Հոկտեբեր 10-ին, Գլենդէյլի Վերդուգօ Զբօսայգում կազմակերպուած «Գլենդէյլի K9-ները զբօսայգում» (Glendale K-9s in the Park) իւրայատուկ միջոցառմանը մասնակցեցին քաղաքից եւ մօտակայ շրջաններից ժամանած՝ ընտանի կենդանիների հարիւրաւոր սիրահարներ:
Այցելուների բարձր ծափահարութեան արժանացան Գլենդէյլի K-9 ստորաբաժնի խուզարկու շները, որոնք ներկայացրեցին իրենց կարողութիւններն ու հմտութիւնները՝ քրէական կասկածեալներին հետեւելու ու չեզոքացնելու գործում:
Նախատեսուած էր կենդանիերաժշտութիւն, ուտեստեղէնի մատակարարում, վիճակախաղ, մանկական յատուկ խաղատեղեր ու ծրագրեր, ինչու չէ նաեւ զուարճալի մրցոյթներ՝ կենդանիների մասնակցութեամբ: Յատկացուած տաղաւարներում կենդանիներին մատուցւում էին յատուկ ծառայութիւններ կամ վաճառւում նրանց վերաբերող պիտոյքներ: Մատչելի գնով մատուցւում էր կենդանիների փոխպատւաստման սպասարկում, ինչին ընդառաջեցին կենդանատէրերը:
Նկատելի էր հայ բնակչութեան մեծաքանակ մասնակցութիւնը, որն ինքնըստինքեան բացատրում էր, թէ ինչպէս ընտանի կենդանիները վայելում են հայ ընտանիքների համակրանքն ու սէրը: Ամէն անկիւնում կարելի էր հանդիպել հայ երիտասարդ կամ տարեց անհատի, որը քայլում էր իր շան հետ:
Մի երիտասարդուհի ներկայացնելով Հասկի ցեղին պատկանող Ռոդոսին՝ պատմում է, թէ ինչպէս տաս տարի առաջ ձագուկ Ռոդոսը դարձաւ ընտանիքի անդամ: «Մենք Ռոդոսին շատ ենք սիրում: Նա մեզ հետ մեծանալով՝ ընդունել է մեր սովորութիւնները» ասում է Վիկտորիան: Էդւին Հաւթւանին ունի հինգ տարբեր շներ: Նա եօթ տարեկանից շուն է ունեցել: Էդւինը հաստատում է, որ հայերի մէջ ընդունւած են ընտանի կենդանիները, սակայն շեշտում է, որ շուն պահելը իր հետ բերում է ծանր պատասխանատւութիւն՝ պարտադրելով յատուկ խնամք:
Արութին Ղազարեանը երէք ամիս է, որ պահում է Շադոյին: Նա իր շանը գտնում է անչափ ուշիմ: Մաթիլդա Ահանգարին շեշտում է, որ ընտանիքի բոլոր անդամներով անչափ կապուած են մեկամեայ Մուշիին: Հինգ ամեայ Չարլին ապրում է Արթուր Մկրտումեանի ընտանիքի հետ: Արթուրը ասում է, որ Չարլին իրեն հանգստութիւն է պատճառում, այնպէս որ իրիկունները, աշխատանքից վերադառնալուն պէս, նրա հետ քայլելուէ գնում: Արթուրը բարձր գնահատելով կազմակերպուած միջոցառումը՝ կարեւոր է համարում նման ծրագիրների յաճախական կազմակերպումը: Նոյն ընտանիքից՝ Մերին արդէն չորս ամիս է, որ պահում է իր անձնական շանը:
52 տարեկան Օննիկ Նազարեանը միջոցառման մասնակցում է իր շան՝ Թոբիի հետ: Նա իր հասակիցներին խորհուրդ է տալիս առողջ մնալու համար շուն ունենալ: «Նրանք ովքեր շուն պահեն, սրտի խնդիր չեն ունենայ, քանի որ շանը ամէն օր քայլեցնելու պիտի տանեն» կարեւորում է նա: Դայանա Երնազեանը պատմում է եռամեայ Լունայի ընկերական բնաւորութեան մասին: Նրա համոզմամբ՝ կազմակերպուած ձեռնարկը բացառիկ առիթ էր իրեն՝ զարգացնելու համար իր գիտելիքները: Իվէթը իր 14 ամեայ արու զաւակիհետ, որը շների սիրահար է, ներկայ է գտնւել միջոցառման: Նա փափագում է շուն ունենալ, չնայած ներկայ պայմանները արգելք են հանդիսանում:
Սոյն միջոցառումը կազմակերպուել էր Գլենդէյլի Քաղաքապետարանի Գործավարի Գրասենեակի, Գլենդէյլի Ոստիկանութեան Հիմնադրամի, K-9 ստորաբաժնիեւ Զբօսայգիների ու Համայնքային Ծառայութիւնների նախաձեռնութեամբ, որպէսզի նիւթական աղբիւրներ հայթայթուեն քաղաքի ոստիկանական շների ստորաբաժնի համար: Նուիրատուութիւններից գոյացած հասոյթը յատկացուելու էր ստորաբաժնին, որը իր չորսամեայ գործունէութեան ընթացքին ֆինանսաւորուել է ընդհանրապէս անձնական նուիրատուների շնորհիւ: Ներկայում ստորաբաժնի ու նրա չորս Ջերման Շեփըրդ շների ճակատագիրը՝ ազդուելով վերջին ժամանակների տնտեսական ճգնաժամից անորոշութեան մէջ է:
(Լուսանկարները նկարահանել է Էրւին Եաղուբեանը)
Նիւթը տպագրուել է նաեւ «Օրակարգ» ամսաթերթում:
No comments:
Post a Comment