Tuesday, July 25, 2006

Ռուսաստանում այլատեացութեան թիրախ դարձած հայազգիները


«Նիուզռուի» տեղեկացմամբ՝ յուլիսի 1-ին ժամը 17-ին Մոսկւայի մետրոյում մօտաւորապէս տասնհինգ անյայտ անձանց եւ երկու հայ պատանիների միջեւ տեղի ունեցած կռւի պատճառով՝ դանակի հարւածներ ստացան հայ պատանիները, որից յետոյ փոխադրւեցին հիւանդանոց: Մի քանի օր անց միջադէպի մասնակցողներից մի քանիսը ձերբակալւեցին: Տուժածների նկարագրութեան համաձայն՝ յանցագործները սափրած գլուխներով ու սեւ վերնաշապիկներով անյայտ անձինք էին:
Ռուսաստանում սա առաջին անգամը չէ, որ այսպէս կոչւած «սափրագլուխ» կամ ազգայնամոլ խմբերը յարձակումներ են կատարում հայազգիների դէմ: Տարբեր դէպքեր են արձանագրւել, որոնց ընթացքում հայերը ծեծի են ենթարկւել կամ սպանւել: 2006 թւականին միայն Մոսկւայում սպանւել են 6 հայ երիտասարդներ՝ տարբեր դէպքերում: Այս յանցագործութիւնները, ընդհանրապէս, իրագործւել են ցեղապաշտական այլատեացութեան ու ազգային ատելութեան հիման վրայ:
Ապրիլի 22-ին էր, երբ Մոսկւայի մետրոյի «Պուշկինսկայա» կայարանի նախասրահում բազմաթիւ վկաների աչքի առջեւ սափրագլուխները դանակահարելով՝ սպանեցին մի 17-ամեայ հայ ուսանողի ու ծեծի ենթարկեցին նրա չորս ընկերներին, որոնցից երկուսը վնասւածքներ ստացան:
Մայիսի 25-ին մերձմոսկովեան «Կլեազմայ» կայարանի շրջակայքում երկու անյայտ անձինք էլեկտրագնացքում տասնեակ վկաների ներկայութեամբ յետեւից յարձակւեցին մի 19-ամեայ հայի վրայ ու բղաւելով «փառք Ռուսաստանին»՝ վզից դանակահարեցին նրան: Չնայած հէնց առաջին հարւածը մահացու էր եղել, բայց նրանք եւս հինգ անգամ հարւածել էին նրա կրծքին: Պարզապէս, այս երկու սպանութիւնները ազգային ատելութեան հրահրումով էին կատարւել:
Ըստ Ռուսաստանի Հայերի միութեան տեղեկատւական ծառայութեան՝ յունիսի 4-ի գիշերը Մոսկւայի Լիուբերեցկի շրջանի Սպիտակ առանձնատան շրջանում 50 ստահակներ յարձակւել էին Մոսկւայի Սոցիալական գիտութիւնների ինստիտուտի ռեկտոր Էռնեստ Գրիգորեանի ընտանիքի վրայ, ուր տղամարդիկ ծեծի ենթարկւելով՝ կորցրել էին գիտակցութիւնը, իսկ կանայք ուղեղի ցնցումով տեղափոխւել էին հիւանդանոց:
«Ինտերֆաքս»-ի հաղորդման համաձայն՝ յունիսի 10-ին Մոսկւայի զբօսայգիներից մէկում խլացուցիչ ատրճանակով Հայաստանի երկու քաղաքացիների վրայ կրակ արձակւեց, որի պատճառով՝ տեղում մահացաւ 44-ամեայ հայն ու վիրաւորւեց 24-ամեայ միւսը, միայն թէ Մոսկւայի դատախազութիւնը յանցագործութիւնը որակեց որպէս պատահականութիւն ու յանկարծակի վէճից ծագած դէպք:





Ռուսաստանում այլատեացութեան հարցը շատ լուրջ է
Ռուսաստանում, Եւրոպայի միւս երկրների համեմատ, այլատեացութիւնը ու ցեղապաշտութիւնը անչափ լուրջ ու մտահոգիչ վիճակ է ապրում: Ռուսաստանի Պետդումայի միջազգային կոմիտէի ղեկավար Կոնստանտին կոսաչովը Ռուսաստանում ցեղապաշտութեան ու անհանդուրժողականութեան հարցը գտնում է աւելի սուր՝ քան Եւրոխորհրդի այլ անդամ երկրներում: Տւեալների համաձայն՝ 2005 թւականին Ռուսաստանում ցեղապաշտական խմբերի յարձակումների հետեւանքով՝ այլազգիներից սպանւել են 28 հոգի եւ տուժել՝ 402 անձ, ուր հայերը նկատելի թիւ են կազմում:
Ըստ «Նովոյէ Իզվեստիէ» թերթի տրամադրած տեղեկութիւնների, որ հրատարկւեց յունիսի սկզբում, 2006 թւականի սկզբից մինչեւ մայիսի վերջը Ռուսաստանի տարբեր քաղաքներում ազգային ատելութեան թիրախ դառնալով՝ տուժել են 107 հոգի, որոնցից 18-ը մահացել են: Միայն Մոսկւայում սափրագլուխների յարձակումներից 38 հոգի են տուժել եւ 10 հոգի մահացել են, իսկ Սանկտ Պետերբուրգում մահացել են 4 հոգի ու տուժել են 20 հոգի: Սափրագլուխների անհանդուրժողական յարձակումները արձանագրւել են Ռուսաստանի աւելի քան 15 շրջաններում: Թերթս գրել է. «Եթէ աւելի վաղ սափրագլուխները, որպէս կանոն, յարձակւում էին Կովկասի ու Կենտրոնական Ասիայի եկւորների վրայ, ապա հիմա վտանգի գօտում են յայտնւել նաեւ երիտասարդական ենթամշակոյթները, ինչպէս նաեւ սեռական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները»:
Վերոյիշեալ թերթի համաձայն՝ իրաւապաշտպանները համարում են, որ այսօր Ռուսաստանում շուրջ հինգ հազար այսպէս ասած՝ սափրագլուխներ գործում են մոլեգնութեամբ: Սոյն թերթը հաղորդելով վերոյիշեալ տեղեկութիւնները, որոնք քաղւած են Ռուսաստանի այլատեացութեան մասին հրատարակւած «Միջազգային ներում» իրաւապաշտպանական կազմակերպութեան զեկոյցից, գրել է. «Այլատեացութեան այսպիսի բարձր մակարդակի դէպքում, որը գոյութիւն ունի մեր երկրում, համոզւած արմատականների քանակն այնքան կարեւոր չէ, քանի որ բաւական է մի փոքր կայծ եւ նէոնացիստների շատ փոքր խումբ, որպէսզի այդ բոլորը բռնկւի եւ կրաւորական այլատեացները, որոնք կազմում են բնակչութեան շուրջ 60 տոկոսը, դառնան ակտիւ»: Նովիյէ Իզվեստիա թերթի այս եզրայանգումը կատարւել է իրաւապահ մարմինների, հակաֆաշիստական կազմակերպութիւնների ու նաեւ սափրագլուխների հաշւարկումների հիման վրայ:
Այդ յօդւածում նաեւ գրւած է. «Այժմ իրադրութիւնը խճճւել է. բաւական շատ «մոդայամոլներ» են յայտնւել, քանի որ սափրագլուխները գովազդւած են եւ այդպիսին լինելը պարզապէս մոդայիկ է, սակայն նրանց չի կարելի ամբողջութեամբ այդ ենթամշակոյթի ներկայացուցիչ համարել: Այդպիսին են մօտաւորապէս ընդհանուր քանակի մէկերրորդից մինչեւ կէսը: Բացի այդ՝ յայտնւել են այսպէս կոչւած ցանցային սափրագլուխներ: Նրանք, յամենայն դէպս, մի առ ժամանակ որեւէ ակտիւ գործունէութեան չեն մասնակցում, պարզապէս նստում են ինտերնետում ու գրում՝ իրենց յօրինւած «հերոսութիւններ»-ի մասին: Սովորաբար, նրանք կամ մտաւոր, կամ ֆիզիկական արատներ ունեն: Գուցէ նրանք փորձել են որեւէ խումբ մտնել, սակայն հասկացել են, որ կը լինեն հիերարխիայի ստորին հատւածում: Այդ պատճառով՝ ոչ ոք չի կարող ստոյգ տւեալներ յայտնել: Իրաւապահները եւս չունեն դրանք»:
2006 թւականի մայիսին Եւրոխորհրդի փորձագիտական մարմնի կողմից հրատարակւած «Ռուսաստանի Դաշնութեան վերաբերեալ երրորդ զեկոյց»-ի համաձայն՝ այդ երկրում աւելացել են հրէատեացութիւնը, ցեղապաշտութիւնը եւ ընդհանուր անհանդուրժողականութիւնն ու նաեւ դրանցից ծնունդ առած բռնութիւնները եւ քաղաքականութեան մէջ անհանդուրժողական յայտարարութիւնների կիրառումը: Ըստ այդ փաստաթղթի՝ «Ցեղապաշտական յարձակումների զոհ են դառնում մեծմասամբ չեչէնները ու Կովկասի ժողովրդի այլ ներկայացուցիչները, գնչուները, մեսխեթցի թուրքերը, ԱՊՀ-ի երկրների քաղաքացիները, աֆրիկացիները, ասիացիները, ինչպէս նաեւ՝ կրօնական փոքր խմբերը, այդ թւում՝ հրեաները»:
Ըստ երեւոյթին, Ռուսաստանում այլատեացական յանցագործութիւնները, որոնք իրագործւում են ցեղապաշտ խմբաւորումների կողմից, ուղղակի հայազգիներին ուղղւած չեն, քանի որ միւս ենթամշակութային ներկայացուցիչները եւս տուժում են նման գործողութիւններից: Այլ խօսքով՝ մեծ հաւանականութեամբ սափրագլուխները իրենց զոհերին ընտրում են ոչ թէ ըստ ազգութեան, այլ՝ մաշկի ու աչքերի գոյնով: Այսպէս կարծիքի տէր է Ռուսաստանի Հայերի միութեան նախագահ Արա Աբրահամեանը: Նա մայիսի 25-ի սպանութեան կապակցութեամբ ունեցած ասուլիսում ասել է, որ այդ դէպքի առընչութեամբ «ուղղակի յարձակում չի տեսնում հայութեան» հանդէպ: Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմէն Սմբատեանը յունիսի 22-ին Մոսկւայի հայ ուսանողների հետ ունեցած հանդիպմանը վստահացրել էր, որ կատարւած վերջին սպանութիւնները ուղղւած չեն հայերին:
Այսուամենայնիւ, վերջերս Ռուսաստանում հայազգիների դէմ իրագործւած հերթական յանցագործութիւնների շարանը բերում է այն կարծիքին, թէ դրանք բոլորը կատարւում են միտումնաւոր՝ ուղղւած հայ փոքրամասնութեան: Բայց Հայաստանում Ռուսաստանի դեսպանութիւնը վերջերս (յուլիսի 3-ին) պարզաբանել էր. «Լրիւ անապացոյց են այն պնդումները, որ Ռուսաստանի տարածքում ազգային պատկանելութեան հիմքով օրինախախտումները ուղղւած են բացառապէս հայերի դէմ»:
Շատերը հայազգիներին ուղղւած յարձակումները համարում են խորամանկ սադրանք՝ Հայաստանի ու Ռուսաստանի ժողովուրդների եւ պետութիւնների բարեկամական յարաբերութիւնները խզելու նպատակով: Յունիսի 13-ին Հայաստանի ստեղծագործական միութիւնների եւ մտաւորականութեան կողմից յղած ուղերձում գրւած է. «Յատկանշական է, որ նման երեւոյթները տեղի են ունենում Ռուսաստանում Հայաստանի տարւայ ընթացքում: Փաստօրէն, Ռուսաստանում նշւում է ոչ թէ Հայաստանի տարի, այլ՝ հայերի «որսի» տարի: Ռուսական իշխանութիւնները եւ իրաւապահ մարմինները պէտք է պատասխանեն այն հարցին, թէ նշւած դէպքերը թաքնւած սադրանք չե՞ն արդեօք երկու պետութիւնների եւ ժողովուրդների միջեւ ատելութիւն սերմանելու նպատակով»: Հայաստանի լրագրողների միութիւնը յունիսի 21-ին յղած մի ուղերձում ծաւալւող «հակահայկական արշաւը» համարել էր կազմակերպւած «շատ փորձառու» ձեռքերի միջոցով, որոնք շահագրգռւած են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ լարւածութիւն տարածելու եւ հակահայկական ու հակառուսական տրամադրութիւնների լարման գործում:



Ռուսաստանի հետեւողականութիւնը. զիջողակա՞ն, թէ վճռական
Բազմաթիւ են այն վկաները, որոնց համաձայն՝ Ռուսաստանի Դաշնութեան իշխանութիւնները ոչ-բաւարար հետեւողականութեամբ կամ որոշ պարագաներում անտարբերութեամբ են վերաբերւում ազգային ատելութեան հարցին: Սրան պիտի աւելացնենք այն յաւակնութիւնները, որոնց համաձայն՝ ցեղապաշտ խմբաւորումնեը ապահովւած են որոշակի կառոյցների օժանդակութեան ներքոյ:
Չնայած Եւրոխորհրդի «Ռուսաստանի Դաշնութեան վերաբերեալ երրորդ զեկոյց»-ում գնահատւել են ցեղային ատելութեան դէմ պայքարելու եւ հանդուրժողականութիւն ու միջցեղային երկխօսութիւն ապահովելու նպատակով կատարւած դրական տեղաժարժերն ու առնւած քայլերը, բայց միեւնոյն ժամանակ Ցեղապաշտութեան ու անհանդուրժողականութեան դէմ եւրոպական յանձնաժողովը (The European Commission against Racism and Intolerance (ECRI)) այն կարծիքի է, թէ Ռուսաստանում ազգային ատելութեան դէմ պայքարելու ու ցեղային փոքրամասնութիւնների իրաւունքները պաշտպանելու ուղղութեամբ բաւական գործ չի արւում: Փաստաթղթի համաձայն՝ այն յանձնարարականները, որոնք նշւած էին ECRI-ի նախկին զեկոյցում (2001-ի նոյեմբերին) կամ չեն իրականացւել, կամ էլ իրականացւել են մասամբ: Ըստ այդ փաստաթղթի՝ ցեղապաշտութեան դէմ ուղղւած քրէական իրաւունքը յաճախ չի գործում, քանի որ յանցագործութիւնների ցեղապաշտական դրդապատճառները միշտ չէ, որ հաշւի են առնւում:
Ռուսաստանի լրագրողների միութեան գլխաւոր քարտուղար Իգոր Հակովենկօն համոզւած է, որ գործադիր իշխանութիւններն ու իրաւապահ մարմինները օրէնքները չեն իրականացնում կամ իրականացնում են ընտրովի կարգով: Մասնաւորապէս, նա նշել էր. «Ռուսաստանում նոյնիսկ ցեղապաշտական ատելութեան վրայ կատարւած սպանութեան համար դատում են որպէս խուլիգանութեան, իսկ տրանսպարանտ կախելու համար՝ դատում են երեք տարով»: Ըստ երեւոյթին, միայն յուլիսի 1-ի կատարւած յանցագործութեան պարագայում էր, որ առաջին անգամը լինելով՝ յարուցւած քրէական գործը խուլիգանականից վերաորակւեց «ազգային առանձնայատկութիւնների հիմքով ատելութեան հրահրում»:
Յունիսի 5-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ կայացած բողոքի ցոյցում, որ կազմակերպւել էր վերջին սպանութիւնները դատապարտելու եւ յանցագործներին պատժելու պահանջով, «Յանուն գիտութեան զարգացման» խմբի անդամ Արսէն Խառատեանը դժգոհել էր. «Ռուսաստանի իշխանութիւնները իրականում բաւարար չափով ոչ հետաքննութիւն են անում եւ անգամ հետեւողական չեն, որ այն, ինչ տեղի է ունենում, ինչ-որ կերպ պատժւի: Մեր կարծիքով՝ ռուսական իշխանութիւնների այս ոչինչ չանելը ինքնին նշանակում է խրախուսել այս ամէնի շարունակութիւնը»:
Վերջերս Հայաստանում Ռուսաստանի դեսպանութիւնը նկատի առնելով ստեղծւած անվստահութեան մթնոլորտը՝ յայտարարել էր. «Անհիմն են հանրապետութեան զանգւածային լրատւամիջոցների յայտարարութիւնները՝ Ռուսաստանի օրինապահ մարմինների կրաւորականութեան ու նոյնիսկ այդ յանցագործութիւնների հետ կապերի վերաբերեալ: Բազմաթիւ փաստեր խօսում են վերը նշւած մեղադրանքներին հակասող տւեալների մասին»:
Վերջերս Ռուսաստանի գլխաւոր դատախազը պաշտօնից հեռացւեց: Դրա պատճառներից մէկը համարում են ազգայնամոլ խմբաւորումների դէմ իրագործած ոչ-արժանաւոր ու անարդիւնաւէտ պայքարը:




Հայաստանի իշխանութիւնների դիրքորոշումը
Արդարացի է այն սպասելիքը, թէ Հայաստանի պետական իշխանութիւնների դիրքորոշումը պիտի լինի խիստ հակազդեցական, վճռական ու պահանջատիրական: ՀՀ իշխանութիւնները, տարբեր առիթներով, իրենց մտահոգութիւնը, դժգոհութիւնը եւ անհանգստութիւնն են փոխանցել Ռուսաստանի իշխանութեանը: Նրանք պատասխանատու մարմիններից պահանջել են, որ պատշաճ քայլեր առնւեն, յանցագործներին ձերբակալելու եւ դատապարտելու, ինչու չէ նաեւ հայրենակիցների ու օտարազգիների անվտանգութիւնն ապահովելու համար:
Անգամներ ինքը՝ Ռոբերտ Քոչարեանը, ՀՀ նախագահութեան պաշտօնից, դատապարտելով Ռուսաստանում հայազգիներին ուղղւած յարձակումները՝ իր դժգոհութիւնն է յայտնել իրավիճակի համար: Վերջերս յունիսի 16-ին Ռուսաստանի հարաւային դաշնային Օկրուգի պատւիրակութեան ընդունելութեան ժամանակ Քոչարեանը շեշտել էր. «Ռուսաստանի իրաւապահ մարմինները պէտք է կատարւածին արձագանքեն կոշտ՝ գործելով արագ, յստակ ու հասկանալի»:
Յունիսի 6-ին ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանեանը լրագրողների հետ ունեցած զրոյցում յայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանի արտգործնախարարութեան մամլոյ քարտուղարի միջոցով անհանգստութիւն է յայտնել Մոսկւայում տեղի ունեցած վերջին սպանութիւնների կապակցութեամբ: Նա ասել էր. «Մենք ուշադրութեամբ հետեւում ենք գործընթացին»՝ շարունակելով. «Մոսկւայում հայկական դեսպանատան աշխատակիցները հանդիպումներ են անցկացնում, եւ կարծում եմ, թէ առաջիկայ հանդիպումների ժամանակ այդ հարցը անպայման կը քննարկւի: Մենք պէտք է կատարենք հնարաւոր ամէն ինչ, որ հետագայում մեր հայրենակիցների հետ նման միջադէպեր տեղի չունենան»:
ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանեանը յուլիսի 3-ին կայացած մամլոյ ասուլիսի ժամանակ վստահացրել էր, որ հայկական կողմը Ռուսաստանի արտգործնախարարութեան ներկայացուցիչների հետ երկկողմանի հանդիպումներում միշտ բարձրացնում է այդ հարցը: Նա ասել էր. «Ռուսաստանի իշխանութիւնները լուրջ քայլեր պէտք է ձեռնարկեն բռնութիւնների եւ այլատեացութեան կանխարգելման համար»: Նա շեշտել էր. «Մենք, մեր հերթին, կը շարունակենք ուշադրութիւն դարձնել հայերի նկատմամբ բռնութիւնների կիրառմանը»:
Սակայն կան նաեւ կարծիքներ, որոնք ՀՀ իշխանութիւնների հակազդեցական դիրքորոշումը գտնում են թոյլ ու ոչ-վճռական՝ դժգոհելով նրանց ոչ-բաւարար պահանջատիրութիւնը՝ յանցագործներին արդար դատապարտելու ու հայազգիների անվտանգութիւնը ապահովելու գործում: Այնպէս որ՝ Հայաստանի Հելսինկեան կոմիտէի նախագահ Աւէտիք Իշխանեանը յունիսի 5-ին կայացած Երեւանի ցոյցում ասել էր. «Համոզւած եմ, որ եթէ Հայաստանի իշխանութիւնները խիստ դիրք բռնէին, շարունակութիւնը այսպէս չէր լինի: Նոյնիսկ, եթէ Կրասնոդարում հայկական գերեզմանների քանդուքարափից բաւականին լուրջ նոտա ուղարկէին, ինձ թւում է' բաւականին կմեղմւէր այս իրավիճակը»:


Աղբիւրներ

-Ա. Աբրահամեան. Մոսկւայում 19-ամեայ հայի սպանութիւնը սադրանք է «ութնեակի» գագաթնաժողովի շեմին
-2006 թւականի սկզբից Ռուսաստանում սափրագլուխներն սպանել են 18 մարդ
-Եւրոպայի խորհուրդը կոչ է արել Ռուսաստանին ռասիզմի դէմ պայքար մղել
-Հայաստանի մտաւորականները ուղերձ են հղել Վ.Պուտինին Ռուսաստանում հայերի սպանութիւնների կապակցութեամբ
-Հայաստանն անհանգստացած է Մոսկւայում հայերի սպանութեամբ
-Մոսկւայի հայերը բողոքում են
-Մոսկւայում կրկին յարձակում է կատարւել հայերի վրայ
-Մոսկւայում սպանւել է Հայաստանի քաղաքացի, դատախազութիւնը դա պատահականութիւն է համարում
-Ռ.Քոչարեանն- ՌԴ իրաւապահ մարմինները պէտք է կոշտ արձագանքեն քսենոֆոբիայի դրսեւորումներին
-Ռուսաստանում կատարւած վերջին սպանութիւնները ուղղւած չեն հայերի դէմ
-Ռուսաստանում ծաւալւող հակահայկական արշաւը շատ փորձառու ձեռք է կազմակերպում
-Վ.Օսկանեան- ՌԴ իշխանութիւնները պէտք է լուրջ քայլեր ձեռնարկեն այլատեացութեան դէմ պայքարի համար
-Ցոյց Հայաստանում ՌԴ դեսպանատան առջեւ
-Քսենոֆոբիայի «հարցը բոլոր մակարդակների հանդիպումներում օրակարգային է»
-Ֆաշիզմի ու անհանդուրժողականութեան հարցը Ռուսաստանում աւելի սուր է, քան ԵԽ այլ երկրներում


Այս յօդւածը նաեւ տպագրւել է Ալիք օրաթերթում:
«Ալիք» Յուլիսի 25, 2006

Monday, July 24, 2006

Թեհրանի Գրքի ու մամուլի ցուցահանդէսի կապակցութեամբ

Հայկական ուսումնասիրական ու հրատարակչական կազմակերպութիւնների ներկայութիւնը՝ Թեհրանի Գրքի ու մամուլի Ցուցահանդէսում



2006-ի ուրբաթ, մայիսի 12-ին աւարտւեցին Թեհրանի Գրքի 19-րդ եւ մամուլի 13-րդ միջազգային ցուցահանդէսները, որոնց բացումը պաշտօնապէս կատարւել էր մայիսի 3-ին: Բազմաթիւ հրատարչական ու լրագրական հիմնարկներ եւ կազմակերպութիւններ մասնակցում էին այս ցուցահանդէսին՝ ներկայացնելով բազմաթիւ տպագրութիւններ՝ տարբեր ոլորտներում:
Այն, ինչ որ աւելի էին հետաքրքրում ինձ, քաղաքական, պատմական ու մշակութային ասպարէզներում հրատարակւած գրքերն ու պարբերականներն էին, ի մասնաւորի նրանք, որոնք պարունակում էին հայկական թեմաներ, ինչպէս՝ Ղարաբաղեան պատերազմը եւ Անդրկովկասի անցեալ ու ներկայ իրավիճակը, Հայոց Ցեղասպանութիւնը եւ հայոց (ի մասնաւորի իրանահայութեան) պատմութիւնը: Ակնառու էր տեղական (ոչ-հայկական) այն հրատարակչութիւնների թիւը, որոնք ուղղակի մասնակցութեամբ ցուցադրել էին հրատարակած գրքեր՝ վերոյիշեալ թեմաներով:
Բայց ին՞չ տեղ էին գրաւել հայկական հրատարակչական ու ուսումնասիրական հաստատութիւնները՝ Թեհրանի ցուցահանդէսում: Ցաւօք՝ ինչպէս նախկին տարիներում, զգալի էր հայկական նման հրատարակիչների մասնակցութեան բացը:
Այս տարի մենք չունէինք ոչ մի ներկայացուցիչ մամուլի բաժնում, իսկ գրքի բաժնում մեր ներկայացուցիչը միայն «Նայիրի» հրատարակչութիւնն էր: Անցեալ մի քանի տարիներից սկսած մինչ այսօր, առաջին անգամը լինելով, մի հայկական հրատարկչութիւն ուղղակիօրէն մասնակցում էր Թեհրանի գրքի ցուցահանդէսին: «Նայիրի» հրատարակչութիւնը մի առանձին բաժնում ներկայացրել էր հայերէն, պարսկերէն ու ռուսերէն լեզւով տպագրւած տարբեր գրքեր, մասնաւորապէս՝ հայկական բովանդակութեամբ: Գնահատելի էր սոյն հրատարակչութեան մասնակցութիւնը, բայց, անտարակոյս, միայն դրանով չէր լինի բաւարարւել:

Վերջին տարիներում արագօրէն զարկ են ստացել պարսկերէն հրատարակութիւնները, որոնք հայկական խնդիրների կապակցութեամբ պարունակում են պատմական, քաղաքական, հասարակական եւ այլ նիւթեր: Հաշւի առնելով սոյն տպագրութիւնների քանակն ու զարգացող ընթացքը եւ նկատի ունենալով դրանց հաւանական անվստահելի ու անհաւաստի աղբիւրները՝ կասկած չի մնում, որ հայոց պատմութիւնն ու քաղաքական հարցերն ուսումնասիրող հայ մասնագէտներն ու ինչու չէ նաեւ հայկական հրատարակչական ու ուսումնասիրական հիմնարկները ինչքան ծանր պարտականութեան առջեւ են կանգնած՝ այս ուղղութեամբ վաւերական եւ ստոյգ տեղեկութիւններ փոխանցելու իմաստով:
Ցուցադրւած վերոյիշեալ պարսկերէն գրքերից որոշները հրատարկւել են Իրանի Ատրպատականի տեղական հրատարակչութիւնների միջոցով, որոնց բովանդակութիւնը ընդհանրապէս գրւել է ոչ-գիտական եւ հաւաստի ադրբեջանական կամ թրքական աղբիւրների հիման վրայ, որոնք մեծ մասամբ ունեն հակահայկական եւ հակաիրանական բնոյթ:
Իհարկէ, չպէտք է անտեսել տեղական հրատարկչութիւնների կողմից հրատարակւած այն աշխատութիւնները, որոնք ունեն պատմական ու քաղաքական հաւաստի ու գիտական հիմունքեր: Բայց նման աշխատանքների կողքին՝ ցուցադրւած էին նաեւ հակահայկական բովանդակութեամբ հրատարակւած գրքեր, որոնց նիւթը, անկասկած, գրւել էր միտումնաւոր ու սադրիչ ոչ-հաւաստի ու ոչ-գիտական աղբիւրների հիման վրայ: Կային գրքեր, որոնք հրատարակւել էին իբր թէ լուսաբանելու համար Կովկասի շրջանում 20-րդ դարասկզբում տեղի ունեցած իրադարձութիւնները:


Ուսումնասիրելով այդ գրքերը՝ ընթերցողը հանդիպում է հայութեան նկատմամբ դրսեւորւած շատ անհեթեթ ու անիրական արտայայտութիւնների: Այդ գրքերում հայերը ստանալով «խորամանկ», «արիւնարբու», «վայրագ», «թալանիչ» եւ նման անհիմն պիտակներ՝ տեղառտեղ մեղադրւում են բարբարոսութեան, ոճրագործութեան, մարդասպանութեան ու ցեղասպանութեան եւ դաւադրութեան մեղադրանքներով: Օրինակ՝ հայերը մեղադրւում են Երեւան, Գեանջա, Շուշի, Բաքու, Ջեբրայիլ, Ջաւանշիր եւ Զանգեզուր, ինչու չէ նաեւ Ատրպատականի Ուրմիա, Սալմաստ եւ Քոհնէշահր շրջաններում կատարած ոճրագործութիւնների ու կոտորածների համար:
Ներկայացւել էր մի այլ գիրք, որի հեղինակը, ըստ երեւոյթին, փորձել էր լուսաբանել Ղարաբաղեան պատերազմի իրադարձութիւնները, բայց այդ ուսումնասիրելով՝ ակնյայտ էին դառնում հեղինակի հակահայ մօտեցումները: Այս գրքում եւս հայերը մեղադրւում են Ղարաբաղեան պատերազմի տարիներում ոչ-մարդկային ու բարբարոսական յանցանքների համար:
Նկատելի է, որ այս բոլոր գրքերի հեղինակը անընդհատ փորձում է ընթերցողին ներշնչել մի անհաւասար ու դաժան պատերազմական իրավիճակի գոյութիւնը, որտեղ մի ճակատում Կովկասի ու Ատրպատականի մահմեդականներն են կանգնած, իսկ միւս ճակատում քրիստոնեաները, ինչպէս՝ հայերն ու ոչ-կովկասցի կամ ոչ-ատրպատականցի օտարազգիները: Ասես հեղինակի նպատակը Իրանի քաղաքացիների միջեւ երկպառակութեան արմատները ձգելը լինի, այն էլ յենւելով կրօնաէթնիկական տարբերութիւնների վրայ:
Խօսքը այն չէ, որ նման ստեղծագործութիւնների հեղինակը կամ թարգմանիչը կամ թէ հրատարակիչ հիմնարկի վարչական կազմը հետեւում է պանթուրքիստական ու հակահայկական գաղափարների, այլ ուզում եմ անդրադառնալ, որ երբ չկան կամ պակասում են նման թեմաների մասին պարսկերէնով հրատարակւած վստահելի ու հաւաստի, նաեւ հասանելի աղբիւրներ ու երբ մենք եւս չենք կամենում կամ թերանում ենք նման աղբիւրներ՝ տրամադրւելիք մեր պարսիկ ու ատրպատականցի հայրենակիցներին (նպատակս հրատարակչութեամբ է), արդէն պարզ է, որ նրանք չունենալով հաւաստի եւ գիտական հիմունքներով կազմւած աղբիւրներ՝ դիմելու են որոշ շրջանակների կողմից միտումնաւոր կերպով տրամադրւած իրականութիւնները խեղաթիւրող ու աղաւաղող սուտ գրւածքների:
Ներկայ պայմաններում որոշ պետութիւնների նպատակը Իրանի կրօնա-էթնիկական եղբայրական դարաւոր յարաբերութիւնների բարեկամութեան խզումն է: Ուստի՝ այդ նպատակի համար նրանք փորձում են ատելութեան ու թշնամութեան սերմը ցանել իրանցի քաղաքացիների մէջ: Միայն գրքի հրատարակչութեամբ չէ, որ նրանք մղում են այս պայքարը: Երբեմնակիօրէն հրատարակւող հակահայկական բնոյթ ունեցող յօդւածները տեղական մամուլում (օրինակ՝ 20-րդ դարասկզբում հայերի ձեռքով իրագործւած Ատրպատականի բնակչութեան կոտորածների անհիմն պնդումները) եւ արտասահմանից սփռւող պանթուրքիստական սադրիչ ու գրգռիչ հեռուստառադիոհաղորդումները բոլորն ապացոյցներն են կազմակերպւած ու ծրագրւած ընդարձակ քարոզչութեան:
Անտարակոյս, միայն մեզ է մնում, որ կազմելով ու տրամադրելով փաստագրական հաւաստի եւ անաչառ ու անկողմնակալ աղբիւրներ՝ լուսաբանենք այն բոլոր պատմական ու քաղաքական հարցերը, որոնք ինչ-ինչ նպատակներով ներկայացւում են այլափոխւած:
Ուստի՝ մեր ազգային ու մշակութային մարմինների պարտականութիւնն է կեանքի կոչել վերոյիշեալ հարցերին առընչւող յանձնախմբեր՝ ի մի բերելու հայ եւ մեր հայրենակից պատմաբան, հասարակագէտ ու քաղաքագէտ ուսումնասիրողներին ու մասնագէտներին: Սոյն յանձնախմբերը ուսումնասիրելով ու տրամադրելով փաստագրւած աղբիւրներ՝ պիտի սատար լինեն ամրացնելու Իրանի քաղաքացիների հազարամեայ վաղեմութիւն ունեցող բարեկամական ու եղբայրական յարաբերութիւնները:


Այս յօդւածը նաեւ տպագրւել է Ալիք օրաթերթում:

Sunday, July 23, 2006

Հակահայկական վանդալիզմի դաժան կերպարը՝ Վրաստանում

Վանդալիզմը՝ վրացականացման քաղաքականութեան ներքոյ
Տարիներ առաջ, երբ խօսք էր լինում վանդալիզմի մասին, մենք՝ հայերս անմիջապէս յիշում էինք հակաքաղաքակրթական բոլոր ակտերը կատարւած հայ մշակոյթի յուշարձանների նկատմամբ, որոնք գտնւում էին պատմական Հայաստանում, այն տարածաշրջաններում, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի տարիներում եւ դրանից յետոյ բռնազաւթւել են Թուրքիայի կողմից կամ 1920-ին բռնակցւել Խորհրդային Ադրբեջանի մարզում: Այսօր ականատես ենք, թէ ինչպէս բազմաթիւ հայկական յուշարձաններ ոչնչացման սպառնալիքի դէմ են կանգնած ոչ թէ Թուրքիայում եւ Ադրբեջանում, այլ՝ քրիստոնեայ Վրաստանում:
Վրաստանում յունական, ռուսական ու գերմանական յուշարձանները եւս ոչնչացման վտանգի տակ են, այն տարբերութեամբ, որ ազգայնամոլ վրացիների աչքին հայ մշակոյթի ապացոյցները չափազանց աւելի վտանգաւոր են՝ այն պատճառով, որ հակառակ միւս ազգերին, որոնք բնակւել են Վրաստանի մի շարք հատւածներում՝ որպէս եկւորներ, հայերը Հարաւային Վրաստանում ապրում են որպէս բնիկ, ոչ թէ նորեկ մի ժողովուրդ, քանի որ պատմութեան ընթացքում սահմանների տեղաշարժման պատճառով՝ Հայաստանի հիւսիսային գաւառները իրենց ամբողջ հայ բնակչութեամբ եւ հայկական մշակութային յուշարձաններով անցել են Վրաստանի իշխանութեան ներքոյ:


Այս տրամաբանութեամբ հարաւային տարածաշրջաններում ազգայնամոլ վրացիները իրագործել են համատարած եւ ծրագրւած աւերածութիւն եւ վրացականութիւն, որն ուղղւած է եղել հայկական յուշարձանների, ինչպէս եկեղեցիների, գերեզմանոցների, խաչքարերի, տապանաքարերի, վիմագրւած արձանագրութիւնների նկատմամբ՝ առանց հաշւի առնելու դրանց էութիւնը, նշանակութիւնը եւ վաղեմութիւնը: Սամուէլ Կարապետեանը իր «Վրաց պետական քաղաքականութիւնը եւ հայ մշակոյթի յուշարձանները» գրքում հիմք ունենալով անուրանալի փաստերը մէկ առ մէկ յիշել է կատարւած վանդալութիւնները:
Ընդհանրապէս, 20-րդ դարում Վրաստանի իշխանութեան վերաբերմունքը հայկական յուշարձանների, յատկապէս եկեղեցիների նկատմամբ թշնամական է եղել: Ցաւալին այն է, որ վրացի մտաւորականութիւնը անտարբերութեամբ է մօտեցել հարցին: Հայկական յուշարձանների մի մեծ բաժինը (շուրջ 80 եկեղեցի) աւերւել է հէնց ստալինեան բռնապետութեան օրօք ինչպէս վիրահայոց առաջնորդանիստ Հարանց վանքի համալիրը, Խոջիվանքի Ս. Աստւածածին եկեղեցին ու գերեզմանատունը եւ այլն: 1930-ականներին Թիֆլիսի 24 հայկական եկեղեցիներից 10-ը աւերեցին: Միւսները, բացի երկուսից, վերածեցին պահեստի, արտադրամասի, սպորտդահլիճի, կինոթատրոնի եւ այլն:
Խորհրդային կարգերի փլուզումից յետոյ՝ անկախացած Վրաստանում աւելի ուժեղ թափով շարունակւեց հակահայկական վանդալական քաղաքականութիւնը՝ այն տարբերութեամբ, որ եթէ խորհրդային տարիներում հայկական յուշարձանները պարզապէս ոչնչացնում էին, ապա այժմ, չնայած որ ոչնչացման քաղաքականութիւնը հնարաւորութեան դէպքում՝ դեռ գործադրւում է, դրանք այլափոխելով՝ իւրացնում եւ դարձնում են վրացական, այսինքն՝ վրացականացնում են: Երկար տարիներ է, որ Հայ առաքելական ու Վրաց օրթոդոքս եկեղեցիները մի շարք կրօնական կառոյցների եւ շէնքերի սեփականութեան խնդրում իրար հետ վէճի մէջ են:
1980-ական թւականների վերջերից, նամանաւանդ Վրաստանի անկախութիւնից (1991 թւական) յետոյ առ այսօր, պետական եւ հոգեւոր իշխանութիւնը փորձել է դիտաւորեալ ու միտումնաւոր կերպով վերացնել հայկական եկեղեցիների հայեցի լինելու բոլոր նշանները, վրացականացնել դրանք կամ հնարաւորութեան դէպքում՝ ամբողջովին քանդել: Յատկապէս Թիֆլիսում մի քանի հայկական եկեղեցիներ ոչնչացւել կամ վրացականացւել են եւ հազարաւոր գերեզմաններ՝ սրբապղծւել: Այս բոլորը կատարւել է մի քաղաքում, որտեղ դարեր շարունակ հայերն ունեցել են մեծագոյն բնակչութիւն, այնպէս որ՝ քաղաքը մինչեւ Հոկտեմբերեան յեղափոխութիւն (մէկ դարուց աւել) կառավարւել ու շէնացել է բացարձակապէս հայ քաղաքագլուխների ջանքերով: Անցած շուրջ 15 տարւայ ընթացքում հէնց Թիֆլիսում վրացի հոգեւորականները զաւթել են մի քանի հայկական եկեղեցիներ, ինչպէս՝ Կուսականաց Ս.Ստեփանոս եւ Ս.Բեթղեհէմ եկեղեցիներն ու Խիխոյի մատուռը: Շուրջ 30 վրացականացւած եկեղեցիների եւ այլ շէնքերի որմերից ու գերեզմանաքարերի վրայից քերւած, ջնջւած կամ պարզապէս անհետացած արձանագրութիւնների թիւը անցնում է 300-ից:



Այնպէս է թւում, թէ կատարւած վանդալիզմը իրագործւել ու շարունակում է իրագործւել երկրի պետական ու հոգեւոր այրերի անմիջական մասնակցութեամբ, ընդհանրապէս ուղղակի նրանց նախաձեռնութեամբ կամ գլխաւորութեամբ, կամ առնւազն անտարբերութեամբ ու թոյլատւութեամբ:
Չնայած 1980-ականներից առ այսօր Վրաստանում կատարւած անհամար վանդալական ակտերին՝ կյիշենք միայն մի քանի առաւել ակնառու օրինակներ.

1- Նորաշէնի Ս.Աստւածածին եկեշեցի
Հայկական եկեղեցիների վրացականացման ամենանշանակալի օրինակներից մէկը Թիֆլիսի Նորաշէն եկեղեցին է, որտեղ «վերականգնման» պատրւակով վրացիները քանդել են բարձր բեմը եւ մկրտութեան աւազանն ու ոչնչացրել՝ եկեղեցու պատերին փակցւած միջնադարեան խաչքարերը (դրանցից մէկը՝ 1650 թւականի), վիմագրերը եւ Յովնաթանեան վարպետների որմնանկարները:
Նորաշէն եկեղեցին գտնւում է Թիֆլիսի Լեսելիձէ պողոտայում: Դրա շրջապատում կանգնած են երկու եկեղեցիներ, մէկը յունական, բայց այժմ՝ վրացականացւած եւ միւսը հէնց վրացական, մի սինագոգ եւ մէկ մզկիթ: Նորաշէն եկեղեցին կառուցւել է 1467 թւականին՝ Սադաթի միջոցով: 1650-ին Խոջա Նազարը վերակառուցեց համարեա թէ ամբողջովին աւերւած եկեղեցին: Գմբէթի շինութիւնը նոյն թւականին կատարեց յայտնի արհեստաւոր Պետրոս վարպետը, ուր մինչեւ մի քանի տարի առաջ կատարւած շինութեան արձանագրութիւնը փակցւած եր շէնքի պատին: 1795, 1808 եւ 1875 թւականներին եւս կատարւել է նրոգումներ:
1924-25 թւականներին վրացի պաշտօնեաներից բաղկացած մի կոմիտէ ճանապարհաշինութեան պատրւակով որոշեց եկեղեցին ամբողջովին քանդել, բայց ծրագիրը ձախողւեց: Խորհրդային տարիներում շէնքը գործել է իբրեւ արխիւանոց: 1989 թւականին, նախքան Վրաստանի անկախացումը, Գամսախուրդիայի ծայրայեղ ազգայնամոլական քարոզչութեան հետեւանքով, վրացիներն ընդարձակելով իրենց վանդալական աշխատանքները՝ փորձեցին եկեղեցին դարձնել վրացական: Սոյն աշխատանքները 1994-ին հասաւ իրենց գագաթնակէտին, երբ Թիֆլիսահայերը մտահոգւած՝ ականատես եղան, թէ ինչպէս վրացիները արխիւներից բռնագրաւեցին բաւական արժէքաւոր գրքեր:
1995 թւականի յունւարի 25-ին եկեղեցու հարեւանութեան մէջ բնակւող հայերը նկատեցին, թէ կարծես ինչ-որ վերանորոգման աշխատանք է կատարւում եկեղեցու ներսում: Փետրւարի 8-ին 1650 թւականի գմբէթի վերակառուցման հետ կապւած արձանագրութիւնը քանդեցին: Նոյնպէս վնասւածքի ու ոչնչացման ենթարկեցին մի քանի օտար արձանագրութիւններ, երկու խաչքար եւ երկու շքեղ որմնանկարներ՝ 19-րդ դարին պատկանող: Մի քանի օր անց մի քանի հայեր փորձեցին մտնել եկեղեցի, բայց նրանց չթոյլատրւեց, ուր Ֆիզիկական բախումներ եւս տեղի ունեցան: Փետրւարի 15-ին վրացի հոգեւորականները եկեղեցին օծեցին Վրաց օրթոդոքս եկեղեցու ծիսակարգով: Մէկ ամիս անց Գարեգին եւ Գրիգոր արքեպիսկոպոսները, որպէս Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ, մեկնելով Թիֆլիս հանդիպումներ ունեցան Իլիա Երկրորդի հետ, որի արդիւնքում երկու կողմերը համաձայնեցին, որ եկեղեցում կատարւելիք բոլոր աշխատանքները դադարեցւեն մինչեւ Նորաշէնի վիճակը վերջնականապէս պարզւի: Այսպիսով եկեղեցին փակւեց:



Բայց այս վիճակը երկար չտեւեց: 2005-ի մայիսի սկզբում վրացիներն արհամարհելով կայացած համաձայնութիւնը՝ փորձեցին Նորաշէնի եկեշեցու բակում գտնւող հայկական միջնադարեան տապանաքարերը փոխել հարիւր տարւայ անցեալ ունեցող վրացական գերեզմանաքարերի հետ: Այս քարերն ունէին վրացերէն արձանագրութիւններ եւ մի անյայտ գերեզմանատնից էին փոխադրւել Նորաշէն: Վկաները տեսել եւ նկարահանել էին վրացական գերեզմանաքարերը, երբ դեռ փաթաթւած երկաթէ ձողերով՝ խառնիխուռն շարւած էին եղել եկեղեցու բակում: Իհարկէ, յետոյ բերած քարերը դասաւորւած ու ապահով կերպով եկեղեցու պատի երկարութեամբ տեղաւորեցին: Միաժամանակ, եկեղեցու բակում գտնւող հայկական գերեզմանաքարերի տեղը փոխել եւ դրանց հայերէն արձանագրութիւնները վերացրել էին:
Նպատակը պարզ էր: Նրանք այսպիսով կարող էին փաստել, որ Նորաշէնը Վրաց օրթոդոքս եկեղեցուն է պատկանում, եթէ ոչ, ինչպէ՞ս կարող էին հայերը թոյլատրել, որ վրացիները իրենց ննջեցեալներին թաղեն հայկական եկեղեցու առաջ:

2- Խոջիվանքի գերեզմանատուն
Խոջիվանքի գերեզմանատունը, որպէս հայկական հինաւուրց գերեզմանոց, գտնւում է Հաւլաբարում, որը Թիֆլիս քաղաքի հայկական հին շրջաններից է: Այս գերեզմանատանը հողին են յանձնւած բազմաթիւ հռչակաւոր հայեր, որոնք իրենց օրօք ակնառու դէմքեր են եղել քաղաքականութեան, ռազմագիտութեան, գրականութեան, մշակոյթի եւ գիտութեան ասպարէզներում: Ստալինեան ժամանակաշրջանում գերեզմանատունը աւերւեց եւ տարիներ անց, Վրաստանի անկախութիւնից յետոյ, նախկին նախագահի, Էդւարդ Շեւարդնաձէի եւ վրաց պատրիարք Իլիա Երկրորդի մասնակցութեամբ գերեզմանատան վայրում պաշտօնապէս հիմնօրհնւեց մի վրաց եկեղեցու կառոյցը: Այսօր այդ եկեղեցին (Ս.Երրորդութեան վրաց առաջնորդանիստ) իր կառուցման ընթացքի մէջ է: Կատարւած հողային աշխատանքների պատճառով՝ հարիւրաւոր աճիւններ ցրիւ են տրւել:
Խոջիվանքի գերեզմանատան հանդէպ կատարւած վանդալիզմը մեծագոյն յանցագործութիւնն է, որ հաւանաբար իրագործւել է աշխարհիկ եւ հոգեւոր իշխանութիւնների ղեկաւարների կողմից: Ինչպէ՞ս կարելի է մտածել, որ Շեւարդնաձէն երբ կանգնած Իլիա Երկրորդի կողքին՝ մասնակցել էր կառուցւելիք վրացական եկեղեցու հիմնօրհնէքին, անտեղեակ էր, որ եկեղեցին պիտի բարձրանայ Խոջիվանքի հայոց հինաւուրց գերեզմանոցի վայրում:

3- Կուսականաց Ս.Ստեփանոս եկեղեցի
1989-1991 թւականներին վրացիները «վերականգնման» անւան ներքոյ քանդելով Թիֆլիս քաղաքի Կուսականաց Ս.Ստեփանոս եկեղեցու (1868-1870) հայկականութիւնը փաստող բոլոր նշանները, ինչպէս՝ եկեղեցու բարձր բեմը, մկրտութեան աւազանը, տասից աւելի վիմագրեր, նաեւ մայրապետի դամբարանը, զանգակատունը եւ այլն, եկեղեցին իւրացրեցին:



4- Բեթղեհէմի Ս.Աստւածածին եկեղեցի
Բեթղեհէմի Ս.Աստւածածին եկեղեցին նոյնպէս «վերականգնման» պատրւակով զրկւել է բարձր բեմից, մկրտութեան աւազանից, պատերին ագուցւած միջնադարեան խաչքարերից ու վիմագրերից:

5- Ձորաբաշի Ս.Գէորգ եկեղեցի
Ձորաբաշի Ս.Գէորգ եկեղեցին հիմնայատակ քանդելուց յետոյ՝ տեղում կառուցել են վրացական նոր եկեղեցի:

6- Շամքորեցոց Ս.Աստւածածին (Կարմիր Աւետարան) եկեղեցի
Թիֆլիսի Շամքորեցոց Ս.Աստւածածին (Կարմիր Աւետարան) եկեղեցին (1808 թւականի) մի ժամանակ իր 40 մետր բարձրութեամբ համարւում էր Թիֆլիսի հայկական ամենաբարձր եկեղեցին: 1989 թւականի ապրիլի 13-ին պայթուցիկներով շէնքը աւերեցին ու դրա կործանումը վերագրեցին մէկ օր առաջ Թիֆլիսում արձանագրւած երկրաշարժին:



7- Քարափի Ս. Գէորգ եկեղեցի
Քարափի Ս. Գէորգ եկեղեցու «վերականգնման» աշխատանքների ընթացքում ոչնչացւել են շէնքի հարաւային ճակատում գտնւող շինարարական արձանագրութիւնները (1753 թ.):

8- Վերայի գերեզմանատուն
Թիֆլիսի Վերա (այժմ Չեմօ Վակէ) քաղաքամասի հայկական գերեզմանատունը շարունակաբար աւերւում է, քանի որ տեղում վրացիները իրենց ննջեցեալներին են թաղում:

9- Թելեթի Ս.Գէորգ վանք
Թիֆլիսի մերձակայքում գտնւող Թելեթ գիւղի Ս.Գէորգ վանքի (1681 թ.) եկեղեցու եւ զանգակատան «վերականգնման» (վրացականացման) հետեւանքով՝ ոչնչացւել է բարձր բեմը (բեմի քիւագօտու քարերը որպէս սանդուղք՝ յարմարեցրել են հարաւային մուտքի առջեւ), մկրտութեան աւազանը, հայերէն արձանագրութիւններ ունեցող խաչքարերն ու տապանաքարերը: Քանդել են նաեւ ուխտաւորների կացարան ծառայող պատշգամբը: Եկեղեցու արեւելեան ճակատում ագուցւած մարմարակերտ արձանագիր սալիկները 1990-ին ոչնչացւեցին: 1681-ին Տէր Յակոբի յիշատակին կանգնեցւած խաչքարի արձանագրութեան որոշ հատւածները 1997-ին քերւել են:



10- Շինդիսի Ս.Աստւածածին եկեղեցի
Շինդիս գիւղի Ս.Աստւածածին եկեղեցու (1866-1873) հայկական արձանագրութիւնները վերացւել են:

11- Նախշիրգորայի Ննջման Ս.Աստւածածին եկեղեցի
Նախշիրգորա գիւղում գտնւող Ննջման Ս.Աստւածածին եկեղեցու (1835) հայերէն վիմագիր արձանագրութիւնը 1996 թւականին ջնջւել եւ դրա բովանդակութիւնը բոլորովին վրացականացւել է:


Վանդալական տարբեր դէպքեր են արձանագրւել նաեւ՝ Սուրամ, Շահնապատ, Լիս, Սղնախ, Թելաւ, Վելիսցիխէ եւ այլ քաղաքներում ու գիւղերում, որոնց հետեւանքով՝ իւրացւել են հայկական եկեղեցիները ու վերացւել՝ հայերէն արձանագրութիւնները: Անցեալ տասնամեակներում հակահայկական վանդալիզմի ընթացքը թափ է ստացել: Ցաւօք՝ այսօր Վրաստանում հայկական եկեղեցիները մեծ մասամբ չեն գործում եւ շատ վատ վիճակում են, նոյնիսկ Թիֆլիսի գործող երկու եկեղեցիներն՝ Ս.Գէորգը եւ Ս.Էջմիածինը քայքայւած վիճակում լինելով՝ կարօտ են նորոգումների: Եթէ այսպէս շարունակւի, վաղը դրանք Նորաշէնի ճակատագրին կարժանանան:


Օգտւած աղբիւրներ
-Հայկական պատմական յուշարձանների իրավիճակը՝ Վրաստանում
-Սամուէլ Կարապետեանի «Վրաց պետական քաղաքականութիւնը եւ հայ մշակոյթի յուշարձանները» գրքի մասին
-Վրաստանի ազգային փոքրամասնութիւնների իրաւունքների եւ ազատութիւնների պաշտպանութեան միջազգային եւ ներպետական չափորոշիչներ
-Վրացահայ ածուն վարդերի յեղափոխութիւնից յետոյ
-Armenian church protests to Georgia at vandalism of graves
-Armenian Church representatives are surprised with the appeal of Georgian Orthodox Church
-Armenian Diocese in Georgia
-Georgians, Armenians Row Over Vanishing Monuments
-“Javakhk needs help of the whole Armenian world”: Chairman of United Javakhk Vahagn Chakhalian to REGNUM
-Tbilisi Church Dispute Clouds Georgian-Armenian Ties
-The Armenian Question: Keeping a home in Georgia and a heart in Armenia
-The demands of the Armenian diocese pass all limits

Այս յօդւածը նաեւ տպագրւել է Ալիք օրաթերթում:
«Ալիք» Յունիսի 21, 2006 (Ա. բաժին)

Tuesday, July 18, 2006

Հակահայկական վանդալիզմի դաժան կերպարը՝ Ադրբեջանում

Ադրբեջանը հետեւում է Թուրքիայի վանդալական ուղեգիծին
Չնայած խորհրդային տարիներում, Ադրբեջանի տարածքներում, մասնաւորապէս Ղարաբաղում ու Նախիջեւանում գտնւող հայկական պատմա-մշակութային յուշարձանները- ինչպէս խորհրդային իշխանութեան բռնապետութեան տակ գտնւող ոչ-ադրբեջանական հատւածներում- ենթարկւել են լայնածաւալ աւերածութեան, բայց խորհրդային կարգերի փլուզումից յետոյ, ի մասնաւորի վերջին այս տարիներում, Ադրբեջանի կառավարութիւնը ընդօրինակելով Թուրքիայի պանթուրքիստական ու հակահայկական քաղաքականութիւնը, գործադրել է մի վանդալական ուղեգիծ՝ համապատասխան Թուրքիայում իրագործւած մշակութային ջարդին: Անցած տասնամեակների ընթացքում Ադրբեջանը իր իշխանուշեան տարածաշրջանում, այսինքն՝ զաւթած հայկական հողերում եւ հայաբնակ տարածքներում փորձեր է կատարել՝ ոչնչացնելու հայ մշակոյթի նշաններն ու անհետացնելու նրա հետքերը: Այս ուղղութեամբ իշխանութիւնը փորձել է քանդել հայկական յուշարձանները կամ դրանք իւրացնել «աղւանական» յայտարարելու ճանապարհով: Նպատակը պարզ է. բռնագրաւած հայկական հողերը իւրացնել եւ հայաբնակ շրջաններում հայերի բազմադարեան գոյութիւնը հերքել:


Բազմաթիւ վանդալական ակտեր են արձանագրւել նամանաւանդ ԼՂՀ-ի հիւսիսային Արցախի եւ Կուրի ձախափնեայ հայկական շրջաններում: Առաւելապէս տուժել են հիւսիսային Արցախի, մասնաւորապէս Գետաբէկի եւ Դաշքեսանի շրջաններն ու ներկայում ԼՂՀ-ին յարակից (այժմ ազատագրւած) հատւածները: Ինչու չէ նաեւ վանդալիզմի առարկայ են դարձել Նախիջեւանի յուշարձանները: Տարէցտարի աւերւող յուշարձանների թիւն աւելացել է: Չնայած սկզբում ադրբեջանցիները հայոց եկեղեցիները կործանելու համար պայթեցման էին դիմում, բայց յատկապէս 1988 թւականի վերջերից, երբ հայկական պատմա-մշակութային յուշարձանների ոչնչացման գործընթացն աւելի արագ ու ծանր ընթացք ստացաւ, ադրբեջանցիները օգտւելով ստեղծւած պատերազմական իրավիճակից՝ փորձեցին ոչնչացնել հայոց հոգեւոր ժառանգութիւնները (ինչպէս՝ Եղնասարի վանքը)՝ տանկերի ու թնդանօթների համազարկերով պատճառելով աւելի քայքայիչ հարւածներ:
Ադրբեջանում իրագործւած վանդալական ակտերից (կատարւած թէ' խորհրդային, եւ թէ' յետխորհրդային տարիներում) կարելի է յիշել հետեւեալ օրինակները.

1- Ծարի գերեզմանատունը եւ Ս.Սարգիս ու Մայր եկեղեցիները
1950-1960-ական թւականներին ադրբեջանցիները Քարվաճառ շրջանի Ծար գիւղի ամբողջովին աւերւած պատմական (13-18-րդ դարերի) ու ընդարձակ գերեզմանատան կտորտանքի վերածւած խաչքարերը, տապանաքարերն ու հայերէն վիմագրերը (շուրջ 133 բեկոր) տեղափոխելով՝ օգտւեցին որպէս շինանիւթեր՝ գիւղի հարաւարեւելեան եզրին կառուցւելիք դպրոցի պատերի շինութեան համար:
Ծար գիւղի Մայր եկեղեցին (13-րդ դարի) մինչեւ 1950-ական թւականների վերջերը՝ կիսաւեր էր, իսկ այժմ դրանից ոչ մի հետք չկայ: Գիւղի Ս.Սարգիս եկեղեցին (1274) չնայած մինչեւ 1950-ականների վերջերը անվնաս ու կանգուն էր, բայց ներկայում ամբողջովին ոչնչացւել է:


2- Գետամիջոյ վանքը
1960-ականներին Քարվաճառ շրջանի Գետամիջոյ վանքը (1301-ի) քանդել ու շէնքի քարերով կառուցել են մի քանի բնակարաններ ու Ճրագ գիւղի դպրոցի շէնքը, որի պատերի մէջ դեռ նկատելի են մի վիմագրի 22 բեկորները:

3- Եղեգնուտի մօտակայքի եկեղեցին
Քարվաճառի շրջանի Եղեգնուտ (Ղամշլի) գիւղից 2 կմ. հարաւ-արեւմուտք գտնւող եկեղեցին (12-13-րդ դարերի) պայթեցւել է 1983 թւականին:

4- Աղղայեայի գերեզմանոցը
1970-1980-ական թւականներին Քարվաճառի շրջանի Աղղայեան գիւղի եզրին գտնւող 12-13-րդ դարերի գերեզմանոցի բոլոր խաչքարերը տեղահանել ու կոտրատել են:

5- Առաքելոց եւ Մովսիսաշէն գիւղերի միջեւ գտնւող եկեղեցին
1983-ին Քաշաթաղի (նախկին Լաչին) շրջանի Առաքելոց (Արոխլու) եւ Մովսիսաշէն (Քիւրդ-հաջի) գիւղերի միջեւ կառուցւած եկեղեցին պայթեցրին:

6- Հարարի գերեզմանոցը
1970-1980-ականներին Քաշաթաղի շրջանի Հարար (Ներքին Փարաջան) գիւղի հարաւարեւմտեան եզրին գտնւող գերեզմանոցի (12-20 դարերի) տարածքը հարթեցրել ու տեղում կառուցել են անասնապահական համալիր:

7- Օհանայ Եղցի եկեղեցին
Վերջին տարիներում միջնադարեան Օհանայ Եղցի եկեղեցին, որ գտնւում է Զանգելանից հիւսիս, Սուսանսար անտառապատ լեռնաշղթայի վրայ ու Գրհամ բերդի հարեւանութեամբ, պայթեցրել են:

8- Հին Թումաս գիւղի եկեղեցին
1970-ականներին Ջեբրայիլի շրջանի Հին Թումաս գիւղի եկեղեցին (12-13-րդ դարերի) քանդել ու քարերն օգտագործել են մի դպրոցի սանդուղքների շինութեան համար:

9- Վանքասարի եկեղեցին
1980-ական թւականների կէսերում վերանորոգման պատրւակով այլափոխել են Վանքասարի եկեղեցին (6-7-րդ դարերի): Պահպանւած միակ խաչքարը փոխադրել են Աղդամի բացօթեայ թանգարանը, որտեղ այդ քարը ներկայացնում են որպէս «աղւանական» յուշարձան:

10- Ղալաքեանդի եկեղեցիները
Գետաբէկի շրջանի Ղալաքեանդ գիւղում գտնւող 12 եկեղեցիներից (9-11-րդ դարերի) պահպանւել է միայն մէկը, այն էլ՝ կիսաւեր վիճակում:

11- Բանանցի մօտակայքի եկեղեցին
1986-1987-թւականներին Դաշքեսանի շրջանի Բանանց գիւղից 8 կմ հարաւ գտնւող 9-11-րդ դարերի եկեղեցին աւերել ու քարերը լցրել են ձորը:

12- Ցնծահալի եկեղեցին
1960-ականներին Դաշքեսանի շրջանի Ցնծահալ գիւղի եկեղեցին (16-17-րդ դարերի) հիմքից քանդել ու տեղում դպրոց են կառուցել:

13- Կիրանցի մօտակայքի եկեղեցին
1970-ականների վերջերում Կիրանց գիւղի մօտ գտնւող եկեղեցին ամբողջովին աւերել են էլեկտրահաղորդման սիւն կանգնեցնելու անւան տակ:

14- Վերին Քարհատի եկեղեցին
1970-ական թւականների վերջերում Վերին Քարհատ գիւղի եկեղեցին (16-17-րդ դարերի) հիմնովին քանդել են հանքավայրերի շահագործման պատրւակով:

15- Շուշիի Կանաչ ժամ եւ Ղազանչեցոց մայր եկեղեցիները
Մինչեւ Շուշիի ազատագրումը՝ քաղաքի Կանաչ ժամ եկեղեցին դարձել էր հանքային ջրերի ըմպելասրահ, իսկ Ղազանչեցոց Ս.Ամենափրկիչ մայր եկեղեցին՝ հասարակական զուգարան:

16- Սարսանգի ջրամբարին զոհ դարձած յուշարձանները
Սարսանգի ջրամբարի կառուցման զոհ դարձան 12-13-րդ դարերի երկու կամուրջներ, 13-17-րդ դարերի երեք մատուռներ եւ շուրջ 70 խաչքարեր: Նրանք արհամարհելով՝ մերժեցին չափագրել կամ լուսանկարել այդ յուշարձաններն ու քարերն օգտագործեցին պատւարի մէջ եւ այսպիսով՝ վերջում այդ բոլորը մնաց ջրամբարի յատակին:

17- Գանձակի Ս.Սարգիս եկեղեցին
1980-ական թւականներին Գանձակ (Գեանջա) քաղաքի Ս.Սարգիս եկեղեցին (17-րդ դարի) «վերանորոգման» անւան տակ դրսից աղիւսով երեսպատւեց ու կորցրեց իր հայկական ոճը: Անցեալում օգտագործւում էր որպէս ժողովուրդների բարեկամութեան պալատ:

18- Բաքւի գերեզմանոցը
Բաքւի գերեզմանոցը (18-19-րդ դարերի) աւերել են, իսկ շիրմաքարերը օգտագործել «Ինտուրիստ» հիւրանոցից մինչեւ Կիրովի զբօսայգի տանող ճանապարհի սանդուղքների շինարարութեան մէջ:

19-Շուշիի Պարին պիժ վանքը
Ադրբեջանցիները ԼՂՀ Շուշի քաղաքի բռնագրաւման ժամանակաշրջանում (չնայած միայն 11 ամիս տեւեց) քայքայեցին Պարին պիժ վանքը, այնպէս որ՝ աւերեցին նրա մատուռը հիմնովին, իսկ եկեղեցին (1658 թւականի)՝ մասամբ:

20- Մէյսարու Ս.Աստւածածին վանքը
1970-ական թւականների սկիզբներում Շամախու շրջանի Մէյսարու Ս.Աստւածածին վանքը պայթեցրեցին:



21- Գետաշէնի մօտակայքի Եղնասարի վանքը
1991 թւականի մայիսին ադրբեջանցիները, երբ բռնագրաւել էին Գետաշէնի գիւղի յարակից տարածքը, գիւղի մօտ գտնւող կանգուն եւ անվնաս Եղնասարի վանքը տանկերի ու թնդանօթների համազարկերով մի ակնթարթում փլեցրին:

22- Հին Ջուղայի գերեզմանատունը
Հին Ջուղան (ադրբեջաներէնով Ջուլֆա) գտնւում է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան տարածքում, նրա հարաւային բաժնում, Արաքս գետի ձախ ափում ու Իրան-Նախիջեւան սահմանագծում: Ջուղան համարւում էր պատմական Հայաստանի ամենանշանաւոր բնակավայրերից մէկը (ուշ միջնադարում Երնջակ գաւառի կենտրոնն էր) ու մինչեւ 1605 թւականը, երբ նրա հայ բնակչութիւնը Շահ Աբբասի հրամանով Պարսկաստան բռնագաղթւեց, հանրաճանաչ քաղաք էր: Բայց սոյն թւականից երբ շահը կործանելով քաղաքը՝ կանգուն թողեց միայն գերեզմանատունը, դարձաւ աւերակ մի քաղաք:

Ջուղայի պատմական գերեզմանատունը իր 9-17-րդ դարերին պատկանող անզուգական խաչքարերով ու տապանաքարերով տարածւած է աւերւած քաղաքի արեւմտեան մասում փոքրիկ ձորակներով միմեանցից բաժանւած բլրակների վրայ: Գերեզմանոցը ունի իր պատմական ու գեղագիտական բացառիկ արժէքները, այնպէս որ՝ իւրայատուկ տեղ է գրաւում հայկական մշակութային կոթողների մէջ՝ թէ' ազգային, եւ թէ' միջազգային չափանիշով: Խաչխարերը իրենց մշակման կատարելութեամբ բաժանւելով երեք տարբեր խմբերի (9-14 դդ, 14-16 դդ, 16-րդ դարից մինչեւ 1605 թւականը)՝ խաչքարային արւեստում համարւում են անկրկնելի նմուշներ ու ներկայացնում՝ հայկական 1500ամեայ քարտաշութեան աւանդոյթը:

Ջուղայի տեղահանութիւնից յետոյ 1648 թւականին գերեզմանոցում արձանագրւել էին շուրջ 10000 խաչքարեր: 20-րդ դարի սկզբից ու նամանաւանդ խորհրդային տարիներից առ այսօր Նախիջեւանի հայկական կոթողները դարձել են վանդալիզմի առարկայ: Հակահայկական մշակութային ջարդը սկսել է Ռուսաստանի տիրապետութեան ժամանակից, այսինքն 1905-1906 թւականներից, եւ շարունակւել խորհրդային տարիներում, 1920-ականներից մինչեւ 70-ականները, որի հետեւանքով՝ Հին Ջուղայում ոչնչացւեցին շուրջ 6000 խաչքարեր: Խորհրդային տարիներում սոյն գերեզմանատունը ոչ միայն չի արժանացել յուշարձանների պահպանութեան վարչութեան ուշադրութեանը, այլեւ թոյլատրւել է, որ մերձակայ գիւղերի թուրք ազգաբնակչութիւնը խաչքարերը կոտրատելով՝ օգտագործի շինարարութեան մէջ: 1971 եւ 1973 թւականների կատարած հաշւարկումների համաձայն՝ կանգնած ու ընկած խաչքարերի թիւը հասնում էր շուրջ 2700-ի:

Յետխորհրդային տարիներում Ադրբեջանի իշխանութիւնը հիմք ունենալով պանթուրքիստական աւերատենչական քաղաքականութիւնը, կրկնակի բարբարոսութեամբ շարունակեց վանդալական վերաբերմունքը՝ Նախիջեւանի հայկական յուշարձանների նկատմամբ: 1998 թւականից մինչ այսօր Ադրբեջանը օգտւելով իր զինւորական ուժերից՝ ոչնչացրել է կանգուն մնացած խաչքարերը՝ մի քանի եկեղեցիների հետ միասին: Այս ծրագիրն իրագործւել է սիստեմատիկ ու կազմակերպւած կարգաւորութեամբ՝ մի քանի փուլերով:

1998 թւականին Ադրբեջանի զինւորները փորձեցին ոչնչացնել այդ կոթողները: 1998-ի նոյեմբերին Իրանի սահմանից ականատեսները վկայում են, թէ ինչպէս ադրբեջանցիները բուլդոզերով քանդում ու տեղահան էին անում խաչքարերը եւ տապանաքարերը, տեղը հարթում ու յետոյ քանդւած բեկորները՝ գնացքով տեղափոխում: Շուրջ երեք շաբաթ շարունակ տեւած բարբարոսութեան հետեւանքով՝ խաչքարերի գրեթէ 30 տոկոսը (800 խաչքար) ոչնչացւեց: Երկաթուղով քարերի տեղափոխումը փաստն էր այն բանի, որ այս բոլորը Նախիջեւանի իշխանութիւնների հրահանգով էր կատարւել: Միայն Հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող կազմակերպութեանը (RAA) եւ «Երկիր ու մշակոյթ»-ի (Land and Culture) ու նման հաստատութիւնների բուռն բողոքների ու ԻՒՆԵՍԿՕ-ի եւ ԻԿՕՄՕՍ-ի ու այլ համաշխարհային կազմակերպութիւնների միջամտութեամբ էր, որ ոչնչացման ծրագիրը, չնայած ժամանակաւոր կերպով, կասեցւեց:
2002-ի նոյեմբերի 9-ին Ադրբեջանը վերսկսեց ոչնչացման ծրագիրը՝ աւերելով հարիւրաւոր խաչքարեր: Նոյեմբեր 25-ին Իրանի սահմանից նկարահանւած լուսանկարները փաստն էին կատարւած վանդալութեան:

Ինչպէս բոլորս տեղեակ ենք, 2005-ի դեկտեմբերի 10-ից սկսած՝ մօտ 200 ադրբեջանցի զինւորների միջոցով Ջուղայի գերեզմանատունն ամբողջովին բնաջնջման ենթարկւեց: Զինւորները քարաքանդիչ ինքնաշարժների, կռանների ու տապարների օգնութեամբ խաչքարերը մէկ առ մէկ ջարդ ու փշուր էին անում, յետոյ լցնում բեռնատար մեքենաներն ու փոխադրելով՝ լցնում Արաքս գետը: Հետաքրքիրն այն է, որ վերջերս ադրբեջանցիները համաշխարհային բուռն բողոքների դիմաց յայտնել են, որ այդ գերեզմանաքարերը ոչ թէ հայկական, այլ աղւանական են եղել:



23- Նախիջեւանի միւս յուշարձանները
Հաւանաբար բազմաթիւ հայկական պատմա-մշակութային յուշարձաններ Նախիջեւանում, ինչու չէ նաեւ Ադրբեջանի միւս տարածքներում, ենթարկւել են Ջուղայի գերեզմանատան ճակատագրին, միայն քանի որ սահմանի այս միւս կողմից տեսանելի չեն, բնականաբար որեւէ յստակ տեղեկութիւն չկայ նրանց մասին, բայց հասած ստոյգ տեղեկութիւնները հաստատում են, որ ադրբեջանցիները Նախիջեւանում միտումնաւոր կործանել են 250-ից աւելի հայկական վանքեր, ինչպէս Աստապատի Կարմիր վանքը ու Ջուղայի Ս.Ամենափրկիչ վանքը: Ուշագրաւ է որ մինչև 1910-ական թւականները, Նախիջևանում գտնւող շուրջ 100 հայկական բնակավայրերում գործել է 180-ից աւելի եկեղեցի ու 32 վանք։

Օգտւած աղբիւրներ


Այս յօդւածը նաեւ տպագրւել է Ալիք օրաթերթում:

Saturday, July 08, 2006

Հակահայկական վանդալիզմի դաժան կերպարը՝ Թուրքիայում

Մշակութային ջարդ, վանդալիզմի բնորոշ օրինակը՝ Թուրքիայում
Հայոց ցեղասպանութեան տարիներից սկսած մինչեւ այսօր Թուրքիայի ֆաշիստական իշխանութիւնը կազմակերպել եւ իրագործել է սիստեմատիկ հակահայկական վանդալական մի ծրագիր, յատուկ կարգաւորութեամբ, այնպէս որ՝ անցեալ տասնեակ տարիներում լայնատարած ու կազմակերպւած ընթացքով փորձել է ոչնչացնել կամ չէզոքացնել հայկական պատմա-մշակութային ժառանգութիւնները: Ջարդի հետեւանքով զոհւած ժողովրդի կանգուն մնացած պատմական ու կրօնական յուշարձանները թուրքերին դժւար կացութեան մէջ էին դրել. նրանք գիտէին, որ կոթողների թիւը ինչքան շատ լինի, պատմութիւնը կեղծելու պայքարը նոյնչափ աւելի դժւար ընթացք կունենայ:
1912-1913 թւականներին թրքական կառավարութեան ներքին գործերի նախարարութիւնը Կ.Պոլսոյ հայոց պատրիարքարանին յանձնարարում է, որ կայսրութեան տարածքում գտնւող հայկական գործող վանքերից ու եկեղեցիներից մի ցուցակ կազմի: Համաձայն Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեանի կազմած վիճակագրութեան՝ 1912 թւականին Արեւմտեան Հայաստանում գործող հայկական վանքերի ու եկեղեցիների թիւը հասնում եր 2200-ի:
Դոկտ. Ռայմոնդ Գէորգեանը 1992 թւականին Փարիզում հրատարակած իր լայնածաւալ հաւաքածոյում (Les Arméniens dans l'Empire Ottoman à la veille du génocide), հիմք ունենալով Ստամբուլի հայոց պատրիարքարանի 1913 եւ 1914 թւականների չհրատարակւած արխիւները, ցուցակագրել է 2538 եկեղեցի, 451 վանք եւ շուրջ 2000 դպրոց: Մեր օրօք, Ստամբուլից դուրս, հայերս ունենք միայն 6 եկեղեցի, ոչ մի վանք եւ ոչ մի դպրոց: Իրօք ի՞նչ է կատարւել միւս 2500 եկեղեցիներին ու մնացած հայկական կառոյցներին:
Իրականութիւնն այն է որ այս կառոյցները ենթարկւել են դիտաւորեալ աւերման, արհամարանքի, անփութութեան ու իւրացման, այնպէս որ՝ դրանք ընդհանրապէս զրկւել են որպէս ազգային մասնիկներ ճանաչւելուց. իհարկէ սա այն կոթողներին չի վերաբերում, որ գտնւում են Ստամբուլում, քանի որ այս քաղաքն ունի տուրիստական արժէք ու դեռ պարունակում է իր մէջ որոշակի քանակութեամբ հայութիւն: Այդ քաղաքականութիւնը պարզապէս հակասում է 1923-ի Լօզանի պայմանագրի 38-ից մինչեւ 44-րդ յօդւածներին, որոնց համաձայն՝ պիտի պահպանւեն փոքրամասնութիւնների իրաւունքները:
1974 թւականի ԻՒՆԵՍԿՕ-ի տւեալների համաձայն՝ 1915 թւականից յետոյ կանգուն մնացած 913 շինութիւններից 464-ը ամբողջովին ոչնչացւել են, 252-ը՝ վերածւել աւերակների, իսկ 197-ը վերականգնման լուրջ կարիք ունեն:
Թուրքիայի կառավարութիւնը այսպէս է պատճառաբանում, թէ հայկական յուշարձանները աւերւել են յարակից գօտւոմ տեղի ունեցած երկրաշարժերի հետեւանքով: Սակայն զարմանալի երեւոյթ է, որ սելջուկեան յուշարձանները, հակառակ հայկականներին, կանգուն են մնում երկրաշարժերից ու չեն աւերւում:
Ուշագրաւ է, որ իրագործւած աւերածութիւնները չեն սահմանւում միայն պատմական Հայաստանի տարածքներում, այնպէս որ՝ 1997 թւականին Կիպրոսի բռնագրաւած տարածքում Նիկոսիայից 30 կմ. հիւսիս-արեւելք գտնւող Ս.Մակարայ վանքը թալանւել ու ամբողջովին աւերւել է:


Կոտորածի տարիներում իրագործւած վանդալիզմը
Համաձայն անվիճելի փաստերի՝ կոտորածի տարիներում երիտթուրքերի կառավարութիւնը ձգտում էր ոչնչացնել հայկական քաղաքակրթութեան բոլոր նշանները: Եղեռնի տարիներում, այսինքն՝ 1915-ից մինչեւ 1920-ականների սկիզբը (համարեա 1923-ը), բազմաթիւ եկեղեցիներ, վարչական կառոյցներ եւ բնակարաններ թալանւեցին, հրկիզւեցին կամ պայթեցւեցին: 1915-ից մինչեւ 1923 թւականը շուրջ 1000 հայկական եկեղեցիներ ու վանքեր հողի հետ հաւասարւեցին եւ համրեա թէ 700 կրօնական կառոյցներ կիսաքանդւեցին:
Բացի բոլոր հայկական սեփականութիւններից, որոնք ջարդի օրերում աւերի ենթարկւեցին (ինչպէս Կիլիկիոյ կաթողիկոսութեանը պատկանող կառոյցները՝ Սիսում), 1923-ից երբ հայ բնակչութեան մեծամասնութիւնը արդէն սպանւել կամ տեղահան էր եղել ներկայ Թուրքիայի հողամասերից, հայկական պատմա-մշակութային յուշարձանները, որոնք մեր 20-դարեայ գոյութեան փաստերն էին Փոքր Ասիայում, սիստեմատիկ կերպով աւար ու աւեր դարձան:



Պայթումների ու զինավարժութիւնների թիրախ դարձաց յուշարձաններ
Բազմաթիւ են օրինակները այն վանքերի ու եկեղեցիների, որոնք պայթուցիկների կամ հրետանու օգնութեամբ եւ նամանաւանդ զինավարժութիւնների ժամանակ ոչնչացւել են: Օրինակ՝ Թուրքիա-Հայաստան սահմանում նախկինում կանգնած էր Խծկոնքի վանքը (10-11-րդ դարեր)՝ իր շրջապատող հինգ փոքրիկ եկեղեցիներով: Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ վանքի մեծ մասը դինամիտի օգնութեամբ քանդեցին: Այդ հինգ եկեղեցիներից այժմ կանգուն է մնացել միայն մէկը (Ս.Սարգիս եկեղեցին), չնայած որ եկեղեցու պատերը մի քանի տեղից քանդել են:
Թուրքիա-Հայաստան սահմանից ոչ-հեռու կանգուն էր Տեկորի եկեղեցին (5-րդ դար)՝ իր բացառիկ վիմագրերով, որոնք համարւում էին հայկական ճարտարապետութեան ամենահին օրինակները (455 թ.): 1956 թւականին Տեկորը թիրախ է դառնում թրքական բանակի հրետանային վարժութիւնների ժամանակ:
Թուրքիայի արեւելեան տարածքում գտնւող Ս.Բարթուղիմէոս առաքեալի վանքը, որ կառուցւել էր առաքեալի նահատակութեան վայրում եւ համարւում էր հայ ժողովրդի ու Քրիստոնեայ աշխարհի կարեւորագոյն սրբավայրերից մէկը, 1962 թւականին թրքական բանակի կողմից պայթեցւեց:
1960-ական թւականներին Ս.Կարապետի վանքը, որ մի անգամ 1915-ին թալանւել ու մասամբ աւերւել էր, բանակի հրետանային զինավարժութիւնների հետեւանքով՝ վերածւեց քարակոյտի: Հետագայում քարերը նոյն տարածքում առաջանալիք գիւղի շինարարական աշխատանքներին օգտագործւեցին:


Շինարարկան աշխատանքների պատրւակով աւերումներ
Թուրքերը շինարարական աշխատանքների, ինչպէս ճանապարհ եւ կամուրջ կառուցելու պատրւակով եւս փորձել են ոչնչնացնել հայկական յուշարձանները: Ասում են, թէ Անիի Փրկչի եկեղեցու կառոյցի կէսը քանդել են ճանապարհաշինութեան պատրւակով: Ստամբուլում եւս աւերւել են մի քանի հայկական գերեզմանոցներ, դպրոցներ եւ եկեղեցական սեփականութիւններ՝ հէնց նոյն պատրւակով:


Չվերականգնւած յուշարձաններ
Հակառակ դրան, որ Թուրքիայում պատմական յուշարձանների պահպանման ու վերականգնման կապակցութեամբ յատուկ օրէնք է անցկացւած, բայց տարիներ շարունակ իշխանութիւնը չի թոյլատրել, որ որեւէ նորոգման ու վերականգնման աշխատանք կատարւի, այնպէս որ՝ պատասխանատու հիմնարկները թերացել են նւազագոյն նորոգութիւններ կատարելու խնդրում: Այս քաղաքականութեան պատճառով ինքնաբերաբար սոյն կառոյցները բնական քայքայիչ ազդակների ազդեցութեան ներքոյ ոչնչացման են ենթարկւելու: Այս վտանգը սպառնում է Թուրքիայի բոլոր հայկական եկեղեցիներին:
Աղթամարի Ս.Խաչ եկեղեցու գմբէթում բացւած անցքը, չնայած բոլոր բողոքների, 25 տարուց աւել է, որ նոյնութեամբ մնացել է առանց որեւէ վերականգնման: Գմբէթի փլւելու վտանգից բացի՝ հաւանական է, որ անձրեւի տեղումների ու խոնաւութեան հետեւանքով՝ ներսի որմնանկարներն վնասւեն:
1965 թւականին Քեբան ջրամբարի կառուցման հետեւանքով գոյանալիք արհեստական լիճը սպառնալիք էր դարձել առանձնապէս հինգ կարեւոր յուշարձանների, այսինքն՝ երկու մզկիթների, սիրիական մի փոքր եկեղեցու եւ հայկական երկու եկեղեցիների (դրանցից մէկում կային 10-րդ դարի բացառիկ որմնանկարներ) համար: Երկու մզկիթները քար առ քար տեղափոխւեցին նոր վայր. սիրիական եկեղեցին էլ պեղւեց ու չափագրւեց. իսկ հայկական եկեղեցիները չնայած աւելի հին էին միւս երեք յուշարձաններից՝ անուշադրութեան մատնւեցին:



Գիւղացիների ոտնձգութիւններին զոհ գնացած յուշարձաններ
Աւերման են ենթարկւել զանազան յուշարձաններ, այն պատճառով, որ իշխանութիւնը անտարբերութեամբ կամ խրախուսանքով է մօտեցել գիւղացիների ոտնձգութիւններին: Մերձակայ գիւղերի բնակչութիւնը եկեղեցիների կառոյցում ագուցւած, տաշած քարերը օգտագործել է՝ որպէս պատրաստի շինանիւթեր: Որպէս համապատասխան օրինակ՝ կարելի է նշել Տեկորի եկեղեցին: 1999-ին այս եկեղեցուց միայն մնացել էին շէնքի պատերից մի քանի կտորներ: 1973 թւականին Բիթլիսի թուրքական հոգեւոր դպրոցի մօտ թափւած հայերէն վիմագրերով քարաբեկորներից օգտւել են որպէս շինանիւթ՝ մի մզկիթի վերանորոգման համար:
Միւս կողմից՝ տարիներ շարունակ է, որ Թուրքիայի լրատւամիջոցները տարածում են, թէ «գեաւուռներ»-ի լեզւով գրութիւններ կամ խաչի քանդակ ունեցող քարերի տակ հարուստ հայերը երկիրը թողնելուց առաջ՝ թաքցրել են իրենց ոսկիները: Այսպիսով՝ նախկինում հայաբնակ եղած տարածքներում ներկայ բնակիչները գանձ գտնելու յոյսով քանդում են ինչ-որ հայկական է:


Այլափոխւած յուշարձաններ
Այն պարագայում երբ չի յաջողւել հայկական պատմա-մշակութային կառոյցներն եւ եկեղեցիները ոչնչացնել, թուրքերը փորձել են դրանք վերածել մզկիթի, թանգարանի, բանտի, մարզական կենտրոնի, շտեմարանի, ախոռի կամ ագարակի. օրինակ՝ հարեւան գիւղացիները Սորադիր եկեղեցուց (Վանայ լճի արեւելեան բաժնում) օգտւում են որպէս անասնակերի մթերանոց: Կարսի Ս.Առաքելոց եկեղեցին (10-րդ դար) մի առ ժամանակ գործել է որպէս թանգարան, իսկ 1999 թւականից վերածւել է մզկիթի: Ուրֆայի մայր եկեղեցին փոխակերպւել է թանգարանի:
Օրդու եկեղեցին վերածւել է բանտի եւ դրա հայերէն արձանագրութիւնները վերացւել են: 7-րդ դարի Ծփնի եկեղեցին, որ գտնւում էր նոյնանուն գիւղում, վերանաւանւել է Զիբինի եւ վերածւել՝ մզկիթի: Վարագավանքից, որ 1915 թւականին մեծ աւերածութիւն է կրել, մի առ ժամանակ օգտւեցին որպէս շտեմարան ու գոմ (համալիրի մի մասը), իսկ 1998 թւականին օգտագործելով նրա քարերը՝ կառուցեցին մի մզկիթ՝ նոյն տեղում:

Իւրացւած ու թուրքերին վերագրւած յուշարձաններ
Որոշ պարագաներում պետութիւնը հայկական պատմա-մշակութային ժառանգութիւնները թուրքերին վերագրելով՝ յայտարարել է որպէս «սելջուկեան ճարտարապետութեան» նմուշներ: Այս նպատակով՝ դրանց ինքնութիւնը ձեւափոխելու եւ չէզոքացնելու համար՝ փորձել է վերացնել հայերէնով արձանագրութիւնները եւ խաչերը: Տուրիստը ինչ կիմանայ՝ սա հայկակա՞ն շինութիւն է թէ սելջուկ թուրքերին պատկանող կառոյց: Կոստանդնուպոլիսի Կենտրոնական դպրոցի հայերէն արձանագրութիւնները վերացւեցին: Նման փորձեր կատարւել են Ստամբուլի հայկական եւ նամանաւանդ տուրիստիկ վայրերի, ինչու չէ նաեւ՝ Աղթամարի եւ Կարսի եկեղեցիների վերաբերեալ:

Տեղանունների անւանափոխում
Հայկական յուշարձանների ոչնչացման ծրագրի հետ միասին՝ իշխանութիւնը խստօրէն արգելել է «Հայաստան» բառի օգտագործումը՝ պետական քարտէզներում: 1928-ից թրքական կառավարութիւնը անւանափոխել է Փոքր Ասիայի հայկական տեղանունները, ինչպէս բնակավայրերի (գիւղերի ու քաղաքների), գետերի ու լեռների անունները: Անւանափոխման գործը շարունակւել է նաեւ 1950-ականների վերջերում: Հայկական պատմական անունների 90 տոկոսը փոխւել են, օրինակ Բերդաղը դարձել է Դնլենջէ, Անձաւը՝ Գեօրուշլու, Սեւանը՝ Օրթաջա, Արէնը՝ Գեօլդուզլու, Աղթամարը՝ Աքդամար (սպիտակ երակ), Անին՝ Անը (յուշ), եւ Արարատ լեռը՝ Աղրըդաղ: