշտօնից, դատապարտելով Ռուսաստանում հայազգիներին ուղղւած յարձակումները՝ իր դժգոհութիւնն է յայտնել իրավիճակի համար: Վերջերս յունիսի 16-ին Ռուսաստանի հարաւային դաշնային Օկրուգի պատւիրակութեան ընդունելութեան ժամանակ Քոչարեանը շեշտել էր. «Ռուսաստանի իրաւապահ մարմինները պէտք է կատարւածին արձագանքեն կոշտ՝ գործելով արագ, յստակ ու հասկանալի»:
Յունիսի 6-ին ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանեանը լրագրողների հետ ունեցած զրոյցում յայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանի արտգործնախարարութեան մամլոյ քարտուղարի միջոցով անհանգստութիւն է յայտնել Մոսկւայում տեղի ունեցած վերջին սպանութիւնների կապակցութեամբ: Նա ասել էր. «Մենք ուշադրութեամբ հետեւում ենք գործընթացին»՝ շարունակելով. «Մոսկւայում հայկական դեսպանատան աշխատակիցները հանդիպումներ են անցկացնում, եւ կարծում եմ, թէ առաջիկայ հանդիպումների ժամանակ այդ հարցը անպայման կը քննարկւի: Մենք պէտք է կատարենք հնարաւոր ամէն ինչ, որ հետագայում մեր հայրենակիցների հետ նման միջադէպեր տեղի չունենան»:
ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանեանը յուլիսի 3-ին կայացած մամլոյ ասուլիսի ժամանակ վստահացրել էր, որ հայկական կողմը Ռուսաստանի արտգործնախարարութեան ներկայացուցիչների հետ երկկողմանի հանդիպումներում միշտ բարձրացնում է այդ հարցը: Նա ասել էր. «Ռուսաստանի իշխանութիւնները լուրջ քայլեր պէտք է ձեռնարկեն բռնութիւնների եւ այլատեացութեան կանխարգելման համար»: Նա շեշտել էր. «Մենք, մեր հերթին, կը շարունակենք ուշադրութիւն դարձնել հայերի նկատմամբ բռնութիւնների կիրառմանը»:
Սակայն կան նաեւ կարծիքներ, որոնք ՀՀ իշխանութիւնների հակազդեցական դիրքորոշումը գտնում են թոյլ ու ոչ-վճռական՝ դժգոհելով նրանց ոչ-բաւարար պահանջատիրութիւնը՝ յանցագործներին արդար դատապարտելու ու հայազգիների անվտանգութիւնը ապահովելու գործում: Այնպէս որ՝ Հայաստանի Հելսինկեան կոմիտէի նախագահ Աւէտիք Իշխանեանը յունիսի 5-ին կայացած Երեւանի ցոյցում ասել էր. «Համոզւած եմ, որ եթէ Հայաստանի իշխանութիւնները խիստ դիրք բռնէին, շարունակութիւնը այսպէս չէր լինի: Նոյնիսկ, եթէ Կրասնոդարում հայկական գերեզմանների քանդուքարափից բաւականին լուրջ նոտա ուղարկէին, ինձ թւում է' բաւականին կմեղմւէր այս իրավիճակը»:
Աղբիւրներ
-Ա. Աբրահամեան. Մոսկւայում 19-ամեայ հայի սպանութիւնը սադրանք է «ութնեակի» գագաթնաժողովի շեմին
-2006 թւականի սկզբից Ռուսաստանում սափրագլուխներն սպանել են 18 մարդ
-Եւրոպայի խորհուրդը կոչ է արել Ռուսաստանին ռասիզմի դէմ պայքար մղել
-Հայաստանի մտաւորականները ուղերձ են հղել Վ.Պուտինին Ռուսաստանում հայերի սպանութիւնների կապակցութեամբ
-Հայաստանն անհանգստացած է Մոսկւայում հայերի սպանութեամբ
-Մոսկւայի հայերը բողոքում են
-Մոսկւայում կրկին յարձակում է կատարւել հայերի վրայ
-Մոսկւայում սպանւել է Հայաստանի քաղաքացի, դատախազութիւնը դա պատահականութիւն է համարում
-Ռ.Քոչարեանն- ՌԴ իրաւապահ մարմինները պէտք է կոշտ արձագանքեն քսենոֆոբիայի դրսեւորումներին
-Ռուսաստանում կատարւած վերջին սպանութիւնները ուղղւած չեն հայերի դէմ
-Ռուսաստանում ծաւալւող հակահայկական արշաւը շատ փորձառու ձեռք է կազմակերպում
-Վ.Օսկանեան- ՌԴ իշխանութիւնները պէտք է լուրջ քայլեր ձեռնարկեն այլատեացութեան դէմ պայքարի համար
-Ցոյց Հայաստանում ՌԴ դեսպանատան առջեւ
-Քսենոֆոբիայի «հարցը բոլոր մակարդակների հանդիպումներում օրակարգային է»
-Ֆաշիզմի ու անհանդուրժողականութեան հարցը Ռուսաստանում աւելի սուր է, քան ԵԽ այլ երկրներում
Այս յօդւածը նաեւ տպագրւել է Ալիք օրաթերթում:
«Ալիք» Յուլիսի 25, 2006
Monday, July 24, 2006
Թեհրանի Գրքի ու մամուլի ցուցահանդէսի կապակցութեամբ
2006-ի ուրբաթ, մայիսի 12-ին աւարտւեցին Թեհրանի Գրքի 19-րդ եւ մամուլի 13-րդ միջազգային ցուցահանդէսները, որոնց բացումը պաշտօնապէս կատարւել էր մայիսի 3-ին: Բազմաթիւ հրատարչական ու լրագրական հիմնարկներ եւ կազմակերպութիւններ մասնակցում էին այս ցուցահանդէսին՝ ներկայացնելով բազմաթիւ տպագրութիւններ՝ տարբեր ոլորտներում:Այն, ինչ որ աւելի էին հետաքրքրում ինձ, քաղաքական, պատմական ու մշակութային ասպարէզներում հրատարակւած գրքերն ու պարբերականներն էին, ի մասնաւորի նրանք, որոնք պարունակում էին հայկական թեմաներ, ինչպէս՝ Ղարաբաղեան պատերազմը եւ Անդրկովկասի անցեալ ու ներկայ իրավիճակը, Հայոց Ցեղասպանութիւնը եւ հայոց (ի մասնաւորի իրանահայութեան) պատմութիւնը: Ակնառու էր տեղական (ոչ-հայկական) այն հրատարակչութիւնների թիւը, որոնք ուղղակի մասնակցութեամբ ցուցադրել էին հրատարակած գրքեր՝ վերոյիշեալ թեմաներով:
Բայց ին՞չ տեղ էին գրաւել հայկական հրատարակչական ու ուսումնասիրական հաստատութիւնները՝ Թեհրանի ցուցահանդէսում: Ցաւօք՝ ինչպէս նախկին տարիներում, զգալի էր հայկական նման հրատարակիչների մասնակցութեան բացը:
Այս տարի մենք չունէինք ոչ մի ներկայացուցիչ մամուլի բաժնում, իսկ գրքի բաժնում մեր ներկայացուցիչը միայն «Նայիրի» հրատարակչութիւնն էր: Անցեալ մի քանի տարիներից սկսած մինչ այսօր, առաջին անգամը լինելով, մի հայկական հրատարկչութիւն ուղղակիօրէն մասնակցում էր Թեհրանի գրքի ցուցահանդէսին: «Նայիրի» հրատարակչութիւնը մի առանձին բաժնում ներկայացրել էր հայերէն, պարսկերէն ու ռուսերէն լեզւով տպագրւած տարբեր գրքեր, մասնաւորապէս՝ հայկական բովանդակութեամբ: Գնահատելի էր սոյն հրատարակչութեան մասնակցութիւնը, բայց, անտարակոյս, միայն դրանով չէր լինի բաւարարւել:
Վերջին տարիներում արագօրէն զարկ են ստացել պարսկերէն հրատարակութիւնները, որոնք հայկական խնդիրների կապակցութեամբ պարունակում են պատմական, քաղաքական, հասարակական եւ այլ նիւթեր: Հաշւի առնելով սոյն տպագրութիւնների քանակն ու զարգացող ընթացքը եւ նկատի ունենալով դրանց հաւանական անվստահելի ու անհաւաստի աղբիւրները՝ կասկած չի մնում, որ հայոց պատմութիւնն ու քաղաքական հարցերն ուսումնասիրող հայ մասնագէտներն ու ինչու չէ նաեւ հայկական հրատարակչական ու ուսումնասիրական հիմնարկները ինչքան ծանր պարտականութեան առջեւ են կանգնած՝ այս ուղղութեամբ վաւերական եւ ստոյգ տեղեկութիւններ փոխանցելու իմաստով:
Ցուցադրւած վերոյիշեալ պարսկերէն գրքերից որոշները հրատարկւել են Իրանի Ատրպատականի տեղական հրատարակչութիւնների միջոցով, որոնց բովանդակութիւնը ընդհանրապէս գրւել է ոչ-գիտական եւ հաւաստի ադրբեջանական կամ թրքական աղբիւրների հիման վրայ, որոնք մեծ մասամբ ունեն հակահայկական եւ հակաիրանական բնոյթ:
Իհարկէ, չպէտք է անտեսել տեղական հրատարկչութիւնների կողմից հրատարակւած այն աշխատութիւնները, որոնք ունեն պատմական ու քաղաքական հաւաստի ու գիտական հիմունքեր: Բայց նման աշխատանքների կողքին՝ ցուցադրւած էին նաեւ հակահայկական բովանդակութեամբ հրատարակւած գրքեր, որոնց նիւթը, անկասկած, գրւել էր միտումնաւոր ու սադրիչ ոչ-հաւաստի ու ոչ-գիտական աղբիւրների հիման վրայ: Կային գրքեր, որոնք հրատարակւել էին իբր թէ լուսաբանելու համար Կովկասի շրջանում 20-րդ դարասկզբում տեղի ունեցած իրադարձութիւնները:
Ուսումնասիրելով այդ գրքերը՝ ընթերցողը հանդիպում է հայութեան նկատմամբ դրսեւորւած շատ անհեթեթ ու անիրական արտայայտութիւնների: Այդ գրքերում հայերը ստանալով «խորամանկ», «արիւնարբու», «վայրագ», «թալանիչ» եւ նման անհիմն պիտակներ՝ տեղառտեղ մեղադրւում են բարբարոսութեան, ոճրագործութեան, մարդասպանութեան ու ցեղասպանութեան եւ դաւադրութեան մեղադրանքներով: Օրինակ՝ հայերը մեղադրւում են Երեւան, Գեանջա, Շուշի, Բաքու, Ջեբրայիլ, Ջաւանշիր եւ Զանգեզուր, ինչու չէ նաեւ Ատրպատականի Ուրմիա, Սալմաստ եւ Քոհնէշահր շրջաններում կատարած ոճրագործութիւնների ու կոտորածների համար:
Ներկայացւել էր մի այլ գիրք, որի հեղինակը, ըստ երեւոյթին, փորձել էր լուսաբանել Ղարաբաղեան պատերազմի իրադարձութիւնները, բայց այդ ուսումնասիրելով՝ ակնյայտ էին դառնում հեղինակի հակահայ մօտեցումները: Այս գրքում եւս հայերը մեղադրւում են Ղարաբաղեան պատերազմի տարիներում ոչ-մարդկային ու բարբարոսական յանցանքների համար:
Նկատելի է, որ այս բոլոր գրքերի հեղինակը անընդհատ փորձում է ընթերցողին ներշնչել մի անհաւասար ու դաժան պատերազմական իրավիճակի գոյութիւնը, որտեղ մի ճակատում Կովկասի ու Ատրպատականի մահմեդականներն են կանգնած, իսկ միւս ճակատում քրիստոնեաները, ինչպէս՝ հայերն ու ոչ-կովկասցի կամ ոչ-ատրպատականցի օտարազգիները: Ասես հեղինակի նպատակը Իրանի քաղաքացիների միջեւ երկպառակութեան արմատները ձգելը լինի, այն էլ յենւելով կրօնաէթնիկական տարբերութիւնների վրայ:
Խօսքը այն չէ, որ նման ստեղծագործութիւնների հեղինակը կամ թարգմանիչը կամ թէ հրատարակիչ հիմնարկի վարչական կազմը հետեւում է պանթուրքիստական ու հակահայկական գաղափարների, այլ ուզում եմ անդրադառնալ, որ երբ չկան կամ պակասում են նման թեմաների մասին պարսկերէնով հրատարակւած վստահելի ու հաւաստի, նաեւ հասանելի աղբիւրներ ու երբ մենք եւս չենք կամենում կամ թերանում ենք նման աղբիւրներ՝ տրամադրւելիք մեր պարսիկ ու ատրպատականցի հայրենակիցներին (նպատակս հրատարակչութեամբ է), արդէն պարզ է, որ նրանք չունենալով հաւաստի եւ գիտական հիմունքներով կազմւած աղբիւրներ՝ դիմելու են որոշ շրջանակների կողմից միտումնաւոր կերպով տրամադրւած իրականութիւնները խեղաթիւրող ու աղաւաղող սուտ գրւածքների:
Ներկայ պայմաններում որոշ պետութիւնների նպատակը Իրանի կրօնա-էթնիկական եղբայրական դարաւոր յարաբերութիւնների բարեկամութեան խզումն է: Ուստի՝ այդ նպատակի համար նրանք փորձում են ատելութեան ու թշնամութեան սերմը ցանել իրանցի քաղաքացիների մէջ: Միայն գրքի հրատարակչութեամբ չէ, որ նրանք մղում են այս պայքարը: Երբեմնակիօրէն հրատարակւող հակահայկական բնոյթ ունեցող յօդւածները տեղական մամուլում (օրինակ՝ 20-րդ դարասկզբում հայերի ձեռքով իրագործւած Ատրպատականի բնակչութեան կոտորածների անհիմն պնդումները) եւ արտասահմանից սփռւող պանթուրքիստական սադրիչ ու գրգռիչ հեռուստառադիոհաղորդումները բոլորն ապացոյցներն են կազմակերպւած ու ծրագրւած ընդարձակ քարոզչութեան:
Անտարակոյս, միայն մեզ է մնում, որ կազմելով ու տրամադրելով փաստագրական հաւաստի եւ անաչառ ու անկողմնակալ աղբիւրներ՝ լուսաբանենք այն բոլոր պատմական ու քաղաքական հարցերը, որոնք ինչ-ինչ նպատակներով ներկայացւում են այլափոխւած:
Ուստի՝ մեր ազգային ու մշակութային մարմինների պարտականութիւնն է կեանքի կոչել վերոյիշեալ հարցերին առընչւող յանձնախմբեր՝ ի մի բերելու հայ եւ մեր հայրենակից պատմաբան, հասարակագէտ ու քաղաքագէտ ուսումնասիրողներին ու մասնագէտներին: Սոյն յանձնախմբերը ուսումնասիրելով ու տրամադրելով փաստագրւած աղբիւրներ՝ պիտի սատար լինեն ամրացնելու Իրանի քաղաքացիների հազարամեայ վաղեմութիւն ունեցող բարեկամական ու եղբայրական յարաբերութիւնները:
Այս յօդւածը նաեւ տպագրւել է Ալիք օրաթերթում:

