Հայոց ցեղասպանութեան տարիներից սկսած մինչեւ այսօր Թուրքիայի ֆաշիստական իշխանութիւնը կազմակերպել եւ իրագործել է սիստեմատիկ հակահայկական վանդալական մի ծրագիր, յատուկ կարգաւորութեամբ, այնպէս որ՝ անցեալ տասնեակ տարիներում լայնատարած ու կազմակերպւած ընթացքով փորձել է ոչնչացնել կամ չէզոքացնել հայկական պատմա-մշակութային ժառանգութիւնները: Ջարդի հետեւանքով զոհւած ժողովրդի կանգուն մնացած պատմական ու կրօնական յուշարձանները թուրքերին դժւար կացութեան մէջ էին դրել. նրանք գիտէին, որ կոթողների թիւը ինչքան շատ լինի, պատմութիւնը կեղծելու պայքարը նոյնչափ աւելի դժւար ընթացք կունենայ:
1912-1913 թւականներին թրքական կառավարութեան ներքին գործերի նախարարութիւնը Կ.Պոլսոյ հայոց պատրիարքարանին յանձնարարում է, որ կայսրութեան տարածքում գտնւող հայկական գործող վանքերից ու եկեղեցիներից մի ցուցակ կազմի: Համաձայն Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեանի կազմած վիճակագրութեան՝ 1912 թւականին Արեւմտեան Հայաստանում գործող հայկական վանքերի ու եկեղեցիների թիւը հասնում եր 2200-ի:
Դոկտ. Ռայմոնդ Գէորգեանը 1992 թւականին Փարիզում հրատարակած իր լայնածաւալ հաւաքածոյում (Les Arméniens dans l'Empire Ottoman à la veille du génocide), հիմք ունենալով Ստամբուլի հայոց պատրիարքարանի 1913 եւ 1914 թւականների չհրատարակւած արխիւները, ցուցակագրել է 2538 եկեղեցի, 451 վանք եւ շուրջ 2000 դպրոց: Մեր օրօք, Ստամբուլից դուրս, հայերս ունենք միայն 6 եկեղեցի, ոչ մի վանք եւ ոչ մի դպրոց: Իրօք ի՞նչ է կատարւել միւս 2500 եկեղեցիներին ու մնացած հայկական կառոյցներին:
Իրականութիւնն այն է որ այս կառոյցները ենթարկւել են դիտաւորեալ աւերման, արհամարանքի, անփութութեան ու իւրացման, այնպէս որ՝ դրանք ընդհանրապէս զրկւել են որպէս ազգային մասնիկներ ճանաչւելուց. իհարկէ սա այն կոթողներին չի վերաբերում, որ գտնւում են Ստամբուլում, քանի որ այս քաղաքն ունի տուրիստական արժէք ու դեռ պարունակում է իր մէջ որոշակի քանակութեամբ հայութիւն: Այդ քաղաքականութիւնը պարզապէս հակասում է 1923-ի Լօզանի պայմանագրի 38-ից մինչեւ 44-րդ յօդւածներին, որոնց համաձայն՝ պիտի պահպանւեն փոքրամասնութիւնների իրաւունքները:
1974 թւականի ԻՒՆԵՍԿՕ-ի տւեալների համաձայն՝ 1915 թւականից յետոյ կանգուն մնացած 913 շինութիւններից 464-ը ամբողջովին ոչնչացւել են, 252-ը՝ վերածւել աւերակների, իսկ 197-ը վերականգնման լուրջ կարիք ունեն:
Թուրքիայի կառավարութիւնը այսպէս է պատճառաբանում, թէ հայկական յուշարձանները աւերւել են յարակից գօտւոմ տեղի ունեցած երկրաշարժերի հետեւանքով: Սակայն զարմանալի երեւոյթ է, որ սելջուկեան յուշարձանները, հակառակ հայկականներին, կանգուն են մնում երկրաշարժերից ու չեն աւերւում:
Ուշագրաւ է, որ իրագործւած աւերածութիւնները չեն սահմանւում միայն պատմական Հայաստանի տարածքներում, այնպէս որ՝ 1997 թւականին Կիպրոսի բռնագրաւած տարածքում Նիկոսիայից 30 կմ. հիւսիս-արեւելք գտնւող Ս.Մակարայ վանքը թալանւել ու ամբողջովին աւերւել է:
Կոտորածի տարիներում իրագործւած վանդալիզմը
Համաձայն անվիճելի փաստերի՝ կոտորածի տարիներում երիտթուրքերի կառավարութիւնը ձգտում էր ոչնչացնել հայկական քաղաքակրթութեան բոլոր նշանները: Եղեռնի տարիներում, այսինքն՝ 1915-ից մինչեւ 1920-ականների սկիզբը (համարեա 1923-ը), բազմաթիւ եկեղեցիներ, վարչական կառոյցներ եւ բնակարաններ թալանւեցին, հրկիզւեցին կամ պայթեցւեցին: 1915-ից մինչեւ 1923 թւականը շուրջ 1000 հայկական եկեղեցիներ ու վանքեր հողի հետ հաւասարւեցին եւ համրեա թէ 700 կրօնական կառոյցներ կիսաքանդւեցին:
Բացի բոլոր հայկական սեփականութիւններից, որոնք ջարդի օրերում աւերի ենթարկւեցին (ինչպէս Կիլիկիոյ կաթողիկոսութեանը պատկանող կառոյցները՝ Սիսում), 1923-ից երբ հայ բնակչութեան մեծամասնութիւնը արդէն սպանւել կամ տեղահան էր եղել ներկայ Թուրքիայի հողամասերից, հայկական պատմա-մշակութային յուշարձանները, որոնք մեր 20-դարեայ գոյութեան փաստերն էին Փոքր Ասիայում, սիստեմատիկ կերպով աւար ու աւեր դարձան:
Պայթումների ու զինավարժութիւնների թիրախ դարձաց յուշարձաններ
Բազմաթիւ են օրինակները այն վանքերի ու եկեղեցիների, որոնք պայթուցիկների կամ հրետանու օգնութեամբ եւ նամանաւանդ զինավարժութիւնների ժամանակ ոչնչացւել են: Օրինակ՝ Թուրքիա-Հայաստան սահմանում նախկինում կանգնած էր Խծկոնքի վանքը (10-11-րդ դարեր)՝ իր շրջապատող հինգ փոքրիկ եկեղեցիներով: Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ վանքի մեծ մասը դինամիտի օգնութեամբ քանդեցին: Այդ հինգ եկեղեցիներից այժմ կանգուն է մնացել միայն մէկը (Ս.Սարգիս եկեղեցին), չնայած որ եկեղեցու պատերը մի քանի տեղից քանդել են:
Թուրքիա-Հայաստան սահմանից ոչ-հեռու կանգուն էր Տեկորի եկեղեցին (5-րդ դար)՝ իր բացառիկ վիմագրերով, որոնք համարւում էին հայկական ճարտարապետութեան ամենահին օրինակները (455 թ.): 1956 թւականին Տեկորը թիրախ է դառնում թրքական բանակի հրետանային վարժութիւնների ժամանակ:
Թուրքիայի արեւելեան տարածքում գտնւող Ս.Բարթուղիմէոս առաքեալի վանքը, որ կառուցւել էր առաքեալի նահատակութեան վայրում եւ համարւում էր հայ ժողովրդի ու Քրիստոնեայ աշխարհի կարեւորագոյն սրբավայրերից մէկը, 1962 թւականին թրքական բանակի կողմից պայթեցւեց:
1960-ական թւականներին Ս.Կարապետի վանքը, որ մի անգամ 1915-ին թալանւել ու մասամբ աւերւել էր, բանակի հրետանային զինավարժութիւնների հետեւանքով՝ վերածւեց քարակոյտի: Հետագայում քարերը նոյն տարածքում առաջանալիք գիւղի շինարարական աշխատանքներին օգտագործւեցին:
Շինարարկան աշխատանքների պատրւակով աւերումներ
Թուրքերը շինարարական աշխատանքների, ինչպէս ճանապարհ եւ կամուրջ կառուցելու պատրւակով եւս փորձել են ոչնչնացնել հայկական յուշարձանները: Ասում են, թէ Անիի Փրկչի եկեղեցու կառոյցի կէսը քանդել են ճանապարհաշինութեան պատրւակով: Ստամբուլում եւս աւերւել են մի քանի հայկական գերեզմանոցներ, դպրոցներ եւ եկեղեցական սեփականութիւններ՝ հէնց նոյն պատրւակով:
Չվերականգնւած յուշարձաններ
Հակառակ դրան, որ Թուրքիայում պատմական յուշարձանների պահպանման ու վերականգնման կապակցութեամբ յատուկ օրէնք է անցկացւած, բայց տարիներ շարունակ իշխանութիւնը չի թոյլատրել, որ որեւէ նորոգման ու վերականգնման աշխատանք կատարւի, այնպէս որ՝ պատասխանատու հիմնարկները թերացել են նւազագոյն նորոգութիւններ կատարելու խնդրում: Այս քաղաքականութեան պատճառով ինքնաբերաբար սոյն կառոյցները բնական քայքայիչ ազդակների ազդեցութեան ներքոյ ոչնչացման են ենթարկւելու: Այս վտանգը սպառնում է Թուրքիայի բոլոր հայկական եկեղեցիներին:
Աղթամարի Ս.Խաչ եկեղեցու գմբէթում բացւած անցքը, չնայած բոլոր բողոքների, 25 տարուց աւել է, որ նոյնութեամբ մնացել է առանց որեւէ վերականգնման: Գմբէթի փլւելու վտանգից բացի՝ հաւանական է, որ անձրեւի տեղումների ու խոնաւութեան հետեւանքով՝ ներսի որմնանկարներն վնասւեն:
1965 թւականին Քեբան ջրամբարի կառուցման հետեւանքով գոյանալիք արհեստական լիճը սպառնալիք էր դարձել առանձնապէս հինգ կարեւոր յուշարձանների, այսինքն՝ երկու մզկիթների, սիրիական մի փոքր եկեղեցու եւ հայկական երկու եկեղեցիների (դրանցից մէկում կային 10-րդ դարի բացառիկ որմնանկարներ) համար: Երկու մզկիթները քար առ քար տեղափոխւեցին նոր վայր. սիրիական եկեղեցին էլ պեղւեց ու չափագրւեց. իսկ հայկական եկեղեցիները չնայած աւելի հին էին միւս երեք յուշարձաններից՝ անուշադրութեան մատնւեցին:
Գիւղացիների ոտնձգութիւններին զոհ գնացած յուշարձաններ
Աւերման են ենթարկւել զանազան յուշարձաններ, այն պատճառով, որ իշխանութիւնը անտարբերութեամբ կամ խրախուսանքով է մօտեցել գիւղացիների ոտնձգութիւններին: Մերձակայ գիւղերի բնակչութիւնը եկեղեցիների կառոյցում ագուցւած, տաշած քարերը օգտագործել է՝ որպէս պատրաստի շինանիւթեր: Որպէս համապատասխան օրինակ՝ կարելի է նշել Տեկորի եկեղեցին: 1999-ին այս եկեղեցուց միայն մնացել էին շէնքի պատերից մի քանի կտորներ: 1973 թւականին Բիթլիսի թուրքական հոգեւոր դպրոցի մօտ թափւած հայերէն վիմագրերով քարաբեկորներից օգտւել են որպէս շինանիւթ՝ մի մզկիթի վերանորոգման համար:
Միւս կողմից՝ տարիներ շարունակ է, որ Թուրքիայի լրատւամիջոցները տարածում են, թէ «գեաւուռներ»-ի լեզւով գրութիւններ կամ խաչի քանդակ ունեցող քարերի տակ հարուստ հայերը երկիրը թողնելուց առաջ՝ թաքցրել են իրենց ոսկիները: Այսպիսով՝ նախկինում հայաբնակ եղած տարածքներում ներկայ բնակիչները գանձ գտնելու յոյսով քանդում են ինչ-որ հայկական է:
Այլափոխւած յուշարձաններ
Այն պարագայում երբ չի յաջողւել հայկական պատմա-մշակութային կառոյցներն եւ եկեղեցիները ոչնչացնել, թուրքերը փորձել են դրանք վերածել մզկիթի, թանգարանի, բանտի, մարզական կենտրոնի, շտեմարանի, ախոռի կամ ագարակի. օրինակ՝ հարեւան գիւղացիները Սորադիր եկեղեցուց (Վանայ լճի արեւելեան բաժնում) օգտւում են որպէս անասնակերի մթերանոց: Կարսի Ս.Առաքելոց եկեղեցին (10-րդ դար) մի առ ժամանակ գործել է որպէս թանգարան, իսկ 1999 թւականից վերածւել է մզկիթի: Ուրֆայի մայր եկեղեցին փոխակերպւել է թանգարանի:
Օրդու եկեղեցին վերածւել է բանտի եւ դրա հայերէն արձանագրութիւնները վերացւել են: 7-րդ դարի Ծփնի եկեղեցին, որ գտնւում էր նոյնանուն գիւղում, վերանաւանւել է Զիբինի եւ վերածւել՝ մզկիթի: Վարագավանքից, որ 1915 թւականին մեծ աւերածութիւն է կրել, մի առ ժամանակ օգտւեցին որպէս շտեմարան ու գոմ (համալիրի մի մասը), իսկ 1998 թւականին օգտագործելով նրա քարերը՝ կառուցեցին մի մզկիթ՝ նոյն տեղում:
Իւրացւած ու թուրքերին վերագրւած յուշարձաններ
Որոշ պարագաներում պետութիւնը հայկական պատմա-մշակութային ժառանգութիւնները թուրքերին վերագրելով՝ յայտարարել է որպէս «սելջուկեան ճարտարապետութեան» նմուշներ: Այս նպատակով՝ դրանց ինքնութիւնը ձեւափոխելու եւ չէզոքացնելու համար՝ փորձել է վերացնել հայերէնով արձանագրութիւնները եւ խաչերը: Տուրիստը ինչ կիմանայ՝ սա հայկակա՞ն շինութիւն է թէ սելջուկ թուրքերին պատկանող կառոյց: Կոստանդնուպոլիսի Կենտրոնական դպրոցի հայերէն արձանագրութիւնները վերացւեցին: Նման փորձեր կատարւել են Ստամբուլի հայկական եւ նամանաւանդ տուրիստիկ վայրերի, ինչու չէ նաեւ՝ Աղթամարի եւ Կարսի եկեղեցիների վերաբերեալ:
Տեղանունների անւանափոխում
Հայկական յուշարձանների ոչնչացման ծրագրի հետ միասին՝ իշխանութիւնը խստօրէն արգելել է «Հայաստան» բառի օգտագործումը՝ պետական քարտէզներում: 1928-ից թրքական կառավարութիւնը անւանափոխել է Փոքր Ասիայի հայկական տեղանունները, ինչպէս բնակավայրերի (գիւղերի ու քաղաքների), գետերի ու լեռների անունները: Անւանափոխման գործը շարունակւել է նաեւ 1950-ականների վերջերում: Հայկական պատմական անունների 90 տոկոսը փոխւել են, օրինակ Բերդաղը դարձել է Դնլենջէ, Անձաւը՝ Գեօրուշլու, Սեւանը՝ Օրթաջա, Արէնը՝ Գեօլդուզլու, Աղթամարը՝ Աքդամար (սպիտակ երակ), Անին՝ Անը (յուշ), եւ Արարատ լեռը՝ Աղրըդաղ:
Այս յօդւածը նաեւ տպագրւել է Ալիք օրաթերթում:
«Ալիք» Յունիսի 13, 2006 (Ա. բաժին)
«Ալիք» Յունիսի 14, 2006 (Բ. բաժին)
«Ալիք» Յունիսի 15, 2006 (Գ. բաժին)
«Ալիք» Յունիսի 17, 2006 (Դ. բաժին)
No comments:
Post a Comment