Sunday, May 28, 2006

Ադրբեջանական վանդալիզմ

Բաքւի հրէա-քրիստոնէական գերեզմանոցի ոչնչացումը՝ Ադրբեջանի հակահայկական քաղաքականութեան բնորոշիչ գիծը

Ծանօթութիւն
Մոնտինսկոյէ (Montinskoe) կամ Մոնտինօ գերեզմանատունը Բաքւի հնագոյն գերեզմանատներից է, որը գտնւում է մայրաքաղաքի կենտրոնի մօտ, Նարիմանովսկի շրջանի Մոնտին գաղութում: Մոնտինսկոյէն ունենալով շուրջ 80 հեկտարանոց տարածութիւն՝ մի մեծ գերեզմանատուն է, որտեղ մեծ մասամբ թաղւած են հայեր, ռուսներ ու հրեաներ եւ ինչու չէ նաեւ՝ մի խումբ ադրբեջանցիներ: Այս իմաստով դա կարելի է համարել բազմազգ մի գերեզմանոց: Այսօր նախկին հայ Բաքւեցիները, որոնք Ղարաբաղեան պատերազմի տարիներին ստիպւած թողել եւ հեռացել են Ադրբեջանից, թաղւած ազգականներ ունեն այդ գերեզմանատանը: Այնտեղ կային բազմաթիւ հին գերեզմաններ, որոնցից շատերը պատկանում էին 1890-ական թւականներին: Հայ բաքւեցի փախստականները վկայում են, որ Մոնտինի հայկական գերեզմանները հէնց հեռւից տարբերւում են միւսներից, քանի որ նրանք մեծ խաչեր են կրում իրենց վրայ:

Հոգատարութիւն թէ ձեւականութիւն
2003-ի յունւար ամսին Բաքւի քաղխորհուրդը յայտարարեց, որ մայրաքաղաքի վերակառուցման ծրագրին կից՝ Նարիմանովսքի շրջանում կառավարութեան կողմից կառուցւելու է 50 մետր լայնութեամբ մի մայրուղի, որը կանցնի Մոնտինսկոյէ գերեզմանոցի մի հատւածից, ուստի՝ հարկաւոր է այդ մասի գերեզմանները տեղափոխւեն մի այլ վայր: Յայտարարութիւնը առաջին անգամ տրւեց 2003-ի յունւարին, որը հրատարակել էին տեղական թերթերում եւ նաեւ փակցրել՝ գերեզմանատան մուտքերին: Սոյն յայտարարութեամբ Բաքւի իշխանութիւնները շեշտել էին, որ միայն մինչեւ ապրիլի 1-ը այդ գերեզմանատանը թաղւած մարդկանց ազգականներին հնարաւորութիւն կտրւի ննջեցեալների վերայուղարկաւորման խնդրանքով դիմեն քաղխորհուրդ: Իշխանութիւնները հաւատացնում էին, որ դիմողները կարող են վերաթաղել ազգականների աճիւնները նոյն գերեզմանատան այլ հատւածում կամ մի ուրիշ գերեզմանոցում:
Պարզապէս, վերոյիշեալ ճանապարհաշինութեան ծրագիրը սպառնում էր գերեզմանատան տարածքի մէկչորրորդից մինչեւ մէկերրորդին, որտեղ կային բազմաթիւ գերեզմաններ, որոնցից շատերը 1890-ականներին էին պատկանում: Բայց նրանք այդ մայրուղու շինութիւնը համարում էին չափազանց կարեւոր, անհրաժեշտ եւ անխուսափելի՝ պատճառաբանելով, որ մայրուղու գոյութիւնը բաւական օգտակար կը հանդիսանայ Նարիմանով շրջանի ինքնաշարժների երթեւեկութեան բարելաւման գործում: Ալի Նասիրովը, որ վերայուղարկաւորման ծրագրի պաշտօնական պատասխանատուն էր, Մոնտինի գերեզմանատան տեղափոխման աշխատանքները համարում էր շատ նորմալ՝ յիշեցնելով, որ 1980-ական թւականներին նման կարգաւորութեամբ տեղափոխել էին Չեմբերիքանդի գերեզմանոցը: Նոյն տեսակետի տէր եր Բաքւի քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովը:
Այդ օրերում Բաքւի իշխանութիւնները ձեւացնում էին, որ առանձնայատուկ հոգս են տանում սոյն գերեզմանոցում թաղւած աճիւնների վերայուղարկաւորման գործում եւ հաւաստիացնում էին, որ բաւական ջանքեր են թափել՝ կապեր հաստատելու ննջեցեալների ազգականների հետ, որոնք բնակւում են երկրից դուրս: Բայց շատ պարզ էր, որ այդ հանգամանքներում հայ յուղարկաւորւածների հարազատներին անհնար էր Բաքու այցելել, չնայած նրանք լուրջ մտահոգ էին գերեզմանների ճակատագրով: Նրանք այն Բաքւեցիներն էին, որ 15-20 տարի առաջ ստիպւած եղան իրենց կեանքը փրկելու համար՝ թողնել այդ քաղաքը ու փախչել երկրից դուրս:
Պարզ էր, այսպէս ասած՝ հոգատարութիւնները միայն կեղծ ձեւականութիւններ էին: Նրանք կամենում էին ոչնչացնել Բաքւի հայութեան անցեալի բոլոր հետքերը, բայց նաեւ գիտէին, որ հարկաւոր է խուսափել ռուս եւ հրեայ համայնքների հակազդեցութիւնը գրգռելուց, քանի որ ռուսերն ու հրեաները ազդեցիկ դեր են խաղում աշխարհի քաղաքականութեան ասպարէզում, այնպէս որ՝ նրանց հակազդեցական դիրքորոշումը վտանգի կենթարկի Ադրբեջանի շահերը: Միգուցէ եթէ Մոնտինսկոյէն զուտ հայկական լինէր, կարիքը չզգացւէր նման ցուցամոլութիւնների: Միթէ բացի այն է, որ Մոնտինսկոյէ գերեզմանատան հայկական գերեզմանները արդէն շատ վաղուց ենթարկւել էին սրբապղծութեան ու աւերածութեան: Չէ՞ որ գերեզմանատան նկատմամբ իրագործւած վանդալիզմը սկսւել էր հէնց Ղարաբաղեան պատերազմի տարիներից: Ուրեմն՝ պետութիւնը ո՞ր հայկական գերեզմանն էր կամենում փրկել ու տեղափոխել:

Վանդալիզմը վաղուց էր սկսւել
Բոլոր նրանք, ովքեր այցելել են այդ գերեզմանատունը (պատերազմի տարիներից մինչեւ 2003 թւականը) վկայել են իրագործւած դառն բարբարոսութիւնն ու վանդալիզմը: Ֆէլիքս Քորլին (Felix Corley), «Keston News Service»-ի խմբագիրը, 2001 թւականին այցելեց Մոնտին գերեզմանատուն: Նա ականատես լինելով իրագործւած վանդալական ակտերին՝ ուղղւած հայկական գերեզմաններին, այսպէս է գրել մի յօդւածում. «Այստեղ Բաքւի Մոնտին գերեզմանատան յետին մուտքերից մէկն է ու այն գլխաւոր բաժինը, որտեղ հայերն են թաղւած: Անմիջապէս պատերից այն կողմ ակնյայտ է դառնում գերեզմանոցի աւերածութիւնը: Գերեզմանաքարերը տարօրինակ ձեւով մի կողմ են թեքւել, ջարդւել կամ մէջտեղից կոտրւել են: Միայն թէ երբ մտնում ես գերեզմանատուն, աւերածութեան աստիճանը պարզւում է...»: Նա յետոյ շարունակում է. «Բաքւի ադրբեջանցիների ու հայերի միջեւ ծագած լարւածութիւնից մէկ տասնեակ տարի է անցել, բայց քաղաքի այս լուռ անկիւնը դեռ իր մէջ է պահում ինտերցեղային դաժան ատելութեան սպիները: Մուտքի աջ ձեռքից, որտեղ հայկական գերեզմաններն են սկսւում, աւերածութեան անխիղճ շաւիղը շարունակւում է մինչեւ ադրբեջանական, ռուսական եւ հրէական բաժինները»: Նա աւելացնում է. «Իւրաքանչիւր հայկական գերեզման սիստեմատիկ կերպով ենթարկւել է աւերածութեան, այնպէս որ՝ շիրմաքարը տեղից շարժել, կոտրատել, ինչ-որ գրւածքներով այլանդակել էին, ննջեցեալի անունը անընթեռնլի էին դարձրել, եւ նրա վրայ փակցւած ձւաձեւ նկարը, որ մի ժամանակ տարածւած էր խորհրդային գերեզմանոցներում, պղծել էին»: Նա վկայում է բազմաթիւ գերեզմանների մասին, որոնց մասնաւորապէս փորել էին միգուցէ այն նպատակով, որ «ստորացնեն աճիւնը» կամ կողոպտեն գերեզմանում գտնւող այն «ոսկեղէն կամ զարդեղէնը, որ ասում են՝ իբր թէ հայերը թաղում են ննջեցեալի հետ»:
Իսկ յօդւածի վերջում նա այսպէս է գրում. «Վերադարձին, երբ տաքսու մէջ նստած այդ բարձունքից դէպ ներքեւ՝ քաղաքի կենտրոնն էինք սլանում, պատկերացնում էի այն խուժանը, որ ցեղային բախումների թէժ ժամանակ մոլեգնութեամբ այստեղից դէպի վեր է բարձրանում: Նրանք դարպասներից ներս են նետւում ու ձեռքի մէջ առած երկաթէ նիգերով, տապարներով, կամ ինչ-որ բանով յարձակւում գերեզմանների վրայ, համառօտակի կարդում այդ դժբախտի անունը, որը թաղւած է ներքեւում եւ յետոյ հայ լինելու պարագայում՝ կատաղութիւնը թափում շիրիմաքարի վրայ, այնպէս որ՝ ասես նա է մեղաւոր այն չարիքների համար, որոնք իրագործւել էին Լեռնային Ղարաբաղի պատերազմում»:
«Զինւորի մայր» հասարակական կազմակերպութեան նախագահ Գրետա Միրզոյեանը 2002 թւականին, երբ «Հարաւային Կովկասի Կանայք» գիտաժողովի շրջագծում գտնւում էր Բաքւում, գերեզմանատան այցելելու հնարաւորութիւն էր ստացել: Նա վերադառնալուց յետոյ՝ նշել էր. «Փաստօրէն, այլեւս գերեզմանոց չկայ, եւ ուստի՝ արդէն փրկելու բան չի մնացել»: Նա ասել էր. «Այն մասը, որտեղ հայկական գերեզմաններն էին գտնւում, ամբողջովին ոչնչացւած է: Ոչ մի հայկական գերեզման չի պահպանւել, իսկ այնտեղ աճող հին մեծ ծառերը կտրել են: Դեռ աւելին՝ ակնյայտ էր, որ այնտեղ բուլդոզերներ են աշխատել»: Միրզոյեանը տեղեկացնելով Հայաստանից եկած ադրբեջանցի փախստականների ճամբարի մասին, որը գտնւում եր գերեզմանոցի կողքին, համոզւած էր, որ այդ փախստականները նոյնպէս շատ գերեզմաններ են պղծել ոսկէ զարդեր կամ ոսկէ ատամնապսակներ գտնելու յոյսով:

Հայկական գերեզմանների անորոշ վիճակը
Ըստ իրաւապաշտպանների՝ քաղաքի իշխանութիւնները վերոյիշեալ մայրուղու կառուցման նախնական աշխատանքները կատարում էին չափազանց արագ ընթացքով, այնպէս որ՝ սա սպառնում էր հայկական գերեզմաններին- իհարկէ, եթէ գերեզման մնացած լինէր: Բաքւի իշխանութիւնները նախատեսում էին վերայուղարկաւորման ծրագիրը շարունակել մինչեւ սոյն տարւայ ապրիլի 1-ը եւ ըստ երեւոյթին, այդ թւականից յետոյ ոչնչացման էին ենթարկելու հայկական եւ ռուսական գերեզմանները Նարիմանեան գերեզմանատանը՝ պատճառաբանելով «նրանց լքւածութիւնը՝ աւելի քան 12 տարիների ընթացքում»: Մինչեւ ապրիլի սկիզբը յաջողւեց նրանց տեղափոխել գերեզմանատան մի մասը: Մի յօդւածում, որ այդ օրերում հրատարարկւել էր ադրբեջանական «Զերկալօ» օրաթերթում, նշւած էր, որ արդէն 200 գերեզմաններ տեղափոխւել են Գովսանի, Վոլչի Վորոտա, Գարախչուր, 8-րդ Կիլոմետրի եւ Սաբունչի գերեզմանատները:
Բայց դեռ հայկական գերեզմանների խնդիրը լուծւած չէր: Ադրբեջանցի եւ հայ իրաւապաշտպանները զգուշացնում էին, որ հայկական գերեզմանները քանդելու դէպքում՝ անխուսափելի կը լինի միջազգային այն սկանդալը, որ ուղղւելու է Ադրբեջանի դէմ վանդալիզմի մեղադրանքով: Ստեղծւած իրավիճակը աւելորդ լարւածութեան պատճառ կարող էր դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այդ օրերին, Ադրբեջանի Իրաւապաշտպան Կենտրոնի տնօրէն Էլդար Զէյնալովը պնդելով սոյն ծրագրի յետաձգման կարեւորութիւնը՝ առաջարկել էր միջազգային կազմակերպութիւնների, մասնաւորապէս Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի աջակցութեամբ, Բաքւում թաղւած հայերի ու ռուսների աճիւնները տեղափոխել Հայաստան եւ Ռուսաստան՝ վերայուղարկաւորման համար: Ի պատասխան այդ բոլոր հակազդեցութիւնների՝ ադրբեջանցիները պաշտօնապէս յայտարարեցին, որ հայկական, ինչպէս նաեւ ռուսական ու հրէական գերեզմանները պահպանւելու են, գերեզմանատան այն բաժնում, որտեղ ճանապարհաշինութիւն չիկատարւելու:

Բաքուն դեռ պնդում է ոչնչացնել քրիստոնէական գերեզմանոցը
Վերջերս ականատես էինք, թէ ինչպէս շուրջ երեք տարի այդ դէպքերից անց կրկին հնչում էին նման շշուկներ՝ Բաքւի «քրիստոնէական հին գերեզմանատան» ոչնչացման կապակցութեամբ: Համաձայն 2006-ի փետր. 20-ի լրատւութիւններին եւ հիմք ունենալով Բաքւի «Ռէալնի Ազերբայջան»-ի թերթի տւած տեղեկութիւնների՝ «Բաքւի քաղաքագլուխ Հաջիբալա Աբութալիբովն սկսել է ոչնչացնել քրիստոնէական հին գերեզմանատունը, որը գտնւում է քաղաքի կենտրոնի Մոնտինօ շրջանում», քանի որ «գերեզմանոցի տարածքը յատկացւելու է քոթեջների, նորակառոյցների եւ առանձնատների կառուցման համար»: Աբութալիբովը մայրաքաղաքի վրդովւած ռուս բնակիչներին, որոնք վանդալիզմի հերթական ալիքը դադարեցնելու պահանջով դիմել էին քաղաքապետարանին, հաւաստիացրեց, որ գերեզմանը քանդելու եւ նրա տեղ նոր մայրուղի կառուցելու հրամանը արձակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
«Ազատ Հայք» հայկական բարեգործական կազմակերպութիւնը փետր. 24-ին հնչեցրած մի յայտարարութեամբ՝ աշխարհի բոլոր ադրբեջանցիներից ու Ադրբեջանի քաղաքացիներից պահանջեց միջամտել գործին, որպէսզի դադարեցնեն քրիստոնէական յուշարձանների ոչնչացման ընթացքը՝ այդ երկրում եւ սատար լինեն Բաքւի այդ գերեզմանոցի Ուղղափառ, Կաթոլիկ եւ Հայ Առաքելական եկեղեցիներին պատկանող քրիստոնեայ ննջեցեալների աճիւնների տեղափոխման աշխատանքին:

Արդէն պարզ է, որ հայկական գերեզմանատների ոչնչացումը Ադրբեջանի պետական քաղաքականութեան կարեւոր մասն է կազմում: Ամենապարզ փաստն այս խօսքի Հին Ջուղայի գերեզմանատան վանդալական ակտերն էին: Ականատես էինք, թէ ինչպէս 1998 թ.-ի դէպքերին ադրբեջանցիները գնացքով էին տեղափոխում Ջուղայի գերեզմանաքարերի ու խաչքարերի ջարդ ու փշուր արած բեկորները: 2005-ին նրանք Ջուղայի մնացած քարերը ոչնչացնելու նպատակով՝ օգտւեցին զինւորական ուժից:
Այդ բոլորը ցոյց է տալիս, որ այդ վանդալութիւնները կատարւել են պետական հնարաւորութիւններով: Եւ ահա տեսնում էնք, թէ ինչպէս նրանք «մայրաքաղաքի վերակառուցման» պատրւակով փորձում են քանդել Բաքւի քրիստոնէական յուշարձանները: Իսկ այս բոլորի նպատակը՝ պատմական փաստերի խեղաթիւրելն ու հայերի գոյութեան բոլոր վկայութիւնները անհետացնելն է:

Աղբիւրներ
- Անհանգստացնում են հանգուցեալներին- մեծանում է մտահոգութիւնն Ադրբեջանում գտնւող հայկական գերեզմանատների համար

-Բաքւի իշխանութիւնները մտադիր են ոչնչացնել հայկական եւ ռուսական գերեզմանները

- Բաքւի քաղաքապետը ոչնչացնում է հին քրիստոնէական գերեզմանոցը

- Բաքւում քանդում են քրիստոնէական գերեզմանները, որպէսզի առանձնատներ կառուցեն

- Armenian charity seeks azeri help to relocate christian remains from Baku

- Baku Cemetery Controversy

- Baku's Armenians No Longer Rest in Peace

- Baku Seems to Realize

­- Mayor of Baku destroys old Christian cemetery

- Plan on construction of road crossing armenian cemetery in Azerbaijan has existed since soviet times

Այս յօդւածը նաեւ տպագրւել է Ալիք օրաթերթում:
«Ալիք» Մայիսի 22, 2006

No comments: