Wednesday, May 05, 2010

Ընդհանուր Գիտելիքներ Մրցոյթ՝ Դաւթեան-Մարիամեան Կրթական Հաստատութեան նախաձեռնութեամբ

Կիրակի, Ապրիլի 11-ին Գլենդէյլի Pacific Community Center-ի դահլիճում տեղի ունեցաւ 2010 թուականի «Ընդհանուրգիտելիքներ մրցոյթ»-ը՝ նախաձեռնութեամբ «Դաւթեան-Մարիամեան» Կրթական հաստատութեան:

Առաւօտեան ժամի 10-ից թուով 48 հայ առաջադէմ դպրոցական աշակերտներ աննկարագրելի մրցակցական խանդավառութեամբ ի մի էին եկել՝ արդիւնաւորելու 3-ամսեայ նախապատրաստական աշխատանքը: Մասնակիցները խանդավառ ոգեւորութեամբ՝ մէկը միւսի յետեւից պատասխանում էին հարցերին: Մրցոյթին մասնակցում էին Գլենդէյլի, Բրբանքի, Լա Քրասենթայի, Թահանգայի, Սան Լանդի, Նորթ Հոլիվուդի 19 դպրոցների 4-րդ, 5-րդ եւ 6-րդ դասարանների հայ աշակերտ-աշակերտուհիները:
Բացման խօսքում «Դաւթեան-Մարիամեան» Կրթական հաստատութեան կրթական վարիչ եւ մրցոյթի կազմակերպական ընդհանուր պատասխանատու ՝ Օննիկ Հայրապետեանը քաջալերական խօսքեր ուղղելով մասնակիցներին՝ բացատրեց մրցոյթի կանոնները: Ապա հանդէս եկաւ հաստատութեան վարչութեան նախագահ Վահիկ Ծատուրեանը՝ ողջունելով եւ յաջողութիւն մաղթելով մասնակիցներին: Ազգային հաստատութիւնների եւ պետական շրջանակների հրաւիրեալ ներկայացուցիչների շարքում միջոցառման ներկայ էր Գլենդէյլի ազգային երեսփոխան՝ Իսահակ Քազանջեանը:
2010 թուականի «Ընդհանուր գիտելիքներ մրցոյթ»-ը առաջնորդւում էր «բառ եւ իմաստ» թեմայով: Օննիկ Հայրապետեանի բացատրութեամբ՝ այս թեման ընտրելու հիմնական նպատակը եղել է այն, որ հայ աշակերտութիւնը ծանօթանալով զանազան բառերի իմաստների հետ՝ օգտագործի այդ բոլորը առօրեայ խօսակցութեան մէջ: Սա նաեւ օգտակար կը հանդիսանայ, որպէսզի աշակերտները դասընթացների ժամանակ աւելի լաւ հասկանան դասախօսներին եւ ճիշտ ընբռնեն դասագրքերի բովանդակութիւնը: Յիշատակելի է, որ «Ընդհանուր գիտելիքներ մրցոյթ»-ի առաջին շրջանը կազմակերպուել է 2005 թուականին՝ Հայոց Ցեղասպանութեան 90-ամեակի թեմայով: Այդ թուականից մինչ այսօր յաջորդաբար կայացել են վեց մրցոյթներ, ուր իւրաքանչիւրը ունեցել է իր յատուկ թեման:
Այս տարուայ իրաւարար խորհրդի վեց անդամներն էին՝ Մարթին Զադուրեանը, Զեփիւռ Կիրակոսեանը, Արփիկ Հայրապետեանը, Աւագ Սարդարեանը, Արմինէ Քեշիշեանը եւ Մարիէթ Քեշիշեանը: Վարչութիւնը իրաւարար խորհրդի կազմում հրաւիրում է համայնքի բարեմիտ անհատներին, որոնք յաճախ մեծ համագործակցութիւն են ցուցաբերում հաստատութեանը:
Յիշատակելի է, որ մրցոյթը անցաւ ամենայն խնամուածութեամբ եւ կարգապահութեամբ: Այստեղ հարկաւոր է գնահատանքով յիշատակել Անահիտ Քամալեանին (սրահի պատասխանատու) եւ ուսուցչական կազմի ներկայացուցիչներին, որոնք ապահովեցին մրցոյթի ընդհանուր հսկողութիւնն ու կարգապահութիւնը: Նաեւ պէտք է յիշել՝ վարչութեան անդամ Մարիէթ Քեշիշեանին, որը Power Pointի միջոցով ձեւաւորել էր հարցաշարը՝ մրցոյթին ցուցադրելու նպատակով: Հարցերի պաստառի վրայ ցուցադրման աշխատանքը կատարեց Ալին Քեշիշեանը: Հարցաշարի տպագրութեան եւ կազմարարութեան աշխատանքը յանձն էր առել Յովիկ Երումեանը:
Ընդհանուր առմամբ՝ մրցոյթի կազմակերպման նախապատրաստական փուլում, որպէս առաջին քայլ ստուգւում է նիւթը, որը կատարւում է մրցոյթի համադրող Օննիկ Հայրապետեանի առաջարկութեամբ եւ վարչութեան որոշմամբ: Ապա մշակւում են հարցերն ու պատասխանները, որը լուրջ ուսումնասիրական աշխատանք է պահանջում: Այստեղ յատուկ բծախնդրութեամբ ուսումնասիրւում են զանազան աղբիւրներ, դրանց շարքում՝ հանրագիտարաններ, պատմութեան դասագրքեր, ինտերնետային համացանց եւ այլն: Ապա հարցաշարը տպագրւում եւ կազմւում է գրքոյկների ձեւով: Մրցոյթի նախատեսուած թուականից նուազագոյնը երեք ամիս առաջ պատրաստուած հարցաշարը (հարցերով ուպատասխաններով) տրամադրւում է աշակերտներին: 2010 թ. Մրցոյթի հարցաշարը պարունակում էր շուրջ 225 անգլերէն եւ հայերէն բառեր: Հարցաշարի կէսը անգլերէն բառեր էին՝ հայերէն հոմանիշներով, իսկ բառերի միւս կէսը տրամադրուել էին հայերէնով՝ իրենց անգլերէն թարգմանութեամբ:
Հակառակ նախկին տարիներին, որտեղ առաջնակարգ տեղեր շահողները ընտրւում էին բոլոր մասնակիցների՝ 4-րդ մինչեւ 6-րդ դասարանի աշակերտների միջից, այս շրջան իւրաքանչիւր դասարան ունեցաւ իր առաջինից մինչեւ երրորդ տեղեր շահողները: Այս տարի երրորդ փուլի աւարտում արդէն յայտնի էր դարձել համարեայ բոլոր խմբերի արդիւնքները:
Այսպիսով 2010-ի Ընդհանուր Գիտելիքներ Մրցոյթը ունեցաւ 9 շահողներ՝ 6 աղջիկ եւ 3 տղայ: Մրցոյթի աւարտին շահողները պարգեւատրուեցին օրուայ նիւթին յարմար մրցագաւաթներով (trophy) եւ յատուկ գնահատական վկայագրերով: Նաեւ առանձին գնահատագրեր յանձնուեցին բոլոր մասնակից աշակերտ-աշակերտուհիներին:

Նշելի է, որ ընդմիջումներին ասմունքեցին Վաղարշակ Գրիգորեանը եւ Արինա մկրտչեանը: Նաեւ խմբական երգով եւ զուգերգով ելոյթ ունեցան Սաթիքօ դպրոցի աշակերտները:

Մրցոյթի շահողները՝
Չորրորդ դասարան
• Առաջին՝ Նարէ Թահմազեան (Բալμոա)
• Երկրորդ՝ Դաւիթ Աճեմեան (Մարկ Քեփփըլ)
• Երրորդ՝ Սեւակ Օհանեան (Ջան Մարշալ)


Հինգերորդ դասարան
• Առաջին՝ Թինա Խուդանեան (Կոլոմμոս)
• Երկրորդ՝ Արինէ Մորադեան (Մարկ Քեփփըլ)
• Երրորդ՝ Արինա Մկրտչեան (Միլլեր)


Վեցերորդ դասարան
• Առաջին՝ Փրենի Ալավերդեան (Վերդուգօ Վուդլանդզ)
• Երկրորդ՝ Անի Կարապետեան (Ֆրիմանթ)
• Երրորդ՝ Վաղարշակ Գրիգորեան (Վիլսոն)

Նիւթը տպագրւել է նաեւ «Օրակարգ» ամսագրում:


(Նկարահանումները՝ Էրւին Եաղուբեանից)

No comments:

Post a Comment