«Նիուզռուի» տեղեկացմամբ՝ յուլիսի 1-ին ժամը 17-ին Մոսկւայի մետրոյում մօտաւորապէս տասնհինգ անյայտ անձանց եւ երկու հայ պատանիների միջեւ տեղի ունեցած կռւի պատճառով՝ դանակի հարւածներ ստացան հայ պատանիները, որից յետոյ փոխադրւեցին հիւանդանոց: Մի քանի օր անց միջադէպի մասնակցողներից մի քանիսը ձերբակալւեցին: Տուժածների նկարագրութեան համաձայն՝ յանցագործները սափրած գլուխներով ու սեւ վերնաշապիկներով անյայտ անձինք էին:
Ռուսաստանում սա առաջին անգամը չէ, որ այսպէս կոչւած «սափրագլուխ» կամ ազգայնամոլ խմբերը յարձակումներ են կատարում հայազգիների դէմ: Տարբեր դէպքեր են արձանագրւել, որոնց ընթացքում հայերը ծեծի են ենթարկւել կամ սպանւել: 2006 թւականին միայն Մոսկւայում սպանւել են 6 հայ երիտասարդներ՝ տարբեր դէպքերում: Այս յանցագործութիւնները, ընդհանրապէս, իրագործւել են ցեղապաշտական այլատեացութեան ու ազգային ատելութեան հիման վրայ:
Ապրիլի 22-ին էր, երբ Մոսկւայի մետրոյի «Պուշկինսկայա» կայարանի նախասրահում բազմաթիւ վկաների աչքի առջեւ սափրագլուխները դանակահարելով՝ սպանեցին մի 17-ամեայ հայ ուսանողի ու ծեծի ենթարկեցին նրա չորս ընկերներին, որոնցից երկուսը վնասւածքներ ստացան:
Մայիսի 25-ին մերձմոսկովեան «Կլեազմայ» կայարանի շրջակայքում երկու անյայտ անձինք էլեկտրագնացքում տասնեակ վկաների ներկայութեամբ յետեւից յարձակւեցին մի 19-ամեայ հայի վրայ ու բղաւելով «փառք Ռուսաստանին»՝ վզից դանակահարեցին նրան: Չնայած հէնց առաջին հարւածը մահացու էր եղել, բայց նրանք եւս հինգ անգամ հարւածել էին նրա կրծքին: Պարզապէս, այս երկու սպանութիւնները ազգային ատելութեան հրահրումով էին կատարւել:
Ըստ Ռուսաստանի Հայերի միութեան տեղեկատւական ծառայութեան՝ յունիսի 4-ի գիշերը Մոսկւայի Լիուբերեցկի շրջանի Սպիտակ առանձնատան շրջանում 50 ստահակներ յարձակւել էին Մոսկւայի Սոցիալական գիտութիւնների ինստիտուտի ռեկտոր Էռնեստ Գրիգորեանի ընտանիքի վրայ, ուր տղամարդիկ ծեծի ենթարկւելով՝ կորցրել էին գիտակցութիւնը, իսկ կանայք ուղեղի ցնցումով տեղափոխւել էին հիւանդանոց:
«Ինտերֆաքս»-ի հաղորդման համաձայն՝ յունիսի 10-ին Մոսկւայի զբօսայգիներից մէկում խլացուցիչ ատրճանակով Հայաստանի երկու քաղաքացիների վրայ կրակ արձակւեց, որի պատճառով՝ տեղում մահացաւ 44-ամեայ հայն ու վիրաւորւեց 24-ամեայ միւսը, միայն թէ Մոսկւայի դատախազութիւնը յանցագործութիւնը որակեց որպէս պատահականութիւն ու յանկարծակի վէճից ծագած դէպք:
Ռուսաստանում այլատեացութեան հարցը շատ լուրջ է
Ռուսաստանում, Եւրոպայի միւս երկրների համեմատ, այլատեացութիւնը ու ցեղապաշտութիւնը անչափ լուրջ ու մտահոգիչ վիճակ է ապրում: Ռուսաստանի Պետդումայի միջազգային կոմիտէի ղեկավար Կոնստանտին կոսաչովը Ռուսաստանում ցեղապաշտութեան ու անհանդուրժողականութեան հարցը գտնում է աւելի սուր՝ քան Եւրոխորհրդի այլ անդամ երկրներում: Տւեալների համաձայն՝ 2005 թւականին Ռուսաստանում ցեղապաշտական խմբերի յարձակումների հետեւանքով՝ այլազգիներից սպանւել են 28 հոգի եւ տուժել՝ 402 անձ, ուր հայերը նկատելի թիւ են կազմում:
Ըստ «Նովոյէ Իզվեստիէ» թերթի տրամադրած տեղեկութիւնների, որ հրատարկւեց յունիսի սկզբում, 2006 թւականի սկզբից մինչեւ մայիսի վերջը Ռուսաստանի տարբեր քաղաքներում ազգային ատելութեան թիրախ դառնալով՝ տուժել են 107 հոգի, որոնցից 18-ը մահացել են: Միայն Մոսկւայում սափրագլուխների յարձակումներից 38 հոգի են տուժել եւ 10 հոգի մահացել են, իսկ Սանկտ Պետերբուրգում մահացել են 4 հոգի ու տուժել են 20 հոգի: Սափրագլուխների անհանդուրժողական յարձակումները արձանագրւել են Ռուսաստանի աւելի քան 15 շրջաններում: Թերթս գրել է. «Եթէ աւելի վաղ սափրագլուխները, որպէս կանոն, յարձակւում էին Կովկասի ու Կենտրոնական Ասիայի եկւորների վրայ, ապա հիմա վտանգի գօտում են յայտնւել նաեւ երիտասարդական ենթամշակոյթները, ինչպէս նաեւ սեռական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները»:
Վերոյիշեալ թերթի համաձայն՝ իրաւապաշտպանները համարում են, որ այսօր Ռուսաստանում շուրջ հինգ հազար այսպէս ասած՝ սափրագլուխներ գործում են մոլեգնութեամբ: Սոյն թերթը հաղորդելով վերոյիշեալ տեղեկութիւնները, որոնք քաղւած են Ռուսաստանի այլատեացութեան մասին հրատարակւած «Միջազգային ներում» իրաւապաշտպանական կազմակերպութեան զեկոյցից, գրել է. «Այլատեացութեան այսպիսի բարձր մակարդակի դէպքում, որը գոյութիւն ունի մեր երկրում, համոզւած արմատականների քանակն այնքան կարեւոր չէ, քանի որ բաւական է մի փոքր կայծ եւ նէոնացիստների շատ փոքր խումբ, որպէսզի այդ բոլորը բռնկւի եւ կրաւորական այլատեացները, որոնք կազմում են բնակչութեան շուրջ 60 տոկոսը, դառնան ակտիւ»: Նովիյէ Իզվեստիա թերթի այս եզրայանգումը կատարւել է իրաւապահ մարմինների, հակաֆաշիստական կազմակերպութիւնների ու նաեւ սափրագլուխների հաշւարկումների հիման վրայ:
Այդ յօդւածում նաեւ գրւած է. «Այժմ իրադրութիւնը խճճւել է. բաւական շատ «մոդայամոլներ» են յայտնւել, քանի որ սափրագլուխները գովազդւած են եւ այդպիսին լինելը պարզապէս մոդայիկ է, սակայն նրանց չի կարելի ամբողջութեամբ այդ ենթամշակոյթի ներկայացուցիչ համարել: Այդպիսին են մօտաւորապէս ընդհանուր քանակի մէկերրորդից մինչեւ կէսը: Բացի այդ՝ յայտնւել են այսպէս կոչւած ցանցային սափրագլուխներ: Նրանք, յամենայն դէպս, մի առ ժամանակ որեւէ ակտիւ գործունէութեան չեն մասնակցում, պարզապէս նստում են ինտերնետում ու գրում՝ իրենց յօրինւած «հերոսութիւններ»-ի մասին: Սովորաբար, նրանք կամ մտաւոր, կամ ֆիզիկական արատներ ունեն: Գուցէ նրանք փորձել են որեւէ խումբ մտնել, սակայն հասկացել են, որ կը լինեն հիերարխիայի ստորին հատւածում: Այդ պատճառով՝ ոչ ոք չի կարող ստոյգ տւեալներ յայտնել: Իրաւապահները եւս չունեն դրանք»:
2006 թւականի մայիսին Եւրոխորհրդի փորձագիտական մարմնի կողմից հրատարակւած «Ռուսաստանի Դաշնութեան վերաբերեալ երրորդ զեկոյց»-ի համաձայն՝ այդ երկրում աւելացել են հրէատեացութիւնը, ցեղապաշտութիւնը եւ ընդհանուր անհանդուրժողականութիւնն ու նաեւ դրանցից ծնունդ առած բռնութիւնները եւ քաղաքականութեան մէջ անհանդուրժողական յայտարարութիւնների կիրառումը: Ըստ այդ փաստաթղթի՝ «Ցեղապաշտական յարձակումների զոհ են դառնում մեծմասամբ չեչէնները ու Կովկասի ժողովրդի այլ ներկայացուցիչները, գնչուները, մեսխեթցի թուրքերը, ԱՊՀ-ի երկրների քաղաքացիները, աֆրիկացիները, ասիացիները, ինչպէս նաեւ՝ կրօնական փոքր խմբերը, այդ թւում՝ հրեաները»:
Ըստ երեւոյթին, Ռուսաստանում այլատեացական յանցագործութիւնները, որոնք իրագործւում են ցեղապաշտ խմբաւորումների կողմից, ուղղակի հայազգիներին ուղղւած չեն, քանի որ միւս ենթամշակութային ներկայացուցիչները եւս տուժում են նման գործողութիւններից: Այլ խօսքով՝ մեծ հաւանականութեամբ սափրագլուխները իրենց զոհերին ընտրում են ոչ թէ ըստ ազգութեան, այլ՝ մաշկի ու աչքերի գոյնով: Այսպէս կարծիքի տէր է Ռուսաստանի Հայերի միութեան նախագահ Արա Աբրահամեանը: Նա մայիսի 25-ի սպանութեան կապակցութեամբ ունեցած ասուլիսում ասել է, որ այդ դէպքի առընչութեամբ «ուղղակի յարձակում չի տեսնում հայութեան» հանդէպ: Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմէն Սմբատեանը յունիսի 22-ին Մոսկւայի հայ ուսանողների հետ ունեցած հանդիպմանը վստահացրել էր, որ կատարւած վերջին սպանութիւնները ուղղւած չեն հայերին:
Այսուամենայնիւ, վերջերս Ռուսաստանում հայազգիների դէմ իրագործւած հերթական յանցագործութիւնների շարանը բերում է այն կարծիքին, թէ դրանք բոլորը կատարւում են միտումնաւոր՝ ուղղւած հայ փոքրամասնութեան: Բայց Հայաստանում Ռուսաստանի դեսպանութիւնը վերջերս (յուլիսի 3-ին) պարզաբանել էր. «Լրիւ անապացոյց են այն պնդումները, որ Ռուսաստանի տարածքում ազգային պատկանելութեան հիմքով օրինախախտումները ուղղւած են բացառապէս հայերի դէմ»:
Շատերը հայազգիներին ուղղւած յարձակումները համարում են խորամանկ սադրանք՝ Հայաստանի ու Ռուսաստանի ժողովուրդների եւ պետութիւնների բարեկամական յարաբերութիւնները խզելու նպատակով: Յունիսի 13-ին Հայաստանի ստեղծագործական միութիւնների եւ մտաւորականութեան կողմից յղած ուղերձում գրւած է. «Յատկանշական է, որ նման երեւոյթները տեղի են ունենում Ռուսաստանում Հայաստանի տարւայ ընթացքում: Փաստօրէն, Ռուսաստանում նշւում է ոչ թէ Հայաստանի տարի, այլ՝ հայերի «որսի» տարի: Ռուսական իշխանութիւնները եւ իրաւապահ մարմինները պէտք է պատասխանեն այն հարցին, թէ նշւած դէպքերը թաքնւած սադրանք չե՞ն արդեօք երկու պետութիւնների եւ ժողովուրդների միջեւ ատելութիւն սերմանելու նպատակով»: Հայաստանի լրագրողների միութիւնը յունիսի 21-ին յղած մի ուղերձում ծաւալւող «հակահայկական արշաւը» համարել էր կազմակերպւած «շատ փորձառու» ձեռքերի միջոցով, որոնք շահագրգռւած են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ լարւածութիւն տարածելու եւ հակահայկական ու հակառուսական տրամադրութիւնների լարման գործում:
Ռուսաստանի հետեւողականութիւնը. զիջողակա՞ն, թէ վճռական
Բազմաթիւ են այն վկաները, որոնց համաձայն՝ Ռուսաստանի Դաշնութեան իշխանութիւնները ոչ-բաւարար հետեւողականութեամբ կամ որոշ պարագաներում անտարբերութեամբ են վերաբերւում ազգային ատելութեան հարցին: Սրան պիտի աւելացնենք այն յաւակնութիւնները, որոնց համաձայն՝ ցեղապաշտ խմբաւորումնեը ապահովւած են որոշակի կառոյցների օժանդակութեան ներքոյ:
Չնայած Եւրոխորհրդի «Ռուսաստանի Դաշնութեան վերաբերեալ երրորդ զեկոյց»-ում գնահատւել են ցեղային ատելութեան դէմ պայքարելու եւ հանդուրժողականութիւն ու միջցեղային երկխօսութիւն ապահովելու նպատակով կատարւած դրական տեղաժարժերն ու առնւած քայլերը, բայց միեւնոյն ժամանակ Ցեղապաշտութեան ու անհանդուրժողականութեան դէմ եւրոպական յանձնաժողովը (The European Commission against Racism and Intolerance (ECRI)) այն կարծիքի է, թէ Ռուսաստանում ազգային ատելութեան դէմ պայքարելու ու ցեղային փոքրամասնութիւնների իրաւունքները պաշտպանելու ուղղութեամբ բաւական գործ չի արւում: Փաստաթղթի համաձայն՝ այն յանձնարարականները, որոնք նշւած էին ECRI-ի նախկին զեկոյցում (2001-ի նոյեմբերին) կամ չեն իրականացւել, կամ էլ իրականացւել են մասամբ: Ըստ այդ փաստաթղթի՝ ցեղապաշտութեան դէմ ուղղւած քրէական իրաւունքը յաճախ չի գործում, քանի որ յանցագործութիւնների ցեղապաշտական դրդապատճառները միշտ չէ, որ հաշւի են առնւում:
Ռուսաստանի լրագրողների միութեան գլխաւոր քարտուղար Իգոր Հակովենկօն համոզւած է, որ գործադիր իշխանութիւններն ու իրաւապահ մարմինները օրէնքները չեն իրականացնում կամ իրականացնում են ընտրովի կարգով: Մասնաւորապէս, նա նշել էր. «Ռուսաստանում նոյնիսկ ցեղապաշտական ատելութեան վրայ կատարւած սպանութեան համար դատում են որպէս խուլիգանութեան, իսկ տրանսպարանտ կախելու համար՝ դատում են երեք տարով»: Ըստ երեւոյթին, միայն յուլիսի 1-ի կատարւած յանցագործութեան պարագայում էր, որ առաջին անգամը լինելով՝ յարուցւած քրէական գործը խուլիգանականից վերաորակւեց «ազգային առանձնայատկութիւնների հիմքով ատելութեան հրահրում»:
Յունիսի 5-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ կայացած բողոքի ցոյցում, որ կազմակերպւել էր վերջին սպանութիւնները դատապարտելու եւ յանցագործներին պատժելու պահանջով, «Յանուն գիտութեան զարգացման» խմբի անդամ Արսէն Խառատեանը դժգոհել էր. «Ռուսաստանի իշխանութիւնները իրականում բաւարար չափով ոչ հետաքննութիւն են անում եւ անգամ հետեւողական չեն, որ այն, ինչ տեղի է ունենում, ինչ-որ կերպ պատժւի: Մեր կարծիքով՝ ռուսական իշխանութիւնների այս ոչինչ չանելը ինքնին նշանակում է խրախուսել այս ամէնի շարունակութիւնը»:
Վերջերս Հայաստանում Ռուսաստանի դեսպանութիւնը նկատի առնելով ստեղծւած անվստահութեան մթնոլորտը՝ յայտարարել էր. «Անհիմն են հանրապետութեան զանգւածային լրատւամիջոցների յայտարարութիւնները՝ Ռուսաստանի օրինապահ մարմինների կրաւորականութեան ու նոյնիսկ այդ յանցագործութիւնների հետ կապերի վերաբերեալ: Բազմաթիւ փաստեր խօսում են վերը նշւած մեղադրանքներին հակասող տւեալների մասին»:
Վերջերս Ռուսաստանի գլխաւոր դատախազը պաշտօնից հեռացւեց: Դրա պատճառներից մէկը համարում են ազգայնամոլ խմբաւորումների դէմ իրագործած ոչ-արժանաւոր ու անարդիւնաւէտ պայքարը:
Հայաստանի իշխանութիւնների դիրքորոշումը
Արդարացի է այն սպասելիքը, թէ Հայաստանի պետական իշխանութիւնների դիրքորոշումը պիտի լինի խիստ հակազդեցական, վճռական ու պահանջատիրական: ՀՀ իշխանութիւնները, տարբեր առիթներով, իրենց մտահոգութիւնը, դժգոհութիւնը եւ անհանգստութիւնն են փոխանցել Ռուսաստանի իշխանութեանը: Նրանք պատասխանատու մարմիններից պահանջել են, որ պատշաճ քայլեր առնւեն, յանցագործներին ձերբակալելու եւ դատապարտելու, ինչու չէ նաեւ հայրենակիցների ու օտարազգիների անվտանգութիւնն ապահովելու համար:
Անգամներ ինքը՝ Ռոբերտ Քոչարեանը, ՀՀ նախագահութեան պաշտօնից, դատապարտելով Ռուսաստանում հայազգիներին ուղղւած յարձակումները՝ իր դժգոհութիւնն է յայտնել իրավիճակի համար: Վերջերս յունիսի 16-ին Ռուսաստանի հարաւային դաշնային Օկրուգի պատւիրակութեան ընդունելութեան ժամանակ Քոչարեանը շեշտել էր. «Ռուսաստանի իրաւապահ մարմինները պէտք է կատարւածին արձագանքեն կոշտ՝ գործելով արագ, յստակ ու հասկանալի»:
Յունիսի 6-ին ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանեանը լրագրողների հետ ունեցած զրոյցում յայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանի արտգործնախարարութեան մամլոյ քարտուղարի միջոցով անհանգստութիւն է յայտնել Մոսկւայում տեղի ունեցած վերջին սպանութիւնների կապակցութեամբ: Նա ասել էր. «Մենք ուշադրութեամբ հետեւում ենք գործընթացին»՝ շարունակելով. «Մոսկւայում հայկական դեսպանատան աշխատակիցները հանդիպումներ են անցկացնում, եւ կարծում եմ, թէ առաջիկայ հանդիպումների ժամանակ այդ հարցը անպայման կը քննարկւի: Մենք պէտք է կատարենք հնարաւոր ամէն ինչ, որ հետագայում մեր հայրենակիցների հետ նման միջադէպեր տեղի չունենան»:
ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանեանը յուլիսի 3-ին կայացած մամլոյ ասուլիսի ժամանակ վստահացրել էր, որ հայկական կողմը Ռուսաստանի արտգործնախարարութեան ներկայացուցիչների հետ երկկողմանի հանդիպումներում միշտ բարձրացնում է այդ հարցը: Նա ասել էր. «Ռուսաստանի իշխանութիւնները լուրջ քայլեր պէտք է ձեռնարկեն բռնութիւնների եւ այլատեացութեան կանխարգելման համար»: Նա շեշտել էր. «Մենք, մեր հերթին, կը շարունակենք ուշադրութիւն դարձնել հայերի նկատմամբ բռնութիւնների կիրառմանը»:
Սակայն կան նաեւ կարծիքներ, որոնք ՀՀ իշխանութիւնների հակազդեցական դիրքորոշումը գտնում են թոյլ ու ոչ-վճռական՝ դժգոհելով նրանց ոչ-բաւարար պահանջատիրութիւնը՝ յանցագործներին արդար դատապարտելու ու հայազգիների անվտանգութիւնը ապահովելու գործում: Այնպէս որ՝ Հայաստանի Հելսինկեան կոմիտէի նախագահ Աւէտիք Իշխանեանը յունիսի 5-ին կայացած Երեւանի ցոյցում ասել էր. «Համոզւած եմ, որ եթէ Հայաստանի իշխանութիւնները խիստ դիրք բռնէին, շարունակութիւնը այսպէս չէր լինի: Նոյնիսկ, եթէ Կրասնոդարում հայկական գերեզմանների քանդուքարափից բաւականին լուրջ նոտա ուղարկէին, ինձ թւում է' բաւականին կմեղմւէր այս իրավիճակը»:
Աղբիւրներ
-Ա. Աբրահամեան. Մոսկւայում 19-ամեայ հայի սպանութիւնը սադրանք է «ութնեակի» գագաթնաժողովի շեմին
-2006 թւականի սկզբից Ռուսաստանում սափրագլուխներն սպանել են 18 մարդ
-Եւրոպայի խորհուրդը կոչ է արել Ռուսաստանին ռասիզմի դէմ պայքար մղել
-Հայաստանի մտաւորականները ուղերձ են հղել Վ.Պուտինին Ռուսաստանում հայերի սպանութիւնների կապակցութեամբ
-Հայաստանն անհանգստացած է Մոսկւայում հայերի սպանութեամբ
-Մոսկւայի հայերը բողոքում են
-Մոսկւայում կրկին յարձակում է կատարւել հայերի վրայ
-Մոսկւայում սպանւել է Հայաստանի քաղաքացի, դատախազութիւնը դա պատահականութիւն է համարում
-Ռ.Քոչարեանն- ՌԴ իրաւապահ մարմինները պէտք է կոշտ արձագանքեն քսենոֆոբիայի դրսեւորումներին
-Ռուսաստանում կատարւած վերջին սպանութիւնները ուղղւած չեն հայերի դէմ
-Ռուսաստանում ծաւալւող հակահայկական արշաւը շատ փորձառու ձեռք է կազմակերպում
-Վ.Օսկանեան- ՌԴ իշխանութիւնները պէտք է լուրջ քայլեր ձեռնարկեն այլատեացութեան դէմ պայքարի համար
-Ցոյց Հայաստանում ՌԴ դեսպանատան առջեւ
-Քսենոֆոբիայի «հարցը բոլոր մակարդակների հանդիպումներում օրակարգային է»
-Ֆաշիզմի ու անհանդուրժողականութեան հարցը Ռուսաստանում աւելի սուր է, քան ԵԽ այլ երկրներում
Այս յօդւածը նաեւ տպագրւել է Ալիք օրաթերթում:
«Ալիք» Յուլիսի 25, 2006
No comments:
Post a Comment