Wednesday, September 19, 2007

«Տիտանիկ»-ի կործանումը... հայերը եւ օսմանեան կրօնա-ցեղային հալածանքները


Ցուրտ գիշեր էր: Նաւը ճեղքելով ալիքները՝ ընթանում էր Ատլանտեան ովկիանոսի վրայ: Մօտաւորապէս ժամը 11-ն էր: Նշանը վերադարձաւ երրորդ կարգի համար E57 նաւախցիկը, որը գտնւում էր «Տիտանիկ»-ի 6-րդ նաւայարկում...
Նշանն Էրզրումի Քեղի գիւղից էր: Օսմանեան բռնապետութեան կրօնական հալածանքների ճնշման ներքոյ՝ փախել էր Ֆրանսիա: Կանադա մեկնելու նպատակով՝ ընտրել էր «Տիտանիկ»-ը: Նրան ուղեկցում էին հինգ քեղիցիներ՝ Մափրին, Արթինը, Արսէնը, Դաւիթը եւ Սարգիսը:
...Կօշիկները հանեց ու շորերը հագին՝ կամաց սողաց անկողնակը: Զգալով քամու հոսանքը՝ փորձեց փակել խցիկի լուսամուտը: Յանկարծ նկատեց ջրում լողացող սառցագունդերը: Առաջին անգամն էր սառցալեռ տեսնում:
......................................
..........................
...Ամբոխը սարսափահար փրկութեան միջոց էր փնտրում: Խլացուցիչ էին կանանց ու երեխաների ճչոցն ու արցունքալից աղմուկները: Մեծ դժւարութեամբ իրեն տախտակամած հասցրեց: Նաւակողմից մի փրկանաւակ էր ծով իջեցնում: «Տիտանիկ»-ն աստիճանաբար սուզւում էր. սա փրկւելու միակ միջոցն էր: Կախւելով ներքեւ ձգւող պարանից՝ մարմինը նաւակի մէջ նետեց:

* * *

Այն, ինչ վերին տողերով ընթերցողի ուշադրութեանն անցաւ, «Տիտանիկ՝ երկարատեւ գիշեր» (Titanic: The long night) վէպի «հայկականացւած» տարբերակը չէր, այլ պատկերացումն էր այն իրական պահերի, որոնք ապրել էր Նշան Գրիգորեանը՝ «Տիտանիկ»-ի խորտակման գիշերը: Նրան ուղեւորում էին՝ Մափրի Տէր-Զաքարեանը, Արթին Զաքարեանը, Արսէն Սիրայանեանը, Դաւիթ Վարդանեանը եւ Սարգիս Մարտիրոսեանը: Այդ ահաւոր քաոսից փրկւեցին միայն Նշանն ու Դաւիթը: Այո, մինչեւ իսկ «Տիտանիկ»-ում էլ հայ է եղել:

«Տիտանիկ»-ի կործանման 95 ամեակը
Այս տարի «Տիտանիկ» նաւի կործանման 95-րդ տարելիցն է: Վերջերս ինտերնետում հրապարակւեց ուղեւորների ցուցակը: Անցեալում առընչակից տեղեկութիւնները հասանելի էին միայն ազգային արխիւներից, որը դժւարացնում էր դրանց ուսումնասիրութիւնը: «Encyclopedia Titanica» կայքէջում (http://www.encyclopedia-titanica.org/) են տեղադրւած «Տիտանիկ»-ի բոլոր ուղեւորների եւ նաւակազմում ծառայողների ցուցակն ու կենսագրականը:Յիշատակելի է, որ «Տիտանիկ»-ը (Titanic) 1912 թ. ապրիլի 10-ին թողնելով Անգլիայի Սաութհամպտոն (Southampton) նաւահանգիստը՝ ուղեւորւեց դէպի Նիւ Եօրք: Սակայն, ապրիլի 14-ի ժամը 23.40-ին Հիւսիսային Ատլանտեան ովկիանոսում բախւեց սառցալեռան, որի հետեւանքով՝ ապրիլի 15-ի վաղ առաւօտեան ժամը 02.20-ին ամբողջովին խորտակւեց: Զոհւեցին՝ 1502-1520 ուղեւորներ եւ նաւակազմի ծառայողները: Միայն 705 հոգի փրկւեցին:



«Տիտանիկ»-ի հայ ուղեւորները
«Encyclopedia Titanica»-ի ցուցակում կարելի է հանդիպել յիշեալ վեց հայերի անուններին: Ուղեւորութեան ժամանակ նրանք երիտասարդ տարիքում էին: Նրանք Ֆրանիսայի Շերբուրգ նաւահանգստից էին միացել միւս ուղեւորերին:Ըստ երեւոյթին՝ նրանք միասին էին դիմել՝ նաւատոմս գնելու, քանի որ նրանց պատկանող տոմսի համարները հերթականօրէն կամ չնչին տարբերութեամբ էին գրանցւել (2654, 2655, 2656, 2658, 2669 եւ 2670): Նրանք բոլորը երրորդ կարգի բաժնի տոմս էին գնել եւ արձանագրութիւններում ընդհանրապէս իրենց ներկայացրել էին սովորական բանւոր կամ հողագործ: Նրանց նպատակակէտ կանգառը Կանադայի Օնտարիօ նահանգի Բրանդֆորդ (Brandford) քաղաքն էր: Բոլոր հայ ուղեւորների ծննդավայրը Արեւմտեան Հայաստանի Քեղի գիւղն էր արձանագրւած:
Չորս զոհւածներից երեքի դիակը մինչ օրս չի յայտնաբերւել: Իհարկէ, ովկիանոսից յայտնաբերւած դիակների մէջ եղել են ինքնութիւնը չհաստատւածներ, որոնք թաղւել են անանուն շիրմաքարերով: Հաւանական է, որ սոյն գերեզմաններում հայ ուղեւորներից ննջած լինեն, ինչը կարելի է փաստել միայն «DNA test»-ի օգնութեամբ:
Նշան Գրիգորեանը «Տիտանիկ»-ի խորտակման ժամանակ 25 տարեկան էր (ծն. 1886 թ.): Նա յաջողեց իր կեանքը փրկել, քանի որ ճարպկութեամբ ցատկեց համար 10 փրկանաւակի մէջ, հակառակ նրան, որ փրկանաւակները յատկացւել էին միայն կանանց ու երեխաների: Նա վարակւում է թոքաբորբով ու երկար ժամանակ պառկում Նիւ Եօրքի եւ Բրանդֆորդի հիւանդանոցներում:

Վերջնականապէս տեղափոխւում է Օնտարիայի Ս. Կատարինէ քաղաքն, ու 1924 թ. ամուսնանում եւ բախտաւորւում չորս զաւակներով: Նա իր ամբողջ կեանքն աշխատեց «General motors»-ի ինքնաշարժների հաւաքման (մոնտաժ) բաժնում: «Տիտանիկ»-ը նրա առաջին ու վերջին ծովային ճամբորդութիւնն էր: Նա մահանում է 1978 թ.:

Դաւիթ Վարդանեանը ծնւել էր 1890 թ. ապրիլի 15-ին: Նա ամուսնացած էր, սակայն թողնելով իր կնոջը Քեղիում՝ բռնում է գաղթի ճամբան: 1912 թ. ապրիլի 15-ին, այսինքն՝ «Տիտանիկ»-ի կործանման օրը, պիտի տօնէր իր 22-ամեակը: Դաւիթը, ինչպէս Նշանը, փրկւում է՝ համար 13 նաւակի մէջ ցատկելով: Նա Նշանի հետ միասին Նիւ Եօրքից մեկնում է Կանադա եւ մի քանի տարի ապրում Բրանդֆորդում, ապա մեկնելով ԱՄՆ՝ մի առ ժամանակ բնակւում է Միդւայլում, իսկ վերջնականապէս հաստատւում՝ Դիտրոյտում: Դաւիթը ԱՄՆ-ում կրկին ամուսնանում է մի հայուհու հետ եւ բախտաւորւում երեք զաւակներով: Հետաքրքիր է, որ նրա կնոջ ծննդեան թւականը եւս ապրիլի 15-ն էր (1895 թ.): Դաւիթը մահանում է 1966 թ.:



Սարգիս Մարտիրոսեանը Լիոնում անտիկավաճառութեամբ էր զբաղւում: Նրա դին երբեք չյայտնաբերւեց: Մահւան ժամանակ նա 25 տարեկան էր: 22 տարեկան Արսէն Սիրայանեանը անյայտ կորաւ Ատլանտեան ովկիանոսի ջրերում: Նոյն ճակատագիրն ունեցաւ 27 տարեկան Արթին Զաքարեանը:
22 տարեկան Մափրի Տէր-Զաքարեանի դիակը յայտնաբերւեց որոնման աշխատանքների արդիւնքում: Դին հողին յանձնւեց Կանադայի Հալիֆաքս քաղաքում յայտնաբերւած միւս 120 զոհերի կողքին (Հալիֆաքսը այն գաղթօջախներից է, որ ընդունել է 19-րդ դարավերջի Համիդեան ջարդերի վերապրողներին):
Բացի «Տիտանիկ»-ի պաշտօնական արխիւներից՝ կան նաեւ զանազան ու որոշ պարագաներում հակասական արձանագրութիւններ: Նիւ Եօրքում հրատարակւող «Կոչնակ» հայկական շաբաթաթերթը հիմք ունենալով Քեղիի պատրիարքարանից ստացած մի նամակ՝ 1912 թ. յուլիսի 13-ին հաղորդեց չորս քեղիցու մասին, որոնք զոհւել էին «Տիտանիկ»-ի խորտակման պատճառով.
1-Մափրի Տէր-Զաքարեան (ունեցել է 25 տարեկան կին, մէկ տղայ, երկու դուստր եւ մէկ եղբայր):
2-Սարգիս Մարտիրոսեան (ունեցել է 80 տարեկան հայր, 75 տարեկան մայր, յղի կին, 5 տարեկան տղայ եւ մէկ եղբայր):
3-Յարութիւն Տէր-Զաքարեան (ունեցել է 40 տարեկան կին ու երեք տղաներ):
4-Արսէն Սիրքանեան (ունեցել է 75 տարեկան հայր, 70 տարեկան մայր, մէկ քոյր եւ մէկ եղբայր):
«Toronto star»-ը 1912 թ. ապրիլի 19-ին «Չքաւոր գիւղացին եւ մուլտիմիլիոները՝ միասին մահւան շեմին» (Poor peasant and multimillionair together in death) յօդւածում նկարագրում է մի հայի, որը մահանում է «Տիտանիկ»-ի կործանման հետեւանքով: Յօդւածը նշում է, որ հայ չքաւոր գիւղացի Նարջի Նարսինին համբուրելով իր յղի կնոջը՝ նրան ուղեւորում է փրկանաւակներից մէկի մէջ ու ասում. «Մարիա, միգուցէ երբեք միմեանց չհանդիպենք, սակայն օրերից մի օր դու կը պատմես մեր զաւակներին, թէ ես ինչպէս մահացայ»: Ըստ թերթի՝ Նարջին մահանում է, իսկ Մարիան՝ փրկւում:


Քեղին՝ հայ ուղեւորների դժբախտ ճամբորդութեան սկզբնակէտը
Ինչպէս նշւեց, «Տիտանիկ»-ի բոլոր հայ ուղեւորները Քեղից էին: Տարբեր աղբիւրներում Քեղին, որպէս գիւղաքաղաք Էրզրում վիլայէթի մարզում, ներկայացւել է Քեղի (Keghi), Քեղջէ (Keghje) եւ Քիղի (Kighi) անուններով, սակայն այսօր այն Քիգի (Kigi) է կոչւում, որը տեղ է գտնում Թուրքիայի Բինգեօլ նահանգի սահմաններում:
Քեղին կամ Քիգին գտնւում է Էրզրում քաղաքից շուրջ 112 կմ. դէպի հարաւարեւմուտք հեռաւորութեան վրայ ( 39օ 19' N եւ 40օ 21' E):Քեղի գիւղաքաղաքը նոյն անունը կրող մարզի (սանջակի) կենտրոնն է եղել: Քեղի սանջակն ընկած էր լեռնային մի տարածքում, որտեղ ցրւած էին 363 փոքր ու մեծ գիւղեր, որոնցից 51-ը հայաբնակ էին: Սոյն մարզը 20-րդ դարի սկզբում ունեցել է մօտաւորապէս 60 հազար բնակչութիւն, որի շուրջ 20 հազարը հայեր էին:

Ծովում զոհւելը նրանց փրկագինն էր ազատւելու թրքական բռնութիւնից
Ինչո՞ւ այդ դժբախտ վեց հայերը թողնելով պապենական հողն ու իրենց ընտանիքը՝ վճռեցին բռնել գաղթի ճամբան՝ դէպի Հիւսիսային Ամերիկայի հեռաւոր ափերը:
«Encyclopedia Titanica» կայքէջում տեղ գտած հայ ուղեւորների կենսագրականներում որպէս գաղթի դրդապատճառ՝ բացէիբաց խօսւում է թրքական կրօնական հալածանքների մասին: Նշան Գրիգորեանի կենսագրականում նշւած է. «Նա քրիստոնեայ էր, եւ երբ թուրք ջարդարարները վերսկսեցին յարատեւ արեան վրիժառութիւնը՝ քրիստոնեաների նկատմամբ, նա եւ իր հայրենակիցներից մի քանիսը՝ Արսէն Սիրայանեանը, Արթին Զաքարեանը, Մափրի Տէր-Զաքարեանը եւ Դաւիթ Վարդանեանը, վճռեցին փախչել երկրից ու գաղթել Կանադա»:
Այդ օրերում Արեւմտեան Հայաստանում տիրող տնտեսական աննպաստ ու ծանր պայմանները, երկրի քրիստոնեայ փոքրամասնութիւննեին ուղղւած թրքական հալածանքները եւ 19-րդ դարի վերջերում ու 20-րդ դարի սկզբում պարբերաբար իրագործւող հայերի ջարդերը շատերին ստիպում էին թողնել իրենց ծննդավայրն ու հեռանալ դէպի Եւրոպա եւ Հիւսիսային Ամերիկա:
1890-ական թւականների վերջերից մինչեւ Առաջին աշխարհամարտի սկիզբը (1914 թ.) շուրջ 50 հազար հայեր գաղթեցին ԱՄՆ եւ Կանադա: Գաղթականների մեծ մասը օսմանեան բռնապետութեան ճնշման ներքոյ գտնւող Արեւմտեան Հայաստանից էր:
Այդ ժամանակաշրջանում հայ գաղթականները մեծամասնութեամբ երիտասարդ ու միջին տարիքի տղամարդիկ էին, որոնք աշխատանք փնտրելու եւ ընտանիքի տնտեսական վիճակը բարելաւելու նպատակով՝ մեկնում էին Հիւսիսային Ամերիկա: Նրանցից շատերը ամուսնացած տղամարդիկ էին, որոնք կանանց ու երեխաներին թողնում էին Հայաստանում, այն մտադրութեամբ, որ մօտ ապագայում կը վերադառնան հայրենիք կամ Ամերիկա կը փոխադրեն իրենց ընտանիքին: Չնայած նրանցից ոմանք վերադարձան, սակայն, շատերը մշտապէս հաստատւեցին Նոր աշխարհում: Հազւադէպ պարագաներում ընտանիքի անդամները (ամուսինը, կինը եւ զաւակները) միասնաբար էին Ամերիկա մեկնում:
Սկսելով Առաջին աշխարհամարտը 1914 թւականին՝ դէպի Ամերիկա հայերի գաղթը մի առ ժամանակ իսկական դադար ապրեց, քանի որ դէպի Ամերիկա գաղթն աւելի սահմանափակ պայմաններ ունէր ու նաեւ պատերազմական պայմանների հետեւանքով՝ Թուրքիայից արտագաղթն աւելի էր դժւարացել:
1915 թ. թուրքերը հայ բնակչութեանը ենթարկեցին ջարդի ու բռնագաղթման, որը շարունակւեց մինչեւ 1920-ական թւականները: 1919 թւականից վերսկսւեց Ամերիկա գաղթի ընթացքը: Այս անգամ եաթաղանից փրկւած հայերը մեկնում էին Հիւսիսային Ամերիկա՝ միանալու նպատակով իրենց բարեկամներին, որոնք նախապէս էին գաղթել:
Հայ գաղթականների մի մեծ տոկոսը քեղիցի էր: Միայն 1911 թ. քանի հազար քեղիցի երիտասարդ տղամարդիկ էին գաղթել ԱՄՆ ու աշխատանքի անցել արդիւնաբերական ընկերութիւններում՝ որպէս սովորական բանւոր: Գաղթի ճամբին հայերին անչափ դժւարին ու ահաւոր պահեր էին սպասում: Նրանք ստիպւած էին նախեւառաջ հասնել Եւրոպա: Աշխարհամարտից առաջ ընդհանրապէս քեղիցիները Սեւ ծովի ճանապարհով (հարաւային ափին գտնւող Տրապիզոն եւ Բաթում նաւահանգիստներից) մեկնում էին Եւրոպա, մեծ մասամբ՝ Բուլղարիա: Սեւ ծովի նաւահանգիստները հասնելու եւ մեկնող նաւերը նստելու համար՝ փախստականները ստիպւած էին դիմել կաշառքի:
Ապա նրանք պարտաւոր էին կտրել Եւրոպայի տարածքը մինչեւ ատլանտեան ափերում ընկած նաւահանգիստները, որտեղից ովկիանոսի գծով պիտի մեկնէին Հիւսիսային Ամերիկա (մեծ մասամբ՝ Նիւ Եօրք): Գաղթականներն ընդհանրապէս ընտրում էին Ֆրանսիայի Լը Աւր (Le Havre) եւ Շերբուրգ (Sherbourg) նաւահանգիստները: Ելնելով տնտեսական պայմաններից՝ նրանք մեծ մասամբ ցածր կարգի նաւախուցերում էին ճամբորդում: Ծովային ճամբորդութիւնը տեւում էր մէկ շաբաթից մինչեւ 10 օր:
Քեղիցիների մեծ մասը հաստատւում էր ԱՄՆ-ում: Նրանց մի մասն էլ ընտրում էր Կանադայի Օնտարիօ քաղաքը: ԱՄՆ-ում նրանք ընդհանրապէս բնակութիւն էին հաստատում՝ Նիւ Եօրքում, Իլինոյում, Միչիգանում, Մասաչուստետում եւ այլն: Գաղթական հայերը փոքրաթիւ համայնքներ կազմելով՝ կենտրոնանում էին որոշակի քաղաքներում եւ բնակւում՝ իւրայատուկ քաղաքամասերում ու պողոտաներում: Նորեկ գաղթականները հաստատւում էին անցեալում գաղթած բարեկամների ու ընկերների մօտ:
Գաղթականների մեծ մասը հողագործ կամ բանւոր էր, սակայն կային նաեւ՝ խոհարարներ, ատաղձագործներ, դեղագործներ, ակնագործներ, ժամագործներ, սպասարկողներ, դերձակներ եւ այլն:

* * *
Հաւանաբար, «Տիտանիկ»-ի հայ ուղեւորները յոյս ունէին ապագայում իրենց ընտանիքին փոխադրել Ամերիկա, բայց այդ քաոսային դժբախտութիւնը խորտակեց բոլոր յոյսերը: Սակայն, «Տիտանիկ»-ի հայ դժբախտները «բախտաւոր» էին, քանի որ չտեսան իրենց հարազատների ողբերգալի տառապանքներն ու տանջալից մահը թուրք դահիճների ձեռքով՝ Հայոց Ցեղասպանութեան օրերում:



Այս յօդւածը հրատարակւել է նաեւ «Ալիք» օրաթերթում.
«Ալիք» Սեպտեմբերի 9, 2007 (Ա. բաժին)
«Ալիք» Սեպտեմբերի 16, 2007 (Բ. բաժին)