Thursday, August 12, 2010

Լուսանկարիչ-Լրագրող, Պատուոյ Փրոֆեսոր, Համաշխարհային Մրցոյթների Դափնեկիր Ռաֆայէլ Համբարձումեանի Հետ

Միացեալ Նահանգների Պրոֆեսիոնալ Լուսանկարիչների Միութեան անդամ եւ միջազգային լուսանկարչական մրցոյթների դափնեկիր՝ հայ անուանի լուսանկարիչ-թղթակից՝ Ռաֆայէլ Համբարձումեանը իր 65-ամեայ ստեղծագործական գործունէութեամբ՝ հասցրել է բարձր անուն վաստակել հայկական ու միջազգային գեղարուեստական եւ լրատուական լուսանկարչութեան շրջանակներում: Նրա դիմանկարներում անմահացել են հայոց հանճարները, իսկ բնապատկերներում յաւերժացել է Հայաստանի բնութեան գեղեցկութիւնը: Նրա վաւերագրական նկարներում հաւաստագրուել են հայ կեանքի պայծառ ու դժգոյն պահերը:

Ռաֆայէլ Համբարձումեանի հետ հեղինակի հանդիպումը կայացաւ նրա բնակարանում: Այն իսկական տունթանգարան է, որտեղ պատերին փակցուած պատկերներն ու գնահատագրերը վկայում են վարպետի աւելի քան վեց տասնամեակների ստեղծագործական գործունէութեան մասին: Հրճուանքով ես թերթում հայ հանճարի բացառիկ աշխատանքների ալբոմը ու հիացմունքով կանգ առնում իւրաքանչիւր նկարի վրայ:

Դէմքերի լուսանկարումը եղել է նրա գործունէութեան կարեւորագոյն բաժինը: Նկարահանել է բազմաթիւ հայ անուանի դէմքեր, որոնք ինչպէս ինքը լուսանկարիչն է նշում՝ «Յաւերժի ճամբորդներ» գրքում, «աշխարհին տուել են հրաշալի կոթողներ, երաժշտութիւն, կտաւներ, գիտութիւն, արւեստ եւ դրան զուգահեռ այնպիսի տարածքներ, որտեղ մարդն առաջին անգամ ոտք դրեց»: Այդ անձանց շարքին կարելի է յիշել՝ Արամ Խաչատրեանին, Մարտիրոս Սարեանին, Երուանդ Քոչարին, Գուրգէն Ջանիբէկեանին, Յովհաննէս Շիրազին, Վիկտոր Համբարձումեանին, Վահրամ Փափազեանին, Հրաչեայ Ներսիսեանին, Օհան Դուրեանին, Վիլեամ Սարոյանին, Շառլ Ազնաւուրին եւ բազում այլ հանճարներին: Կերտած ամէն մի դիմանկար, լոյսի ու ստուերիներ դաշնակութեան եւ համապատասխան կադրի ընտրելու շնորհիւ՝ ոչ միայն մանրամասնօրէն բնութագրում է նկարում յայտնուած անձի դէմքի գծագրութիւնը, այլ ցայտուն կերպով արտացոլում է նրա տաղանդն ու անհատական առանձնայատկութիւնները, ասես՝ խօսում է նկարահանուած անձի կենսագրականի ու գործունէութեան մասին:

Հայ վաստակաւոր նկարիչի արխիւը հարուստ է հայոց լեռնաշխարհի բնական գեղեցկութիւնը նկարագրող լուսանկարներով: Ինչու չէ նաեւ յատուկ տեղ են գտել հայ ճարտարապետների կերտած պատմական ու ժամանակակից սքանչելի կոթողները: Դիտելով իւրաքանչիւր նկար՝ ակամայ հարցնում ես, թէ ի՞նչպէս կարելի է մի լուսանկարում յաւէրժացնել բնութիւնը՝ իր ներդաշնակ գոյներով ու գեղեցկութեամբ, կամ ճարտարութեամբ կառուցուած շինութիւնը՝ իր բոլոր մանրամասնութեամբ ու նրբութիւններով: Հանճարեղ նկարիչ՝ Գրիգոր Խանջեանը անուանի լուսանկարչին նուիրած յօդուածում գրում է. «Համբարձումեանի դիմանկարները կառուցուած են խօսուն աչքերի արտայայտչականութեան վրայ, դրանցից լաւագոյնը՝ «Վիրաբուժը», լուսանկարչին լայն ճանաչում բերեց ո՛չ միայն մեր երկրում»:

Ռաֆայէլ Համբարձումեանի ստեղծագործութիւնները գեղարուեստական պարզ օրինակներ են, ուր լուսանկարչութիւնը դառնում է արուեստ: Ռուս անուանի գրող եւ արուեստաբան Եուրի Նագիբին ասում է. «Առ այսօր սիրում են գեղանկարչութիւնը լուսանկարչութեանը հակադրել՝ ասելով, թէ գեղանկարչութիւնը կեանքի գեղանկարչական պատկերումն է, իսկ լուսանկարչութիւնը՝ անհոգի ընդօրինակում: Որքա՜ն սխալ եւ որքա՜ն ծերացած կարծիք: Կատարեալ լուսանկարը կեանքի նոյնպիսի վերացոլումն է, ինչպէս եւ արւեստի միւս տեսակները՝ գեղանկարը, երաժշտութիւնը, պոէզիան: Ռաֆայէլ Համբարձումեանի հրաշալի լուսանկարչութիւնը սրա լաւագոյն ապացոյցն է ... (մէջբերումը՝ «Slide» ամսագրից): Գրիգոր Խանջեանը Ռ. Համբարձումեանի հասցէին գրում է. «Եթէ գեղանկարչութեանը բնորոշն են հաստատումն ու աւարտուն միտքը ընդհանրացուած փիլիսոփայութեամբ, ապա լուսանկարչութեանը յատուկ է պահի տիպական, երբեմն անորսալի տրամադրութիւնը, տեղի եւ ժամանակի փաստայնութիւնը: Տեսնել, որսալ եւ յաւէրժացնել այս ամէնը բնական հնչեղութեամբ, չափազանց դժուար է, իսկ եթէ այն իրագործւում է լաւ կամ գերազանց, ուրեմն կատարողն արուեստագէտ է... Ռաֆայէլ Համբարձումեանին ես այսպիսի արուեստագէտ ու վարպետ եմ համարում»:

Ռաֆայէլ Համբարձումեանի լուսանկարները ինքնատիպ են: Հայ լուսանկարիչը պատմում է, թէ ինչպէս «Երեկոյեան Երեւան» օրաթերթում աշխատանքային տարիներին՝ այլ պարբերականների լուսանկարիչները ընդօրինակում էին իր աշխատանքները: Պէտք է նշել, որ ԽՍՀՄ-ի օրօք հրատարակուեց Սովետական Միութեան լաւագոյն լուսանկարների ալբոմը, իւրաքանչիւր լուսանկարիչից մէկական լուսանկարով ուր Հայաստանից ներկայացուած էր միայն Ռաֆայէլ Համբարձումեանի աշխատանքը: Հայ նկարիչը բացայայտելով վաստակած իր յաջողութեան գաղտնիքը՝ անչափ կարեւոր է համարում ճաշակի հարցը: Նա շեշտում է, որ նկարահանումը պէտք է կատարել գեղարուեստական ոճով: Նկարը չպէտք է «շաբլոն» լինի:

Վաստակաւոր նկարիչը պատանի տարիքում է ծանօթացել լուսանկարչութեան հետ, երբ կորցրած լինելով ծնողներին՝ իր եւ կրտսեր եղբօր կարիքները հոգալու համար ստիպուած էր աշխատել: Նա 1946 թուականից սկսեալ՝ հինգ տարիներ շարունակ աշխատում է Գերմանիայում լուսանկարչութեան բարձրագոյն գեղարուեստական ինստիտուտ աւարտած Թորգոմ Բոյաջեանի աշխատանոցում՝ նրանից սովորելով լուսանկարչութեան գաղտնիքները: Ռաֆայէլ Համբարձումեանը յարգանքով է յիշում իր վարպետին՝ կրկնելով նրա խրատը. «Ռաֆի՛կ ես չեմ ուզել տեղի փինաչիների նման նկարիչ դառնաս: Դու իմ աշակերտն ես եւ իմ նման մարդ պէտք է դառնաս, բծախնդիր պէտք է լինես...»: Նա պատմում է, երբ մրցոյթին ներկայացրած լուսանկարը առաջին անգամ արծաթէ մեդալ շահեց, իր վարպետը գոհունակութիւն յայտնելով՝ համբուրեց իր ճակատը: Այսպիսով իր տաղանդի եւ վարպետից վաստակած գիտելիքների շնորհիւ՝ Ռ. Համբարձումեանը 1956 թուականին որպէս լուսանկարիչ-թղթակից (photojournalist) աշխատանքի է անցնում «Երեկոյեան Երեւան» օրաթերթում, ուր անց է կացնում իր գործունէութեան տարիների ամենաերկար բաժինը: Արուեստագէտի լուսանկարները տեղ են գտել նաեւ զանազան գրքերի, օրացոյցների ու պարբերականների, ինչպէս՝ «Սովետական Հայաստան» եւ «Արւեստ» ամսագրերի, էջերում եւ շապիկների վրայ:

Միջազգային հռչակի արժանացած Ռաֆայէլ Համբարձումեանի լուսանկարները զարդարել են 100-ից աւել անհատական եւ խմբական ցուցահանդէսներ, աշխարհի զանազան երկրներում: Նա մասնակցել է բազմաթիւ մրցոյթների, արժանանալով տասնեակ պատուոյ գրերի, դիպլոմների, շքանշանների եւ մեդալների: 1959 թուականին Մոսկուայում կազմակերպուած համամիութենական լուսանկարչական մրցոյթին տաղանդաւոր նկարիչը արժանանում է երկրորդ կարգի դիպլոմի: Համաշխարհային ճանաչում գտած «Վիրահատութիւնից յետոյ» լուսանկարչական աշխատանքը տարիներ շարունակ գնահատանքի է արժանացել մասնագիտական լուսանկարչութեան միջազգային շրջանակների կողմից: Ստեղծագործութիւնը շահել է բազմաթիւ մրցանակներ ու տպագրուել բազում թերթերում եւ ամսագրերում: «Վիրահատութիւնից յետոյ» լուսանկարը 1967 թուին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետութիւնում 84 երկրների միջեւ կազմակերպուած միջազգային լուսանկարչական մրցոյթին շահեց արծաթէ մեդալ եւ դիպլոմ: 1974 թուականին Անդրկովկասեան լուսանկարիչների մրցոյթին Ռ. Համբարձումեանը շահեց առաջին եւ երկրորդ կարգի դիպլոմներ: 1976 թուականին Սովետական Միութեան Ներքին Գործերի Նախարարութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած փառատօնին ստացել է պատուոյ մեդալ: Նոյն տարի «Իզուեստիա» թերթի կազմակերպած մրցոյթին արժանանում է առաջին կարգի դիպլոմի: Ապա 1977-ին Մոսկուայի Համամիութենական լուսանկարչական մրցոյթին պարգեւատրւում է առաջին կարգի դիպլոմով, իսկ 1978-ին «Սովետական Հայաստան» ամսագրի լուսանկարչական մրցոյթին շահում է երկու առաջին մրցանակները: Ռաֆայէլ Համբարձումեանը նաեւ հրապարակել է 30-ից աւել գրքեր եւ պլակատներ եւ օրացոյցներ:

Տասնամեակից աւել է, որ Ռաֆայէլ Համբարձումեանը ապրում է Լոս Անջելըսում եւ շարունակում է իր գեղարուեստական գործունէութիւնը: Ռաֆայէլ Համբարձումեանի լուսանկարները եզակի միջոց են հանդիսացել՝ ամերիկեան համայնքին ներկայացնելու Հայաստանն ու հայի կերպարը: Նրա աշխատանքները ցուցադրուել են Ամերիկայում կազմակերպուած զանազան ցուցահանդէսներին ու արժանացել բարձր գնահատանքի: 2002 թուականին Փասադինայի ցուցահանդէսին ներկայացուած նրա լուսանկարները շահեցին լաւագոյն միաւորներ: Կրկին, 2003 թուականին նոյն քաղաքում անց կացուող լուսանկարչական մրցոյթին բարձր գնահատանքի արժանացան նկարչի ցուցադրուած լուսանկարները: 2003 թուականին ԱՄՆ-ի Արհեստավարժ Լուսանկարիչների Միութեան (Professional Photographers of American - PPA) նախաձեռնութեամբ Վաշինգթընում կազմակերպուած լուսանկարչական ցուցահանդէսին մասնակցեցին «Վիրահատութիւնից յետոյ», «Յովհաննէս Շիրազ» եւ «Ձմեռային Հանդիպում» աշխատանքները, որոնք շահեցին լաւագոյն միաւորները: Այսպիսով բարձր գնահատուելով PPA-ի կողմից՝ Ռ. Համբարձումեանը դառնում է նշեալ միութեան պաշտօնական անդամը: 2003 թուականին «Վիրահատութիւնից յետոյ» աշխատանքի համար նա շահում է առաջին մրցանակը Լաս Վեգասում PPA-ի կազմակերպած լաւագոյն լուսանկարիչների ցուցահանդէս մրցոյթին: Յիշատակելի է, որ Ռ. Համբարձումեանի 75 ամեակի առիթով 2007 թ. Բոստոնում կազմակերպուեց անհատական ցուցահանդէս: Նախաձեռնութիւնը լայն արձագանգ գտաւ տեղական մամուլում, այնպէս որ «Metrowest Weekend»-ը երկու էջերով ներկայացրեց հայ վարպետի գործերը: 2008 թուականին «Մաշտոց» Քոլեջի նախաձեռնութեամբ՝ Գլենդէյլի Հանրային գրադարանում ցուցադրուեցին Ռաֆայէլ Համբարձումեանի 250 գործերը, որտեղ իր 65 տարիների գեղարուեստական վաստակը գնահատուելով արժանացաւ լուսանկարչական արուեստի պատուաւոր փրոֆեսորի կոչումին եւ իր դիպլոմը ստացաւ Մաշտոց Քոլեջի տնօրէն Կարպիս Տ. Եղիայեանից:

Այս տարուայ Յունիս 21-ին Հայաստանի գրողների միութիւնում կայացաւ Ռաֆայէլ Համբարձումեանի անհատական ցուցահանդէսը, որտեղ հին լուսանկարների կողքին ներկայացուեցին լուսանկարիչի վերջին այցի 20 օրերի ընթացքում Հայաստանում նկարահանուած կադրերը: Լուսանկարիչը 5 տարուայ դադարից յետոյ առաջին անգամ էր Հայաստանում, ուր ներկայացնում էր իր աչքերով վերափոխուած Երեւանը, ինչպէս նաեւ Հայաստանի տարբեր տեսարժան վայրերը: Ներկայացուած աշխատանքների շարքում էին տեղ գտել զանազան կադրեր բնութիւնից, քաղաքի տեսարաններից, մշակութային եւ քաղաքական յայտնի դէմքերից, վերջին տարիներին բացուած խաղատներից եւ Հանրապետութեան Հրապարակից: Ցուցահանդէսին ներկայացուեց իր 31-րդ գիրքը՝ «Յաւերժի Ճամբորդները»: Ելոյթ ունեցան Հայաստանի գրողների միութեան նախագահ՝ Լեւոն Անանեանը՝ հաստատելով, որ շուրջ 65 տարիներ Ռ. Համբարձումեանը իր արւեստով ներկայացրել է մեր երկիրը ամբողջ աշխարհին: Իսկ ՀԳՄ-ի քարտուղար Յովհաննէս Գրիգորեանը, իր հերթին նշեց թէ. «Երբ լուսանկարիչն ունենում է արուեստագէտի աչք, ապա լուսանկարչական օպյեկտիւը վեր է ածւում վրձնի»: Ելոյթ ունեցաւ նաեւ Փարաջանովի տուն թանգարանի տնօրէն՝ Զաւէն Սարգսեանը: Ներկայ էին բազմաթիւ մտաւորականներ եւ արուեստագէտներ, նրանց շարքում Երեւան քաղաքի նախկին գլխաւոր ճարտարապետ՝ Ջիմ Թորոսեանը:

Նիւթը նաեւ հրատարակւել է «Օրակարգ» ամսաթերթում:

No comments: