Wednesday, August 11, 2010

Կայացաւ Գլենդէյլի դասական ինքնաշարժերի փառատօնը


Իւրիկ Խոջասարեանը շահեց կազմակերպիչ յանձնախմբի գաւաթը

Շուրջ 1700 թուիստ պարողներ Գլենդէյլի անունը արձանագրեցին «Գինես»-ի համաշխարհային ռեկորդների գրքում


Շաբաթ, Յուլիս 17-ին Գլենդէյլի քաղաքապետարանի նախաձեռնութեամբ կայացաւ դասական ինքնաշարժերի (classic cars) 17-րդ տարեկան փառատօն՝ «Cruise Night»-ը: Բրանդ պողոտայի Միլֆորդ-Բրադուէյ հատուածում երեկոյեան ժամը 5:30-ից մինչեւ գիշերուայ 10:30-ը ցուցադրութեան դրուեցին աւելի քան 450 մարդատար ինքնաշարժեր, բեռնատարներ, ոստիկանութեան, շտապ օգնութեան եւ հրշէջ մեքենաներ: Բոլոր ինքնաշարժերը արտադրուած էին 1979 թուականից առաջ:


Փառատօնի մասնակիցների շարքում էին նաեւ դասական ինքնաշարժեր ունեցող հայեր: Սերժ Դաւիթեանը արդէն հինգ տարի է, որ ունի իր 1958 թուականի կարմրագոյն Mercedes 190 SL-ը: Նա չորս անգամ մասնակցել է սոյն փառատօնին: Անցեալ տարի հանդէս էր եկել երկու ինքնաշարժերով: Սերժը յայտնեց, որ ընկերներով միասին են մասնակցում միջոցառմանը, ուր նրանք եւս ցուցադրում են իրենց անձնական ինքնաշարժերը: Նրա կարծիքով միջոցառումը բաւականին հետաքրքիր ու աշխոյժ է այն առումով, որ լայն արձագանք է գտնում դասական ինքնաշարժերի սիրահարների՝ դրանց թւում հայերի մէջ: Նա բացատրեց, որ հայերը՝ ովքեր ունեն նոր՝ վերջերս արտադրուած ինքնաշարժեր ցանկանումեն նրանց կողքին եւս վարել դասական մեքենաներ, սակայն դա բոլորին չի յաջողում: Այս տեսակի ինքնաշարժերը ընդհանրապէս վերանորոգման կարիք ունեն, որի համար պահանջւում է տրամադրել ժամանակ ու ծախսել բաւականին գումար: Սերժի ինքնաշարժերի վերանորոգման եւ վերաձեւաւորման ընթացքը տեւել է շուրջ ինն ամիսներ:


Սերժ Դաւիթեանը՝ իր Մերսեդեսով

26-ամեայ Շանթ Մկրտիչեանը երկրորդ անգամ էր մասնակցում փառատօնին՝ ցուցադրութեան դնելով իր 1961 թուականի Volkswagen Beetle Type 1-ը, որը գնել էր երեք տարի առաջ: Նա բացատրեց, որ մանկուց ի վեր սիրել եւ հետաքրքրուել է ինքնաշարժերով: Նրան հաճոյք է պատճառում, երբ մարդիկ, նամանաւանդ մանուկները, մօտենում ու հարցեր են տալիս: Սոյն ինքնաշարժով հետաքրքրւում էին նաեւ տարեցները, որոնք մօտենալով պատմում էին իրենց մանկութեան յուշերը կապուած Volkswagen-ի այդ արտադրութեան հետ: Ուշագրաւ էր ինքնաշարժի առջեւի ապակու վրայ փակցուած փոքրիկ հայկական եռագոյնը: Այնպէս է թւում, որ մեծամասնութեամբ՝ ոչ-հայերն են զբաղւում դասական ինքնաշարժերով, սակայն Շանթը ցանկանում է փոխանցել այցելուներին այն իրականութիւնը, որ հայերն եւս հետաքրքրւում են այդ դասի ինքնաշարժերով: Նա այն կարծիքին է, որ բոլորին հնարաւոր է նոր ինքնաշարժ գնել, սակայն դասական ինքնաշարժ ունենալը պահանջում է առաւել պատրաստուածութիւն եւ այդ ամէն մարդու չի յաջողում:
Շանթ Մկրտիչեանը

Գլենդէյլահայ հանգստի կոչուած մեխանիկ Տիգրան Յովսէփեանը երկու շրջան մասնակցել է ցուցահանդէսին իր 1963 թուականի Ford մակնիշի Galaxie-ով: Նա պատմեց, որ 1963 թուականին գնել է իր առաջին նոր ինքնաշարժը՝ «Ford Galaxie»-ին: Երկար ժամանակ պահելուց յետոյ այն վաճառել է, սակայն տարիներ անց, երկու տարի առաջ, կրկին գնել է արդէն դասական դարձած՝ նոյն արտադրութեամբ մի այլ «Ford Galaxie»: Տիգրանը անձնապէս է կատարել իր ինքնաշարաժի բոլոր վերանորոգումները: Տիգրանի փեսան՝ Մայքըլը եւս իր ինքնաշարժով մասնակցել էր ցուցահանդէսին:


Տիգրան Յովսէփեանը իր թոռնիկի հետ
Մայքըլը՝ իր զաւակներով

Ինչպէս նախկին շրջաններում՝ այս տարի եւս ցուցահանդէսը ընդառաջուեց տասնեակ հազար այցելուների կողմից, որոնք ընդհանրապէս եկել էին Հարաւային Քալիֆորնիայի զանազան շրջաններից ու քաղաքներից: Ցուցահանդէս էին այցելել նաեւ բազմաթիւ հայեր Գլենդէյլից ու շրջակայ քաղաքներից: Նշելի է, որ Գլենդէյլի «Cruise Night»-ը իր տեսակի մէջ համարւում է Հարաւային Քալիֆորնիայի ամենանշանակալից փառատօներից մէկը, որին ըստ Գլենդէյլի քաղաքապետարանին՝ ամէն տարի մասնակցում են աւելի քան 35 հազար այցելուներ:



Ցուցահանդէսի աւարտին քաղաքապետը եւ ինչու չէ նաեւ քաղաքապետարանի զանազան բաժանմունքների, «Cruise Night»-ի կազմակերպիչ յանձնախումբի, «KRTH» ռատիոկայանի եւ «Glendale News Press»-ի ներկայացուցիչները, գնահատեցին լաւագոյն ինքնաշարժերը՝ տէրերին յանձնելով պատկան գաւաթները: Գլենդէյլի Քաղաքապետ՝ Արա Նաջարեանը քաղաքապետի գաւաթը յանձնեց Րիքարդօ Մենային, որը ներկայացրել էր իր 1949 թուականի Cadillac Fastback-ը:

Րիքարդօ Մենան շահեց քաղաքապետի գաւաթը

Յիշատակելի է, որ մրցանակ շահողների ցուցակում է յայտնուել Շադօ Հիլզի բնակիչ՝ Իւրիկ Խոջասարեանը: Նրա 1966 թուականի սեւ Lincoln Continental-ը շահեց կազմակերպիչ յանձնախմբի գաւաթը (Cruise Night Committee Trophy): Ունենալով 4-door convertible եւ suicide door յատկութիւնը՝ ինքնաշարժը իւրայատուկ է իր տեսակում: Իւրիկ Խոջասարեանի համաձայն՝ սոյն ինքնաշարժից միայն 2600 օրինակներ են արտադրուել: Նշելի է, որ մրցանակ շահած ինքնաշարժի կատարած վազքը միայն 98 հազար մղոն է: Ինքնաշարժի նորոգումը հինգ տարի է տեւել, սակայն Իւրիկի տեսակէտով դեռ երկար ժամանակ է պէտք՝ ամբողջացնելու համար վերանորոգման աշխատանքը: Իւրիկ Խոջասարեանը առաջին անգամ է մասնակցում Գլենդէյլի «Cruise Night»-ին: Նրա ինքնաշարժը նախապէս չի ներկայացուել որեւէ ցուցահանդէսում: Մրցագաւաթի շահումը իր համար մեծ անակնկալ էր եւ նա իրեն բախտաւոր է համարում այն պատճառով, որ առաջին մասնակցութեամբ մրցանակ է շահում: Իւրիկի ընտանիքի բոլոր անդամները սիրում ու օգտագործում են սոյն ինքնաշարժը: Իւրիկը ունի նաեւ 1968-ի Camaro եւ 1973-ի El Camino, որոնք վերանորոգման ընթացքի մէջ են:

Իւրիկ Խոջասարեանը շահեց կազմակերպիչ յանձնախմբի գաւաթը

Ցուցահանդէսի կողքին երաժշտութեան կատարումներով ելոյթ ունեցան հանրայայտ խմբեր ու անհատներ: Սկզբում ռոք երաժշտութեամբ հանդէս եկան «The Icons» խմբի անդամները: Ապա 1960-ականների «The Beach Boys» ռոք խումբը վերակենդանացնող «Surfin’ Safari»-ն ելոյթ ունեցաւ:


Երաժշտութեան բաժնի ամենակարեւոր հատուածում բեմ բարձրացաւ ռոք-ըն-րոլ երաժշտութեան լեգենդար՝Չաբի Չեքըրը (Chubby Checker): 2010 թուականը զուգադիպել է Չեքըրի համաշխարհային առաջնութիւն շահած «The Twist»-ի 50 ամեակին: Նշելի է, որ 1960 թուականին Չաբի Չեքըրը վերակատարեց Հանք Բալըրդի (Hank Ballard) «The Twist» երաժշտութիւնը, որով մասսայականացւեց «Twist» պարաձեւը: Չեքըրի յիշեալ երգը համարւում է ռոք երգարուեստի միակ երաժշտութիւնը, որին յաջողել է կրկին անգամ անցնել ամենաշատ վաճառք ունեցողների ցուցակը, նորէն արժանանալով «թիւ մէկ» դիրքին: Փառատօնի երեկոյեան հանրայայտ երգիչը կատարեց նաեւ քառասուն լաւագոյններ, դրանց շարքում՝ «Pony TIME»-ը, «Let’s Twist Again»-ը, «The Hucklebuck»-ը, «The Fly»-ը եւ «Limbo Rock»-ը:

«The Twist»-ի 50 ամեակի առիթով Գլենդէյլի քաղաքապետարանը կազմակերպել էր նախաձեռնութիւն՝ «Գինես»-ի (Guinness) գրքում սահմանելու համաշխարհային ռեկորդ՝ իր անունին արձանագրելով հաւաքուած ամենամեծ բազմութիւնը, որ «Twist» է պարել որոշակի ժամանակում: Բազմութիւնը պարելու էր Չաբի Չեքըրի «The Twist» երաժշտութեան ուղեկցութեամբ: Նախավերջին ռեկորդը արձանագրուել էր 2004 թուականի ապրիլին, սակայն թուականիս յուլիսի 17-ին Գլենդէյլը դարձաւ ռեկորդակիր մէկ անձի գերակշռութեամբ, այսինքն՝ 1,692 հոգու մասնակցութեամբ: Սոյն նախաձեռնութեան համար Միլֆորդ պողոտայի վրայ պատրաստուել էին ցանկապատով սահմանազատուած՝ բեմին կից տեղամասեր: Ցանկացողները, երեկոյեան ժամը 8-ից սկսեալ, կարող էին ներս մտնել յատկացուած դռնակներով, որոնց շնորհիւ հնարաւոր էր դառնում ճշգրիտ հաշուել մասնակիցների քանակը: Բոլոր ներկաներից պահանջւում էր հինգ րոպէների համար «Twist» պարել: Մասնակիցների համարումը կատարուեց Նիւ Եորքից ժամանած «Գինես»-ի պաշտօնական ներկայացուցչի հսկողութեամբ: Մինչ Չաբի Չեքըրի բեմ բարձրանալը ելոյթ ունեցաւ Գլենդէյլի քաղաքապետ Արա Նաջարեանը՝ խրախուսելով ներկաներին մասնակցել նախաձեռնութեանը:



Նշելի է, որ այս տարուայ ձեռնարկի հաղորդավարը «KRTH» ռատիոկայանի «Mr. Rock’ N Roll» անուամբ հանրութեան ծանօթ՝ Բրայըն Բէյրնն (Brian Beirne) էր:

Ցուցահանդէսի ընթացքում զանազան կազմակերպութիւններ առիթ ունեցան իրենց կրպակներում տեղեկութիւններ կամ ծառայութիւններ մատակարարել այցելուներին: Նաեւ նախատեսուել էին ուտեստեղէնի վաճառք եւ ինչու չէ նաեւ մանուկներին հետաքրքրող խաղեր եւ զբաղմունքի միջոցներ:

Նիւթը տպագրւել է նաեւ «Օրակարգ» ամսաթերթում:
«Օրակարգ» ամսաթերթ, Օգոստոս 2010, Ե տարի, թիւ 55, էջ 1

(Լուսանկարները՝ Էրւին Եաղուբեանի)

No comments:

Post a Comment