Saturday, February 24, 2007

Թուրք «մասնագէտներ»-ի մոգոնած կեղծ պատմութիւնը

Թուրք «մասնագէտներ»-ի մոգոնած կեղծ պատմութիւնը՝ Մարդինում յայտնաբերւած Հայոց Ցեղասպանութեան զոհերի զանգւածային գերեզմանի վերաբերեալ

Ցեղասպանութիւնը վաւերացնող ապացոյցների վերացման մեծ հաւանականութիւն

Արդէն շատ պարզ մի երեւոյթ է դարձել Թուրքիայի «պատմագիտական, հետազօտական ու ակադեմական հաստատութիւններ»-ի այն ուղեգիծը, որն առընչւում է երկրի իշխանութիւնների ֆաշիստական քաղաքականութեանը: Յիշեալ հաստատութիւնները փոխանակ աւելի քան զբաղւելու պատմական իրականութիւնները յայտնաբերելու գործով՝ փորձում են յօրինել սուտ պատմութիւններ՝ խեղաթիւրելով եւ «թրքացնելով» մինչեւ իսկ ամենաակնյայտ իրականութիւնները: Ականատես ենք, թէ ինչպէս զուր ջանքեր են տարւում Հայոց Ցեղասպանութեան ակներեւ իրականութիւնը հերքելու եւ «պատմականացնելու» ուղղութեամբ: Մինչեւ իսկ փորձում են ինչ-որ անհիմն փաստեր ներկայացնելով՝ ձեւացնել, թէ թուրք ժողովուրդն է անմեղօրէն ջարդի ենթարկւել հայերի կողմից: Թուրք «պատմաբաններ»-ը չբաւարարւելով այսքանով՝ լկտիաբար փորձում են «թրքացնել» եւ իւրացնել հայկական պատմա-մշակութային բազում յուշարձաններ:Մերթընդմերթ ականատես ենք դառնում, թէ ինչպէս Թուրքիայի տարածքում Ցեղասպանութեան տարիներից մնացած զանգւածային գերեզմաններ են յայտնաբերւում: Սակայն, թուրք «մասնագէտներ»-ը եւ դրանց գլխին ոմն Հալաջօղլու կոչեցեալը, «գիտական հետազօտութիւններ»-ի արդիւնքում, ի զարմանս՝ յայտարարում են, որ թաղւած կմախքները պատկանում են թուրք հայրենակիցներին, որոնց հայերը ջարդի են ենթարկել 1900-ական թւականների սկզբում:
Վերջերս Թուրքիայի Մարդին շրջանում եւս յայտնաբերւեց մի զանգւածային գերեզման, որը մեծ հաւանականութեամբ պատկանում է Հայոց Ցեղասպանութեան զոհերին (յաւելեալ տեղեկութիւնների համար կարելի է ընթերցել հեղինակի գրչին պատկանող յօդւածը, որը հրատարակւել է «Ալիք» օրաթերթի 2006 թ. դեկտեմբերի 12-ի եւ ԱՄՆ-ում հրատարակւող «Ասպարէզ» օրաթերթի յունւարի 3-ի եւ 4-ի համարներում): Սակայն, այս անգամ թուրք «պատմաբաններ»-ը առանց որեւէ հիմնաւորւած ապացոյցի՝ յայտնաբերւածը կոչեցին «Հռոմէական» եւ «Բիւզանդական» շրջաններից մնացած գերեզման:

Անդրադարձ
2006 թ. հոկտեմբերի 19-ին Թուրքիայում հրատարակւող «Ուլքադա օզգիւր գիւնդեմ» (Ülkede Özgür Gündem) օրաթերթում տեղ է գտել Բերգիւզար Օրուչի (Bergüzar Oruç) գրչին պատկանող «Զանգւածային գերեզման՝ հայկական գիւղում» (Ermeni köyü'nde toplu mezar) խորագրով լուրը, որը մի քանի լուսանկարներով տեղեկացնում էր Թուրքիայի տարածքում յայտնաբերւած Հայոց Ցեղասպանութեան հաւանական զոհերի զանգւածային գերեզմանի մասին: Գերեզմանը յայտնաբերւել էր հոկտեմբերի 17-ին պատահաբար՝ Թուրքիայի հարաւարեւելքում գտնւող Մարդին վիլայէթի Նուսայբին (Nusaybin) (նախկինում՝ Մծբին) գաւառի Քսերաբեբա (Xirabêbaba) կամ Քուրու (Kuru) քրդաբնակ գիւղում՝ տեղի գիւղացիների միջոցով: Յայտնաբերւածը մի քարանձաւ էր, որտեղ ըստ գիւղացիների՝ թաղւած էին շուրջ 40 հոգու կմախքներ ու գանգեր:
Թուրքիայի պետական ու զինւորական իշխանութիւնների քողարկման ջանքերով հանդերձ՝ լուրը արծարծւեց աշխարհով մէկ, ի մասնաւորի՝ թրքական, քրդական, հայկական, ասորական ու շւեդական մամուլում: Շւեդիայի «Սոդերտորն» (Södertörn) համալսարանի դասախօս ու պատմաբան պրոֆ. Դէյւիդ Գաունտը (David Gaunt) անհաւանական համարելով գերեզմանի մահմեդականներին պատկանելու վարկածը՝ համոզւած էր, որ գերեզմանում յայտնաբերւած կմախքները պատկանում են 150 հայ եւ 120 ասորի ընտանիքների հոգատար տղամարդկանց, որոնց 1915 թ. յունիսի 14-ին Մարդինում «Իթթիհադ վէ թերաքքի» կուսակցութեան առաջնորդ Հալիլ Էդիփի հրամանատարութեան ներքոյ գտնւող սպանդի ջոկատները Դարայից (այժմ Օղուզ (Oğuz))- դուրս քշելով՝ ենթարկել էին սպանդի:

Սկզբում Թուրքիան կիրառեց լռութեան եւ քողարկման քաղաքականութիւնը
Այս դէպքի պարագայում՝ Թուրքիայի իշխանութիւնների ընդունած սկզբնական քաղաքական ուղեգիծը դարձաւ քողարկման եւ լռութեան քաղաքականութիւնը: Չնայած արդէն երեք ամիս է անցել Քսերաբեբաբայի զանգւածային գերեզմանի յայտնաբերումից, սակայն՝ Թուրքիայի բարձրաստիճան պետական մարմինները մինչ այսօր խուսափել են հարցի նկատմամբ դիրքորոշւել պաշտօնապէս: Տեղի ոստիկանական զինւորականները ծածկելով քարանձաւի մուտքը՝ արգելել են մամուլի ներկայացուցիչների մուտքը: Նրանք տեղի գիւղացիներին սպառնացել էին չխօսել քարանձաւի ճանապարհի կամ իրենց տեսածի մասին: Ոստիկանները մինչեւ իսկ գիւղացիներին հարցաքննման էին ենթարկել՝ պարզելու գերեզմանի մասին մամուլին հաղորդողի ինքնութիւնը: Մինչ օրս հարցի գծով դատախազութեան կողմից որեւէ պաշտօնական հետաքննութիւն չի բացւել:

Իրականութիւնը խեղաթիւրելու տարբերակը փոխարինում է լռութեան քաղաքականութեանը
Ակնյայտ էր, որ թուրքերը, Քսերաբեբաբայի խնդիրը դրանից աւելի շատ սրւելու պարագայում՝ կը դիմէին հերքման ու խեղաթիւրման միջոցներին: Սա առաջին անգամը չէր, որ Թուրքիայի տարածքում յայտնաբերւում էին Հայոց Ցեղասպանութեան տարիներից մնացած զանգւածային գերեզմաններ: Յիշենք 1986 թ. Էրզրումի Ալաջաքոյում (Alaca Koy) յայտնաբերւած 278 հոգանոց զանգւածային գերեզմանը, 1988 թ. Էրզրումի Եէշիլեայլա (Yeşilyayla) գիւղում յայտնաբերւած 100 հոգանոց գերեզմանը կամ 2006 թ. օգոստոսի սկզբում Էրզրումի Եըլդըզքենթի (Yıldızkent) շրջանում պատահաբար յայտնաբերւած զանգւածային գերեզմանը եւ բազմաթիւ այլ օրինակներ, որոնց պիտի մանրամասնօրէն անդրադառնալ մի այլ յօդւածում: Յատկանշական է, որ բոլոր վերոյիշեալ պարագաներում թուրքերը հետեւելով Հայոց Ցեղասպանութիւնը հերքելու ուղեգծին՝ յայտնաբերւած զանգւածային գերեզմանները յամառօրէն «սեփականացրել են»՝ յայտարարելով, որ այդ գերեզմաններում թաղւած կմախքները պատկանում են թուրք ազգակիցներին, որոնց հայերը սպանդի են ենթարկել 20-րդ դարի սկզբում: Այսպիսի կեղծ ու խեղաթիւրւած տեղեկութիւնների կարելի է հանդիպել մինչեւ իսկ Թուրքիայի մշակոյթի եւ շրջագայութեան նախարարութեան պատկանող պաշտօնական կայքէջում, որտեղ «Հայկական հարց»-ին «Հայկական յաւակնութիւններ եւ պատմական փաստեր» անւան տակ յատկացւել է մի առանձին բաժին: Սոյն կայքէջում տեղադրւել են՝ թուրքերէն, անգլերէն, գերմաներէն, ֆրանսերէն, ռուսերէն, իսպաներէն, իտալերէն, արաբերէն, ճապոներէն ու չինարէն լեզուներով կազմւած զանազան նիւթեր:
Ստորեւ պիտի անդրադառնանք, թէ ինչպէս այս օրերում թուրքերը Քսերաբեբաբայի հարցի կապակցութեամբ փոխելով իրենց քաղաքականութիւնը՝ փորձում են խեղաթիւրման ենթարկել իրողութիւնները եւ անհետացնել այն բոլոր ապացոյցները, որոնք կարող են փաստ հանդիսանալ 1915 թ. իրագործւած թուրք-օսմանեան ոճրագործութեան համար: Բայց, նաեւ կարեւոր եմ համարում անդրադառնալ այն դրդապատճառներին, որոնք Թուրքիային ստիպեցին խզել լռութիւնը եւ փորձել կեղծ պատմութիւն յօրինելու տարբերակը.
1- Քսերաբեբաբայի հարցը, կապւած 1915 թ. թուրքերի ձեռքով իրագործւած հայերի եւ ասորիների ջարդերին, լայն արձագանգ գտաւ ներքին եւ արտասահմանեան մամուլում:
2- Այս հարցը խիստ հակազդեցութեան յանգեց Թուրքիայի Մարդու իրաւանց կազմակերպութեան Ստամբուլի գրասենեակի կողմից: «Ուլքադա օզգիւր գիւնդեմ»-ի նոյեմբերի 10-ի հաղորդման համաձայն՝ սոյն կազմակերպութիւնը բաց նամակով պահանջագիր էր ներկայացրել երկրի ներքին գործոց նախարարութեանը՝ պահանջելով ձեռնարկել հետաքննութիւններ՝ զոհւածների ինքնութիւնը, հայ կամ ասորի լինել-չլինելը պարզելու ուղղութեամբ:
3- Սոյն հարցը յատուկ քննութեան արժանացաւ Շւեդիայի խորհրդարանում: Ասորական միջազգային լրատւական ցանցի (AINA) 2006 թ. նոյեմբերի 28-ի հաղորդման համաձայն՝ նոյեմբերի 24-ին Շւեդիայի խորհրդարանի պատգամաւոր եւ Ձախակողմեան կուսակցութեան անդամ Հանս Լինդէնը հարցապնդում ներկայացնելով երկրի արտգործնախարար Կառլ Բիլդտին՝ պահանջեց դատաբժիշկներից ու պատմաբաններից բաղկացած մի անկախ հետաքննական յանձնախումբ կեանքի կոչել, որին պիտի յանձնարարւէր դիակների ինքնութիւնը եւ մահւան պատճառները ստուգելու աշխատանքը:

Թուրքիան փորձում է կեղծ պատմութիւն յօրինել
Թուրք կառավարութիւնը այն կարծիքի էր, թէ բոլոր այդ ներքին եւ միջազգային ճնշումների մեղմացման ելքը Թուրքիայի Պատմութեան հաստատութեան (Türk Tarih Kurumu) ձեռքում է գտնւում, որը հանդէս պիտի գար սուտ յայտարարութեամբ: Այսպիսով, ինչպէս «Ֆըրաթ» լրատու ցանցը (Firat news agency) 2006 թ. դեկտեմբերի 12-ին հաղորդեց, Թուրքիայի Պատմութեան հաստատութեան նախագահ Իւսուֆ Հալաջօղլուն գրաւոր «լուսաբանական» յայտարարութիւն տւեց մամուլին: Սոյն գրութեամբ նա շեշտ էր դրել այն բանի վրայ, որ իբր թէ Քսերաբեբաբայում յայտնաբերւած գերեզմանը պատկանում է ուշ հռոմէական եւ վաղ բիւզանդական շրջաններին: Նա յայտարարել էր. «Եթէ այս «լուսաբանութիւն»-ը անբաւարար գտնւի, հաւանական է համագործակցել մի միջազգային յանձնախմբի հետ, որով կը պարզւի իրականութիւնը»: Այդ գրութեան մէջ նշւած էր. «Սա անբախտ անանկնալ է, որ սոյն խնդիրը արծարծւում է հայերին վերագրւած զանգւածային գերեզմանի բնութաձեւով եւ մեղադրանք է ներկայացւում այն հիման վրայ, որ Թուրքիայում ոչ ոք չի հետաքրքրւում այդ հարցով: Իրականում՝ ցոյց տալու համար, որ Հայոց Ցեղասպանութեանն առընչւող յաւակնութիւնները որքան անհիմն ու հակասական են եւ փաստելու նպատակով, որ խնդիրը ինչպէս է ենթարկւել չափազանցութեան ու վերածւել պրոպագանդայի՝ յայտնում եմ, որ պատրաստ ենք շւեդացի եւ որեւէ երկրի մասնագէտների համագործակցութեամբ, մինչեւ իսկ Հայաստանի մասնագէտների մասնակցութեամբ, սոյն գերեզմանը հետաքննութեան ենթարկել»:
Հալաջօղլուն պահանջել էր, որ եթէ այդպիսի հետաքննութեան արդիւնքում բացայայտւի ուղղւած յաւակնութիւնների անհիմն լինելը, ապա այդ լուրերը հրապարակող լրագրական հաստատութիւնները եւ այն գիտնականն ու խորհրդարանական անդամները պարտադիր են ներողութիւն խնդրել թուրք ժողովրդից»: Չնայած Հալաջօղլուն բացայայտօրէն չի պարզել, թէ ով է այդ «գիտնական»-ը եւ ովքեր են «խորհրդարանական անդամներ»-ը, սակայն գիտենք, որ խօսքն ուղղւած է Դէյւիդ Գաունտին եւ շւեդացի խորհրդականներին:

Գաունտը, ըստ նախկինի, համոզւած է, որ Քսերաբեբաբայի գերեզմանը պատկանում է 1915 թ. ջարդերի զոհերին
«Ուլքադա օզգիւր գիւնդեմ» օրաթերթի լրատւական բաժանմունքի պետ Նուրի Ֆըրաթը (Nuri Fırat), Հալաջօղլուի յայտարարութիւնից ոչ շատ անց, մի հարցազրոյցով կրկին տեղեկացաւ պրոֆ. Գաունտի տեսակէտի մասին: Այդ հարցազրոյցում, որ հրատարակւել է սոյն օրաթերթի 2006 թ. դեկտեմբերի 14-ի համարում՝ «Ապացոյցները թերեւս վերացւել են» (Deliller yok edilebilir) խորագրով, շւեդացի պատմաբանը Թուրքիայի Պատմութեան հաստատութեան յայտարարութեամբ հանդերձ՝ շեշտել էր, որ յայտնաբերւածը պատկանում է 1915 թ. ջարդերի զոհւածներին եւ կրկին յիշեցրել էր, որ բացի այդ գերեզմանից՝ բազում այլ զանգւածային գերեզմաններ են յայտնաբերւել շրջանում:
Չնայած պրոֆ. Գաունտը նոյն կարծիքին է, թէ յիշեալ գերեզմանը պիտի մի անկախ միջազգային յանձնախմբի կողմից հետաքննութեան ենթարկւի, սակայն նաեւ ընդգծում է աւելի մեծ ծաւալով հետաքննութիւններ ձեռնարկելու անհրաժեշտութիւնը՝ տարածաշրջանում: Գաունտը համոզւած է, որ հետաքննութեան արդիւնքում ձեռք բերւած տեղեկութիւնների հիման վրայ՝ մինչեւ իսկ կարելի է պարզել զոհւածների ինքնութիւնը:

Հաւանաբար թուրք իշխանութիւնները վերացրել են Հայոց Ցեղասպանութիւնը հաստատող բոլոր փաստերը՝ Քսերաբեբաբայի գերեզմանից
«Ուլքադա օզգիւր գիւնդեմ»-ում «Ապացոյցները թերեւս վերացւել են» խորագրով հրատարակւած հարցազրոյցում պրոֆ. Գաունտը լուրջ մտահոգութիւն է յայտնել Քսերաբեբաբայի գերեզմանում եղած եւ 1915 թ. Ցեղասպանութիւնը հաստատող ապացոյցների վերացման հաւանականութեան պատճառով: Գաունտն ասել էր. «Իմ կարծիքով՝ (Թուրքիայի) կառավարութիւնը Քսերաբեբաբայում եղած փաստերը միտումնաւոր կերպով վերացման չի ենթարկի: Սակայն, գուցէ կառավարութեան հրահանգի չգոյութեան պատճառով՝ այդ գործը կիրագործւի զինւորականութեան միջոցով»:Այնուամենայնիւ, պիտի լուրջ համարել ապացոյցների վերացման մտահոգութիւնը: Յիշում ենք, թէ ինչպէս Թուրքիայի իշխանութիւնները հայկական պատմա-մշակութային զանազան յուշարձանների պարագայում փորձեր են կատարել ոչնչացնելու դրանց հայերէն արձանագրութիւնները եւ անհետացնելու հայ մշակոյթի նշանները դրանցից: Եթէ «վերացման» քաղաքականութիւնը եւս օրինագիծ հանդիսացած լինի Քսերաբեբաբայի զանգւածային գերեզմանի պարագայում, ապա որոշակի ապարդիւն բնոյթ կը ստանայ միջազգային հետաքննական կազմակերպութիւնների գործունէութիւնը՝ եղելութիւնը պարզելու ուղղութեամբ:

Այս յօդւածը նաեւ տպագրւել է Ալիք օրաթերթում:
«Ալիք» Փետրւարի 20, 2007

Wednesday, February 07, 2007

Հակահայկական վանդալիզմը՝ անցեալ մէկ տարում

2006 թւականը, ինչպէս նախկին տարիները, իր աւարտին հասաւ՝ տարետետրում արձանագրելով տարբեր վանդալական ակտեր, որոնք ուղղւած էին հայկական կրօնական, պատմա-մշակութային եւ յուշարձանային շինութիւններին ու կոթողներին: Իրագործւած վանդալական դէպքերի դրդապատճառները, ինչպէս միշտ, ընդհանուր առմամբ եղել են հակահայկական պանթուրքիստական կամ ազգայնամոլական (նէոնացիստական), կամ էլ հակաքրիստոնէական կրօնամոլական անհանդուրժողականութիւնը:
2006 թւականը այն պայմաններում իր աւարտին հասաւ, որ դեռ Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի իշխանութիւննեը շարունակում են իրենց հակահայ աւերատենչական ու վանդալական քաղաքականութիւնը՝ հայոց յուշարձանների նկատմամբ...
Այս տարի եւս աշխարհը մոռացութեան մատնեց մեր անցեալի դէմ իրագործւած բարբարոսութիւնները...Դեռ անպատիժ է մնացել Հին Ջուղայի գերեզմանատան ոչնչացման ոճրագործութիւնը...Դեռ Ռուսաստանում եւ Եւրոպայի քաղաքակիրթ երկրներում հայկական սեփականութիւններն ու յուշարձանները, լկտիաբար վանդալիզմի են ենթարկւում...
Այս պայմաններում 2007 թւականի սեմին նախատեսւում են հակահայկական վանդալական դէպքերի նոր եւ լուրջ օրինակներ՝ ամբողջ տարւայ ընթացքում:

Ստորեւ ժամանակագրական հերթականութեամբ կը ներկայացւեն 2006 թւականին իրագործւած հակահայկական վանդալական դէպքերից մի քանի կարեւոր օրինակներ:

Փետրւար
Զինւած յարձակում՝ հայոց եկեղեցու վրայ (Կեսարիա, Թուրքիա)
Փետրւարի 13-ին կենտրոնական Թուրքիայի Կեսարիա (Caesarea) կամ Կազերի (Kayseri) քաղաքում գտնւող Ս. Գրիգոր Լուսաւորիչ հայկական եկեղեցին անյայտ անձանց յարձակման թիրախ հանդիսացաւ: Վանդալները հակաքրիստոնէական լոզունգներ տարածելով՝ հրազէնից տասը գնդակ արձակեցին եկեղեցու դռան վրայ: Յարձակումն իրականացւել էր այն պայմաններում, երբ դանիական թերթում տպագրւած Մուհամմադ մարգարէի ծաղրանկարները Մահմեդական աշխարհի վրդովման ու զայրոյթի պատճառ էին հանդիսացել: Պոլսոյ պատրիարք Մերսոպ արք. Մութաֆեանի կարծիքով՝ սոյն ծաղրանկարների հրատարակումը դրդապատճառն էր կատարւածի: Սակայն, Կայզերի քաղաքագլուխ Օսման Գիւնեշը հերքում էր, որ հակաքրիստոնէական սկզբունքներով նման յարձակում է տեղի ունեցել:

Հայկական գերեզմանոցի ոչնչացման ուղեգիծը (Բաքու, Ադրբեջան)
Ըստ «Համահայկական» լրատու ցանցի փետրւարի 20-ի հաղորդման եւ Բաքւի «Ռէալնիյ Ազերբայջան» թերթի՝ Բաքւի քաղաքագլուխ Հաջիբալա Աբութալիբովը սոյն տարւայ երկրորդ ամսից արդէն վերսկսել էր քաղաքի Մոնտինօ շրջանի քրիստոնէական հին գերեզմանատան ոչնչացման գործընթացը, որի տարածքը պիտի յատկացւէր քոթեջների, նորակառոյցների եւ առանձնատների կառուցման:
Մոնտինսկոյէ (Montinskoe) կամ Մոնտինօ գերեզմանատունը Բաքւի հնագոյն գերեզմանատներից է, որտեղ մեծ մասամբ թաղւած են հայեր, ռուսներ ու հրեաներ (գերեզմաններից շատերը պատկանում են 1890-ական թւականներին):Բաքւի քաղաքապետարանի այս վանդալական քայլը լուրջ վրդովման ու բողոքի պատճառ դարձաւ հայ եւ ռուս շրջանակներում: Գերեզմանոցի ճակատագիրը՝ անյայտ է մնացել:

* * * * * * * * * * * * * * * * * * * * * *
Մարտ
Հին Ջուղայի գերեզմանատունը՝ հիմնայատակ աւերւած ու ռազմական հրաձգարանի վերածւած (Նախիջեւան, Ադրբեջան)
«Ազատութիւն» ռադիոկայանի մարտի 16-ի հաղորդման համաձայն՝ մարտ ամսւայ սկզբներում ադրբեջանական զինւորականութիւնը Նախիջեւանի Հին Ջուղայի գերեզմանատան տարածքը, որ արդէն հիմնայատակ բնաջնջւած էր, բետոնապատելով՝ վերածւեց ժամանակակից ռազմական հրաձգարանի: Վերյիշելի է, որ 2005 թ. դեկտեմբերի 10-ից սկսած՝ ադրբեջանցի զինւորները քարաքանդիչ ինքնաշարժների, կռանների ու տապարների օգնութեամբ գերեզմանատանը կանգնած բոլոր խաչքարերն ու տապանաքարերը ջարդեցին, իսկ բեկորները բեռնատար մեքենաներով լցրեցին Արաքս գետը, այնպէս որ՝ սոյն բարբարոսութեան արդիւնքում Ջուղայի պատմական գերեզմանատունը, որ ազգային ու միջազգային չափանիշով պատմա-գեղագիտական արժէք էր ներկայացնում, հիմնայատակ բնաջնջւեց:

* * * * * * * * * * * * * * * * * * * * * *
Ապրիլ
Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին նւիրւած յուշարձանի պղծումը (Լիոն, Ֆրանսիա)
Ըստ «Համահայկական» լրատու ցանցի՝ ապրիլի 17-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում անյայտ անձինք վանդալիզմի ենթարկեցին քաղաքում կանգնեցւած Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած յուշարձանը, որի բացումը պաշտօնապէս պիտի կատարւէր ապրիլի 24-ին՝ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի մասնակցութեամբ: Վանդալները յուշարձանի սիւների վրայ Հայոց Ցեղասպանութիւնը հերքող եւ թուրքերին գովասանող գրութիւններ էին թողել: Նրանք գրել էին. «Հայոց Ցեղասպանութիւնը երբեւէ չի եղել»:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզին դատապարտելով իրագործւած վանդալիզմը՝ անխուսափելի էր համարել յանցագործներին ձերբակալելու եւ պատժի ենթարկելու գործընթացը:

* * * * * * * * * * * * * * * * * * * * * *
Յուլիս
Ռուս-հայկական բարեկամութեան թանգարանի հրկիզման փորձը (Դոնի Ռոստով, Ռուսաստան)
2006 թւականի յուլիսի 31-ին Ռուսաստանի հարաւային դաշնային շրջանի Ռոստով շրջանի մարզում ընկած Դոնի Ռոստով (Rostov-on-Don) քաղաքում Հայ առաքելական Ս. Խաչ եկեղեցու տարածքում գտնւող Ռուս-հայկական բարեկամութեան թանգարանը նէոնացիստ սափրագլուխների կողմից վանդալիզմի ենթարկւեց: Վանդալները եկեղեցու պատերին եւ բակում ասֆալտի վրայ թողել էին «Եկել է սպիտակ արդարադատութեան ժամանակը», «Ռուսաստանը՝ ռուսների համար» եւ «Վերջ Խաչիկներին» գրութիւնները: Նրանք չէին կարողացել շէնքը ներս մտնել, սակայն ջարդել էին պատուհաններն ու հրկիզել մետաղապլաստէ լուսամուտները: Ոստիկանութիւնը մի քանի օր անց ձերբակալեց մի տեղացի նէոնացիստի: Ս. Խաչը 18-րդ դարի ճարտարապետութեան միակ յուշարձանն է համարւում Ռոստովի շրջանում:

* * * * * * * * * * * * * * * * * * * * * *
Սեպտեմբեր
Հայկական եկեղեցին գրադարանի վերածելու նախագիծը (Բաքու, Ադրբեջան)
Ըստ «Ազգ» օրաթերթի 23 սեպտեմբերի հաղորդման՝ ադրբեջանական իշխանութիւնները վճռական ծրագիր էին ներկայացրել, որ Բաքւի հայկական եկեղեցին վերածեն նախագահական գրադարանի, ուր պիտի տեղադրւէին նախագահի գրքերը: Արդէն ընթացքի մէջ էին նախապատրաստական աշխատանքները: Ադրբեջանի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարար Աբուլֆազլ Ղարայեւի խօսքերով՝ եկեղեցին գրադարանի վերածելու առաջարկը եղաւ դրանից յետոյ, երբ Իլհամ Ալիեւը հետաքրքրւելով սոյն եկեղեցու գործունէութեամբ՝ այցելեց եկեղեցին:□Վերածման□ այս քաղաքականութիւնը ուղղակի ընդօրինակումն է այն նախագծի, որ Թուրքիան Հայոց Ցեղասպանութեան տարիներից առ այսօր ընդունել է որոշակի հայկական յուշարձանների նկատմամբ՝ դրանք վերածելով մզկիթի, շտեմարանի, թանգարանի եւ այլն:

* * * * * * * * * * * * * * * * * * * * * *
Հոկտեմբեր
«Վերանորոգւած աշխատանք»՝ որպէս քողարկման միջոց՝ թուրք վանդալական քաղաքականութեանը (Աղթամար, Թուրքիա)
«Turkish daily news»-ը հոկտեմբերի 7-ին հաղորդեց, որ Վանայ լճի Աղթամար կղզում գտնւող հայկական Ս. Խաչ եկեղեցու վերանորոգման աշխատանքը աւարտւել է: Աշխատանքը ստանձնած Ջահիդ Զէյդանլըի խօսքերով՝ նորոգման գործում, որ սկսւել էր 2005 թ. մայիսից, մաքրւել են եկեղեցու առաստաղը, պատերի վրայ քանդակւած դէմքերն ու որմնանկարները, նորոգւել են տանիքն ու յատակը եւ տեղադրւել են պատուհանները: Դեկտեմբերի 17-ին Թուրքիայի մշակոյթի նախարար Աթիլա Քոչը իր խորհրդարանի ելոյթի ընթացքում յայտնեց, որ վերանորոգւած եկեղեցու բացումը կը կատարւի ապրիլի 24-ին, այսինքն՝ Հայոց Ցեղասպանութեան յիշատակութեան օրը:Կասկածելի է, որ թուրքերը ինչքան անկեղծ ու ազնիւ են Աղթամարի եկեղեցու վերանորոգման գործում, քանի որ անցեալը փաստն է այն իրականութեան, որ թուրքերը մերթընդմերթ՝ նման քայլերով փորձել են քողարկել իրենց հակահայ աւերատենչական քաղաքականութիւնը:

Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին նւիրւած յուշարձանի պղծումը (Շաւիլ, Ֆրանսիա)
Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութեան հերքման համար քրէական պատասխանատւութիւն նախատեսւող օրէնքի ընդունումից երկու օր անց, այսինքն՝ հոկտ. 13-ի լոյս 14-ի գիշերը, երկրի Շաւիլ (Chaville) քաղաքում, որը գտնւում է Վերսայլի մօտ՝ Փարիզի արւարձանում, քաղաքում կանգնեցւած Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած յուշարձանը պղծման ենթարկւեց: Վանդալները քարէ հիմքից պոկելով յուշարձանի վրայ տեղադրւած երկու բրոնզէ փորագրւած սալիկները՝ գողացել էին դրանք:
Դէպքի կապակցութեամբ Ֆրանսիայի ոստիկանութիւնը ձերբակալեց երկու մեղադրեալների: Ըստ թրքական «Միլլիէթ» օրաթերթի՝ ոստիկանութեան համոզմամբ՝ կատարւած վանդալիզմը քաղաքական դրդապատճառ չի ունեցել, այլ գողերը սալիկները գողացել են՝ դրանք որպէս մետաղ վաճառելու նպատակով:

* * * * * * * * * * * * * * * * * * * * * *
Նոյեմբեր
Ոչ-քաղաքակրթական դրսեւորումներ՝ Արմին Վեգների լուսանկարների ցուցահանդէսում (Վերչելլի, Իտալիա)
Ըստ «Երկիր» եւ «Ազգ» օրաթերթերի՝ նոյեմբերի 6-ին գերմանացի լուսանկարիչ Արմին Վեգների Հայոց Ցեղասպանութիւնը վաւերացնող լուսանկարների ցուցահանդէսի բացումից քիչ առաջ, որը կայանալու էր Իտալիայի Վերչելլի (Vercelli) քաղաքում, շրջանում գտնւող խորովածի խանութի սեփականատէր մի թուրք դիմելով ոչ-քաղաքակրթական միջոցների՝ փորձեց խախտել բացման ընթացքը եւ խոչընդոտել ցուցահանդէսին: Նա ցուցասրահից դուրս գտնւող ցուցահանդէսի ազդագրերը պատռելուց յետոյ՝ կոտրատեց ու պատռեց նաեւ սրահի ներսում ցուցադրւած նկարներից մի քանիսը եւ յարձակւելով ցուցահանդէսը վարող իտալուհու վրայ՝ գետին տապալեց նրան: Այնուհետեւ թուրք վանդալը շրջելով մուտքի մօտ տեղադրւած սեղանը՝ նրա վրայ շարւած այցելուներին տրամադրւող բացատրական պրակներն ու գրքերը գետին թափեց ու կոխկրտեց: Միայն ոստիկանութեան միջամտութեամբ էր, որ թուրք խռովարարը վերջ տւեց իր վանդալութեանը:

* * * * * * * * * * * * * * * * * * * * * *
Փետրւար
Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած յուշատախտակի պղծումը(Լիւբլին, Լեհաստան)
«Համահայկական» լրատու ցանցի համաձայն՝ փետրւարի 14-ին Լեհաստանի Լիւբլին (Lublin) քաղաքում անյայտ անձինք կապոյտ ներկով ներկել էին Ս. Ընտանիքի եկեղեցու մօտ տեղադրւած յուշատախտակը, որը նւիրւած է Յովհաննէս Պօղոս Բ պապին, որը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչած եւ դատապարտած առաջին պապն է, եւ Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին: Սոյն յուշատախտակը 2005 թ. տեղադրւել է Լիւբլինի հայերի կողմից:


Այս յօդւածը նաեւ տպագրւել է Ալիք օրաթերթում: