Sunday, May 28, 2006

Ադրբեջանական վանդալիզմ

Բաքւի հրէա-քրիստոնէական գերեզմանոցի ոչնչացումը՝ Ադրբեջանի հակահայկական քաղաքականութեան բնորոշիչ գիծը

Ծանօթութիւն
Մոնտինսկոյէ (Montinskoe) կամ Մոնտինօ գերեզմանատունը Բաքւի հնագոյն գերեզմանատներից է, որը գտնւում է մայրաքաղաքի կենտրոնի մօտ, Նարիմանովսկի շրջանի Մոնտին գաղութում: Մոնտինսկոյէն ունենալով շուրջ 80 հեկտարանոց տարածութիւն՝ մի մեծ գերեզմանատուն է, որտեղ մեծ մասամբ թաղւած են հայեր, ռուսներ ու հրեաներ եւ ինչու չէ նաեւ՝ մի խումբ ադրբեջանցիներ: Այս իմաստով դա կարելի է համարել բազմազգ մի գերեզմանոց: Այսօր նախկին հայ Բաքւեցիները, որոնք Ղարաբաղեան պատերազմի տարիներին ստիպւած թողել եւ հեռացել են Ադրբեջանից, թաղւած ազգականներ ունեն այդ գերեզմանատանը: Այնտեղ կային բազմաթիւ հին գերեզմաններ, որոնցից շատերը պատկանում էին 1890-ական թւականներին: Հայ բաքւեցի փախստականները վկայում են, որ Մոնտինի հայկական գերեզմանները հէնց հեռւից տարբերւում են միւսներից, քանի որ նրանք մեծ խաչեր են կրում իրենց վրայ:

Հոգատարութիւն թէ ձեւականութիւն
2003-ի յունւար ամսին Բաքւի քաղխորհուրդը յայտարարեց, որ մայրաքաղաքի վերակառուցման ծրագրին կից՝ Նարիմանովսքի շրջանում կառավարութեան կողմից կառուցւելու է 50 մետր լայնութեամբ մի մայրուղի, որը կանցնի Մոնտինսկոյէ գերեզմանոցի մի հատւածից, ուստի՝ հարկաւոր է այդ մասի գերեզմանները տեղափոխւեն մի այլ վայր: Յայտարարութիւնը առաջին անգամ տրւեց 2003-ի յունւարին, որը հրատարակել էին տեղական թերթերում եւ նաեւ փակցրել՝ գերեզմանատան մուտքերին: Սոյն յայտարարութեամբ Բաքւի իշխանութիւնները շեշտել էին, որ միայն մինչեւ ապրիլի 1-ը այդ գերեզմանատանը թաղւած մարդկանց ազգականներին հնարաւորութիւն կտրւի ննջեցեալների վերայուղարկաւորման խնդրանքով դիմեն քաղխորհուրդ: Իշխանութիւնները հաւատացնում էին, որ դիմողները կարող են վերաթաղել ազգականների աճիւնները նոյն գերեզմանատան այլ հատւածում կամ մի ուրիշ գերեզմանոցում:
Պարզապէս, վերոյիշեալ ճանապարհաշինութեան ծրագիրը սպառնում էր գերեզմանատան տարածքի մէկչորրորդից մինչեւ մէկերրորդին, որտեղ կային բազմաթիւ գերեզմաններ, որոնցից շատերը 1890-ականներին էին պատկանում: Բայց նրանք այդ մայրուղու շինութիւնը համարում էին չափազանց կարեւոր, անհրաժեշտ եւ անխուսափելի՝ պատճառաբանելով, որ մայրուղու գոյութիւնը բաւական օգտակար կը հանդիսանայ Նարիմանով շրջանի ինքնաշարժների երթեւեկութեան բարելաւման գործում: Ալի Նասիրովը, որ վերայուղարկաւորման ծրագրի պաշտօնական պատասխանատուն էր, Մոնտինի գերեզմանատան տեղափոխման աշխատանքները համարում էր շատ նորմալ՝ յիշեցնելով, որ 1980-ական թւականներին նման կարգաւորութեամբ տեղափոխել էին Չեմբերիքանդի գերեզմանոցը: Նոյն տեսակետի տէր եր Բաքւի քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովը:
Այդ օրերում Բաքւի իշխանութիւնները ձեւացնում էին, որ առանձնայատուկ հոգս են տանում սոյն գերեզմանոցում թաղւած աճիւնների վերայուղարկաւորման գործում եւ հաւաստիացնում էին, որ բաւական ջանքեր են թափել՝ կապեր հաստատելու ննջեցեալների ազգականների հետ, որոնք բնակւում են երկրից դուրս: Բայց շատ պարզ էր, որ այդ հանգամանքներում հայ յուղարկաւորւածների հարազատներին անհնար էր Բաքու այցելել, չնայած նրանք լուրջ մտահոգ էին գերեզմանների ճակատագրով: Նրանք այն Բաքւեցիներն էին, որ 15-20 տարի առաջ ստիպւած եղան իրենց կեանքը փրկելու համար՝ թողնել այդ քաղաքը ու փախչել երկրից դուրս:
Պարզ էր, այսպէս ասած՝ հոգատարութիւնները միայն կեղծ ձեւականութիւններ էին: Նրանք կամենում էին ոչնչացնել Բաքւի հայութեան անցեալի բոլոր հետքերը, բայց նաեւ գիտէին, որ հարկաւոր է խուսափել ռուս եւ հրեայ համայնքների հակազդեցութիւնը գրգռելուց, քանի որ ռուսերն ու հրեաները ազդեցիկ դեր են խաղում աշխարհի քաղաքականութեան ասպարէզում, այնպէս որ՝ նրանց հակազդեցական դիրքորոշումը վտանգի կենթարկի Ադրբեջանի շահերը: Միգուցէ եթէ Մոնտինսկոյէն զուտ հայկական լինէր, կարիքը չզգացւէր նման ցուցամոլութիւնների: Միթէ բացի այն է, որ Մոնտինսկոյէ գերեզմանատան հայկական գերեզմանները արդէն շատ վաղուց ենթարկւել էին սրբապղծութեան ու աւերածութեան: Չէ՞ որ գերեզմանատան նկատմամբ իրագործւած վանդալիզմը սկսւել էր հէնց Ղարաբաղեան պատերազմի տարիներից: Ուրեմն՝ պետութիւնը ո՞ր հայկական գերեզմանն էր կամենում փրկել ու տեղափոխել:

Վանդալիզմը վաղուց էր սկսւել
Բոլոր նրանք, ովքեր այցելել են այդ գերեզմանատունը (պատերազմի տարիներից մինչեւ 2003 թւականը) վկայել են իրագործւած դառն բարբարոսութիւնն ու վանդալիզմը: Ֆէլիքս Քորլին (Felix Corley), «Keston News Service»-ի խմբագիրը, 2001 թւականին այցելեց Մոնտին գերեզմանատուն: Նա ականատես լինելով իրագործւած վանդալական ակտերին՝ ուղղւած հայկական գերեզմաններին, այսպէս է գրել մի յօդւածում. «Այստեղ Բաքւի Մոնտին գերեզմանատան յետին մուտքերից մէկն է ու այն գլխաւոր բաժինը, որտեղ հայերն են թաղւած: Անմիջապէս պատերից այն կողմ ակնյայտ է դառնում գերեզմանոցի աւերածութիւնը: Գերեզմանաքարերը տարօրինակ ձեւով մի կողմ են թեքւել, ջարդւել կամ մէջտեղից կոտրւել են: Միայն թէ երբ մտնում ես գերեզմանատուն, աւերածութեան աստիճանը պարզւում է...»: Նա յետոյ շարունակում է. «Բաքւի ադրբեջանցիների ու հայերի միջեւ ծագած լարւածութիւնից մէկ տասնեակ տարի է անցել, բայց քաղաքի այս լուռ անկիւնը դեռ իր մէջ է պահում ինտերցեղային դաժան ատելութեան սպիները: Մուտքի աջ ձեռքից, որտեղ հայկական գերեզմաններն են սկսւում, աւերածութեան անխիղճ շաւիղը շարունակւում է մինչեւ ադրբեջանական, ռուսական եւ հրէական բաժինները»: Նա աւելացնում է. «Իւրաքանչիւր հայկական գերեզման սիստեմատիկ կերպով ենթարկւել է աւերածութեան, այնպէս որ՝ շիրմաքարը տեղից շարժել, կոտրատել, ինչ-որ գրւածքներով այլանդակել էին, ննջեցեալի անունը անընթեռնլի էին դարձրել, եւ նրա վրայ փակցւած ձւաձեւ նկարը, որ մի ժամանակ տարածւած էր խորհրդային գերեզմանոցներում, պղծել էին»: Նա վկայում է բազմաթիւ գերեզմանների մասին, որոնց մասնաւորապէս փորել էին միգուցէ այն նպատակով, որ «ստորացնեն աճիւնը» կամ կողոպտեն գերեզմանում գտնւող այն «ոսկեղէն կամ զարդեղէնը, որ ասում են՝ իբր թէ հայերը թաղում են ննջեցեալի հետ»:
Իսկ յօդւածի վերջում նա այսպէս է գրում. «Վերադարձին, երբ տաքսու մէջ նստած այդ բարձունքից դէպ ներքեւ՝ քաղաքի կենտրոնն էինք սլանում, պատկերացնում էի այն խուժանը, որ ցեղային բախումների թէժ ժամանակ մոլեգնութեամբ այստեղից դէպի վեր է բարձրանում: Նրանք դարպասներից ներս են նետւում ու ձեռքի մէջ առած երկաթէ նիգերով, տապարներով, կամ ինչ-որ բանով յարձակւում գերեզմանների վրայ, համառօտակի կարդում այդ դժբախտի անունը, որը թաղւած է ներքեւում եւ յետոյ հայ լինելու պարագայում՝ կատաղութիւնը թափում շիրիմաքարի վրայ, այնպէս որ՝ ասես նա է մեղաւոր այն չարիքների համար, որոնք իրագործւել էին Լեռնային Ղարաբաղի պատերազմում»:
«Զինւորի մայր» հասարակական կազմակերպութեան նախագահ Գրետա Միրզոյեանը 2002 թւականին, երբ «Հարաւային Կովկասի Կանայք» գիտաժողովի շրջագծում գտնւում էր Բաքւում, գերեզմանատան այցելելու հնարաւորութիւն էր ստացել: Նա վերադառնալուց յետոյ՝ նշել էր. «Փաստօրէն, այլեւս գերեզմանոց չկայ, եւ ուստի՝ արդէն փրկելու բան չի մնացել»: Նա ասել էր. «Այն մասը, որտեղ հայկական գերեզմաններն էին գտնւում, ամբողջովին ոչնչացւած է: Ոչ մի հայկական գերեզման չի պահպանւել, իսկ այնտեղ աճող հին մեծ ծառերը կտրել են: Դեռ աւելին՝ ակնյայտ էր, որ այնտեղ բուլդոզերներ են աշխատել»: Միրզոյեանը տեղեկացնելով Հայաստանից եկած ադրբեջանցի փախստականների ճամբարի մասին, որը գտնւում եր գերեզմանոցի կողքին, համոզւած էր, որ այդ փախստականները նոյնպէս շատ գերեզմաններ են պղծել ոսկէ զարդեր կամ ոսկէ ատամնապսակներ գտնելու յոյսով:

Հայկական գերեզմանների անորոշ վիճակը
Ըստ իրաւապաշտպանների՝ քաղաքի իշխանութիւնները վերոյիշեալ մայրուղու կառուցման նախնական աշխատանքները կատարում էին չափազանց արագ ընթացքով, այնպէս որ՝ սա սպառնում էր հայկական գերեզմաններին- իհարկէ, եթէ գերեզման մնացած լինէր: Բաքւի իշխանութիւնները նախատեսում էին վերայուղարկաւորման ծրագիրը շարունակել մինչեւ սոյն տարւայ ապրիլի 1-ը եւ ըստ երեւոյթին, այդ թւականից յետոյ ոչնչացման էին ենթարկելու հայկական եւ ռուսական գերեզմանները Նարիմանեան գերեզմանատանը՝ պատճառաբանելով «նրանց լքւածութիւնը՝ աւելի քան 12 տարիների ընթացքում»: Մինչեւ ապրիլի սկիզբը յաջողւեց նրանց տեղափոխել գերեզմանատան մի մասը: Մի յօդւածում, որ այդ օրերում հրատարարկւել էր ադրբեջանական «Զերկալօ» օրաթերթում, նշւած էր, որ արդէն 200 գերեզմաններ տեղափոխւել են Գովսանի, Վոլչի Վորոտա, Գարախչուր, 8-րդ Կիլոմետրի եւ Սաբունչի գերեզմանատները:
Բայց դեռ հայկական գերեզմանների խնդիրը լուծւած չէր: Ադրբեջանցի եւ հայ իրաւապաշտպանները զգուշացնում էին, որ հայկական գերեզմանները քանդելու դէպքում՝ անխուսափելի կը լինի միջազգային այն սկանդալը, որ ուղղւելու է Ադրբեջանի դէմ վանդալիզմի մեղադրանքով: Ստեղծւած իրավիճակը աւելորդ լարւածութեան պատճառ կարող էր դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այդ օրերին, Ադրբեջանի Իրաւապաշտպան Կենտրոնի տնօրէն Էլդար Զէյնալովը պնդելով սոյն ծրագրի յետաձգման կարեւորութիւնը՝ առաջարկել էր միջազգային կազմակերպութիւնների, մասնաւորապէս Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի աջակցութեամբ, Բաքւում թաղւած հայերի ու ռուսների աճիւնները տեղափոխել Հայաստան եւ Ռուսաստան՝ վերայուղարկաւորման համար: Ի պատասխան այդ բոլոր հակազդեցութիւնների՝ ադրբեջանցիները պաշտօնապէս յայտարարեցին, որ հայկական, ինչպէս նաեւ ռուսական ու հրէական գերեզմանները պահպանւելու են, գերեզմանատան այն բաժնում, որտեղ ճանապարհաշինութիւն չիկատարւելու:

Բաքուն դեռ պնդում է ոչնչացնել քրիստոնէական գերեզմանոցը
Վերջերս ականատես էինք, թէ ինչպէս շուրջ երեք տարի այդ դէպքերից անց կրկին հնչում էին նման շշուկներ՝ Բաքւի «քրիստոնէական հին գերեզմանատան» ոչնչացման կապակցութեամբ: Համաձայն 2006-ի փետր. 20-ի լրատւութիւններին եւ հիմք ունենալով Բաքւի «Ռէալնի Ազերբայջան»-ի թերթի տւած տեղեկութիւնների՝ «Բաքւի քաղաքագլուխ Հաջիբալա Աբութալիբովն սկսել է ոչնչացնել քրիստոնէական հին գերեզմանատունը, որը գտնւում է քաղաքի կենտրոնի Մոնտինօ շրջանում», քանի որ «գերեզմանոցի տարածքը յատկացւելու է քոթեջների, նորակառոյցների եւ առանձնատների կառուցման համար»: Աբութալիբովը մայրաքաղաքի վրդովւած ռուս բնակիչներին, որոնք վանդալիզմի հերթական ալիքը դադարեցնելու պահանջով դիմել էին քաղաքապետարանին, հաւաստիացրեց, որ գերեզմանը քանդելու եւ նրա տեղ նոր մայրուղի կառուցելու հրամանը արձակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
«Ազատ Հայք» հայկական բարեգործական կազմակերպութիւնը փետր. 24-ին հնչեցրած մի յայտարարութեամբ՝ աշխարհի բոլոր ադրբեջանցիներից ու Ադրբեջանի քաղաքացիներից պահանջեց միջամտել գործին, որպէսզի դադարեցնեն քրիստոնէական յուշարձանների ոչնչացման ընթացքը՝ այդ երկրում եւ սատար լինեն Բաքւի այդ գերեզմանոցի Ուղղափառ, Կաթոլիկ եւ Հայ Առաքելական եկեղեցիներին պատկանող քրիստոնեայ ննջեցեալների աճիւնների տեղափոխման աշխատանքին:

Արդէն պարզ է, որ հայկական գերեզմանատների ոչնչացումը Ադրբեջանի պետական քաղաքականութեան կարեւոր մասն է կազմում: Ամենապարզ փաստն այս խօսքի Հին Ջուղայի գերեզմանատան վանդալական ակտերն էին: Ականատես էինք, թէ ինչպէս 1998 թ.-ի դէպքերին ադրբեջանցիները գնացքով էին տեղափոխում Ջուղայի գերեզմանաքարերի ու խաչքարերի ջարդ ու փշուր արած բեկորները: 2005-ին նրանք Ջուղայի մնացած քարերը ոչնչացնելու նպատակով՝ օգտւեցին զինւորական ուժից:
Այդ բոլորը ցոյց է տալիս, որ այդ վանդալութիւնները կատարւել են պետական հնարաւորութիւններով: Եւ ահա տեսնում էնք, թէ ինչպէս նրանք «մայրաքաղաքի վերակառուցման» պատրւակով փորձում են քանդել Բաքւի քրիստոնէական յուշարձանները: Իսկ այս բոլորի նպատակը՝ պատմական փաստերի խեղաթիւրելն ու հայերի գոյութեան բոլոր վկայութիւնները անհետացնելն է:

Աղբիւրներ
- Անհանգստացնում են հանգուցեալներին- մեծանում է մտահոգութիւնն Ադրբեջանում գտնւող հայկական գերեզմանատների համար

-Բաքւի իշխանութիւնները մտադիր են ոչնչացնել հայկական եւ ռուսական գերեզմանները

- Բաքւի քաղաքապետը ոչնչացնում է հին քրիստոնէական գերեզմանոցը

- Բաքւում քանդում են քրիստոնէական գերեզմանները, որպէսզի առանձնատներ կառուցեն

- Armenian charity seeks azeri help to relocate christian remains from Baku

- Baku Cemetery Controversy

- Baku's Armenians No Longer Rest in Peace

- Baku Seems to Realize

­- Mayor of Baku destroys old Christian cemetery

- Plan on construction of road crossing armenian cemetery in Azerbaijan has existed since soviet times

Այս յօդւածը նաեւ տպագրւել է Ալիք օրաթերթում:
«Ալիք» Մայիսի 22, 2006

Saturday, May 13, 2006

Մեծ Եղեռնի 91-ամեակին նւիրւած լուսանկարչական ցուցահանդէս

Հ.Բ.Ը միութեան երիտասարդ արհեստավարժների նախաձեռնութեամբ կազմակերպւել է մի լուսանկարչական ցուցահանդէս նւիրւած հայոց ցեղասպանութեան 91-ամեակին, որտեղ հայ լուսանկարիչներն ու լուսանկարչութեամբ հետաքրքրւողներն առիթն են ունեցել մասնակցելու եւ ներկայացնելու Մեծ Եղեռնի կապակցութեամբ նկարահանւած լուսանկարներ:
Ցուցահանդէսը, որ բացումը կատարւեց ուրբաթ, մայիսի 12-ին, երեկոյեան ժամը 7-ին, շարունակւելու է 6 օր տեւողութեամբ: Հետաքրքրւողները կարող են այցելել Հիւսիսային Օսթադ Նէջաթօլլահի պող. համար 276 հասցէն, կ.յ. ժամը 6-ից 9-ը:

Ուրախ եմ յայտնելու, որ ինձ եւս վիճակւեց մասնակցել այս ցուցահանդէսին ներկայացնելով մի լուսանկար, որ նկարահանել էիմ այս տարւայ ապրիլ 24-ի Թեհրանահայութեան բողոքի քայլարշաւից:

Եւս պիտի յայտնեմ, որ շուտով հէնց այդ նպատակին յատկացւած մի կայքէջում պիտի տեղադրւի իմ նկարահանած լուսանկարներից մի քանիսը:

Wednesday, April 26, 2006

Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրւայ կապակցութեամբ

91 տարի է անցել 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան ոճրագործութիւնից: Այն ոճիրը որը իրագործւեց ծայրայեղ մոլեռանդ պանթուրքիստ վայրագների ձեռքով Օսմանեան կայսրութեան օրոք:
Այօ, խօսքը գնում է հայերի ջարդին որը ցաւօք դեռ մնացել է անպատիժ, չնայած ճանաչւել ու դատապարտանքի է ենթարկւել Եւրախորհուրդի եւ տարբեր երկրների ու կազմակերպութիւնների կողմից:
Ականատես ենք թէ ինչպէս Թուրքիան դեռ հերքում է իր ձեռքով իրագործւած ոճիրը եւ խեղաթիւրում պատմութիւնը: Տեսնում ենք թէ ինչպէս Թուրքիայի պետութիւնը կոտորածի տարիներից սկսեալ մինչ այսօր, հիմք ունենալով իր պատմական վանդալական քաղաքականութեան փորձել է ոչնչացնել, չէզոքացնել կամ «թուրքացնել» հայկական պատմամշակութային բոլոր ժառանգութիւններն ու յուշարձանները որոնք գտնւում են երկրի տարածքներում:
Թերթելով Ադրբեջանի վերջին մի քանի տասնեակ տարիների պատմութեան էջերը անդրադառնում ենք թէ ինչպէս Ադրբեջանի կառավարութիւնը ընդօրինակելով Թուրքիայի պանթուրքիստական ու հակահայկական քաղաքականութիւնը փորձել է ջնջել ու տեղահան անել հայ բնակչութեան ու ոչնչացնել կամ «աղւանացնել» հայոց յուշարձանները: Դրա փաստն է Ղարաբաղեան պատերազմի տարիներին իրագործւած սարսափելի վայրագութիւններն ու ինչու չէ նաեւ հայկական եկեղեցիների ու գերեզմանների ոչնչացումը- ամէնապարզ օրինակն՝ Հին Ջուղայի գերեզմանոցի աւերումն եր:
Այօ, թուրքերը եւ ազերիները փորձում են հերքել իրականութիւնը դիմելով պատմութեան խեղաթիւրման ու մշակութային ջարդի:

Բայց ին՞չ է մնում մեզ
«միանալ» ու «համախմբւել» մի դրօշի ներքոյ պայքարելու մեր արդար իրաւունքների անունից:

Եւ ահա Ապրիլի 24-ին պահանջատէր իրանահայութիւնը խմբւելով այդ դրօշի ներքոյ բողոքել է

«ԹՈՒՐՔԻԱ, ԸՆԴՈՒՆԻՐ, ԸՆԴՈՒՆԻՐ»
«ՄԻՈՒԹԻՒՆ, ՊԱՅՔԱՐ, ՅԱՂԹԱՆԱԿ»
«ՆԱՀԱՏԱԿՆԵՐ ՄԻԼԻՈՆ ՈՒ ԿԷՍ, ՁԵՐ ԱՐԻՒՆԸ ԿԱՆՉՈՒՄ Է ՄԵԶ»
«ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ, ՄԻՆՉԵՒ ՅԱՂԹԱՆԱԿ»
«ՄԱՀ ԹՈՒՐՔ ՖԱՇԻԶՄԻՆ»

Ձեզ եմ ներկայացնում մի քանի պատկերներ թեհրանահայութեան բողոքի ցոյցից:

Monday, April 03, 2006

Տարւայ մարդը

«Քրէական յանցագործը Ադրբեջանում հռչակւել է տարւայ մարդ:» Արմէնպրես, 16 Փետրւարրի 2006

Ըստ հրատարակւած լուրերի՝ Ադրբեջանի «Գորշ Գայլեր» կուսակցութիւնը տարւայ մարդ է հռչակել մարդասպան Ռամիլ Սաֆարովին, որը 2004-ի Փետրւարին Բուդապեշտում կացնահարել եր հայ սպայ Գուրգէն Մարգարեանին: Հունգարական ոստիկանութեան տւեալների համաձայն, Սաֆարովը քնած ժամանակ կացնով ու դանակով հարւածել ու սպանել եր Մարգարեանին:
Հետաքրքիր մարդիկ են ադրբեջանցիները: Աշխարհում, համարեա թէ բոլոր ազգերի մէջ, ընդունւած է որ, միայն այն անձնաւորութիւնները կարող են արժանանալ հերոսի կամ տարւայ մարդու կամ նման կոչումների, որոնք մարդկային մասշտաբով ընդունւած ինչ-ինչ դրական բնորոշների տէր են ու յարակից չափանիշերի համաձայն ճակատագրական դեր են խաղացել իրենց ժողովուրդի ու հայրենիքի համար:
Բայց, ըստ երեւոյթի՝ Ադրբեջանում նման տիտղոսների թեկնածուն կարող են դառնալ մասնաւորապէս քրէական աշխարհի մեծ դեմքերը կամ ահաբեկիչները: Այսինքն հերոսը պիտի լինի քրէական հանցագործ եւ առնւազն մարդասպան: Իսկ մարդասպան լինելու համար, անհրաժեշտ է լինել չափազանց դաժան ու լեցուն անմարդկային ու կենդանական ոգով, այնպէս որ նա զոհացուն սպանութեան պիտի ենթարկի ոչթէ աւանդական միջոցների համաձայն (օրինակ ասենք դանակահարելով կամ հրացանաձգութեամբ), այլ սադիստիք ու բարբարոսական մեթոդներին դիմելով (գերազանցւում է կացնահարութիւնը):
Այստեղ մի շատ կարեւոր հարց է առաջանում, արդեօք այդ ժողովուրդը չունի հերոսական մի մարդկային մոդելային կերպար, որ մի մարդասպանին կոչում է տարւայ մարդ:

Tuesday, March 14, 2006

Անբառ Բարբառանք

Կոչ Թուրքիայի բնապաշտպանութեան նախարարութեան

Ովքեր ընթերցել են «Թուրքիայի ֆաշիստական քաղաքականութեան հետքերը գիտութեան աշխարհում» վերնագրով տպագրւած յօդւածը Ալիք օրաթերթի թիւ 246 (20 նոյեմբերի 2005) համարում, արդէն գիտեն, թէ ինչպէս Թուրքիայի բնապաշտպանութեան նախարարութիւնը փորձել է անւանափոխման ենթարկել հայկական եղջերուի եւ խոյի գիտական անունները (հերթականութեամբ Capreolus capreolus armenus եւ Ovis armeniana), քանի որ դրանք պարունակում են իրենց մէջ armen արմատը եւ սա հակասում է թուրք միասնութեան:
Յիշատակելի է, որ բացի այս երկու կաթնասուններից՝ կան բազմաթիւ այլ կենդանի արարածներ՝ պատկանող տարբեր կենսաբանական դասերի ինչպէս բակտերիաների, թթխմորների, բորբոսների ու սունկերի (թէ միկրոսկոպիկ եւ թէ մակրոսկոպիկ), բոյսերի, միջատների, կակղամորթների, ձկների, սողունների, թռչունների եւ կաթնասունների, որոնց գիտական անունները ունեն arminius, armenius, armenium, armenia, armeniaca, armeniacum, armeniacus բառերն: Բոլոր այս բառերը տալիս են «հայկական» կամ «ծիրանագոյն» իմաստը: Օրինակ՝ մի տեսակ կակղամորթ, որ գտնւում է Աւստրալիայի ծովային տարածքներում ունի Cypraea armeniaca գիտական անունը, քանի որ նրա պատիչ կեղեւը ծիրանագոյն է, կամ հայկական մողէսը իր Darevskia armeniaca գիտական անւամբ, ապրում է Հայաստանում ի մասնաւորի նրա հիւսիս եւ հիւսիս-արեւելեան շրջաններում, ինչպէս նաեւ հարաւային Վրաստանում, արեւմտեան Ադրբեջանում ու Թուրքիայում:
Հարկ եմ համարում հետեւեալ ցանկով յիշել վերոյիշեալ դասերից մի քանի տեսակների անունները, թէ ընթերցողի տեղեկութեան համար եւ թէ որպէս կոչ թուրք քաղաքական գործիչներին, թէ ինչքան ծանր եւ դժւար գործընթած է ունենալու այս «երկպառակիչ» անունների վերափոխման աշխատանքը, նկատի ունենալով, որ յարակից արարածներից շատերը գտնւում են ներկայ Թուրքիայի կամ շրջակայ երկրների տարածքներում:

Thursday, March 02, 2006

Թուրքիայի ֆաշիստական քաղաքականութեան հետքերը՝ գիտութեան աշխարհում

Մի առ ժամանակ առաջ, երբ ինտերնետում ինչ-որ յօդւածներ էի որոնում կենդանաբանութեան կապակցութեամբ, ի մասնաւորի վայրի անասունների, հանդիպեցի մի շատ հետաքրքիր վերնագրի՝ «Թուրքիան վերափոխում է կենդանիների երկպառակիչ անունները»:
Սա էր վերնագիրը այն յօդւածի որում ըստ BBC News-ի (մարտի 8, 2005)՝ Թուրքիան ասել էր. «Անւանափոխման է ենթարկում այն երեք կենդանիներին, որոնք գտնւում են իր երկրի տարածքում՝ հերքելու նպատակով դրանց կապակցութիւնները Քուրդստանին կամ Հայաստանին»:
Թուրքիայի բնապաշտպանութեան նախարարութիւնը պնդելով, որ նախկին անունները հակասում են թուրք միասնութեան Րոյտերին ասաց. «Ցաւօք՝ Թուրքիայում կան ուրիշ շատ անասնատեսակներ, որոնք նոյնպէս անւանակոչւել են չարակամութեամբ: Այնքան բացայայտ է այդ չարակամութիւնը, որ մինչև իսկ մեր երկրում գտնւող կենդանիներին անւանել են թուրք միասնութեանը հակասող կոչումներով»:
Ըստ որոշ թուրք պաշտօնեաների՝ նման անուններն օգտագործւում են՝ պատճառաբանելու, որ հայերը կամ քրդերը ապրել են այն տարածքներում, ուր կան յարակից անասունները:
Իհարկէ, ուրախալի է, որ թուրք պաշտօնեաները, ըստ երևոյթին, այնքան էլ յիմար չեն գտնւել, որ վերոյիշեալ կենդանիներին՝ համայնքին վտանգաւոր լինելու պատճառաբանութեամբ բնաջնջման ենթարկեն եւ միայն փորձել են թրքացնել նրանց անունները:
Ահա այդ դժբախտ անասունները.
1- Թուրքիայի քուրդստանի տարածքներում ապրում է Կարմիր աղւէսի (red fox) մի տեսակ, որի ճանաչւած գիտական կամ լատին անունն է Vulpes vulpes kurdistanica, բայց Թուրք քաղաքապետերի յամառումով՝ նրան պիտի կոչել միայն Vulpes vulpes:

2- Հայկական եղջերուն (Armenian Deer) գիտական աշխարհում ճանաչւած է որպէս Capreolus capreolus armenus, բայց սոյն նախարարութեան համաձայն՝ նրան պիտի անւանել Capreolus capreolus capreolus:

3- Հայկական խոյը ունի Ovis armeniana գիտական անունն, որին անւանափոխելով՝ թուրքերը ճանաչելու են Ovis orientalis anatolicus, այսինքն՝ Անատոլեայի արևելեան խոյ:

Նշենք, որ կենդանաբանութեան ասպարէզում ամէն մի անասուն իր տեղական, անգլերէն կամ ֆրանսերէն կոչումներից բացի, պիտի ունենայ մի գիտական կամ լատին անուն:
Թուրք քաղաքապետերը դեռ չգիտեն կամ չեն ուզում ընդունել, որ գիտական անունների ստուգումը այնքան էլ հեշտ ու հասարակ չէ, որ մի օրում, այն էլ քաղաքական ինչ-ինչ պատճառներով փորձեն կատարել ինչ որ կամենում են: Կենդանաբանական անւանակոչման համաշխարհային յանձնաժողովը (համառոտ՝ ICZN կամ International Commission on Zoological Nomenclature) միակ պաշտօնական մարմինն է այս գործում: Սոյն յանձնաժողովը պատասխանատու է նախատեսելու և կարգաւորելու այն համակարգը որով ամէն մի կենդանի պիտի ունենայ իր անօրինակ և համաշխարհային չափանիշով ընդունւած անունը: Ըստ ICZN-ի՝ քաղաքական պատճառներով անւանափոխումները չեն թոյլատրւում:

Այս յօդւածը նաեւ տպագրւել է Ալիք օրաթերթում:

«Ալիք» Նոյեմբերի 20, 2005