Tuesday, June 29, 2010

Վարդան Պետրոսեանի «Ճակատագրի կատակները»

Մայիսի 28-ին, Գլենդէյլի «Սթարզ» թատերասրահում երրորդ անգամ լինելով բեմադրուեց Վարդան Պետրոսեանի «Ճակատագրի կատակները»: Սրահը, ինչպէս մայիսի 8-ի եւ 15-ի ներկայացումները, լեփ-լեցուն էր հանդիսատեսով, որը եկել էր արուեստագէտի հետ վերյիշելու եւ ապրելու անցած կեանքի դառն ու քաղցր պահերը:
Ներկայացումը կարելի է համարել իւրօրինակ, քանի որ այն ներկայացնում է դերասանի կեանքն ու գործունէութիւնը: Այստեղ Վարդանը կատակով եւ հիւմորով պատմում է Սովետական համակարգի օրերից, Ղարաբաղեան շարժման, Հայաստանի անկախութեան եւ մթութեան տարիներից: Ապա նա խօսում է Փարիզ տանող գաղթի ճամբից եւ վերջանում դէպի Հայրենիք վերադարձով: Ամէն մի հանգրուան յիշեցնում է դերասանի կրած տառապանքներն ու զրկանքները, որոնք արդիւնքն են եղել ժամանակի եւ տեղի քաղաքական ու հասարակական իրավիճակի: Սակայն արուեստագէտը յաղթահարել է այդ բոլորին՝ նուիրուածութեամբ, աշխատասիրութեամբ եւ կեանքի նպատակները նուաճելու ձգտման շնորհիւ: Հանդիսատեսը հետաքրքրութեամբ է դիտում ներկայացումը, քանի որ ցենարը հենց դերասանի հարազատ կեանքն է: Մի հանդիսատես ասում է. «Մենք Վարդան Պետրոսեանի կեանքի մասին ընդհանրապէս ոչինչ չգիտէինք, միայն նրան գիտէինք որպէս տաղանդաւոր եւ հիանալի արուեստագէտ: Հետաքրքիր էր գաղափար կազմել նրա անցած ճանապարհի մասին»:
Չնայած ներկայացումը առաջ է ընթանում դերասանի անձնական կեանքով, սակայն միաժամանակ տալիս է ընդհանուր պատկեր հայի ապրած կեանքից: Հանդիսատեսը ծիծաղում ու յուզւում է դերասանի հետ՝ վերապրելով իր սեփական կեանքի հոգսերն ու դժուարութիւնները: Մի հանդիսատես արտայայտւում է. «Այդ ամբողջը պատահել է բոլորիս կեանքում եւ ահա Վարդանի հետ կրկին յիշում եւ վերապրում ենք այդ ամէնը»: Ներկայացման աւարտին նոյն հարցով դիմում ենք Վարդանին եւ նա բացատրում է. «Ես չեմ դաւաճանել իմ սկզբունքներին: Ես դարձեալ խօսում եմ հանդիսատեսի սրտից ու հոգուց՝ ներկայացնելով նրա հոգսերն ու խնդիրները, յատկապէս արտերկրում ապրող հանդիսատեսի, սակայն այս անգամ ձեւն է փոխուել: Այս անգամ այն չի գնում քաղաքական երգիծանքի միջոցով, այլ դա կատարւում է իմ սեփական ներաշխարհը բացելու ձեւով: Ես վստահ եմ, որտեղ պատմում էի իմը, հանդիսատեսը զգում ու առնում էր իրենը»:
«Ճակատագրի կատակներ»-ում Վարդան Պետրոսեանը քաղաքական երգիծանքից անցել է աւելի անձնական լիրիկական կոմեդիայի: Նա պատճառը կապում է տարիքի հետ. «Տարիքի բերումով մարդը ձգտում է անկեղծանալ: Նա գնալով դառնում է աւելի անկեղծ, հասկանում, որ կորցնելու բան չունի, եւ աւելի ու աւելի իմաստաւորում եւ վերարժէքաւորում կեանքը: Անկեղծութիւնը տրուած է Աստծու կողմից: Արւեստի գերխնդիրը մարդուն ազնուացնելն է: Մի քայլ տանել դէպի ազնւութիւն նշանակում է մի քայլ մօտեցնել Աստծուն: Մենք մեզ հետ անկեղծ չենք եւ օրուայ ընթացքում խափում ենք ինքներս մեզ: Քիչ բան չէ՝ գոնէ մի քանի րոպէ օրուայ մէջ անկեղծ դառնանք մեզ հետ: Քեզ հետ անկեղծ դառնալով՝ անկեղծանում ես դիմացի աշխարհի հետ: Այստեղ ես անկեղծանալով փորձում եմ անկեղծացնել մարդուն, որովհետեւ մարդը ոչ միայն ծիծաղից է վարակւում, այլ՝ անկեղծութիւնից: Ես վստահ եմ, որ ամբողջ երկու ժամերին մարդիկ իրենք իրենց մէջ անկեղծացան՝ թաքուն, իրենց համար, աննկատ ուրիշից»:
Հանդիսատեսը, ինչպէս միշտ, մեծ խանդավառութեամբ մասնակցեց ելոյթներին: Շատերը չբաւարարուելով մի ներկայացումով՝ կրկին անգամ էին դիտել բեմադրութիւնը: Եւ ահա մի հանդիսատեսի կարծիքը, որը երկրորդ անգամ էր դիտում ելոյթը. «Ճիշտ կը լինէր, որ երեք ներկայացումներին էլ ներկայ գտնուէի, որովհետեւ ամէն անգամ մի նոր բան ես տեսնում եւ մի նոր զգացում ես ապրում»: Մի այլ հանդիսատես ասում է. «Մենք ոգեւորութեամբ մասնակցել ենք Վարդանի բոլորներկայացումներին: Նրանք լինում են յուզիչ եւ հոգեհարազատ, այնպէս որ դրական մեծ լիցքեր ենք ստանում, ասես՝ մեր հոգին փառաւորւում է»: Սփիւռքում ծնուած մի ամերիկահայ յայտնում է, որ առաջնորդւելով Հայրենիքի սէրով՝ ձգտում է ապրել ու աւելին հասկանալ Հայաստանցի հայրենակիցների ապրումներն ու հոգսերը եւ այդ իմաստով Վարդանի ներկայացումները հիանալի առիթ են ընծայում:
Բազմաշնորհ արուեստագէտը շատ բուռն եւ յուզական է գնահատում Լոս Անջելըսահայ հանդիսատեսի ընդունելութիւնը եւ շեշտում. «Կարծես խօսում էի հանդիսատեսի վէրքերից: Նա ինձ հետ շօշափում էր վէրքերը, ժպիտով վերապրում իր ծանր օրերը, ծիծաղում նրանց վրայ ու կրկին ազնուանում: Գիտէք ինչ կարեւոր բան է, երբ մարդը յետադարձ հայեացքով նայում է իր անցած կեանքին եւ սկսում է ծիծաղել իր վէրքերի վրայ: Սա ապաքինման միջոց է»: Նա ակնարկելով վերջին ներկայացումները՝ նշում է. «Ես շատ ուրախ եւ երջանիկ եմ, որովհետեւ սա իմ առաջին մեծ քննութիւնն էր, որը անցաւ յաջող՝ ինձ պարգեւելով կրկնակի ուժ եւ վստահութիւն: Խոնարհւում եմ հանդիսատեսի առջեւ, որ այդ գնահատականը տուեց եւ իր ծափահարութիւններով ու արցունքներով որոշեց «Ճակատագրի կատակներ»-ի ճակատագիրը»:
Թղթակցի հետ հանդիպման աւարտին Վարդան Պետրոսեանը խօսքը ուղղելով երկրպագուներին՝ մէջբերում կատարեց ներկայացման վերջին հատուածից. «Այո, ես անպայման պէտք է կառուցեմ մեր կիսակառոյց տունը եւ եթէ ես այն չկառուցեմ, ապա դու կը կառուցես տղաս»: Նա շարունակեց. «Նուաճումները ձեռք են բերւում միայն ծանր մաքառումների՝ տառապանքների գնով եւ ճանապարհը լի է յուսախաբութիւններով, սակայն յաճախ պէտք է յիշել, որ ամեն աանելանելի վիճակում կայ մի ելք: Եթէ մի օր յուսախաբ կասկածեցիր, որ ոչինչ չի փոխելու այս աշխարհը, ապա նայիր վեր ու դու կը տեսնես մի զոյգ բարի հայրական աչքեր, որ նայում են քեզ ջերմութեամբ: Այն ժամանակ վերցրու խաչը ու առա՜ջ...»:

Նիւթը տպագրւել է նաեւ «Օրակարգ» ամսագրում:


(լուսանկարները՝ էրւին Եաղուբեանի) 

No comments: