Wednesday, February 07, 2007

Հակահայկական վանդալիզմը՝ անցեալ մէկ տարում

2006 թւականը, ինչպէս նախկին տարիները, իր աւարտին հասաւ՝ տարետետրում արձանագրելով տարբեր վանդալական ակտեր, որոնք ուղղւած էին հայկական կրօնական, պատմա-մշակութային եւ յուշարձանային շինութիւններին ու կոթողներին: Իրագործւած վանդալական դէպքերի դրդապատճառները, ինչպէս միշտ, ընդհանուր առմամբ եղել են հակահայկական պանթուրքիստական կամ ազգայնամոլական (նէոնացիստական), կամ էլ հակաքրիստոնէական կրօնամոլական անհանդուրժողականութիւնը:
2006 թւականը այն պայմաններում իր աւարտին հասաւ, որ դեռ Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի իշխանութիւննեը շարունակում են իրենց հակահայ աւերատենչական ու վանդալական քաղաքականութիւնը՝ հայոց յուշարձանների նկատմամբ...
Այս տարի եւս աշխարհը մոռացութեան մատնեց մեր անցեալի դէմ իրագործւած բարբարոսութիւնները...Դեռ անպատիժ է մնացել Հին Ջուղայի գերեզմանատան ոչնչացման ոճրագործութիւնը...Դեռ Ռուսաստանում եւ Եւրոպայի քաղաքակիրթ երկրներում հայկական սեփականութիւններն ու յուշարձանները, լկտիաբար վանդալիզմի են ենթարկւում...
Այս պայմաններում 2007 թւականի սեմին նախատեսւում են հակահայկական վանդալական դէպքերի նոր եւ լուրջ օրինակներ՝ ամբողջ տարւայ ընթացքում:

Ստորեւ ժամանակագրական հերթականութեամբ կը ներկայացւեն 2006 թւականին իրագործւած հակահայկական վանդալական դէպքերից մի քանի կարեւոր օրինակներ:

Փետրւար
Զինւած յարձակում՝ հայոց եկեղեցու վրայ (Կեսարիա, Թուրքիա)
Փետրւարի 13-ին կենտրոնական Թուրքիայի Կեսարիա (Caesarea) կամ Կազերի (Kayseri) քաղաքում գտնւող Ս. Գրիգոր Լուսաւորիչ հայկական եկեղեցին անյայտ անձանց յարձակման թիրախ հանդիսացաւ: Վանդալները հակաքրիստոնէական լոզունգներ տարածելով՝ հրազէնից տասը գնդակ արձակեցին եկեղեցու դռան վրայ: Յարձակումն իրականացւել էր այն պայմաններում, երբ դանիական թերթում տպագրւած Մուհամմադ մարգարէի ծաղրանկարները Մահմեդական աշխարհի վրդովման ու զայրոյթի պատճառ էին հանդիսացել: Պոլսոյ պատրիարք Մերսոպ արք. Մութաֆեանի կարծիքով՝ սոյն ծաղրանկարների հրատարակումը դրդապատճառն էր կատարւածի: Սակայն, Կայզերի քաղաքագլուխ Օսման Գիւնեշը հերքում էր, որ հակաքրիստոնէական սկզբունքներով նման յարձակում է տեղի ունեցել:

Հայկական գերեզմանոցի ոչնչացման ուղեգիծը (Բաքու, Ադրբեջան)
Ըստ «Համահայկական» լրատու ցանցի փետրւարի 20-ի հաղորդման եւ Բաքւի «Ռէալնիյ Ազերբայջան» թերթի՝ Բաքւի քաղաքագլուխ Հաջիբալա Աբութալիբովը սոյն տարւայ երկրորդ ամսից արդէն վերսկսել էր քաղաքի Մոնտինօ շրջանի քրիստոնէական հին գերեզմանատան ոչնչացման գործընթացը, որի տարածքը պիտի յատկացւէր քոթեջների, նորակառոյցների եւ առանձնատների կառուցման:
Մոնտինսկոյէ (Montinskoe) կամ Մոնտինօ գերեզմանատունը Բաքւի հնագոյն գերեզմանատներից է, որտեղ մեծ մասամբ թաղւած են հայեր, ռուսներ ու հրեաներ (գերեզմաններից շատերը պատկանում են 1890-ական թւականներին):Բաքւի քաղաքապետարանի այս վանդալական քայլը լուրջ վրդովման ու բողոքի պատճառ դարձաւ հայ եւ ռուս շրջանակներում: Գերեզմանոցի ճակատագիրը՝ անյայտ է մնացել:

* * * * * * * * * * * * * * * * * * * * * *
Մարտ
Հին Ջուղայի գերեզմանատունը՝ հիմնայատակ աւերւած ու ռազմական հրաձգարանի վերածւած (Նախիջեւան, Ադրբեջան)
«Ազատութիւն» ռադիոկայանի մարտի 16-ի հաղորդման համաձայն՝ մարտ ամսւայ սկզբներում ադրբեջանական զինւորականութիւնը Նախիջեւանի Հին Ջուղայի գերեզմանատան տարածքը, որ արդէն հիմնայատակ բնաջնջւած էր, բետոնապատելով՝ վերածւեց ժամանակակից ռազմական հրաձգարանի: Վերյիշելի է, որ 2005 թ. դեկտեմբերի 10-ից սկսած՝ ադրբեջանցի զինւորները քարաքանդիչ ինքնաշարժների, կռանների ու տապարների օգնութեամբ գերեզմանատանը կանգնած բոլոր խաչքարերն ու տապանաքարերը ջարդեցին, իսկ բեկորները բեռնատար մեքենաներով լցրեցին Արաքս գետը, այնպէս որ՝ սոյն բարբարոսութեան արդիւնքում Ջուղայի պատմական գերեզմանատունը, որ ազգային ու միջազգային չափանիշով պատմա-գեղագիտական արժէք էր ներկայացնում, հիմնայատակ բնաջնջւեց:

* * * * * * * * * * * * * * * * * * * * * *
Ապրիլ
Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին նւիրւած յուշարձանի պղծումը (Լիոն, Ֆրանսիա)
Ըստ «Համահայկական» լրատու ցանցի՝ ապրիլի 17-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում անյայտ անձինք վանդալիզմի ենթարկեցին քաղաքում կանգնեցւած Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած յուշարձանը, որի բացումը պաշտօնապէս պիտի կատարւէր ապրիլի 24-ին՝ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի մասնակցութեամբ: Վանդալները յուշարձանի սիւների վրայ Հայոց Ցեղասպանութիւնը հերքող եւ թուրքերին գովասանող գրութիւններ էին թողել: Նրանք գրել էին. «Հայոց Ցեղասպանութիւնը երբեւէ չի եղել»:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզին դատապարտելով իրագործւած վանդալիզմը՝ անխուսափելի էր համարել յանցագործներին ձերբակալելու եւ պատժի ենթարկելու գործընթացը:

* * * * * * * * * * * * * * * * * * * * * *
Յուլիս
Ռուս-հայկական բարեկամութեան թանգարանի հրկիզման փորձը (Դոնի Ռոստով, Ռուսաստան)
2006 թւականի յուլիսի 31-ին Ռուսաստանի հարաւային դաշնային շրջանի Ռոստով շրջանի մարզում ընկած Դոնի Ռոստով (Rostov-on-Don) քաղաքում Հայ առաքելական Ս. Խաչ եկեղեցու տարածքում գտնւող Ռուս-հայկական բարեկամութեան թանգարանը նէոնացիստ սափրագլուխների կողմից վանդալիզմի ենթարկւեց: Վանդալները եկեղեցու պատերին եւ բակում ասֆալտի վրայ թողել էին «Եկել է սպիտակ արդարադատութեան ժամանակը», «Ռուսաստանը՝ ռուսների համար» եւ «Վերջ Խաչիկներին» գրութիւնները: Նրանք չէին կարողացել շէնքը ներս մտնել, սակայն ջարդել էին պատուհաններն ու հրկիզել մետաղապլաստէ լուսամուտները: Ոստիկանութիւնը մի քանի օր անց ձերբակալեց մի տեղացի նէոնացիստի: Ս. Խաչը 18-րդ դարի ճարտարապետութեան միակ յուշարձանն է համարւում Ռոստովի շրջանում:

* * * * * * * * * * * * * * * * * * * * * *
Սեպտեմբեր
Հայկական եկեղեցին գրադարանի վերածելու նախագիծը (Բաքու, Ադրբեջան)
Ըստ «Ազգ» օրաթերթի 23 սեպտեմբերի հաղորդման՝ ադրբեջանական իշխանութիւնները վճռական ծրագիր էին ներկայացրել, որ Բաքւի հայկական եկեղեցին վերածեն նախագահական գրադարանի, ուր պիտի տեղադրւէին նախագահի գրքերը: Արդէն ընթացքի մէջ էին նախապատրաստական աշխատանքները: Ադրբեջանի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարար Աբուլֆազլ Ղարայեւի խօսքերով՝ եկեղեցին գրադարանի վերածելու առաջարկը եղաւ դրանից յետոյ, երբ Իլհամ Ալիեւը հետաքրքրւելով սոյն եկեղեցու գործունէութեամբ՝ այցելեց եկեղեցին:□Վերածման□ այս քաղաքականութիւնը ուղղակի ընդօրինակումն է այն նախագծի, որ Թուրքիան Հայոց Ցեղասպանութեան տարիներից առ այսօր ընդունել է որոշակի հայկական յուշարձանների նկատմամբ՝ դրանք վերածելով մզկիթի, շտեմարանի, թանգարանի եւ այլն:

* * * * * * * * * * * * * * * * * * * * * *
Հոկտեմբեր
«Վերանորոգւած աշխատանք»՝ որպէս քողարկման միջոց՝ թուրք վանդալական քաղաքականութեանը (Աղթամար, Թուրքիա)
«Turkish daily news»-ը հոկտեմբերի 7-ին հաղորդեց, որ Վանայ լճի Աղթամար կղզում գտնւող հայկական Ս. Խաչ եկեղեցու վերանորոգման աշխատանքը աւարտւել է: Աշխատանքը ստանձնած Ջահիդ Զէյդանլըի խօսքերով՝ նորոգման գործում, որ սկսւել էր 2005 թ. մայիսից, մաքրւել են եկեղեցու առաստաղը, պատերի վրայ քանդակւած դէմքերն ու որմնանկարները, նորոգւել են տանիքն ու յատակը եւ տեղադրւել են պատուհանները: Դեկտեմբերի 17-ին Թուրքիայի մշակոյթի նախարար Աթիլա Քոչը իր խորհրդարանի ելոյթի ընթացքում յայտնեց, որ վերանորոգւած եկեղեցու բացումը կը կատարւի ապրիլի 24-ին, այսինքն՝ Հայոց Ցեղասպանութեան յիշատակութեան օրը:Կասկածելի է, որ թուրքերը ինչքան անկեղծ ու ազնիւ են Աղթամարի եկեղեցու վերանորոգման գործում, քանի որ անցեալը փաստն է այն իրականութեան, որ թուրքերը մերթընդմերթ՝ նման քայլերով փորձել են քողարկել իրենց հակահայ աւերատենչական քաղաքականութիւնը:

Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին նւիրւած յուշարձանի պղծումը (Շաւիլ, Ֆրանսիա)
Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութեան հերքման համար քրէական պատասխանատւութիւն նախատեսւող օրէնքի ընդունումից երկու օր անց, այսինքն՝ հոկտ. 13-ի լոյս 14-ի գիշերը, երկրի Շաւիլ (Chaville) քաղաքում, որը գտնւում է Վերսայլի մօտ՝ Փարիզի արւարձանում, քաղաքում կանգնեցւած Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած յուշարձանը պղծման ենթարկւեց: Վանդալները քարէ հիմքից պոկելով յուշարձանի վրայ տեղադրւած երկու բրոնզէ փորագրւած սալիկները՝ գողացել էին դրանք:
Դէպքի կապակցութեամբ Ֆրանսիայի ոստիկանութիւնը ձերբակալեց երկու մեղադրեալների: Ըստ թրքական «Միլլիէթ» օրաթերթի՝ ոստիկանութեան համոզմամբ՝ կատարւած վանդալիզմը քաղաքական դրդապատճառ չի ունեցել, այլ գողերը սալիկները գողացել են՝ դրանք որպէս մետաղ վաճառելու նպատակով:

* * * * * * * * * * * * * * * * * * * * * *
Նոյեմբեր
Ոչ-քաղաքակրթական դրսեւորումներ՝ Արմին Վեգների լուսանկարների ցուցահանդէսում (Վերչելլի, Իտալիա)
Ըստ «Երկիր» եւ «Ազգ» օրաթերթերի՝ նոյեմբերի 6-ին գերմանացի լուսանկարիչ Արմին Վեգների Հայոց Ցեղասպանութիւնը վաւերացնող լուսանկարների ցուցահանդէսի բացումից քիչ առաջ, որը կայանալու էր Իտալիայի Վերչելլի (Vercelli) քաղաքում, շրջանում գտնւող խորովածի խանութի սեփականատէր մի թուրք դիմելով ոչ-քաղաքակրթական միջոցների՝ փորձեց խախտել բացման ընթացքը եւ խոչընդոտել ցուցահանդէսին: Նա ցուցասրահից դուրս գտնւող ցուցահանդէսի ազդագրերը պատռելուց յետոյ՝ կոտրատեց ու պատռեց նաեւ սրահի ներսում ցուցադրւած նկարներից մի քանիսը եւ յարձակւելով ցուցահանդէսը վարող իտալուհու վրայ՝ գետին տապալեց նրան: Այնուհետեւ թուրք վանդալը շրջելով մուտքի մօտ տեղադրւած սեղանը՝ նրա վրայ շարւած այցելուներին տրամադրւող բացատրական պրակներն ու գրքերը գետին թափեց ու կոխկրտեց: Միայն ոստիկանութեան միջամտութեամբ էր, որ թուրք խռովարարը վերջ տւեց իր վանդալութեանը:

* * * * * * * * * * * * * * * * * * * * * *
Փետրւար
Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած յուշատախտակի պղծումը(Լիւբլին, Լեհաստան)
«Համահայկական» լրատու ցանցի համաձայն՝ փետրւարի 14-ին Լեհաստանի Լիւբլին (Lublin) քաղաքում անյայտ անձինք կապոյտ ներկով ներկել էին Ս. Ընտանիքի եկեղեցու մօտ տեղադրւած յուշատախտակը, որը նւիրւած է Յովհաննէս Պօղոս Բ պապին, որը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչած եւ դատապարտած առաջին պապն է, եւ Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին: Սոյն յուշատախտակը 2005 թ. տեղադրւել է Լիւբլինի հայերի կողմից:


Այս յօդւածը նաեւ տպագրւել է Ալիք օրաթերթում:

No comments:

Post a Comment