Tuesday, May 04, 2010

Գլենդէյլի Անշարժ Գոյքի Գործարարների Ընկերակցութեան Նորընտիր Փոխնախագահ՝ Արմիկ Աւետիսեանի Հետ


Արմիկ Աւետիսեանը ծնուել է 1963 թ. Իրանում: 1978 թ. Փոխադրուելով Միացեալ Նահանգներ՝ հաստատուել է Գլենդէյլում, որտեղ եւ ապրում է մինչ այսօր: Աւելի քան տաս տարիների փորձառութեամբ՝ այսօր նա աշխատում է անշարժ գոյքի ասպարէզում: Շուրջ եօթ տարի է, որ Ա. Աւետիսեանը անդամակցում է Գլենդէյլի Անշարժ Գոյքի Գործարարների Ընկերակցութեան (Glendale Association of Realtors) եւ ընտրւում է վարչութեան կազմում: Վերջին երկու տարիներին եղել է գործադիր վարչութեան անմիջական անդամ: 1700 անդամներից բաղկացած ընկերակցութեան 2010 թուականի վարչութեան կազմի ընտրութեան արդիւնքում Արմիկ Աւետիսեանը ընտրուեց վարչութեան նորընտիր նախագահ (President Elect), որը իր պաշտօնավարութիւնը սկսելու է 2011 թուականին: Արմիկ Աւետիսեանը երրորդ հայն է, որ ընտրուել է այդ պաշտօնի համար: Նա միաժամանակ անդամակցում է նոյն ընկերակցութեան Քալիֆորնիայի ու Ազգային օղակներին (California Association of Realtors / National Association of Realtors): Ներկայում նա աշխատում է Keller Williams ընկերութեան հետ:
ԱրմիկԱւետիսեանը համագործակցում է Գլենդէյլի զանազան հաստատութիւնների եւ կազմակերպութիւնների հետ: Նա Գլենդէյլի Salvation Army-ի խորհրդատու մարմնի եւ Գլենդէյլի ոստիկանական բաժանմունքի ոճիրների կանխարգիլման յանձնախմբի վարչութեան անդամ է եւ անդամակցում է Գլենդէյլի Հայ Դատի յանձնախմբին, միաժամանակ տարիներ շարունակ եղել է Հ.Մ.Ը.Մ-ի անդամ՝ քանի շրջաններ ծառայելով որպէս մասնաճիւղի խմբապետ եւ վարչութեան անդամ:
* * * * *

Տուեալների համաձայն՝ Գլենդէյլում դատարկւում են աշխատանքային գրասենեակները: Համաձայն նիւզ փրեսի 2009-ի Հոկտեմբերի տուեալներին Գլենդէյլում եւ Բրբանքում աւելի քան 2.3 միլիոն քառակուսի ոտք չվարձակալուած գրասենեակային տարածքներ կան: Այլ աղբիւրների համաձայն՝ 2009 Մարտ ամսին Գլենդէյլը 16.8 տոկոս չզբաղեցրած գրասենեակային տարածքներով Լոս Անջելըսի շրջանում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Ինչպէ՞ս էք գնահատում այս բոլորը:
Մինչ հարցին անցնելը պէտք է նշեմ, որ իմ պատասխանները իմ անձնական տեսակէտներն են, այնպէս որ այն չի ներկայացնում մեր ընկերակցութեան պաշտօնական խօսքը:

Այսօրուայ տուեալներով ազատ տարածքները աւելի բարձր տոկոս են կազմում, այնպէս որ գրասենեակային եւ մանրածախ առեւտրական անշարժ գոյքի ոլորտում վարձակալութեան պատրաստ՝ չզբաղեցրած տարածքի մակարդակը 25 տոկոսից անցել է: Քանակը դեռ աւելանալու է, որովհետեւ շուկայի ուղղուածութեան համաձայն՝ նախ նուազում է քանդոների առք ու վաճառքը եւ ապա այդ շարունակւում է առանձնատների ուղղութեամբ: Այդ բոլորի վերջաւորութեամբ՝ նուազում է առեւտրական եւ արդիւնաբերական գրասենեակային եւ մանրածախ առեւտրական սեփականութիւնների առք ու վաճառքը, որը համեմատութեամբ աւելի շատ է տուժում: Յիշեալ 25 տոկոսը վերաբերում է այն տարածքներին, որոնք շուկայի մէջ ցուցակագրուած են: Ներկայիս Գլենդէյլի շրջանում կան շատ շէնքեր ու գրասենեակներ, որոնք դեռ չեն յայտարարուել որպէս ազատ եւ վարձակալութեան պատրաստ տարածքներ, այսինքն չեն ցուցակագրուել որեւ է MLS-ի (Multiple Listing Service) մէջ: Կան նաեւ անձինք, որոնք անձնապէս են վարձու տալիս իրենց սեփականութիւնը: Ենթադրւում է, որ չզբաղեցրած գրասենեակային տարածքների մակարդակի աճը կը շարունակուի յառաջիկայ մի քանի ամիսներում: Սակայն նրանից յետոյ իրավիճակը աստիճանաբար կը բարելաւուի, ընդ որում՝ կապահովուեն նոր աշխատանքներ, կզբաղեցուեն նոր գրասենեակներ եւ կը բարելաւուի հասարակութեան դրամական վիճակը:
Այսօր Գլենդէյլում ընթացքի մէջ են մի քանի գրասենեակային շէնքերի կառուցման աշխատանքները: Վերջերս աւարտուեց Գուդի պողոտայի 188,000 քառակուսի ոտք տարածք ունեցող շէնքը: Արդեօք շարունակութեան մէջ էք տեսնո՞ւմ նման շինարարութիւնները:
Քաղաքում նախատեսուած եւ ծրագրաւորուած են բազմաթիւ շինարարական ծրագիրներ, որոնց կառուցման աշխատանքը դեռ չի սկսուել, կամ ընթանում է շատ դանդաղ: Այդ աշխատանքների վերջնական փուլին հասնելու համար երկուսից երեք տարիներ ժամանակ է պէտք: Մինչ այդ՝ շուկան աշխուժացած կը լինի, այնպէս որ այն օրերին հնարաւոր կը դառնայ սոյն կառոյցները ընդունելի գներով վարձու կամ վաճառքի հանել: Պէտք է նշեմ, որ կառուցուելիք շէնքերի մէջ կան բազմանպատակ (mixed-use) շինութիւններ, որոնք միատեղ կունենան քանդոներ, գրասենեակներ, loft-style գրասենեակներ եւ մանրածախ առեւտրական խանութներ:


Վերջին ամիսներին սեփականազրկուած (foreclosure) բնակարանների տոկոսը իջել է Գլենդէյլում: RealtyTrac-ի տրամադրած տուեալների համաձայն՝ Գլենդէյլ, Բրբանքի, Լա Քրեսենթա եւ Լա Քանիադա Ֆլինթրիջ քաղաքներում 2009 թ. Նոյեմբերին ընդհանուր տոկոսը իջել է 19-ի: Սա ի՞նչ նշանակութիւն ունի եւ ի՞նչպէս կազդի քաղաքի անշարժ գոյքի շուկայի վրայ:
Հաստատում եմ տոկոսների իջնելը: Այդ տոկոսային նուազումը արձանագրուել է մի քանի տարբեր պատճառներով: Հիմնական պատճառը այն է, որ կենտրոնական իշխանութիւնը կասեցրեց բոլոր բանկերի սեփականազրկման գործընթացները, որով չթոյլատրուեց նոր սեփականազրկուած կալուածներ մուտք գործեն շուկայի մէջ: Պէտք է նշեմ, որ այդ տոկոսը Գլենդէյլում եւ իր յարակից քաղաքներում, համեմատութեամբ աւելի հեռու գտնուող քաղաքներին, բաւականին ցածր է եղել: Ներկայում այդ կասեցուած կարգավիճակը վերացուելու եւ շուկայի մէջ նոր սեփականազրկման պարագաներ հանդէս գալու արդիւնքում՝ թուերը մի թեթեւ աճել են: Այսօր կառավարութիւնը բանկերի համագործակցութեամբ փորձում է գործադրել «Կրճատուած Վաճառք» կամ short sale-ի ծրագիրը, որպէսզի պարտքատէրերը ուղղակի սեփականազրկման չենթարկուեն: Սեփականազրկման դէպքում սեփականութիւնը փոխանցւում է բանկին: Այս պարագային սեփականութեան վաճառքը իրականացնելու համար պահանջւում է աւելի երկար ժամանակ, որը աւելի ծանր վնասներ է պատճառում բանկին, բացասական ազդելով դրամագլխի շրջանառութեանը: Այսպիսով նախատեսւում է, որ 2010-ի երկրորդ եռամսեակին արձանագրուեն աւելի շատ short sale-ներ, քան սեփականազրկումներ:


Ինչո՞ւ շրջակայ քաղաքների համեմատութեամբ սեփականազրկման (Forecloser) տոկոսը Գլենդէյլում աւելի ցածր է:
Պատճառը ընդհանրապէս պէտք է որոնել բնակչութեան տնտեսական կայունութեան մէջ: Այստեղ բնակչութիւնը ապրում է աւելի կայուն եւ բարւոք տնտեսական պայմաններում: Այստեղ բնակարան գնողները եղել են ընտանիքներ, մանաւանդ Մերձաւոր Արեւելքից՝ Իրանից, Լիբանանից, Սիրիայից ու Հայաստանից եկածներ, որոնք, նկատի առնելով իրենց կապուածութիւնը տան հետ, բոլոր ճիգը թափել են՝ պահպանելու իրենց սեփականութիւնը: Գլենդէյլը ընդհանուրառմամբ կենտրոնացած քաղաք է: Այդ բոլորի արդիւնքում վերջին մի քանի տարիներին բնակարանների արժէքը Գլենդէյլում, համեմատութեամբ մերձակայ շրջաններին, աւելի կայուն վիճակ է ապրել:


Համեմատելով շրջակայ քաղաքներին՝ բնակարանների վարձերի գինը Գլենդէյլում բարձր է, մինչեւ իսկ վերջին ամիսներում անհասկանալիօրէն աւելացել են վարձավճարները: Ինչպէ՞ս էք բացատրում վարձերի աճը:
Ինչպէս նշեցի, Գլենդէյլը կենտրոնացած մի քաղաք է: Կենտրոն լինելը շատ մեծ դեր է կատարում: Միաժամանակ՝ Գլենդէյլը Լոս Անջելըսի շրջանի եւ Քալիֆորնիա նահանգի ամենաապահով քաղաքներից մէկն է: Այդ բոլորի հիման վրայ ժողովուրդը կամենում է բնակուել Գլենդէյլում: Այստեղից մօտիկ է Դաուն Թաունը, ուր կարելի է հասնել կարճ ու յարմար երթեւեկութեան ուղիներով: Սա իւրայատուկ առիթ է համարւում այն անձանց համար, որոնք աշխատում են Լոս Անջելըսի կենտրոնում: Այսպիսով պահանջի համաձայն՝ բնակարանների վարձավճարը աւելի է բարձրանում: Եթէ կայ պահանջը, բնականաբար աւելանում են վարձակալութեան գները:
Գլենդէյլը վերջին տարիներին հանգրուան է հանդիսացել մեծ թուով ներ գաղթողների, դրանց թւում՝ ընդհանրապէս Հայաստանից եւ Մերձաւոր Արեւելքից եկող հայորդիների: Կարծում էք ներգաղթողների այս հոսքը եւս թողե՞լ է իր ազդեցութիւնը վարձավճարների աւելացման հարցում:
Այո, այն ազդեցիկ է եղել: Բնակարանների առք ու վաճառքի հարցում եւս հայերի եւ այլ ներգաղթողների հոսքը Գլենդէյլի շրջանում, ազդել է գների աւելացման վրայ, քանի որ ներգաղթողները կամենում են անպայման բնակուել Գլենդէյլում:


Գլենդէյլի անշարժ գոյքի շուկայի պարագայում ներգաղթողների այս հոսքը ի՞նչ բացասական հետեւանքներ է թողել:
Ներգաղթողները մեծ մասամբ գալիս են, այն պայմաններում, երբ չունեն նիւթական ապահովութիւն եւ աշխատանք: Ուստի բնակարան վարձելու հարցով դիմում են կառավարութեան օգնութեան՝ փորձելովօգտուել Section 8-ի կամ տարեցներին յատկացուած ծրագիրներից: Սա ինքը դառնում է դրդապատճառ գների աւելացման: Օրինակ՝ Section 8-ի պարագային, քանի որ վարձը վճարւում է կառավարութեան կողմից, որոշ տանտէրեր շահագործելով՝ փորձում են աւելացնել վարձավճարը: Գլենդէյլի կապակցութեամբ կայ մի այլ խնդիր եւ այն՝ վարձի հսկողութիւն կամ rent control բացակայութիւնն է: Իհարկէ ես կողմ եմ դրան: Եթէ մի քաղաքում կայ վարձի սահմանափակում, դա վերահսկում եւ չափաւորում է վարձի գների անտեղի աճը, իսկ միւս կողմից նման պայմաններում դրամատէրերը չեն ցանկանում ներդրում կատարել անշարժ գոյքի ասպարէզում, մանաւանդ մեծ շէնքերի եւ յարկաբաժինների պարագային, ինչը վնասում է շուկային:


Ի՞նչպէս կը ցանկանաք եզրափակելայս հարցազրոյցը։
Գլենդէյլը ամենաապահով քաղաքներից է կարճաժամկէտ ու երկարաժամկէտ ներդրման համար, քանի որ գների իմաստով այստեղ շուկան ընդհանրապէս կայունէ մնում: Համեմատելով Լոս Անջելըս գաւառի միւս քաղաքներին՝ Գլենդէյլում շինարարական օրէնքները աւելի խիստ են, ինչի պատճառով շատ շինարարներ չեն ցանկանում աշխատել այստեղ: Գլենդէյլը լաւ եւ մաքուր քաղաք է ու պէտք է բոլորս աշխատենք ու նպաստենք, որ աւելի ու աւելի բարելաւուի քաղաքի պայմանները:

Հարցազրոյցը տպագրւել է նաեւ «Օրակարգ» ամսագրում:
«Օրակարգ» ամսաթերթ, Ապրիլ 2010, Ե տարի, թիւ 53, էջ 9

(Նկարահանումները՝ Էրւին Եաղուբեանից)

No comments: