Wednesday, March 30, 2011

Գլենդէյլում մեծ շուքով տօնուեց Միասնութեան Փառատօնը

Հոկտեմբեր 10-ին, Գլենդէյլի Բրանդ պողոտայում, հազարաւոր քաղաքացիներ համախմբուած տօնեցին «Գլենդէյլի 9-րդ Տարեկան Միասնութեան Փառատօն»-ը (Glendale Unity Fest): Նախորդ տարիների համեմատութեամբ՝ աւելի մեծ շուքով տօնուեց փառատօնը:
Լեքզինգթըն պողոտայի մօտ կանգնեցուած բեմի վրայ զանազան գեղարուեստական խմբեր առիթ ունեցան հանդիսատեսին ներկայացնել իրենց պարարուեստն ու երգարուեստը: «Holy Family High School»-ի, «Scandia Dancers of Southern California»-ի, «Rosarito Beach Dance Group»-ի, «Northern Shaolim Kung Fu Association»-ի, «KOA Dance Federation»-ի, «Flamenco Ole!»-ի եւ «Tierra Blanca Dance Company»-ի մասնակցութեամբ՝ ժամանակակից պարերի կողքին ներկայացուեցին չինական, կորէական, սկանդինաւական, իսպանական, մեքսիքական եւ լատին ամերիկեան աւանդական պարեր:

Հայկական պարարուեստի եզակի ներկայացուցիչի հանգամանքով հանդէս եկաւ «Ջանբազեան» պարի ակադեմիան: Հայկական երաժշտութեան ներքոյ բեմահարթակ ելած պարողները հանդիսատեսի բուռն ծափողջոյններին եւ բարձր գնահատանքին արժանացան: Յիշատակելի է, որ այս ակադեմիան հիմնադրւել է 1941 թուականին Իրանում վաստակաշատ արուեստագէտ Անահիտ Ջանբազեանի ջանքերով: Փոխադրուելով Միացեալ Նահանգներ՝ 1988 թուականին Անահիտը վերահիմնադրում է ակադեմիան Քալիֆորնիայում: Հայ պարարուեստի եզակի ուսսուցչուհին իր տարիների գործունէութեամբ արժանացել է միջազգային բարձր գնահատանքի ու շահել համաշխարհային զանազան մրցանակներ:

Երաժշտական բաժնում հանդիսատեսի ուշադրութեան արժանացան «Glendale High School»-ի կամերային երգչախմբի, «Banna Beag Mall» խմբի եւ աֆրիկեան աւանդական թմբկահարութեամբ հանդէս եկած «Ayo and The Spirit»-ի կատարումները: Միջոցառման նաեւ ներկայացուեցին արեւելեան մարտարուեստի նմուշներ:
Յիշատակելի է, որ յատուկ հիւրի հանգամանքով ներկայացաւ հեռուստատեսային աստղ՝ Մարիօ Լոփեզը: Մ. Լոփեզը 2008 թուականից սկսեալ վարում է հանրութեան ծանօթ՝ «Extra» հեռուստատեսային լրատուական ծրագիրը: Նա նաեւ ներկայացել է «America's Best Dance Crew» եւ «Dancing with the Stars» հեռուստատեսային հաղորդումներում:

Այցելուների յատուկ հետաքրքրութեան արժանացաւ «Polish winged hussars»-ի տաղաւարում լեհական 17-րդ դարի ասպետների տարազով եւ զինամթերքով հանդէս եկած «Suligowskis Regiment of Sobieskis Command»-ի խումբը: Խումբը, որի նպատակն է բարձրացնել հասարակութեան տեղեկութիւնները Լեհաստանի պատմութեան եւ մշակոյթի նկատմամբ, հիմնադրուել է 2000 թուականին նախկին ռոք երգարուեստի աստղ Ռիք Ֆաքսի միջոցով: Ռ. Ֆաքսը անդրադառնալով հայ-լեհական դարաւոր բարեկամութեանը՝ թղթակիցին պատմեց, թէ ինչպէս Սոբիսքին (Sobieski) եւ նրա հեծելազօրը պաշտպանել են ամբողջ Եւրոպան Օսմանեան Կայսրութեան ոտնձգութիւնից ու հետեւաբար փրկել հազարաւոր հայերի կեանքը, որոնք ապաստան էին գտել Լեհաստանի թագաւորութեան սահմաններում: Նա աւելացրեց, որ այն պայմաններում, երբ Եւրոպան տառապում էր կրօնական հալածանքներից, Լեհաստանում զանազան դաւանանքներ վայելում էին գոյակցելու եւ բարգաւաճելու ազատութիւնը:Հայերը եւս այդ երկրում ապրում էին նոյն ազատութիւնը:
Գլենդէյլի 9-րդ Միասնականութեան փառատօնի հովանաւորների շարքում էին հայկական կազմակերպութիւնները, ինչպէս՝ Գլենդէյլի Հայ Դատի Յանձնախումբը, Գլենդէյլ-Կապան Քոյր Քաղաքների Միութիւնը, «Ասպարէզ» պարբերաթերթերը եւ «Հորիզոն» Հեռուստաընկերութիւնը: Հովանաւորողների շարքին էր նաեւ «Օրակարգ» պարբերաթերթը, սակայն պատասխանատուների անուշադրութեան պատճառով անունը չէր նշուել յայտագրի մէջ:

Տաղաւարների միջոցով փառատօնի մասնակիցները առիթ ունեցան տեղեկանալ տարբեր կազմակերպութիւնների, այդ շարքում Գլենդէյլ-Կապան Քոյր Քաղաքների Միութեան եւ Հայ Դատի Յանձնախմբերի գործունէութեան ու ծրագրերի հետ:

Գլենդէյլ-Կապան Քոյր Քաղաքների Միութեան նախագահ Խաչիկ Խալաթեանը կարեւոր է համարում նման ձեռնարկների կազմակերպումը, քանի որ նրանք հնարաւորութիւն են տալիս, ոչ միայն հայ համայնքին, այլ՝ քաղաքի բոլոր ազգային ներկայացուցիչներին ծանօթանալու միութեան առաքելութեան եւ գործունէութեան հետ: Սակայն Խ. Խալաթեանի գնահատումով աշխոյժ չէ հայերի մասնակցութիւնը, բացատրելով, որ հիմնականում ոչ-հայ մասնակիցներն են մօտենում ու հարցեր տալիս: Նրա տեսակէտից պատճառը կարելի է փնտրել երկու հարցում՝ կամ հայերը անտեղեակ են մնում նման միջոցառումներից, կամ ընդհանրապէս չեն հետաքրքրւում նման հարցերով: Նա յիշելով միութեան բարեգործական առաքելութիւնը՝ շեշտում է, որ ազգութեամբ եւ մշակոյթով տարբեր անձեր սատար են կանգնում միութեանը: Գլենդէյլ-Կապան Քոյր Քաղաքների միութիւնը ամէն տարի մասնակցել է «Unity Fest»-ին:

«Համազգային»-ի շրջանային վարչութիւնից՝ Մանիշակ Մարգարեանը եւս ներկայ էր միջոցառմանը: Նրա տեսանկիւնից «Unity Fest»-ը լաւ առիթ է ընծայում հայերիս՝ Գլենդէյլի ոչ-հայ բնակչութեանը ներկայացնելու մեր գաղութն ու մշակոյթը: Մ. Մարգարեանը համոզուած է, որ Գլենդէյլի զանազան մշակութային խմբերի միջեւ բարեկամական կապերը ջերմացնելու նպատակով հարկաւոր է մասնակցել նման միջոցառումներին ու կապեր հաստատել բոլորի հետ: Նա ակնկալում է, որ յաջորդ տարիներին աւելի աշխոյժ լինի հայերի մասնակցութիւնը «Unity Fest»-ին: Այդ ուղղութեամբ նա էական է համարում հայկական մամուլի դերը:

Հայ Դատի Յանձնախումբի տաղաւարում հայ կամաւոր պատանիների շարքին, Արթուր Քարաջանը եւս յանձնախումբի գործունէութեան եւ աշխատանքների մասին տեղեկացնում է այցելուներին: Արթուրի կարծիքով փառատօնը նպաստում է վերացնել թշնամանքն ու ատելութիւնը քաղաքի բազմազգ բնակիչների միջեւ՝ միմեանց մօտեցնելով նրանց: 18-ամեայ Ջենի Կարապետեանը ողջունելի է համարում քաղաքի զանազան մշակոյթների ներկայացուցիչների մասնակցութիւնը: 16-ամեայ Անի Նազարեանը անդրադառնալով համայնքի բազմազանութեան հարցին՝ բացատրում է, որ միջոցառումը հասարակութեան առիթ է տալիս աւելի ծանօթանալ Հայ Դատի Յանձնախումբի հետ: Այդ կապակցութեամբ նա յայտնում է, որ հայերի կողքին՝ բաւականին ոչ-հայ այցելուներ են մօտեցել ու հետաքրքրուել յանձնախումբի մասին:

Փառատօնին մասնակիցները առիթն ունեցան ճաշակելու միջազգային խոհանոցի ճաշատեսակներ եւ ուտեստեղէններ, որոնք մատակարարւում էին յատկացուած տաղաւարներում: Նաեւ վաճառւում էին բոյսեր, ծաղիկներ, պտղատեսակներ եւ այլ գիւղատնտեսական արտադրանքներ նաեւ՝ զանազան մշակոյթների գեղարուեստական ձեռարուեստի արտադրանքներ: Մանուկների համար յատկացուած խաղավայրում նախատեսուած էին հետաքրքրական ու զուարճալի ծրագրեր: Ցանկացողները նաեւ կարող էին փոնի ձիեր հեծնել:


Նիւթը հրատարակւել է նաեւ «Օրակարգ» ամսաթերթում:




No comments:

Post a Comment