Wednesday, February 03, 2010

Հայ շախմատիստները՝ Գլենդէյլի Հանրային գրադարանում

 Գլենդէյլի Հանրային գրադարանը այցելելու դէպքում, չի կարելի անտարբեր անցնել առաջին յարկի հիւսիս-արեւելեան անկիւնում շախմատին յատկացւած բաժնից, որն ամէնօրեայ հանդիպավայրն է ընդհանրապէս հայ տարեցներից բաղկացած շախմատիստների, որոնք երեկոյան հաւաքւում եւ աննկարագրելի խանդավառութեամբ խաղում են: Երկար տարիներ է, որ զբաղւած աթոռները, սեղանին շարւած տախտակներն ու խաղաքարերը եւ իհարկէ մերթընդմերթ աղաղակող շախմատիստները գրադարանի առօրեայ եւ անբաժանելի մասնիկն են դարձել: Գրադարանը հանդիպելու եւ միմեանց հետ ընկերաբար շփւելու կենտրոն է զանազան մշակոյթներից եկած հայերի համար՝ լինեն հայաստանցիներ, պարսկահայեր, թէ արեւմտահայեր՝ Լիբանանից, Սիրիայից, Իրաքից եւ այլուր: Չնայած յաճախողները մեծամասնութեամբ տարեցներ են, սակայն խաղով հետաքրքրւում են նաեւ մանուկներն ու երիտասարդները, այնպէս որ՝ կարելի է հանդիպել 6-7 տարեկան մանուկի, որ իր ծնողների հետ ամէն օր գալիս է խաղալու:

Այստեղ հաւաքատեղի է դարձել հայ մտաւորական խաւի ներկայացուցիչների՝ բարձրագոյն կրթութիւն ստացած, փայլուն անցեալ արձանագրած եւ մեծամասնութեամբ՝ հանգստի կոչւած մասնագէտների ու վարպետների, ներառեալ՝ արւեստագէտների, բժիշկների, գեներալների, դասախօսների, ինժեներների համար: Այս բաժնի մշտական այցելուներն են մարզական կոչումներ ստացած եւ յաղթանակներ արձանագրած հայ առաջնատար վարպետները: Հեղինակը այստեղ հանդիպել է սպորտի վաստակաւոր վարպետ եւ սուսերամարտիկ՝ Էդւարդ Դեմիրճեանին, որը զանանազան յաղթանակներ է շահել Սովետական միութեան մրցութիւններում ու տարիներ վարել մարզիչի պաշտօն: Այսօր Էդւարդի զաւակ՝ Գագիկը Ամերիկայի սուսերամարտի հաւաքականի աւագ մարզիչն է: Յարկ է նշել նաեւ ազատ ոճի ըմբշամարտիկ ու սպորտի վարպետ՝ Րաֆիկ Քոչարեանին, որը Խ. Միութեան ըմբշամարտի հաւաքական խմբի կազմում՝ փայլուն յաջողութիւններ է արձանագրել զանազան մրցութիւններում եւ երկար տարիներ եղել է Հայաստանի հաւաքականի խմբի գլխաւոր մարզիչը: Չպէտք է մօռանալ Պաւել Մեջլումեանին, որը աւարտելով Հայաստանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը՝ մինչ հանգստի կոչւելը ծառայել է որպէս մարզիչ: Իսկ՝ Դաւիթ Սարգսեանը եղել է Հայաստանի բասկետբոլի հաւաքական խմբի անդամ:

Հետաքրքրական է, թէ ի՞նչն է այս անձանց բերում գրադարան: Դաւիթ Սարգսեանը բացատրում է, թէ ինչպէս վերջին 16 տարիներին, Գլենդէյլ հաստատւելու առաջին իսկ օրերից, շարունակաբար յաճախել է գրադարան՝ շախմատ խաղալու համար: Նա կատակելով ասում է. «Եթէ մի օր այստեղ չլինեմ, ուրեմն այդ օրը հիւանդ եմ» եւ յետոյ աւելացնում. «Ամէն օր գալիս ենք խաղալու եւ երբ տանը հարցնում են, ասում ենք աշխատանքի ենք գնում»: Գարուշ Սիւքազեանը, որը Երեւանում տարիներ զբաղւել է երաժշտութեամբ ու դասավանդութեամբ, ունի հետաքրքիր մօտեցում. «Շախմատը մեզ հանգստութիւն է պատճառում եւ մենք առանց այս խաղի չենք կարող դիմանալ ու գոյատեւել: Սա մեր առողջութիւնն է»: Հանգստի կոչւած մեխանիկ ինժեներ՝ Ռազմիկ Համբարձումեանը բացատրում է, որ երկրորդ դասարանից, շախմատի սիրահար է եղել:

Հայաստանից ԱՄՆ գաղթած՝ հանգստի կոչւած բժիշկ Գագիկ Գալստեանը շախմատը հաճելի է համարում նրանով, որ անձը տրւելով տւեալ պահին՝ մօռանում է բոլոր իր հոգսերն ու վէճերը: Հայաստանի վաստակաւոր ինժեներ Նորայր Չիկեչեանը, որը մինչ իր հանգստի կոչւելը՝ տասեակ տարիներ վարել է մեծ շինարարութիւնների գլխաւոր ինժեների պաշտօնը, պատմում է, որ ամէն օր գրադարանի վերնահարկում օրւայ իրադարձութիւնների մասին ինտերնետով տեղեկանալուց յետոյ իջնում եւ զբաղւում է շախմատով: Իրանահայ Վրէժ Վարդանեանը միայն վեց ամիս է, որ հաստատւել է Գլենդէյլում, սակայն գրադարանի այս միջավայրը համարում է հիանալի առիթ՝ աւելի ու աւելի ծանօթանալու զանազան վայրերից եկած հայրենակիցների հետ: Մի այլ հայրենակից նշում է. «Ժամանակ առ ժամանակ հաւաքւում եւ ընկերական մրցումներ ենք անցկացնում»: Թէ ո՞վ է իրենց մէջ լաւագոյն շախմատիստը, ներկաները նշում են Սպարտակին եւ իրանահայ Պողոսին՝ վերջինիս անւանելով «գայլ»:

Վարուժան Բասմաջեանը (մասնագիտութեամբ՝ ատամնատեխնիկ) վեց տարի առաջ Ռուսաստանի Կրասնադարից եկել է ԱՄՆ: Նա այսպէս է կապում հայ ազգի հոգեբանութիւնն եւ շախմատը միմեանց հետ. «Շախմատը շատ հետաքրքիր խաղ է: Մեր հայերն էլ տաղանդաւոր ժողովուրդ են- սա գաղտնիք չէ, այդ պատճառով սիրում ենք այս ուշագրաւ խաղը: Մենք փոքր ազգ ենք, սակայն երկու անգամ մեզ յաջողւեց՝ դառնալ շախմատի համաշխարհային օլիմպիադայի ախոյեան. դա քիչ բան չէ»: Ֆիզիկոս Սարգիս Ղազարեանը Միացեալ Նահանգներում հաստատւելու առաջին իսկ օրերից (14 տարի առաջ) շարունակաբար յաճախել է գրադարան: Նրա համոզմամբ՝ շախմատը իբրեւ հինաւուրց ու բարդ մի խաղ՝ պահանջում է խիստ տրամաբանութիւն եւ մատեմատիկական հաշւարկ: Նա խաղը հետաքրքրական է տեսնում հայերի համար, քանի որ ազգի հիմքը համարում է դրւած խոհեմութեան ու տրամաբանութեան վրայ:

Գրադարանի շախմատի բաժինը ուշագրաւ է ոչ միայն շրջանի բնակիչներին, այլ նաեւ Գլենդէյլի ժամանակաւոր այցելուներին: Հայաստանից զբօսնելու նպատակով ԱՄՆ ժամանած գեղանկարիչ՝ Արտաւազդ Պապիկեանը հաճելի ժամանակ է անց կացնում գրադարանի այս բաժնում՝ իր մէկամսեայ ճամբորդութեան ընթացքին:

Այս յօդւածը նաեւ տպագրւել է «Օրակարգ» ամսաթերթում:

Լուսանկարներ՝ հայ-թրքական արձանագրութիւնների դէմ ժողովրդային ցոյցից (Լոս Անջըլես-2009 թ. հոկտեմբեր 4)

























(Լուսանկարները նկարահանել է Էրւին Եաղուբեանը)

(Ներկայացւած լուսանկարներից ոմանք հրատարակւել են «Ասպարէզ» օրաթերթի 2009 թ. հոկտեմբերի 6-ի համարում, հետեւեալ խորագրով՝«Արձանագրութիւններու Դէմ Ժողովրդային Ցոյցը Էրվին Եաղուբեանի Լուսանկարչական Գործիքի Ոսպնեակին Ընդմէջէն- Լոս Անճելըս»)

Լուսանկարներ՝ 2009 թ. սեպտեմբերի 27-ին հայ-թրքական նախաստորագրւած արձանագրութեան դէմ Գլենդէյլում կայացած բողոքից














(Լուսանկարները նկարահանել է Էրւին Եաղուբեանը)

(Ներկայացւած լուսանկարներից ոմանք հրատարակւել են «Ասպարէզ» օրաթերթի 2009 թ. սեպտեմբերի 29-ի համարում)

Հարցազրոյց Հայաստանում Վայրի բնութեան եւ մշակութային արժէքների պահպանման հիմնադրամի նախագահ՝ Ռուբէն Խաչատրեանի հետ

Հայաստանում Խախտուել Են Արժէքները

2001 թուականից առ այսօր Հայաստանում Վայրի բնութեան եւ մշակութային արժէքների պահպանման հիմնադրամը (Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets in the Republic of Armenia), բնութեան եւ մշակութային յուշարձանների պահպանման առաքելութեամբ՝ Հայաստանում եւ Արցախում կազմակերպում է կրթական նախագծեր, քարոզարշաւներ, բնապահպանական ֆիլմերի նկարահանումներ եւ այլն: Այս բոլորը կատարւում է 11 էկօ-ակումբների ներքոյ, որտեղ անդամագրուած մօտ 1000 երեխաներ մասնագէտների ուղղորդմամբ ծանօթանում են շրջակայ միջավայրի խնդիրներին, սովորում են լուսանկարել կամ ֆիլմանկարել բնութիւնը:

Եւ այսպիսով, առաւել ընդլայնելու եւ ամրապնդելու կապը ամերիկահայ համայնքի հետ, վերջերս Լոս Անճելըս էր այցելել նշեալ հիմնադրամի նախագահ Ռուբէն Խաչատրեանը: Ստորեւ ներկայացնում ենք նրա հետ մեր աշխատակից Էրւին Եաղուբեանի՝ Մայիսի 21ին վարած հարցազրոյցը:

(Լուսանկարիչ՝ Էրւին Եաղուբեան)

ԷՐՒԻՆ ԵԱՂՈՒԲԵԱՆ.- Պրն. Խաչատրեան, խնդրեմ ամփոփ կերպով ընթերցողին ծանօթացրէք ձեր կենսագրութիւնն ու գործունէութիւնը բնապահպանութեան ոլորտում:

ՌՈՒԲԷՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Իմ կրթութիւնն անմիջապէս բնապահպանութեան հետ կապուած չէ: Սովորել եմ Երուսաղէմի Ժառանգաւորած վարժարանում, որից յետոյ ուսանել եմ Հայաստանի Մանկավարժական համալսարանում եւ աւարտել՝ որպէս կինորեժիսոր: Եւ այդ բոլորի համատեղելութեամբ այժմ բնապահպան եմ:
Իմ գործունէութիւնը բնապահպանական ոլորտում սկսուեց 90ականների սկզբին, երբ Հայաստանը շատ դժուար վիճակում էր: Երեւանի ձիարշաւարանում պահւում էին ազնուացեղ ձիեր, որոնք բազմաթիւ մրցանակներ էին շահել ամբողջ սովետական տարածքում, սակայն այդ օրերին մոռացուել ու սատկում էին սովից: Մենք ընկերներով փորձում էինք սնունդ կազմակերպել: Ապա ձիերի վիճակը պատմող եօթը րոպէանոց մի ֆիլմ նկարահանեցի, առանց խօսքի՝ միայն նկարներով, որը շատ ազդեցիկ տպաւորութիւն թողեց դիտողների վրայ, այն աստիճանի որ խնդիրը հասաւ ձիարշաւարանի կառավարիչին եւ արդիւնքում՝ բարելաւուեց դրութիւնը:

Կերամիկայի եւ դիզայնի գծով մէկ տարի Գերմանիայում ուսանելուց յետոյ, սկսեցի նկարհանել ֆիլմեր Հայաստանի վայրի բնութեան մասին, քանի որ նմանատիպ աշխատանքներ չէին կատարուել: Հրաչիկ Ղազարեանի հետ միասին թարմացնելով արխիւային նկարահանած նիւթերը՝ ստեղծեցինք «Երկիր դրախտավայր» ֆիլմաշարը, որն երկու տարի շարունակ հեռուստատեսութեամբ եթեր արձակուեց՝ հանրութեանը ցոյց տալով Հայաստանում եղած արժէքներն ու նրանց պահպանելու անհրաժեշտութիւնը:

Այստեղից ծնուեց հիմնադրամ ստեղծելու գաղափարը, որն աւելի լրջութեամբ պէտք է զբաղուէր վայրի բնութեան եւ Հայաստանի մշակութային արժէքների հարցերով: Շատ յաճախ կարելի է հանդիպել մշակութային արժէք ներկայացնող կիսաքանդ եկեղեցիների, խաչքարերի ու տապանաքարերի: Մեր պատմութեան մէջ եկեղեցիները կառուցուել են բնութեան ամենահարուստ էներգետիկ վայրերում: Մեր եկեղեցիների կառուցման տարածքի ընտրութեան մէջ շատ սիմպոլիկ (խորհրդանշական-Է.Ե.) խորհուրդներ կան՝ բնութիւն, եկեղեցի, մարդ-Աստուած փոխյարաբերութիւն. այս բոլորը մեր մշակոյթի մէջ սերմանուած են: Այդ պատճառով, «Վայրի բնութեան եւ մշակութային արժէքների պահպանման հիմնադրամ» անունը ստացուեց: Միայն ֆիլմեր ցուցադրելով հնարաւոր չէր հայ հանրութեան ուշադրութիւնը ուղղել դէպի ունեցած արժէքները: Հայաստանում պատերազմի եւ տնտեսական ճգնաժամային տարիներից յետոյ մարդկանց գիտակցութեան մէջ եղած ներքին սահմանները խախտուել էին, ի՛նչն է կարելի, ի՛նչը չի կարելի՝ սկսած ծառահատումներից, վերջացրած կենդանիներին որսալով կամ ինչ որ արժէք հանդիսացող յուշարձանը վերացնելով: Խախտուած սահմանների յետ բերելը շատ դժուար է եւ պահանջում է երկար ժամանակ: Չնայած մարդկանց տնտեսական եւ սոցիալական վիճակը այսօր բարելաւուել է, բայց նրանց գիտակցութեան մէջ դեռ սահմանները խախտուած են, ուստի իրենց թոյլատրում են վարուել այնպէս, ինչպէս վարւում էին նախկինում:


ԷՐՒԻՆ ԵԱՂՈՒԲԵԱՆ.- Վերը նշած խնդիրների կապակցութեամբ կը խնդրեմ աւելին բացատրել: Ամէն երկիր իր առջեւ ունի բնապահպանութեանը կապուող կարեւոր խնդիրներ՝ շրջակայ միջավայրի, վայրի բնութեան եւ կենսաբազմազանութեան պահպանումը, օդի եւ ջրի աղտոտուածութիւնը, աղբի վերամշակումը, բնական հարստութիւնների վատնումը եւ այլն: Այս առումով որո՞նք են Հայաստանի ներկայ հիմնախնդիրները: Ինչպէ՞ս էք գնահատում հայ հասարակութեան բնապահպանական գիտակցութեան մակարդակը:

ՌՈՒԲԷՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Բնապահպանական խնդիրները համընդհանուր խնդիրներ են ամբողջ աշխարհի համար, բայց մարդկութեան առջեւ կանգնած առաջին բնապահպանական խնդիրը՝ էկոլոգիական գիտակցութեան պակասն է: Հայաստանում կարծես ծայրայեղ աստիճանի է հասել գիտակցութեան պակասը, երբ մարդն իր քայլերի համար պատասխանատուութիւն չի կրում, չի գիտակցում, թէ ի՛նչ է անում: Ցաւօք պետական մակարդակով էլ նոյնն է: Այսինքն, չկայ քաղաքականութիւն եւ հսկողութիւն այդ դաշտի վրայ: Այսօր ամբողջ աշխարհում պետութիւնների առջեւ դրուած առաջին խնդիրը բնապահպանութեան հարցն է: Խնդիրը սա է՝ մեր սերունդին ի՛նչ ենք տալիս եւ ի՛նչ ենք թողնելու մեզանից յետոյ: Այսօրուան ապրելաձեւով, մտածելակերպով եւ վարած քաղաքականութեամբ, շատ վատ դրութեան մէջ ենք թողնելու ապագայ սերնդին: Ուստի պէտք է այսօր սթափուենք:

Հայ ազգի առջեւ կայ նաեւ ինքնութեան խնդիրը: Այսօր նոր սերունդը փորձում է իրեն նորէն գտնել՝ որպէս նոր հայի տեսակ: Այսօր հայ երիտասարդների մի մասը փորձում է նմանուել եւրոպացուն, միւս մասը ամերիկացուն, իսկ մի խումբը աւելի ասիական է: Նրանք փորձում են իրենց գտնել, սակայն չեն յաջողում: Չունեն հերոս՝ նրան հետեւելու, չունեն գիտակցութիւնը, թէ ինչի՛ համար պէտք է պայքարել եւ ինչո՛ւ փոխուել:

Այս խնդիրների պատճառով անհրաժեշտ եմ համարում նոր սերնդի լուրջ բնապահպանական կրթութիւնը: Սակայն դրա խորքում կայ հայագիտութեան հարցը: Պէտք է երեխայի մէջ ձեւաւորել որոշակի արժէքային համակարգ: Արժէքային համակարգ ասելով, նկատի ունեմ մօտեցումը շրջակայ միջավայրին, յարաբերութիւնը սկսած մարդկանցից՝ վերջացրած առարկաներով ու կենդանական եւ բուսական աշխարհի դիմաց պատասխանատուութիւն զգալով: Դա առարկայական է դառնում երեխայի համար, երբ բնապահպանութեան եւ մշակութային արժէքների միջոցով խօսւում է հայրենիքի սիրոյ մասին:

 Այս առաքելութեամբ յաջողեցինք Հայաստանում գտնել մի բարեկամ կազմակերպութիւն՝ «Վիւասել» ընկերութիւնը՝ Ռալֆ Եիրիկեանի գլխաւորութեամբ: Կարեւորում եմ գիտակցութիւնը նման մարդկանց, որոնց համար կարեւոր են այս տեսակի նախագծերը:


ԷՐՒԻՆ ԵԱՂՈՒԲԵԱՆ.- Որո՞նք են Հիմնադրամի առաջնահերթ առաքելութիւնը եւ հիմնական նպատակները:

ՌՈՒԲԷՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Հիմնական նպատակը դաստիարակելն է մի սերունդ, որն այլ կերպ կը դատի, այլ կերպ կը դիտի իր բնութիւնն ու հայրենիքը եւ այլ կերպ կը հասկանայ արժէքների կարեւորութիւնը: Ինչպէս նշեցի, այդ արժէքները Հայաստանում խախտուած են, սակայն այսօրուայ պայմաններում հնարաւոր չէ մեծահասակներին ստիպել փոխել իրենց հայեցակէտը: Հէնց այդ պատճառով սկսեցինք աշխատել փոքրահասակների հետ: Նրանց հարկաւոր էր մի հերոս, եւ այդ հերոսը սիմպոլացրինք «Արեւորդու» մէջ: Հետեւելով Արեւորդուն՝ կը գայ մի սերունդ, որն ամբողջովին տարբեր է մտածելու հայրենիքի, մշակութային արժէքների եւ ապագայի մասին: Առաջին հերթին հարկաւոր է երեխաների մէջ (նկատի ունեմ 10-17 տարեկան պատանիներ) սերմանել քննադատական մօտեցումը եւ գնահատումը այն ամէն ինչի, որն ունենք:

Էկօ-ակումբների համար կազմուել է առանձին դասագիրք, որը պարունակում է զանազան առարկաներ՝ էկոլոգիա, անգլերէն, ինտերնետի եւ համակարգչի դասընթացքներ, ֆոտօ-դասընթացք, վիդէօ-դասընթաց եւ լրագրութիւն: Առարկաները դասաւանդւում են բնութեան թեմայի հետ համաձուլուած, որպէսզի բոլորը ծառայեն մի նպատակի: Երեխաները սովորում են, թէ ինչպէ՛ս պէտք է աշխատել համայնքի ղեկավարների հետ, իրենց համայնքում ո՛վ՝ ինչ պատասխանատուութիւն է կրում, որ թերութիւնների պարագայում, իշխանութիւնից կարելի լինի պատասխան պահանջել: Այսպիսով երեխան դառնում է կայացած քաղաքացի, որը համակարգուած է մտածում եւ կարող է պաշտպանել իր շահերը: Մեր նպատակն է նաեւ ստեղծել մի ցանց, որով ի նպաստ հայրենիքի, հնարաւոր կը դառնայ Սփիւռքի, Հայաստանի եւ միջազգային կառոյցների համագործակցութիւնը: ԱՄՆ գալուս պատճառներից մէկն էլ հէնց դա է:


ԷՐՒԻՆ ԵԱՂՈՒԲԵԱՆ.- Հիմնադրամի ձեռնարկած եւ բարձր յաջողութեան յանգած կրթական ծրագիրներից՝ «Արեւի հետքերով» բնապահպանական նախագիծն է, որն իրականացւում է «Արեւորդի» էկօ-ակումբների շրջանակում: Խնդրեմ ներկայացրէք նախագծի բովանդակութիւնը եւ ակումբների գործունէութիւնը:

ՌՈՒԲԷՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Սկզբում ընդամէնը հինգ փորձնական նախագծեր էին իրականացուել Հայաստանի հինգ մարզերում, սակայն այսօր երկրի 10 մարզերում եւ Արցախում (Շուշիում) աշխատում են 11 էկօ-ակումբներ՝ առանձին գրասենեակներով եւ իրենց ենթակառուցուածքով (համակարգիչ, համացանց, վիդէոտեխնիկայ եւ այլն): Տարածքները ընտրւում են զանազան հիմքերի վրայ, այսինքն՝ չկայ յատուկ չափանիշ: Դա կախուած է համայնքից, թէ ինչպէ՛ս է գտնում գաղափարը եւ ինչքանո՛վ է պատրաստ տարածք տրամադրելու եւ օժանդակելու: Սակայն հիմնականում ընտրւում են բնապահպանական լուրջ խնդիրներ ունեցող տարածքներ:

Ակումբների դասընթացները լինում են անվճար, սակայն կանոնաւոր մասնակցութիւնը պարտադրական է: Դասընթացները կայանում են շաբաթական 4-5 անգամ: Սկզբում ակումբները ներկայացնում են իրենց ծրագիրը՝ մեծ ժողովներ գումարելով, երեխաների մէջ թերթիկներ բաժանելով եւ ծնողներին համաձայնութեան բերելով: Արձանագրուած աշակերտները, ըստ իրենց նախասիրութեան՝ թէ ինչ թեմայով են ցանկանում զբաղուել, բաժանւում են խմբակների:

Էկօ-ակումբների ընդհանուր կառուցուածքը Ֆինանսական առումով բարդ է: 60ից աւել դասախօսներ են ներգրաւուել ծրագրի մէջ: Սկզբում պէտք է, ըստ կրթական ձեռնարկի, դասախօսներին ուսուցանել: Շատ դէպքերում, Երեւանից են դասախօսներ ուղարկւում մարզեր: Սա մի բարդ մեխանիզմ է իր համար:
Ակումբներում դասաւանդուող առաջին թեման ընդհանուր ճանաչողութիւնն է մարզի, գիւղի կամ քաղաքի, որտեղ ապրում են աշակերտները: Նրանք ծանօթանում են իրենց անցեալի ու ներկայի հերոսների հետ, տեղեկանում թէ ինչո՛վ կարելի է հպարտանալ, որո՛նք են մարզի արժէքները՝ լինեն եկեղեցիներ կամ բնական յուշարձաններ: Այսպիսով երեխայի մէջ արթնանում է հայրենիքի հանդէպ սէրը: Առանց այդ սիրոյ հնարաւոր չի դառնալու երեխային հասկանալ արժէքների պահպանման կարեւորութիւնը: Ամէն էկօ-ակումբ իր կերպն է սարքում, որի մէջ կան սիմպոլներ՝ կապուած մարզի բնութեան, վայրի կենդանիներին կամ մշակութային արժէք հանդիսացող եկեղեցիներին: Հիմքային աշխատանք է տարւում երեխայի հետ, որպէսզի իր մօտ ստեղծուի արժէքային համակարգ, բարձրանայ նրա գիտակցութիւնն ու դառնայ մի քաղաքացի, որը կարող է արժէքներ կրել իր ուսերին: Սակայն չկայ պատրաստի ու վերջնական մի փաթեթ: Ընթացքում վերաձեւաւորում ենք մեզ ու կրկին վերանայում այդ բոլորը:


ԷՐՒԻՆ ԵԱՂՈՒԲԵԱՆ.- Ի՞նչ նպատակ է հետապնդում «Պահպանի՛ր բնութիւնը» քարոզարշաւը, եւ ինչպէ՞ս է իրականացւում այն:

ՌՈՒԲԷՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Էկօ-ակումբները մեր աշխատանքի բուն կորիզն են: Կորիզի շուրջ ձեւաւորւում է մարմինը՝ մեր նախագծերը: «Պահպանի՛ր բնութիւնը» քարոզարշաւը այդ նախագծերից է: Նպատակը՝ բնապահպանութեան թեման աւելի մասսայական (լայն զանգուածներու ծանօթ-Է.Ե.) դարձնելն է: Այս նախագծերը եթեր են դրւում հեռուստատեսութեամբ, ընդգրկում են աւելի մեծ թիւով երիտասարդներ ու գրաւում հանրային ուշադրութիւն: Այս մասսայական միջոցառումներին մասնակցում են 5-6 հազար հոգի:

Քարոզարշաւի նախագծերից է «Նկարչական օրերը»: Նկարչական մրցոյթի մասին տեղեկացւում են երեխաները բոլոր կրթօճախներում, լինեն հանրակրթական, գիշերօթիկ կամ արուեստի դպրոցներ, թէ մանկատներ: Թեման կարող է լինի՝ «Իմ շրջակայ միջավայրի խնդիրները» կամ «Իմ հայրենի բնութիւնը»: 30 հոգանոց մի խումբ 3-4 ամիսներ շարունակ կազմակերպչական մեծ աշխատանք է տանում: Առաջին փուլում երեխաները մեզ են ուղարկում իրենց նկարչութիւնները: Ապա նկարչական օրուան համար սեղաններ են վերամշակւում բոլոր դպրոցներում ու մանկապարտէզներում, եւ 1000ից աւել երեխաներ նկարում են ընտրուած նկարչութիւնները սեղաններին: Որպէս սոցիալական գովազդ, հոլովակներ են պատրաստւում ու ցուցադրւում հեռուստատեսութեամբ, եթերներ են գնում ռադիոյով եւ հաղորդումներ են լինում հեռուստատեսութեամբ:

ԷՐՒԻՆ ԵԱՂՈՒԲԵԱՆ.- Բացատրէք Հիմնադրամի կողմից իրականացուող բնապահպանական ֆիլմերի նկարահանման եւ թողարկմնան նախագծի մասին: Սոյն աշխատութիւնը ի՞նչ յաջողութեան է յանգել տեղական եւ միջազգային շրջանակներում:

ՌՈՒԲԷՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Ակումբների վիդէօդասընթացներին եւ ֆոտօդասընթացներին երեխաները սովորում են գործիքների հետ աշախատել, ճիշդ կադր կառուցել, ցենար գրել եւ պատմութիւն յօրինել: Շուրջ մէկ տարի պարապելուց յետոյ նրանք ընտրում են իրենց թեման եւ սկսում ֆիլմ նկարել: Ամէն էկօ-ակումբ զանազան թեմաների միջից կենտրոնանում է մէկի վրայ՝ ֆիլմ կամ հաղորդում պատրաստելով նրա մասին: Հիմնական աշխատանքը տարւում է երեխաների կողմից. իրենք են գրում ցենարը, ընտրում հերոսներին, նախագծում նկարահանման ծրագիրը եւ կատարում նկարահանումները: Դասախօսները միայն օգնում եւ հսկում են իրենց:

Նախանցեալ տարի հինգ մարզերում իրականացուած Ֆիլմերի նկարահանման առաջին փորձնական նախագծի արդիւնքում պատրաստուեցին հինգ ֆիլմեր: Աշխատանքը մեծ մասամբ երեխաներն են կատարել:

Այս հինգ ֆիլմերը տեղ են գտել «Արեւի հետքերով» DVD-ում, որը կարելի է գնել Լոս Անջելըսի եւ Գլէնդէյլի հայկական գրախանութներից («Ապրիլ», «Սարդարաբադ» եւ այլն) ու հայկական ֆիլմեր եւ ձայնասկաւառակներ վաճառող կենտրոններից: DVD-ն նաեւ վաճառւում է online՝ savethenature.am կայքէջում:

ԷՐՒԻՆ ԵԱՂՈՒԲԵԱՆ.-Հիմնադրամը 2007 թուականին կազմակերպեց «Արեւորդի» առաջին տարածաշրջանային բնապահպանական փառատօնը: Նախաձեռնութիւնն ինչպիսի՞ արձագանգ գտաւ ներքին եւ արտաքին շրջանակներում: Բացատրէք 2009 թուականին կայանալիք փառատօնի մասին:

ՌՈՒԲԷՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Հիմնադրամն ունի երեք հիմնական նախագծեր՝ ձեռնարկել կրթական ծրագիրներ էկօ-ակումբների շրջանակում, իրականացնել քարոզարշաւներ եւ կազմակերպել «Արեւորդի» փառատօնը: Փառատօնը լինում է երկու տարին մէկ: Տարածաշրջանում (տարածաշրջան ասելով նկատի ունեմ Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը եւ Վրաստանը) ուրիշ բնապահպանական փառատօն չի կազմակերպւում: Նոյնիսկ Ռուսաստանի պէս երկիրը չունի բնապահպանական կոնկրէտ փառատօն: Տարածաշրջանում առաջին անգամ կայանում էր բնապահպանական փառատօն, որին մասնակցում էին Թուրքիայից, Իրանից, Վրաստանից եւ Ռուսաստանից:

2009 թուականի փառատօնը կայանալու է Հոկտեմբերին: Այս միջազգային փառատօնին մասնակցելու են հիւրեր տարածաշրջանից, լինելու են նախագծեր, ինչպէս գեղարուեստական ցուցահանդէսներ, սեմինարներ, քննարկումներ, տարածաշրջանի համար workshop-եր: Հիմնական փառատօնը ունի երկու բաժին՝ երեխաների եւ մեծահասակների:

Առաջիկայի նպատակը՝ «Արեւորդի» փառատօնի գաղափարը տարածելն է աշխարհում: ԱՄՆ ճամբորդելուս պատճառը հէնց դա է, քանի որ Լոս Անջելըսը, մասնաւորապէս Գլէնդէյլը, համարւում է երկրորդ Հայաստան, տեղի հայերը մասնակից դառանան այս գործընթացին եւ հայ երեխաները հնարաւորութիւն ունենան ընդգրկուելու մեր միջոցառումներին ու նախագծերին:
ԷՐՒԻՆ ԵԱՂՈՒԲԵԱՆ.- Ի՞նչ հրատարակութիւններ է կատարել Հիմնադրամը:

ՌՈՒԲԷՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Որպէս առաջին նախագիծ՝ ակումբների աշակերտները մանկապարտէզի տարիքի երեխաների համար գրեցին բնապահպանութեան թեմայով հէքիաթներ: Գաղափարը այն էր, որ հէքիաթների մի մասը կիսատ թողուի, որպէսզի երեխաները իրենք կազմեն շարունակութիւնը: Արդիւնքում հրատարակուեց «Արեւի հետքերով» բնութեան մասին պատմող հէքիաթների գիրքը: Ստեղծուեց նաեւ գրքի ձայնային տարբերակը այն փոքրիկների համար, որոնք կարդալ չգիտեն: Գիրքը կարելի է գնել հայկական գրախանութներից:

ԷՐՒԻՆ ԵԱՂՈՒԲԵԱՆ.- Սփիւռքը ինչպէ՞ս կարող է մասնակցութիւն բերել Հայաստանի բնապահպանման գործին:

ՌՈՒԲԷՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Իրականում Սփիւռքը բաւականին մեծ մասնակցութիւն կարող է ունենալ եւ այդ մասնակցութեամբ խնդիրներին լուծումներ առաջարկել: Եթէ Սփիւռքի կողմից եկած ուշադրութիւնը մեծ լինի, եթէ Սփիւռքի միջոցով Հայաստանում կայացող նախագծերում լինի բնապահպանական քաղաքականութիւն եւ եթէ լինի այդ կայուն զարգացման բաղադրիչը, ապա Հայաստանում կ՛իրականացուեն բազում ծրագրեր աւելի մեծ յաջողութեամբ:

ԷՐՒԻՆ ԵԱՂՈՒԲԵԱՆ.- Իսկ ի՞նչ խօսքով կը ցանկանայիք եզրափակել մեր այս հարցազրոյցը:

ՌՈՒԲԷՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Վերջին ժամանակներում ԱՄՆ ճամբորդելով՝ փորձում եմ այստեղ նաեւ որպէս կազմակերպութիւն հիմնադրուել: Փափաքում եմ մեր կողքին տեսնել մարդկանց, որոնց հետաքրքրում է այս թեման, որոնք կամենում են նոր սերունդի մէջ տեսնել մեր հայրենիքի ապագան: Բոլորս կը համաձայնուենք, որ մեր հայրենիքում շատ բաներ պէտք է փոխուեն: Ես այդ փոփոխման ճանապարհը սերնդափոխութեան՝ ճիշդ սերունդ դաստիարակելու մէջ եմ տեսնում: Պէտք է ներդրումը առաջին հերթին կատարել մարդկանց վրայ, ոչ թէ՝ ենթակառուցուածքների:

Հարցերով ու առաջարկութիւններով կարող էք դիմել՝ ruben@fpwc.org հասցէին:

Կազմակերպութեան ինտերնետային հասցէն է՝ http://www.fpwc.org

Այս յօդւածը նաեւ տպագրւել է «Ասպարէզ» օրաթերթում:

Վ. Քէշիշի Եւ Ժ. Փայասլեանի Ֆիլմերը՝ «FilmFest 43»ի Մրցանակակիրներ


(Լուսանկարիչ՝ Էրւին Եաղուբեան)
Ուրբաթ, Մայիս 15ին կայացաւ «FilmFest 43» ամենամեայ երկրորդ կինոփառատօնը Գլէնդէյլի «Ալեքս» թատրոնի դահլիճում, որտեղ ցուցադրուած հայ բեմադրիչների 7 ֆիլմերից մրցանակներ շահեցին Վիւիըն Քէշիշի ու Ժաք Փայասլեանի արտադրած «Sounds of Silence» եւ «Daft Punk- Robot Rock» ֆիլմերը:

Փառատօնին, որը կազմակերպուել էր Քալիֆորնիայի նահանգային խորհրդարանի 43րդ ընտրաշրջանի ներկայացուցիչ Փօլ Գրիգորեանի նախաձեռնութեամբ, ներկայացուած 92 կարճամետրաժ ֆիլմերից ցուցադրուեցին 17 լաւագոյնները: Սոյն ֆիլմերը, ըստ բովանդակութեամբ, դասւում էին 5 կարգերում՝ անիմացիայ (animation), պատմողական (narrative), փորձառական (experimental), վաւերագրական (documentary) եւ երաժշտական ֆիլմ (music video):

Լաւագոյնների շարքում ցուցադրուեցին 6 հայ ֆիլմարտադրողների նկարահանած 7 կինոնկարները: Ֆիլմերն են՝

• Մասիս Ղազարեանի (Masis Ghazaryan) արտադրութեամբ նկարահանուած «A-Punk-Vampire Weekend» ֆիլմը, (Burbank High School-ից).

• Ժաք Փայասլեանի (Jack Payaslyan) արտադրութեամբ նկարահանուած «Daft Punk- Robot Rock» ֆիլմը, (Burbank High School-ից).

• Արիան Տաւուտեանի (Arian Davoudian) բեմադրութեամբ եւ Արման Յովսէփեանի (Arman Hovsepian) արտադրութեամբ նկարահանուած «The Mind At Night»ը, (Burbank ROP-ից).

• Մայքըլ Ալոյեանի (Michael Aloyan) բեմադրած ու արտադրած «Dear Diary», «Sicilian» եւ «Surreal» ֆիլմերը, (Clark Magnet High School-ից).

• Վիւիըն Քէշիշի (Vivian Keshish) արտադրած «Sounds of Silence»ը, (Providence High School-ից).

Յիշատակելի է, որ ցուցադրուած մի քանի ֆիլմերում (ինչպէս՝ «Dear Diary», «Sicilian», «Surreal», «Look back» եւ այլն) նկարահանուել են հայ պատանի դերասանները:

Ելոյթ ունենալով ծրագրի ընթացքին՝ նահանգային խորհրդարանական Փօլ Գրիգորեանը ողջունեց 43րդ ընտրաշրջանի միջնակարգ դպրոցների աշակերտութեան բերած աշխոյժ մասնակցութիւնը եւ բարձր գնահատեց ուսուցիչների ներդրումը այդ գործին մէջ:

Անդրադառնալով ֆիլմերի ուսումնասիրման նախընտրական գործընթացին՝ Փ. Գրիգորեան իր գոհունակութիւնը յայտնեց իրաւարար կազմի բծախնդիր եւ տքնաջան աշխատութեան համար: Շնորհակալութեան խօսք ուղղելով, այն հաստատութիւններին, կազմակերպութիւններին ու անհատներին, որոնց նիւթական հովանաւորութեամբ եւ բարձր համագործակցութեամբ իրականացուեց ծրագիրը՝ Փ. Գրիգորեան յատուկ գնահատանքի խօսքերով յիշեց հայ ռեժիսոր-բեմադրիչ Հրակ Ետալեանի բերած ներդրումը գործին մէջ:


(Լուսանկարիչ՝ Էրւին Եաղուբեան)

Փառատօնի աւարտին, լաւագոյն ֆիլմերը, ըստ իրաւարար կազմին, շահեցին մրցանակներ՝ հետեւեալ կարգով.

• Լաւագոյն անիմացիոն ֆիլմ՝ Ժաք Փայասլեանի արտադրած «Daft Punk- Robot Rock»ը.

• Լաւագոյն պատմողական ֆիլմ՝ Վիւիըն Քէշիշի արտադրած «Sounds of Silence»ը.

• Լաւագոյն փորձարական ֆիլմ՝ «Music Trash»ը.

• Լաւագոյն երաժշտական ֆիլմ՝ «Can’t change me»ն.

• Լաւագոյն վաւերագրական ֆիլմ՝ «Behind the mask»ը.

Իսկ փառատօնի «Best of Show»ը ճանաչուեց Վիւիըն Քէշիշի «Sounds of Silence»ը:

«FilmFest 43» երկրորդ կինոփառատօնի իրաւարար կազմում անդամակցում էին Գլէնդէյլի Համայնքային քոլէճի մետիա-արուեստի ֆակուլտետի ղեկավար (The Head of the Media Arts Department at Glendale Community College) Մայքըլ Փեթրոսը (Michael Petros), UCLA համալսարանի անիմացիոն արտադրատեղի անդամ (Adjunct faculty member for UCLA Animation Workshop) Տակ Ուարտը (Doug Ward), գրող ու բեմադրիչ Ռոն Ազպորնը (Ron Osborn) եւ Քալիֆորնիայ ֆիլմ յանձնաժողովի գործադիր տնօրէն (Executive director of California Film Commission) Էյմի Լեմիշը (Amy Lemisch):

Յիշատակելի է, որ ներկայացուած 92 ֆիլմերի նկարահանումներն իրականացուել են Քալիֆորնիայի 43րդ ընտրաշրջանի 14 կրթական հաստատութիւնների եւ դպրոցների՝ 115ից աւել աշակերտների մասնակցութեամբ: Հայ աշակերտները նկարահանել են շուրջ 35 ֆիլմեր:

«FilmFest 43» կինոփառատօնի առաջին շրջանը կայացել է անցեալ տարի, աւելի քան 100 ֆիլմարտադրողների 103 կարճամետրաժ ֆիլմերի մասնակցութեամբ:

Այս յօդւածը նաեւ տպագրւել է «Ասպարէզ» օրաթերթում:

Երեք Հայ Աշակերտներ Կը Ներկայացուին FilmFest 43 Ամենամեայ 2րդ Փառատօնին

Քալիֆորնիայի նահանգային խորհրդարանի 43րդ ընտրաշրջանի ներկայացուցիչ Փօլ Գրիգորեանի նախաձեռնութեամբ, այսօր, Մայիսի 15-ին երեկոյեան 6:30ին, Գլենդէյլի «Ալեքս» թատրոնի դահլիճում կ՛անցկացուի FilmFest 43 ամենամեայ երկրորդ կինոփառատօնը: Քալիֆորնիայի 43րդ ընտրաշրջանի 14 կրթական հաստատութիւններից եւ դպրոցներից ներկայացուել են 92 կարճամետրաժ կինոնկարներ: Սոյն ֆիլմերը ըստ բովանդակութեան դասւում են 5 կարգերում՝ անիմացիա (animation), պատմողական (narrative), փորձառական (experimental), վաւերագրական (documentary) եւ երաժշտական ֆիլմ (music video): Ներկայացուած ֆիլմերը տեւողութեամբ 30 վայրկեանից (երկվայրկեան-Խմբ.)մինչեւ 15 րոպէ են:

Փօլ Գրիգորեանի գրասենեակից տրամադրած տեղեկութեան համաձայն՝ ֆիլմերի նկարահանման աշխատանքին մասնակցել են 115ից աւել աշակերտներ: Յիշատակելի է, որ մօտաւոր 35 ֆիլմերի նկարահանումը իրականացուել է շուրջ 20 հայորդիների մասնակցութեամբ:

Փառատօնի իրաւարար կազմի որոշմամբ՝ ներկայացուած ֆիլմերից ցուցադրուելու են 17 լաւագոյնները: Ցուցադրուելիք ֆիլմերի շարքում են տեղ գտել հայ պատանի բեմադրիչների՝ Արիան Դաւուդեանի (Arian Davoudian) (director) եւ Արման Եուսէփեանի (Arman Hovsepian) (producer) The Mind at Night կոչուող պատմողական ֆիլմը, եւ Մայքէլ Ալոյեանի (Michael Aloyan) (director and producer) Dear Diary, Sicilian եւ Surreal խորագրեր կրող երեք պատմողական ֆիլմերը: Ա. Դաւուդեանը եւ Ա. Եոււսէփեանը մասնակցում են Burbank ROPից, իսկ Մ. Ալոյեանը Clark Magnet միջնակարգ դպրոցից:

Փառատօնին, իրաւարար կազմի որոշմամբ, մրցանակներ պիտի շահեն 5 լաւագոյն ֆիլմեր՝ ըստ վերը նշուած կատեգորիաների: Նաեւ յայտարարուելու է Best of Showը:

Յիշատակելի է, որ FilmFest 43 կինոփառատօնի առաջին շրջանը կայացել է անցեալ տարի՝ աւելի քան 100 ֆիլմարտադրողների 103 կարճամետրաժ ֆիլմերի մասնակցութեամբ:

Այս յօդւածը նաեւ տպագրւել է «Ասպարէզ» օրաթերթում:

«Ասպարէզ», Մայիսի 15, 2009