Sunday, March 21, 2010

Գլենդէյլի Կենտրոնական Գրադարանի Ցեղասպանութեան Յիշատակման Հաւաքածոյ

620-ից աւել գրքեր պարունակող ցեղասպանութեան արխիւում պահպանւում են Հայոց Ցեղասպանութեան նուիրուած՝ շուրջ 150 գրքեր


(Լուսանկար՝ Էրւին Եաղուբեանի)

2003 թւականի Ապրիլ 21-ին, Գլենդէյլի Կենտրոնական Հանրային Գրադարանում բացուեց ցեղասպանութեան նուիրուած յատուկ բաժին՝ Genocide Memorial Collection անուամբ, որը մէկ յարկի տակ էր հաւաքել 20 եւ 21–րդ դարերին մարդկութեան դէմ իրագործուած ցեղասպանութիւնների վաւերագրող փաստերը, ներառեալ գիտական փաստագրական գրքեր, յուշագրեր ու ֆիլմեր (video եւDVD): Բացումը կատարուեց Քաղաքապետարանի նախաձեռնած Հայոց Ցեղասպանութեան յիշատակման նուիրուած Ապրիլեան ձեռնարկների շարանին:

Յիշատակելի է, որ 2001 թուականի Յուլիս 5-ին, Գլենդէյլի Քաղաքային խորհուրդը Հայոց Ցեղասպանութեան յիշատակման հարցով 30 քաղաքացիներից կազմեց (The Citizens’ Memorial Advisory Committee խորհրդակցական յանձնախումբ, որն իր նիստերի արդիւնքում Յուլիսի 31-ին Քաղաքային խորհրդին ներկայացրեց ցեղասպանութեան հաւաքածոյի ստեղծման գրաւոր առաջադրանքը:

Այսպիսով Գլենդէյլի Հանրային գրադարանին յանձնարարուեց կազմել պատկան արխիւը՝ բովանդակութեամբ նկատի առնելով ՄԱԿ-ի, Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ դրա համար պատիժսահմանելու մասին ընդունուած կոնվենցիայի երկրորդ յօդուածի, ցեղասպանութեան (Genocide) հասկացութեան սահմանումը: Ըստ այդ յօդուածի՝ «... ցեղասպանութեան տակ հասկացւում են հետեւեալ գործողութիւնները, որոնք կատարւում են որեւէ ազգային, էտնիկական, ցեղային կամ կրօնական խումբ որպէս այդպիսին լիովին կամ մասամբ ոչնչացնելու մտադրութեամբ.
ա) նման խմբի անդամներիսպանութիւնը,
բ) նման խմբի անդամներին մարմնական լուրջ վնասուածքներ կամ մտաւոր խանգարում պատճառելը,
գ) որեւէ խմբի համար կանխամտածուած այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որոնք նախորոշուած են նրան լիովին կամ մասամբ ֆիզիկապէս ոչնչացնելու համար,
դ) նման խմբի միջավայրում մանկածնութիւնը կանխելու նպատակով նախորոշուած միջոցները,
ե) երեխաների բռնի յանձնումը մարդկանց մի խմբից միւսին»:

Այդ հիման վրայ գրադարանի առաքելութեան մէջ է մտնում հաւաքածուն հարստացնել ոչ միայն հրեաների Հոլոկոստին կամ Հայոց Ցեղասպանութեանը վերաբերող փաստագրերով, այլ նաեւ՝ այն բոլոր վաւերագրերով, որոնք ներառում են աշխարհի որեւէ անկիւնում իրագործուած կամ իրագործւող ցեղասպանութիւնների հարցը: Սոյն մտածողութեան շնորհիւ է, որ այսօր գրադարանում պահպանւում են գրքեր, որոնք Հոլոկոստի եւ Հայոց Ցեղասպանութեան թեմայից զատ, ընդգրկում են, որպէս օրինակ, Գուատեմալայում (1968-96 թթ.), Բանգլադեշում (1971 թ.), Կամμոջայում (1975-78 թթ.), Արեւելեան Տիմորում (1974-99 թթ.), Բոսնիայում (1992-95 թթ.), Չինաստանի Նանքինգում (Երկրորդ աշխարհամարտ) եւ Տիբեթում, Ռուանդայում (1994 թ.) եւ Սուդանի Դարֆուրում (2003 թ.) տեղի ունեցած դառն իրադարձութիւնները:

Գրադարանի Genocide Memorial Collection-ում Հայոց Ցեղասպանութեան վերաբերող արխիւը սկսեց զգալիօրէն հարստանալ 2006 թուականից, երբ գրադարանը աշխատանքի հրաւիրեց Էլիզաբէթ Գրիգորեանին: Գրիգորեանի ջանքերի շնորհիւ, գրադարանի հայկական բաժինը, ցեղասպանութեան հաւաքածոյի հայկական արխիւը ճոխացուեց թէ քանակով եւ թէ որակով: Սկզբում Հայոց Ցեղասպանութեան արխիւում պակասում էին անգլերէնով գրող հայ հեղինակների ստեղծագործութիւնները: Այդ պակասը լրացնելու նպատակով՝ գրադարնը սկսեց գնել սոյն գրողների գրքերը: Արդիւնքում այսօր արխիւը հարուստ է թէ՛ հայերէն եւ թէ՛ անգլերէն գրքերով:

Այսօրուայ տուեալներով Գլենդէյլի Կենտրոնական գրադարանի ցեղասպանութեան բաժնում պահպանւում են 620-ից աւել գրքեր: Շուրջ 150 գրքեր պարունակում են Հայոց Ցեղասպանութեան թեման, որոնցից կէսըանգլերէն են:

Գրադարանի ցեղասպանութեան բաժինը ունի իր որոշակի այցելուները: Այս բաժնով հետաքրքրւում են մասնաւորապէս ուսանողները: Գրիգորեանի համաձայն USC, UCLA եւ Northridge համալսարաններից (որոնք ունեն հայագիտական կամ Armenian studies բաժին) յաճախ ուսանողներ են դիմում հայկական արխիւից օգտուելու համար: Դպրոցական աշակերտութիւնը (մասնաւորապէս հայկական դպրոցների) նաեւ կազմում է այցելուների նշանակալի բաժինը: Հայ աշակերտները գրադարան են դիմում, նամանաւանդ երբ՝ իրենց յանձնարարւում է որեւէ ազգային թեմայի շուրջ նիւթեր կազմել ու ներկայացնել: Պէտք է նշել, որ ցեղասպանութեան բաժնի այցելուների թիւը ամբողջ տարուայ ընթացքում շարունակական մեծ քանակ չի կազմում, այլ աճում է միայն Մարտ եւ Ապրիլ ամիսներին՝ զուգահեռ Հայոց Ցեղասպանութեան յիշատակման օրերին, իսկ դրանից յետոյ զգալիօրէն նուազում է այցելուներիթիւը:
Վերոյիշեալ արխիւը հասանելի է բոլորին: Հետաքրքրուողները կարող են գրքերը տեղում ընթերցել կամ անվճար անդամագրուելով փոխ առնել: Գրադարանը գտնւում է հետեւեալ հասցէում (ցեղասպանութեան հաւաքածուն տեղադրուած է առաջին յարկում):
Glendale Central Library
222 E. Harvard St.
Glendale, CA, 91205
Գրադարանի աշխատանքային ժամերն են.
Monday-Thursday, 10 a.m. to 8 p.m.

Friday-Saturday 10 a.m. to 6 p.m.

Sunday 1-5 p.m:

Այս յօդւածը նաեւ տպագրւել է «Օրակարգ» ամսաթերթում:

No comments:

Post a Comment