Wednesday, February 03, 2010

Հարցազրոյց Հայաստանում Վայրի բնութեան եւ մշակութային արժէքների պահպանման հիմնադրամի նախագահ՝ Ռուբէն Խաչատրեանի հետ

Հայաստանում Խախտուել Են Արժէքները

2001 թուականից առ այսօր Հայաստանում Վայրի բնութեան եւ մշակութային արժէքների պահպանման հիմնադրամը (Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets in the Republic of Armenia), բնութեան եւ մշակութային յուշարձանների պահպանման առաքելութեամբ՝ Հայաստանում եւ Արցախում կազմակերպում է կրթական նախագծեր, քարոզարշաւներ, բնապահպանական ֆիլմերի նկարահանումներ եւ այլն: Այս բոլորը կատարւում է 11 էկօ-ակումբների ներքոյ, որտեղ անդամագրուած մօտ 1000 երեխաներ մասնագէտների ուղղորդմամբ ծանօթանում են շրջակայ միջավայրի խնդիրներին, սովորում են լուսանկարել կամ ֆիլմանկարել բնութիւնը:

Եւ այսպիսով, առաւել ընդլայնելու եւ ամրապնդելու կապը ամերիկահայ համայնքի հետ, վերջերս Լոս Անճելըս էր այցելել նշեալ հիմնադրամի նախագահ Ռուբէն Խաչատրեանը: Ստորեւ ներկայացնում ենք նրա հետ մեր աշխատակից Էրւին Եաղուբեանի՝ Մայիսի 21ին վարած հարցազրոյցը:

(Լուսանկարիչ՝ Էրւին Եաղուբեան)

ԷՐՒԻՆ ԵԱՂՈՒԲԵԱՆ.- Պրն. Խաչատրեան, խնդրեմ ամփոփ կերպով ընթերցողին ծանօթացրէք ձեր կենսագրութիւնն ու գործունէութիւնը բնապահպանութեան ոլորտում:

ՌՈՒԲԷՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Իմ կրթութիւնն անմիջապէս բնապահպանութեան հետ կապուած չէ: Սովորել եմ Երուսաղէմի Ժառանգաւորած վարժարանում, որից յետոյ ուսանել եմ Հայաստանի Մանկավարժական համալսարանում եւ աւարտել՝ որպէս կինորեժիսոր: Եւ այդ բոլորի համատեղելութեամբ այժմ բնապահպան եմ:
Իմ գործունէութիւնը բնապահպանական ոլորտում սկսուեց 90ականների սկզբին, երբ Հայաստանը շատ դժուար վիճակում էր: Երեւանի ձիարշաւարանում պահւում էին ազնուացեղ ձիեր, որոնք բազմաթիւ մրցանակներ էին շահել ամբողջ սովետական տարածքում, սակայն այդ օրերին մոռացուել ու սատկում էին սովից: Մենք ընկերներով փորձում էինք սնունդ կազմակերպել: Ապա ձիերի վիճակը պատմող եօթը րոպէանոց մի ֆիլմ նկարահանեցի, առանց խօսքի՝ միայն նկարներով, որը շատ ազդեցիկ տպաւորութիւն թողեց դիտողների վրայ, այն աստիճանի որ խնդիրը հասաւ ձիարշաւարանի կառավարիչին եւ արդիւնքում՝ բարելաւուեց դրութիւնը:

Կերամիկայի եւ դիզայնի գծով մէկ տարի Գերմանիայում ուսանելուց յետոյ, սկսեցի նկարհանել ֆիլմեր Հայաստանի վայրի բնութեան մասին, քանի որ նմանատիպ աշխատանքներ չէին կատարուել: Հրաչիկ Ղազարեանի հետ միասին թարմացնելով արխիւային նկարահանած նիւթերը՝ ստեղծեցինք «Երկիր դրախտավայր» ֆիլմաշարը, որն երկու տարի շարունակ հեռուստատեսութեամբ եթեր արձակուեց՝ հանրութեանը ցոյց տալով Հայաստանում եղած արժէքներն ու նրանց պահպանելու անհրաժեշտութիւնը:

Այստեղից ծնուեց հիմնադրամ ստեղծելու գաղափարը, որն աւելի լրջութեամբ պէտք է զբաղուէր վայրի բնութեան եւ Հայաստանի մշակութային արժէքների հարցերով: Շատ յաճախ կարելի է հանդիպել մշակութային արժէք ներկայացնող կիսաքանդ եկեղեցիների, խաչքարերի ու տապանաքարերի: Մեր պատմութեան մէջ եկեղեցիները կառուցուել են բնութեան ամենահարուստ էներգետիկ վայրերում: Մեր եկեղեցիների կառուցման տարածքի ընտրութեան մէջ շատ սիմպոլիկ (խորհրդանշական-Է.Ե.) խորհուրդներ կան՝ բնութիւն, եկեղեցի, մարդ-Աստուած փոխյարաբերութիւն. այս բոլորը մեր մշակոյթի մէջ սերմանուած են: Այդ պատճառով, «Վայրի բնութեան եւ մշակութային արժէքների պահպանման հիմնադրամ» անունը ստացուեց: Միայն ֆիլմեր ցուցադրելով հնարաւոր չէր հայ հանրութեան ուշադրութիւնը ուղղել դէպի ունեցած արժէքները: Հայաստանում պատերազմի եւ տնտեսական ճգնաժամային տարիներից յետոյ մարդկանց գիտակցութեան մէջ եղած ներքին սահմանները խախտուել էին, ի՛նչն է կարելի, ի՛նչը չի կարելի՝ սկսած ծառահատումներից, վերջացրած կենդանիներին որսալով կամ ինչ որ արժէք հանդիսացող յուշարձանը վերացնելով: Խախտուած սահմանների յետ բերելը շատ դժուար է եւ պահանջում է երկար ժամանակ: Չնայած մարդկանց տնտեսական եւ սոցիալական վիճակը այսօր բարելաւուել է, բայց նրանց գիտակցութեան մէջ դեռ սահմանները խախտուած են, ուստի իրենց թոյլատրում են վարուել այնպէս, ինչպէս վարւում էին նախկինում:


ԷՐՒԻՆ ԵԱՂՈՒԲԵԱՆ.- Վերը նշած խնդիրների կապակցութեամբ կը խնդրեմ աւելին բացատրել: Ամէն երկիր իր առջեւ ունի բնապահպանութեանը կապուող կարեւոր խնդիրներ՝ շրջակայ միջավայրի, վայրի բնութեան եւ կենսաբազմազանութեան պահպանումը, օդի եւ ջրի աղտոտուածութիւնը, աղբի վերամշակումը, բնական հարստութիւնների վատնումը եւ այլն: Այս առումով որո՞նք են Հայաստանի ներկայ հիմնախնդիրները: Ինչպէ՞ս էք գնահատում հայ հասարակութեան բնապահպանական գիտակցութեան մակարդակը:

ՌՈՒԲԷՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Բնապահպանական խնդիրները համընդհանուր խնդիրներ են ամբողջ աշխարհի համար, բայց մարդկութեան առջեւ կանգնած առաջին բնապահպանական խնդիրը՝ էկոլոգիական գիտակցութեան պակասն է: Հայաստանում կարծես ծայրայեղ աստիճանի է հասել գիտակցութեան պակասը, երբ մարդն իր քայլերի համար պատասխանատուութիւն չի կրում, չի գիտակցում, թէ ի՛նչ է անում: Ցաւօք պետական մակարդակով էլ նոյնն է: Այսինքն, չկայ քաղաքականութիւն եւ հսկողութիւն այդ դաշտի վրայ: Այսօր ամբողջ աշխարհում պետութիւնների առջեւ դրուած առաջին խնդիրը բնապահպանութեան հարցն է: Խնդիրը սա է՝ մեր սերունդին ի՛նչ ենք տալիս եւ ի՛նչ ենք թողնելու մեզանից յետոյ: Այսօրուան ապրելաձեւով, մտածելակերպով եւ վարած քաղաքականութեամբ, շատ վատ դրութեան մէջ ենք թողնելու ապագայ սերնդին: Ուստի պէտք է այսօր սթափուենք:

Հայ ազգի առջեւ կայ նաեւ ինքնութեան խնդիրը: Այսօր նոր սերունդը փորձում է իրեն նորէն գտնել՝ որպէս նոր հայի տեսակ: Այսօր հայ երիտասարդների մի մասը փորձում է նմանուել եւրոպացուն, միւս մասը ամերիկացուն, իսկ մի խումբը աւելի ասիական է: Նրանք փորձում են իրենց գտնել, սակայն չեն յաջողում: Չունեն հերոս՝ նրան հետեւելու, չունեն գիտակցութիւնը, թէ ինչի՛ համար պէտք է պայքարել եւ ինչո՛ւ փոխուել:

Այս խնդիրների պատճառով անհրաժեշտ եմ համարում նոր սերնդի լուրջ բնապահպանական կրթութիւնը: Սակայն դրա խորքում կայ հայագիտութեան հարցը: Պէտք է երեխայի մէջ ձեւաւորել որոշակի արժէքային համակարգ: Արժէքային համակարգ ասելով, նկատի ունեմ մօտեցումը շրջակայ միջավայրին, յարաբերութիւնը սկսած մարդկանցից՝ վերջացրած առարկաներով ու կենդանական եւ բուսական աշխարհի դիմաց պատասխանատուութիւն զգալով: Դա առարկայական է դառնում երեխայի համար, երբ բնապահպանութեան եւ մշակութային արժէքների միջոցով խօսւում է հայրենիքի սիրոյ մասին:

 Այս առաքելութեամբ յաջողեցինք Հայաստանում գտնել մի բարեկամ կազմակերպութիւն՝ «Վիւասել» ընկերութիւնը՝ Ռալֆ Եիրիկեանի գլխաւորութեամբ: Կարեւորում եմ գիտակցութիւնը նման մարդկանց, որոնց համար կարեւոր են այս տեսակի նախագծերը:


ԷՐՒԻՆ ԵԱՂՈՒԲԵԱՆ.- Որո՞նք են Հիմնադրամի առաջնահերթ առաքելութիւնը եւ հիմնական նպատակները:

ՌՈՒԲԷՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Հիմնական նպատակը դաստիարակելն է մի սերունդ, որն այլ կերպ կը դատի, այլ կերպ կը դիտի իր բնութիւնն ու հայրենիքը եւ այլ կերպ կը հասկանայ արժէքների կարեւորութիւնը: Ինչպէս նշեցի, այդ արժէքները Հայաստանում խախտուած են, սակայն այսօրուայ պայմաններում հնարաւոր չէ մեծահասակներին ստիպել փոխել իրենց հայեցակէտը: Հէնց այդ պատճառով սկսեցինք աշխատել փոքրահասակների հետ: Նրանց հարկաւոր էր մի հերոս, եւ այդ հերոսը սիմպոլացրինք «Արեւորդու» մէջ: Հետեւելով Արեւորդուն՝ կը գայ մի սերունդ, որն ամբողջովին տարբեր է մտածելու հայրենիքի, մշակութային արժէքների եւ ապագայի մասին: Առաջին հերթին հարկաւոր է երեխաների մէջ (նկատի ունեմ 10-17 տարեկան պատանիներ) սերմանել քննադատական մօտեցումը եւ գնահատումը այն ամէն ինչի, որն ունենք:

Էկօ-ակումբների համար կազմուել է առանձին դասագիրք, որը պարունակում է զանազան առարկաներ՝ էկոլոգիա, անգլերէն, ինտերնետի եւ համակարգչի դասընթացքներ, ֆոտօ-դասընթացք, վիդէօ-դասընթաց եւ լրագրութիւն: Առարկաները դասաւանդւում են բնութեան թեմայի հետ համաձուլուած, որպէսզի բոլորը ծառայեն մի նպատակի: Երեխաները սովորում են, թէ ինչպէ՛ս պէտք է աշխատել համայնքի ղեկավարների հետ, իրենց համայնքում ո՛վ՝ ինչ պատասխանատուութիւն է կրում, որ թերութիւնների պարագայում, իշխանութիւնից կարելի լինի պատասխան պահանջել: Այսպիսով երեխան դառնում է կայացած քաղաքացի, որը համակարգուած է մտածում եւ կարող է պաշտպանել իր շահերը: Մեր նպատակն է նաեւ ստեղծել մի ցանց, որով ի նպաստ հայրենիքի, հնարաւոր կը դառնայ Սփիւռքի, Հայաստանի եւ միջազգային կառոյցների համագործակցութիւնը: ԱՄՆ գալուս պատճառներից մէկն էլ հէնց դա է:


ԷՐՒԻՆ ԵԱՂՈՒԲԵԱՆ.- Հիմնադրամի ձեռնարկած եւ բարձր յաջողութեան յանգած կրթական ծրագիրներից՝ «Արեւի հետքերով» բնապահպանական նախագիծն է, որն իրականացւում է «Արեւորդի» էկօ-ակումբների շրջանակում: Խնդրեմ ներկայացրէք նախագծի բովանդակութիւնը եւ ակումբների գործունէութիւնը:

ՌՈՒԲԷՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Սկզբում ընդամէնը հինգ փորձնական նախագծեր էին իրականացուել Հայաստանի հինգ մարզերում, սակայն այսօր երկրի 10 մարզերում եւ Արցախում (Շուշիում) աշխատում են 11 էկօ-ակումբներ՝ առանձին գրասենեակներով եւ իրենց ենթակառուցուածքով (համակարգիչ, համացանց, վիդէոտեխնիկայ եւ այլն): Տարածքները ընտրւում են զանազան հիմքերի վրայ, այսինքն՝ չկայ յատուկ չափանիշ: Դա կախուած է համայնքից, թէ ինչպէ՛ս է գտնում գաղափարը եւ ինչքանո՛վ է պատրաստ տարածք տրամադրելու եւ օժանդակելու: Սակայն հիմնականում ընտրւում են բնապահպանական լուրջ խնդիրներ ունեցող տարածքներ:

Ակումբների դասընթացները լինում են անվճար, սակայն կանոնաւոր մասնակցութիւնը պարտադրական է: Դասընթացները կայանում են շաբաթական 4-5 անգամ: Սկզբում ակումբները ներկայացնում են իրենց ծրագիրը՝ մեծ ժողովներ գումարելով, երեխաների մէջ թերթիկներ բաժանելով եւ ծնողներին համաձայնութեան բերելով: Արձանագրուած աշակերտները, ըստ իրենց նախասիրութեան՝ թէ ինչ թեմայով են ցանկանում զբաղուել, բաժանւում են խմբակների:

Էկօ-ակումբների ընդհանուր կառուցուածքը Ֆինանսական առումով բարդ է: 60ից աւել դասախօսներ են ներգրաւուել ծրագրի մէջ: Սկզբում պէտք է, ըստ կրթական ձեռնարկի, դասախօսներին ուսուցանել: Շատ դէպքերում, Երեւանից են դասախօսներ ուղարկւում մարզեր: Սա մի բարդ մեխանիզմ է իր համար:
Ակումբներում դասաւանդուող առաջին թեման ընդհանուր ճանաչողութիւնն է մարզի, գիւղի կամ քաղաքի, որտեղ ապրում են աշակերտները: Նրանք ծանօթանում են իրենց անցեալի ու ներկայի հերոսների հետ, տեղեկանում թէ ինչո՛վ կարելի է հպարտանալ, որո՛նք են մարզի արժէքները՝ լինեն եկեղեցիներ կամ բնական յուշարձաններ: Այսպիսով երեխայի մէջ արթնանում է հայրենիքի հանդէպ սէրը: Առանց այդ սիրոյ հնարաւոր չի դառնալու երեխային հասկանալ արժէքների պահպանման կարեւորութիւնը: Ամէն էկօ-ակումբ իր կերպն է սարքում, որի մէջ կան սիմպոլներ՝ կապուած մարզի բնութեան, վայրի կենդանիներին կամ մշակութային արժէք հանդիսացող եկեղեցիներին: Հիմքային աշխատանք է տարւում երեխայի հետ, որպէսզի իր մօտ ստեղծուի արժէքային համակարգ, բարձրանայ նրա գիտակցութիւնն ու դառնայ մի քաղաքացի, որը կարող է արժէքներ կրել իր ուսերին: Սակայն չկայ պատրաստի ու վերջնական մի փաթեթ: Ընթացքում վերաձեւաւորում ենք մեզ ու կրկին վերանայում այդ բոլորը:


ԷՐՒԻՆ ԵԱՂՈՒԲԵԱՆ.- Ի՞նչ նպատակ է հետապնդում «Պահպանի՛ր բնութիւնը» քարոզարշաւը, եւ ինչպէ՞ս է իրականացւում այն:

ՌՈՒԲԷՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Էկօ-ակումբները մեր աշխատանքի բուն կորիզն են: Կորիզի շուրջ ձեւաւորւում է մարմինը՝ մեր նախագծերը: «Պահպանի՛ր բնութիւնը» քարոզարշաւը այդ նախագծերից է: Նպատակը՝ բնապահպանութեան թեման աւելի մասսայական (լայն զանգուածներու ծանօթ-Է.Ե.) դարձնելն է: Այս նախագծերը եթեր են դրւում հեռուստատեսութեամբ, ընդգրկում են աւելի մեծ թիւով երիտասարդներ ու գրաւում հանրային ուշադրութիւն: Այս մասսայական միջոցառումներին մասնակցում են 5-6 հազար հոգի:

Քարոզարշաւի նախագծերից է «Նկարչական օրերը»: Նկարչական մրցոյթի մասին տեղեկացւում են երեխաները բոլոր կրթօճախներում, լինեն հանրակրթական, գիշերօթիկ կամ արուեստի դպրոցներ, թէ մանկատներ: Թեման կարող է լինի՝ «Իմ շրջակայ միջավայրի խնդիրները» կամ «Իմ հայրենի բնութիւնը»: 30 հոգանոց մի խումբ 3-4 ամիսներ շարունակ կազմակերպչական մեծ աշխատանք է տանում: Առաջին փուլում երեխաները մեզ են ուղարկում իրենց նկարչութիւնները: Ապա նկարչական օրուան համար սեղաններ են վերամշակւում բոլոր դպրոցներում ու մանկապարտէզներում, եւ 1000ից աւել երեխաներ նկարում են ընտրուած նկարչութիւնները սեղաններին: Որպէս սոցիալական գովազդ, հոլովակներ են պատրաստւում ու ցուցադրւում հեռուստատեսութեամբ, եթերներ են գնում ռադիոյով եւ հաղորդումներ են լինում հեռուստատեսութեամբ:

ԷՐՒԻՆ ԵԱՂՈՒԲԵԱՆ.- Բացատրէք Հիմնադրամի կողմից իրականացուող բնապահպանական ֆիլմերի նկարահանման եւ թողարկմնան նախագծի մասին: Սոյն աշխատութիւնը ի՞նչ յաջողութեան է յանգել տեղական եւ միջազգային շրջանակներում:

ՌՈՒԲԷՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Ակումբների վիդէօդասընթացներին եւ ֆոտօդասընթացներին երեխաները սովորում են գործիքների հետ աշախատել, ճիշդ կադր կառուցել, ցենար գրել եւ պատմութիւն յօրինել: Շուրջ մէկ տարի պարապելուց յետոյ նրանք ընտրում են իրենց թեման եւ սկսում ֆիլմ նկարել: Ամէն էկօ-ակումբ զանազան թեմաների միջից կենտրոնանում է մէկի վրայ՝ ֆիլմ կամ հաղորդում պատրաստելով նրա մասին: Հիմնական աշխատանքը տարւում է երեխաների կողմից. իրենք են գրում ցենարը, ընտրում հերոսներին, նախագծում նկարահանման ծրագիրը եւ կատարում նկարահանումները: Դասախօսները միայն օգնում եւ հսկում են իրենց:

Նախանցեալ տարի հինգ մարզերում իրականացուած Ֆիլմերի նկարահանման առաջին փորձնական նախագծի արդիւնքում պատրաստուեցին հինգ ֆիլմեր: Աշխատանքը մեծ մասամբ երեխաներն են կատարել:

Այս հինգ ֆիլմերը տեղ են գտել «Արեւի հետքերով» DVD-ում, որը կարելի է գնել Լոս Անջելըսի եւ Գլէնդէյլի հայկական գրախանութներից («Ապրիլ», «Սարդարաբադ» եւ այլն) ու հայկական ֆիլմեր եւ ձայնասկաւառակներ վաճառող կենտրոններից: DVD-ն նաեւ վաճառւում է online՝ savethenature.am կայքէջում:

ԷՐՒԻՆ ԵԱՂՈՒԲԵԱՆ.-Հիմնադրամը 2007 թուականին կազմակերպեց «Արեւորդի» առաջին տարածաշրջանային բնապահպանական փառատօնը: Նախաձեռնութիւնն ինչպիսի՞ արձագանգ գտաւ ներքին եւ արտաքին շրջանակներում: Բացատրէք 2009 թուականին կայանալիք փառատօնի մասին:

ՌՈՒԲԷՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Հիմնադրամն ունի երեք հիմնական նախագծեր՝ ձեռնարկել կրթական ծրագիրներ էկօ-ակումբների շրջանակում, իրականացնել քարոզարշաւներ եւ կազմակերպել «Արեւորդի» փառատօնը: Փառատօնը լինում է երկու տարին մէկ: Տարածաշրջանում (տարածաշրջան ասելով նկատի ունեմ Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը եւ Վրաստանը) ուրիշ բնապահպանական փառատօն չի կազմակերպւում: Նոյնիսկ Ռուսաստանի պէս երկիրը չունի բնապահպանական կոնկրէտ փառատօն: Տարածաշրջանում առաջին անգամ կայանում էր բնապահպանական փառատօն, որին մասնակցում էին Թուրքիայից, Իրանից, Վրաստանից եւ Ռուսաստանից:

2009 թուականի փառատօնը կայանալու է Հոկտեմբերին: Այս միջազգային փառատօնին մասնակցելու են հիւրեր տարածաշրջանից, լինելու են նախագծեր, ինչպէս գեղարուեստական ցուցահանդէսներ, սեմինարներ, քննարկումներ, տարածաշրջանի համար workshop-եր: Հիմնական փառատօնը ունի երկու բաժին՝ երեխաների եւ մեծահասակների:

Առաջիկայի նպատակը՝ «Արեւորդի» փառատօնի գաղափարը տարածելն է աշխարհում: ԱՄՆ ճամբորդելուս պատճառը հէնց դա է, քանի որ Լոս Անջելըսը, մասնաւորապէս Գլէնդէյլը, համարւում է երկրորդ Հայաստան, տեղի հայերը մասնակից դառանան այս գործընթացին եւ հայ երեխաները հնարաւորութիւն ունենան ընդգրկուելու մեր միջոցառումներին ու նախագծերին:
ԷՐՒԻՆ ԵԱՂՈՒԲԵԱՆ.- Ի՞նչ հրատարակութիւններ է կատարել Հիմնադրամը:

ՌՈՒԲԷՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Որպէս առաջին նախագիծ՝ ակումբների աշակերտները մանկապարտէզի տարիքի երեխաների համար գրեցին բնապահպանութեան թեմայով հէքիաթներ: Գաղափարը այն էր, որ հէքիաթների մի մասը կիսատ թողուի, որպէսզի երեխաները իրենք կազմեն շարունակութիւնը: Արդիւնքում հրատարակուեց «Արեւի հետքերով» բնութեան մասին պատմող հէքիաթների գիրքը: Ստեղծուեց նաեւ գրքի ձայնային տարբերակը այն փոքրիկների համար, որոնք կարդալ չգիտեն: Գիրքը կարելի է գնել հայկական գրախանութներից:

ԷՐՒԻՆ ԵԱՂՈՒԲԵԱՆ.- Սփիւռքը ինչպէ՞ս կարող է մասնակցութիւն բերել Հայաստանի բնապահպանման գործին:

ՌՈՒԲԷՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Իրականում Սփիւռքը բաւականին մեծ մասնակցութիւն կարող է ունենալ եւ այդ մասնակցութեամբ խնդիրներին լուծումներ առաջարկել: Եթէ Սփիւռքի կողմից եկած ուշադրութիւնը մեծ լինի, եթէ Սփիւռքի միջոցով Հայաստանում կայացող նախագծերում լինի բնապահպանական քաղաքականութիւն եւ եթէ լինի այդ կայուն զարգացման բաղադրիչը, ապա Հայաստանում կ՛իրականացուեն բազում ծրագրեր աւելի մեծ յաջողութեամբ:

ԷՐՒԻՆ ԵԱՂՈՒԲԵԱՆ.- Իսկ ի՞նչ խօսքով կը ցանկանայիք եզրափակել մեր այս հարցազրոյցը:

ՌՈՒԲԷՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Վերջին ժամանակներում ԱՄՆ ճամբորդելով՝ փորձում եմ այստեղ նաեւ որպէս կազմակերպութիւն հիմնադրուել: Փափաքում եմ մեր կողքին տեսնել մարդկանց, որոնց հետաքրքրում է այս թեման, որոնք կամենում են նոր սերունդի մէջ տեսնել մեր հայրենիքի ապագան: Բոլորս կը համաձայնուենք, որ մեր հայրենիքում շատ բաներ պէտք է փոխուեն: Ես այդ փոփոխման ճանապարհը սերնդափոխութեան՝ ճիշդ սերունդ դաստիարակելու մէջ եմ տեսնում: Պէտք է ներդրումը առաջին հերթին կատարել մարդկանց վրայ, ոչ թէ՝ ենթակառուցուածքների:

Հարցերով ու առաջարկութիւններով կարող էք դիմել՝ ruben@fpwc.org հասցէին:

Կազմակերպութեան ինտերնետային հասցէն է՝ http://www.fpwc.org

Այս յօդւածը նաեւ տպագրւել է «Ասպարէզ» օրաթերթում:

No comments:

Post a Comment