Վանայ լճի Աղթամար կղզում գտնւող հայկական Ս. Խաչ եկեղեցու վերաբացումից մէկ տարի է անցել: 2007 թւականի մարտի 29-ին կայացած թրքերէն անւանւած «Աքդամար»-ի (սպիտակ երակ) «յուշակոթող-թանգարան»-ի վերաբացման արարողութիւնը: Թուրքիայի պատմութեան մէջ առաջին անգամը լինելով՝ մի հայկական պատմա-կրօնական յուշարձան վերականգնւել էր պետական միջոցներով: Բացման արարողութեանը ներկայ էին՝ Պոլսոյ պատրիարքը, պոլսահայ համայնքի ներկայացուցիչներ եւ ինչու չէ նաեւ Հայաստանից Վան ժամանած մի պաշտօնական պատւիրակութիւն:
Թէ Թուրքիայի իշխանութիւնը «վերանորոգման» քաղաքականութեամբ ինչ նպատակներ է հետապնդում, իհարկէ քննարկման արժանի է, սակայն սոյն յօդւածում հեղինակս կը փորձի մեկնաբանել, թէ հայերիս մասնակցութիւնը «թրքական սցենար»-ի իրագործման ինչ արդիւնքներ բերեց մեզ համար եւ ինչ «դրական» ազդեցութիւն ունեցաւ երկու ազգերի՝ թուրքերի եւ հայերի բարեկամական երկխօսութեան ուղղութեամբ:
Թրքական «հրաւիրականչ» քարոզարշաւը
Թուրքերը Ս. Խաչի վերաբացման նախօրեակին, ինչու չէ նաեւ բացումից յետոյ շահագործելով տեղական եւ արտասահմանեան լրատւամիջոցները՝ քարոզչական ընդարձակ արշաւ տարան՝ բարձրաձայն բացագանչելու Թուրքիայից եւ արտասահմանից, ի մասնաւորի Հայաստանից ու Սփիւռքից բացմանը հրաւիրւած կամ մասնակցած պաշտօնատարների եւ պաշտօնական պատւիրակութիւնների մասին: Թուրքերը ամիսներ առաջ սկսել էին քարոզել, որ մտադիր են հրաւիրել հոգեւոր ու աշխարհիկ պաշտօնական անձանց՝ Հայաստանից եւ Սփիւռքից: Թուրքիայի մշակոյթի նախարար Աթիլլա Քոչը մի քանի շաբաթ մինչեւ եկեղեցու բացումը՝ «Զաման» թերթի հետ ունեցած հարցազրոյցում ասել էր. «Մենք Եւրոմիութեան պատկանող երկրներից ներկայացուցիչներ ենք հրաւիրել: Կը հրաւիրենք նաեւ Ռուսաստանի, Հայաստանի, Լիբանանի, Սիրիայի, Վրաստանի, ԱՄՆ-ի եւ Կանադայի մշակոյթի նախարարներին, որտեղից որ հայկական հոծ համայնքներ կան: Մենք կարեւոր դէմքեր ենք հրաւիրել Սփիւռքից, հոգեւոր եւ աշխարհիկ պետեր, ինչպէս նաեւ մշակութային կազմակերպութիւնների ներկայացուցիցչներ: 200 ականաւոր հիւրեր պէտք է ընդունենք»:
Ըստ երեւոյթին հրաւէրներ էին ուղղւել Սփիւռքի ներկայացուցիչներին եւ Հայաստանի մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարար Յասմիկ Պօղոսեանին: Վերջինս հրաւիրւել էր Թուրքիայի մշակոյթի նախարարի կողմից: Նրա պաշտօնական հրաւէրը եկել էր Թիֆլիսում Թուրքիայի դեսպանատնից: Սփիւռքահայ համայնքներից նաեւ հրաւիրւել էին մի քանի ներկայացոցիչներ: Բացումից շուրջ մէկ շաբաթ առաջ «Turkish daily news»-ը հաղորդեց, որ աւելի քան 200 հայեր են հրաւիրւել՝ Նիւ Եօրքից, Վաշինգտոնից, Լոս Անջելեսից, Օտտաւայից եւ Փարիզից: Թերթը հրաւիրեալների ցանկում նշել էր նաեւ ՀՅԴ-ի ներկայացուցիներին: Հրաւէրներ էին ուղղւած նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կոթողիկոսներին: Հրաւիրեալների ցանկում էին պատրիարքներ ու եպիսկոպոսներ՝ Դամասկոսից, Հալէպից, Մոսկւայից, Բուխարեստից եւ Բէյրութից: Երեւանից հրաւիրւել էին հինգ հոգեւոր նեկայացուցիչներ:
Թուրքիայի այս «հրաւիրականչ» վերաբերմունքը, անկասկած, հետապնդում էր քաղաքական նպատակներ: Ընդհանրապէս, Թուրքիան ցանկանում էր Ս. Խաչի վերականգնման հարցը միջազգային ուշադրութեան առարկայ դարձնել: Սա կեղծ ժեստ էր՝ ուղղւած համայն աշխարհին ու հայութեան՝ ձեւացնելու, թէ Թուրքիան հանդուրժողականութեամբ եւ յարգանքով է վերաբերւում երկրի ցեղային ու կրօնական փոքրամասնութիւնների ու դրանց շարքում՝ հայերի նկատմամբ եւ պահպանում է նրանց պատմա-մշակութային սեփականութիւնները: Այդ հիման վրայ՝ հայ հրաւիրեալ մասնակցողները, որպէս վկաներ, աշխարհով պէտք է հաստատէին Թուրքիայի «բարեկամական» այդ քայլը, ինչը պէտք է ծառայէր թուրքերի միջազգային նպատակներին: Իրականութիւնն այն է, որ Ս. Խաչի վերանորոգման հարցում Թուրքիային հետաքրքրում էին միայն ու միայն իր օգտին շահող քաղաքական ու տնտեսական նկատառումները:
Թուրք բարձրաստիճան պաշտօնատարները պէտք է կատարէին վերաբացումը
«Հիւրրիէթ»-ը 2007 թ. մարտի սկզբում հաղորդեց, որ կայացած որոշման համաձայն՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանը ինքը անձամբ պէտք է կատարի եկեղեցու բացումը: Նրա ուղեկցութեամբ բացմանը պէտք է մասնակցէին՝ «Արդարութիւն եւ զարգացում» իշխող կուսակցութեան պատւիրակութիւնը եւ նախարարական վարչակազմի անդամները: Այդ օրերում լուրը անակնկալի բերեց բոլորին, քանի որ Էրդողանի մասնակցութիւնը նախատեսւած չէր: Իհարկէ, այդ որոշումը ունէր քաղաքական նկատառումներ: Սոյն յայտարարութիւնը կատարւեց այն պայմաններում, երբ նախատեսւում էր առաջիկայ օրերում Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ բանաձեւը քննարկման ենթարկել ԱՄՆ-ի կոնգրեսում: Այն օրերում Էրդողանի յայտարարութիւնը մի նենգ փորձ էր՝ կոնգրեսականներին շեղելու պատմական իրողութիւնից: Դա կեղծ յայտարարութիւն էր, քանի որ Էրդողանը այնպէս էլ ներկայ չգտնւեց բացման արարողութեանը:
Թրքական կողմից Ս. Խաչի բացմանը ներկայ եղան՝ մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարար Աթիլա Քոչը, նախարարութեան առընթեր մշակութային արժէքների եւ թանգարանների գլխաւոր ներկայացուցիչները, Վանի նահանգապետ Օզդեմիր Չաքաջաքը, գիտութեան եւ մշակոյթի թուրք գործիչներ եւ խորհրդարանից պատգամաւորներ:
Ընդհանրապէս հայ հոգեւորականութիւնը հրաժարւեց մասնակցել Ս. Խաչի վերաբացման արարողութեանը
Թուրքիայի կառավարութիւնը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին եւ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսին հրաւիրել էր՝ մասնակցելու Ս. Խաչի բացման արարողութեանը: Սակայն, կենտրոնական կառավարութեան պաշտօնական հրաւէրով չէր, որ Ամենայն հայոց կաթողիկոսը հրաւիրւել էր Թուրքիա, այլ դա կատարւել էր Վանի նահանգապետի կողմից:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանները բացասաբար արձագանգեցին հրաւէրներին՝ հրաժարւելով մասնակցել եկեղեցու վերաբացմանը: Պատճառը պարզ է... Ինչպէ՞ս կարելի էր մասնակցել այդ արարողութեանը, երբ Ս. Խաչ եկեղեցին վերականգնւել էր որպէս «յուշակոթող-թանգարան», այլ ոչ որպէս եկեղեցի՝ իր հոգեւոր իմաստով: Ինչպէ՞ս կարելի էր անտեսել, որ Ս. Խաչը վերածւելու է զուտ թանգարանի եւ այլեւս չի գործելու որպէս մի սրբատեղի՝ Պոլսոյ հայոց պատրիարքարանի իշխանութեան ներքոյ: Ինչպէ՞ս կարելի էր մասնակցութիւն բերել, երբ բացման արարողութիւնը կատարւելու էր աշխարհիկ արարողակարգով եւ ոչ՝ Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր կարգով: Ասւում էր, որ այսուհետեւ չի թոյլատրւելու աղօթել եկեղեցում: Ինչպէ՞ս կարելի էր անտարբեր լինել, երբ Թուրքիայի իշխանութիւնները խուսափում էին տեղադրել եկեղեցու գմբէթի խորհրդաւոր խաչը...
Հակառակ երկու վերոյիշեալ կաթողիկոսարաններին՝ Պոլսոյ հայոց պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆեանը մասնակցեց բացման արարողութեանը: Կարելի է ոմանք պատրիարքի մասնակցութիւնը արդարացնեն այն բանով, որ Հրանտ Դինքի սպանութիւնից յետոյ Թուրքիայում տիրում է սրւած իրավիճակ, ուր տեղի հայութեանն ուղղւած էին թուրք ազգայնամոլների հակահայ սպառնալիքները: Նման պայմաններում պատրիարքի հրաժարումը լուրջ խնդիրների առարկայ կը հանդիսանար՝ բացասական անդրադարձ թողնելով պոլսահայութեան վրայ: Չպէտք է մոռանալ այն իրականութիւնը, որ Պոլսոյ պատրիարքը թուրք հասարակութեան կողմից ընկալւում է որպէս երկրի վրայ բնակչութեան ներկայացուցիչ: Պարզ ասած՝ արք. Մութաֆեանը Ս. Խաչի հարցում «պատանդ» էր հանդիսանում թուրք կառավարութեան ձեռքերում: Սակայն, նա իր մասնակցութեամբ եւս չյաջողեց շահել թուրքերի համակրանքը՝ այն հարցում, որ անհրաժեշտ է տեղադրել եկեղեցու զանգն եւ գմբէթի խաչը եւ հարկաւոր է գոնէ տարին մէկ անգամ Ս. Խաչում կատարել եկեղեցական արարողութիւն: Այսօր Ս. Խաչի բացումից մէկ տարի անց կարելի է աւելի հաստատօրէն յայտարարել, որ պատրիարքի եւ նրա պատւիրակութեան այդ «համագործակցական քայլ»-ը որեւէ դրական պատասխան չունեցաւ թուրքերի կողմից: Փաստը մնում է փաստ, որ Հրանտ Դինքի սպանութեան եւ 301-րդ յօդւածի հարցում պետութեան դիրքորոշումը անփոփոխ է մնացել եւ ազգային ու կրօնական փոքրամասնութիւնների անվտանգութեան եւ ազատութիւնների խնդիրը դեռ մնում է անորոշ:
Սփիւռքահայութիւնը եւս արարողութեանը մասնակցութիւն չբերեց
Սփիւռքահայութեան պատասխանը հրաւէրներին կտրուկ եւ պարզ էր... «չենք մասնակցում»: Չնայած մարտի սկզբում «Հիւրրիէթ» թերթը հաղորդել էր, որ բացման հրաւիրւած Հայկական սփիւռքի ներկայացուցիչները համաձայնութիւն են յայտնել մասնակցութիւն բերել բացման արարողութեանը, սակայն սփիւռքահայ համայնքներից որեւէ ներկայացուցիչ ներկայ չգտնւեց բացմանը:
Հայաստանի Հանրապետութիւնն ընդառաջեց հրաւէրին
Ինչպէս անդրադարձանք, Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարար Յասմիկ Պօղոսեանը պաշտօնապէս հրաւիրւել էր մասնակցելու բացման արարողութեանը, սակայն մարտի 22-ին նախարարութեան Հասարակութեան հետ կապերի բաժնի պետ Գայիանէ Դուրգարեանը հաղորդեց, որ նախարարը չի մեկնելու Վան: Լաւատեսութեան դէպքում՝ կարելի է ասել, որ նախարարը զգուշանալով թուրքերի քաղաքական-քարոզչական ծուղակից՝ հրաժարւել էր մասնակցելուց: Նա իր հրաժարումը պատճառաբանել էր նրանով, որ ըստ նախնական պայմանաւորւածութեան՝ պիտի մասնակցի եկեղեցու բացման օրերում Բելոռուսիայում կայանալիք «Հայաստանի մշակոյթի օրեր» միջոցառումներին:
Սակայն, Հայաստանի մշակոյթի նախարարին փոխարինելու էր փոխնախարար Գագիկ Գիւրջեանը՝ գլխաւորելով Հայաստանի պաշտօնական պատւիրակութիւնը: «Համահայկական» լրատու ցանցի համաձայն՝ Հայաստանից փոխնախարար Գագիկ Գիւրջեանի գլխաւորութեամբ 29-հոգանոց պատւիրակութիւն էր ժամանել: Ըստ «Ազգ»-ի՝ պատւիրակութեան կազմում ընդգրկւած էին՝ Հայաստանի Գիտութիւնների Ազգային ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը, Հայաստանի Ճարտարապետների միութեան նախագահ Մկրտիչ Մինասեանը, Գիտութիւնների Ազգային ակադեմիայի Արւեստի ինստիտուտի ճարտարապետութեան բաժնի վարիչ Մուրադ Հասրաթեանը, Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի տնօրէն Պաւէլ Աւետիսեանը, նախարարութեան Պատմութեան եւ մշակոյթի յուշարձանների պահպանութեան գործակալութեան պետ Արտեմ Գրիգորեանը:
Պիտի անդրադառնանք, որ հայկական պատւիրակութիւնը հետաքրքիր «արկածախնդրական ճանապարհորդութիւն» է ունեցել Երեւանից Վան մեկնելու ճանապարհին, որի համար մենք «պարտական ենք» Թուրքիայի կառավարութեանը... Մի խօսքով՝ պաշտօնապէս հրաւիրւած մեր պատւիրակութիւնը դժւարութեամբ ու «արկածներով» հասաւ Աղթամար: Հայկական պատւիրակութիւնը պէտք է անցնէր Հայաստան-Թուրքիա սահմանն ու յետոյ մեկնէր Վան, սակայն թուրքերը դա «չթոյլատրեցին»: Պատճառը բնաւ բարդ չէ: Հայ-թրքական սահմանը 1993 թւականից ի վեր փակ է եղել: Պարզ էր, որ թուրքերը, նոյնիսկ Ս. Խաչի վերաբացման առիթով, չէին բացելու սահմանը՝ չզիջելով իրենց դիրքերը՝ Արցախի եւ Ադրբեջանի հարցում: Թուրքիայի արտաքին քաղաքականութիւնը խիստ հակւում է Ադրբեջանի կողմը: Եթէ բացի այդ լինէր, նրանք հէնց Հրանտ Դինքի սպանութիւնից յետոյ օգտւելով ստեղծւած իրավիճակից՝ կը փորձէին վերականգնել երկու երկրների փոխյարաբերութիւնները՝ սահմանը բացելով:
Սակայն, մենք «հաստատակամ» էինք մասնակցել բացմանը...Պատւիրակութեան համար մնում էր մի այլ ճանապարհ... Վան հասնել օդային չւերթով: «Համահայկական» լրատու ցանցը մարտի 15-ին հաղորդել էր, որ առաջին անգամը լինելով՝ Թուրքիայի կառավարութիւնը որոշում է կայացրել հայկական պատւիրակութեան համար կազմակերպել Երեւան-Վան չարտերային չւերթ: Ի՜նչ ողջունելի քայլ... Սակայն, Երեւան-Վան չւերթը չիրականացւեց, քանի որ թուրքերը պատճառաբանում էին, որ իբր թէ տեխնիկական պատճառներով անհնարին է ապահովել անվտանգութիւնը՝ Վանում: Բայց, Հայաստանի ներկայացուցիչները «վճռական» էին մասնակցել բացման արարողութեանը, եւ այսպէս՝ «ստիպւած» եղան Վրաստանի տարածքով հասնել Վան: Պատւիրակութեան ներկայացուցիչները Վրաստանի Ախալքալաքով ու Ախալցխայով անցել էին մինչեւ Արդահանի նահանգի ճանապարհը: Ապա գիշերել էին Կարսում ու միւս առաւօտեան ճանապարհւել դէպի Վան:
«Տպաւորիչ» ճանապարհորդութիւն էին ունեցել հայերը՝ Կարսից Վան մեկնելիս: Նրանք «այցելել էին» Իսահակ փաշայի պալատը...
Իսահակ փաշայի պալատը Օսմանեան ճարտարապետութեան եզակի կառոյցներից մէկն է, որի շինութեանը մասնակից են եղել հայ ճարտարապետներն ու արհեստաւորները, սակայն, չգիտենք արդեօք պատւիրակութեանս ընդառաջող եւ ուղեկցող թուրքերը այն յուշեցի՞ն մեր ներկայացուցիչներին... Սոյն պալատում նախատեսւել էր հարեմի բաժին... ինչքա՞ն հայ աղջիկներ են առեւանգւել ու այստեղ բերւել «փաշաների» քմահաճոյքների համար... Ի դէպ, յիշեցնեմ, որ այս «քմահաճոյքի հարեմ»-ը իր բոլոր ենթակառոյցներով Թուրքիայի կառավարութեան կողմից վերականգնւել է 1950-ական թւականներին, այսինքն՝ շուրջ 50 տարի նախքան մեր «հոգեւոր եկեղեցու» վերանորոգման արժանանալը:
...Նաեւ թուրքերը Դողուբայազետ քաղաքում ուղեկցեցին հայ ներկայացուցիչներին՝ այցելելու մի այլ պատմական շինութիւն՝ հին հայկական Դարոյնքի բերդը: Դարոյնք անունը մեզ շատ հոգեհարազատ է: Դարոյնքը անունն է քաղաքի (այժմ կոչւում է Դողուբայազետ), որը դարեր շարունակ բնակեցւած է եղել հայերով: Դարոյնքի հայ բնակչութիւնը Օսմանեան տիրապետութեան տարիներից ի վեր շարունակ ենթարկւել է սպանդների ու տեղահանութիւնների, դրանով հանդերձ՝ 1914 թւականին քաղաքի 5000 բնակչութիւնից 2000-ը դեռ հայեր էին, որոնք ունէին եկեղեցի, երեք ուխտատեղիներ եւ մի երկսեռ վարժարան: Սակայն, 1918 թւականին թուրքերը հայերին ամբողջովին տեղահանեցին: Բնակչութեան մի մասը կոտորւեց թուրքերի ձեռքով, իսկ մնացած բաժինը զոհւեց գաղթի ճանապարհին:
Ի՜նչ «տպաւորիչ» այցելութիւն է ունեցել հայ պատւիրակութիւնը:
Պարզապէս, Հայաստանի Հանրապետութեան դրական արձագանգը Ս. Խաչի վերաբացման մասնակցելու հարցում երկրի շահերից չէր ելնում: Գործնականում դա գործեց ի նպաստ թուրքերի ներքին ու միջազգային քաղաքական շահերի: Մենք այդ «դրական եւ բարեկամութիւն դրսեւորող» քայլով որեւէ վարկանիշ չշահեցինք:
Փաստն այն է, որ Հայաստան-Թուրքիա սահմանը մինչ օրս մնացել է փակ եւ թուրք կառավարութեան դիրքորոշումը՝ Հայկական Հարցի եւ Լեռնային Ղարաբաղի ճակատագրի կապակցութեամբ, մնացել է անփոփոխ: Պետութիւնը Հայոց Ցեղասպանութեան հարցում անհանդուրժողական քաղաքականութիւն է վարում: Թուրքիան, չնայած իր կեղծ ժեստերին, ներքին ու արտաքին քաղաքականութեան մէջ առաջնորդւում է պանթուրքիզմին նպաստող գաղափարով:
Այս յօդւածը նաեւ տպագրւել է «Ալիք» օրաթերթում: