Wednesday, August 29, 2007

Էւթանազիան՝ սպանութի՞ւն թէ գթասիրութիւն

Ամերիկահայ դկտ. Ջ. Գէորգեանի բարձրացրած աղմկայարոյց վէճը շարունակւում է




Վերջերս (յունիսին) ԱՄՆ-ի Միչիգանի նահանգային բանտից ազատ արձակւեց յայտնի «Դոկտոր Մահ» (Dr. Death) Ջակ Գէորգեանը (Jack Kevorkian): Ութ տարի առաջ էր (1999 թ.), երբ ամերիկահայ բժիշկը 25 տարւայ ազատազրկման դատապարտւեց՝ երկրորդ աստիճանի մարդասպանութեան մեղադրանքով, սակայն վերջերս իր առողջական վիճակը վատթարանալով՝ վճիռ կայացւեց ազատ արձակել իրեն: Նա տառապում է լեարդաբորբ C-ից (Hepatitis C), որով վարակւել էր Վիետնամում կատարած ծառայութեան ընթացքում: Ըստ երեւոյթին, նա միայն մի քանի ամիս կարող է դիմակայել հիւանդութեանը:Դկտ. Գէորգեանի բանտարկման պատճառը կարելի է փնտրել նրա իւրայատուկ եւ շատերի տեսակէտից՝ տարօրինակ ու միգուցէ հակաբարոյական եւ հակամարդկային «մահւան իրաւունք»-ի գաղափարում: Նա արժանապատիւ եւ առանց տառապանքի ու ցաւերի մահն իրաւունքն է համարում անբուժելի հիւանդութիւններով տառապող այն անձանց, որոնք իրենց կամքով ցանկանում են մահանալ: Այսպիսով՝ նա օրինական ու ինչու չէ նաեւ բարոյական է գտնում Էւթանազիան: Դկտ. Գէորգեանի համբաւը նրանում է, որ հրապարակօրէն պայքարում է արդարացնել անբուժելի հիւանդի մահւան իրաւունքը, որն իր տեսակէտից պիտի իրագործւի բժշկի աջակցութեամբ: Նրա յայտնի խօսքն է. «Մեռնելը յանցագործութիւն չէ»:
Նա յայտարարել էր, որ 130 հոգու օգնել է հեռանալ կեանքից: Այդ նպատակին է ծառայել նրա նորարարութեամբ նախաձեռնած ու պատրաստած «Մահւան սարք»-ը (Death machine), որը մահացու ներարկում է կատարում անբուժելի հիւանդներին: Վերջին անգամ՝ 1998 թ., նա մահւան սարքի օգնութեամբ կեանքից հեռացրեց 52 տարեկան մի ամերիկացու: Հիւանդի մահւան ենթարկման ընթացքը հեռուստատեսութեամբ ցուցադրւեց, որը նրա կալանաւորման պատճառը հանդիսացաւ:Դկտ. Գէորգեանն ախտաբանութեան մասնագէտ (pathologist) է: Նա ծնւել է 1928 թ.՝ ԱՄՆ-ի Միչիգանի Պոնտիակ (Pontiac) քաղաքում՝ հայ-ամերիկացի ծնողներից:




Էւթանազիան՝ գործնականում
Էւթանազիան (Euthanasia) յունարէն բառ է՝ բաղկացած «eu» (նշ. դիւրալի) եւ «thanatos» (նշ. մահ) բառամասերից: Էւթանազիան համարւում է մի մարդու կամ անասունի կեանքին վերջ դնելու փորձն այն պայմաններում, երբ նա տառապում է անբուժելի հիւանդութեամբ կամ անհանդուրժելի ցաւերով: Էւթանազիան իրագործւում է անցաւ կամ նւազագոյն ցաւ պատճառող միջոցներով: Սոյն գործողութեան նպատակն է վերջ տալ հիւանդի անտեղի եւ ապարդիւն տառապանքին:
Նկատի առէք այն պարագան, երբ բժշկական կադրը հրաժարւում է սովորական բուժամիջոցներ (ինչպէս անտիբիոտիկներ եւ այլ դեղորայք կամ վիրահատութիւն) տրամադրել հիւանդին: Օրինակ՝ այն պայմաններում, երբ հիւանդը տառապում է մարմնով տարածւած քաղցկեղով, վիրահատման միջոցը կարելի է համարել ապարդիւն եւ անտեղի տառապանք պատճառող հիւանդի համար: Կամ՝ նկատի առէք այն պարագան, եբր ցաւերով կամ ախտով տառապող հիւանդին ճարահատւած՝ տրամադրւում են ցաւազրկող, բայց միաժամանակ՝ մահւան վտանգ սպառնացող դեղանիւթեր (ինչպէս մորֆին): Մորֆինի եւ նման դեղանիւթերի ներմուծումը (ի մասնաւորի, երբ բարձր դեղաչափերով է օգտագործւում) կարող է հիւանդի մահւանը յանգել: Այս բոլոր օրինակները տեղ են գտնում պասիւ էւթանազիայի (passive) կարգի ներքոյ:
Էւթանազիայի կարգի ներքոյ է տեղ գտնում այն պարագան, երբ բժշկական կադրը հրաժարւում է հիւանդին տրամադրել կեանքը պահպանող եւ ապահովող խնամք, որը կոչւում է ոչ-ագրեսիւ (non-aggressive) էւթանազիա: Ասենք՝ հիւանդը երկար ժամանակ ուշագնաց՝ կոմայի մէջ է եւ նրա կեանքը շարունակւում է միայն բժշկական պահպանող սարքերի օգնութեամբ: Բժիշկները նկատի առնելով վերականգնելու կամ հիւանդութեան դիմակայելու համարեա անհաւանականութիւնը՝ վճռում են հիւանդից անջատել սոյն սարքերը: Նման մի օրինակ վերջերս պատահեց Թերրի Շիաւոյի (Terri Schiavo) համար: Նա կոլապսի էր ենթարկւել 1990 թ., որից յետոյ 15 տարի ապրեց հաստատուն բուսական կեանքով եւ միայն կեանքը պահպանող խնամքի շնորհիւ: Սակայն, նրա ամուսնու խնդրանքով՝ 2005 թ. բժիշկներն անջատեցին Թերրիի սննդատու խողովակը (feeding tube)՝ աջակցելով նրա մահւանը:
Ագրեսիւ (aggressive) էւթանազիայի պարագայում բժշկական կադրը ուղղակիօրէն հիւանդի մահւան աջակցելու նպատակով՝ մահաբեր դեղահիւթ է ներմուծում (ներարկմամբ կամ շնչարկմամբ): Դկտ. Գէորգեանը դիմել էր ագրեսիւ միջոցների:
Էւթանազիայի հարցը կարելի է քննարկել նաեւ այն տեսանկիւնից, որ գործողութիւնը կատարւում է հիւանդի կամքով եւ համաձայնութեամբ թէ՝ ոչ: Էւթանազիան կամային (voluntary) է համարւում, երբ իրագործւում է հիւանդի ուղղակի համաձայնութեամբ: Ոչ-կամային (non-voluntary) էւթանազիայի պարագայում հիւանդն իրաւասու չէ մահւան որոշում կայացնելու համար (օրինակ՝ անչափահաս մանուկ է) կամ չի կարող անձամբ որոշել, քանի որ զուրկ է գիտակցութիւնից (օրինակ՝ ինչպէս Թերրի Շիաւոյի պարագան, կոմայի մէջ է): Այդ պատճառով՝ որոշումը փոխանցւում է ընտանիքի լիազօր որեւէ անդամի (ծնողին, ամուսնուն եւ այլն): Եթէ էւթանազիան իրագործւում է անկախ հիւանդի (գիտակցութիւն ունեցող) կամքից կամ անկախ նրա ընտանիքի համաձայնութիւնից (երբ նա կորցրել է գիտակցութիւնը), դա համարւում է հակակամային (involuntary):



Բժշկական աշխարհը եւ էւթանազիան
Բժշկական աշխարհում էւթանազիայի պասիւ տեսակն աւելի բնդունւած է՝ քան դրա միւս ձեւերը: Չնայած ոչ-ագրեսիւ էւթանազիան քիչ վիճաբանութեան չի արժանացել, սակայն ագրեսիւ էւթանազիայի շուրջ բարձրացած աղմկայարոյց վէճն աւելի լուրջ եւ թէժ իրավիճակ է ապրում: Վիճելի է այն թեման, թէ ինչքանով հնարաւոր է մի մազից կախւած կեանքի ու մահւան որոշումը յանձնել գիտակցութիւնը կորցրած հիւանդի ընտանիքին: Կամ մինչեւ իսկ, եթէ հիւանդը գիտակցաբար է մահանալ ցանկանում, ինչքանով կարելի է նրա որոշումը տրամաբանական եւ արդար համարել:Բժիշկ մասնագէտների միջեւ ագրեսիւ եւ ոչ-ագրեսիւ էւթանազիայի խնդրով ծագած ընդդիմաբանութիւնը դեռ շարունակւում է, սակայն նրանք բոլորը համատեղ համաձայն են այն բանում, որ հակակամային էւթանազիան պիտի համարել կանխամտածւած սպանութիւն. ուստի՝ անընդունելի է:

Պետական օրէնսդրութիւնը եւ էւթանազիան
Քիչ չեն էւթանազիայի կողմնակիցները, սակայն դրա համեմատ՝ խոշոր մաս են կազմում հակաճառողները: «Մահւան իրաւունք»-ը լուրջ վէճի է յանգել ոչ միայն բժշկական աշխարհում, այլ նաեւ՝ քաղաքական ու իրաւաբանական ասպարէզում, այնպէս որ՝ իրավիճակը երկընտրանքի կացութեան մէջ է դրել քաղաքական ու պետական գործիչներին, իրաւաբաններին եւ օրէնսդրական մարմինների ներկայացուցիչներին: Էւթանազիան պիտի համարե՞լ կանխամտածւած սպանութեան փորձ եւ այդ հիման վրայ՝ դատապարտե՞լ գործողութեանն աջակցող բժիշկին ոճրագործութեան յանցանքով կամ այն պիտի համարե՞լ օրինական եւ գթասիրական միջոց՝ փրկելու տանջալի հոգեվարքի կամ սարսափելի ցաւերի դատապարտւած հիւանդին:Չնայած էւթանազիան որոշ երկրներում (ինչպէս Իտալիայում, Շւեդիայում եւ Դանիայում) պաշտօնապէս անօրինական է ճանաչւում եւ հարցը քրէական բնոյթ է կրում, սակայն թւով քիչ չեն այն երկրները, որոնք դեռ վճռականօրէն չեն դիրքորոշւել օրէնսդրական շրջանակներում: Ընդհանրապէս, արեւմտեան երկրներում թեման քրէական սահմաններում քննարկման համար դեռ մնացել է բաց: Իհարկէ, կան նաեւ երկրներ, որտեղ կանոնների համաձայն՝ էւթանազիան պաշտօնապէս օրինականացւած է:20-րդ դարի ընթացքում արեւմտեան երկրներում էւթանազիայի վերաբերեալ պետական քաղաքականութիւնը փոփոխման ենթարկելու նպատակով՝ բազում փորձեր են կատարւել, սակայն սահմանափակ յաջողութիւններ են արձանագրւել: Չպէտք է մոռանալ կողմնակից ոչ-կառավարական հաստատութիւնների աշխատանքները, որոնք մեծ դեր են խաղացել էւթանազիական քաղաքականութեան ձեւաւորման խնդրում:1999 թ. Ալբանիայում օրինականացւեց կամային էւթանազիան: Ըստ երկրի կանոնների՝ պասիւ էւթանազիան օրինական է, եթէ հիւանդի ընտանիքից առնւազն երեք հոգի իրենց համաձայնութիւնը յայտնած լինեն: Բելգիայի խորհրդարանն էւթանազիան օրինականացրեց 2002 թ.: Նոյն թւականին էւթանազիան օրինականացւեց նաեւ Հոլանդիայում: Շւէյցարիայում եւս օրինական է համարւում էւթանազիան, քանի որ ըստ երկրի քրէական կանոնների՝ ինքնասպանութեանն աջակցելը միայն յատուկ պայմաններում է յանցագործութիւն համարւում: Յիշատակելի է, որ Հոլանդիայի էւթանազիայի գծով ընդունած օրէնքը քննարկւել է ՄԱԿ-ում:Աւստրալիայում էւթանազիան օրինական դարձնելու նպատակով՝ լուրջ աշխատանքներ են տարւել (ի մասնաւորի երկրի հիւսիսային տերիտորիայում), սակայն երկրի նահանգները մեծամասնութեամբ մահւան աջակցելը յանցագործութիւն են համարում:
Ճապոնիայում էւթանազիայի կապակցութեամբ որեւէ պաշտօնական կանոն չի կիրառւել եւ երկրի Գերագոյն դատարանն այդ թեման մինչ օրս չի քննարկել: Միայն երկու դէպքերում (1955 եւ 1962 թթ.) տեղական դատարանները քննարկել ու վճիռ են կայացրել իրագործւած պասիւ եւ ակտիւ էւթանազիայի երկու գործողութիւնների կապակցութեամբ:Անգլիայի քրէական օրէնքների համաձայն՝ ինքնասպանութեանն աջակցելը կանոնի խախտում է համարւում եւ դատապարտելի է յանցագործը: Անգլիայում էւթանազիայի հարցում բժիշկների մեծամասնութիւնը դէմ է տրամադրւած:ԱՄՆ-ի նահանգներում ագրեսիւ էւթանազիան մեծ մասամբ անօրինական է համարւում, սակայն հիւանդի համար նկատի է առնւել այն իրաւունքը, որով կարող է հրաժարւել բժշկական բուժումներ ստանալուց: Հիւանդի իրաւունքն է, որ ցանկացած պարագայում՝ ստանայ ցաւազրկող դեղանիւթեր, նրանով հանդերձ, որ սոյն դեղորայքը կարող է արագացնել մահւան ընթացքը (այս երկու թեմաները, ինչպէս գիտէք, կիրառւում են պասիւ էւթանազիայի կարգի ներքոյ):
Պիտի աւելացնենք, որ ԱՄՆ-ում իւրայատուկ պայմաններում թոյլատրւում է հրաժարւել ապարդիւն եւ դժւարին բուժամիջոցներից: Օրինակ՝ այն պարագայում, երբ հիւանդն ապրում է միայն ու միայն կեանքը պահպանող սարքերի օգնութեամբ (որոնց շնորհիւ է, օրինակ, շնչարկում կամ սնունդ ստանում) եւ բժշկական մասնագիտական կազմը անչափ չնչին է գտնում ապաքինման յոյսը: «Գալուպ» (Gallup) ընկերութեան կատարած հարցախոյզի համաձայն՝ ամերիկացիների 60 տոկոսը կողմ է էւթանազիային:

Կրօնը եւ էւթանազիան
Մինչ օրս Կաթոլիկ եկեղեցու դիրքորոշումը ակտիւ (լինի կամային թէ ոչ-կամային) էւթանազիայի հարցում, ինչպէս պարզ է պաշտօնական յայտարարութիւններից, վճռականօրէն դէմ է եղել: Բողոքական եկեղեցուն պատկանող զանազան դաւանութիւններ տարաձայնութեամբ միմեանցից տարբեր դիրքորոշումներ են ընդունել: Աւետարանական եկեղեցին աւելի շատ հակւած է կաթոլիկների աշխարհայեացքին: Չնայած լիբերալ բողոքական աղանդները, ընդհանուր առմամբ, ընդդիմախօսական դիրքում են գտնւում, սակայն չպէտք է մոռանալ, որ մեծ թւով բողոքական հոգեւոր եւ աշխարհիկ հաւատացեալներ տեղ են գտել էւթանազիայի աչառուների եւ ակտիւիստների կազմում:
Հրեաները երկու տարբեր մօտեցումներ ունեն հարցի նկատմամբ: Ուղղափառ հրեաները վճռականօրէն հակաճառում են կամային էնթանազիայի գաղափարը պաշտպանողներին, չնայած որոշ սահմանափակ պայմաններում ինչ-որ չափով համաձայնութեան են գալիս պասիւ էւթանազիայի իրագործման խնդրում: Պահպանողական (conservative) հրէական շարժումների մէջ աւելի ու աւելի է աճում պասիւ էւթանազիայի գաղափարը պաշտպանող մտածելակերպը:

Այս յօդւածը նաեւ տպագրւել է Ալիք օրաթերթում:
«Ալիք» Օգոստոսի 27, 2007

No comments: