Tuesday, November 06, 2007

«Օշին»-ը՝ տարածաշրջանի բնապահպանութեան անհրաժեշտութեան խորհրդանիշը

Յուլիս ամսում մի արձակ օր կրկին ինձ յաջողւեց այցելել Թեհրանի Դարաբադում գտնւող Իրանի բնութեան եւ վայրի կենդանիների թանգարանը, կամ համառօտ կոչւած «Դարաբադի թանգարան«-ը:
Թանգարանը 1993 թւականից ի վեր գործում է Թեհրանի քաղաքապետարանի հսկողութեան ներքոյ: «Դարաբադ»-ի համալիրում տեղ են գտել զանազան բաժիններ, ինչպէս՝ կաթնասունների եւ թռչունների բաժինը, որտեղ մի քանի դահլիճներում այցելողներին են ներկայացւել որսւած ու տաքսիդերմի եղած (taxidermy) ներքին ու արտասահմանեան կաթնասուն կենդանիներ (25 տեսակից աւել) եւ թռչուններ (շուրջ 140 տեսակ): Թանգարանն ունի կենդանի ձկների եւ սողունների բաժին, ինչպէս նաեւ՝ կենդանի թռչունների վանդակ-շրջափակը: Հետաքրքիր է նաեւ թիթեռնիկների դահլիճն ու երկրաբանական բաժինը: Սակայն, ամենահետաքրքիրը (մեր տեսակէտից) առանձին բաժնում տեղ գտած կատւազգիների ընտանիքին պատկանող կենդանի գազաններն են: Առանձին վանդակներում պահւում են հինգ աֆրիկեան առիւծներ, մի աֆրիկեան ընձառիւծ եւ պարսկական մի արու ընձառիւծ:
Ինձ հետաքրքրեց պարսկական ընձառիւծը՝ յիշեցնելով Հայաստանի տարածքում ապրող հայկական կամ կովկասեան ընձառիւծը: Թէ՛ պարսկական, եւ թէ՛ կովկասեան ընձառիւծը բնապահպանական իմաստով վտանգւած եւ համարեա վերացման եզրին կանգնած կենդանիների ցուցակում են տեղ գտել:
Ըստ կենդանաբանական դասաւորութեան՝ երկու տարատեսակներն էլ նոյն ենթատեսակին են պատկանում (Panthera pardus saxicolor):
...Զննելով վանդակում պառկած գազանին՝ յիշեցի հայոց պատմիչ Մատթէոս Ուռհայեցու գրութիւնը: Նա Աշոտ Բագրատունի թագաւորի մասին, որը պատերազմի էր ելել զաւթիչների դէմ, այսպէս է գրում. «Եւ Աշոտ եղեւ զայրացեալ իբրեւ զինծ» («ինծ» կամ «ինձ» նշանակում է ընձառիւծ):

Հին Հայաստանի համարեա բոլոր գաւառներում տարածւած է եղել ընձառիւծը, սակայն այսօր նա վերացման եզրին է... Ինչպէ՞ս կարելի է պատկերացնել մի հայրենիք, թէկուզ ազատ եւ անկախ, տնտեսական ու քաղաքական բարւոք վիճակում, երբ քայքայմամբ վտանգւած է նրա բնութիւնն իր բնաշխարհով, երբ նրա կենսոլորտի ու բնապահպանական խնդիրները մոռացութեան են մատնել... Երկիր՝ առանց կենդանի բնութեան, նոյնն է ինչպէս երկիր՝ առանց բնակչութեան... Սփիւռքն ի՞նչ ներդրում է ունենալու այս ուղղութեամբ...

...Մտքերով տարւած էի, երբ յանկարծ ինձ գրաւեց մի հարազատ ձայն: Միջահասակ մի տղամարդ հայերէն զրուցում էր բջջային հեռախօսով: Ակամայ լսեցի անցնող խօսակցութիւնը: Նա պիտի թանգարանի պաշտօնեաներից լինէր: Մօտեցայ իրեն՝ ծանօթանալու...
Յովսէփ Ալեքսան: 42 տարեկան: Շուրջ մէկ տարի է, որ աշխատանքի է անցել թանգարանում: Նախկինում 3-4 տարի աշխատել է Թեհրանի կենդանաբանական այգում: Այստեղ շաբաթւայ երեք օրը զբաղւում է կատւազգի գազանների կերակրմամբ ու խնամքով:
Հետաքրքրութեամբ հարցրեցի վանդակում պահւող պարսկական ընձառիւծի մասին: Մօտեցաւ վանդակին ու կանչեց՝ Օշի՛ն... Օշի՛ն:
Ապշած հարցրեցի.- Օշի՞ն:
Պատասխանեց,- Այո, նրա անունն Օշին է... Իհարկէ, այստեղ տղերքը իրեն այլ անունով են դիմում, սակայն ես ասել եմ, որ դուք նրան ինչ ուզում էք անւանէք, ես Օշին եմ կանչելու:
Նա շարունակեց.- Երբ կանչում եմ՝ Օշին, կենդանին պատասխանում է ինձ ու մօտ գալիս...

«Օշին»-ին 1998 թ. Բեհշահրի շրջանում թակարդել ու փոխադրել են «Դարաբադ», այն յոյսով, որ գտնւի նաեւ էգ ընձառիւծ, որը հնարաւորութիւն կը տայ բազմացնել ու վերացումից փրկել պարսկական ընձառիւծի տեսակը... սակայն մինչ օրս բոլոր ջանքերն ապարդիւն են անցել:

* * *

Ընձառիւծները (Leopard, پلنگ) (հայերէնում նաեւ կոչւում են ինձ, ինծ կամ յովազ), գիտական անունով՝ Panthera pardus, կատւազգիների ընտանիքին են պատկանում: Սոյն ընտանիքում են տեղ գտնում նաեւ՝ առիւծը, վագրը եւ յագւարը: Ընձառիւծի իրանի երկարութիւնը 1-2 մետր է, իսկ քաշը՝ 30-70 կիլոգրամ: Էգը իրանի երկարութեամբ արու կենդանու երկու-երրորդն է: Մաշկը լինում է բաց դարչնագոյն կամ դեղնա-դարչնագոյն, որի վրայ սփռւած են սեւ մանր պիսակներ: Պիսակները կենդանու գլխի մասում աւելի մանր են, իսկ մարմնի վրայ լինում են աւելի խոշոր եւ կենտրոնով՝ աւելի գունատ:

Ընձառիւծների տարածումը

Մի քանի հարիւր տարի առաջ ընձառիւծները համեմատաբար աւելի տարածւած են եղել՝ քան տնային կատուները, այնպէս որ՝ նրանց կարելի էր հանդիպել ամբողջ Աֆրիկայի տարածքում (բացի Սահարա անապատից), Փոքր Ասիայում, Միջին Արեւելքում, Հնդկաստանում, Պակիստանում, Չինաստանում, Սիբիրում, հարաւարեւելեան Ասիայի մայր ցամաքում եւ Ջաւայի, Զանգիբարի եւ Սրիլանկայի կղզիներում:


Այսօր P. pardus saxicolor ենթատեսակը տարածւած է՝ Իրանում, Հայաստանում, Արցախում (Ղարաբաղ), Ադրբեջանում, Վրաստանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում եւ Աֆղանստանի հիւսիսարեւմտեան շրջաններում: Թուրքիայի հարաւարեւելքում նաեւ արձանագրւել է նրա գոյութիւնը:
Ամբողջ Միջին Արեւելքում ցրւած պարսկական ընձառիւծների թւաքանակը չի գերազանցում 1300-ը: Յիշեալ ընձառիւծների ամենամեծ խմբաքանակը կենտրոնացել է Իրանում (550-850 կենդանի): Իրանի բոլոր տարածքներում, Ալբորզեան լեռնաշղթայից սկսած մինչեւ կենտրոնական անապատի բարձունքները, կարելի է հանդիպել կատւազգու գոյութեանը մասին վկայող արձանագրութիւնների, սակայն կենդանին ընդհանրապէս տարածւած է երկրի հիւսիսարեւելեան եւ արեւմտեան մասերում:

Ընձառիւծները՝ պատմական Հայաստանի անբաժանելի տարրը
Հայաստանի տարածքում վաղ Հոլոսէնի (Holocene) շրջանից սկսած մարդը եւ ընձառիւծը ապրել են միմեանց կողքի (Հոլոսէն աշխարհաբանական ժամանակաշրջանը սկիզբ է առել 10 հազար տարի առաջ):
Ընձառիւծը հին Հայաստանի գրեթէ բոլոր գաւառներում տարածւած է եղել: Փաստը՝ զանազան պատմական ու աշխարհագրական արձանագրութիւններն ու աշխատութիւններն են: Հին մատեաններում կարելի է հանդիպել «ինծ» կամ «ինձ» բառաձեւերին, որոնք իմաստով ընձառիւծ կամ յովազ են նշանակում: Հայերը բաւական ծանօթ են եղել կենդանուն:


4-րդ դարում Բարսեղ Կեսարացին իր «Վեցօրէից» գրքում նկարագրում է գազանի յատկանիշները՝ անւանելով նրան «թեթեւանդամ» եւ «արագոտն»:
Մատթէոս Ուռհայեցին (12-րդ դար) Աշոտ Բագրատունի թագաւորին ահեղութեամբ նմանեցնում է ընձառիւծի. «Աշոտ եղեւ զայրացեալ իբրեւ զինծ»:
Հայոց պատմահայր Մովսէս Խորենացու «Հայոց պատմութիւն» աշխատութեան մէջ (5-րդ դար) կարելի է հանդիպել այս կենդանու անւանը: Այնտեղ նշւած է, որ մարացի Աժդահակը Տիգրանի եւ Կիւրոսի միաբանութեամբ մտահոգւած՝ երազ է տեսնում, որ երկնագոյն քողով ծիրանազգեստ մի կին երեք դիւցազուններ է ծնում, որոնցից երկրորդը «ինծ հեծած» դէպի հիւսիս է սլանում:
Հայ պատմիչ Փաւստոս Բուզանդը Մեծ Ծոփքի մասին գրում է. «Ժողովեցին առ նա արջք եւ ինձք»:
Պատմական Հայաստանի զանազան շրջաններում տարածւած ընձառիւծների մասին վկայել են նաեւ՝ Մովսէս Կաղանկատւացին (Ուտիքի եւ Գարդմանի գաւառներ), Ալիշանը (Սիւնիք), եւրոպացի ճանապարհորդ Վագները (Արարատեան դաշտ), ճանապարհորդ Ֆրէյգանը (Արագածի լանջեր), Մակար եպս. Բարխուրդարեանը (Արցախ), Հ. Ս. Էփրիկեանը (Արցախ) եւ այլն:
Հայոց մայրաքաղաք Անիի քաղաքանշանը վազող յովազն է եղել: Սերգէյ Վարդանեանը «Հայոց մայրաքաղաքներ» գրքում ընդգծել է (էջ 106). «Անիի զինանշանը՝ վազող յովազի բարձրաքանդակը, գտնւում էր Աւագ դռան վրայ»:
Էրեբունի քաղաքի աւերակներում գտնւող Արգիշտիի պալատի մեծ դահլիճում կարելի է հանդիպել ճոխ որմնանկարների: Որսի ընդարձակ տեսարանը պատկերող մի նկարում աչքի է ընկնում բծաւոր ընձառիւծը, որը պատկերւած է սրընթաց վազելիս՝ վեր բարձրացրած պոչով:


Պատմական Դւին քաղաքում հնագէտների կատարած պեղումների արդիւնքում յայտնաբերւել են յովազներ պատկերող զարդա-քանդակներ, որոնք 10-12-րդ դարերին կառուցւած շէնքերի բեկորներ են:
Վայոց Ձորի (ներկայում՝ Եղեգնաձոր) շրջանում յայտնաբերւել է մի փորագրւած քար: Այն պատկերում է ձիուն հեծած եւ աղեղը լարած Ամիր Հասանին, որը նշան է բռնել փախչող յովազին:
11-րդ դարի մի բարձրաքանդակում, որը տեղ է գտած եղել Վայոց Ձորի Ցախաց քար (Ղոշավանք) վանքի շինութեան վրայ, յովազն իր առաջին թաթերի սուր մագիլներով պատառոտում է մի կովի:
Միջնադարեան ձեռագրերում կարելի է հանդիպել յովազներ պատկերող զանազան մանրանկարների: Այս նկարներում յովազները պատկերւած են մերթ յարձակողական դիրքում (մի օրինակում՝ հեծեալ որսորդը ճակատ առ ճակատ կանգնած է երախը բացած ու ցատկելու պատրաստւած յովազի դիմաց,) մերթ որեւէ կենդանու յօշոտելիս (օրինակ՝ փախչող եղջերուի վրայ թռած դիրքում, ուր որսի մարմինն է խրել մագիլներն ու ժանիքները), մերթ բերանբաց վազքի պահին, մերթ տագնապով գայթակղւած՝ նկարի վրայ պատկերւած որսերի ներկայութիւնից: Միջնադարի մագաղաթեայ մի Աւետարան նկարազարդւել է հետաքրքիր տեսարանով, որտեղ յովազները կանգնեցւել են ուղղակի եկեղեցու կիսախորանի ճակատին:
1336 թւականին Գողթան գաւառի Կոպատապ անապատում գրւած մի ձեռագրի մէջ ընձառիւծը պատկերւել է յովազագլուխ մի կենդանու կերպարով, որը երախել է մի կնոջ գլուխը: Գրութեան մի այլ տեղում գազանին տեսնում ենք ոտքերի վրայ կանգնած ու երախը բացած, որը նայում է դիմացի լուսանցքում նկարւած կնոջը:

Ընձառիւծների բնակութիւնը՝ ներկայ Հայաստանում

Հարաւային կովկասեան երկրամասերում, ինչպէս՝ Հայաստանում, Արցախում, Ադրբեջանում, Նախիջեւանում եւ Վրաստանում հազւադէպ կարելի է հանդիպել ընձառիւծների:
2005 թ. սեպտեմբերի 5-ին «Արմէնպրես»-ի հաղորդած տեղեկութեան համաձայն՝ Հարաւային Կովկասում ապրում են ընդամէնը 20-24 ընձառիւծներ (որոշ աղբիւրների համաձայն՝ շուրջ 25 կենդանի): WWF-ի (World wildlife fund) նախնական ուսումնասիրութիւնների համաձայն՝ 2001 թւականին Հարաւային Կովկասի շրջանում արձանագրւել են միայն 20 յովազներ: Նոյն աղբիւրի համաձայն՝ Հայաստանի անտառներում ցրւած յովազների թւաքանակը հաշււել են 10-12 կենդանի, որոնք ընդհանրապէս բնակւած են եղել Սիւնիքի հարաւային մարզում եւ Խոսրովի արգելավայրում (երկրի կենտրոնում): Ըստ աղբիւրիս՝ որսորդներից ստացած տեղեկութիւնների հիման վրայ՝ կարելի է ասել, որ Արցախում գոյութիւն ունեն 5-7 ընձառիւծներ:



Հայաստանում յովազներն ընդհանրապէս ապրում են երկրի հարաւային շրջաններում: Հայկական ընձառիւծի բնակավայրի հիւսիսային մարզն են կազմում Գեղամայ սարերը: Գազանին կարելի է հանդիպել Շիկահողի պետական որսարգելոցում:
Հայաստանում ընձառիւծները ապրում են փշատերեւ ծառերի նօսր անտառներում եւ ալպեան ու ենթալպեան (alpine and subalpine) մարգագետիններում:


Ահազանգ՝ պարսկական-կովկասեան ընձառիւծի համար
Այսօր ընձառիւծ տեսականին, թէ՛ Հարաւային Կովկասում, եւ թէ՛ Իրանում, իր սերունդի գոյատեւումը վտանգւած՝ համարեա վերացման եզրին է կանգնած, այնպէս որ՝ բնական ապրելավայրերում սակաւադէպ կարելի է հանդիպել կենդանուն:
Այս քաոսային վիճակի բուն պատճառը մարդն ինքն է՝ երկրային կենսոլորտը եւ բնաշխարհը քայքայող իր գործողութեամբ: Գիւղատնտեսութեան զարգացման արդիւնքում ոչնչացւել ու սահմանափակւել են վայրի անասունների բնակավայրերը: Չնայած 1972 թւականից Հայաստանում արգելւել է ընձառիւծներ որսալը, սակայն ապօրինի որսորդները շարունակաբար լուրջ սպառնալիք են հանդիսանում: Սմբակաւոր կենդանիների, ինչպէս՝ վայրի այծի, եղջերուի եւ վարազի անտակտ որսալը (այս անասունները յովազների գլխաւոր կերն են կազմում) եւս կործանիչ դեր է խաղացել:

Արդեօք ընձառիւծն ընդմիշտ պատմութեա՞ն է յանձնւելու...

Այս յօդւածը հրատարակւել է նաեւ «Ալիք» օրաթերթում.