Saturday, March 20, 2010

Գլենդէյլն իր բազմազանութեամբ տօնեց Միասնութեան Փառատօնը

Կիրակի, Հոկտեմբերի 11-ին, Գլենդէյլի Բրանդ պողոտայում, Քալիֆորնիա եւ Լեգզինգթոն պողոտաների հատուածում, հազարաւոր քաղաքցիներ համախմբուել էին՝ միասնաբար տօնելու «Գլենդէյլի 8-րդ Տարեկան Միասնութեան Փառատօն»-ը (the 8th Annual Glendale Unity Fest): Քաղաքի գրեթէ բոլոր մշակութային ներկայացուցիչները առիթն ունեցան՝ ներկայացնելու իրենց հին ասիական, լատինոամերիկեան ու եւրոպական արմատներիցելած աւանդոյթն ու պատմութիւնը՝ երգի, պարի, խոհանոցի եւ ձեռքարուեստի ընդմիջից:


Փառատօնի առիթով զանազան խմբեր հանդէս եկան իրենց մշակոյթին յատուկ պարարուեստով ու երգարուեստով: Հաւայական, չինական, սկանդինաւական, կելտական, մեքսիկական եւ կորէական պարային ու երաժշտական ներկայացումների կողքին՝ հանդիսատեսի բուռն ծափահարութեան եւ բարձր գնահատման արժանացաւ հայկական պարարուեստի ներկայացուցիչ՝ «Համազգային»-ի «Նայիրի» պարախմբի կատարումները: Հայկական երաժշտութեան ներքոյ՝ ազգային տարազով ու ներդաշնակ շարժումներով հայազգի պարողները բեմահարթակ բարձրացան՝ խանդավառութիւն պատճառելով ներկաներին: Այս տարուայ միւս հայկական խումբը Մակիի մանկական խումբն էր, որ իր խնամուած ելոյթով ներկաների գնահատանքին արժանացաւ:

Յատկացուած տաղաւարներում պատրաստւում եւ մատակարարւում էին միջ ազգային խոհանոցի ճաշատեսակներ եւ ուտեստեղէններ, վաճառւում էին բազմազան բոյսեր, ծաղիկներ, հատապտուղներ, պտղատեսակներ եւ այլ գիւղատնտեսական օրգանական արտադրանքներ, թխուածքներ, չորեղէններ, թարմ ծովամթերք եւ ինչուչէ նաեւ՝ զանազան մշակոյթների գեղարւեստական ձեռարուեստի արտադրանքներ: Մանուկների համար նախատեսուած էին հետաքրքրական ու զուարճալի ծրագրեր: Նրանց յատկացուել էին խաղատեղեր: Ցանկացողները կարող էին պոնի ձիեր հեծնել: Ընտանի անասունների վանդակում երեխաները կենդանիների հետ մօտիկից շփւում եւ խաղում էին:
Գլենդէյլի 8-րդ Միասնականութեան փառատօնը հովանաւորել էին մի շարք հայկական կազմակերպութիւններ, դրանց շարքում՝ Գլենդէյլ-Կապան Քոյր Քաղաքների Միութիւնը, «Օրակարգ», «Մասիս» եւ «Ասպարէզ» պարբերաթերթերըեւ «Հորիզոն» Հեռուստաընկերութիւնը:










(լուսանկարներ՝ Էռւին Եաղուբեան)

Նիւթը նաեւ տպագրւել է «Օրակարգ» ամսաթերթում:

No comments:

Post a Comment